Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը կատարվում է ապրիլի 7-ին: Մարգարեներն արժանացան Աստծու բարեհաճությանը, քանի որ Սուրբ Հոգով լցված՝ քարոզեցին Աստծու գալուստը: Երջանկացան առաքյալները, քանի որ մարմնացած Բանն Աստծուն երկրի վրա տեսան և շոշափեցին Կենաց Խոսքը: Իսկ Տիրուհին՝ Մարիամը, առավել գերազանց և հրաշափառ երանությունների արժանացավ, քանի որ Բանն Աստված, Ով վեր է, քան միտքը, հրեշտակների ու մարդկանց խոսքերը, նրանից ծնվեց: Նա, Ով նախքան ժամանակները Հորից է ծնվել, և Ում ծնունդը միայն Հայրը գիտի, Ով արշալույսից առաջ արգանդից ծնված Որդին է Հոր էությունից և փառքով աթոռակից է Նրան, Ով անստվեր Լույսն է և անմատույց Լույսի Հոր Ճառագայթը, նաև Ծնողի էության Կերպարանքն է, Նկարագիրը և աներևույթ Աստծու փառքի Ծագումը, Անսկիզբ Բանն՝ անսկզբնական Հորից, Աստված՝ Աստծուց, Տեր՝ Տիրոջից, Ում փառքը ցանկալի էր անմահների դասերին և բաղձալի՝ աստվածասեր մարգարեներին, Ում արդարները, թագավորներն ու նահապետները ցանկանում էին գոնե աղոտ կերպով տեսնել, բայց չկարողացան:

 Ամենաօրհնյալ Սրբուհին անբովանդակելի Աստվածության Հուրն առանց այրվելու իր որովայնում կրեց, քանի որ Հորից անբաժանելի Որդին, ինչպես անձրև, երկնքից իջավ Կույսի մաքրափայլ որովայնը: Ինչպես Ադամից ոչինչ չպակասեց, երբ Աստված նրանից վերցնելով կողոսկրը ստեղծեց Եվային, որպես կատարյալ մարդ՝ բնությամբ ու գոյությամբ, այդպես էլ Բանն Աստված վերցնելով սուրբ Կույսի արյունից՝ միավորեց Իր Աստվածությանը, և Կույսից ոչինչ չպակասեց: Սուրբ Աստվածամոր մեջ մարդկային բնությունը միացավ Աստվածային բնության հետ, առանց երկրավոր հոր միջամտության, քանզի Նրան, Ում Հայրը նախքան հավիտյանները Որդի ծնեց, և Ում հետ Հայրը խոսեց, թե՝ «Քեզանով է սկսվում զորացումն Իմ օրերի» (Սաղմ. ՃԹ 3), Նույնին, ժամանակի մեջ, անճառաբար ծնեց Կույս Մարիամը: Սուրբ Կույսը սկիզբն է Անսկզբնականի, ժամանակը` Անժամանակի և մարդկանց հանդեպ իր ունեցած գութով մոտենում է Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն:

 Կույսն ավելի վեր է, քան մարգարեները, առաքյալները, նախահայրերը, մարտիրոսներն ու վարդապետները և վեր, քան Իշխանություններն ու Պետությունները, Սերովբեներն ու Քերովբեները, և ավելի վեր է բարձրացել, քան երկնային բոլոր զորքերը: Զիջում է նա միայն Արարչին՝ Անեղ Բնությանը՝ գերազանց և աներևույթ Աստվածությանը:

 Արդ՝ Սրբուհու միջոցով Խաչը ծագեց աշխարհի մեջ՝ որպես զորության գավազան և կնիք ամենքի համար՝ պահպանելու մեր ելն ու մուտը: Աստվածածնի միջոցով մահը մեռավ, դժոխքը կործանվեց, սատանան պարտվեց, և նրա զորությունները սանդարամետում փակվեցին: Նրա միջոցով բացվեց Կենաց ծառի ճանապարհը՝ վերցվեց բոցեղեն սուրը, և հաստատվեց Մկրտության ավազանը:

 Նա եղավ եդեմական Շնչավոր դրախտ, որտեղից բխեց մեր Տեր Հիսուս Քրիստոս՝ Կենաց Աղբյուրը՝ չորս գետերի բաժանված, ինչն ավետարանիչների քարոզությունն է աշխարհի չորս կողմերում՝ լցված հավատով ու Սուրբ Հոգով:
Սրբուհին եղավ Նոյյան տապան, և եթե այն տապանը միայն մի ընտանիք ազատեց ջրհեղեղից, ապա Կույսի միջոցով ողջ աշխարհը փրկվեց:
Նա եղավ Անկեզ մորենի, քանզի աստվածության Հուրը բնակվեց նրա Սուրբ որովայնում և չայրեց: Եվ ոչ թե մեկ Մովսես առաքվեց Եգիպտոս՝ փարավոնին պատժելու և Իսրայելն ազատելու, այլ տասներկու առաքյալներ՝ ուսուցանելու ամբողջ աշխարհին, ովքեր կործանեցին անմարմին փարավոնին՝ իր զորքերով հանդերձ, և հեթանոսներին փրկելով՝ անմահ կյանքի կոչեցին:

 Նա եղավ Ուխտի տապանակ, որն իր մեջ կրեց անպարագրելի Բանն Աստծուն, Ով ոչ միայն Իսրայելի որդիներին Սինայի անապատից դեպի Ավետյաց երկիրն առաջնորդեց, այլև ամբողջ մարդկային ցեղը՝ դեպի երկնային Երուսաղեմ:
Նա եղավ Ոսկյա սափոր, և իր մեջ կրեց Հոր անժամանակ Խոսքը՝ Կենաց Մանանան, որով ոչ միայն ապերախտ Իսրայելին կերակրեց, այլև ամբողջ աշխարհին:

 Նա եղավ Ծաղկած գավազան Հեսսեի արմատից. ըստ Հակոբ նահապետի մարգարեության՝ «Շառավղից որդի ելավ» (տե՜ս Ծննդ. ԽԹ 9), և մեզ ինչպես կյանքի ողկույզ ընծայվեց, և լի բարությամբ ու իմաստությամբ՝ տարածվեց ամբողջ աշխարհում:

 Նա եղավ Ոսկեձույլ աշտանակ, որն իր վրա, ինչպես վառվող ճրագ, կրեց մարդացած Բանն Աստծուն (հմմտ. Հայտ. Ա 13): Աշտանակի ճրագի յոթ լեզուները Սուրբ Հոգու յոթնարփյան շնորհներն են, իսկ երկու ձիթենիները՝ մեկն աջից և մյուսը ձախից, Հին ու Նոր Կտակարանները (հմմտ. Զաքար. Դ 2-3):

 Նրանով վերցվեց Ադամի անեծքը, և փարատվեց Եվայի տաժանելի երկունքը: Եվ կոչեցին ամենասուրբ Աստվածամորն այգի վայելուչ, վեմ ջրածին, աղբյուր կնքած, բույս բարի, տեղ շափյուղայի, քաղաք Աստծու, բլուր կնդրուկի, հովիտ շուշանի, անապատ անկոխ, գիր անընթեռնելի, երկիր բանավոր, առավոտ խաղաղության:

Հիսուսի ծննդյան ավետումը
(Ղուկ. Ա 26-38)

 Կույսը չորս ամիս Հովսեփի տանն ապրելուց հետո հրեշտակից ընդունեց հղության ավետիսը:
«Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակն Աստծու կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաքը, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ՝ Դավթի տնից: Եվ այդ կույսի անունը Մարիամ էր» (Ղուկ. Ա 26-27):

 Վեցերորդ ամիսը նիսան է կոչվում, բայց դա տարվա ոչ թե վեցերորդ, այլ առաջին ամիսն է՝ ըստ այս խոսքի. «Այս ամիսը թող ձեզ համար ամիսների սկիզբը լինի. այն թող տարվա առաջին ամիսը լինի» (Ելք ԺԲ 2): Այստեղ, վեցերորդ ասելով, պետք է իմանալ Զաքարիայի ավետումից վեց ամիս անց, քանզի թշրին ամսին՝ Քավության տոնին, տրվեց ավետիսը Զաքարիային, որից վեց ամիս հետո հրեշտակն առաքվեց ավետելու Կույսին:
Այդ ամիսը սկիզբն է հրեաների բոլոր ամիսների, և այդ ամսին էր սկիզբը բոլոր արարչագործությունների: Ջրհեղեղի օրերին այդ ամսին իջավ ջրի մակարդակը, և այդ ամսին կանգնեցվեց Վկայության խորանը: Հրեաները այդ ամսին դուրս եկան Եգիպտոսից ու ազատվեցին ծառայությունից, նաև հեթանոսներն այդ ամսին Կենարարի մահվամբ ազատություն ստացան: Այդ ամսին հանգստացան չարչարվածները, ովքեր աշխատում էին առանց վարձք ստանալու, և այդ ամսին արարածներն ազատվեցին սատանայից: Այդ ամսին գերիները մտան հանգստի մեջ, և մերկերը զգեստավորվեցին փառքով: Այդ ամսին Իսրայելի որդիները ճանապարհվեցին դեպի անապատ: Այդ ամսին մորթվեց խորհրդի գառը, և այդ ամսին հղացվեց Աստծու Գառը Կույսի արգանդում: Այդ ամսին լույսը հաղթեց խավարին, և ծագեց մեր Լույսը՝ Քրիստոս: Այդ ամսին կանգնեցվեց կենարար խաչը, և այդ ամսին Տերը թաղվեց ու Հարություն առավ:

 Ավետարանիչը նախ հայտնում է երկրի մասին և ապա գյուղի ու տան, որտեղ բնակվում էր Կույսը: Ամենասրբուհին Դավթի տնից էր, որից և նրա նշանածը՝ Հովսեփն էր սերում, քանզի ըստ Օրենքի՝ ամուսինները նույն ցեղից պետք է լինեին: Դրանով կատարվեց մարգարեությունը, ըստ որի՝ Քրիստոս Դավթի տնից պիտի ծնվեր: Եվ որպեսզի իմանանք, որ Հովսեփից չէր Մանուկը, Մատթեոս ավետարանիչն ասում է. «Հիսուս Քրիստոսի ծնունդն այսպես եղավ. Նրա մայրը՝ Մարիամը, որ Հովսեփի նշանածն էր, նախքան նրանց՝ իրար մոտենալը, Սուրբ Հոգուց հղիացած գտնվեց» (Մատթ. Ա 18):

 Մարիամի՝ Հովսեփի տուն գալուց չորս ամիս անց Աստված հիշում է Իր ուխտը և ողորմությունն առաջին արդարներին, և Գաբրիել հրեշտակապետը ծերի կերպարանքով ջրհորի մոտ խոսում է Մարիամի հետ, ինչպես Հակոբն ու Մովսեսն աղբյուրի մոտ խոսեցին. մեկը՝ Ռաքելի (տե՜ս Ծննդ. ԻԲ 10-12), իսկ մյուսը՝ Սեփորայի հետ (տե՜ս Ելք Բ 16-22):

 Հարց. -Ինչո՞ւ Մարիամը նշանվեց Հովսեփի հետ:
Պատասխան. -Ասենք, որ դա Աստվածային Նախախնամությամբ եղավ: Հրեաների մեջ կինն առանց ամուսնանալու զավակ չէր կարող ունենալ, իսկ եթե ունենար, ըստ Օրենքի, պիտի քարկոծվեր (տե՜ս Բ Օրենք ԻԲ 21): Իսկ երբ կինն ամուսնացած էր, ապա այդ դեպքում ոչ ոք իրավունք չուներ քննելու նրա գործերը, բացի նրա ամուսնուց: Բացի այդ՝ պետք է կատարվեին մարգարեությունները, այսինքն՝ Հիսուս Քրիստոսի ծնունդը Բեթղեհեմում, քառասնօրյա գալուստը տաճար, փախուստը Եգիպտոս և վերադարձը Նազարեթ: Այդ ամենը սուրբ Կույսը չէր կարող միայնակ կատարել:

 Հարց. -Ինչո՞ւ Տերն Իրենից առաջ հրեշտակին ուղարկեց՝ ողջունելու և ավետարանելու սուրբ Կույսին Իր գալուստը:

 Պատասխան. -Թերևս, որպեսզի չզարհուրի Օրիորդ Մայրը, երբ որովայնում տեսնի Մանկանը առանց սերմի, և որպեսզի իմանա, թե Ում է կրում իր կուսությամբ, և Ով է բնակվում իր մեջ: Նաև՝ Մովսեսը նախ ժողովրդին լուր բերեց, թե իջնում է Բարձրյալը, և երբ ժողովրդի ծերերն ու Մովսեսը սրբվեցին, այնժամ Բարձրյալն իջավ Սինա լեռան վրա (տե՜ս Ելք ԺԹ 9-20): Ճիշտ այդպես էլ Գաբրիելն ավետեց, և սուրբ Կույսը մաքրվեց Սուրբ Հոգով և աստվածաբնակ տաճար դարձավ:

 «Եվ հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Ուրախացի՜ր, ո՜վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է» (Ղուկ. Ա 28):

 Ասելով՝ «Ուրախացի՜ր, ո՜վ շնորհընկալ», վերացնում է Եվայի՝ տրտմությամբ ծնելու դատապարտությունը: Ասում է. «Տերը քեզ հետ է», որովհետև Տերը հեռացել էր նախաստեղծներից: Մարիամն այս խոսքերից խռովվում է և իր մտքում խորհում, թե ի՞նչ կարող են նշանակել այդ խոսքերը, և սափորն առնելով՝ շտապ դառնում է տուն: Տանը հրեշտակի խոսքերից զարհուրած շարունակում է ինքնիրեն խորհել, թե ինչպե՞ս է ինքը շնորհընկալ, և ինչպե՞ս է Տերն իր հետ:

 Եվ մինչ նա խորհում էր, Գաբրիելը, երիտասարդի կերպարանքով, հանկարծակի գալիս է տուն՝ Կույսի մոտ ու ասում.

«Ողջույն քեզ, Մարիամ, ո՛վ շնորհընկալ: Ուրախացի՜ր բերկրյալ, Տերը քեզ հետ է»:

Սուրբ Կույսը դարձյալ խռովվում է իր մտքում, և դրան որպես պատասխան հրեշտակը կարծես ասում է. «Մի՜ երկնչիր, Մարիամ, քանզի չեկա քեզ խաբելու, ինչպես օձը Եվային, իմ խոսքերը պատրանք չեն, այլ ավետիս: Չեմ խոսում քեզ խաբելու համար, այլ ավետիս եմ տալիս»:
«Նա այս խոսքերի վրա խռովվեց և մտքում խորհում էր, թե ինչ բան էր այս ողջույնը»:

Մարիամը զարհուրել էր հրեշտակի հայտնվելուց ու տագնապել ողջույնի խոսքից: Իսկ երբ լսեց Տիրոջ անունը, կարծես սարսուռ անցավ նրա հոդերի միջով: Այդ պատճառով է ավետարանիչը գրում, թե նա մտքում խորհում էր, թե ինչ է նշանակում այս ողջույնը:
Հրեշտակը, տեսնելով նրա երկյուղը, ասաց.

«Մի՜ վախեցիր, Մարիա՜մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար»:

Հեզ ու հանդարտ խոսքերով հրեշտակը նախ հանդարտեցնում է Կույսի խռովված միտքը, որպեսզի հնարավոր լինի պատգամը ամբողջովին հաղորդել նրան, և կարծես ասում է. «Ահավասիկ շնորհ գտար ոչ բարի գործերիդ համար և ոչ էլ արդարության, այլ սա բարերար Աստծու պարգևն է: Թեպետև ունես բարի գործեր և արժանավոր ես, սակայն դա չի կարող համեմատվել այն պարգևի հետ, որն առաքվեց քեզ երկնքից: Եթե Աստծուց շնորհ ես գտել, ուրեմն Նրանն է ողջույնը: Հիրավի, սա շնորհ է, քանզի պարգևը պարտքի դիմաց չի տրվում և ոչ էլ մարդկային արժանիքների չափով, այլ եղածներից առավել մեծությամբ ու սքանչելիքներով»:
«Եվ ահա՜ դու կհղանաս և կծնես մի որդի ու նրա անունը Հիսուս կդնես»:

Սովորական հղության մասին չի ասում, ինչն օրենք էր բոլոր կանանց համար, այլ վեր այդ օրենքից և Աստվածային:
Այս խոսքով փակում է նրանց բերանները, ովքեր համարձակվում են ասել, թե Տերը մարմին չառավ կույսից, այլ միայն նրանով անցավ: Ասելով թե՝ պիտի հղանաս, ցույց է տալիս, որ հղությունը նրա բնությունից է լինելու, քանզի միայն «անցնելու» դեպքում հղություն չէր ասի, և ծնունդն իրական չէր լինի:
Հարց. -Իսկ ինչո՞ւ Եսային Նրան անվանեց Էմմանուել (տե՜ս Եսայի Է 14), մարգարեները անվանեցին Քրիստոս, իսկ հրեշտակը Նրան Հիսուս է կոչում:

 Պատասխան. -Որպեսզի հանկարծ Տերը չամբաստանվի, թե Իրեն չպատկանող անուն է վերցնում մարգարեություններից: Այդ պատճառով էլ միառժամանակ ծածկում է մարգարեությունը՝ պարսավողներից թաքցնելով Իր անունը:

Հիսուս անունը մարգարեացվել էր դեռևս Մովսեսի կողմից, երբ նա, որպես իրեն փոխարինող՝ ժողովրդի առաջնորդ ու վերակացու, նշանակեց Օսեսին և նրան Հեսու անվանեց (տե՜ս Թվեր ԺԳ 17)՝ այս անունով նշանակելով աշխարհի ճշմարիտ Փրկչին:

 Երբ Մարիամը լսում է հրեշտակից, որ ինքը պիտի հղանա կուսությամբ, տարակուսում է: Կույսը երբեք չէր լսել, որ առանց այր մարդու կինը ծնի:
Գաբրիելն ասաց Մարիամին. «Այն Հոգին, Ով Եգիպտոսում փոխեց բնությունը, Նա էլ Քո կուսությունը կդարձնի հղության, և առանց սերմի կծնես մարդկային բնության Արարչին: Նա Աբրահամի զավակ կկոչվի, սակայն նրա որդին չի լինի: Հնազանդվեց Հուդայի թագավորությունը հռոմեացիների առյուծի կորյունին, սակայն քո Որդուն տրվելու է ոչ թե Հուդայի ազգը և ոչ էլ Իսրայելի զավակները, այլ Դավթի աթոռը, որն Աստված Հակոբին խոստացավ: Եվ ոչ Երուսաղեմի մեկ սերունդ միայն, և ոչ էլ այնպես, ինչպես Դավթին տվեց, այլ անվախճան ու հավիտյան»:
«Նա մեծ կլինի»:

 «Մեծը» չափի համար չի ասում: Քանի որ Տիրոջ մեծության չափը չէր կարող խոսքով հայտնել, այդ պատճառով էլ այդպես ասաց: Այդպես նաև մարգարեներն են ասում. «Մեծ է մեր Տերը, և մեծ է Նրա զորությունը» (Սաղմ. ՃԽԶ 5), նաև. «Մեծ է Տերը, և Տերը մեծ է բոլոր կուռքերից» (Սաղմ. ՃԼԴ 5):

 Աստծու Որդու մեծությունն ի հայտ էր գալու Նրա ճանաչվելուց հետո, որը հավիտենականությունից առաջ ուներ՝ ըստ այս խոսքի. «Քեզանից ինձ Իշխան է ելնելու, Ում ելքն աշխարհի սկզբից է» (Միքիա Ե 2): Այսինքն՝ ժամանակին՝ երբ հավատան, Նրան մեծ են խոստովանելու:

«Բարձրյալի Որդի կկոչվի»:

 Սրանով հայտնում է Հիսուսի վերին փառքի Տեր և աստվածային Ծնունդ լինելը, քանզի Բարձրյալի Որդի ասելով հայտնեց, որ Հոր հետ նույն բնությունից է: Այդ պատճառով էլ Հովհաննեսը վկայում է. «Սկզբից էր Բանը, և Բանն Աստծու մոտ էր, և Բանն Աստված էր» (Հովհ. Ա 1):
«Տեր Աստված նրան կտա Նրա հոր՝ Դավթի աթոռը, և Նա հավիտյան պիտի թագավորի Հակոբի տան վրա, ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»:

 Սա Մարիամի մեջ տարակուսելու առիթ է տալիս, քանզի մի խոսքը երկնքից է ասում, իսկ մյուսը՝ երկրից: Մեկ ասում է Դավթի Որդի, մեկ էլ թե՝ Նրա թագավորությունն անվախճան է լինելու: Թագավորներից ո՞վ անվախճան մնաց երկրի վրա: Բոլորն էլ մահացան և դժոխք գնացին, իսկ նրանց մարմինները որդերը մաշեցրին: Եվ ինչպե՞ս է Դավիթը լինելու Մարիամի Որդու հայրը, չէ՞ որ նա մահացավ ու թաղվեց: Եվ ինչպե՞ս է, որ միայն նրա Որդին է թագավորելու հավիտյան:

 Հրեշտակն Ում մասին ասաց «Բարձրյալի Որդի»՝ հայտնելով Աստվածությունը, Նույնի մասին ասում է նաև «Դավթի Որդի»՝ հաստատելով մարդկությունը: Սրանով հայտնում է, որ Նա ոչ լոկ Աստված է և ոչ էլ սոսկ մարդ:

 Դրանից պարզվում է, որ Տիրոջ խոստացածը Դավթին պիտի կատարվեր կուսական Ծնունդի միջոցով՝ ըստ այս խոսքի. «Քո որովայնի պտղից պիտի նստեցնեմ քո գահին» (Սաղմ. ՃԼԱ 11): Եվ որպեսզի ոչ ոք չկարծի, թե Նա Դավթի որդի է ըստ բնության, ասվում է նաև. «Նրա սերունդը հավիտյան կմնա, և ինչպես արև, ինչպես լուսին, Նրա աթոռն Իմ առջև հավերժ հաստատված կմնա երկնքում, որպես հավատարիմ վկա» (Սաղմ. ՂԸ 37-38): Այսինքն՝ այդ թագավորությունը ժամանակավոր չպիտի լինի, այլ մշտնջենավոր: Ուրեմն՝ այն թագավորությունը, որի մասին ասաց հրեշտակը, մարմնավոր չէ, այլ միավորությամբ Բանին: Եվ ասելով, թե Տեր Աստված Նրան տալու է Իր հոր՝ Դավթի աթոռը, հայտնում է, որ Տերը իջնելու է երկնքից, իսկ Դավթի Որդի ասելով հայտնում, որ Նա նորոգելու է Դավթի կործանված թագավորությունը:

 Քանի որ Մարիամը չէր կարողանում ընկալել այս բարձրագույն ավետարանչությունը, այդ պատճառով հրեշտակը պարզեցնում է իր խոսքը, նախ խաղաղության ողջույն տալով, և ապա աստիճանաբար դեպի վեր, դեպի բարձրագույն խորհուրդը նրա միտքը ձգելով: Ասում է, որ Ծնվածը Բարձրյալի Որդի պետք է կոչվի, քանի որ Հորից անմայր Ծնվածը Մարիամից անհայր պիտի ծնվի: «Մարիամը հրեշտակին ասաց. «Ինչպե՞ս այդ կպատահի ինձ, քանի որ ես տղամարդ չեմ ճանաչում»:

 Այս խոսքն է, որ հաստատում է կուսությամբ հղությունը: Մարիամը գիտեր կանանց բնության կարգը, որ առանց այր մարդու ոչ ոք չի ծնել, և տեսնում էր, որ ասված խոսքերը մեծամեծ ու զարմանալի են: Կամենում էր իմանալ, թե այն ըստ համընդհանուր կարգի՞ է լինելու, թե դա մեկ այլ հիանալի ծնունդ է, բնական կրքերից դուրս: Հրեշտակը տեսնելով նրա միտքը՝ ասում է Մարիամին, որ նրա հղությունը Սուրբ Հոգով և Բարձրյալի զորությամբ է լինելու, ինչն իրեն համար նույնպես անիմանալի է:

 «Սուրբ Հոգին կգա քո վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ»:
Հրեշտակը հայտնում է, որ հղությունը լինելու է առանց մարմնական ցանկությունների և ամենայն մաքրությամբ:

 Հետագայում հրեշտակը նաև Հովսեփին է ասում, որ Մարիամից Ծնվածը Սուրբ Հոգուց է: Ամենուր սովորում ենք, որ ոչինչ չի բաժանված Հոր, Որդու և Սուրբ Հոգու միջև: Քանի որ ինչպես սկզբում Հոգին Գործակից էր արարածներին ստեղծելիս՝ շրջում էր արարածների վրա (տե՜ս Ծննդ. Ա 1), գուրգուրում և տալիս զորություն երկնելու և ծնելու, նույնպես և այս դեպքում է Գործակից Որդու աստվածային Մարմնի արարչագործության մեջ, այդ պատճառով հովանի է լինում Կույսի վրա և սրբում նրա բոլոր մարմնական ցանկությունները: Թեև մաքուր էր Մարիամը ամեն ինչից, սակայն մարդ էր՝ ախտի ծնունդ, և նրանում ևս կային ցանկություններ: Ուստի Հոգին նախ գալիս և մաքրում է նրան:

 Տերը նախ մարդ չստեղծեց և հետո Աստվածությունը մտավ ու բնակվեց այդ մարդու մեջ, այլ՝ Աստվածությունը մաս վերցնելով Կույսի արյունից՝ գոյացավ մարմնում, ըստ այն խոսքի՝ «Բանը մարմին եղավ ու բնակվեց մեր մեջ» (Հովհ. Ա 14): Քանի որ Կենդանի Աստվածությունն իջավ Կույսի արգանդը և մեր բնությունից մաս վերցնելով, հրացած Աստվածությամբ ձևավորեց Իր Մարմինը, ըստ Իր բնության: Եվ ինչպես մարմինը Բանին խառնվելով չդադարեց մարմին լինելուց, այլ եղավ անշփոթելի մարմին, նույնպես և Աստվածությունը միանալով մարմնին՝ եղավ մարդ, առանց ապականության կրքերի և պահեց Իր իմանալի Բնությունն անպարագրելի ու անփոփոխ: Եվ այս ամենը եղավ Հոգու գործակցությամբ:

 «Նա, Ով քեզնից է ծնվելու, Սուրբ է և Աստծու Որդի կկոչվի»:

 Ասելով, թե Նա, Ով ծնվելու է քեզանից, Սուրբ է, դրանով հակադրում է անվայելուչ կարծիքներին: Ինչպես Հոգին Սուրբ է և չունի կարիք մաքրվելու, այնպես էլ Որդին չունի կարիք, որովհետև բնությամբ է սուրբ, ըստ անեղական Աստվածության:
Մարիամը նույն ժամին երկու ավետիս ստացավ: Հրեշտակը Կույսին ավետարանեց կուսական հղության և կուսական ծննդյան մասին, հայտնելով նաև Եղիսաբեթի հղության մասին:

 «Ահավասի՜կ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ»:

 Մարիամը մարմնական հաճույք չէր խնդրում, այլ միայն այն, ինչ ավետարանվեց, և աղոթում է, որպեսզի դա անվրեպորեն հաստատվի: Կույսը հնազանդության խոսք ասաց և իր անձը պատրաստեց հավատի համար:

 Ինչպես առաջին Ադամին ստեղծեց օրհնված ու անապական երկրի կավից, առանց ամուսնական գործակցության, այդպես էլ Երկրորդ Ադամը, առանց ամուսնական գործակցության, ստեղծվեց օրհնյալ Կույսից: Հրեշտակի ողջույնով վերցվեց տրտմությամբ ծնելու անեծքը, ինչը Եվայի անհնազանդության պատճառով էր, որպեսզի սուրբ Կույսը «իմանալի» օրհնված երկիր լինի Երկրորդ Ադամի համար:
Ավետիսը տալուց հետո հրեշտակը հեռացավ, սակայն ոչ այնպես, ինչպես մարդիկ են հեռանում, այլ անտեսանելի դարձավ, որպեսզի Կույսն իմանա, որ իր մոտ եկողը հրեշտակ էր և ոչ թե մարդ:

Մարիամի այցելությունը Եղիսաբեթին

Մարիամը հրեշտակի մասին չպատմեց Հովսեփին ու նրա զավակներին, այլ թույլտվություն խնդրեց Հրեաստան՝ Եղիսաբեթի մոտ գնալու: Հովսեփն էլ իր որդիներից ու դուստրերից մի երկուսի ուղեկցությամբ ճանապարհեց Մարիամին:
Երբ Մարիամը ողջունեց Եղիսաբեթին, վերջինիս մանուկը խաղաց որովայնում, ինչպես Դավիթը պարեց Տիրոջ Տապանակի առջև (տե՜ս Բ Թագ. Զ 16): Երբ Եղիսաբեթը տեսավ Կույսին, ընկավ նրա առջև և օրհնեց նրան Եվայի բոլոր դուստրերի մեջ, (ինչպես և նրա Որդին է օրհնյալ Ադամի բոլոր որդիների մեջ): Եվ Ահարոնի դուստրը սկսեց մեծաձայն երգել հանդերձյալի մասին՝ ասելով. «Որտեղի՞ց ինձ այս ուրախությունը, որ իմ Տիրոջ մայրն ինձ մոտ գա»:

 Իսկ Զաքարիան՝ նրա ամուսինը, դեռևս չէր կարողանում խոսել: Ամուսինները Կույսին մեծարանքով՝ երեք ամիս իրենց մոտ պահեցին, և Զաքարիան նրան պատվով կարգեց կույսերի տեղում: Իսկ երբ մոտեցավ Եղիսաբեթի ծննդաբերելու օրերը, Մարիամը վերադարձավ իր տուն:

 Նրա ուղեկիցներն այս ամենից զարմանում են և ամեն ինչ պատմում Հովսեփին, որից նա հիանում է, քանի որ տեսնում էր նրա երեսը՝ Սուրբ Հոգով լի, պատկառելի ու տեսնողներին բաղձալի: Հովսեփը սքանչանում էր նրա պարկեշտ վարքով, քանզի սուրբ Կույսը մանուկ լինելով՝ ծերերից ու կատարյալներից անցել էր իր առաքինությամբ:

 Վեցերորդ ամսին հայտնապես երևաց Մարիամի հրաշափառ հղությունը, սակայն նա պատկառանքից չհամարձակվեց Հովսեփին ասել հրեշտակի ավետիսի մասին, այլ ծածուկ աղոթում էր իր Որդուն՝ Աստծուն, որպեսզի Հովսեփին չզրկի Նրա հայրն անվանվելուց և Իրեն սպասավորելուց: Հովսեփը նայելով նրա հեզությանն ու ամոթխածությանը զարմանում էր հղության վրա: Մտածում էր չհանդիմանել սրբուհուն, սակայն տեսնում էր, որ շատերն են մատնացույց անում նրան: Եվ Հովսեփը խորհում էր նրան գաղտնի արձակել՝ երկու պատճառով. եթե նա հանցավոր է, ապա իր տանը չպիտի մնա, իսկ եթե Պտուղը Սուրբ Հոգուց է, ապա ինքն արժանի չէ Նրա հետ բնակվել: Այդ պատճառով էլ ասաց Մարիամին. «Երդվեցնում եմ քեզ Իսրայելի Տեր Աստծով. պատմի՜ր ինձ քեզ հետ պատահածը»:

 Երբ Կույսը Հովսեփին պատմեց հրեշտակապետի ավետիսը, վերջինս ասաց. «Ո՞վ կարող է հավատալ այդպիսի խոսքերի, քանզի դրան նմանվող օրինակ չկա: Ո՞վ է տեսել կուսությունն ու մանկանը նույն որովայնում, հավիտենությունից ի վեր այդ չի եղել կանանց մեջ, որ կույսը հղանա առանց տղամարդու: Ինձ դժվար է հավատալ այդ նոր և օտար գործին, որի մասին ո՜չ բնությունն է վկայում և ո՜չ Գրքերը»:

 Կույսը պատասխանեց. «Իմ խոսքերի վկայությունը դյուրությամբ կիմանաս և՜ Գրքերից, և՜ բնությունից: Ո՞վ ամուսնացավ կույս հողի հետ, որ ծնեց Ադամին: Եվ ինքը՝ Ադամը, ո՞ւմ մերձավորությամբ ծնեց Եվային: Ո՞վ ամուսնացավ ծառի հետ, որ ծնեց խոյին (տե՜ս Ծննդ. ԻԲ 13), և կամ ո՞վ մերձեցավ ժայռին, որից ջուր բխեց (տե՜ս Ելք ԺԷ 6): Ո՞ր հողը հղացրեց գավազանը խորանում (տե՜ս Թվեր ԺԷ 8), և կամ ո՞ւմ զորությամբ ջուր բխեց էշի ծնոտից (տե՜ս Դատ. ԺԵ 19): Եվ եթե բնությանը չես հավատում, որ ճշմարիտ է, լսիր սուրբ Գրքերին և հոգեշունչ մարգարեներին. «Ահա կույսը պիտի հղանա ու Որդի ծնի, և Նրա անունը պիտի լինի Էմմանուել» (Եսայի Է 14):

 Հովսեփը հավատաց Մարիամին ու փառավորեց հրաշագործ Աստծուն, և ինչպես Պետրոսը Հիսուսի ծնկների առջև ընկավ ու ասաց. «Ինձանից հեռո՜ւ գնա, Տե՜ր, որովհետև ես մեղավոր մարդ եմ» (Ղուկ. Ե 8), այդպես էլ Հովսեփն էր խորհում. «Երբ Օզիան մոտեցավ Աստծու Տապանակին՝ ուղղելու համար, իսկույն մեռավ (տե՜ս Բ Թագ. Զ 6), և երբ Ահարոնի որդիներն օտար կրակ բերեցին խորան, բոցակեզ եղան (տե՜ս Ղևտ. ԺԶ 16): Արդ՝ եթե Մարիամը մնա իմ տան մեջ, ես և իմ որդիները կմեռնենք, իսկ եթե պատմեմ հրեաներին, չեն հավատա, քանի որ մարգարեներին էլ չհավատացին, այլ նրանց չարչարեցին և Աստծու բարկությունը բերեցին Իսրայելի վրա: Ավելի լավ է լուռ արձակեմ նրան և Սուրբ Հոգին, որ նրա վրա հովանի է, կպահի նրան»:
Եվ մինչ նա այդպես էր մտածում, Տիրոջ հրեշտակը երազի մեջ երևաց նրան և ասաց.

«Հովսե՜փ, Դավթի՜ որդի, մի՜ վախեցիր քեզ մոտ առնելու Մարիամին՝ քո կնոջը, որովհետև նրա մեջ ծնվածը Սուրբ Հոգուց է» (Մատթ. Ա 20):

 Խոսքի սկզբում մխիթարում է Հովսեփին՝ նրան Դավթի որդի ասելով: Հրեշտակը որոշ նշանակությամբ է Մարիամին «Հովսեփի կին» ասում: Ինչպես և Քրիստոս խաչի վրա ասաց Մարիամին. «Ո՜վ կին, ահա՜ քո որդին», ապա դառնալով Հովհաննեսին՝ շարունակեց. «Ահա՜ քո մայրը» (Հովհ. ԺԹ 26-27): Հովհաննեսն ու Մարիամը ո՜չ թե բնությամբ էին մայր ու որդի, այլ դրության բերումով: Նույնն էր և այս դեպքում: Եվ քանի որ Հովսեփը զարհուրել էր այդ սքանչելիքներից, դրա համար էլ ասաց «քո կինը» այն իմաստով, թե ինչպես որևէ այր առանց երկյուղի բնակվում է իր կնոջ հետ, նույն հարկի տակ, այնպես էլ դու նրա հետ բնակվի՜ր:

 Երբ Հովսեփը իմացավ, որ չի կարելի արձակել Մարիամին, սկսեց նրան սպասավորել մեծ երկյուղածությամբ, ինչպես աստվածաբնակ տաճարի, և հակառակում էր բամբասող հրեաներին, վկայելով Մարիամի սրբությունը: Երբ Կույսի հղության լուրը հասավ քահանաներին, Հովսեփին ու Մարիամին տաճար կանչեցին՝ որպեսզի Հովսեփին հրապարակավ խոշտանգեն: Բայց նա արդարացրեց իր անձը և պատմեց Տիրոջ հրաշալիքների մասին: Քահանաները նույնը լսեցին նաև Մարիամի բերանից, սակայն չհավատացին, այլ տվեցին նրան ըմպելու հանդիմանության ջուրը , որն ատյանի առջև ըմպելով՝ անարատ գտնվեց, և ողջ Երուսաղեմը հիացավ:

 Եվ համբերեց Կույսն ինն ամիս և հինգ օր, ըստ անդրանիկների հղացման տասնամսյա օրերի թվի: Քանզի Սողոմոնը մարգարեացել էր. «Ես մարմին եմ առել մոր որովայնում տասնամսյա ժամանակի մեջ» (Իմաստ. Է 2): Քանի որ Սողոմոնն անդրանիկ չէր, հետևաբար այդ խոսքը Քրիստոսի մասին էր ասել:

 Հովհաննեսի ծննդյան օրը բացվեց Զաքարիայի բերանը և նա Տիրոջ անճառելի ծնունդից հետո Մարիամին տարավ տաճար ու կարգեց կույսերի տեղում, քանի որ ճշմարտապես անխախտելի պահվեց Մարիամի կուսությունը:

 Դա առաջացրեց հրեաների ատելությունը: Բացի դրանից Զաքարիան վաստակեց նաև Հերովդեսի թշնամությունը, քանզի չկամեցավ Սրբության սրբոց մտնելու համար կաշառք տալ նրան: Հերովդեսն անօրենությամբ թագավորությունը վերցնելուց հետո տիրեց սրբությունների վրա և Օրենքը ոտնահարելով՝ ամեն տարի նոր քահանայապետ էր նշանակում և առանց կաշառքի թույլ չէր տալիս նրանց Սրբության սրբոց մտնել: Իսկ ըստ Օրենքի՝ մինչև քահանայապետի վախճանվելը՝ ոչ ոք իրավունք չուներ նրա տեղը գրավել: Բեթղեհեմի մանուկներին կոտորելուց հետո Հերովդեսը կամեցավ սպանել նաև Զաքարիայի որդուն՝ Հովհաննեսին, սակայն Զաքարիան նրան չհայտնեց մանկան տեղը և սպանվեց տաճարում՝ սուրբ Սեղանի առջև: Դրանից հետո տաճարում այլևս տեսիլքներ և հայտնություններ չէին լինում, և ժողովուրդն այլևս չէր ստանում իր հարցերի պատասխանները: Եվ այդ մասին է ասում Տերը. «Ես ձեզ մոտ ուղարկում եմ մարգարեներ, իմաստուններ ու օրենսգետներ. նրանցից ոմանց դուք պիտի սպանեք և խաչը պիտի հանեք. նրանցից ոմանց էլ պիտի տանջեք ձեր ժողովարաններում ու քաղաքից քաղաք պիտի հալածեք, որպեսզի ձեր վրա ընկնի մեղքը երկրի վրա թափված ամեն արդար արյան՝ արդար Աբելի արյունից մինչև արյունը Բարաքիայի որդի Զաքարիայի, որին սպանեցիք տաճարի և զոհասեղանի միջև» (Մատթ. ԻԳ 34-35):

 Սուրբ Աստվածամայրը մայրն է բոլոր քրիստոնյաների և ծնողը Ընդհանրական Սուրբ Եկեղեցու, քանզի սկիզբն է սուրբ ծննդյան Ավազանի: Քանի որ ինչպես Կույսից և Սուրբ Հոգուց ծնվեց Քրիստոս, նույնպես ջրից և Սուրբ Հոգուց ծնվում են բոլոր քրիստոնյաները: Եվ ինչպես անհնար էր կնոջ համար առանց այր մարդու մանուկ ծնել, սակայն Կույսը ծնեց Հոգով, այդպես էլ անհնար էր ջրի համար մարդիկ ծնել, և ջուրը ծնեց Հոգով:

 Դարձյալ՝ ինչպես զորացավ սուրբ Կույսը և ծնեց Աստծու Որդուն, այդպես էլ զորացավ Ավազանի արգանդը և ծնեց մեզ՝ դարձնելով Աստծու որդիներ: Հայտնի է, որ Կույսը եղավ սկիզբը և բացողը հոգևոր ծննդյան Ավազանի, քանզի նա ծնեց Աստծուն բնությամբ և մեր Եղբորը՝ մարմնով: Երբ մենք ծնվում ենք Ավազանից, ապա Տերն այլևս ամոթ չի համարում կոչվել մեր Եղբայրը:

 Արդ՝ ինչպես Քրիստոս կոչվում է մեր Եղբայրը, այդպես էլ Նրա Հայրը՝ Աստված, մեր Հայրն է կոչվում, և Նրա մայրը՝ Աստվածածինը՝ մեր մայրը: Եվ նա՝ որպես մայր, սիրով կապված է բոլոր հավատացյալներին և անդադար բարեխոսում է մեզ համար՝ իբրև իր կրտսեր որդիների, և Ինքը՝ Միածին Որդին, հնազանդությամբ լսում է Իր մոր աղաչանքները, Իր անվանական եղբայրների համար:

Աշխատասիրությամբ՝ Արամ Դիլանյանի