Մարգարեների մասին

 ՄԱՐԳԱՐԵՆԵՐ (մարգարե բառը ծագում է պահլավերեն margar և զենդերեն madran – կանխասաց, կանխագուշակ իմաստից), Աստվածաշնչում՝ ապագան տեսնելու աստվածատուր կարողությամբ օժտված առանձին անհատներ, տեսանողներ: Մարգարեները կոչված էին մարդկանց հաղորդելու Աստծո կամքն ու պատվիրանը ոչ միայն անմիջականորեն, այլև միջնորդի շնորհիվ օր, Ահարոնը Մովսեսի մարգարեն էր (Ելք 7.1), որովհետև նա էր, որ Մովսեսի ստացած աստվածային պատգամներն ու հրահանգները հաղորդում էր ժողովրդին: Մարգարե են կոչվել նաև երաժիշտները, բանաստեղծները, որոնք կանխագուշակել են ապագան (Ա Մնաց. 25.1): Նոր կտակարանում Մարգարե են անվանվում բոլոր նրանք, ովքեր առաքյալների համախոհն ու գործակիցը լինելով, Սուրբ Հոգու պատվիրաններին ունկնդիր, կանխատեսել են ապագա իրադարձությունները (Ա Կորնթ. 11.4–5, 14.1, 31): Այսպես, Անտիոքի եկեղեցում գործել են Բառնաբաս, Շմավոն, Ղուկիոս Կյուրենացի, Մանայեն, Սողոս (Պողոս) անունով Մարգարեները, որոնք ուսուցիչներ են կոչվել և կատարել Սուրբ Հոգու հրահանգները (Գործք 13.1–3):

 Մարգարեներին բացառիկ դեր էր վերապահված Հին կտակարանում: Նրանց խոսքն ու գործը որոշիչ նշանակություն է ունեցել հին հրեաների կյանքում: Նրանք կոչված էին հրապարակելու Աստծո հրահանգները, կարգադրություններն ու վճիռները (Դ Թագ. 4.22, 17.13, Երեմ. 25.4), պահպանելու պետության աստվածակենտրոն կառուցվածքը: Այս է պատճառը, որ գործունորեն մասնակցել են երկրի քաղաքական, հասարակական կյանքին: Մարգարեներին հատուկ էր խոնարհությունը Աստծո հանդեպ, հավատարմությունը, անձնվիրությունը (Դ Թագ. 1.8, Զաք. 13.4, Մատթ. 3.4), խստակեցությունը (Դ Թագ. 5.15–16): Անկախ կեցվածք ունենալով պարագայական գործոնների նկատմամբ, արիաբար հետամուտ լինելով աստվածադիր սկզբունքների պաշտպանությանն ու կենսագործմանը՝ Մարգարեները հաճախ հալածվել են և նահատակվել (Մատթ. 23.34–37, Եբր. 11.32–38, Հակոբ. 5.10):

 Աստվածաշունչը տեղեկություններ է պարունակում Գաբաայում, Նավաթում, Բեթելում, Գաղգաղայում և Երիքովում գործած մարգարեական դպրոցների մասին (Ա Թագ. 10.5, 19.20, Դ Թագ. 2.3, 4.38): Շատերն էլ մարգարեանալու շնորհ են ստացել ի վերուստ (Գ Թագ. 19.20, Ամոս 7.14): Աստվածաշունչը վկայում է նաև կին Մարգարեների մասին. Հին կտակարանում այդպիսիք են Մարիամը, Դեբորան և Ողդան, Նոր կտակարանում՝ Աննան, Եղիսաբեթը, Մարիամը (Միք. 6.4, Դատ. 4.4–5, Բ Մնաց. 34.22–28, Ղուկ. 1.39–42, և այլն):

 Մարգարեները Աստվածության հետ հաղորդակցվել են հայտնությամբ՝ տեսիլքի, երազի, գերբնական հափշտակության շնորհիվ (հմմտ. Թվեր 24.2–16, Հովել 2.27–29, Գործք 10.11–12, Հայտն. 1.10–20): Հայտնության ժամանակ, Սուրբ Հոգու ներգործությամբ, ստացված պատվիրանները Մարգարեները հաղորդել են գրավոր կամ բանավոր խոսքով, նաև՝ զանազան հրաշքներով, խորհըրդավոր նշաններով ու ակնարկներով: Մարգարեություններ կան ոչ միայն մոտակա և հեռու իրադարձությունների, այլև գլխավորի՝ Տիրոջ Առաջին ու Երկրորդ գալուստների մասին: Հին կտակարանը պարունակում է 16 Մարգարեիի գրքերը: Մարգարեներից չորսը՝ Եսային, Երեմիան, Եզեկիելը և Դանիելը, կոչվում են Մեծ, իսկ մնացյալ տասներկուսը՝ Փոքր:

 Եսայու մարգարեությունն ունի 66 գլուխ, որ, բովանդակելով հրեաների պատմության երեք տարբեր ժամանակաշրջանները, համապատասխանաբար բաղկացած է երեք մասից: 1-ին մասը վերաբերում է Ք.ծ.ա. 740–700-ի, 2-րդ մասը՝ Ք.ծ.ա. 587-ի, 3-րդ մասը՝ Ք.ծ.ա. 538-ին հաջորդող իրադարձություններին: Պարունակում է բացորոշ մարգարեություններ Մեսիայի (Քրիստոսի) ծննդյան, կյանքի, տնօրինական գործունեության վերաբերյալ: Այս պատճառով եկեղեցու հայրերը տվյալ մարգարեությունը կոչում են ՙԱվետարան ըստ Եսայեայ՚:

 Օսէէի մարգարեությունները (14 գլուխ, գրվել են Ք.ծ.ա. շուրջ 750–721-ը) դասավորված են ոչ թե ժամանակագրական հերթագայությամբ, այլ՝ ըստ նյութերի. գլ. 1–3՝ Օսէէի ամուսնական փորձառությունը և պատգամը, գլ. 4.1–9.9՝ Իսրայելի վիճակը և դրա հոգևոր իմաստավորումը, գլ. 9.10–14.1՝ Իսրայելի անհավատարմության արմատները, գլ. 14.2–10՝ Աստծո սերը ամենազոր է:

 Ամոսի մարգարեությունը (9 գլուխ, գրվել է Ք.ծ.ա. 760–747-ին): Իսրայելին վիճակված խաղաղ կացության մեջ անսպասելիորեն հնչում է ահազանգը հոգևոր թմբիրի մեջ ընկղմված Աստծո ընտրյալ ժողովրդի վախճանի մասին: Գրքի 7–9 գլուխները պարունակում են Աստծո հետագա միջամտության վերաբերյալ Ամոսի 5 տեսիլքները:

  Միքիան ապրել է Եսայի մարգարեի օրոք (Ք.ծ.ա. շուրջ 740–700-ին): Նա ազդարարում է Երուսաղեմի մոտալուտ կործանումը՝ օրավուր ահագնացող մեղքերի հետևանքով: Մարգարեն կոչ է անում հնազանդվել Աստծո կամքին՝ սիրելով մերձավորին:

 Հովելի մարգարեությունը (ըստ ոմանց՝ Ք.ծ.ա. VIII դ., առհասարակ անստույգ է, թե երբ է ապրել) բաղկացած է 3 գլխից, որտեղ հայտնությամբ նկարագրվում է այն օրը, երբ Աստված ցույց է տալու իր զորությունը և դատելու է ժողովուրդներին: Գիրքը հստակ ակնարկ է պարունակում Հոգեգալստյան վերաբերյալ (3.1–2, տես նաև Գործք 2.16–21):

 Աբդիուի մարգարեությունը (հավանաբար գրվել է Ք.ծ.ա. 587-ին) բաղկացած է 1 գլխից, հայտնում է, որ Իսրայելին թշնամի Եսավի հետնորդ Եդովմի ժողովրդի հետ կործանվելու են նրան հակառակորդ մյուս ժողովուրդները ևս:

 Հովնանի մարգարեությունը (գրված Ք.ծ.ա. 900-ական թթ.) բաղկացած է 4 գլխից, ունի ուսուցող. բնույթ: Շեշտում է, որ Աստծո սերն ու ողորմածությունը տարածվում է ոչ միայն իսրայելացիների, այլև օտարների վրա, ովքեր ունկնդիր են աստվածային նախազգուշացումներին:

 Նավումի մարգարեությունը (գրված Ք.ծ.ա. 663–612-ին) բաղկացած է 3 գլխից, ցույց է տալիս Աստծո զորությունը, այդ զորության ուժով՝ Նինվե քաղաքի կործանումն ու Հուդայի բնակչության ազատագրությունը (2–3):

 Ամբակումի մարգարեությունը (գրված Ք.ծ.ա. VII–VI դդ.) բաղկացած է 3 գլխից, ադամորդուն ուղղված կոչ է՝ հավատարիմ լինել Տիրոջը: Այդ հավատարմությունը հատուցվում է Աստծո միջամտությամբ:

 Սոփոնիայի մարգարեությունը (գրված Ք.ծ.ա. VII դ. վերջին) բաղկացած է 3 գլխից, շեշտում է, որ անկարելի է Աստծո հետ հաղորդակցվել առանց ստորադասելու սեփական-մարդկային շահը հոգևոր՝ աստվածային արժեքներին: Այդ արժեքները կրող խոնարհ մարդիկ միայն կարող են փոխել հասարակությունը:

 Անգեի մարգարեությունը (գրված Ք.ծ.ա. 520-ին) բաղկացած է 2 գլխից, պատմում է Երուսաղեմի տաճարի նորոգության և դրա շնորհիվ հասարակության հոգևոր վերաշինության մասին:

 Զաքարիայի մարգարեությունը (գրված Ք.ծ.ա. 520–518-ին) բաղկացած է 14 գլխից, իր բովանդակությամբ բաժանված է 2 մասի. առաջին մասը (1–8) կազմված է բացառապես տեսիլքներից, որոնք վերաբերում են Երուսաղեմի տաճարի վերանորոգությանը, իսկ երկրորդ մասը (9–14) խոսում է Աստծո արքայության մասին, որ երկրի վրա հաստատում է մե՜րթ մի խոնարհ և հաղթող թագավոր, մե՜րթ մի հովիվ կամ մահապարտ մի առաքյալ, որի հատկորոշ գծերը կատարելապես ցոլանում են Հիսուս Քրիստոսի անձի և տնօրինական թյունների նկատմամբ հրեից քահանաների անտարբերության և մյուս կողմից՝ Աստծո սիրո, նրա մոտալուտ գալստյան ու դատաստանի մասին: Ազդարարվում է, որ Աստված ուղարկելու է իր Պատգամաբերին և Մարգարեին (ըստ մեկնիչների՝ ակնարկվում է Հիսուս Քրիստոսը):

 Երեմիայի մարգարեությունը (Ք.ծ.ա. 626 – մոտ 597-ին) բաղկացած է 52 գլխից, պատմում է Նաբուքոդոնոսորի գլխավորությամբ Երուսաղեմ բաբելոնյան զորքերի արշավանքի (Ք.ծ.ա. 597-ին) մասին: Այս ողբերգական դեպքերի գլխավոր պատճառը, ըստ Երեմիայի, հրեից ժողովրդի անհավատարմությունն է Աստծո նկատմամբ: Ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհը Երեմիան տեսնում է Աստծուն վերադառնալու մեջ: Ավանդությունը Երեմիա մարգարեին է վերագրում նաև Ողբը (գրքում պատմվում է Ք.ծ.ա. 587-ին բաբելոնյան զորքերի հարվածներից Երուսաղեմի կործանման մասին), որը Աստվածաշնչի հայկական կանոնում Բարուքի գրքի հետ զետեղված է Երեմիայի մարգարեությունից հետո:

 Դանիելի մարգարեությունը (Ք.ծ.ա. VII–VI դդ.) բաղկացած է 14 գլխից, պատմում է երեք երիտասարդ հրեաների (Սեդրակ, Միսակ, Աբեդնագով) մասին, որոնք բաբելոնյան գերության մեջ արիաբար ընդդիմանում են բոլոր փորձություններին և հավատարիմ մնում Աստծուն: Մարգարեության 1-ին մասը բովանդակում է 6 տարբեր պատմություններ (Շուշան, Դանիելը առյուծների գբում և այլն), իսկ 2-րդ մասը՝ Դանիելի 4 տեսիլքները, որոնք ակնարկում են հրեաների՝ օտարների բռնապետության տակ գտնվելը և հետագայում նրանց պետության վերահաստատումը: Իր ուղղվածությամբ այն նման է Նոր կտակարանի Հայտնության գրքին:

 Եզեկիելի մարգարեությունը (Ք.ծ.ա. 597–587-ին) բաղկացած է 48 գլխից, ըստ բովանդակության բաժանվում է 4 մեծ մասերի: 1-ին մասը պարունակում է հրեաներին ուղղված մեղադրանքներ և սպառնալիքներ՝ նախքան բաբելացիների կողմից Երուսաղեմի երկրորդ պաշարումը: 2-րդ մասում ասվում է, որ Աստծո դատաստանը պիտի տարածվի օտարների վրա նմանապես: 3-րդ մասը Երուսաղեմի անկումից հետո հրեաներին ուղղված սփոփանքի խոսք է: 4-րդ մասում, համաձայն տեսիլքի, ներկայացվում է Երուսաղեմի ապագա տաճարի նկարագրությունը: Իբրև քահանա կարևորելով տաճարի նորոգությունը՝ Եզեկիելը, այսուամենայնիվ, այն հոգևոր գաղափարն է առաջ քաշում, որ Աստծո ներկայությունը որևէ տարածքով (Երուսաղեմի տաճարի սրբարան) չի սահմանափակվում:

 Ի գնահատություն Մարգարեների անձի և գործի՝ հայ միջնադարում լայն շրջանառության մեջ է եղել (Մահ երկոտասան մարգարէից) հինկտակարանային անվավերը, որն ընդգրկում է ոչ միայն Փոքր, այլև՝ Մեծ Մարգարեների մահվան, նահատակության պատմությունները: Աստվածաշնչի հայերեն ձեռագրերից շատերում այս միավորի մեջ առկա յուրաքանչյուր մարգարեի ՙ(Մահ)-ը կցված է նրա մարգարեության վերջում, երբեմն՝ սկզբում (օր., Մատենադարան, ձեռ. դ 187, 201) կամ զետեղված առանձին (Մատենադարան, ձեռ. դ 188): Յուրաքանչյուր մարգարեի (Մահ)-ը առկա է իբրև ընթերցված Ճաշոց ծիսամատյանում՝ համապատասխան մարգարեի տոնի օրը կարդալու համար: Ճառընտիրներում այն հաճախ հիշվում է Եպիփան Կիպրացու անվամբ. «Անուանք երկոտասան մարգարէիցն, թէ ուստի էին եւ որպէս վախճանեցան եւ կամ ուր թաղեցան՝ Եպիփանու եպիսկոպոսի ասացեալ» (Մատենադարան, ձեռ. դ 6869, հմմտ. Մատենադարան, ձեռ. դ 142, թ. 320ա–322բ): Հայերեն ձեռագրերում առկա են նաև հետևյալ հինկտակարանային միավորները. (Պատմութիւն համառօտ Եղիայի մարգարէի), (Քարոզ Յովնանու մարգարէին, որ ի Նինուէ քաղաքին), (Վասն Երեմիայի մարգարէին՝ ի գրոցն Բարուքայ), (Պատմութիւն սրբոյն Երեմիա մարգարէին եւ աշակերտաց նորա՝ Բարուքայ եւ Աբիմելեքայ), (Տեսիլ Դանիելի Եօթներորդ), (Հարցաքննութիւն Ազրի մարգարէին ընդ հրեշտակն Տեառն վասն հոգւոց մարդկան): Համաբնույթ միավորներ զետեղված են նաև վարքագրական, վկայաբանական ժողովածուների՝ Հայսմավուրքների մեջ: Իբրև բացառիկ հեղինակություն վայելող մարգարեություններ՝ Հայսմավուրքի մեջ զետեղված են նաև Մովսես նախամարգարեի (Բ 152, տպ. 1706, 95–98) և Եղիա մարգարեի (տպ. 1706, 714–716) մասին պատմող վարքագր. միավորներ:

 Հայ թարգմանության և ինքնուրույն մատենագրության մեջ մասնավոր կարևորություն ունեն մարգարեությունների մեկնությունները , որոնք միջնադարի աստվածաբանության, իմաստասիրության, գիտության զանազան մարզերի հետազոտման լուրջ սկզբնաղբյուրներ են: Առավել կամ նվազ մանրամասնությամբ մեկնաբանված և վանական ուսուցման նպատակով շրջանառության մեջ դրված երկերից են՝ Եսայու (Հովհան Ոսկեբերան, Սարգիս Կունտ, Գևորգ Սկևռացի, Եսայի Նչեցի, Գրիգոր Տաթևացի), Երեմիայի (Հովհան Ոսկեբերան, Մխիթար Գոշ, Անանուն), Դանիելի (Հիպպողիտոս Բոստրացի՝ մահ. 235/236, Վարդան Արևելցի, Հովհաննես Ծործորեցի, Մարգար Խոջենց Երևանցի՝ XVIII դ.), Եզեկիելի (Եփրեմ Ասորի, Հովհան Ոսկեբերան, Թեոդորետոս Կյուրացի, Ստեփանոս Սյունեցի, Եսայի Նչեցի, Մարգար Խոջենց Երևանցի), ինչպես նաև՝ 12 Փոքր Մարգարեների (Հովհան Ոսկեբերան, Ներսես Լամբրոնացի) մեկնությունները: Մարգարեությունից քաղված բնաբաններով են շարադրվել շատ ճառեր և քարոզներ (Վարդան Արևելցի, Գրիգոր Տաթևացի), որոնք ըստ էության համապատասխան համարների վարդապետական, բարոյաբանական մեկնություններն են: Համաձայն մեկնաբանական, ճառագրության, քարոզխոսության երկերի, մարգարեությունների հիմնական բովանդակությունը Հիսուս Քրիստոսի մասին ակնարկելն ու վկայելն է (Ագաթանգեղոս,  339, 422): Հայ (և ոչ միայն հայ) միջնադարի մեկնաբանական ավանդույթն իբրև այդպիսիք նկատում է հետևյալ տեղիները. Եսայի 7.14, 11.1–5, 10, 9.6–7, 8.14, 53.1–3, 10, 49.6–7, 43.1–6, 42.6–7, 65.15–18 և այլն, Երեմիա 23.5–6, 33.14–17, 31.15, Եզեկել 34.23–24, 37.21–24, Դանիել 7.13–14, 9.20–24, Միքիա 5.2–4, Անգե 2.6–9, Զաքարիա 6.12–15, 9.9, 13.1–2, 11.11–13, 12.10:

 Մարգարեությունները տվյալներ են պարունակում հայոց պատմության հետազոտման համար: Այսպես. Եսայու մարգարեության մեջ հիշատակվում է Արարատի երկիրը, ուր փախան Ադրամելեքը և Սարասարը (ըստ Մովսես Խորենացու ՙՀայոց պատմության՚՝ Ադրամալեք և Սանասար), իրենց հորը՝ Ասորեստանի Սենեքերիմ թագավորին (Ք.ծ.ա. 705–680) սպանելուց հետո (Եսայի 37.37–38, տես նաև Դ Թագ. 19.36–37): Երեմիայի մարգարեության մեջ հիշատակվում է «Արարատյան թագավորությունը» (51.27), որն ակնարկում է Երվանդունիների նորաստեղծ հայկական պետությունը (Ք.ծ.ա. 594–592): Եզեկիելի մարգարեության մեջ երկիցս հիշատակված «Թորգոմի տունը» (27.14, 38.6) մասնագետները տեղադրում են Երկրորդ Հայքի տարածքում (Ք.ծ.ա. 593–570):

 Հայ մատենագրության մեջ կենցաղավարում են շարականներ և տարբեր բանաստեղծություններ՝ նվիրված Մարգարեներին: Առավել հայտնի են Մովսես Խորենացու և Ներսես Շնորհալու անվամբ շարականներն ու Ներսես Լամբրոնացու «Ոտանաւոր ի կատարածի ԺԲ մարգարէիցն» քերթվածը (Մատենադարան, ձեռ. դ 180, թ. 398ա):

 Մարգարեների պատկերագրությունը կարևոր տեղ է զբաղեցրել հայ միջնադարյան մանրանկարչության մեջ: Մարգարեները պատկերված են գլխավորաբար Աստվածաշունչ պարունակող ձեռագրերում՝ տվյալ մարգարեությանը կից (Մատենադարան, ձեռ. դ 180, 187 ևն):

Աղբյուր ՔՀ. հանրագիտարան