ՂԵՒՏԱԿԱՆ

ՂԵՒՏԱԿԱՆ

1
ՈՂՋԱԿԻԶՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ
1 Տէրը կանչեց Մովսէսին, խօսեց նրա հետ վկայութեան խորանից՝ ասելով. «Խօսի՛ր իսրայէլացիների հետ եւ ասա՛ նրանց. 2 “Եթէ ձեզնից որեւէ մէկը անասուններից զոհ է մատուցելու, ապա խոշոր կամ մանր եղջերաւոր անասուն թող մատուցի:
3 Եթէ նա արու արջառ է մատուցելու որպէս ողջակէզ, ապա այն թող լինի ոչ արատաւոր: Վկայութեան խորանի դռան մօտ թող բերի այն, որպէսզի Տիրոջ համար ընդունելի լինի որպէս քաւութիւն նրան: 4 Նա իր ձեռքը թող դնի զոհուող անասունի գլխին, որպէսզի այն Տիրոջ համար ընդունելի լինի, իսկ իր անձի համար՝ քաւութիւն: 5 Զուարակը թող մորթեն Տիրոջ առաջ: Քահանաները՝ Ահարոնի որդիները, արիւնը թող բերեն ու շաղ տան վկայութեան խորանի դռան մօտ գտնուող զոհասեղանի շուրջը: 6 Ողջակիզուելիք անասունը մորթազերծ անելուց յետոյ թող բաժանեն մասերի: 7 Քահանաները՝ Ահարոնի որդիները, զոհասեղանի վրայ կրակ թող վառեն եւ փայտ դիզեն կրակի վրայ: Ահարոնի որդիները՝ քահանաները, 8 141 կտրտուած մասերը, գլուխն ու ճարպը թող դնեն զոհասեղանի կրակի համար դիզուած փայտի վրայ: 9 Փորոտիքն ու ոտքերը թող լուանան ջրով, քահանաներն այդ բոլորը թող դնեն զոհասեղանի վրայ, որովհետեւ ողջակիզուող զոհը Տիրոջ համար անուշահոտ է: 10 Իսկ եթէ Տիրոջ համար ողջակիզուող մանր եղջերաւոր անասունը գառ կամ ուլ է, թող այն լինի արու եւ ոչ արատաւոր: 11 Զոհ մատուցողն իր ձեռքը թող դնի նրա գլխին, այն թող մորթեն զոհասեղանի հիւսիսային կողմում, Տիրոջ առաջ, եւ Ահարոնի որդիները՝ քահանաները, արիւնը թող շաղ տան զոհասեղանի շուրջը: 12 Զոհը թող բաժանեն մասերի, նոյնպէս գլուխն ու ճարպը. քահանաները թող այն դնեն զոհասեղանի կրակի համար դիզուած փայտի վրայ, 13 իսկ փորոտիքն ու ոտքերը թող լուանան ջրով: Թող քահանան այդ ամէնը բերի ու դնի զոհասեղանի վրայ, որովհետեւ ողջակիզուող զոհը Տիրոջ համար անուշահոտ է:
14 Իսկ եթէ Տիրոջ համար ողջակիզուողը թռչուն է, ապա տատրակ կամ աղաւնի թող լինի զոհաբերուողը: 15 Քահանան այն թող բերի զոհասեղանի մօտ, պոկի գլուխը, թող դնի142 սեղանի վրայ եւ արիւնը շաղ տայ զոհասեղանի յատակին: 16 Թող հանի նաեւ քարճիկը143 եւ նրան կից մասերը նետի այնտեղ, ուր մոխիրն են թափում՝ զոհասեղանի մօտ: 17 Ապա թող ջարդի թեւերը, բայց երկու մասի թող չբաժանի: Քահանան այն թող դնի զոհասեղանին, կրակի համար դիզուած փայտի վրայ, որովհետեւ ողջակիզուող զոհը Տիրոջ համար անուշահոտ է”»:
2
ՀԱՑԻ ԸՆԾԱՅ
1 «Եթէ մէկը անարիւն զոհ է մատուցում Տիրոջը, նրա մատուցածը ընտիր ալիւր թող լինի: Դրա վրայ թող իւղ լցնի ու կնդրուկ դնի: Դա անարիւն զոհաբերութիւնն է: 2 Այն թող տանի քահանաների՝ Ահարոնի որդիների մօտ, քահանան թող վերցնի իւղած ընտիր ալիւրից մի բուռ ու բերուած ամբողջ կնդրուկը եւ դրանք իբրեւ յիշատակ դնի զոհասեղանի վրայ: Դա Տիրոջն ընծայաբերուող անուշահոտ զոհ է: 3 Այդ զոհաբերութիւնից մնացածը պէտք է պատկանի Ահարոնին ու նրա որդիներին: Դա Տիրոջը մատուցուող ամենասուրբ զոհաբերութիւններից է:
4 Եթէ մէկը որպէս անարիւն զոհ է մատուցում թոնրի մէջ եփուածը, ապա Տիրոջը որպէս զոհ թող մատուցի իւղած ընտիր ալիւրից պատրաստուած բաղարջ կարկանդակ եւ իւղած բաղարջ հաց:
5 Եթէ քո զոհաբերածը տապակի մէջ եփուած բան է, ապա իւղած ընտիր ալիւրի բաղարջ թող լինի: 6 Դա մաս-մաս կ՚անես, դրանց վրայ իւղ կը լցնես, որովհետեւ դա Տիրոջը մատուցուող զոհաբերութիւն է:
7 Եթէ քո մատուցած անարիւն զոհաբերութիւնը կասկարայի վրայ է եփուած, ապա ընտիր ալիւրը պէտք է իւղած լինի: 8 Այսպէս պատրաստուած եւ Տիրոջը մատուցուող նուիրաբերութիւնը կը տանես քահանայի մօտ: Քահանան զոհասեղանին մօտենալով՝ 9 մի կտոր թող կտրի Աստծուն իբրեւ յիշատակ նուիրաբերուող զոհից եւ այն դնի զոհասեղանին: Դա Տիրոջը մատուցուող անուշահոտ նուիրաբերութիւն է: 10 Ինչ որ մնայ այդ նուիրաբերութիւնից, թող պատկանի Ահարոնին ու նրա որդիներին: Դա ամենասուրբ զոհաբերութիւններից է:
11 Տիրոջը մատուցուող բոլոր անարիւն զոհաբերութիւնները առանց թթխմորի կը պատրաստէք: Թթխմորով ու մեղրով պատրաստուած որեւէ ընծայաբերում Տիրոջը չմատուցէք: 12 Այն կը մատուցէք Տիրոջը իբրեւ երախայրիքի ընծայաբերում, բայց զոհասեղանի վրայ այն չայրէք, ինչպէս որ այրում էք Տիրոջն ընծայաբերուող անուշահոտ զոհը: 13 Ձեր ամէն մի զոհաբերութիւնը Տիրոջը թող աղով աղուի. ձեր զոհաբերութիւններից չպակասեցնէք Աստծու ուխտի աղը. բոլոր զոհաբերութիւնների ժամանակ ա՛ղ մատուցեցէք:
14 Եթէ Տիրոջը զոհաբերութիւն պիտի անես նոր բերքից, ապա դա թող լինի մաքրած, բոված ու խոշոր աղացած ցորենը: 15 Դրա վրայ իւղ կը լցնես ու կնդրուկ կը դնես: Դա զոհաբերութիւն է: 16 Քահանան թող վերցնի ցորենի եւ իւղի մի մասը որպէս յիշատակի բաժին, ինչպէս նաեւ ամբողջ կնդրուկը. դա Տիրոջն ընծայաբերուող զոհաբերութիւն է»:
3
ՓՐԿՈՒԹԵԱՆ ԶՈՀԱԲԵՐՈՒՄ
1 «Եթէ Տիրոջը մատուցուող զոհաբերութիւնը փրկութեան144 համար է, եւ մատուցուողը արջառ է, ապա այն, արու լինի թէ էգ, Տիրոջ առաջ պէտք է լինի ոչ արատաւոր: 2 Զոհ մատուցողն իր ձեռքը թող դնի զոհաբերուող անասունի գլխին եւ մորթի վկայութեան խորանի դռան մօտ: Ահարոնի որդիները՝ քահանաները, արիւնը թող շաղ տան ողջակէզների զոհասեղանի չորս բոլորը: 3 Փրկութեան համար զոհաբերուածից Տիրոջը թող ընծայ մատուցեն փորի ճարպաթաղանթն ու փորոտիքի ողջ ճարպը, 4 թող պոկեն երկու երիկամները, դրանց վրայի ճարպը եւ լեարդի բլթակը երիկամներով հանդերձ: 5 Ահարոնի որդիները՝ քահանաները, այն որպէս ողջակէզ թող դնեն զոհասեղանին, կրակի համար դիզուած փայտի վրայ: Դա Տիրոջն ընծայաբերուող անուշահոտ զոհաբերութիւն է:
6 Եթէ Տիրոջը մատուցուող զոհաբերութիւնը փրկութեան համար է, եւ մատուցուողը ոչխար է, արու լինի թէ էգ, թող անարատ մատուցեն այն: 7 Եթէ զոհաբերուողը գառ է, այն թող մատուցեն Տիրոջ առաջ: 8 Զոհ մատուցողն իր ձեռքը թող դնի զոհաբերուող կենդանու գլխին եւ այն մորթի վկայութեան խորանի դռան մօտ: Ահարոնի որդիները՝ քահանաները, արիւնը թող շաղ տան զոհասեղանի շուրջը: 9 Փրկութեան համար զոհաբերուող անասունից Տիրոջը ընծայ թող մատուցեն. թող հանեն կենդանու ամբողջ դմակն ու մէջքը զիստերով հանդերձ, 10 փորի ճարպաթաղանթը, փորոտիքի ամբողջ ճարպը, երկու երիկամներն145 ու դրանց վրայի ճարպն ու լեարդի բլթակը երիկամներով հանդերձ: 11 Այս ամէնը քահանան թող դնի զոհասեղանին որպէս Տիրոջն ընծայաբերուող անուշահոտ զոհ:
12 Եթէ զոհաբերուողը այծ է, ապա զոհ մատուցողն այն թող բերի Տիրոջ առաջ 13 եւ իր ձեռքը թող դնի կենդանու գլխին: Թող դա մորթեն վկայութեան խորանի դռան մօտ, Տիրոջ առաջ, իսկ Ահարոնի որդիները՝ քահանաները, արիւնը թող շաղ տան զոհասեղանի շուրջը: 14 Նրանք Տիրոջը դրանից որպէս ընծայ թող մատուցեն փորի ճարպաթաղանթը եւ փորոտիքի ամբողջ ճարպը, 15 երկու երիկամներն ու դրանց վրայի ճարպը: Լեարդի բլթակը թող պոկեն երիկամներով հանդերձ: 16 Քահանան դրանք թող դնի զոհասեղանին իբրեւ Տիրոջն ընծայաբերուող անուշահոտ զոհ:
Բոլոր ճարպերը Տիրոջը պիտի պատկանեն. 17 ուր էլ բնակուելիս լինէք, դա յաւիտենական օրէնք թող լինի ձեր սերունդների համար: Ճարպ եւ արիւն երբեք չպիտի ուտէք»:
4
ՈՂՋԱԿԷԶՆԵՐ ՄԵՂՔԵՐԻ ԹՈՂՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ
1 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 2 «Խօսի՛ր Իսրայէլիացիների հետ ու ասա՛. “Եթէ մէկն ակամայ մեղք է գործում Տիրոջ հանդէպ, Տիրոջ որեւէ պատուիրանի դէմ անում է բաներ, որ չպէտք է կատարէր, բայց կատարում է, 3 եւ եթէ նա օծուած քահանայապետ է, ապա նրա գործած մեղքը տարածւում է ամբողջ ժողովրդի վրայ: Իր գործած մեղքը քաւելու համար նա Տիրոջը ոչ արատաւոր զուարակ պիտի մատուցի: 4 Նա զուարակը թող բերի վկայութեան խորանի դռան մօտ, Տիրոջ առաջ, իր ձեռքը թող դնի զուարակի գլխին Տիրոջ առաջ, եւ զուարակը թող մորթեն Տիրոջ առաջ: 5 Օծեալ քահանան իր ձեռքով առնելով զուարակի արիւնից, այն թող տանի վկայութեան խորան: 6 Քահանան իր մատը թող թաթախի արեան մէջ, այդ արիւնից թող եօթն անգամ իր մատով շաղ տայ Տիրոջ առաջ, սրբարանը բաժանող վարագոյրի մօտ: 7 Քահանան Տիրոջ առաջ զուարակի արիւնից թող քսի վկայութեան խորանում գտնուող խնկարկութեան սեղանի եղջիւրաւոր անկիւններին: Զուարակի մնացած արիւնը թող շաղ տայ վկայութեան խորանի դռան մօտ գտնուող ողջակէզների զոհասեղանի յատակին: 8 Նա թող հանի գործուած մեղքերի քաւութեան համար զոհաբերուող զուարակի ամբողջ ճարպը, թող հանի նաեւ փորի ճարպաթաղանթը եւ փորոտիքի ամբողջ ճարպը: 9 Թող պոկի երկու երիկամներն ու դրանց վրայի ճարպը եւ լեարդի բլթակը երիկամներով հանդերձ: 10 Թող անի այնպէս, ինչպէս վարւում էր փրկութեան համար զոհաբերուող զուարակի դէպքում. քահանան այս ամէնը թող դնի ողջակէզների զոհասեղանին: 11 Զուարակի մորթը, նրա ամբողջ մարմինը գլխի ու ոտքերի, փորի ու կղկղանքի հետ՝ 12 զուարակն ամբողջութեամբ թող հանեն բանակատեղիից դուրս, մի մաքուր տեղ, ուր մոխիրն են թափում, եւ փայտի կրակի վրայ թող այրեն այն: Զուարակը պէտք է այրուի մոխրակոյտի վրայ:
13 Եթէ իսրայէլացի ողջ ժողովուրդն անգիտակցաբար ակամայ մոլորուի, եւ այդ բանը վրիպած լինի ժողովրդի աչքից, եթէ խախտի Տիրոջ պատուիրաններից մէկնումէկը, այսինքն՝ անի մի բան, որ չպէտք է կատարէր, բայց կատարի, 14 իսկ դրանից յետոյ գիտակցի իր կատարած մեղքը, ապա ժողովուրդն իր գործած մեղքը քաւելու համար նախրից ոչ արատաւոր մի զուարակ թող զոհաբերի: Այն թող բերեն վկայութեան խորանի դուռը, 15 ժողովրդի ծերերը Տիրոջ առաջ իրենց ձեռքը թող դնեն զուարակի գլխին եւ զուարակը թող մորթեն Տիրոջ առաջ: 16 Օծեալ քահանան զուարակի արիւնից թող տանի վկայութեան խորան, 17 եւ մատը թաթախելով զուարակի արեան մէջ՝ Տիրոջ առաջ եօթն անգամ թող շաղ տայ սրբարանի վարագոյրի դիմաց: 18 Քահանան այդ արիւնից թող քսի վկայութեան խորանում Տիրոջ առաջ դրուած խնկարկութեան սեղանի եղջիւրաւոր անկիւններին, իսկ մնացած արիւնը թող շաղ տայ վկայութեան խորանի դռան մօտ գտնուող ողջակէզների զոհասեղանի յատակին: 19 Ամբողջ ճարպը թող պոկի կենդանուց եւ դնի զոհասեղանին: 20 Այդ զուարակի հետ թող վարուի այնպէս, ինչպէս վարւում էր մեղքերի քաւութեան համար զոհաբերուող զուարակի դէպքում: Նոյն կերպ թող վարուի նաեւ դրա հետ: Մեղքերի քաւութեան համար մատուցուող այս զոհաբերութիւնը քահանան է կատարելու, որից յետոյ նրանք մեղքերի թողութիւն կը ստանան: 21 Զուարակն ամբողջութեամբ պէտք է հանեն բանակատեղիից դուրս եւ այրեն այն, ինչպէս նախորդ զուարակն այրեցին, որովհետեւ դա ժողովրդի մեղքերի համար է:
22 Եթէ իշխանն է մեղք գործում՝ խախտում է Տէր Աստծու պատուիրաններից մէկնումէկը, այսինքն՝ անում է մի բան, որ չպէտք է կատարէր, բայց ակամայ գործում է այդ մեղքը, 23 բայց եւ գիտակցի իր կատարած մեղքը, ապա նա թող զոհաբերի մի նոխազ, արու եւ ոչ արատաւոր: 24 Նա իր ձեռքը թող դնի նոխազի գլխին, թող այն մորթեն այնտեղ, ուր ողջակէզներ են մորթում Տիրոջ առաջ, քանի որ սա մեղքերի քաւութեան զոհ է: 25 Քահանան մեղքերի քաւութեան համար զոհաբերուող կենդանու արեան մէջ մատը թաթախելով՝ թող քսի ողջակէզների զոհասեղանի եղջիւրաւոր անկիւններին: Նրա մնացած ամբողջ արիւնը թող շաղ տայ ողջակէզների զոհասեղանի յատակին: 26 Նրա ամբողջ ճարպը թող դնի զոհասեղանին, ինչպէս փրկութեան համար զոհաբերուող կենդանու ճարպն են դնում: Քահանան այդ կերպ քաւութիւն տուած կը լինի նրանց մեղքերին, եւ նրանք իրենց մեղքերի թողութիւն կը ստանան: 27 Եթէ երկրի ժողովրդից մի մարդ ակամայ մեղք գործի՝ խախտի Տիրոջ պատուիրաններից մէկնումէկը, մի բան, որ չպիտի անէր, եթէ որեւէ յանցանք գործի, 28 բայց գիտակցի, որ ինքը մեղք է գործել, իր գործած մեղքը քաւելու համար ոչ արատաւոր մի այծ թող մատուցի որպէս զոհ: 29 Նա ձեռքը թող դնի այծի գլխին, եւ մեղքերի քաւութեան համար զոհաբերուող այծը թող մորթեն այնտեղ, ուր ողջակէզներն են մորթում: 30 Քահանան մեղքերի քաւութեան համար զոհաբերուող կենդանու արիւնից մատով առնելով՝ թող քսի ողջակէզների զոհասեղանի եղջիւրաւոր անկիւններին: Մնացած ամբողջ արիւնը թող շաղ տայ ողջակէզների զոհասեղանի յատակին: 31 Նա թող պոկի ամբողջ ճարպն այնպէս, ինչպէս փրկութեան համար ողջակիզուող կենդանուց են պոկում, եւ քահանան թող այն հանի զոհասեղան իբրեւ Տիրոջն ընծայաբերուող անուշահոտութիւն: Քահանան այդ կերպ քաւութիւն տուած կը լինի նրանց մեղքերին, եւ նրանք իրենց մեղքերի թողութիւն կը ստանան: 32 Եթէ իբրեւ զոհ ոչխար է մատուցւում, ապա այն ոչ արատաւոր էգ ոչխար թող լինի: 33 Զոհաբերողն իր ձեռքը թող դնի մեղքերի քաւութեան համար զոհաբերուող կենդանու գլխին, եւ այն թող մորթեն այնտեղ, ուր ողջակէզներն են մորթում: 34 Քահանան մեղքերի քաւութեան համար զոհաբերուող կենդանու արիւնից մատով առնելով՝ թող քսի ողջակէզների զոհասեղանի եղջիւրաւոր անկիւններին: Մնացած ամբողջ արիւնը թող շաղ տայ ողջակէզների զոհասեղանի յատակին: 35 Նա թող պոկի նրա ամբողջ ճարպն այնպէս, ինչպէս պոկում են փրկութեան համար ողջակիզուող ոչխարի ճարպը: Քահանան այն թող դնի զոհասեղանին իբրեւ Տիրոջը մատուցուող ողջակէզ: Քահանան այդ կերպ քաւութիւն տուած կը լինի նրանց մեղքերին, եւ նրանք իրենց մեղքերի թողութիւն կը ստանան»:
5
ԶՈՀԱԲԵՐՈՒՄՆԵՐ ՄԵՂՔԵՐԻ ԹՈՂՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ
1 «Յանցաւոր է այն մարդը, որ լսում է մէկի երդումը, վկայ է լինում դրան, տեսնում է դա կամ դրան տեղեակ է լինում եւ այդ մասին չի յայտնում: Այդ մարդը մեղքի տակ է ընկնում: 2 Նա, ով կը դիպչի պիղծ իրերի կամ դիակի կամ գազանից յօշոտուած կենդանու կամ մի պիղծ բանի կամ անասունների ու պիղծ սողունների դիակների, թէկուզեւ չանդրադառնալով դրան, ինքն էլ պղծուած ու մեղանչած է լինում: 3 Եթէ մէկը դիպչի մի մարդու պղծութեան կամ նրա բազում պղծութիւններին, որոնց դիպչելիս մարդ կեղտոտւում է, եւ եթէ նա մոռանայ, իսկ յետոյ յիշի այդ, ուրեմն նա մեղանչած է լինում: 4 Նա, ով խոստանայ չար կամ բարի գործ կատարել եւ այդ խոստումը հաստատի երդմամբ, եւ եթէ նա մոռանայ, իսկ յետոյ յիշի այդ, միեւնոյն է, նա մեղանչած է լինում: 5 Նա պէտք է խոստովանի իր մեղքերին: 6 Տիրոջ նկատմամբ կատարած իր յանցանքների ու գործած մեղքերի համար նա հօտից մի էգ գառ կամ մի էգ ուլ թող զոհ մատուցի: Քահանան դրանով քաւութիւն պիտի տայ նրա մեղքերին, եւ նա թողութիւն պիտի ստանայ:
7 Իսկ եթէ կարողութիւն չունի ոչխար զոհ մատուցելու, իր գործած մեղքերի համար երկու տատրակ կամ աղաւնիների երկու ձագ թող զոհ մատուցի. մէկը մեղքերի թողութեան համար, միւսը՝ որպէս ողջակէզ: 8 Նա դրանք թող բերի քահանայի մօտ: Քահանան նախ թող ներս տանի այն, որ մեղքերի քաւութեան համար է, գլուխը պոկի, բայց մարմնից չանջատի: 9 Նա զոհասեղանի պատի վրայ թող շաղ տայ մեղքերի համար զոհ մատուցուածի արեան մի մասը, իսկ մնացած արիւնը թող թափի զոհասեղանի յատակին, քանի որ դա մեղքերի քաւութեան համար է: 10 Երկրորդ թռչունը թող ողջակէզ անի, ինչպէս որ կարգն է: Այդպէս քահանան քաւութիւն կը տայ նրա գործած մեղքերին, եւ նա թողութիւն կը ստանայ:
11 Եթէ նա ի վիճակի չէ զոյգ տատրակներ կամ աղաւնիների երկու ձագեր մատուցելու, իր գործած մեղքերի թողութեան համար որպէս զոհ թող նուիրաբերի մէկ տասներորդ գրիւ ընտիր ալիւր146: Դրա վրայ թող իւղ չլցնի, դրա վրայ կնդրուկ թող չդնի, քանի որ դա մեղքերի թողութեան համար է: 12 Նա այն թող տանի քահանայի մօտ, եւ քահանան դրանից մի բուռ վերցնելով իբրեւ յիշատակի բաժին՝ թող դնի Տիրոջ ողջակէզների զոհասեղանին, քանի որ դա մեղքերի թողութեան համար է: 13 Այդպէս քահանան քաւութիւն կը տայ նրա գործած մեղքին, եւ նա թողութիւն կը ստանայ: Մնացեալը թող պատկանի քահանային, ինչպէս որ ընտիր ալիւրի նուիրաբերութեան դէպքում էր”»:
ՀԱՏՈՒՑՄԱՆ ԶՈՀԱԲԵՐՈՒՄ
14 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 15 «Նա, ով կը սխալուի ու Տիրոջ սրբութիւնների հանդէպ ակամայ մեղք կը գործի, իր յանցանքի համար թող Տիրոջը մատուցի իր հօտից ոչ արատաւոր մի խոյ վկայութեան խորանում գործածուող յիսուն արծաթ սիկղ արժողութեամբ: 16 Նա թող հատուցի սրբութիւններին հասցրած վնասները, դրան աւելացրած նաեւ սրբազան իրերի արժէքի մէկ հինգերորդ մասը, եւ տայ քահանային: Քահանան յանցանքի թողութեան համար զոհաբերուած խոյով թող քաւութիւն տայ նրա յանցանքին եւ թողութիւն՝ նրան:
17 Նա, ով մեղանչում է ու խախտում Տիրոջ պատուիրաններից մէկնումէկը, այսինքն՝ անում է մի բան, որ չպէտք է անէր, բայց չիմանալով գործում է այդ մեղքը, ուրեմն մեղաւոր է: 18 Իր յանցանքի թողութեան համար իր հօտից նա քահանայի մօտ թող բերի մէկ արծաթ արժողութեամբ ոչ արատաւոր մի խոյ, որով քահանան քաւութիւն պիտի տայ անգիտակցաբար նրա գործած մեղքին, եւ նա թողութիւն պիտի ստանայ, քանի որ նա 19 յանցանք էր գործել Տիրոջ հանդէպ»:
6
1 147 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 2 «Ով մեղք գործի, ով արհամարհելով խախտի Տիրոջ պատուիրանները, ով իր մերձաւորին խաբի նրա տուած աւանդի, իրեն ի պահ տրուած կամ իր յափշտակած որեւէ իրի համար, կամ որեւէ վնաս հասցնի իր մերձաւորին եւ 3 կամ կորած մի բան գտնի, բայց ուրանայ, որ գտել է, եւ դրա համար սուտ երդում տայ, այսինքն՝ անի այն ամէնը, 4 որոնցով նա մեղք է գործած լինում, բայց գիտակցի, որ մեղանչել, յանցանք է գործել, նա պէտք է հատուցի իր կատարած յափշտակութեան համար, 5 իր հասցրած վնասի համար, իրեն ի պահ տրուած աւանդը կորցնելու համար, կորած բանը գտնելը ուրանալու եւ սուտ երդում տալու համար: Իր հասցրած ամէն մի վնաս նա պէտք է հատուցի ամբողջութեամբ, դրան աւելացրած նաեւ վնասուած իրի արժէքի մէկ հինգերորդը: Նա տիրոջը թող հատուցի հէնց իր մեղքը գիտակցած օրը: 6 Իր գործած մեղքի համար նա Տիրոջը զոհ պէտք է մատուցի մէկ արծաթ արժողութեամբ148 ոչ արատաւոր մի խոյ, քանի որ մեղք գործեց: 7 Քահանան Տիրոջ առաջ քաւութիւն եւ թողութիւն թող տայ նրան այն մեղքերի համար, որ նա գործել է»:
ՈՂՋԱԿԻԶՈՒՄ
8 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. «Կարգադրի՛ր Ահարոնին ու նրա որդիներին եւ ասա՛. 9 “Այս է ողջակէզի կարգը. զոհասեղանի վրայ այն պէտք է մնայ ամբողջ գիշեր՝ մինչեւ առաւօտ, եւ զոհասեղանի վրայ այրուող կրակը չպէտք է հանգի: 10 Քահանան կտաւէ պատմուճան պիտի հագնի եւ կտաւէ անդրավարտիք՝ իր մարմնի վրայ149: Կրակից առաջացած ողջակէզի ճարպամոխիրը նա պիտի վերցնի զոհասեղանի վրայից ու դնի զոհասեղանի մօտ: 11 Նա պիտի հանի իր պատմուճանը, պիտի հագնի մի այլ պատմուճան ու ողջակէզը150 պիտի տանի բանակատեղիից դուրս, մի մաքուր տեղ: 12 Զոհասեղանի վրայ վառուող կրակը պիտի չհանգի: Դրա համար քահանան առաւօտները դրա վրայ փայտ պիտի աւելացնի, դրա վրայ պիտի այրի ողջակէզները, իսկ դրանց վրայ էլ՝ փրկութեան զոհի ճարպը: 13 Կրակը միշտ պիտի վառուի զոհասեղանի վրայ ու երբեք չհանգի»:
ՀԱՑԻ ՆՈՒԻՐԱԲԵՐՈՒՄ
14 «Այս է Տիրոջ առաջ, զոհասեղանի վրայ Ահարոնի որդիների՝ քահանաների զոհ մատուցելու կարգը. 15 քահանան իբրեւ յիշատակ մի բուռ պիտի առնի նուիրաբերուող ընտիր ալիւրից՝ նրա վրայ դրուած իւղով ու կնդրուկով հանդերձ, եւ ընծան դնի զոհասեղանին իբրեւ Տիրոջն ընծայաբերուող անուշահոտ զոհ: 16 Մնացած ալիւրը պիտի ճաշակեն Ահարոնն ու նրա որդիները: Բաղարջը պիտի ուտուի մի սուրբ վայրում, այն պիտի ուտեն վկայութեան խորանի բակում: 17 Թթխմորով պիտի չեփուի այն. դա Տիրոջը մատուցուող ընծաների մի մասն է կազմում: Դրանք սրբութիւնների սրբութիւն են: Նոյն կերպ պէտք է վարուել մեղքերի ու յանցանքների զոհաբերումների դէպքում: 18 Քահանաների ընտանիքների բոլոր արու անդամները թող ուտեն դրանից: Այս թող լինի ձեր սերունդների մէջ Տիրոջը մատուցուելիք նուիրաբերութեան յաւիտենական կարգը: Եւ ինչ որ դիպչի դրանց, կը սրբանայ”»:
19 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 20 «Այս է Ահարոնի եւ նրա որդիների ընծան, որ նրանց օծուելու օրը պիտի մատուցուի Տիրոջը: Մէկ տասներորդ գրիւ151 ընտիր ալիւր՝ իբրեւ հանապազօրեայ հացի ընծայ. դրա կէսը՝ առաւօտեան, իսկ միւս կէսը՝ երեկոյեան: 21 Իւղով հունցելուց յետոյ տապակի մէջ պիտի պատրաստուի այն: Դա կտրտուած, մաքուր վիճակում պիտի մատուցուի իբրեւ Տիրոջն ընծայաբերուող անուշահոտ զոհ: 22 Այս բանը պիտի կատարի այն քահանան, որն Ահարոնի որդիներից է եւ օծուել է նրա փոխարէն: Տիրոջ հաստատած այս յաւիտենական օրէնքը պէտք է կատարուի ամբողջութեամբ: 23 Քահանայի բոլոր զոհաբերութիւնները ողջակէզ պէտք է լինեն, դրանցից ոչ մի բան չպիտի ուտուի»:
ԹՈՂՈՒԹԵԱՆ ԶՈՀԱԲԵՐՈՒՄ
24 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 25 «Դիմի՛ր Ահարոնին ու նրա որդիներին եւ ասա՛. “Մեղքերի թողութեան համար զոհ մատուցելու կարգը այս է. մեղքերի թողութեան համար Տիրոջ առաջ մորթուելիք անասունները պէտք է մորթուեն այնտեղ, որտեղ ողջակիզուող անասուններն են մորթում: Դա սրբութիւնների սրբութիւն է: 26 Զոհ մատուցող քահանան դրանից պէտք է ուտի: Թող նա ուտի սուրբ վայրում՝ վկայութեան խորանի բակում: 27 Ով որ ձեռք տայ դրա մսին, կը սրբանայ, եւ ում զգեստի վրայ ցանեն դրա արիւնից, նա պէտք է լուացուի սուրբ վայրում: 28 Կաւէ այն անօթը, որի մէջ կ՚եփուի միսը, պէտք է ջարդել, իսկ եթէ պղնձէ անօթի մէջ եփուի, պէտք է այն քերել ու ջրով ողողել: 29 Քահանաների ընտանիքների բոլոր արու անդամները թող ուտեն դրանից, որովհետեւ դա Տիրոջը մատուցուող սրբութիւնների սրբութիւն է: 30 Այն ամէնը, ինչ զոհ է մատուցւում մեղքերի քաւութեան համար, նոյնպէս անասունների արիւնը, որ վկայութեան խորան է բերւում, չպէտք է ուտուի, այլ կրակով պէտք է այրուի»:
7
ՀԱՏՈՒՑՄԱՆ ԶՈՀԱԲԵՐՈՒՄ
1 «Յանցանքի համար խոյ զոհաբերելու կարգը հետեւեալն է. դա սրբութիւնների սրբութիւն է: 2 Այնտեղ, ուր ողջակէզներն են մորթում, Տիրոջ առաջ պէտք է մորթեն նաեւ յանցանքի համար զոհաբերուող խոյը: Նրա արիւնը շուրջանակի թող թափեն ողջակէզների զոհասեղանի յատակին: 3 Քահանան թող առնի նրա ամբողջ ճարպը, դմակը, ճարպաթաղանթը, փորոտիքի ամբողջ ճարպը, 4 պոկի որովայնում գտնուող երկու երիկամները, դրանց վրայի ճարպն ու լեարդի բլթակը երիկամներով հանդերձ: 5 Քահանան այդ բոլորը թող դնի զոհասեղանին իբրեւ Տիրոջը մատուցուող զոհ, քանի որ դա յանցանքի քաւութեան համար է: 6 Քահանայի ընտանիքի բոլոր արու անդամները թող ուտեն դրանից. սուրբ վայրում թող ուտեն, քանի որ դա սրբութիւնների սրբութիւն է: 7 Յանցանքի համար զոհուող անասունի հետ թող վարուեն այնպէս, ինչպէս մեղքերի համար զոհուող անասունի: Դրանց կատարման կարգը նոյնը թող լինի: Զոհաբերուած անասունի մնացորդը թող պատկանի քահանային, որը դրանով քաւութիւն է տալիս: 8 Որեւէ մէկի ողջակէզը մատուցող քահանան թող ստանայ ողջակէզի մորթին: 9 Թոնրի, կասկարայի կամ տապակի մէջ պատրաստուած հացեղէնը, որ զոհաբերւում է, թող պատկանի այն քահանային, որ կատարում է զոհաբերումը, 10 իսկ իւղով հունցուած, ինչպէս նաեւ չհունցուած բոլոր զոհաբերումները պիտի հաւասարապէս պատկանեն Ահարոնի որդիներից իւրաքանչիւրին»:
ՓՐԿՈՒԹԵԱՆ ԶՈՀԱԲԵՐՈՒՄ
11 «Փրկութեան համար Տիրոջը մատուցուելիք զոհաբերութեան կարգը այս է. 12 եթէ գոհութեան համար է մատուցւում այն, որպէս գոհութեան զոհաբերում թող մատուցեն իւղով հունցուած ընտիր ալիւրի բաղարջ կարկանդակ, վրան իւղ քսած բաղարջ հաց եւ իւղով հունցուած ընտիր ալիւր: 13 152 Փրկութեան համար գոհութեան այս զոհաբերութեան հետ ընծայ թող մատուցեն նաեւ բաղարջ կարկանդակներ: Տիրոջը մատուցուող բոլոր զոհաբերութիւնների մի մասը 14 փրկութեան համար արիւն հոսեցնող քահանային թող պատկանի: Նրան թող պատկանի նաեւ փրկութեան համար մատուցուող գոհութեան զոհի միսը, 15 որը պիտի ուտուի նույն օրը, երբ զոհ է մատուցւում. Յաջորդ օրուայ համար դրանից բան չպէտք է մնայ:
16 Եթէ մէկը կամովին է խոստանում Տիրոջ համար զոհ մատուցել, ապա զոհի միսը թող ուտուի զոհի մատուցման օրը եւ յաջորդ օրը, իսկ զոհի մսի այն մասը, որ կը մնայ 17 մինչեւ երրորդ օրը, կրակով թող այրուի: 18 Եթէ նա իր փրկութեան համար զոհաբերած անասունի մսից ուտի երրորդ օրը, մատուցուածը ընդունելի զոհաբերութիւն չի լինի, քանի որ դա ապօրինի է ու պիղծ: Ով ուտի դրանից, մեղք գործած կը լինի: 19 Այն միսը, որ կը դիպչի որեւէ աղտեղութեան, թող չուտուի, այլ կրակով թող այրուի: Միայն մաքուր մարդն իրաւունք ունի միս ուտելու:
20 Տիրոջը մատուցուած փրկութեան զոհից ճաշակած անմաքուր մարդը պիտի կորչի իր ժողովրդի միջից: 21 Նա, ով կը դիպչի որեւէ պիղծ բանի՝ մարդու պղծութեան կամ պիղծ անասունների եւ կամ ամէն մի գարշելի բանի, եւ ապա կ՚ուտի Տիրոջը մատուցուած փրկութեան զոհի մսից, այդ մարդը կը կորչի իր ժողովրդի միջից”»:
22 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 23 «Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ եւ ասա՛. “Արջառի, ոչխարի ու այծի ճարպ պիտի չուտէք: 24 Սատկած ու գազանի յօշոտած անասունների ճարպը թող օգտագործուի ամէն ինչի համար, բայց ոչ ուտելու համար: 25 Ով որ ուտի Տիրոջը զոհաբերուած անասունների ճարպից, կը կորչի իր ժողովրդի միջից:
26 Ձեր բոլոր բնակարաններում թռչունների եւ ամէն տեսակ անասունների արիւնը պիտի չուտէք: 27 Արիւն ուտող ամէն ոք կը կորչի իր ժողովրդի միջից”»:
28 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 29 «Իսրայէլի որդիներին ասա՛. “Ով որ փրկութեան զոհ կը մատուցի Տիրոջը, նա իր փրկութեան զոհից Տիրոջը մաս պիտի հանի: 30 Նա իր ձեռքով պիտի զոհը մատուցի Տիրոջը. կրծքի ճարպն ու լեարդի բլթակը պիտի դնի Տիրոջ առաջ, 31 իսկ քահանան այն պիտի հանի զոհասեղան, կուրծքը պիտի տրուի Ահարոնին ու նրա որդիներին: 32 Բացի այդ, ձեր փրկութեան զոհերի աջ թեւը որպէս հասանելի տուրք153 կը տաք քահանային: 33 Ահարոնի որդիներից ով որ փրկութեան արիւն ու ճարպ է մատուցում, նրան էլ բաժին թող հասնի աջ թեւը: 34 Որովհետեւ Իսրայէլի որդիներից ես առայ ձեր փրկութեան համար ինձ մատուցուած անասունների կուրծքն ու թեւը եւ դրանք տուեցի Ահարոնին ու նրա որդիներին: Դա Իսրայէլի որդիների համար յաւիտենական կարգ թող լինի”»:
35 Ահարոնի ու նրա որդիների քահանայ օծուելու օրը Տիրոջը նուիրաբերուող ընծաներից իրենց հասանելիք բաժինը այս է: Այս է պատուիրել Տէրը, որ տրուի նրանց, 36 երբ Իսրայէլի որդիների միջից քահանայ օծեց նրանց: Դա նրանց մէջ յաւիտենական կարգ է սերնդից սերունդ: 37 Այս է ողջակէզների, մեղքերի, յանցանքների ու փրկութեան համար զոհեր մատուցելու կարգը: 38 Այսպէս պատուիրեց Տէրը Իսրայէլի որդիներին Սինա լերան վրայ այն օրը, երբ նա Սինայի անապատում կարգադրեց Տիրոջ համար զոհեր մատուցել:
8
ԱՀԱՐՈՆԻ ԵՒ ԻՐ ՈՐԴԻՆԵՐԻ ՕԾՈՒՄԸ
(Ելք 29.1-37)
1 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 2 «Ա՛ռ Ահարոնին ու նրա որդիներին, նրանց զգեստներն ու օծութեան իւղը, մեղքերի քաւութեան համար զոհաբերուելիք զուարակը, երկու խոյերն ու բաղարջների սկուտեղը 3 եւ ամբողջ ժողովրդին հաւաքի՛ր վկայութեան խորանի դռան մօտ»: 4 Մովսէսն արեց այնպէս, ինչպէս Տէրը հրամայել էր իրեն. նա հաւաքեց ժողովրդին վկայութեան խորանի դռան մօտ:
5 Մովսէսն ասաց ժողովրդին. «Այս բանն է կարգադրել Տէրը»: 6 Մովսէսն Ահարոնին ու նրա որդիներին տարաւ եւ ջրով լողացրեց նրանց: 7 Նա Ահարոնին հագցրեց պատմուճանը, գօտի կապեց նրա մէջքին, դրա վրայ հագցրեց թիկնոցը, յետոյ դրա վրայ դրեց վակասը, 8 վակասի ժապաւէնով զգեստներն ամրացրեց միմեանց: Դրա վրայ կապեց լանջապանակը, վերջինիս վրայ դրեց Յանդիմանութիւնն ու Ճշմարտութիւնը: 9 Նրա գլխին դրեց խոյրը, խոյրի վրայ, երեսի կողմից՝ նուիրագործուած եւ մաքուր ոսկէ թիթեղը, ինչպէս Տէրն էր պատուիրել Մովսէսին: 10 Մովսէսն առնելով օծութեան իւղից՝ եօթն անգամ ցանեց զոհասեղանի վրայ: 11 Նա օծեց զոհասեղանը, սրբագործեց այն ու դրա ամբողջ սպասքը, ինչպէս նաեւ լուացարանն ու դրա պատուանդանը. նա սրբագործեց դրանք: Նա, օծելով վրանն ու դրա մէջ գտնուող ամէն ինչ, սրբագործեց դրանք: 12 Մովսէսն օծութեան իւղ ածեց Ահարոնի գլխին, օծեց ու սրբագործեց նրան: 13 Մովսէսը մօտիկ բերեց Ահարոնի որդիներին, նրանց հագցրեց պատմուճանները, նրանց մէջքերին կապեց գօտիները, գլուխներին դրեց խոյրերը, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին:
14 Մովսէսն այնուհետեւ մօտ բերեց մեղքերի քաւութեան համար զոհաբերուելիք զուարակը: Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը դրեցին մեղքերի քաւութեան համար սահմանուած զուարակի գլխին, եւ Մովսէսը մորթեց այն: 15 Մովսէսն առաւ նրա արիւնից եւ իր մատով շուրջանակի քսելով զոհասեղանի եղջիւրաւոր անկիւններին՝ սրբագործեց զոհասեղանը: Եւ նա մնացած արիւնը թափեց զոհասեղանի յատակին: 16 Նա սրբագործեց այն, որպէսզի քաւութեան զոհաբերութիւն կատարի դրա վրայ: Մովսէսն առաւ փորոտիքի ամբողջ ճարպը, լեարդի բլթակը, երկու երիկամներն ու դրանց վրայի ամբողջ ճարպը եւ դրեց զոհասեղանին: 17 Նա զուարակի մնացած մասերը՝ մորթին, միսն ու կղկղանքը բանակատեղիից դուրս այրեց կրակով, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին:
18 Մովսէսը մօտ բերեց ողջակէզի համար նախատեսուած խոյը: Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը դրեցին խոյի գլխին, 19 եւ Մովսէսը մորթեց խոյը, նրա արիւնը թափեց զոհասեղանի շուրջը: 20 Նա խոյը բաժանեց մասերի, առաւ գլուխը, կտրտուած մասերն ու ճարպը, փորոտիքն ու ոտքերը լուաց ջրով: 21 154 Մովսէսը խոյն ամբողջութեամբ դրեց ողջակէզների զոհասեղանին որպէս Տիրոջն ընծայաբերուող անուշահոտ զոհ, քանի որ դա Տիրոջը մատուցուող ընծայ էր: Այդպէս էր Տէրը հրամայել Մովսէսին:
22 Մովսէսը մօտ բերեց երկրորդ խոյը, որպէսզի կատարուի քահանաներին սրբագործելու ծէսը: Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը դրեցին խոյի գլխին, 23 եւ Մովսէսը մորթեց այն: Մովսէսն առաւ դրա արիւնից, քսեց Ահարոնի աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի բթամատին ու նրա աջ ոտքի բթամատին: 24 Մովսէսը մօտ բերեց Ահարոնի որդիներին, այդ արիւնից քսեց նրանց աջ ականջների բլթակներին, նրանց աջ ձեռքերի բթամատներին ու նրանց աջ ոտքերի բթամատներին, իսկ մնացած արիւնը թափեց զոհասեղանի շուրջը: 25 Նա առաւ ճարպը, դմակը, ճարպաթաղանթը, լեարդի բլթակը, երիկամներն ու դրանց վրայի ճարպը եւ աջ թեւը: 26 Նա Տիրոջ առաջ գտնուող եւ քահանաներին սրբագործելու ծէսի համար նախատեսուած մի բաղարջ կարկանդակ վերցրեց սկուտեղից, ինչպէս նաեւ իւղով հունցուած մի բաղարջ հաց, եւ դրեց ճարպի ու աջ թեւի վրայ155: 27 Նա այդ ամէնը դրեց Ահարոնի ձեռքերի ու նրա որդիների ձեռքերի վրայ եւ դրանք ընծայաբերեց Տիրոջ առաջ: 28 Մովսէսը դրանք վերցնելով նրանց ձեռքերից՝ զոհասեղանի վրայ դրեց որպէս նրանց քահանայ ձեռնադրելու համար կատարուած ողջակէզ: Դա անուշահոտ ընծայ է, որ արւում է Տիրոջ համար: Այդպէս էր պատուիրել Տէրը: 29 Մովսէսն առաւ խոյի կուրծքը եւ Տիրոջ առաջ խոյի նուիրաբերման շարժում արեց: Դա եղաւ Մովսէսին յատկացուած բաժինը, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին: 30 Մովսէսը, վերցնելով օծութեան իւղից ու զոհասեղանի վրայի արիւնից, ցանեց Ահարոնի ու նրա զգեստների, նրա որդիների ու նրանց զգեստների վրայ:
31 Նա սրբագործեց Ահարոնին ու նրա զգեստները, նրա հետ նաեւ՝ նրա որդիներին ու նրանց զգեստները: Մովսէսն ասաց Ահարոնին ու նրա որդիներին. «Միսը եփեցէ՛ք վկայութեան խորանի բակում, մի մաքուր վայրում, եւ այնտեղ էլ կերէ՛ք այն, ինչպէս նաեւ սկուտեղի բաղարջ կարկանդակները, որ քահանաների օծութեան համար են նախատեսուած, ինչպէս Տէրն է հրամայելով ասել, թէ՝ “Ահարոնն ու նրա որդիները թող ուտեն այն”: 32 Հացի ու մսի մնացորդները կրակով կ՚այրէք: 33 Վկայութեան խորանի դռնից եօթն օր դուրս չգաք, մինչեւ չլրանայ ձեր քահանայ օծուելու համար սահմանուած օրը, որովհետեւ եօթը օր պէտք է ձեր քահանայութեան լրումի համար 34 (ինչպէս եւ կատարուեց իսկ): Տէրը այդպէս է պատուիրել կատարել, որպէսզի քաւուեն ձեր մեղքերը: 35 Վկայութեան խորանի դռանը եօթն օր՝ գիշեր ու ցերեկ կը նստէք եւ Տիրոջ պահպանութեան կարգը կը կատարէք, որպէսզի չմեռնէք: Այդպէս է ինձ պատուիրել Տէրը»: 36 Ահարոնն ու նրա որդիները կատարեցին այն ամէնը, ինչ Տէրն էր կարգադրել Մովսէսին:
9
ՔԱՀԱՆԱՅԱԳՈՐԾՈՒԹԵԱՆ ՍԿԻԶԲ
1 Ութերորդ օրը Մովսէսը կանչեց Ահարոնին, նրա որդիներին ու Իսրայէլի մեծերին: Մովսէսն ասաց Ահարոնին. 2 «Քեզ համար նախրից, մեղքերի քաւութեան համար, ոչ արատաւոր մի զուարակ ու ողջակէզի համար ոչ արատաւոր մի խոյ վերցրո՛ւ եւ դրանք զո՛հ մատուցիր Տիրոջ առաջ: 3 Դիմի՛ր Իսրայէլի մեծերին156 ու նրանց ասա՛. “Այծերի միջից վերցրէ՛ք մեղքերի քաւութեան համար մի նոխազ, ինչպէս եւ ողջակէզի համար մէկ տարեկան ոչ արատաւոր խոյ, զուարակ եւ գառ: 4 Նաեւ զուարակ ու խոյ՝ Տիրոջ առաջ փրկութեան ողջակէզ մատուցելու համար, ինչպէս եւ նուիրաբերման համար իւղով հունցուած ընտիր ալիւր, որովհետեւ այսօր Տէրը պիտի երեւայ ձեր մէջ”»: 5 Նրանք առան ու վկայութեան խորանի առաջ բերեցին, այն ամէնը, ինչ որ Մովսէսն էր հրամայել: Ամբողջ ժողովուրդը մօտեցաւ ու կանգնեց Տիրոջ առաջ: 6 Մովսէսն ասաց. «Տէրը հրամայեց, որ ա՛յս բանը պէտք է կատարէք. եւ Տիրոջ փառքը պիտի երեւայ ձեզ»: 7 Իսկ Ահարոնին Մովսէսն ասաց. «Մօտեցի՛ր զոհասեղանին եւ քո ողջակէ՛զն արա քո մեղքերի համար, որպէսզի քաւութիւն լինի քեզ եւ քո տան համար: Ապա մատուցի՛ր քո ժողովրդի ընծաները եւ քաւութի՛ւն արա նրանց, ինչպէս Տէրն է պատուիրել ինձ՝ Մովսէսիս»: 8 Ահարոնը մօտեցաւ զոհասեղանին եւ մորթեց իր մեղքերի քաւութեան զուարակը: 9 Ահարոնի որդիները արիւնը բերեցին նրա մօտ, նա իր մատը թացացրեց արեան մէջ, քսեց զոհասեղանի եղջիւրաւոր անկիւններին, իսկ մնացած արիւնը թափեց զոհասեղանի յատակին: 10 Մեղքերի քաւութեան զոհի ճարպը, երիկամները եւ լեարդի բլթակը դրեց զոհասեղանին, ինչպէս Տէրն էր պատուիրել Մովսէսին: 11 Միսն ու մորթին կրակով այրեցին բանակատեղիից դուրս: 12 Ապա մորթեց ողջակէզի համար նախատեսուած անասունը, Ահարոնի որդիները արիւնը բերեցին նրա մօտ, եւ նա այն թափեց զոհասեղանի շուրջը: 13 Ողջակէզը նրա մօտ բերեցին կտոր-կտոր արած: Մովսէսը դա, ինչպէս նաեւ գլուխը, դրեց զոհասեղանին: 14 Փորոտիքն ու ոտքերը նա լուաց ջրով եւ դրեց զոհասեղանին, ողջակէզի վրայ:
15 Դրանից յետոյ մատուցեցին157 ժողովրդի ընծաները: Նա առաւ ժողովրդի մեղքերի քաւութեան համար սահմանուած նոխազը եւ այն մորթեց նախորդի նման: 16 Նա մատուցեց նաեւ ողջակիզուելիք անասունը: 17 158 Նա արեց այնպէս, ինչպէս կարգն էր: Նա մօտեցրեց ողջակէզը, մի բուռ վերցրեց դրանից եւ դրեց զոհասեղանին, որպէս յաւելում առաւօտուայ ողջակէզի: 18 Նա մորթեց ժողովրդի փրկութեան համար զոհուելիք զուարակն ու խոյը: Ահարոնի որդիները արիւնը բերեցին նրա մօտ, եւ նա այն թափեց զոհասեղանի շուրջը: 19 Բերեցին նաեւ զուարակի ճարպը, խոյի ճարպն ու դմակը, ճարպաթաղանթը, երկու երիկամները ճարպով հանդերձ, լեարդի բլթակը 20 եւ ճարպերը դրեցին անասունների կրծքերի վրայ: Ապա կտրեցին հանեցին ճարպը կրծքերի հետ միասին: Ճարպը դրեցին զոհասեղանի վրայ: 21 Նա կրծքերը եւ աջ թեւերը նուիրաբերեց Տիրոջ առաջ, ինչպէս Տէրն էր պատուիրել Մովսէսին:
22 Ահարոնն իր ձեռքերը բարձրացնելով՝ օրհնեց ժողովրդին եւ ներքեւ իջաւ մեղքերի քաւութեան, ողջակէզի ու փրկութեան համար զոհեր կատարելուց յետոյ: 23 Մովսէսն ու Ահարոնը մտան վկայութեան խորանը եւ այնտեղից դուրս գալով՝ օրհնեցին ամբողջ ժողովրդին: Եւ Տիրոջ փառքը երեւաց համայն ժողովրդին: 24 Կրակ բխեց Տիրոջից եւ այրեց այն ամէնը, ինչ կար զոհասեղանի վրայ՝ ողջակէզներն ու ճարպը: Ամբողջ ժողովուրդը տեսաւ դա, սարսափեց ու ընկաւ երեսի վրայ:
10
ՆԱԲԱԴԻ ԵՒ ԱԲԻՈՒԴԻ ՄԵՂՔԸ
1 Ահարոնի երկու որդիները՝ Նաբադն ու Աբիուդը, ամէն մէկը մի բուրվառ վերցնելով, դրանց մէջ կրակ դրեցին, դրա վրայ խունկ լցրին եւ Տիրոջ առաջ անմաքուր կրակ մատուցեցին, մի բան, որ Տէրը նրանց չէր պատուիրել: 2 Կրակ բխեց Տիրոջից, այրեց նրանց, եւ նրանք մեռան Տիրոջ առաջ: 3 Մովսէսն ասաց Ահարոնին. «Ահա թէ ինչ ասաց Տէրը. “Ինձ պաշտողների մէջ պիտի ցոյց տամ իմ սրբութիւնը եւ իմ ամբողջ ժողովրդի առաջ պիտի փառաւորուեմ”»: Ահարոնը տխրեց: 4 Մովսէսը կանչեց Միսադայիին եւ Ելիսափանին՝ Ահարոնի հօրեղբայր Ոզիէլի որդիներին, եւ ասաց նրանց. «Գնացէ՛ք եւ ձեր եղբայրների դիակները իրենց զգեստներով հանդերձ սուրբ վայրից ու բանակատեղիից դո՛ւրս հանեցէք»: 5 Նրանք գնացին եւ բանակատեղիից դուրս հանեցին նրանց իրենց զգեստներով հանդերձ, ինչպէս Մովսէսն էր ասել: 6 Մովսէսն ասաց Ահարոնին ու նրա ողջ մնացած որդիներ Եղիազարին եւ Իթամարին. «Ձեր գլխարկները չհանէք եւ ձեր հագուստները չպատառոտէք, որպէսզի չմեռնէք, եւ ժողովրդի վրայ Տիրոջ բարկութիւնը չիջնի: Միայն ձեր եղբայրներն ու բոլոր իսրայէլացիները թող ողբան հրոյ ճարակ դարձածներին՝ նրանց, ովքեր այրուեցին Տիրոջ կողմից: 7 Եւ դուք վկայութեան խորանի դռնից դուրս չգաք, որպէսզի չմեռնէք, որովհետեւ Տիրոջ օծութեան իւղը դեռեւս ձեր վրայ է»: Եւ նրանք արեցին այնպէս, ինչպէս Մովսէսն էր ասել:
ԿԱՆՈՆՆԵՐ ՔԱՀԱՆԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
8 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 9 «Երբ վկայութեան խորան մտնէք կամ երբ զոհասեղանին մօտենաք դու եւ քեզ հետ եղած որդիներդ, գինի կամ օղի չխմէք, որպէսզի չմեռնէք: Դա յաւիտենական կարգ թող լինի ձեր սերնդի մէջ: 10 Լինելով սթափ, դուք կը կարողանաք տարբերել սուրբը պիղծից, մաքուրը անմաքուրից, 11 ի վիճակի կը լինէք իսրայէլացիներին սովորեցնելու այն բոլոր օրէնքները, որ Տէրը Մովսէսի միջոցով տուեց նրանց»:
12 Մովսէսն ասաց Ահարոնին ու նրա ողջ մնացած որդիներին՝ Եղիազարին եւ Իթամարին. «Տիրոջը մատուցուած անարիւն զոհից աւելացածն առէ՛ք եւ բաղարջ հաց պատրաստելով՝ կերէ՛ք զոհասեղանի առաջ, որովհետեւ դա սրբութիւնների սրբութիւն է: 13 Այն կ՚ուտէք մի սուրբ վայրում, որովհետեւ քեզ եւ քո որդիների համար օրէնք է, որ ուտէք Տիրոջը մատուցուած զոհերից: Այդպէս է ինձ հրամայել Տէրը: 14 Զոհ մատուցուած անասունի կուրծքը եւ թեւը դու, քո որդիները եւ քո ընտանիքի անդամները քեզ հետ մի սուրբ վայրում պիտի ուտէք, որովհետեւ քեզ եւ քո որդիների համար սահմանուած կարգ է, որ դուք պէտք է ուտէք իսրայէլացիների մատուցած փրկութեան զոհից: 15 Զոհուած անասունի թեւը եւ կուրծքը, որ նուիրուելու են Աստծուն, ինչպէս նաեւ այրուելու ճարպը Տիրոջ առաջ թող նուէր մատուցեն: Դա քեզ եւ քեզ հետ եղած քո որդիներին ու քո դուստրերին պիտի պատկանի յաւիտեանս սահմանուած օրէնքի համաձայն, ինչպէս Տէրն է հրամայել Մովսէսին»: 16 Մովսէսը շատ փնտռեց մեղքերի քաւութեան համար զոհաբերուած նոխազը, բայց այն արդէն այրուած էր: Մովսէսը բարկացաւ Եղիազարի ու Իթամարի՝ Ահարոնի ողջ մնացած որդիների վրայ 17 եւ ասաց. «Ինչո՞ւ սուրբ վայրում չկերաք մեղքերի քաւութեան համար արուած ողջակէզը: Չէ՞ որ այն սրբութիւնների սրբութիւն է, այն տուել էի ձեզ, որ ուտէք, վերացնէք ժողովրդի մեղքերը եւ քաւութիւն տաք նրան Տիրոջ առաջ, 18 բայց զոհի արիւնից սրբարանից ներս չբերուեց: Արդ, պէտք է ուտէք մի սուրբ վայրում, ինչպէս ինձ է հրամայուած»: 19 Ահարոնը պատասխանեց Մովսէսին եւ ասաց. «Այսօր, երբ մեղքերի քաւութեան համար զոհաբերութիւն արեցին եւ ողջակէզներ մատուցեցին Տիրոջ առաջ, եւ ինձ հետ տեղի ունեցան այս դժբախտ դէպքերը, որքան աւելի Տիրոջը հաճելի պիտի չլինէր, եթէ ես ուտէի մեղքերի քաւութեան համար սահմանուած զոհից»: 20 Մովսէսը լսեց նրա ասածը եւ դա հաճելի թուաց նրան:
11
ՄԱՔՈՒՐ ԵՒ ՊԻՂԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ
(Բ Օր. 14.3-21)
1 Տէրը խօսեց Մովսէսի եւ Ահարոնի հետ ու ասաց. 2 «Դիմեցէ՛ք Իսրայէլի որդիներին եւ ասացէ՛ք. “Սրանք են երկրի վրայ եղած այն անասունները, որ կարող էք ուտել: 3 Կ՚ուտէք բոլոր կճղակաբաշխ՝ թաթերը երկուսի բաժանուած եւ որոճացող կենդանիները: 4 Մի՛ կերէք այն կենդանիները, որոնք թէեւ որոճում են, բայց կճղակաբաշխ չեն, ինչպէս ուղտը, որը թէեւ որոճում է, բայց երկկճղակ չէ, ուրեմն նա ձեզ համար պիղծ է, 5 նապաստակը, որը թէեւ որոճում է, բայց երկկճղակ չէ, ուրեմն նա ձեզ համար պիղծ է, 6 ճագարը, որը թէեւ որոճում է, բայց երկկճղակ չէ, ուրեմն նա ձեզ համար պիղծ է, 7 խոզը, որը թէեւ կճղակաբաշխ է՝ կճղակներ ունի, բայց չի որոճում, ուրեմն նա ձեզ համար պիղծ է: 8 Ո՛չ դրանց միսը կերէք, ո՛չ էլ դրանց դիակին մօտեցէք, քանի որ դրանք ձեզ համար պիղծ են:
9 Ահա թէ ինչ պիտի ուտէք ջրերի մէջ եղած կենդանիներից. նրանք, որ ունեն լողակներ ու թեփուկ եւ ապրում են ջրերում, ծովերում եւ վտակներում: 10 Ջրերում, ծովերում ու վտակներում ապրող, բայց լողակներ ու թեփուկ չունեցող կենդանիներ մի՛ կերէք, նոյնպէս եւ՝ այն կենդանիները, որ ջրերից են բխում եւ կամ կենդանի շունչ ունեն ջրերում, քանի որ դրանք պիղծ են եւ պիղծ կը լինեն ձեզ համար: 11 Դրանց միսը չուտէք եւ դրանց դիակներից գարշեցէ՛ք, 12 որովհետեւ ջրի մէջ եղած բոլոր այն կենդանիները, որոնք լողակներ ու թեփուկ չունեն, թող ձեզ համար պիղծ համարուեն:
13 Սրանք են այն թռչունները, որոնցից պէտք է գարշէք եւ որոնց միսը պիտի չուտէք, որովհետեւ ձեզ համար պիղծ են. արծիւ, պասկուճ159, գետարծիւ, 14 անգղ, ցին եւ այն, ինչ սրանց նման է: 15 Նաեւ ագռաւ եւ այն, ինչ սրա նման է, 16 ջայլամ, բու, որոր եւ այն, ինչ սրանց նման է, 17 բազէ եւ այն, ինչ սրա նման է, հաւապատիր160, հողամաղ, 18 քաջահաւ, սոխակ, հաւալուսն, կարապ, 19 արագիլ, քարադր161 եւ այն, ինչ սրանց նման է, այլեւ՝ յոպոպ եւ չղջիկ:
20 Չորս ոտքով քայլող ամէն մի թռչնազգի զեռուն թող պիղծ համարուի ձեզ համար: 21 Թռչնազգի զեռուններից կ՚ուտէք դրանք, որոնք քայլում են չորս ոտքով, որոնց ոտքերը գետնի վրայ ոստոստելու համար սրունք ունեն: 22 Կ՚ուտէք հետեւեալները. ջորեակ162 եւ այն, ինչ սրա նման է, խարագուլ եւ այն, ինչ սրա նման է, մորեխ եւ այն, ինչ սրա նման է, օձամարտ մորեխ եւ այն, ինչ սրա նման է:
23 Թռչնազգի ամէն մի այլ զեռուն, որ չորս ոտք ունի, պիղծ է ձեզ համար. դրանցով չպղծուէք: 24 Դրանց դիակին դիպչող ամէն ոք մինչեւ երեկոյ թող պիղծ համարուի: 25 Ամէն ոք, ով ձեռք կը տայ դրանց դիակին, պէտք է լուանայ իր հագուստները եւ պիղծ համարուի մինչեւ երեկոյ: 26 Կճղակաւոր այն բոլոր անասունները, որոնց կճղակը կիսուած չէ, եւ չեն որոճում, ձեզ համար թող պիղծ համարուեն: Ով որ դիպչի դրանց դիակին, մինչեւ երեկոյ թող պիղծ համարուի: 27 Չորքոտանի բոլոր այն կենդանիները, որոնք միայն առջեւի թաթերի վրայ են քայլում, ձեզ համար թող պիղծ համարուեն: Ով դիպչի դրանց դիակին, մինչեւ երեկոյ թող պիղծ համարուի: 28 Ով ձեռք տայ դրանց դիակին, պէտք է լուանայ իր հագուստները. նա պիղծ պէտք է համարուի մինչեւ երեկոյ, որովհետեւ այդ բոլորը ձեզ համար պիղծ է:
29 Երկրի վրայ փորսող գնացող բոլոր կենդանիներից ձեզ համար պիղծ են. աքիսը163, մուկը, տիտեռը164, 30 առնէտը, քամելէոնը, բծաւոր մողէսը, մողէսն ու խլուրդը: 31 Երկրի վրայ փորսող գնացող այս բոլոր կենդանիները պիղծ են ձեզ համար: Ով որ դիպչի դրանց դիակին, թող պիղծ համարուի մինչեւ երեկոյ: 32 Ինչի վրայ որ ընկնի դրանց դիակը, թող պիղծ համարուի, լինի դա փայտից պատրաստուած ամէն տեսակի անօթ, զգեստ, կաշի կամ քուրձ. ամէն մի անօթ, որն ինչ-որ բանի համար կը գործածուի, թող լուացուի ջրով: Այդ անօթը թող պիղծ համարուի մինչեւ երեկոյ, որից յետոյ այն թող մաքուր համարուի: 33 Եթէ խեցէ որեւէ անօթի մէջ դրանցից ընկնի, անօթի մէջ եղածը թող պիղծ համարուի, իսկ անօթը թող ջարդեն:
34 Ամէն մի կերակուր, որի վրայ կ՚ընկնի այդպիսի պղծուած անօթի ջուրը, թող պիղծ համարուի: Այդպիսի անօթի մէջ գտնուող ամէն մի խմիչք թող պիղծ համարուի: 35 Ինչի վրայ որ ընկնի դրանց դիակը, թող պիղծ համարուի: Թոնիրներն ու կասկարաները թող ջարդուեն, քանի որ պղծուած են լինում, եւ պիղծ թող համարուեն ձեզ համար:
36 Ջրի աղբիւրները, ջրհորներն ու ջրակոյտերը թող մաքուր համարուեն ձեզ համար165: Ով որ դիպչի դրանց մէջ ընկած դիակին, թող պիղծ համարուի: 37 Եթէ դրանց դիակն ընկնի ցանելու սերմացուի վրայ, ապա սերմացուն մաքուր թող համարուի, 38 իսկ եթէ սերմացուի վրայ ջուր թափելուց յետոյ դրա վրայ ընկնեն պիղծ կենդանիների դիակներ, ապա այդ սերմացուն թող անմաքուր համարուի ձեզ համար:
39 Եթէ ձեզ համար ուտելու ենթակայ անասուններից որեւէ մէկը սատկի, ապա դրա դիակին դիպչողը թող մինչեւ երեկոյ պիղծ համարուի: 40 166 Ով ձեռք տայ դրա դիակին, նա պէտք է լուանայ իր զգեստները. նա պիղծ պէտք է համարուի մինչեւ երեկոյ:
41 Երկրի վրայ փորսող գնացող ամէն մի կենդանի թող պիղծ համարուի ձեզ համար, ուրեմն եւ թող չուտուի: 42 Մի՛ կերէք բոլոր այն կենդանիները, որոնք սողում են իրենց որովայնի վրայ, բոլոր այն կենդանիները, որոնք սողում են չորս ոտքով, նաեւ բազմոտանիները, երկրի վրայ սողացող բոլոր զեռունները, քանի որ դրանք ձեզ համար պիղծ են: 43 Մի՛ ապականէք ձեզ երկրի վրայ սողացող սողուններով, դրանցով մի՛ պղծուէք եւ դրանց պատճառով անմաքուր մի՛ դարձէք:
44 Ե՛ս եմ ձեր Տէր Աստուածը: Սրբուեցէ՛ք եւ սո՛ւրբ եղէք, որովհետեւ ես՝ ձեր Տէր Աստուածը, սուրբ եմ: Դուք ձեզ մի՛ պղծէք երկրի վրայ սողացող զեռուններով: 45 Ե՛ս եմ, Տէր Աստուածը, որ ձեզ դուրս բերեց Եգիպտացիների երկրից, որպէսզի ձեզ համար Աստուած լինեմ: Դուք սուրբ եղէք, որովհետեւ ես սուրբ եմ:
46 Ահա այս է անասունների եւ թռչունների, ջրերում եւ ցամաքում շարժուող բոլոր շնչաւորների վերաբերեալ օրէնքը, 47 որպէսզի դուք կարողանաք զանազանութիւն դնել մաքուրի եւ անմաքուրի միջեւ, եւ որպէսզի Իսրայէլի որդիներին սովորեցնէք, թէ որոնք են ուտելի կենդանիները, եւ որոնք են ոչ ուտելի անասունները”»:
12
ԿԱՆԱՆՑ ՄԱՔՐՈՒԹԻՒՆԸ ՈՐԴԵԾՆՈՒԹԻՒՆԻՑ ՅԵՏՈՅ
1 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 2 «Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ եւ ասա՛ նրանց. “Եթէ որեւէ կին յղիանայ եւ արու զաւակ ծնի, թող նա անմաքուր համարուի եօթը օր, այսինքն՝ այնքան, ինչքան իր դաշտանի շրջանի համար է անմաքուր համարւում: 3 Ութերորդ օրը նա թող թլփատի իր որդուն: 4 Դրանից յետոյ երեսուներեք օր էլ նա պէտք է սպասի, որպէսզի մաքրուի իր արիւնը: Նա ոչ մի մաքուր բանի ձեռք չպիտի տայ եւ սրբարան չպիտի մտնի, մինչեւ լրանան նրա մաքրուելու օրերը: 5 Իսկ եթէ նա աղջիկ զաւակ ունենայ, թող եօթը օր167 անմաքուր համարուի, այսինքն՝ այնքան, ինչքան իր դաշտանի շրջանի համար է անմաքուր համարւում: Դրանից յետոյ վաթսունվեց օր էլ նա պէտք է սպասի, որպէսզի մաքրուի իր արիւնը: 6 Երբ լրանան որդու կամ դստեր ծննդից յետոյ նրա մաքրութեան համար սահմանուած օրերը, նա մէկ տարեկան գառ թող ողջակէզ անի, մի զույգ աղաւնի կամ տատրակ թող բերի մեղքերի քաւութեան համար վկայութեան խորանի դուռը, քահանայի մօտ: 7 Քահանան այն թող զոհ մատուցի Տիրոջ առաջ, քաւութիւն տայ նրան, եւ նա կը մաքրուի իր արեան բխումից: Սա կարգ է նրանց համար, ովքեր արու կամ աղջիկ զաւակ են ունենում: 8 Եթէ ծննդկանն ի վիճակի չէ գառ բերելու, թող առնի երկու տատրակ կամ աղաւնու երկու ձագ՝ մէկը ողջակէզի, իսկ միւսը՝ մեղքերի քաւութեան համար: Քահանան թող զոհ մատուցի դրանք ի քաւութիւն, որով ծննդկանը կը համարուի մաքրուած”»:
13
ՄԱՐԴԿԱՆՑ ՄԱՇԿԱՅԻՆ ՀԻՒԱՆԴՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1 Տէրը խօսեց Մովսէսի ու Ահարոնի հետ եւ ասաց. 2 «Եթէ որեւէ մէկի մարմնի մաշկի վրայ սպի, պալար, բշտիկ եւ կամ բորոտութեան ախտանշան երեւայ, թող դիմի Ահարոն քահանային կամ նրա քահանայ որդիներից մէկին: 3 Քահանան թող զննի նրա մաշկի վրայի վէրքը: Եթէ վէրքի շուրջն եղած մազերն սպիտակել են, եւ վէրքն աւելի խորն է երեւում քան մաշկը, ուրեմն դա բորոտութեան ախտանշան է: Քահանան պէտք է զննի եւ նրան անմաքուր համարի: 4 Եթէ նրա մարմնի մաշկի վրայի վէրքը մաշկից սպիտակ է եւ նրանից խորը չի երեւում, ու մազի գույնն էլ սպիտակ չէ, այլ մուգ գույն ունի, ապա քահանան ախտակրին եօթն օր պէտք է մեկուսացնի: 5 Քահանան եօթներորդ օրը պէտք է զննի նրան, եւ եթէ վէրքը նոյն վիճակում է մնացել, մաշկի վրայ չի տարածուել, ապա քահանան նրան պէտք է մեկուսացնի եւս եօթը օր: 6 Քահանան եօթներորդ օրը պէտք է մի անգամ եւս զննի, եւ երբ տեսնի, որ վէրքը մգացել է, մաշկի գոյնը չի փոխուել, նրան պէտք է մաքուր համարի, որովհետեւ դա քոսի նշան է: Նա թող լուանայ իր զգեստները եւ համարուի մաքուր: 7 Իսկ եթէ քահանայի զննելուց եւ մաքուր համարելուց յետոյ վէրքը տարածուի մաշկի վրայ, նա պէտք է վերստին դիմի քահանային, եւ սա եթէ նկատի, որ վէրքը տարածուել է մաշկի վրայ, 8 նրան պէտք է անմաքուր համարի, որովհետեւ դա բորոտութեան ախտանշան է:
9 Ուրեմն, եթէ մարդը բորոտութեան վէրք ունենայ, ապա պէտք է գայ Ահարոն քահանայի մօտ: 10 Քահանան պէտք է զննի: Եթէ մաշկի վրայ սպիտակ պալար կայ, դրա շուրջն եղած մազն սպիտակել է, բայց պալարի մէջ առողջ ու կենդանի միս կայ, 11 ուրեմն բորոտութիւնը հնացել է նրա մարմնի մաշկի վրայ: Քահանան պէտք է անմաքուր համարի եւ մեկուսացնի168 նրան, որովհետեւ նա անմաքուր է:
12 Եթէ բորոտութիւնը գնալով տարածուի նրա մաշկի վրայ, բորոտութիւնը ծածկի մարմնի ամբողջ մաշկը՝ գլխից մինչեւ ոտքերը, եւ քահանան նկատի դա, 13 տեսնի, որ բորոտութիւնը տարածուել է մարմնի ամբողջ մաշկի վրայ, ապա մաքուր թող համարի հիւանդին, որովհետեւ նրա մարմինն ամբողջութեամբ սպիտակել է: Եւ նա մաքուր է: 14 Այն օրը, երբ այդ մարդու մաշկի վրայ գործող վէրք նկատուի, նա թող անմաքուր համարուի: 15 Քահանան տեսնելով մաշկի վրայ գործող վէրքը՝ թող նրա ամբողջ մարմինը անմաքուր համարի, որովհետեւ դա բորոտութիւն է: 16 Եթէ մաշկի առողջ մասը դարձեալ փոփոխութեան ենթարկուի եւ սպիտակի, 17 հիւանդը պէտք է գայ քահանայի մօտ, եւ քահանան պէտք է զննի նրան: Եթէ նրա վէրքը սպիտակել է, քահանան թող հիւանդին մաքուր յայտարարի, որովհետեւ նա մաքուր է:
18 Եթէ մարդ իր մարմնի մաշկի վրայ խոց ունենայ, եւ դա լաւանայ, 19 բայց խոցի տեղում սպիտակ-փայլուն, լուսնասպիտակ կամ կարմրաւուն հետք առաջանայ, ապա նա պէտք է դիմի քահանային: 20 Քահանան պէտք է զննի նրան: Եթէ վէրքն աւելի խորն է երեւում, քան մաշկը, իսկ վէրքի շուրջն եղած մազերն էլ սպիտակել են, ապա քահանան նրան թող անմաքուր համարի: Դա լուսնասպիտակ կամ կարմրաւուն հետքով բորոտութիւն է բորբոքուած խոցով: 21 Եթէ քահանան նկատի, որ վէրքի շուրջն եղած մազերը սպիտակ չեն, այլ՝ մուգ, եւ վէրքն էլ մաշկից խորը չէ, ապա քահանան հիւանդին եօթն օր թող մեկուսացնի: 22 Իսկ եթէ խոցը տարածուի մաշկի վրայ, ապա քահանան նրան թող անմաքուր համարի, քանի որ դա վէրքից առաջացած բորոտութիւն է: 23 Իսկ եթէ փայլ ունեցող վէրքը տեղում մնայ՝ չտարածուի, ապա դա սպի է. քահանան նրան թող մաքուր համարի:
24 Եթէ մարմնի մաշկը կրակով այրուած լինի, նրա մաշկն այրուածքից ապաքինուի, իսկ այրուածքի տեղում փայլուն, սպիտակ, կարմրաւուն կամ լուսնասպիտակ բշտիկ առաջանայ, 25 եւ քահանան տեսնի այն ու նկատի, որ մազն սպիտակ՝ փայլուն է դարձել, բշտիկի տեղն աւելի խորն է, քան մաշկը, ուրեմն դա այրուածքից առաջացած բորոտութիւն է: Քահանան հիւանդին թող անմաքուր համարի, որովհետեւ դա բորոտութեան հիւանդութիւն է: 26 Իսկ եթէ քահանան տեսնի, որ դրա վրայ որեւէ փայլուն հետք կամ սպիտակ մազ չկայ, եւ բշտիկի տեղը մաշկից խորը չէ, գոյնը մուգ է, ապա քահանան նրան եօթը օր թող մեկուսացնի: 27 Եօթներորդ օրը քահանան թող զննի նրան. եթէ տեսնի, որ վէրքը տարածուել է մաշկի վրայ, ուրեմն նրան թող անմաքուր համարի, որովհետեւ դա վէրքից առաջացած բորոտութիւն է: 28 Եւ եթէ վէրքը նոյն տեղում մնայ՝ չտարածուի մաշկի վրայ, եւ գոյնն էլ մուգ լինի, ուրեմն դա այրուածքի սպի է: Քահանան մաքուր թող համարի նրան, որովհետեւ դա այրուածքի հետք է միայն:
29 Եթէ տղամարդու կամ կնոջ գլխի կամ կզակի վրայ բորոտութեան վէրք լինի, եւ քահանան զննի այն ու նկատի, 30 որ վէրքի տեղն աւելի խորն է, քան մաշկը, դրա վրայի մազը վերածուել է խարտեաշ աղուամազի, ապա քահանան նրան թող անմաքուր համարի, քանի որ դա գոնջութիւն է՝ գլխի կամ կզակի բորոտութիւն: 31 Եթէ քահանան նկատի գոնջութեան նշանները, այն, որ վէրքի տեղն աւելի խորը չէ, քան մաշկը, եւ ոչ էլ մազն է խարտեաշ դարձել, ապա գոնջացածին թող մեկուսացնի եօթը օր: 32 Քահանան եօթներորդ օրը թող զննի գոնջութեան հետքերը եւ տեսնելով, որ այն չի տարածուել մաշկի վրայ, մազը խարտեաշ չի դարձրել, ոչ էլ վէրքի տեղն է աւելի խորը, քան մաշկը, 33 թող սափրի մաշկի առողջ մասի մազերը, իսկ հիւանդ մասի մազերը թող չսափրի: Քահանան հիւանդին թող մեկուսացնի եւս եօթը օր: 34 Քահանան եօթներորդ օրը վէրքը թող զննի եւ տեսնելով, որ սափրելուց յետոյ վէրքը մաշկի վրայ չի տարածուել, եւ վէրքի տեղն էլ աւելի խորը չէ, քան մաշկը, ուրեմն նրան մաքուր թող համարի, իսկ այդ մարդն իր զգեստները լուանալով՝ մաքուր թող համարուի: 35 Բայց եթէ նրան սափրելուց յետոյ վէրքը տարածուի նրա մաշկի վրայ, եւ քահանան տեսնի, որ վէրքը տարածուել է մաշկի վրայ, 36 նա խարտեաշ մազերի համար թող դարմանուած չհամարի այն, քանի որ հիւանդը անմաքուր է: 37 Եթէ վէրքը մաշկի վրայ չի տարածուել, իսկ դրա շուրջը թուխ մազ է բուսել, ուրեմն հիւանդութիւնն անցել է, հիւանդը մաքուր է: Քահանան թող մաքուր համարի նրան:
38 Եթէ տղամարդու կամ կնոջ մարմնի մաշկի վրայ որեւէ փայլուն, լուսնասպիտակ պսպղուն ախտանշան լինի, 39 եւ քահանան զննելով տեսնի, որ մարմնի մաշկի վրայ փայլուն, լուսնասպիտակ պսպղուն ախտանշան կայ, ապա դա մարմնի մաշկի վրայ տարածուած թեփուկ է, ուրեմն այդ մարդը մաքուր է:
40 Եթէ որեւէ մէկի գլխի մազերը թափուեն, նա հերաթափ է լինում, բայց մաքուր է: 41 Իսկ եթէ նրա գլխի առջեւի մասի մազերը թափուեն, ուրեմն նա ճաղատ է, բայց մաքուր է: 42 Եթէ նրա հերաթափ կամ ճաղատ գլխի վրայ սպիտակ կամ կարմրաւուն վէրք լինի, ապա նրա հերաթափութեան կամ ճաղատութեան տակ բորոտութիւն է թաքնուած: 43 Երբ քահանան զննի այն եւ տեսնի, որ հիւանդի ճաղատութեան վէրքը մարմնի մաշկի բորոտութեան նման սպիտակ է կամ կարմրաւուն, ուրեմն մարդը բորոտ է: Նա անմաքուր է: Քահանան խիստ անմաքուր պէտք է համարի նրան, քանի որ ախտը հէնց նրա գլխի վրայ է:
44 169 Ով բորոտ է, 45 նա պէտք է պատռուած զգեստներ կրի, գլուխը բաց լինի, բերանը՝ ծածկուած, եւ նա անմաքուր պէտք է համարուի170: 46 Քանի դեռ հիւանդութիւնը նրա վրայ է, նա անմաքուր պէտք է համարուի: Նա անմաքուր է: Նա պէտք է մեկուսացած մնայ, նրա բնակավայրը բանակատեղիից դուրս պէտք է լինի»:
ՕՐԷՆՔՆԵՐ ԲՈՐՈՏՈՒԹԻՒՆԻՑ ԱԽՏԱՒՈՐՈՒԱԾ ԶԳԵՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
47 «Եթէ զգեստի վրայ բորոտութեան ախտանշան կայ, լինի այն բրդէ կամ կտաւէ զգեստ, 48 լինի երկար գործուածք, թէ թեւքով, լինի կտաւից թէ բրդից գործուած, անմշակ կամ մշակուած կաշուից կարուած, 49 եթէ այդ ախտանշանը կանաչաւուն կամ կարմրաւուն լինի անմշակ կաշուէ զգեստի, երկար գործուածքի կամ թեւքով զգեստի, ամէն տեսակի աշխատուած կաշուի կամ իրի վրայ, ուրեմն դա բորոտութեան ախտանշան է: Այդ զգեստը պէտք է ցոյց տրուի քահանային: 50 Քահանան պէտք է զննի ախտանշանը եւ ախտաւորուած զգեստը եօթն օր պէտք է մեկուսացնի: 51 Քահանան եօթներորդ օրը պէտք է զննի ախտահարուած զգեստը: Եթէ ախտանշանը տարածուել է զգեստի, երկար, թեւքով, կտաւէ, բրդէ կամ անմշակ ու մշակուած կաշուից պատրաստուած զգեստների, ամէն տեսակ առարկաների վրայ, ուրեմն դա իսկական բորոտութիւն է171: Դա անմաքուր է: 52 Քահանան պէտք է վառի ախտահարուած այդ զգեստները, դրանք լինեն երկար թէ թեւքով, բրդից թէ կտաւից պատրաստուած զգեստներ կամ ամէն տեսակ կաշուէ առարկաներ: Քանի որ դա իսկական բորոտութիւն է, ուրեմն կրակով պէտք է այրուի: 53 Եթէ քահանան տեսնի, որ վարակը չի տարածուած զգեստի վրայ, դա լինի երկար թէ թեւքով, լինի բրդից կամ կտաւից պատրաստուած զգեստ կամ ամէն տեսակ կաշուէ առարկայ, 54 թող նա հրամայի, որ լուանան ախտակիր զգեստը: Այնուհետեւ քահանան ախտակիր զգեստը թող մեկուսացնի եւս եօթը օր: 55 Քահանան թող զննի լուացուած ախտակիր զգեստը: Եթէ ախտանշանի տեսքը չի փոխուել, ուրեմն այն անմաքուր է, նոյնիսկ եթէ ախտը չի տարածուել: Թող այն կրակով այրուի, քանզի ախտը բուն է դրել զգեստի՝ երկար կամ թեւքով հագուստի մէջ: 56 Իսկ եթէ քահանան տեսնի, որ ախտահարուածը լուացուելուց յետոյ մուգ գոյն է ստացել, ապա այդ մասը թող կտրի-անջատի զգեստից, կաշուէ առարկայից, երկար կամ թեւքով հագուստից: 57 Եթէ ախտանշանը նորից երեւայ երկար կամ թեւքով զգեստի, ամէն տեսակ կաշուէ առարկայի վրայ, ուրեմն դա սաստկացող բորոտութեան նշան է. ախտով վարակուածը կրակով թող այրուի, դա լինի երկար կամ թեւքով զգեստ, 58 կաշուից պատրաստուած ամէն տեսակ առարկայ: Եթէ լուացուելուց յետոյ ախտանշանը դուրս գայ դրանից, թող մի անգամ եւս լուացուի, ապա մաքուր համարուի»: 59 Ահա այս թող լինի բրդէ, կտաւէ հագուստի, երկար կամ թեւքով զգեստի կամ ամէն տեսակ կաշուէ առարկայի բորոտութեան մասին օրէնքը, որով այս կամ այն առարկան մաքուր կամ անմաքուր են համարում:
14
ԲՈՐՈՏՈՒԹԻՒՆԻՑ ՄԱՔՐՈՒԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 2 «Այս թող լինի մաքրուելուց յետոյ բորոտի հետ վարուելու կարգը: Նրան թող բերեն քահանայի մօտ: 3 Քահանան թող դուրս գայ բանակատեղիից, զննի նրան եւ համոզուելով, որ բորոտութեան ախտանշանը նրա վրայից վերացել է, 4 թող հրաման տայ, որ ապաքինուածի համար բերեն երկու կենդանի մաքուր թռչուն, եղեւնու փայտ, կարմիր մանուածք172 եւ ծոթրին: 5 Քահանայի հրամանով թռչուններից մէկը թող մորթեն խեցէ անօթի մէջ, ակնաղբիւրի հոսող ջրի վրայ: 6 Ապա քահանան թող վերցնի կենդանի մնացած թռչունը, եղեւնու փայտը, կարմիր մանուածքն ու ծոթրինը եւ դրանք, ինչպէս նաեւ կենդանի մնացած թռչունը, թող թաթախի ակնաղբիւրի հոսող ջրի վրայ մորթուած թռչունի արեան մէջ: 7 Նա բորոտութիւնից ապաքինուածի վրայ դրանից եօթն անգամ թող ցանի եւ մաքրի նրան, իսկ կենդանի մնացած թռչունը թող բաց թողնի դէպի դաշտ: 8 Մաքրուածը թող լուանայ իր զգեստները, ածիլի իր մարմնի բոլոր մազերը, լուացուի ջրով եւ դրանից յետոյ թող մաքուր համարուի: Ապա նա թող մտնի բանակատեղի, բայց իր վրանից դուրս ապրի եօթը օր: 9 Եօթներորդ օրը նա թող ածիլի իր մարմնի բոլոր մազերը. ե՛ւ գլուխը, ե՛ւ մօրուքը, ե՛ւ յօնքերը. այո՛, պէտք է ածիլի մարմնի բոլոր մազերը: Թող ջրով լուանայ իր զգեստները, մարմինը, որից յետոյ նա մաքուր թող համարուի:
10 Ութերորդ օրը նա թող առնի մէկ տարեկան ոչ արատաւոր երկու գառ, մէկ տարեկան ոչ արատաւոր մի էգ գառ, իւղով հունցուած երեք տասներորդական գրիւ173 ընտիր ալիւր անարիւն զոհաբերութեան համար եւ մէկ բաժակ իւղ: 11 Մաքրող քահանան մաքրուող մարդուն եւ զոհաբերութեան ընծաները թող բերի վկայութեան խորանի առաջ: 12 Քահանան թող վերցնի մի գառը, այն թող զոհաբերի մեղքերի քաւութեան համար, վերցնի նաեւ մէկ բաժակ իւղը եւ այն որպէս ընծայ մատուցի Տիրոջ առաջ: 13 Միւս գառը թող մորթի այն վայրում, ուր մորթում են ողջակէզն ու մեղքերի քաւութեան զոհը, այսինքն՝ սուրբ վայրում: Մեղքերի քաւութեան համար արուած զոհը, ինչպէս եւ յանցանքի քաւութեան համար արուած զոհը, պատկանում է քահանային, եւ դա սրբութիւնների սրբութիւն է: 14 Քահանան թող վերցնի յանցանքների քաւութեան համար արուած զոհի արիւնից եւ քսի մաքրուողի աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի բթամատին եւ նրա աջ ոտքի բթամատին: 15 Քահանան վերցնելով բաժակի միջի իւղից՝ այն թող լցնի իր ձախ ձեռքի ափի մէջ: 16 Քահանան իր ձախ ձեռքի ափի իւղի մէջ թող թաթախի աջ ձեռքի մատը եւ այդ մատով եօթն անգամ ցանի Տիրոջ առաջ: 17 Իր ձախ ձեռքի ափի մնացած իւղը քահանան թող քսի մաքրուածի աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի բթամատին եւ նրա աջ ոտքի բթամատին՝ այն տեղերը, որտեղ քսւում է յանցանքների համար զոհաբերուածի արիւնը: 18 Քահանան իր ձեռքի ափի մէջ մնացած իւղը թող քսի մաքրուողի գլխին: 19 Քահանան նրան թող քաւութիւն տայ Տիրոջ առաջ: Քահանան մեղքերի քաւութեան զոհաբերութիւնը կատարելով՝ մաքրուողին քաւութիւն է տուած լինում իր մեղքերից: Դրանից յետոյ քահանան թող մորթի ողջակէզը եւ ողջակիզուածն ու զոհաբերուածը դնի զոհասեղանին, Տիրոջ առաջ: 20 Քահանան թող այդպէ՛ս քաւութիւն տայ մաքրուողի մեղքերին, եւ այդ մարդը թող մաքրուի:
21 Եթէ նա աղքատ է եւ չունի այդ կարողութիւնը, իր կատարած յանցանքի քաւութեան համար թող զոհաբերի մէկ գառ, իւղով հունցուած մէկ տասներորդական գրիւ ընտիր ալիւր, մէկ բաժակ իւղ 22 եւ երկու տատրակ կամ աղաւնու երկու ձագ՝ այն, ինչ կարող է: Մէկը պիտի մատուցուի մեղքերի քաւութեան համար, իսկ միւսը՝ որպէս ողջակէզ: 23 Այս բոլորը նա ութերորդ օրը թող տանի քահանայի մօտ, որ նրան մաքրեն Տիրոջ առաջ, վկայութեան խորանի դռան մօտ: 24 Քահանան, վերցնելով յանցանքի քաւութեան համար զոհաբերուելիք գառն ու իւղի բաժակը, թող մատուցի Տիրոջ առաջ»: 25 Քահանան թող մորթի յանցանքի քաւութեան գառը, ապա, վերցնելով յանցանքի քաւութեան համար զոհաբերուածի արիւնից, թող քսի մաքրուողի աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի բթամատին ու նրա աջ ոտքի բթամատին: 26 Քահանան այդ իւղից թող լցնի իր ձախ ձեռքի ափի մէջ, 27 եւ աջ ձեռքի մատով ձախ ձեռքի ափի մէջ եղած իւղից եօթն անգամ թող ցանի Տիրոջ առաջ: 28 Քահանան իր ձեռքում եղած իւղից թող քսի մաքրուողի աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի բթամատին եւ նրա աջ ոտքի բթամատին՝ այն տեղերը, որտեղ քսւում է յանցանքների համար զոհաբերուածի արիւնը: 29 Իր ձեռքի ափի մէջ մնացած իւղը քահանան թող քսի մաքրուողի գլխին եւ քաւութիւն տայ նրան Տիրոջ առաջ: 30 Իր կարողութեան չափով տատրակներից կամ աղաւնիների ձագերից մէկը 31 թող զոհ մատուցի մեղքերի քաւութեան համար, իսկ միւսը անարիւն զոհաբերութեան հետ ողջակէզ անի Տիրոջ առաջ: Քահանան թող այսպէ՛ս քաւութիւն տայ մաքրուողին Տիրոջ առաջ: 32 Այս է չափաւոր կարողութեան տէր բորոտի մաքրուելու կարգը»:
ԲՈՐՈՏՈՒԹԻՒՆ ՏՆԵՐԻ ՄԷՋ
33 Տէրը խօսեց Մովսէսի եւ Ահարոնի հետ ու ասաց. 34 «Երբ դուք մտնէք Քանանացիների երկիրը, որը ես ձեզ իբրեւ սեփականութիւն եմ տալու, եւ ձեր սեփականութիւնը հանդիսացող այդ երկրի տներում բորոտութեան վարակ տարածեմ, 35 այն ժամանակ տանտէրը թող գայ եւ քահանային պատմի ու ասի, թէ՝ “Ինչ-որ ախտանշան երեւաց իմ տանը”: 36 Քահանայի հրամանով տունը կը դատարկեն, մինչ քահանան այդ տունը կը մտնի զննելու համար, որպէսզի տան մէջ գտնուող ոչ մի բան անմաքուր չլինի: Դրանից յետոյ քահանան թող մտնի տունն ստուգելու: 37 Քահանան տան պատերին կը տեսնի ախտանշանը՝ տեղ-տեղ խորն ընկած կանաչաւուն կամ կարմրաւուն բծեր, որոնց մակերեսն աւելի խորն է, քան պատինը: 38 Քահանան, ելնելով տան դռնից դուրս, թող կարգադրի, որ տունը եօթն օր փակի տակ պահուի: 39 Քահանան եօթներորդ օրը նորից թող գայ եւ զննի տունը: Եթէ տեսնի, որ ախտանշանները տարածուած են տան պատերին, 40 հրաման թող տայ, որ քանդեն-հանեն այն քարերը, որոնց վրայ ախտանշան կայ: Թող այդ քարերը հանեն քաղաքից դուրս, մի անմաքուր տեղ: 41 Թող ամբողջութեամբ քերեն տան ներսը եւ քերուածը հանեն քաղաքից դուրս, մի անմաքուր տեղ: 42 Այնուհետեւ թող առնեն յղկուած այլ քարեր, դրանք տեղադրեն հանուած քարերի տեղում, ուրիշ հող բերեն ու ծեփեն տունը: 43 Եթէ քարերը տեղահանելուց, պատերը քերելուց եւ նորից ծեփելուց յետոյ տան մէջ վերստին երեւայ ախտանշանը, 44 ապա քահանան նորից թող մտնի ու զննի. եթէ ախտանշանը տարածուած է տան մէջ, ուրեմն տան մէջ իսկական բորոտութիւն կայ. այդ տունը անմաքուր է: 45 Պէտք է քանդել տունը եւ նրա փայտերը, նրա քարերն ու տան ամբողջ հողը պէտք է հանել քաղաքից դուրս, մի անմաքուր տեղ: 46 Փակի տակ պահուած բոլոր օրերին ով որ մտնի այդ տունը, մինչեւ երեկոյ թող անմաքուր համարուի: 47 Ով որ քնի այդ տան մէջ, պէտք է լուանայ իր զգեստները: Նա անմաքուր պէտք է համարուի մինչեւ երեկոյ: Ով որ ուտի այդ տան մէջ, պէտք է լուանայ իր զգեստները: Նա անմաքուր պէտք է համարուի մինչեւ երեկոյ: 48 Եթէ քահանան գայ մտնի, զննի ու տեսնի, որ այդ տունը ծեփուելուց յետոյ ախտանշանը չի տարածուել տան մէջ, թող այն մաքուր յայտարարի, քանի որ ախտը բուժուած է: 49 Տունը մաքրելու համար քահանան թող առնի երկու կենդանի մաքուր թռչուն, եղեւնու փայտ, կարմիր մանուածք եւ ծոթրին: 50 Քահանան թռչուններից մէկը թող մորթի խեցէ անօթի մէջ, ակնաղբիւրի հոսող ջրի վրայ: 51 Ապա քահանան թող վերցնի եղեւնու փայտը, կարմիր մանուածքը, ծոթրինն ու կենդանի մնացած թռչունը եւ դրանք թող թաթախի ակնաղբիւրի հոսող ջրի վրայ մորթած թռչունի արեան մէջ: Նա այդ տան վրայ եօթն անգամ թող ցանի այն: 52 Տունը թող մաքրի թռչունի արեամբ, աղբիւրի ջրով, կենդանի մնացած թռչունով, եղեւնու փայտով, ծոթրինով եւ կարմիր մանուածքով, 53 իսկ կենդանի մնացած թռչունը բաց թողնի քաղաքից դուրս, դէպի դաշտ: Երբ քահանան այդ տան համար քաւութեան զոհաբերութիւն կատարի, եւ տունը մաքրուի, այդ տունը մաքուր կը լինի: 54 Ահա ա՛յս թող լինի բորոտութեան ու գոնջութեան բոլոր ախտանշանների համար կիրառուող կարգը, 55 նաեւ զգեստի ու տան բորոտութեան, 56 սպիի, ուռուցքի ու բշտիկի, 57 թէ ո՛ր օրը մարդն անմաքուր է եւ ո՛ր օրը՝ մաքուր: Այս է բորոտութեան վերաբերեալ կարգը:
15
ՏՂԱՄԱՐԴՈՒ ՍԵՌԱԿԱՆ ԱՆՄԱՔՐՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ
1 Տէրը խօսեց Մովսէսի ու Ահարոնի հետ եւ ասաց. 2 «Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ ու ասա՛ նրանց. “Եթէ որեւէ այր մարդու մարմնից սերմի ծորում174 լինի, նրա այդ ծորումը անմաքուր է: 3 Մարմնից սերմ ծորող եւ սերմի ծորումից մարմինը հիւծուող մարդու մաքրուելու կարգը այս է. իր մարմնից ծորում լինելու եւ ծորումից մարմինը հիւծուելու բոլոր օրերը անմաքրութեան շրջան թող համարուեն իր համար: Դա մարմնի անմաքրութիւն է: 4 Ամէն անկողին, որի մէջ սերմի ծորում ունեցողն է քնում, անմաքուր թող համարուի. այն ամէնը, որի վրայ նա կը նստի, թող անմաքուր համարուի: 5 Ով որ դիպչի նրա անկողնին, պէտք է լուանայ իր զգեստները, իսկ ինքը լուացուի ջրով: Նա անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ: 6 Ով որ նստի սերմի ծորում ունեցողի նստած առարկայի վրայ, պէտք է լուանայ իր զգեստները, իսկ ինքը լուացուի ջրով: Նա անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ: 7 Ով որ դիպչի սերմի ծորում ունեցողի մարմնին, նա պէտք է լուանայ իր զգեստները, իսկ ինքը լուացուի ջրով: Նա անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ: 8 Եթէ սերմի ծորում ունեցողի թուքը դիպչի մաքուր մարդու, սա պէտք է լուանայ իր զգեստները, իսկ ինքը լուացուի ջրով: Նա անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ: 9 Էշի թամբը, որի վրայ նստած է եղել սերմի ծորում ունեցողը, անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ: 10 Ով որ դիպչի սերմի ծորում ունեցողի տակ գտնուող որեւէ իրի, անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ175: 11 Եթէ սերմի ծորում ունեցողը առանց ձեռքերը լուանալու դիպչի որեւէ մէկին, սա պէտք է լուանայ իր զգեստները, իր մարմինը լուայ ջրով: Նա անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ: 12 Խեցէ որեւէ անօթ, որին կը դիպչի սերմի ծորում ունեցողը, պէտք է ջարդուի, իսկ փայտէ բոլոր ամանները պէտք է լուացուեն ջրով, որպէսզի մաքուր լինեն:
13 Երբ սերմի ծորում ունեցողի ծորումը դադարի, նա պէտք է եօթն օր յատկացնի իր մաքրութեան համար. լուանայ իր զգեստները, մարմինը լուայ հոսող ջրով, որից յետոյ մաքուր կը համարուի: 14 Ութերորդ օրը պէտք է առնի երկու տատրակ կամ աղաւնու երկու ձագ, բերի Տիրոջ առաջ, վկայութեան խորան եւ տայ քահանային: 15 Քահանան դրանցից մէկը պէտք է զոհի մեղքերի քաւութեան համար, իսկ միւսը զոհի իբրեւ ողջակէզ: Քահանան այդ ձեւով Տիրոջ առաջ պէտք է քաւութիւն տայ նրան իր ծորումի համար:
16 Եթէ որեւէ տղամարդ սերմնահոսութիւն ունենայ, նա իր ամբողջ մարմինը պէտք է լուայ ջրով: Նա անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ: 17 Ամէն հագուստ կամ մորթեղէն, որին կը դիպչի տղամարդու սերմը, պէտք է լուացուի ջրով: Դա անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ: 18 Երբ մի կին ընդունի տղամարդու սերմը, երկուսն էլ պէտք է լուացուեն ջրով: Նրանք անմաքուր են համարւում մինչեւ երեկոյ:
ԿՆՈՋ ՍԵՌԱԿԱՆ ԱՆՄԱՔՐՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ
19 Այն կինը, որից արիւն է հոսում, եւ այդ արեան հոսումն իր մարմնից է, նա եօթն օր կը լինի իր դաշտանի մէջ: 20 Ով որ դիպչի նրան, անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ: 21 Ինչի վրայ որ պառկի այդ կինն իր դաշտանի ընթացքում, եւ ինչի վրայ էլ նստի նա, անմաքուր է համարւում: 22 Ով որ դիպչի նրա անկողնին, պէտք է լուանայ իր զգեստները, իր մարմինը լուայ ջրով: Նա անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ: 23 Ով որ դիպչի մի առարկայի, որի վրայ այդ կինը նստել է, պէտք է լուանայ իր զգեստները, լուացուի ջրով: Նա անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ: 24 Եթէ որեւէ մէկը դիպչի այն անկողնին, որի վրայ պառկել է այդ կինը, կամ այն առարկային, որի վրայ նստել է նա, անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ: Եթէ որեւէ մէկը պառկի նրա հետ, երբ նրա անմաքրութիւնը դեռ իր մէջ է, եօթը օր թող անմաքուր համարուի: Մինչեւ երեկոյ թող անմաքուր համարուի նաեւ այն անկողինը, որի վրայ այդ մարդը կը քնի:
25 Եթէ մի կնոջ դաշտանն անկանոն է, եւ արիւնը սահմանուած ժամանակից աւելի երկար է հոսում, նրա այդ բոլոր օրերը թող համարուեն որպէս դաշտանի օրեր: Այդ բոլոր օրերի ընթացքում նա թող անմաքուր համարուի: 26 Այն անկողինը, որի մէջ նա կը պառկի իր արիւնահոսութեան օրերին, կանոնաւոր դաշտանի օրերում իր պառկած անկողնի նման անմաքուր թող համարուի: Ամէն առարկայ, որի վրայ նա կը նստի այս շրջանում, թող անմաքուր համարուի, ինչպէս որ անմաքուր էր համարւում իր կանոնաւոր դաշտանի օրերին: 27 Ով որ դիպչի նրան, թող անմաքուր համարուի: Նա պէտք է լուանայ իր զգեստները եւ իր մարմինը լուայ ջրով: Նա անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ: 28 Երբ դադարի կնոջ արիւնահոսութիւնը, նա պէտք է հաշուի եօթը օր, ապա մաքուր կը համարուի: 29 Ութերորդ օրը պէտք է առնի երկու տատրակ կամ աղաւնու երկու ձագ, բերի քահանայի մօտ, վկայութեան խորանի դուռը: 30 Քահանան դրանցից մէկը պէտք է զոհի մեղքերի քաւութեան համար, իսկ միւսը՝ իբրեւ ողջակէզ: Քահանան այդ ձեւով Տիրոջ առաջ պէտք է քաւութիւն տայ նրան իր արիւնահոսութեան համար, որ նրան անմաքուր էր դարձրել”»:
31 Իսրայէլի որդիներին խստօրէն զգուշացրէ՛ք իրենց անմաքրութիւններից, որպէսզի իրենց մէջ գտնուող իմ խորանը չպղծեն ու իրենց այդ անմաքրութեան պատճառով չմեռնեն: 32 Այս է կարգը սերմի ծորում ունեցողի, 33 երազախաբութեան պատճառով անմաքուր դարձածի, արիւնահոսութիւն ունեցող կնոջ, ծորում ունեցողի, տղամարդ լինի թէ կին, ինչպէս նաեւ դաշտանի մէջ եղող կնոջ հետ պառկող տղամարդու մասին:
16
ՄԵՂՔԵՐԻ ՔԱՒՈՒԹԵԱՆ ՄԵԾ ՕՐԸ
1 Տիրոջը օտար կրակ մատուցելիս176 Ահարոնի որդիների մեռնելուց յետոյ Տէրը խօսեց Մովսէսի հետ: 2 Տէրն ասաց Մովսէսին. «Քո եղբայր Ահարոնին ասա՛. “Թող ամէն վայրկեան վկայութեան տապանակի առաջ գտնուող վարագոյրից ներս անցնելով՝ սրբարան չմտնեն, որպէսզի չմեռնեն. ես տապանակի վրայ երեւալու եմ ամպի մէջ: 3 Եւ ապա Ահարոնը կը մտնի սրբարան մեղքերի քաւութեան համար նախրի մի զուարակով եւ ողջակէզի համար մի խոյով: 4 Նա սրբագործուած կտաւէ պատմուճանը թող հագնի, մարմնի վրայ՝ կտաւէ անդրավարտիքը, մէջքին կապի կտաւէ գօտին, գլխին դնի կտաւէ խոյրը, որովհետեւ դրանք սրբագործուած հանդերձանք են: Իր ամբողջ մարմինը թող լուայ ջրով եւ թող հագնի դրանք:
5 Իսրայէլացիների հօտերի միջից նա մեղքերի քաւութեան համար երկու նոխազ թող առնի եւ մէկ խոյ էլ՝ ողջակէզի համար: 6 Ահարոնը մեղքերի քաւութեան համար պիտի զոհաբերի զուարակը եւ դրանով պիտի քաւի իր ու իր ընտանիքի մեղքերը: 7 Նա թող վերցնի երկու նոխազները, դրանք կանգնեցնի Տիրոջ առաջ՝ վկայութեան խորանի դռան մօտ: 8 Ահարոնը երկու նոխազների համար թող վիճակ գցի. մի վիճակը՝ Տիրոջը զոհաբերուելիք նոխազի համար, իսկ միւսը՝ ազատ արձակուելիք նոխազի համար: 9 Ահարոնը թող մօտեցնի իրեն այն նոխազը, որի վրայ արձակուելու վիճակ էր ընկել177, 10 թող այն կենդանի կանգնեցնի Տիրոջ առաջ եւ այն արձակելով ու բաց թողնելով դէպի անապատ՝ նրան քաւութիւն թող անի: Եւ թող նոխազն իր վրայ վերցնի նրանց անօրէնութիւնները178: 11 Ապա Ահարոնը թող առնի զուարակը իր մեղքերի քաւութեան համար եւ թող քաւութիւն տայ իր եւ իր ընտանիքի մեղքերին: Նա իր մեղքերի քաւութեան համար թող մորթի զուարակը: 12 Նա Տիրոջ առաջ գտնուող զոհասեղանի վրայից թող առնի վառուած ածուխներով լի բուրվառը, իր բուռը լցնի մանր աղացած խունկ եւ տանի վարագոյրից ներս: 13 Նա խունկը թող դնի կրակի վրայ, Տիրոջ առաջ. խնկի ծուխը կը ծածկի վկայութիւնների տապանակի վրայ գտնուող կափարիչը: Եւ դուք չէք մեռնի: 14 Նա թող առնի զուարակի արիւնից եւ իր մատով ցանի քաւութեան արեւելեան կողմից, իսկ քաւութեան դէմ յանդիման այդ արիւնից իր մատով թող ցանի եօթն անգամ:
15 Տիրոջ առաջ նա թող մորթի ժողովրդի մեղքերի քաւութեան նոխազը եւ դրա արիւնից թող տանի վարագոյրից ներս: Նա այդ արեան հետ թող վարուի այնպէս, ինչպէս վարուեց զուարակի արեան հետ. նա դրա արիւնը թող ցանի զոհասեղանի վրայ, քաւութեան դէմ յանդիման: 16 Նա այդ կերպ սրբարանը թող մաքրի իսրայէլացիների պղծութիւններից՝ նրանց կատարած անիրաւութիւններից ու գործած բոլոր մեղքերից: Նոյն կերպ թող վարուի իրենց աղտեղութեամբ պղծուած վկայութեան խորանի հետ: 17 Երբ Ահարոնը վկայութեան խորան մտնի եւ քաւութիւն անի, ոչ ոք վկայութեան խորանում չպէտք է լինի, մինչեւ որ նա դուրս գայ: Նա քաւութիւն թող անի իր, իր ընտանիքի եւ Իսրայէլի ամբողջ ժողովրդի համար: 18 Այնուհետեւ նա թող դուրս գայ եւ գնայ դէպի Տիրոջ առաջ գտնուող զոհասեղանը եւ քաւութեան ծէս կատարի դրա վրայ: Նա թող առնի զուարակի արիւնից ու նոխազի արիւնից եւ շուրջանակի թող քսի զոհասեղանի եղջիւրաւոր անկիւններին: 19 Նա այդ արիւնից իր մատով եօթն անգամ թող ցանի դրա վրայ եւ Իսրայէլի որդիների պղծութիւնից թող մաքրի այն ու սրբացնի:
ՔԱՒՈՒԹԵԱՆ ՆՈԽԱԶԸ
20 Նա այսպիսով թող աւարտի վկայութեան խորանի ու զոհասեղանի սրբագործութիւնը: Նա թող սրբագործի նաեւ քահանաներին: Նա թող մօտ բերի կենդանի նոխազը: 21 Ահարոնն իր ձեռքերը թող դնի կենդանի նոխազի գլխին, խոստովանի Իսրայէլի որդիների գործած բոլոր անօրէնութիւնները, նրանց բոլոր յանցանքներն ու բոլոր մեղքերը: Նա դրանք թող թափի կենդանի նոխազի գլխին եւ յարմար մի մարդու միջոցով այն ազատ արձակի դէպի անապատ: 22 Այս նոխազն իր վրայ պիտի վերցնի իսրայէլացիների գործած բոլոր մեղքերը անմարդաբնակ մի վայրում: Ահարոնն այդ նոխազը պիտի արձակի դէպի անապատ:
23 Ահարոնն այնուհետեւ պիտի մտնի վկայութեան խորանը, պիտի հանի կտաւէ պատմուճանը, որը հագել էր սրբարան մտնելու ժամանակ, եւ այն պիտի թողնի այնտեղ: 24 Նա սրբարանում իր մարմինը պիտի լուայ ջրով, հագնի իր պատմուճանը եւ, դուրս գալով, զոհաբերի իր ողջակէզն ու ժողովրդի ողջակէզը, որով նա քաւած պիտի լինի իր, իր ընտանիքի եւ ժողովրդի, ինչպէս նաեւ քահանաների գործած մեղքերը: 25 Մեղքերի քաւութեան համար զոհաբերուող կենդանիների ճարպը թող դնեն179 զոհասեղանի վրայ:
26 Մեղքերի քաւութեան համար նոխազն ազատ արձակողը թող լուանայ իր զգեստները, իր մարմինը լուայ ջրով եւ ապա մտնի բանակատեղի:
27 Մեղքերի քաւութեան համար զոհաբերուած զուարակն ու նոխազը, որոնց արիւնը քաւութիւն անելու համար բերուած էր սրբարան, պէտք է հանեն բանակատեղիից դուրս եւ ամբողջութեամբ՝ մորթով, մսով ու կղկղանքով այրեն: 28 Դրանք այրողն այնուհետեւ պէտք է լուանայ իր զգեստները, իր մարմինը լուայ ջրով եւ ապա մտնի բանակատեղի:
ՔԱՒՈՒԹԵԱՆ ՕՐՈՒԱՅ ՄԱՍԻՆ
29 Սա ձեզ համար յաւիտենական օրէնք թող լինի. Եօթներորդ ամսուայ տասներորդ օրը զրկանքի պիտի ենթարկէք ձեր մարմինը, այդ օրը ոչ մի գործ չպէտք է անէք: Դա վերաբերում է ե՛ւ տեղաբնակ իսրայէլացուն, ե՛ւ դրսից եկած ու ձեր մէջ բնակութիւն հաստատած պանդխտին: 30 Այդ օրը ձեզ համար մեղքերի քաւութեան օր պիտի լինի, որպէսզի Տիրոջ առաջ մաքրուէք ձեր գործած բոլոր մեղքերից. արդարեւ պիտի մաքրուէք, 31 որովհետեւ դա շաբաթների Շաբաթ է: Սա ձեզ համար պիտի լինի հանգստեան օր, եւ դուք զրկանքի պիտի ենթարկէք ձեր մարմինները: Դա յաւիտենական օրէնք է: 32 Մեղքերի քաւութիւն կարող է տալ այն քահանան, որին օծել են եւ որին իր հօրից յետոյ քահանայագործելու կարո՛ղ կը համարեն: Նա կը հագնի կտաւէ պատմուճանը՝ սուրբ պատմուճանը, 33 կը սրբագործի սրբութիւնների սրբութիւնը, վկայութեան խորանն ու զոհասեղանը, քաւութիւն կը տայ քահանաներին եւ ամբողջ իսրայէլացի ժողովրդին: 34 Իսրայէլի որդիների գործած բոլոր մեղքերի քաւութեան համար սա յաւիտենական օրէնք թող լինի ձեզ”»: Այդ արարողութիւնը տարին մէկ անգամ թող կատարուի, ինչպէս Տէրը հրամայեց Մովսէսին:
17
ԿԱՆՈՆՆԵՐ ԱՐԵԱՆ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ
1 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 2 «Խօսի՛ր Ահարոնի, նրա որդիների ու բոլոր իսրայէլացիների հետ եւ ասա՛ նրանց. “Տէրը այս բանը պատուիրեց ձեզ ու ասաց. 3 Իսրայէլացիներից180 որեւէ մէկը, եթէ բանակատեղիում արջառ, ոչխար կամ այծ կը մորթի եւ փրկութեան ողջակէզ անելու համար վկայութեան խորանի դուռը չի բերի այն իբրեւ Տիրոջն ընծայաբերուող անուշահոտ զոհ, նաեւ նա, որ դրսում կը մորթի 4 եւ Տիրոջ վկայութեան խորանի դիմաց Տիրոջը զոհ մատուցելու համար վկայութեան խորանի դուռը չի բերի, ապա այդ մարդը արիւնապարտ պիտի համարուի: Նա պիտի սպանուի իր ժողովրդի կողմից որպէս արիւն թափող մարդ: 5 Եւ այս նրա համար, որ Իսրայէլի որդիները իրենց զոհելիք անասունները դաշտում մորթելու փոխարէն բերեն Տիրոջ առաջ, վկայութեան խորանի դուռը, քահանայի մօտ, եւ դրանք մորթեն այստեղ որպէս Տիրոջը մատուցուելիք փրկութեան զոհ: 6 Քահանան արիւնը թող թափի զոհասեղանի շուրջը, Տիրոջ դիմաց, վկայութեան խորանի դռանը, ճարպը թող այրի իբրեւ Տիրոջն ընծայաբերուող անուշահոտ զոհ: 7 Նրանք այլեւս իրենց զոհերը թող չզոհաբերեն կուռքերին, որոնց հաւատալով մարդիկ պոռնկանում էին: Դա ձեզ ու ձեր սերունդների համար յաւիտենական օրէնք թող լինի”: 8 Նրանց կ՚ասես. “Իսրայէլի որդիներից կամ դրսից եկած ու ձեր մէջ բնակութիւն հաստատածներից որեւէ մէկը եթէ ողջակէզ կամ զոհ է մատուցում 9 եւ դա Տիրոջը զոհելու համար վկայութեան խորանի դուռը չի բերում, այդ մարդը թող վերացուի իր ժողովրդի կողմից:
10 Եթէ Իսրայէլի որդիներից կամ դրսից եկած ու ձեր մէջ բնակութիւն հաստատածներից մէկը որեւէ կենդանու արիւն ուտի, ես իմ զայրացած հայեացքը կ՚ուղղեմ արիւն ուտող այդ մարդու վրայ եւ նրան կը վերացնեմ իր ժողովրդի միջից, 11 որովհետեւ ամէն մի մարմնի շունչը իր արիւնն է: Այդ արիւնը ես եմ տուել ձեզ՝ զոհասեղանի վրայ քաւելու համար ձեր մեղքերը, որպէսզի նրա՛ արիւնով քաւուեն ձեր մեղքերը: 12 Դրա համար էլ Իսրայէլի որդիներին ասել եմ. “Ձեզնից ոչ ոք արիւն թող չուտի: Արիւն թող չուտի նաեւ դրսից եկած ու ձեր մէջ բնակութիւն հաստատած մարդը”: 13 Իսրայէլի որդիներից կամ դրսից եկած ու ձեր մէջ բնակութիւն հաստատած մէկը եթէ որեւէ երէ կամ ուտելի թռչուն որսայ, պէտք է թափի դրա արիւնն ու այն ծածկի հողով, 14 որովհետեւ ամէն մի մարմնի շունչը իր արիւնն է: Ես Իսրայէլի որդիներին ասել եմ. “Ոչ մի մարմնի արիւն չուտէք”, որովհետեւ ամէն մի մարմնի շունչը իր արիւնն է: Ով որ ուտի դա, կը վերանայ:
15 Ով մեռելոտի կամ գազանից յօշոտուած կենդանու միս ուտի, լինի նա տեղաբնակ թէ եկուոր, պէտք է լուանայ իր զգեստները, լուայ իր մարմինը: Նա անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ: Միայն դրանից յետոյ նա մաքուր կը համարուի: 16 Իսկ եթէ նա իր զգեստները չլուանայ եւ իր մարմինը չլուայ ջրով, ապա իր կատարած անօրէնութիւնների համար պատասխանատու կը լինի”»:
18
ԱՊՕՐԻՆԻ ԱՄՈՒՍՆՈՒԹԵԱՆ ԱՐԳԵԼՔ
1 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 2 «Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ ու նրանց ասա՛. “Ես եմ ձեր Տէր Աստուածը: 3 Մի՛ արէք այն, ինչ արեցիք Եգիպտացիների երկրում, որտեղ պանդուխտ էիք: Մի՛ արէք այն, ինչ արեցիք նաեւ Քանանացիների երկրում, ուր ձեզ տանելու եմ, եւ նրանց օրէնքներով մի՛ առաջնորդուէք: 4 Կը կատարէք իմ պատգամները եւ կը պահպանէք իմ հրամանները. դրանցով կ՚առաջնորդուէք: Ես եմ ձեր Տէր Աստուածը: 5 Պիտի պահպանէք իմ բոլոր հրամաններն ու իմ բոլոր պատգամները. պիտի կատարէք դրանք: Դրանք կատարող մարդը միայն պիտի փրկուի դրանցով: Ես եմ ձեր Տէր Աստուածը:
6 Որեւէ մէկն իր արիւնակից հարազատին թող չմօտենայ նրա ամօթոյքը բանալու նպատակով, որովհետեւ ես եմ Տէրը: 7 Քո հօր ամօթոյքը կամ քո մօր ամօթոյքը չբանաս, որովհետեւ նա քո մայրն է: Նրա ամօթոյքը չբանաս: 8 Քո հօր կնոջ ամօթոյքը չբանաս, որովհետեւ դա նաեւ քո հօր181 ամօթոյքն է:
9 Քո հօրից կամ մօրից ծնուած, քո տան մէջ կամ դրսում ծնուած քրոջդ ամօթոյքը չբանաս: 10 Քո որդու աղջկայ ամօթոյքը կամ քո աղջիկ թոռան ամօթոյքը չբանաս, որովհետեւ դա նաեւ քո՛ ամօթոյքն է: 11 Քո հօր կնոջ դստեր ամօթոյքը չբանաս, որովհետեւ նա նոյն հօրից ծնուած քո քոյրն է: Նրա ամօթոյքը չբանաս: 12 Քո հօրաքրոջ ամօթոյքը չբանաս, որովհետեւ նա քո արիւնակից հարազատն է: 13 Քո մօրաքրոջ ամօթոյքը չբանաս, որովհետեւ նա քո մօր արիւնակից հարազատն է: 14 Քո հօրեղբօր ամօթոյքը չբանաս եւ նրա կնոջը չմերձենաս, որովհետեւ նա քո ազգականն է: 15 Քո հարսի ամօթոյքը չբանաս, որովհետեւ նա քո որդու կինն է. նրա ամօթոյքը չբանաս: Նրա որդու աղջկայ կամ աղջիկ թոռան հետ չամուսնանաս, որպէսզի չբանաս նրանց ամօթոյքը, որովհետեւ նրանք քո արիւնակից հարազատներն են: Դա ամբարշտութիւն է: 16 Քո եղբօր կնոջ ամօթոյքը չբանաս, որովհետեւ նրա ամօթոյքը քո եղբօրն է պատկանում: 17 Նրա կնոջ եւ դստեր ամօթոյքը չբանաս: Նրա որդու աղջկայ եւ նրա աղջիկ թոռան հետ չամուսնանաս, որպէսզի չբանաս նրանց ամօթոյքը. նրանք քո արիւնակից հարազատներն են: Դա ամբարշտութիւն է: 18 Քենուդ հետ չամուսնանաս, քանի դեռ կինդ ողջ է, որովհետեւ մէկի ներկայութեամբ միւսի ամօթոյքը բանալով՝ խանդ կ՚առաջացնես:
19 Դաշտանի մէջ գտնուող կնոջ ամօթոյքը բանալով՝ նրա հետ չպառկես:
20 Քո ընկերոջ կնոջ հետ մի՛ պառկիր, որպէսզի նրա հետ չպղծուես:
21 Քո սերնդից ոչ մէկին օտար իշխանի ծառայութեանը չյանձնես182 եւ դրանով իմ անունը չպղծես, քանզի ես եմ Տէրը:
22 Այր մարդու հետ չպառկես, ինչպէս պառկում ես կնոջ հետ, որովհետեւ դա պղծութիւն է: 23 Ոչ մի անասունի հետ չխառնակուես՝ պղծուելով նրա հետ: Կինը որեւէ անասունի առաջ չկանգնի՝ նրա հետ մերձենալու մտադրութեամբ. դա գարշելի է: 24 Այս ամէն տեսակ անմաքուր արարքներով մի՛ պղծուէք, որովհետեւ նման արարքներով պղծուած ժողովուրդներին ես ձեր առջեւից պիտի վանեմ: 25 Նրանց պատճառով երկիրը գարշելի դարձաւ, ես վեր հանեցի նրա անօրէնութիւնները, եւ երկիրը զզուեց իր բնակիչներից: 26 Պահպանեցէ՛ք իմ օրէնքներն ու իմ բոլոր պատգամները: Ո՛չ տեղաբնակը, ո՛չ դրսից եկած ու ձեր մէջ բնակութիւն հաստատած պանդուխտը չպէտք է կատարի այդ բոլոր պղծութիւնները, 27 որովհետեւ այդ բոլոր պղծութիւնները կատարեցին ձեզնից առաջ այստեղ ապրած մարդիկ, եւ երկիրը պղծուեց: 28 Խուսափեցէ՛ք նրանց կատարած պիղծ արարքներից, որպէսզի երկիրը ձեր գործած արարքների համար ձեզնից նողկանք չզգայ, ինչպէս որ նողկանք զգաց ձեզնից առաջ այստեղ ապրած սերունդներից: 29 Ով որ կատարի նման պիղծ արարքներ, նա կը վերանայ իր ժողովրդի միջից: 30 Կատարեցէ՛ք իմ պահանջները, որպէսզի չկատարէք այն բոլոր օրինազանցութիւնները, որ ձեզնից առաջ կատարուել են այստեղ, եւ մի՛ պղծուէք դրանցով, քանզի ես եմ ձեր Տէր Աստուածը”»:
19
ՍՐԲՈՒԹԵԱՆ ԵՒ ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ ՕՐԷՆՔՆԵՐ
1 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 2 «Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ եւ նրանց ասա՛. “Սո՛ւրբ եղէք, քանզի ես՝ ձեր Տէր Աստուածը, սուրբ եմ:
3 Թող իւրաքանչիւրդ ակնածի իր հօրից ու իր մօրից:
Պահեցէ՛ք իմ շաբաթ օրերը, քանզի ես եմ ձեր Տէր Աստուածը:
4 Մի՛ հետեւէք կուռքերին եւ ձեզ համար ձուլածոյ աստուածներ մի՛ կերտէք: Ես եմ ձեր Տէր Աստուածը:
5 Եթէ ձեր փրկութեան համար Տիրոջը զոհ մատուցէք, ընդունելի՛ն մատուցեցէք: 6 Զոհը պէտք է ուտուի զոհամատուցման օրն ու յաջորդ օրը, եւ եթէ որեւէ բան մնայ երրորդ օրուան, այն կրակով պէտք է այրուի: 7 Իսկ եթէ մէկն ուտի երրորդ օրը, այն զոհամատուցում չի լինի եւ ընդունելի չի համարուի: 8 Ով երրորդ օրը ուտի այն, մեղք գործած կը լինի, որովհետեւ Տիրոջ սրբութիւնն է պղծած լինում: Իրենց ժողովրդի միջից թող վերանան նրանք, ովքեր կ՚ուտեն այդ օրը:
9 Դուք՝ ձեր դաշտերի հնձուորներդ, հունձ անելիս ձեր դաշտերը մինչեւ վերջ մի՛ հնձէք եւ հնձի ժամանակ ընկած հասկերը մի՛ հաւաքէք: 10 Ձեր այգում ճռաքաղ մի՛ արէք, եւ ոչ էլ այգեկութից յետոյ ձեր այգում մնացած խաղողի ողկոյզները հաւաքէք: Դրանք թող մնան տնանկին ու պանդխտին: Ես եմ ձեր Տէր Աստուածը:
11 Մի՛ գողացէք, մի՛ ստէք, ոչ մէկն իր ընկերոջը թող չզրպարտի:
12 Իմ անունով սուտ երդում մի՛ տուէք եւ ձեր Տէր Աստծու անունը մի՛ պղծէք: Ես եմ ձեր Տէր Աստուածը:
13 Քո ընկերոջը մի՛ զրկիր իր իրաւունքից եւ նրա ունեցածը մի՛ յափշտակիր:
Վարձկանի վարձը մինչեւ յաջորդ առաւօտ թող քեզ մօտ չմնայ:
14 Համրին183 մի՛ վիրաւորիր, կոյրի ոտքերի առջեւ խոչ ու խութ մի՛ դիր: Երկնչի՛ր քո Տէր Աստծուց, քանզի ես եմ քո Տէր Աստուածը:
15 Դատ դատաստանի ժամանակ անիրաւութիւն մի՛ արա, աղքատի հանդէպ աչառութիւն մի՛ արա, հարուստին մի՛ շողոքորթիր: Արդա՛ր դատիր քո ընկերոջը:
16 Քո ազգակիցների հանդէպ նենգութիւն չգործես եւ քո ընկերոջ արեան թափուելուն պատճառ չդառնաս: Ես եմ ձեր Տէր Աստուածը: 17 Քո հոգում եղբօրդ չատես: Խստագոյնս յանդիմանի՛ր քո ընկերոջը, որպէսզի նրա պատճառով մեղքեր չգործես:
18 Վրէժխնդիր մի՛ լինիր եւ քո ժողովրդի դէմ ոխ մի՛ ունեցիր:
Պիտի սիրես քո ընկերոջը՝ ինչպէս ինքդ քեզ, քանզի ես եմ Տէրը: 19 Պիտի պահպանէք իմ այս օրէնքները.
Չթողես, որ քո անասունը այլ տեսակի անասունի հետ խառնակուի:
Քո այգում տարբեր սերմեր մի՛ ցանիր: Երկու տարբեր նիւթերից գործուած գարշելի զգեստներ մի՛ հագիր:
20 Եթէ մի տղամարդ կենակցի մի անազատ կնոջ հետ, որը փրկագնով չի փրկագնուած եւ նրան ազատութիւն չի շնորհուած, եւ որը նախատեսուած է եղել մէկ այլ տղամարդու համար, ապա երկուսն էլ պէտք է հարցաքննուեն, բայց մահուան չպիտի դատապարտուեն, քանի որ կինն անազատ է: 21 Տղամարդը, իր գործած յանցանքը քաւելու համար, վկայութեան խորանի դռան առաջ մեղքերի քաւութեան խոյ պիտի մատուցի Տիրոջը: 22 Քահանան յանցանքների քաւութեան խոյը պիտի զոհաբերի Տիրոջ առաջ՝ որպէս քաւութիւն նրա կատարած մեղքերի, եւ թողութիւն պիտի տայ նրա կատարած մեղքերին:
23 Երբ մտնէք այն երկիրը, որ Տէր Աստուած տալու է ձեզ184, ամէն տեսակի պտղատու ծառեր տնկեցէ՛ք եւ նրա անմաքրութիւնը մաքրեցէ՛ք: Առաջին երեք տարիների բերքը թող անմաքուր լինի ձեզ համար, եւ այն չուտէք: 24 Չորրորդ տարում նրա բոլոր պտուղները պիտի սրբագործուեն Տիրոջ օրհնութեան համար: 25 Հինգերորդ տարում կ՚ուտէք դրա պտուղը: Այդ տարուց սկսած կարող էք դրա բերքը ուտել եւ պահեստաւորել:
26 Ես եմ ձեր Տէր Աստուածը185: Լեռների վրայ մի կերէ՛ք186: Կախարդութեամբ մի՛ զբաղուէք: Գուշակութիւններ մի՛ արէք թռչունների թռիչքները դիտելով: 27 Ձեր գլխի մազերը մի՛ հիւսէք եւ ձեր մօրուքին ձեւ մի՛ տուէք: 28 Մահացած որեւէ մէկի յիշատակի համար ձեր մարմնի վրայ կտրուածքներ մի՛ արէք: Ձեր մարմնի վրայ դաջուածքներ մի՛ արէք:
29 Ես եմ ձեր Տէր Աստուածը: Մի՛ պղծիր քո դստերը՝ նրան պոռնկացնելով, որպէսզի երկիրը պոռնկութեան մէջ չընկնի ու անօրէնութեամբ չլցուի:
30 Իմ շաբաթ օրերը կը պահէք եւ իմ սրբարանին երկիւղածութեամբ կը մօտենաք, քանզի ես եմ Տէրը:
31 Վհուկներին մի՛ հետեւէք եւ ոգեհմաների հետ մի՛ առնչուէք, որպէսզի նրանցով չպղծուէք:
32 Ես եմ ձեր Տէր Աստուածը187: Ալեհեր մարդկանց առաջ ոտքի կը կանգնէք եւ կը պատուէք ծերերին: Պիտի երկնչես քո Աստծուց: Ես եմ քո Տէր Աստուածը:
33 Եթէ ձեր երկրում օտարական հաստատուի, նրան չնեղէք: 34 Ձեր երկրի տեղաբնակի պէս ընդունեցէ՛ք նրան, եւ եկուորը թող բնակուի ձեզ մօտ: Նրան սիրի՛ր քո անձի պէս, որովհետեւ դուք էլ պանդուխտ եղաք Եգիպտացիների երկրում: Ես եմ ձեր Տէր Աստուածը: 35 Դատ դատաստանի ժամանակ որեւէ մէկի հանդէպ անիրաւութիւն մի՛ արէք: Անիրաւութիւն մի՛ արէք նաեւ չափելու, կշռաքարերի ու կշռելու մէջ: 36 Կշեռքները ճիշտ պէտք է լինեն, կշռաքարերը՝ ճշգրիտ, չափամանները՝ ճշգրիտ, հեղուկաչափը՝ ճշգրիտ: Ես եմ ձեր Տէր Աստուածը, որ ձեզ հանեց Եգիպտացիների երկրից: 37 Կը պահպանէք իմ բոլոր օրէնքները, իմ բոլոր հրամանները. դրանք կը կատարէք, քանզի ես եմ Տէր Աստուածը”»:
20
ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹԵԱՆ ՊԱՏԻԺՆԵՐ
1 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 2 «Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ ու նրանց ասա՛. “Եթէ որեւէ իսրայէլացի կամ իսրայէլացիների մէջ բնակութիւն հաստատած որեւէ պանդուխտ իր զաւակներից որեւէ մէկին ծառայութեան տայ կռապաշտ իշխանի, նա պէտք է մահապատժի ենթարկուի: Այդ երկրի մարդիկ թող քարկոծեն նրան: 3 Ես իմ հայեացքը կը սեւեռեմ նրա վրայ եւ նրան կը վերացնեմ իմ ժողովրդի միջից, քանի որ նա իր զաւակներից մէկին կռապաշտ իշխանի ծառայութեանը յանձնելով՝ պղծել է իմ սրբարանը եւ անարգել իմ սուրբ անունը: 4 Եթէ տեղացի բնակիչները անուշադրութեան մատնեն իր զաւակներից որեւէ մէկին կռապաշտ իշխանի ծառայութեանը յանձնած մարդու արարքն ու չսպանեն նրան, 5 ապա ես իմ հայեացքը կը սեւեռեմ այդ մարդու եւ նրա ցեղի վրայ, իր ժողովրդի միջից կը վերացնեմ նրան ու նրա հետ բոլոր միաբանածներին, ովքեր կռապաշտ իշխանի հետ պոռնկանալու պատճառ դարձան:
6 Վհուկներին ու ոգեհմաներին հետեւելով՝ նրանց հետ պոռնկացող մարդկանց պիտի հետապնդեմ ու վերացնեմ նրանց իրենց ժողովրդի միջից: 7 Սրբագործուեցէ՛ք ու սո՛ւրբ եղէք, քանզի ես՝ ձեր Տէր Աստուածը, սուրբ եմ: 8 Պահպանեցէ՛ք ու կատարեցէ՛ք իմ հրամանները: Ես ձեզ սրբագործող Տէր Աստուածն եմ:
9 Եթէ որեւէ մէկը անիծի իր հօրը կամ իր մօրը, նա մահապատժի թող ենթարկուի: Եթէ նա բամբասել է իր հօրը կամ իր մօրը, մահապարտ է:
10 Եթէ որեւէ տղամարդ շնանայ ամուսնացած մի կնոջ կամ իր ընկերոջ կնոջ հետ, մահապատժի թող ենթարկուեն ե՛ւ շնացողը, ե՛ւ շնացեալը:
11 Այն տղամարդը, որ կը պառկի իր հօր կնոջ հետ, ուրեմն նա բացած է լինում իր հօրը ամօթոյքը: Երկուսն էլ թող մահուան դատապարտուեն, քանի որ նրանք ամբարշտացել են եւ մահապարտ են:
12 Եթէ որեւէ մէկը պառկի իր հարսի հետ, թող երկուսն էլ մահուն դատապարտուեն, քանի որ նրանք ամբարշտացել են եւ մահապարտ են:
13 Եթէ որեւէ տղամարդ մի այլ տղամարդու հետ պառկի, ինչպէս կնոջ հետ, նրանք պղծութիւն գործած կը լինեն: Երկուսն էլ մահուան թող դատապարտուեն, որովհետեւ մահապարտ են:
14 Եթէ որեւէ տղամարդ կին առնի մի աղջկայ ու նրա մօրը, դա անօրէնութիւն է: Կրակի մէջ թող այրուեն նա եւ աղջիկն ու նրա մայրը, որպէսզի ձեր մէջ անօրէնութիւն չլինի:
15 Կենդանու հետ կենակցող տղամարդը թող մահապատժի ենթարկուի, իսկ կենդանուն պէտք է սատկեցնել: 16 Խառնակուելու նպատակով որեւէ կենդանու մերձեցող կնոջն ու կենդանուն սպանեցէ՛ք: Նրանք թող սպանուեն, քանի որ մահապարտ են:
17 Եթէ տղամարդն ամուսնանայ իր հօրից կամ մօրից ծնուած խորթ քրոջ հետ եւ տեսնի նրա ամօթոյքը, իսկ խորթ քոյրն էլ տեսնի նրա ամօթոյքը, ապա դա նախատինք է. նրանք պէտք է վերանան իրենց ժողովրդի միջից, որովհետեւ նա իր խորթ քրոջ ամօթոյքն է բացած լինում: Նրանք պիտի ընդունեն իրենց մեղքերի հատուցումը:
18 Եթէ տղամարդը պառկի դաշտանի մէջ գտնուող կնոջ հետ եւ բանայ նրա ամօթոյքը, քանի որ բացել է նրա արեան աղբիւրը, իսկ սա էլ նրան ցոյց է տուել իր արեան աղբիւրը, ուրեմն երկուսն էլ թող վերանան իրենց ժողովրդի միջից:
19 Քո հօրաքրոջ եւ մօրաքրոջ ամօթոյքը չբանաս, որովհետեւ բացած ես լինում մերձաւորներիդ ամօթոյքները: Նրանք իրենց գործած մեղքի համար պատիժ թող կրեն եւ անժառանգ մեռնեն188:
20 Եթէ որեւէ տղամարդ պառկի իր քեռու կնոջ հետ, ուրեմն նա բացած է լինում իր քեռուն պատկանող ամօթոյքը: Նրանք իրենց գործած մեղքի համար պատիժ թող կրեն եւ անժառանգ մեռնեն:
21 Եթէ որեւէ տղամարդ պառկի իր եղբօր կնոջ հետ, դա պղծութիւն է. նա բացած է լինում իր եղբօրը պատկանող ամօթոյքը, ուրեմն նրանք անժառանգ թող մեռնեն:
22 Կը պահպանէք իմ բոլոր հրամաններն ու իմ բոլոր պատուիրանները եւ կը կատարէք դրանք: Թող ձեզ չմերժի այն երկիրը, ուր ես տանելու եմ ձեզ՝ այնտեղ բնակուելու համար: 23 Մի՛ հետեւէք այն ժողովուրդների օրէնքներին, որոնց ես վանելու եմ ձեր միջից, որովհետեւ նրանք կատարեցին բոլոր այդ վատ արարքները, եւ ես նողկանք զգացի նրանց հանդէպ: 24 Ես ձեզ ասացի. “Դուք կը ժառանգէք այդ երկիրը, եւ ես ձեզ այն կը տամ իբրեւ սեփականութիւն, մի երկիր, ուր կաթ ու մեղր է հոսում”: Ես եմ ձեր Տէր Աստուածը, որ ձեզ առանձնացրեց բոլոր ժողովուրդներից: 25 Ինքնե՛րդ տարբերակեցէք մաքուր եւ անմաքուր անասունները, մաքուր եւ անմաքուր թռչունները, ձեզ մի՛ պղծէք անմաքուր անասուններով, թռչուններով ու երկրի ամէն տեսակ սողուններով, որոնց ես առանձնացրել եմ ձեզ համար իբրեւ անմաքուրների: 26 Ինձ համար սուրբ եղէք, որովհետեւ ես՝ ձեր Տէր Աստուածը, սուրբ եմ: Ես ձեզ առանձնացրի բոլոր ժողովուրդներից, որպէսզի իմը լինէք:
27 Եթէ որեւէ տղամարդ կամ կին վհուկ կամ ոգեհմայ լինի, թող մահապատժի ենթարկուի. թող նրանց քարկոծեն, որովհետեւ մահապարտ են”»:
21
ՔԱՀԱՆԱՅՈՒԹԵԱՆ ՍՐԲՈՒԹԻՒՆԸ
1 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. «Խօսի՛ր Ահարոնի որդիների՝ քահանաների հետ եւ նրանց ասա՛. “Թող նրանք անմաքուր չհամարուեն իրենց ազգականի, բարեկամի կամ իրենց հարեւանի189 դիակներին դիպչելով՝ 2 բացառութեամբ երբ կը դիպչեն հօր կամ մօր, որդու կամ աղջկայ, եղբօր կամ քրոջ, չամուսնացած եւ իրենց մօտ ապրող քրոջ դիակներին: Եթէ սրանց դիպչեն, անմաքուր կը համարուեն: 4 Քահանան գլխաւոր դէմք լինելով՝ թող անմաքուր չլինի չթոյլատրուող դիակի դիպչելով: 5 Քահանաները ի նշան սգի իրենց գլուխը թող չածիլեն, մօրուքների ծայրերը չկտրեն եւ իրենց մարմնի վրայ դաջուածքներ չանեն: 6 Թող սուրբ լինեն իրենց Աստծու առաջ եւ չարատաւորեն իրենց Աստծու անունը, որովհետեւ իրենք՝ քահանաներն են, որ զոհ են մատուցում իրենց Տէր Աստծուն: Նրանք սուրբ պէտք է լինեն:
7 Քահանաները պոռնիկ կամ պղծուած կին չպէտք է առնեն: Չպէտք է առնեն նաեւ ամուսնուց բաժանուած կին, որովհետեւ քահանան սուրբ պէտք է լինի իր Տէր Աստծու համար եւ պիտի մաքրի իրեն: 8 Սրբագործուած քահանան է, որ պիտի մատուցի ձեր Տէր Աստծու պատարագը: Նա սուրբ պէտք է լինի, քանզի ես՝ Տէրս, որ սրբագործում եմ քահանաներին, սուրբ եմ: 9 Եթէ քահանայի դուստրը պոռնկութեամբ պղծուի, նա արատաւորած կը լինի իր հօր անունը. նա պէտք է հրով այրուի: 10 Գլխին օծութեան իւղ ունեցող, պատմուճան հագնելու արժանացած եւ իր եղբայրների մէջ աւագ եղող քահանան ի նշան սգոյ գլխարկը թող չհանի, իր հագուստները չպատառոտի, 11 վախճանուած մարդուն չդիպչի, — եթէ նոյնիսկ դա իր հայրը կամ մայրն է, — եւ իրեն չպղծի: 12 Յուղարկաւորութեանը մասնակցելու համար սրբարաններից թող դուրս չգայ, որպէսզի իր Աստծու սրբարանը չպղծի, որովհետեւ նա իր վրայ կրում է Աստծու օծութեան սուրբ իւղը: Այո՛, ես եմ Տէրը: 13 Աւագ քահանան իր ժողովրդի միջից կոյս աղջիկ պիտի առնի: 14 Այրի, ամուսնալուծուած կամ պոռնիկ կին չպիտի առնի, այլ իր ժողովրդի միջից մի կոյս աղջիկ պիտի առնի որպէս կին: 15 Նա իր սերմը չպիտի պղծի իր ժողովրդի մէջ, որովհետեւ ես եմ Տէրը, որ սրբագործում եմ նրան”»:
16 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց ասաց. 17 «Խօսի՛ր Ահարոնի հետ եւ նրան ասա՛. “Եթէ քո գալիք սերունդներից որեւէ մէկը մարմնական արատ ունենայ, ուրեմն իր Աստծուն նա թող պատարագ չմատուցի: 18 Արատ ունեցող որեւէ մարդ, լինի նա կաղ կամ կոյր, կարճ քթով կամ ականջատ, 19 ձեռքը կամ ոտքը կոտրած, 20 կուզ կամ շիլ190, աչքը վնասուած, քոս, քաղցկեղ կամ մէկ ամորձիք ունեցող, 21 մի խօսքով՝ Ահարոն քահանայի սերնդի մէջ մարմնական արատ ունեցող որեւէ մարդ թող չմօտենայ քո Աստծուն զոհ մատուցելու, որովհետեւ նա մարմնական արատ ունի: Աստծուն զոհ մատուցելու համար նա չպէտք է մօտենայ զոհասեղանին, որովհետեւ Աստծու ընծաները սրբութիւն սրբոց են: 22 Այդ սրբութիւններից նա կարող է ուտել, 23 բայց վարագոյրին թող չմօտենայ եւ զոհասեղանին չդիպչի, որովհետեւ նա մարմնական արատ ունի: Իր Աստծու սրբարանը նա չպէտք է պղծի, քանզի ես եմ Տէրը, որ սրբագործում եմ քահանաներին”»:
24 Մովսէսը Ահարոնին, նրա որդիներին ու բոլոր իսրայէլացիներին հաղորդեց Աստծու այս պատգամները:
22
ԶՈՀԵՐԻ ՍՐԲՈՒԹԻՒՆԸ
1 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 2 «Ահարոնին ու նրա որդիներին ասա՛, որ զգուշութեամբ վարուեն իսրայէլացիների ինձ մատուցած սրբութիւնների հետ, որպէսզի իրենց մատուցած զոհերով չարատաւորեն իմ սուրբ անունը, քանզի ես եմ Տէրը: 3 Նրանց կ՚ասես. “Ձեր յետնորդներից մի մարդ, ինչ սերնդի էլ պատկանի, եթէ անմաքուր վիճակում մօտենայ վկայութեան խորանին, որպէսզի զոհ մատուցի այն, ինչ իսրայէլացիներն են մատուցում Տիրոջը, ապա ես նրան կ՚ոչնչացնեմ, քանզի ես եմ Տէրը: 4 Եթէ Ահարոն քահանայի որդիներից մէկը բորոտ է կամ սերմնահոսութիւն ունի, իրաւունք չունի զոհաբերութիւնների մսից ուտելու, մինչեւ որ չմաքրուի: Ով որ դիպչի մեռելից պղծուած որեւէ բանի, ով որ առնական սերմի կորուստ ունենայ, 5 ով որ մօտենայ մի պիղծ սողունի կամ մի մարդու, որը պղծուած է ամէն տեսակ պղծութիւններով, 6 ով որ դիպչի դրանց, թող անմաքուր համարուի մինչեւ երեկոյ: Նա մատուցուած զոհաբերութիւններից չպէտք է ուտի, մինչեւ որ իր մարմինը չլուայ ջրով: 7 Արեւը մայր մտնելուց յետոյ նա մաքուր թող համարուի եւ դրանից յետոյ միայն նա կարող է ուտել մատուցուած սրբութիւններից, որովհետեւ դա է նրա ուտելիքը: 8 Քահանան սատկած կամ գազանից յօշոտուած կենդանու միս չպէտք է ուտի, որպէսզի անմաքուր չդառնայ: Ես եմ Տէրը: 9 Նրանք պէտք է կատարեն իմ կարգադրութիւնները, որպէսզի մեղք գործած չլինեն եւ իմ պատգամները զանց առնելու պատճառով մահապատժի չենթարկուեն: Ես եմ քահանաներին սրբագործող Տէրը:
10 Որեւէ օտարազգի այդ սրբագործուած ուտելիքից չպէտք է ուտի: Ո՛չ քահանայի մօտ եկած պանդուխտը, ո՛չ էլ վարձկանը այդ սրբագործուած ուտելիքից չպէտք է ուտեն: 11 Իսկ եթէ քահանան դրամով մարդ է գնել, այդ մարդը կարող է ուտել այդ ուտելիքից: Նրա աղախիններից ծնուածները եւս կարող են ուտել նրա ուտելիքից:
12 Եթէ քահանայի դուստրը ամուսնանայ քահանայական ընտանիքից չսերած մի տղամարդու հետ, ապա նա չի կարող ուտել սրբութիւններից: 13 Իսկ եթէ քահանայի դուստրը այրիանայ կամ ամուսնալուծուած լինի եւ առանց զաւակ ունենալու վերադառնայ հայրական տունը, ապա, ինչպէս իր մանկութեան օրերին, կարող է ուտել իր հօր ուտելիքներից: Քահանայական ընտանիքին չպատկանող մարդը իրաւունք չունի դրանից ուտելու:
14 Եթէ որեւէ մէկն անգիտակցաբար ուտի սրբութիւններից, թող իր կերածի արժէքի վրայ աւելացնի դրա մէկ հինգերորդը եւ վերադարձնի քահանային: 15 Թող նրանք չպղծեն այն սրբութիւնների սրբութիւնները, որ Իսրայէլի որդիներն առանձնացրել են Տիրոջ համար: 16 Նրանք սրբութիւնների սրբութիւնն ուտելով՝ իրենց վրայ բերում են մեղքեր ու յանցանքներ: Ես եմ դրանք սրբագործող Տէրը”»:
17 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 18 «Խօսի՛ր Ահարոնի, նրա որդիների ու իսրայէլացի ամբողջ ժողովրդի հետ եւ ասա՛ նրանց. “Եթէ Իսրայէլի որդիներից կամ իսրայէլացիների մէջ բնակութիւն հաստատած եկուորներից մէկը ըստ իր ուխտի կամ ըստ իր ցանկութեան բերի իր նուէրը, որ պիտի մատուցուի Տիրոջը որպէս ողջակէզ, 19 ապա դա թող ընդունելի լինի ձեր կողմից, եթէ այն նախրից բերուած արու եւ ոչ արատաւոր արջառ է, ոչխար կամ այծ: 20 Արատաւոր անասուն չմատուցէք Տիրոջը, որովհետեւ ձեր արածը ընդունելի չի լինի: 21 Եթէ որեւէ մէկը Տիրոջը փրկութեան զոհ մատուցի ըստ իր ուխտի կամ ըստ իր ցանկութեան, լինի դա արուած ուխտ թէ կամաւոր զոհաբերութիւն եւ կամ տօնի առթիւ արուած զոհաբերութիւն, ապա արջառների կամ ոչխարների նախրից բերուած կենդանին ընդունելի կը լինի, եթէ այն արատաւոր չէ: Այն ոչ մի արատ չպէտք է ունենայ: 22 Կոյր, կաղ, ջարդուածք ունեցող, լեզուն կտրած կամ ուռուցք ունեցող, քոսոտ կամ քոր ունեցող անասուն թող չմատուցեն Տիրոջը. դրանցից Տիրոջ զոհասեղանին ողջակէզ չբերէք: 23 Ականջը կտրած կամ պոչատ արջառն ու ոչխարը կարող ես իբրեւ կամաւոր ընծայ մորթել, բայց դա քո արած ուխտի համար ընդունելի չէ: 24 Ամորձիքը ճմլուած, ճզմուած, կռտած կամ կտրած կենդանին Տիրոջը չմատուցէք եւ ձեր բնակած երկրում նման բաներ չանէք: 25 Այլազգի մարդուց նման կենդանիներ չառնէք ձեր Աստծուն զոհաբերելու համար, որովհետեւ դրանք թերութիւններ եւ արատներ ունեն: Ձեր կողմից արուած այդ զոհերը ընդունելի չեն լինի ինձ համար”»:
26 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 27 «Նորածին հորթը, գառը կամ ուլը եօթը օր պէտք է մնայ մօր մօտ: Ութերորդ օրից սկսած եւ դրանից յետոյ այն կարող է ընդունելի լինել՝ Տիրոջը զոհաբերուելու համար: 28 Կովը, ոչխարը եւ դրանցից ծնուածները միեւնոյն օրը մի՛ մորթէք:
29 Եթէ Տիրոջը գոհութեան զոհ ես մատուցում, ապա այն մատուցի՛ր այնպէս, որ քո զոհածը ընդունելի լինի: 30 Զոհի միսը պէտք է ուտուի նոյն օրը. այդ մսից յաջորդ օրուան չթողնէք: Ես եմ Տէրը:
31 Կը պահպանէք իմ պատուիրանները եւ կը կատարէք դրանք, քանզի ես եմ Տէրը: 32 Իմ սուրբ անունը մի՛ արատաւորէք, քանզի ես եմ Տէրը: Ես սուրբ կը լինեմ Իսրայէլի որդիների մէջ: Ես եմ ձեզ սրբագործող Տէրը, 33 որ ձեզ հանեց Եգիպտացիների երկրից, որպէսզի ձեր Աստուածը լինի: Ես եմ Տէրը»:
23
ԻՍՐԱՅԷԼԻ ԿՐՕՆԱԿԱՆ ՏՕՆԵՐԸ
1 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 2 «Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ եւ նրանց ասա՛. “Տիրոջը նուիրուած այն տօները, որ սուրբ պիտի կոչէք, հետեւեալներն են191.
3 Վեց օր պիտի աշխատես, իսկ եօթներորդ՝ շաբաթ օրը հանգստեան օր է եւ սուրբ՝ Տիրոջը նուիրուած: Այդ օրը ոչ մի աշխատանք չէք կատարի, որովհետեւ այն Տիրոջը նուիրուած շաբաթ օրն է, երբ հանգստանում են բոլոր տներում:
ԲԱՂԱՐՋԱԿԵՐԱՑ ՏՕՆԸ
(Թուեր 28.16-25)
4 Տիրոջը նուիրուած տօները, որոնք սուրբ են հռչակուած եւ որոնք պիտի նշէք, հետեւեալներն են. 5 Առաջին ամսի տասնչորսերորդ օրուայ երեկոյեան Տիրոջ Զատիկն է: 6 Նոյն ամսի տասնհինգերորդ օրը Տիրոջը նուիրուած Բաղարջակերաց տօնն է. եօթը օր բաղարջ հաց պիտի ուտէք: 7 Նշուած առաջին օրը ձեզ համար սուրբ է: Ոչ մի առտնին գործ չպիտի անէք: 8 Եօթը օր ողջակէզներ պիտի մատուցէք Տիրոջը, իսկ եօթներորդ օրը սուրբ պէտք է լինի ձեզ համար: Ոչ մի առտնին գործ չպիտի անէք”»:
9 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 10 «Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ եւ նրանց ասա՛. “Երբ կը մտնէք այն երկիրը, որ ես տալու եմ ձեզ, եւ կը հնձէք նրա հունձը, առաջին խուրձը՝ ձեր հնձի բերքը, կը բերէք քահանային: 11 Նա խուրձը պէտք է ընծայաբերի Տիրոջը իբրեւ ձեր կողմից արուած ընդունելի նուէր: Քահանան այն պէտք է ընծայաբերի շաբաթին յաջորդող առաջին օրուայ առաւօտեան: 12 Խուրձը ընծայաբերելու օրը նաեւ մէկ տարեկան ոչ արատաւոր ոչխար պէտք է ողջակիզէք Տիրոջ համար: 13 Նաեւ զոհաբերուածը՝ իւղով հունցուած երկու տասներորդ գրիւ192 ընտիր ալիւր պիտի մատուցէք: Դա Տիրոջը մատուցուող զոհաբերութիւն է՝ Տիրոջն ընծայաբերուող անուշահոտ զոհ: Իբրեւ նուէր՝ նաեւ մէկ քառորդ դորակ193 գինի: 14 194 Մինչեւ այդ նուէրները ձեր Աստծուն չընծայէք, բաղարջ կարկանդակ, աղացած աղանձ չուտէք: Դա յաւիտենական օրէնք թող լինի ձեր սերունդների մէջ, ձեր բոլոր տներում:
ՀՆՁԻ ՏՕՆԸ
(Թուեր 28.26-31)
15 Հաշուեցէ՛ք. ուխտի խուրձ մատուցելու շաբաթ օրուայ յաջորդ օրուանից ամբողջ եօթը շաբաթ, 16 մինչեւ վերջին շաբաթուայ յաջորդ օրն անում է յիսուն օր: Այդ յաջորդ օրն էլ Տիրոջը նոր զոհ կը մատուցէք: 17 Ձեր տներից կ՚ընծայաբերէք ձեր նուէրը՝ երկու բաղարջ կարկանդակ: Իւրաքանչիւր կարկանդակը պիտի հունցուած լինի երկու տասներորդական գրիւ ընտիր ալիւրով: Թթխմորով պիտի եփուեն դրանք, Տիրոջը տրուող առաջին բերքից: 18 Հացերի հետ պիտի մատուցէք մէկ տարեկան ոչ արատաւոր եօթը գառ, նախրից՝ մէկ հորթ եւ ոչ արատաւոր երկու խոյ: Դրանք ողջակէզ պիտի լինեն Տիրոջը: Անարիւն զոհաբերութիւններն ու գինին Տիրոջը մատուցուած անուշահոտ բուրմունք են: 19 Առաջին հնձից պատրաստուած բաղարջ կարկանդակների հետ կը մատուցէք մեղքերի քաւութեան համար մէկ նոխազ եւ մէկ տարեկան երկու գառ՝ իբրեւ փրկութեան զոհաբերութիւն: 20 Քահանան դրանք առաջին բերքից պատրաստուած բաղարջ կարկանդակների հետ որպէս նուէր պիտի ընծայաբերի Տիրոջ առաջ: Դրանք երկու գառների հետ պէտք է ընծայաբերուեն Տիրոջը եւ պատկանեն մատուցող քահանային: 21 Այդ օրը կը համարէք անուանի օր, դա սուրբ թող լինի ձեզ համար: Այդ օրը ոչ մի առտնին գործ չանէք: Դա յաւիտենական օրէնք թող լինի ձեր սերունդների մէջ, ձեր բոլոր տներում:
22 Ձեր արտերը հնձելիս կրկին չվերադառնաք չհնձուածը հնձելու կամ հնձի ժամանակ ընկած հասկերը հաւաքելու համար, այլ դրանք աղքատին ու պանդխտին կը թողնէք: Ես եմ ձեր Տէր Աստուածը”»:
ՓՈՂ ՀՆՉԵՑՆԵԼՈՒ ՕՐ
(Թուեր 29.1-6)
23 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 24 «Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ եւ ասա՛. “Եօթներորդ ամսի առաջին օրը ձեզ համար հանգստեան օր թող լինի՝ Տիրոջը նուիրաբերուած մի սուրբ տօն, որ շեփորներով է ազդարարւում: 25 Այդ օրը ոչ մի առտնին գործ չպիտի անէք, այլ Տիրոջը ողջակէզ պիտի մատուցէք”»:
ՔԱՒՈՒԹԵԱՆ ՕՐ
(Թուեր 29.7-11)
26 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 27 «Եօթներորդ ամսի տասներորդ օրը Քաւութեան օր է: Այն ձեզ համար անուանի եւ սուրբ օր թող լինի: Ամսի իններորդ օրուայ երեկոյից սկսած ձեր անձը զրկեցէ՛ք եւ Տիրոջը ողջակէզներ մատուցեցէ՛ք: 28 Այդ օրը ոչ մի առտնին գործ չանէք, քանզի դա Քաւութեան օր է ձեզ համար, որպէսզի դուք ձեր մեղքերը քաւէք ձեր Տէր Աստծու առաջ: 29 Ով այդ օրը իր մարմինը չի զրկի, կը վերանայ իր ժողովրդի միջից: 30 Ով այդ օրը գործ կ՚անի, կը վերանայ իր ժողովրդի միջից: 31 Ոչ մի առտնին գործ չանէք: Դա յաւիտենական օրէնք թող լինի ձեր սերունդների մէջ, ձեր բոլոր տներում: 32 Դա շաբաթների շաբաթ թող լինի ձեզ համար: Ամսի իններորդ օրուայ երեկոյից մինչեւ յաջորդ օրուայ երեկոն զրկեցէ՛ք ձեր մարմինը եւ հանգստացէ՛ք»:
ՏԱՂԱՒԱՐԱՀԱՐԱՑ ՏՕՆ
(Թուեր 29.12-40)
33 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 34 «Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ եւ նրանց ասա՛. “Եօթներորդ ամսի տասնհինգերորդ օրը ի պատիւ Տիրոջը եօթը օր պիտի նշէք Տաղաւարահարաց տօնը: 35 Առաջին օրը թող սուրբ համարուի, այդ օրը ոչ մի առտնին գործ չանէք: 36 Այդ եօթը օրերին ողջակէզներ պիտի մատուցէք Տիրոջը, իսկ եօթներորդ195 օրը ձեզ համար անուանի եւ սուրբ օր թող լինի: Ողջակէզ կը մատուցէք Տիրոջը, որովհետեւ դա տօնի վերջին օրն է: Այդ օրը ոչ մի առտնին գործ չանէ՛ք: 37 Սրանք են Տիրոջ պատուին կատարուող տօները, որ դուք պիտի նշէք եւ դրանք սուրբ պիտի համարէք, որպէսզի ամէն օր Տիրոջը ընծայ մատուցէք ձեր ողջակէզները, անարիւն զոհաբերութիւններն ու գինին: 38 Սրանք պիտի մատուցուեն բացի այն ընծաներից, որոնք ընծայաբերւում են Տիրոջը շաբաթ օրերը, բացի ձեր ուխտի ընծաներից եւ ձեր միւս կամաւոր զոհաբերութիւններից, որոնք մատուցւում են Տիրոջը: 39 Եօթներորդ ամսի տասնհինգերորդ օրը, երբ հաւաքէք արտերի բերքը, Տիրոջ պատուին եօթը օր տօն պիտի կատարէք: Առաջին եւ ութերորդ օրը պիտի հանգստանաք: 40 Առաջին օրը կ՚առնէք ծառերի գեղեցիկ պտուղներ, արմաւենու ճիւղեր, տերեւախիտ ծառերի եւ ուռենիների ճիւղեր, ձորի բարդիների ճիւղեր, որպէսզի Տիրոջ առաջ եօթը օր ուրախանաք: 41 Տարուայ այդ եօթը օրը որպէս Տիրոջ տօն կը տօնէք196: Դա յաւիտենական օրէնք թող լինի ձեր սերունդների մէջ: Եօթներորդ ամսին կը կատարէք այդ տօնը: 42 Եօթը օր վրանների մէջ կ՚ապրէք: Իսրայէլացի բոլոր տեղաբնակները վրանների մէջ թող ապրեն, 43 որպէսզի ձեր բոլոր սերունդներն իմանան, որ, երբ ես իսրայէլացիներին հանում էի Եգիպտացիների երկրից, վրանների մէջ էի բնակեցրել նրանց: Ես եմ ձեր Տէր Աստուածը”»: 44 Եւ Մովսէսը իսրայէլացիներին պատմեց Տիրոջ տօների մասին:
24
ՍՐԲԱՐԱՆԻ ԱՇՏԱՆԱԿԸ
(Ելք 27.21-21)
1 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 2 «Իսրայէլի որդիներին պատուիրի՛ր, որ լուսաւորութեան համար ձիթապտղի նոր ճզմած մաքուր ձիթաիւղ բերեն քեզ, 3 197 որպէսզի կանթեղը միշտ վառ մնայ վկայութեան խորանի մէջ, վարագոյրի դրսի կողմը: Ահարոնն ու նրա որդիները երեկոյից մինչեւ առաւօտ այն տեւապէս թող վառ պահեն Տիրոջ առաջ: Դա յաւիտենական օրէնք թող լինի ձեզ համար ձեր սերունդների մէջ: 4 Տիրոջ առաջ, սուրբ աշտանակի վրայ մինչեւ առաւօտ վա՛ռ պահեցէք կանթեղները:
ԱՍՏԾՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՒԱԾ ՀԱՑԸ
5 Կը վերցնէք ընտիր ալիւր եւ դրանից տասներկու բաղարջ կարկանդակ կը պատրաստէք: Ամէն մի կարկանդակի քաշը երկու տասներորդական հիմէն198 թող լինի: 6 Տիրոջ առաջ, սուրբ սեղանի վրայ դրանք կը դնէք երկու շարքով. ամէն մի շարքի վրայ՝ վեց կարկանդակ: 7 Իւրաքանչիւր շարքի վրայ կը դնես մաքուր կնդրուկ եւ աղ: Դրանք Տիրոջն ընծայաբերուող հացեր են ի յիշատակ Իսրայէլի տասներկու ցեղերի: 8 Իբրեւ իսրայէլացիների կողմից յաւիտենական ուխտ, իւրաքանչիւր շաբաթ այդ տասներկու հացերը միշտ Տիրոջ առաջ կը դնէք: 9 Այդ հացերը պատկանում են Ահարոնին ու նրա որդիներին: Նրանք թող այդ հացերը ուտեն մի սուրբ տեղում, քանի որ դա Տիրոջն ընծայաբերուող նուէրների մէջ ամենասուրբն է: Դա յաւիտենական օրէնք է»:
ԱՐԴԱՐ ԵՒ ՈՒՂԻՂ ՊԱՏԺԻ ՕՐԻՆԱԿ
10 Իսրայէլացիների մէջ մի մարդ էր ապրում, որը որդին էր եգիպտացի մի տղամարդու, բայց մայրը իսրայէլացի էր: Բանակատեղիում կռիւ արեցին իսրայէլացի կնոջից ծնուած այս մարդն ու մի ուրիշ իսրայէլացի: 11 Իսրայէլացի կնոջ որդին տուեց Տիրոջ անունը եւ հայհոյեց: Նրան բերեցին Մովսէսի մօտ: Նրա մօր անունը Սալամիթ էր: Նա Դանի ցեղից Դաբրիի դուստրն էր: 12 Այդ մարդուն հսկողութեան տակ պահեցին, որպէսզի Աստծու հրամանով դատեն նրան: 13 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 14 «Հայհոյող այդ մարդուն հանեցէ՛ք բանակատեղիից դուրս, եւ նրանք, ովքեր լսել են նրա հայհոյանքը, որպէս վկայ թող իրենց ձեռքերը դնեն նրա գլխին, եւ ամբողջ ժողովուրդը թող քարկոծի նրան: 15 Կը խօսես Իսրայէլի որդիների հետ եւ նրանց կ՚ասես. “Ով որ կը հայհոյի Աստծուն, իր մեղքի պատիժը կը կրի: 16 Ով որ կը հայհոյի Տիրոջ անուան, թող մահապատժի ենթարկուի: Ամբողջ ժողովուրդը թող քարկոծի նրան: Աստծուն հայհոյողը, օտարական լինի նա թէ տեղաբնակ, մահապատժի թող ենթարկուի: 17 Եթէ որեւէ մէկը մարդ ծեծի, եւ սա մեռնի, ծեծողը մահապատժի թող ենթարկուի: 18 Ով անասուն կը սպանի, անասունի տիրոջը նոյնպիսի անասունով թող հատուցի: 19 Եթէ որեւէ մէկը խեղանդամ դարձնի իր մերձաւորին, ինչ որ արել է, նոյնն էլ թող անեն իրեն: 20 Ջարդուածքի դիմաց՝ ջարդուածք, աչքի դիմաց՝ աչք, ատամի դիմաց՝ ատամ: Ինչ խեղուածք որ մէկը միւսին պատճառի, նոյնով թող պատժուի: 21 Եթէ մարդ է ծեծել, եւ սա մահացել է, ծեծողը մահապատժի թող ենթարկուի: 22 Միեւնոյն օրէնքը թող կիրառուի ե՛ւ օտարականի, ե՛ւ տեղաբնակի նկատմամբ: Ես եմ ձեր Տէր Աստուածը”»:
23 Մովսէսը խօսեց իսրայէլացիների հետ, եւ բանակատեղիից դուրս հանեցին այն մարդուն, որ հայհոյել էր: Ամբողջ ժողովուրդը քարկոծեց նրան: Իսրայէլացիներն արեցին այնպէս, ինչպէս Տէրն էր պատուիրել Մովսէսին:
25
ԵՕԹՆԵՐՈՐԴ ՏԱՐԻՆ
(Բ Օր. 15.1-11)
1 Տէրը Սինա լերան վրայ խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 2 «Իսրայէլի որդիներին ասա՛. “Եթէ199 մտնէք այն երկիրը, որ ես տալու եմ ձեզ, թող200 հանգստանայ նաեւ այդ հողը, քանի որ Տիրոջ շաբաթն է: 3 Վեց տարի կը մշակես քո արտը, վեց տարի կ՚էտես քո այգին եւ կը հաւաքես դրանց բերքը: 4 Եօթներորդ տարին հանգստեան շաբաթ թող լինի այդ հողի համար, քանի որ շաբաթը Տիրոջն է պատկանում: Քո արտը չես մշակի, քո այգին չես էտի: 5 Քո արտում ինքն իրեն աճած բոյսը չես հնձի, Տիրոջը նուիրաբերուելիք խաղողը չես քաղի, քանի որ այդ հողի հանգստեան տարին է: 6 Հանգստեան տարուայ ինքնաբոյս բերքը կերակուր թող լինի ձեզ՝ քո ծառայի, քո աղախնու, քո վարձկանի, քեզ մօտ բնակութիւն հաստատած օտարականի, 7 քո անասունի եւ քո երկրի գազանների համար: Նրա տուած ամբողջ բերքը թող կերակուր լինի նրանց համար:
ՅՈԲԵԼԵԱՆԱԿԱՆ ՏԱՐԻ
8 Հանգստեան տարուց սկսած՝ կը հաշուես եօթն անգամ եօթը տարի, եւ եօթն անգամ եօթը տարին կը լինի քառասունինը տարի: 9 Յիսուներորդ տարուայ եօթներորդ ամսի տասներորդ օրը շեփոր հնչեցնելով կ՚ազդարարէք ձեր ամբողջ երկրին: Քաւութեան օրը ձեր ամբողջ երկրում շեփոր կը հնչեցնէք: 10 Կը սրբագործէք յիսուներորդ տարին եւ ձեր երկրի բոլոր բնակիչների համար ազատագրում կը յայտարարէք: Դա ազատագրման տարի ազդարարելու նշան թող լինի: Իւրաքանչիւր ոք պէտք է վերադառնայ իր կալուածքը, իւրաքանչիւր ոք պէտք է գնայ իր ազգատոհմին, 11 որովհետեւ դա ազատագրման ազդարարն է: Յիսուներորդ տարին թող ձեզ համար յոբելեանական տարի լինի: Չպէտք է ցանէք, չպէտք է հնձէք ինքն իրեն աճած բոյսը, Տիրոջն ընծայուած խաղողը չպէտք է քաղէք, 12 քանզի այդ տարին ազատագրում ազդարարող յոբելեանական տարի է: Այն թող սուրբ լինի ձեզ համար: Արտում ինքն իրեն բուսած եւ աճած բերքը կերէ՛ք: 13 Ազատագրում հռչակուած յոբելեանական տարում իւրաքանչիւր ոք թող վերադառնայ իր կալուածքը: 14 Եթէ որեւէ մէկը իր մերձաւորին որեւէ բան է վաճառում կամ իր մերձաւորից որեւէ բան է գնում, թող նրան չխաբի: 15 Յոբելեանական տարուց յետոյ եղած տարիների հաշուով պիտի գնես քո մերձաւորից, եւ նա էլ հնձի տարիների հաշուով պիտի վաճառի քեզ: 16 Ինչքան շատ են լինում մինչեւ ազատագրման տարին ընկած տարիները, այդքան թանկ պիտի գնես, եւ ինչքան քիչ լինեն տարիները՝ այդքան էժան, որովհետեւ արդիւնքի քանակով է, որ նա վաճառելու է քեզ: 17 Եւ ոչ ոք իր մերձաւորին չպէտք է խաբի: Երկնչի՛ր քո Տէր Աստծուց. ես եմ ձեր Տէր Աստուածը:
ԵՕԹՆԵՐՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՀԱՐՑԸ
18 Կը կատարէք իմ բոլոր պատգամներն ու վճիռները: Կը պահպանէք ու կը կատարէք դրանք եւ երկրում կ՚ապրէք ապահով. 19 հողը կը տայ իր բերքը, դուք կուշտ կ՚ուտէք եւ երկրում կ՚ապրէք ապահով: 20 Իսկ եթէ ասէք, թէ՝ ի՞նչ պիտի ուտենք այդ եօթներորդ տարում, եթէ չցանենք եւ մեր բերքը չհաւաքենք, 21 ապա իմացէ՛ք, որ վեցերորդ տարում ես ձեզ կ՚ուղարկեմ իմ օրհնութիւնը, եւ հողը երեք տարուայ չափ բերք կը տայ: 22 Ութերորդ տարում կը ցանէք, իսկ հին բերքը կ՚ուտէք մինչեւ իններորդ տարին: Մինչեւ իններորդ տարուայ բերքը հասնելը կ՚ուտէք հին բերքը:
ԿԱԼՈՒԱԾՔՆԵՐԻ ՆՈՐՈԳՈՒՄ
23 Հողը վերջնականապէս չպէտք է վաճառուի, քանզի հողը իմն է, իսկ դուք ինձ մօտ պանդուխտ ու նժդեհ էք: 24 Ձեր կալուածքը եղող ամբողջ հողի համար փրկագին պիտի տաք: 25 Եթէ աղքատանայ քեզ մօտ ապրող եղբայրդ եւ վաճառի իր կալուածքի մի մասը, ապա իր մօտիկ ազգականը կարող է գալ ու վերստին գնելով փրկել իր եղբօր վաճառած արտը: 26 Իսկ եթէ արտ վաճառողը ունեւոր ազգական չունենայ, ու ինքը յետոյ ի վիճակի լինելու գնելու, ապա կարող է իր արտը յետ գնելով փրկել: 27 Նա պէտք է հաշուի եւ հանի վաճառքից յետոյ անցած տարիները եւ մնացածը վճարի նրան, ով գնել էր այն, որից յետոյ արտը նորից կը պատկանի իրեն: 28 Իսկ եթէ նա այդքան կարողութիւն չունենայ, որ կարողանայ հողի տիրոջը հատուցել փոխարժէքը, ապա վաճառուածը մինչեւ ազատագրման տարին թող պատկանի նրան, ով այն գնել էր: Ազատագրման տարում արտը պէտք է վերադարձուի նախկին տիրոջը: 29 Եթէ որեւէ մէկը վաճառի պարսպապատ քաղաքում գտնուող մի բնակելի տուն, ապա նա կարող է այն յետ գնել վաճառքի օրուանից յետոյ մէկ տարուայ ընթացքում: Մէկ տարուայ ընթացքում պէտք է լինի յետգնումը: 30 Իսկ եթէ վաճառողը մէկ տարուայ ընթացքում ի վիճակի չլինի այն յետ գնելու, ապա պարսպապատ քաղաքի մէջ եղած տունը թող առյաւէտ պատկանի գնողին՝ իբրեւ իր ու իր սերունդների սեփականութիւն: Դա յետ գնելու ենթակայ չէ անգամ ազատագրման տարում: 31 201 Պարիսպ չունեցող աւաններում գտնուող տները թող ագարակներ համարուեն: Դրանք միշտ ենթակայ են յետգնման, եւ այնտեղ բնակուողները ազատագրման տարում պէտք է դուրս գան: 32 Ղեւտացիների քաղաքներում գտնուող տները, որոնք նրանց կալուածքներն են այդ քաղաքում, կարող են միշտ յետ գնուել ղեւտացիների կողմից: 33 Եթէ որեւէ մէկը ղեւտացու տուն է գնում, ապա ազատագրման տարում նա նրանց քաղաքներում գտնուող կալուածքների տներից դուրս պէտք է գայ, որովհետեւ ղեւտացիների քաղաքներում գտնուող կալուածքների տները նրանց ժառանգական սեփականութիւնն են Իսրայէլի որդիների մէջ: 34 Ղեւտացիների ագարակները, որոնք քաղաքների շուրջն են գտնւում, վաճառքի ենթակայ չեն, որովհետեւ դրանք նրանց յաւիտենական կալուածքներն են:
ՓՈԽԱՏՈՒՈՒԹԻՒՆ ԱՂՔԱՏՆԵՐԻՆ
35 Եթէ եղբայրդ աղքատանայ եւ ի վիճակի չլինի աշխատելու, նրան պիտի պատսպարես իբրեւ եկուորի ու պանդխտի: Նա քեզ մօտ պիտի մնայ ու ապրի: 36 Նրանից վաշխ ու տոկոս չպիտի վերցնես: Վախեցի՛ր քո Տէր Աստծուց, քանզի ես եմ Տէրը: Քո եղբայրը թող քեզ մօտ ապրի: 37 Նրան տոկոսով դրամ չպիտի տաս եւ աւելին ստանալու ակնկալութեամբ չէ, որ նրան պիտի կերակրես: 38 Ես եմ ձեր Տէր Աստուածը, որ ձեզ հանեց Եգիպտացիների երկրից, որպէսզի ձեզ տայ Քանանացիների երկիրը եւ լինի ձեր Աստուածը:
ԳԵՐԻՆԵՐԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄ
39 Եթէ քեզ մօտ ապրող եղբայրդ աղքատանայ եւ քեզ վաճառուի որպէս ծառայ, ապա թող քեզ ստրուկի ծառայութեամբ չծառայի: 40 Նա իբրեւ վարձկան, իբրեւ պանդուխտ թող լինի քեզ մօտ եւ աշխատի մինչեւ ազատագրման տարին: 41 Ազատագրման տարում ինքն իր երեխաների հետ թող ազատ արձակուի եւ վերադառնայ իր ցեղի մօտ, թող գնայ իր հայրենի կալուածքը: 42 Իմ ծառաներն են նրանք, որոնց ես հանել եմ Եգիպտացիների երկրից: Դրա համար էլ նրանք իբրեւ ստրուկ չեն վաճառուելու: 43 Չարչարանքով չպիտի տանջես նրան: Երկնչի՛ր քո Տէր Աստծուց: 44 Ինչ ծառայ կամ աղախին էլ որ ուզենաս ունենալ, քո շուրջը եղող ազգերից կը վերցնես, 45 ինչպէս եւ ձեր մէջ ապրող օտարականների զաւակներից ու նրանց ազգականներից: Որքան զաւակ ունենան ձեր երկրում, բոլորը թող դառնան ձեր սեփականութիւնը: 46 Նրանց իբրեւ ժառանգութիւն կը յանձնէք ձեր գալիք սերունդներին, նրանք առյաւէտ ձեր ստրուկները թող լինեն: Ձեզնից ոչ ոք իր եղբայրներին՝ իսրայէլացիներին, չարչարանքով թող չտանջի:
47 Եթէ հարստանայ քեզ մօտ հաստատուած եկուորը կամ պանդուխտը, եւ քո աղքատացած եղբայրը վաճառուի քեզ մօտ հաստատուած այդ եկուորին կամ պանդուխտին կամ վերջիններիս ընտանիքներում ծնուածին, 48 ապա վաճառուելուց յետոյ նա պէտք է յետ գնուի. նրա եղբայրներից մէկնումէկը փրկավճարով թող գնի նրան: 49 Նրան փրկավճարով պէտք է գնի նրա հօրեղբայրը, հօրեղբօր որդին կամ իր ցեղի արիւնակից ազգականներից մէկը: Իսկ եթէ ինքը հարստանայ, թող փրկավճարով գնի ինքն իրեն: 50 Նա, սկսած իր վաճառուելու տարուանից մինչեւ ազատագրման տարին, թող հաշուի այն պարտքը, որ ինքն ունի իրեն գնած մարդուն: Պարտքի գումարը թող հաշուուի վարձու աշխատողի վարձի չափով, նրա մօտ աշխատած տարիների քանակով: 51 Եթէ դեռ շատ ժամանակ կայ մինչեւ ազատագրման տարին, որպէս փրկագին թող հատուցի իր անձի վաճառքի գնի մէկ մասը: 52 Իսկ եթէ մինչեւ ազատագրման տարին քիչ ժամանակ է մնացել, թող հաշուի եւ ըստ մնացած տարիների տայ իր փրկագինը: 53 Նա վարձկան պիտի համարուի այնքան ժամանակ, որքան տարի որ եղել է նրա մօտ: Չարչարանքով չպիտի տանջես նրան: 54 Իսկ եթէ այս ձեւերից որեւէ մէկով չի փրկագնուած, ապա ազատագրման տարում թող ազատ արձակուեն ինքն ու իր զաւակները, 55 քանզի իսրայէլացիներն իմ ստրուկներն են, իմ ծառաները, որոնց ես հանել եմ Եգիպտացիների երկրից”»:
26
ՕՐՀՆՈՒԹԻՒՆՆԵՐ
(Բ Օր. 7.12-24, 28.1-14)
1 Ես եմ ձեր Տէր Աստուածը202:
«Ձեզ համար ձեռակերտ կամ քանդակուած կուռքեր մի՛ ստեղծէք, ձեզ համար արձան մի՛ կանգնեցրէք եւ ձեր երկրում քարակոթող մի՛ դնէք դրան երկրպագելու համար: Ես եմ ձեր Տէր Աստուածը: 2 Իմ շաբաթ օրերը պիտի պահէք եւ իմ սրբարաններից երկիւղածութիւն պիտի զգաք, քանզի ես եմ Տէրը: 3 Եթէ ըստ իմ հրամանի ընթանաք, իմ պատուիրանները պահպանէք ու կատարէք դրանք, ապա անձրեւ կ՚ուղարկեմ ձեզ իր ժամանակին: 4 Հողն իր բերքը կը տայ, իսկ դաշտերի ծառերը կը տան իրենց պտուղները: 5 Ձեր կալերում աշխատանքը կը տեւի մինչեւ այգեկութ, իսկ ձեր այգեկութները կը տեւեն մինչեւ նոր ցանքսի ժամանակը: Դուք կուշտ հաց կ՚ուտէք եւ ձեր երկրում անհոգ կ՚ապրէք: 6 Ձեր երկրին խաղաղութիւն կը պարգեւեմ, եւ ձեր երկրում պատերազմ չի լինի: Կը քնէք, եւ չի լինի մէկը, որ ձեզ վախեցնի: Ձեր երկրից կը վերացնեմ չարիք պատճառող գազաններին: 7 Դուք հալածական կ՚անէք ձեր թշնամիներին, եւ նրանք սպանուած կ՚ընկնեն ձեր առաջ: 8 Ձեր հինգ հոգին հալածական կ՚անի հարիւր հոգու, իսկ ձեր հարիւրը՝ բիւրաւորների, ձեր թշնամիները սրի հարուածներից կ՚ընկնեն ձեր առաջ: 9 Ես բարի աչքով կը նայեմ ձեզ, կ՚աճեցնեմ ու կը բազմացնեմ ձեզ եւ կը կատարեմ ձեզ տուած իմ խոստումը: 10 Այնքան բերք կը ստանաք, որ նախորդ ու դրանից էլ առաջ ստացած բերքը կը բաւարարի ձեզ, բայց հին բերքը շտեմարանից միշտ պիտի հանէք նոր բերքով լցնելու համար: 11 Ես իմ ուխտատեղին պիտի հաստատեմ ձեր մէջ, եւ ես ձեզնից չեմ խորշելու: 12 Ես պիտի քայլեմ ձեր մէջ եւ պիտի լինեմ ձեր Աստուածը, իսկ դուք պիտի լինէք իմ ժողովուրդը: 13 Ես եմ ձեր Տէր Աստուածը, որ ձեզ հանեց Եգիպտացիների երկրից, երբ դեռ ստրուկ էիք, քանդեց ձեր ստրկական լծի կապանքները եւ ձեզ համարձակ այստեղ բերեց»:
ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹԵԱՆ ՊԱՏԻԺԸ
(Բ Օր. 28.15-68)
14 «Բայց եթէ չլսէք ինձ եւ չկատարէք իմ այս բոլոր հրամանները, 15 արհամարհէք դրանք, իմ կարգադրութիւններից ձանձրանալով չկատարէք իմ պատուիրանները, վերացնէք իմ հաստատած ուխտը, 16 ապա ես նոյնը կ՚անեմ ձեր նկատմամբ. տագնապալից տառապանքների կը մատնեմ ձեզ, քոսով ու դեղնախտով կը հիւանդացնեմ ձեզ, որ պակասի ձեր աչքի լոյսը, եւ դուք հալումաշ լինէք: Այնժամ զուր տեղը պիտի ցանէք ձեր սերմերը, եւ ձեր արտերի բերքը ձեր հակառակորդները պիտի ուտեն: 17 Ես իմ զայրացած հայեացքը ձեզ վրայ պիտի յառեմ, եւ դուք պիտի ընկնէք ձեր թշնամիների առաջ: Ձեզ ատողները ձեզ հալածական պիտի անեն, եւ դուք փախստական պիտի լինէք, եթէ անգամ որեւէ մէկը չհալածի ձեզ: 18 Եթէ նման պատիժներից յետոյ էլ ինձ չլսէք, ձեր գործած մեղքերի համար եօթնապատիկ աւելի պիտի պատժեմ: 19 Ես պիտի խորտակեմ ձեր ամբարտաւան պարծենկոտութիւնը, երկինքը ձեզ վրայ երկաթի պէս ծանր պիտի դարձնեմ, իսկ ձեր հողը՝ պղնձի պէս կարծր: 20 Ձեր զօրութիւնը ի չիք պիտի դառնայ, հողը ձեր ցանած սերմի չափով իսկ բերք պիտի չտայ, ոչ էլ երկրի ծառերը պտուղ պիտի տան:
21 Իսկ եթէ դուք շարունակէք շեղուել ուղիղ ճանապարհից ու չկամենաք լսել ինձ, ձեր գործած մեղքերի համեմատ եօթնապատիկ աւելի պիտի պատժեմ ձեզ: 22 Ձեզ վրայ պիտի ուղարկեմ երկրի վայրի գազաններ, նրանք պիտի լափեն ձեզ ու պիտի յօշոտեն ձեր անասունները: Այսպիսով պիտի պակասեցնեմ ձեր թիւը, եւ ձեր ճանապարհները ամայի պիտի դառնան: 23 Իսկ եթէ դրանից յետոյ էլ չխրատուէք ու հակառակուէք ինձ, 24 ես դարձեալ, զայրանալով, պիտի հակառակուեմ ձեզ եւ ձեր գործած մեղքերի համեմատ եօթնապատիկ աւելի պիտի պատժեմ ձեզ: 25 Ձեզ սրակոտոր պիտի անեմ՝ լուծելու համար իմ ուխտի վրէժը: Եւ եթէ ամրանաք ձեր քաղաքներում, ես ձեզ մահ պիտի ուղարկեմ, եւ դուք պիտի մատնուէք թշնամիների ձեռքը: 26 Երբ ձեզ նեղեմ հացի պակասութեամբ, տասը կին ձեզ հաց պիտի եփեն մէկ թոնրի մէջ եւ ձեզ հաց պիտի բաժանեն հաշուած կշռով: Պիտի ուտէք ու չպիտի կշտանաք: 27 Եթէ դրանից յետոյ էլ ինձ չանսաք ու հակառակ գնաք ինձ, 28 ես էլ, զայրանալով, պիտի հակառակուեմ ձեզ եւ ձեր գործած մեղքերի համեմատ եօթնապատիկ աւելի պիտի պատժեմ ձեզ: 29 Դուք պիտի ուտէք ձեր տղաների ու ձեր աղջիկների միսը: 30 Ես պիտի կործանեմ ձեր արձանները, պիտի խորտակեմ ձեր փայտեայ ձեռակերտ կուռքերը: Ձեր դիակները պիտի նետեմ ձեր ջարդուփշուր եղած կուռքերի բեկորների վրայ, եւ իմ հոգին պիտի խորշի ձեզնից: 31 Ձեր քաղաքները աւերակ պիտի դարձնեմ, պիտի ամայացնեմ ձեր սրբարանները եւ ձեր զոհաբերութիւնների անուշ բոյրը այլեւս չպիտի հոտոտեմ: 32 Պիտի աւերեմ ձեր երկիրը, եւ նրա մէջ ապրող ձեր թշնամիները պիտի զարմանան դրա վրայ: 33 Ձեզ պիտի ցրեմ տարբեր ժողովուրդների մէջ, եւ ձեզ վրայ իջած սուրը պիտի կոտորի ձեզ: Ձեր երկիրը աւերակ պիտի դառնայ, իսկ ձեր քաղաքները՝ ամայի: 34 Այնքան ժամանակ, որ երկիրը աւերակ պիտի մնայ, պիտի վայելի իր հանգստեան օրերը, 35 իսկ դուք պիտի լինէք ձեր թշնամիների երկրում՝ օտար երկրում: Այնքան ժամանակ, որ երկիրը աւերակ պիտի մնայ, պիտի վայելի իր հանգստեան օրերը, պիտի հանգստանայ այն շաբաթ օրերի փոխարէն, որ չհանգստացաւ ձեր այնտեղ բնակուելու ժամանակ: 36 Ձեր թշնամիների երկրում վերապրածներիդ սրտում վախ պիտի գցեմ. նրանք պիտի սարսռան տերեւների սօսափիւնից, նրանք փախուստի պիտի դիմեն, ինչպէս փախչում են ռազմի դաշտից, եւ պիտի ընկնեն առանց որեւէ մէկից հալածուած լինելու: 37 Եղբայրը պիտի լքի իր եղբօրը, ինչպէս ռազմի դաշտում, առանց որեւէ մէկից հետապնդուած լինելու: Դուք չպիտի կարողանաք դիմադրել ձեր թշնամիներին: 38 Դուք պիտի կորչէք ժողովուրդների մէջ, եւ ձեր թշնամիների երկիրը ձեզ կուլ պիտի տայ: 39 Ձեզնից վերապրածները իրենց գործած մեղքերի համար պիտի կոտորուեն իրենց թշնամիների երկրում եւ իրենց հայրերի մեղքերի համար նրանց հետ միասին հալումաշ պիտի լինեն: 40 Այդ ժամանակ է, որ նրանք պիտի խոստովանեն իրենց ու իրենց հայրերի գործած մեղքերը, պիտի համոզուեն, որ յանցանք են գործել եւ արհամարհել են ինձ. 41 նրանք հակառակուեցին ինձ, ես էլ նրանց հակառակուեցի բարկութեամբ եւ ոչնչացրի նրանց իրենց թշնամիների երկրում: Այնժամ պիտի ամաչի նրանց հեթանոս սիրտը, եւ իրենք պիտի զգան իրենց գործած մեղքերի ծանրութիւնը: 42 Ես պիտի յիշեմ Յակոբին, Իսահակին եւ Աբրահամին տուած իմ խոստումը, պիտի յիշեմ նաեւ այն երկիրը, 43 որը լքուելով նրանց կողմից, պիտի վայելի իր հանգստեան օրերը, քանի որ այն աւերակ էր դարձել իր բնակիչների պատճառով: Նրանք պիտի պատժուեն իրենց կատարած անօրէնութիւնների համար, այն բանի փոխարէն, որ արհամարհեցին իմ պատուիրանները, եւ իմ հրամանները նրանց համար տաղտկալի դարձան:
44 Երբ նրանք իրենց թշնամիների երկրում էին, ես նրանց անտես չարեցի եւ ոչ էլ զզուեցի նրանցից նրանց հետ իմ կապած ուխտը լուծելու համար, որպէսզի չոչնչացնեմ նրանց, քանզի ես եմ նրանց Տէր Աստուածը: 45 Ես պիտի յիշեմ նրանց հետ կապած իմ նախկին ուխտը, երբ բոլոր հեթանոս ժողովուրդների աչքի առաջ նրանց հանում էի Եգիպտացիների երկրից՝ ստրկութեան բնակավայրից, որպէսզի լինեմ նրանց Աստուածը, քանզի ես եմ Տէրը»:
Սրանք203 են այն պատգամները, հրամաններն ու օրէնքները, որ Տէրը Սինա լերան վրայ Մովսէսի միջոցով հաստատեց իր եւ Իսրայէլի որդիների միջեւ:
27
ՕՐԷՆՔՆԵՐ ԱՍՏԾՈՒՆ ՏՐՈՒԵԼԻՔ ՆՈՒԷՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
1 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 2 «Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ եւ նրանց ասա՛. “Եթէ մէկը ուխտ անի Տիրոջը նուէր մատուցելու մի անձի արժէքի չափով, գները հետեւեալը թող լինեն. տղամարդու դէպքում՝ 3 քսան տարեկանից մինչեւ վաթսուն տարեկանը՝ սրբարանում գտնուող կշեռքով կշռուած յիսուն երկդրամեան արծաթ: 4 Կնոջ դէպքում՝ երեսուն երկդրամեան: 5 Հինգ տարեկանից մինչեւ քսան տարեկան մանչ զաւակի դէպքում՝ քսան երկդրամեան, իսկ նոյն տարիքի աղջկայ դէպքում՝ տասը երկդրամեան: 6 Մէկ ամսականից մինչեւ հինգ տարեկան մանչ զաւակի դէպքում՝ հինգ երկդրամեան արծաթ, իսկ նոյն տարիքի աղջկայ դէպքում՝ երեք երկդրամեան արծաթ: 7 Եթէ վաթսուն տարեկանից բարձր է տղամարդը, նրա գինն է տասնհինգ երկդրամեան արծաթ, իսկ նոյն տարիքի կնոջը՝ տասը երկդրամեան: 8 Եթէ որեւէ մէկը աղքատ լինի եւ ի վիճակի չլինի վճարելու այդ գինը, նա պէտք է կանգնի քահանայի առաջ, եւ քահանան նրա համար գին պիտի նշանակի: Ինչ կարողութիւն որ ունի ուխտ անողը, ըստ այդմ էլ նրա համար գին թող նշանակի քահանան:
9 Եթէ մէկը Տիրոջը ուխտ անի զոհուելու սահմանուած անասուններից զոհ մատուցելու, ինչ էլ որ լինի դա, Տիրոջ համար ընդունելի է: 10 Միայն թէ լաւը վատի տեղ չպիտի մատուցի, ոչ էլ վատը՝ լաւի: Եթէ իր ուխտած կենդանու փոխարէն մի այլ կենդանի բերի, ապա ուխտած կենդանու նման թող սուրբ համարուի նաեւ դրա փոխարէն բերուածը: 11 Եթէ ուխտած կենդանին զոհաբերութեան ենթակայ անասուններից չէ, որոնք չի կարելի Տիրոջը զոհ մատուցել, այդ կենդանին թող կանգնեցուի քահանայի առաջ, 12 քահանան, ըստ լաւի ու վատի, թող գին սահմանի. ըստ քահանայի սահմանած արժէքի պէտք է գնահատուի այդ կենդանին: 13 Եթէ ուխտ անողը ցանկանայ վճարել իր ուխտած կենդանու արժէքը, ապա դրա վրայ պէտք է աւելացնի նաեւ որոշուած արժէքի մէկ հինգերորդ մասը:
14 Եթէ մէկը ցանկանայ իր տունը նուիրել Տիրոջը, քահանան թող գին սահմանի՝ նկատի ունենալով տան լաւ կամ վատ վիճակը. ըստ քահանայի սահմանած արժէքի թող գնահատուի այդ տունը: 15 Իսկ եթէ նուիրաբերողը ցանկանայ յետ գնել իր տունը, ապա տան արժէքի վրայ թող աւելացնի դրա մէկ հինգերորդ մասը, եւ տունը կը լինի իրենը: 16 Եթէ մէկն իր կալուածքը հանդիսացող ագարակն է ուխտում նուիրել Տիրոջը, ապա դրա արժէքը թող լինի ըստ դրա վրայ ցանուած սերմի: Եթէ սերմը մէկ քոռ204 է, ուրեմն թող վճարի յիսուն երկդրամեան արծաթ: 17 Եթէ ագարակը նուիրաբերի ազատագրման տարուայ սկզբին, նրա ամբողջ արժէքը պէտք է հաշուուի: 18 Իսկ եթէ իր հանդը նուիրաբերում է ազատագրման տարուց յետոյ, ապա քահանան պէտք է հաշուի մինչեւ ազատագրման տարին ընկած տարիների համար վճարելիք դրամը եւ դրա համեմատ այն հանի ագարակի արժէքից:
19 Եթէ ագարակը նուիրողը ցանկանայ այն յետ գնել, դրա գնի վրայ թող աւելացնի գնահատուածի մէկ հինգերորդ չափով արծաթ, որից յետոյ ագարակը կը լինի իրենը: 20 Իսկ եթէ նուիրաբերողը չցանկանայ205 յետ գնել իր ագարակը, այլ վաճառի մի ուրիշ մարդու, ապա այն յետ գնելու իրաւունք չունի, 21 բայց վաճառուած ագարակը ազատագրման տարում սրբագործուած նուիրաբերում թող լինի Տիրոջը: Դա քահանային պատկանող սեփականութիւն է:
22 Եթէ նա Տիրոջը նուիրաբերի իր կալուածքը չհանդիսացող, այլ դրամով գնած ագարակ, 23 քահանան պիտի հաշուի մինչեւ ազատագրման տարին մնացած տարիները, եւ յետ գնել ցանկացողը այդ օրը Տիրոջը պիտի վճարի որոշուած արժէքը: 24 Ազատագրման տարում կալուածքի նախկին տէրը այն յետ պիտի ստանայ: 25 Բոլոր գները պիտի սահմանուեն ըստ սրբազան կշեռքների. մէկ երկդրամեանը քսան դանգ206 թող լինի:
26 Քո անասունների բոլոր առաջին ծնունդները Տիրոջն են պատկանում: Այն ոչ ոք չի կարող նուիրաբերել, քանի որ, լինի դա արջառ թէ ոչխար, պատկանում է Տիրոջը: 27 Եթէ անմաքուր չորքոտանի նուիրաբերի, դրա արժէքի վրայ պէտք է աւելացնի մէկ հինգերորդը, որից յետոյ այն կարող է պատկանել իրեն: Իսկ եթէ յետ չգնի, ապա թող վաճառի իր արժէքով: 28 Ով որ իր ունեցածից որեւէ բան է նուիրաբերում Տիրոջը՝ մարդուց սկսած մինչեւ անասուն, ագարակից սկսած մինչեւ սեփական կալուածք, իրաւունք չունի այն ուրիշին վաճառելու կամ յետ գնելու: Նման բոլոր նուիրաբերումները սրբութիւն սրբոց են Տիրոջ համար: 29 Իւրաքանչիւր մարդ, որը, որպէս ուխտ, Տիրոջն է նուիրաբերւում, չի կարող յետ գնուել, այլապէս նա մահուան կը դատապարտուի:
30 Հողի բերքի, ծառերի պտուղների մէկ տասներորդ մասը Տիրոջն է պատկանում: Դրանք Տիրոջն են նուիրաբերւում: 31 Եթէ մէկը ցանկանայ յետ գնել իր տասանորդը, նա պէտք է դրա վրայ աւելացնի դրա արժէքի մէկ հինգերորդ մասը, որից յետոյ տասանորդը կը լինի իրենը: 32 Տասը արջառից ու ոչխարից մէկը, ինչպէս եւ հովուի գաւազանի տակով անցնող տասը անասունից մէկը պատկանում են Տիրոջը: 33 Խտրութիւն թող չլինի լաւի ու վատի միջեւ, եւ լաւը վատով չփոխարինես: Իսկ եթէ այնուամենայնիւ փոխարինես, ե՛ւ նա, ե՛ւ փոխարինուողը պէտք է նուիրաբերես եւ իրաւունք չպիտի ունենաս դրանք յետ գնելու”»:
34 Սրանք են այն պատուիրանները, որ Տէրը Սինա լերան վրայ Մովսէսի միջոցով հաղորդեց իսրայէլացիներին:

[141] Այլ բնագրերում 8-րդ համարն սկսւում է 7-րդ համարի կրակի վրայ բառերից յետոյ:
[142] Եբրայերէնում՝ այրի:
[143] Գրաբար բնագրում՝ արմունկն ու թեւերը:
[144] Եբրայերէնում՝ խաղաղութեան:
[145] Այլ բնագրերում 10-րդ համարն սկսւում է երկու երիկամները-ով:
[146] Շուրջ չորս կիլոգրամ:
[147] Որոշ բնագրերում Զ 1-7 համարները տեղափոխուած են Ե գլուխ՝ իբրեւ դրա 20-27 համարներ:
[148] Եբրայերէնում՝ մեղքի ծանրութեանը համապատասխանող:
[149] Եբրայերէնում չկայ անդրավարտիք իր մարմնի վրայ:
[150] Եբրայերէնում՝ ճարպամոխիրը:
[151] Շուրջ երեք կիլոգրամ:
[152] Այլ բնագրերում՝ տարբեր տնատում:
[153] Եբրայերէնում՝ բարձրացնելու ընծայ:
[154] Այլ հրատարակութիւններում եւ բնագրերում՝ տարբեր տնատում:
[155] Այլ բնագրերում՝ նաեւ բլիթ:
[156] Եբրայերէնում՝ որդիներին:
[157] Եբրայերէնում՝ մատուցեց:
[158] Այլ բնագրերում 17-րդ համարն սկսւում է ընտիր ալիւր մատուցեց-ով:
[159] Կեռ կտուցով թռչուն:
[160] Բուի տեսակ:
[161] Բուի տեսակ:
[162] Մորեխի տեսակներ:
[163] Յօթանասնից բնագրում՝ կատուն:
[164] Մողէսի տեսակ:
[165] Այլ բնագրերում յաւելեալ կայ. եթէ անգամ պիղծ կենդանիներ ընկած լինեն դրանց մէջ:
[166] Եբրայերէնում համարի սկզբում կայ՝ որ ուտի դրա դիակից, թող լուայ իր հանդերձները եւ մինչեւ երեկոյ անմաքուր համարուի:
[167] Այլ բնագրերում, նաեւ յունարէն Եօթանասնիցում՝ երկու անգամ եօթը օր:
[168] Եբրայերէնում՝ չմեկուսացնի:
[169] Այլ բնագրերում՝ տարբեր տնատումներ:
[170] Եբրայերէնում՝ պէտք է բացականչի՝ անմաքուր եմ:
[171] Եբրայերէնում չկայ կտաւի կամ բրդի վրայ:
[172] 4, 6, 49, 51 համարներում եբրայերէնում՝ կրկնակի:
[173] Շուրջ ինը կիլոգրամ:
[174] Այլ բնագրերում խօսքը տրիպերի (գոնորեայի) մասին է:
[175] Յունարէնը յաւելեալ ունի. Ով որ դիպչի այդ իրին, պէտք է լուանայ իր զգեստները, իսկ ինքն էլ լուացուի ջրով: Նա պիղծ է համարւում մինչեւ երեկոյ:
[176] Եբրայերէնում չկայ օտար կրակ մատուցելիս:
[177] Եբրայերէնը յաւելեալ ունի Տիրոջը մատուցուելու վիճակը եւ մեղքերի քաւութեան համար այն զոհաբերի Տիրոջը հատուածը:
[178] Եբրայերէնում չկայ եւ թող նոխազն իր վրայ վերցնի նրանց անօրէնութիւնները:
[179] Եբրայերէնում՝ թող այրի:
[180] Յունարէն բնագրում յաւելեալ կայ. կամ դրսից եկած ու ձեր մէջ բնակութիւն հաստատած: Տե՛ս ԺԷ, 8, 10:
[181] Այլ բնագրերում՝ մօր:
[182] Եբրայերէն՝ Մողոքի համար կրակի միջով չանցկացնես:
[183] Յունարէն եւ այլ բնագրերում՝ խուլին:
[184] Եբրայերէնում չկայ որ Տէր Աստուած տալու է:
[185] Այլ բնագրերում Ես եմ ձեր Տէր Աստուածը հատուածը կազմում է նախորդ համարի վերջին մասը:
[186] Եբրայերէն՝ 26 Միսը արեամբ չուտէք:
[187] Այլ բնագրերում Ես եմ ձեր Տէր Աստուածը հատուածը կազմում է նախորդ համարի վերջին մասը:
[188] Յունարէն բնագրում եւ (ուրեմն նրանք) անժառանգ մեռնեն չկայ:
[189] Եբրայերէնում չկայ հարեւանի բառը:
[190] Յունարէն բնագրում շիլ չկայ:
[191] Գրաբար բնագրում այս նախադասութիւնը հնչում է այլ կերպ: Թարգմանել ենք ըստ այլ բնագրերի:
[192] Շուրջ վեց կիլոգրամ:
[193] Շուրջ մէկուկէս լիտր:
[194] Գրաբար բնագրում 13-14 համարների կէտադրութեան շփոթութիւն, հետեւաբար իմաստի աղաւաղում կայ: Ուղղել ենք ըստ յունարէն եւ այլ բնագրերի:
[195] Եբրայերէնում՝ ութերորդ օրը:
[196] Այլ բնագրերում վերջին նախադասութիւնը 40-րդ համարի վերջին մասն է կազմում:
[197] Այլ բնագրերում՝ տարբեր տնատում:
[198] Շուրջ վեց կիլոգրամ:
[199] Եբրայերէն՝ Երբ:
[200] Եբրայերէն՝ թող այդ հողը եւս շաբաթը պահի Տիրոջ համար:
[201] Այլ բնագրերում՝ տարբեր տնատում:
[202] Այլ բնագրերում այս նախադասութիւնը ԻԵ 55-րդ համարի վերջին մասն է կազմում:
[203] Այլ բնագրերում, նաեւ յունարէնում, ԻԶ գլխի 46-րդ համարն սկսւում է այս բառով:
[204] Շուրջ 300 կիլոգրամ:
[205] Գրաբար բնագրում՝ ցանկանայ:
[206] Շուրջ երկու հարիւր գրամ: