Առաքյալների մասին

 ԱՌԱՔՅԱԼՆԵՐ (հուն. apostoloV – առաքյալ՝ ուղարկված, պատգամավոր), Հիսուս Քրիստոսի կողմից ուղարկվածներ՝ քարոզելու բարի լուրը՝ Աստծո թագավորության հաստատումը երկրի վրա:

 Ս. Գրքում առկա են առաքելության բազում և տարբեր օրինակներ, ինչպես՝ մարգարեների առաքումը՝ որևէ հանձնարարությամբ, կամ Գաբրիել հրեշտակապետի առաքումը Մարիամ Աստվածածնի մոտ, Հովհաննես Մկրտչի առաքումը Հիսուսի առջևից՝ մարդկանց համար նախապես ապաշխարության ճանապարհը բացելու և այլն: Աստծո գերագույն առաքյալը, սակայն, Աստծո Որդին էր՝ Հիսուս Քրիստոսը, «…որին Աստված ուղարկեց՝ լինելու Քահանայապետն այն հավատի, որ խոստովանում ենք մենք» (Եբր. 3.1):

 Հիսուսն իր համար Առաքյալներ ընտրեց Հայր Աստծո կամքի համաձայն. նախ, նրանց արդարացրեց իր՝ Հայր Աստծուց ուղարկվածի նկատմամբ հավատքով, այնուհետև փրկագործեց ու մաքրագործեց նրանց. սովորեցրեց իր երկնային պատվիրանները, պատրաստեց իբրև անոթներ՝ իրենց մեջ կրելու Աստծո Խոսքը. տվեց նրանց «իշխանություն պիղծ դևերի վրա» և իր անունով հիվանդություններ բուժելու զորություն (Մատթ. 10.1): Իր մարմնի՝ որպես երկնավոր հացի, և իր արյան՝ որպես երկնավոր գինու բաշխումը կատարեց նրանց մեջ, հարություն առնելով՝ նրանց օծեց երկնքում և երկրի վրա մեղքերը կապելու և արձակելու արտոնությամբ՝ նրանց վրա Սուրբ Հոգու փչմամբ (Հովհ. 20.21–23), ապա, հարությունից հիսուն օր հետո, երբ արդեն համբարձվել էր, նրանց մկրտեց Հորից շնորհված Սուրբ Հոգով ու հրով, որից հետո միայն զորություն հագնելով, նրանք կարողացան կատարել Հիսուսից տրված առաքելական հանձնարարությունը. «…Գնացե՜ք ուրեմն աշակերտ դարձրե՜ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՜ք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով» (Մատթ. 28.18–19, տես նաև Մարկ. 16.14–20, Ղուկ. 24.46–48, Հովհ. 20.19–23, Գործք 1.6–8): Հոգեգալստից ի վեր մարդու եկեղեցագործումը կատարում է աշխարհ առաքված Սուրբ Հոգին:

 Հիսուսի ընտրած և նրա հետ շրջող Առաքյալները տասներկուսն էին: Նրանք կոչվում են մեծ
Առաքյալներ:

 Պետրոս առաքյալ (հուն. Պետրոս նշանակում է վեմ), թլփատության անունը՝ Շմավոն, հունացած ձևով՝ Սիմոն կամ Սիմեոն, Հովնանի որդին, Անդրեաս առաքյալի եղբայրը: Հիսուսը նրան անվանել է Կեփաս (արամեերեն՝ վեմ, ժայռ: Հովհ. 1.42): Ծնվել է Բեթսայիդայում, ապրել՝ Կափառնայում քաղաքում: Եղել է ձկնորս: Քարոզել է Հուդայում, Անտիոքում, Հռոմում: Նահատակվել է Հռոմում՝ գլխիվայր խաչվելով (ենթադրաբար՝ 64-ին): Ավանդության համաձայն՝ Հռոմում է նահատակվել նաև նրա կինը: Պետրոս առաքյալից ավանդված գրվածքներն են առաջին և երկրորդ Ընդհանրական թղթերը՝ ուղղված հրեական սփյուռքի հավատացյալներին:

 Պետրոս առաքյալն ի սկզբանե Հիսուսին ճանաչեց որպես Աստծո Որդի (Մատթ. 16.15–17, Մարկ. 8.27–29, Ղուկ. 9.18–21), Հովհաննես և Հակոբոս Ա-ի հետ շնորհ ունեցավ Հիսուսից՝ ներկա լինելու Հայրոսի աղջկա հարությանը (Մարկ. 5.35–42, Մատթ. 9.18–26, Ղուկ. 8.40–56), Հիսուսի պայծառակերպմանը Թաբոր լեռան վրա (Մատթ. 17.1–13, Մարկ. 9.1–7, Ղուկ. 9.28–36) և Գեթսեմանիի պարտեզում Փրկչի աղոթքին՝ մահվանից առաջ (Մարկ. 14.32–42, Մատթ. 26.36–46): Թեև երեք անգամ ուրացավ Հիսուսին, ըստ Տիրոջ կանխասացության, բայց վերահաստատվեց առաքելական շնորհի մեջ և հաստատեց իր անունը՝ Վեմ, քանի որ եղավ Երուսաղեմի առաջին քրիստոնեական համայնքի, իսկ հետագայում՝ Պողոս առաքյալի հետ՝ Հռոմի եկեղեցու հիմքը: Նրա գերեզմանի վրա է կառուցվել Հռոմի Ս. Պետրոս եկեղեցին:

 Հայ եկեղեցին Պետրոս առաքյալի հիշատակը տոնում է Պողոս առաքյալի հետ, Սուրբ Ծնունդը կանխող Ավագ տոների շարքում, «Գլխավոր առաքյալներ» անվան ներքո:

  Անդրեաս առաքյալ, Պետրոս առաքյալի եղբայրը, նույնպես՝ ձկնորս: Սկզբում աշակերտել է Հովհաննես Մկրտչին, ապա եղբոր հետ առաջինն է հետևել Հիսուսին (Մատթ. 4.18–22, Մարկ. 1.16–20, Ղուկ. 5.1–11): Քարոզել է Սկյութիայում, Հունաստանում և Փոքր Ասիայում (ավանդություն): Նահատակվել է խաչի մահվամբ (ըստ որոշ աղբյուրների՝ Հունաստանում). ըստ ավանդության՝ նրան խաչել են լատ. X տառի ձևով, որը հայտնի է «Անդրեաս սրբի խաչ» անունով:

 Հայ եկեղեցին Անդրեասին հիշատակում է Փիլիպպոս առաքյալի հետ, ս. Խաչվերացի 9-րդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը:

 Հովհաննես առաքյալ եվ ավետարանիչ, Աառաքյալներից ամենակրտսերն է: Նրան և եղբորը՝ Հակոբոս առաքյալին, Հիսուսն անվանել է Բաներեգես՝ Որոտման որդիներ (Մարկ. 3.13–19): Որդիներն էին Զեբեդեոսի և Սալոմեի (Սողոմեի): Ծնվել է Բեթսայիդայում, ապրել Երուսաղեմում: Եղել է ձկնորս: Հովհաննեսը գործունեություն է ծավալել Փոքր Ասիայի եկեղեցիներում և Եփեսոսում: 95-ին աքսորվել է Պատմոս կղզի, այստեղ ունեցել Հայտնության մեջ նկարագրած տեսիլները: Ըստ ավանդության՝ աքսորից վերադարձել է և վախճանվել բնական մահով՝ 94 կամ 95 տարեկան հասակում, մոտ 100-ին: Ասվում է, որ նա, արդեն ալեհեր, շարունակ հորդորել է. «Զավակնե՜րս, սիրեցե՜ք միմյանց»: Հեղինակն է Ավետարաններից մեկի, երեք Ընդհանրականթղթերի և Հայտնության: Հովհաննեսը կոչվել է «սիրեցյալ աշակերտ Հիսուսի»: Նա հետևել է Հիսուսին՝ չարչարանաց գիշերից մինչև Գողգոթա: Խաչի վրայից Հիսուսը Հովհաննեսին արժանացրել է գերագույն շնորհի՝ Մարիամ Աստվածածնին նրա խնամակալությանը հանձնելով: Մինչև Հիսուսին հետևելը աշակերտել է Հովհաննես Մկրտչին: Իր եղբոր՝ Հակոբոսի և Պետրոս առաքյալի հետ ներկա է եղել Հայրոսի աղջկա հարությանը, Հիսուսի պայծառակերպմանը Թաբոր լեռան վրա և նրա վերջին աղոթքին՝ Գեթսեմանիի պարտեզում: Նա էր, որ կիրակի առավոտյան Պետրոսի հետ գնաց Տիրոջ գերեզմանը և, այն թափուր գտնելով, հավատաց Հիսուսի հարությանը՝ նրան դեռ չտեսած:

 Հովհաննեսն իր եղբայր Հակոբոսի և Պետրոսի հետ եղել է Երուսաղեմի առաջին եկեղեցու սյուներից մեկը:
Հայ եկեղեցին Հովհաննես առաքյալի տոնը նշում է մյուս երեք ավետարանիչների հետ՝ ս. Խաչվերացի վեցերորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը, նաև՝ եղբոր՝ Հակոբոս առաքյալի հետ:

  Հակոբոս առաքյալ (Հակոբոս Զեբեդյան), Հովհաննես առաքյալի եղբայրը (կոչվում է նաև Ավագ կամ Երեց՝ ի տարբերություն մյուս՝ Հակոբոս Կրտսեր առաքյալի): Ծնվել է Բեթսայիդայում, ապրել Երուսաղեմում: Եղբոր հետ կոչվել է Բաներեգես: Երբ սամարացիներից ոմանք չուզեցին ընդունել Քրիստոսին, Հակոբոսն ու Հովհաննեսը խնդրեցին նրան, որ թույլ տա իրենց երկնքից հուր իջեցնել և այրել նրանց: Ըստ մեկնություններից մեկի՝ այդ պատճառով է Քրիստոսը նրանց անվանել Բաներեգես՝ Որոտման որդիք: Նա Հովհաննես և Պետրոս առաքյալների հետ կազմել է այն առանձնաշնորհյալ եռյակը, որն ավելի մերձ էր Հիսուսին, և ներկա է եղել Տիրոջ ամենախորհրդավոր սքանչելագործություններին: Միակ առաքյալն է, որի նահատակությունը նշված է Գործք առաքելոցում (Գործք 12.1–2): Գլխատվել է Հերովդեսի հրամանով՝ 44-ին, Երուսաղեմում: Հակոբոսը քարոզել է Երուսաղեմում և Հուդայում: Ըստ ավանդության՝ նրա մարմինը նետել են ծովը, և ալիքներն այն դուրս են բերել Իսպանիայի ծովեզերք (Իսպանիայում Հակոբոսը, որպես պաշտելի սուրբ, մեծ ժողովրդականություն ունի):

 Հայոց մեջ Հակոբոսը կոչվել է Գլխադիր առաքյալ: Ըստ ավանդության՝ Հակոբոսի գլուխը հանձնվել է Հակոբոս Տյառնեղբայր կամ Կրտսեր կոչված առաքյալին, որն էլ գլուխը թաղել է իր տան պարտեզում: Այս տան տեղում կառուցվել է Երուսաղեմի հայկական Սրբոց Հակոբյանց Մայր տաճարը, որտեղ ցայսօր ի ցույց է դրվում Հակոբոսի գլխի գերեզմանը, այսինքն՝ գլխադիրը: Դա էլ մակդիր է դարձել առաքյալի համար:

 Հայ եկեղեցին Հակոբոս առաքյալի հիշատակը տոնում է եղբոր՝ Հովհաննես առաքյալի հետ՝ Սուրբ Ծնունդը կանխող Ավագ տոներին՝ իբրև վերջինը:

  Փիլիպպոս առաքյալը Բեթսայիդայից էր: Քարոզել է Փռյուգիայում: Ըստ ավանդության՝ նահատակվել է խաչի մահվամբ՝ Եփեսոսում կամ Փռյուգիայի Հիերապոլիս քաղաքում: Հայ եկեղեցին Փիլիպպոս առաքյալի հիշատակը տոնում է ս. Խաչվերացի 9-րդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը՝ Անդրեաս առաքյալի հետ:

 Բարդուղիմեոս կամ Բարդողիմեոս առաքյալը Գալիլիայի Կանա քաղաքից էր: Հովհաննեսի Ավետարանում հիշվում է միայն իր սկզբնական՝ Նաթանայել անունով: Թադեոս առաքյալի հետ համարվում է Հայ եկեղեցու հիմնադիրը: Նահատակվել է մորթազերծումով, 66-ին, Վասպուրականի Աղբակ գավառում:

 Թադեոս, Ղեբեոս կամ Հուդա առաքյալ, Բարդուղիմեոսից առաջ քարոզել է նաև Հայաստանում (հիմնականում՝ Արտազ գավառում): Հովհաննես ավետարանիչը նրան կոչում է այսպես՝ «Հուդան (ոչ Իսկարիովտացին)» (Հովհ. 14.22): Մատթեոս առաքյալն իր Ավետարանում գրում է. «… Ալփեոսի որդի Հակոբոս և Ղեբէոս, որ Թադէոս կոչվեց» (10.3). այս պատճառով էլ կոչվել է նաև Ալփյան՝ եղբոր՝ Հակոբոս Ալփյանի հետ: Նա գալիլիացի էր, Ալփեոսի (կամ Կղեոպասի) և Մարիամի որդին: Նահատակվել է քարկոծմամբ, Հայաստանում, Հայոց Սանատրուկ թագավորի հրամանով, 46-ին: Հեղինակ է (Հուդա անունով) բոլոր քրիստոնյաներին ուղղված Ընդհանրական մեկ թղթի, որտեղ նշավակվում է հերձվածողությունը:

 Հակոբոս առաքյալ (Հակոբոս Ալփյան), Թադեոս (Հուդա) առաքյալի եղբայրը, նույնպես ծնվել է Գալիլիայում: Ալփեոսի և Մարիամի որդին: Կոչվել է Հակոբոս Կրտսեր՝ ի տարբերություն Հակոբոս Ավագ առաքյալի: Հակոբոս Ալփյանը սուրբ էր ծննդյան իսկ օրից, և այդ պատճառով միայն նրան է թույլատրվել մտնել Երուսաղեմի տաճարի սրբարանը՝ ժողովրդի համար Աստծուն աղոթելու: Եղել է Երուսաղեմի Մայր եկեղեցու առաջին եպիսկոպոսը: Քարոզել է Եգիպտոսում և Պաղեստինում, նահատակվել 63-ին՝ քարոզելիս (վայր են նետել Երուսաղեմի տաճարի տանիքից): Հակոբոսի անունով առկա է մեկ Ընդհանրական թուղթ: Նրա անունով է ավանդված նաև ս. Պատարագի տեքստը: Հայ եկեղեցին Հակոբոս առաքյալի հիշատակը տոնում է Աստվածածնի Վերափոխման երրորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը՝ Շմավոն (Սիմոն) առաքյալի հետ:

 Մատթեոս առաքյալը եվ ավետարանիչը նախապես եղել է մաքսավոր հայրենի քաղաքում՝ Կափառնայումում: Նրա հրեական անունն էր Ղևի կամ Լևի, որդին էր Ալփեոսի, որի համար էլ կոչվել է Ղևի Ալփյան: Հիսուսը նրան կանչեց հետևելու իրեն, երբ նա մաքսատանը գործի վրա էր: Նա անմիջապես թողեց գործը և հնազանդվեց Տիրոջը (Մատթ. 9.9–13, Մարկ. 2.13–17, Ղուկ. 5.27–32): Ղևին վերանվանվել է Մատթեոս, որը նշանակում է «պարգև»: Նա իր տանը մեծ ընդունելություն է ցույց տվել Հիսուսին ու նրա աշակերտներին, հրավիրելով նաև պաշտոնակիցների՝ մաքսավորների, հարկահավաքների: Փարիսեցիներն ու դպիրները մեղադրել են Հիսուսին, թե ինչո՜ւ է նա մաքսավորների ու մեղավորների հետ սեղան նստել: Այստեղ է Հիսուսը տվել իր նշանավոր պատասխանը, թե՝ «Առողջներին բժիշկ պետք չէ, այլ՝ հիվանդներին», և թե՝ «…ողորմություն եմ կամենում և ոչ՝ զոհ…» (Մատթ. 9.11–13): Մատթեոս առաքյալը Տիրոջ խոսքը քարոզել է պաղեստինյան հրեաներին, ապա մեկնել Աֆրիկա, քարոզել և, ըստ ավանդության, մեծ չարչարանքների ենթարկվելով, նահատակվել Եթովպիայում: Մատթեոս առաքյալը հեղինակ է Նոր կտակարանի առաջին գրքի՝ Մատթեոսի Ավետարանի:
Հայ եկեղեցին Մատթեոս առաքյալի ու ավետարանչի հիշատակը նշում է մյուս երեք ավետարանիչների հետ՝ ս. Խաչվերացի վեցերորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը:

 Թովմաս առաքյալը, Երկվորյակը (հուն. Դիդիմոս՝ երկվորյակ. ավանդության համաձայն՝ այդպես է կոչվել Թադեոսի կամ մեկ այլ աշակերտի եղբայրը լինելու պատճառով) Գալիլիայից էր: Նրա մասին ակնարկված է երեք Ավետարաններում (Մատթ. 10.1–4, Մարկ. 3.13–19, Ղուկ. 6.12–16), իսկ Հովհաննեսի Ավետարանում հիշատակվում է Ղազարոսին հարություն տալու առնչությամբ, երբ Հիսուսն աշակերտներին առաջարկել է գնալ Բեթանիա՝ մեռած Ղազարոսին «արթնացնելու»: Այս անձնուրաց և Հիսուսին մինչև մահ հետևելու պատրաստ Թովմասը, սակայն, թերհավատություն ցուցաբերեց հարուցյալ Հիսուսի նկատմամբ և մինչև իր աչքով չտեսավ Հիսուսին մարմնով հարություն առած, չհավատաց, բայց և տեսնելուց հետո ասաց. «… Տե՜ր իմ և Աստվա՜ծ իմ» (Հովհ. 20.24–29): Քարոզել է Սիրիայում, Պարսկաստանում և Հնդկաստանում, որտեղ և նահատակվել է՝ աղոթքի ժամանակ նետահարվելով (ավանդություն): Ցայսօր էլ Արևելյան Հնդկաստանում կան իրենց «Թովմաս առաքյալի քրիստոնյաներ» կոչող հավատացյալներ: Գերեզմանը ցույց է տրվում Մադրաս քաղաքի մոտ:
Հայ եկեղեցին Թովմաս առաքյալի հիշատակը տոնում է Աստվածածնի Վերափոխման երրորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը:

 Սիմոն կամ Շմավոն առաքյալ՝ Նախանձահույզ կոչված (հավանաբար՝ Նախանձահույզների շարժմանը հարած լինելու պատճառով): Կանա քաղաքից էր: Անվանվել է նաև Սիմոն Կանանացի: Ըստ Հույն եկեղեցու ավանդության՝ նա էր Կանայի հարսանիքի փեսան: Հարսանիքին Աստվածամոր հետ ներկա է եղել Հիսուսը և գործել առաջին հրաշքը՝ ջուրը վերածելով գինու (Հովհ. 2.): Մեկ այլ ավանդության համաձայն՝ նա քարոզել է Աֆրիկայում, Մեծ Բրիտանիայում, Պարսկաստանում, որտեղ և նահատակվել է խաչի մահվամբ:

 Հայ եկեղեցին Սիմոն կամ Շմավոն առաքյալի հիշատակը տոնում է Հակոբոս առաքյալի հետ՝ Աստվածածնի Վերափոխման երրորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը:

 Հուդա Իսկարիովտացին իր սուրբ կոչումից ընկավ և առաքյալ չկոչվեց, այլ՝ մատնիչ և դավաճան: Նա ընտրված էր և շրջում էր Հիսուսի աշակերտների հետ՝ պահելով նվիրատվությունների համար նախատեսված գանձարկղը: Նրա մասին մատնության գիշերը Հիսուսն ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզնից մեկն ինձ մատնելու է» (Հովհ. 13.21): Հուդան 30 արծաթով մատնել է Հիսուսին անհավատ հրեաների ձեռքը (Մատթ. 26.47–56, Մարկ. 14.43–50, Ղուկ. 22.47–53, Հովհ. 13.3–11) և ապա, արծաթ դրամը նետելով եկեղեցու մեջ, ինքնասպան եղել: Նրա զըղջումն ընդունելի չեղավ Աստծուն: Եկեղեցու մեկնաբանական ընթերցվածքի համաձայն՝ նա ինքն իրեն սպանել է ոչ թե ճշմարիտ զղջումից ելնելով, այլ՝ չարության հարուցած հուսահատությունից, ստանալով իր անիրավության վարձը: Պետրոս առաքյալը Հուդայի վերաբերյալ բերում է սաղմոսների մարգարեական խոսքերը. «Թող նրա տունը ավերակ լինի, և չգտնվի մեկը, որ նրա մեջ բնակվի» և՝ «Նրա պաշտոնը թող ուրիշն առնի» (Գործք 1.15–26): առաքյալները, Պետրոս առաքյալի առաջնորդությամբ, վիճակ գցելով, «կորստյան որդու»՝ Հուդա Իսկարիովտացու փոխարեն ընտրել են Մատաթիային:

 ՄատաթիաՏիրոջ պարգև») առաքյալը հիշված է Գործք առաքելոցում (Գործք 1.15–26): Վիճակահանությամբ ժամանակավորապես դասվել է տասնմեկ առաքյալների շարքը՝ որպես տասներկուերորդը: Նա Հուդայից էր, հետևորդը Հիսուսի՝ Հորդանան գետում նրա մկրտությունից մինչև համբարձվելը: Հավանաբար քարոզել է Հրեաստանում և Եթովպիայում (ավանդություն), նահատակվել՝ քարկոծմամբ: Պողոս առաքյալի՝ աստվածային հայտնությամբ ընտրվելուց հետո Մատաթիան դասվել է Քրիստոսի 70 (72) աշակերտների շարքը:

 Հայ եկեղեցին Մատաթիա առաքյալի հիշատակը տոնում է ս. Խաչվերացի 5-րդ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը՝ Անանիայի, Փիլիպպոսի և մյուս սրբերի հետ:

 Պողոս առաքյալը, որը համարվում է 13-րդը, ծնունդով Կիլիկիայի Տարսոն քաղաքից էր, որի համար էլ կոչվել է Տարսոնացի: Հրեական անունը՝ Սավուղ (հունական ձևով՝ Սողոս): Հռոմի քաղաքացի էր, կրթությամբ ու դավանանքով՝ փարիսեցի, արհեստով՝ վրանագործ: Ելնելով հայրենի օրենքի և ավանդույթի հանդեպ նախանձախնդրությունից՝ հալածել է քրիստոնյաներին, նրանց մատնել աքսորի և սպանության: Նա մասնակից էր Ստեփանոս Նախավկայի սպանությանը (Գործք 7.54–59): Սակայն Սավուղը կամ Սողոսը (Գործք 9.) Դամասկոս մեկնելու ճանապարհին հանդիպել է հարուցյալ Հիսուսին, որը նրան կարգել է հեթանոսների առաքյալ: Հիսուսին որպես Աստծո Որդի և Փրկիչ ընդունելուց հետո նա, Սուրբ Հոգով լցված, քարոզել է Դամասկոսում, Երուսաղեմում, Անտիոքում, Կիպրոսում, Պամփյուլիայում, Լյուստրիայում (Իկոնիոն), Փռյուգիայում, Հունաստանում, Հռոմում և այլուր՝ ենթարկվելով բազում հալածանքների, չարչարանքների, աքսորի, արկածների, բանտարկության ևն: Պողոս առաքյալը հեղինակ է 14 առաքելական թղթերի, որոնք Ընդհանրական եկեղեցին դիտում է որպես ուղեցույց թղթեր՝ Քրիստոսի վարդապետության ճշմարիտ ընկալման առումով: Դրանք ուղղված են հռոմեացիներին, կորնթացիներին, եբրայեցիներին, հեթանոս նորադարձներին և սփյուռքի հավատացյալ հրեաներին: Պողոս առաքյալի թղթերը համարվում են քրիստոնեական  մտքի ռահվիրաներ՝ գրված ավելի վաղ, քան Ավետարանները: Նա Հռոմում, 67 կամ 68-ին, Ներոն կայսրի օրոք, մարտիրոսական պսակ է ընդունել՝ գլխատվելով:

 Հայ եկեղեցին Պողոս առաքյալի հիշատակը տոնում է Պետրոս առաքյալի հետ, Ավագ տոների ընթացքում (Սուրբ Ծննդից շուրջ 10 օր առաջ):

 Հայ եկեղեցին Քրիստոսի առքյալների հիշատակը տոնում է նաև միասին՝ Հոգեգալստյան վեցերորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը («Սրբոց երկոտասան առաքելոցն Քրիստոսի և Սրբոյն Պողոսի երեքտասաներորդ առաքելոյն»):

 Յոթանասուն կամ յոթանասուներկու աշակերտներ կամ առաքյալներ:

 Բացի տասներկուսից Հիսուսն ընտրեց նաև յոթանասունին (ըստ այլ հաշվարկների՝ յոթանասուներկուսին), որոնց ևս տվեց իշխանություն՝ Ավետարանը քարոզելու, մարդկանց միջից դևեր հանելու և զանազան բժշկումներ կատարելու (Ղուկ. 10.1–24): Նրանց անունները ստույգ հայտնի չեն, թեև կան որոշ պարականոն զրույցներ, որոնցում հիշատակվում են ինչ-ինչ անուններ ու վարքաբան. դրվագներ: Սակայն ամենահավաստի իրողությունն այն է, որ դա եղել է առանձին խումբ՝ Աստծո Որդու թագավորության բարի լուրը քարոզելու և Սուրբ Հոգով բժշկելու համար: Ի տարբերություն տասներկուսի, որոնք միշտ Հիսուսի հետ են շրջել, նրանք գործել են նաև առանձին-առանձին՝ ուղարկվելով Հրեաստանի տարբեր գավառներ, իսկ Հիսուսի խաչելությունից ու համբարձվելուց հետո՝ նաև աշխարհի տարբեր երկրներ:

 Ըստ եկեղեցու մեկնողական ընթերցման՝ Հին ուխտում նկարագրված տասներկու աղբյուրները խորհրդանշում են տասներկու աշակերտներին, յոթանասուն կամ յոթանասուներկու արմավենիները՝ յոթանասուն (յոթանասուներկու) աշակերտներին (Ելք 15.27), իսկ երկու խմբերը, իրենց թվաքանակով, Հիսուսից (իբրև Կենտրոնից) մերձ կամ հեռու լինելով, կարծես խորհրդանշում են երկնային ու տիեզերական իրողություններ:

 Յոթանասնից առաջ սրբերի առանձին խումբ են նկատվում Բեթղեհեմի մանուկները: Գործքում և առաքելական թղթերում հիշատակվում են առաքելություն ունեցող այլ անձինք ևս (Բառնաբաս, Շիղա և ուրիշներ): Ավետարաններում առկա են և ակնարկվում են նաև այլ խմբեր ու առանձին անձեր, որոնց անունները և գործունեությունը գաղտնի են (լրիվ կամ մասամբ): Դրանցից մեկն է մեծահարուստ Հովսեփ Արիմաթացին՝ Հիսուսի ծածուկ աշակերտներից մեկը, որը երևում է միայն Հիսուսին խաչից իջեցնելու ու թաղելու ժամանակ (Մատթ. 27.57–58, Մարկ. 15.42–43, Ղուկ. 23.50–53, Հովհ. 19.38): Ավետարաններում առկա են նաև այլ խորհրդավոր դրվագներ ու անձեր (ինչպես, օրինակ, զատկական ընթրիքի համար իր վերնատունը տրամադրող անձը), որոնք ունեցել են աստվածային որոշակի պատվեր և որոշակի առաքելություն:

 Հայ եկեղեցին Յոթանասնից հիշատակը նշում է ս. Խաչվերացի չորրորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը:

Աղբյուր՝ Ք.Հ. հանրագիտարան