Աղոթքի մասին (հարց և պատասխան)

Ի՞նչ է աղոթքը։
Աղոթքը հավատացյալների՝ Աստծուն ուղղած խոսքերն են։
Ինչպե՞ս են Աստծուն ուղղվում այդ խոսքերը։
— Հայտնի կամ ծածուկ, այսինքն՝ հավատացյալներն աղոթում են հրապարակավ կամ առանձին։
Ո՞րն է հրապարակային աղոթքը։
— Աղոթքը հրապարակային է, երբ հավատացյալները հավաքվում են եկեղեցում կամ եկեղեցու չգոյության դեպքում որևէ տեղ և աղոթում միասին։ Աղոթքը ծածուկ է, երբ հավատացյալներն աղոթում են առանձին՝ տանը, դաշտում, լեռան վրա, աշխատանքի վայրում, ծովում և այլուր (խոսքը հրատպ աղոթքի մասին է
Ինչպիսի՞ն պետք է լինի աղոթքի բովանդակությունը։
— Մեր Տեր Հիսուս Քրիստոս «Հայր մեր»-ով սովորեցրեց, թե ինչպես պետք է աղոթել։ «Հայր մեր»-ը կոչվում է Տերունական աղոթք, այն է. «Հա՜յր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո, եկեսցէ արքայութիւն Քո, եղիցին կամք Քո որպէս յերկինս և յերկրի։ Զհաց մեր հանապազորդ տո՜ւր մեզ այսօր և թո՜ղ մեզ զպարտիս մեր, որպէս և մեք թողումք մերոց պարտապանաց։ Եւ մի՜ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՜ զմեզ ի չարէ, զի Քո է արքայութիւն և զօրութիւն և փառք յաւիտեանս. ամէն»։
 Կարո՞ղ ես բացատրել այս աղոթքը։
— Քրիստոնյաները պետք է հավատան և գիտենան, որ Աստված իրենց երկնավոր Հայրն է, Ում անունը սուրբ է, Ում թագավորությունը պետք է տիրի մարդկանց մեջ, Ում կամքը պետք է գործադրվի ամեն տեղ։ Մեր ամենօրյա հացը կամ սնունդը Նա է տալիս մեզ։ Նա է ներում մեզ մեր հանցանքները, և մենք էլ իրար պիտի ներենք և պիտի խնդրենք Նրանից՝ հեռու պահել մեզ փորձություններից և փրկել չարից, որովհետև
Նրանն է իշխանությունը, կարողությունը և հավիտենական փառքը։
 Ո՞րն է հրապարակային աղոթքի ձևը Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցում։
— Ամեն օր, նշանակված ժամին, հավատացյալները հավաքվում են եկեղեցում և հոգևոր պաշտոնյաների առաջնորդությամբ  ժամերգություն կատարում, որի ժամանակ մատուցվում են աղոթքներ, երգվում շարականներ, ընթերցվում է Սուրբ Գիրքը և այլն։
Ուրիշ ի՞նչ արարողություններ են լինում եկեղեցում։
— Կատարվում են սրբազան խորհուրդներ, այսինքն՝ մատուցվում է Պատարագ, կատարվում է Մկրտություն, Պսակ և այլն՝ իրենց հատուկ ծիսակարգով։
Ի՞նչ է նշանակում արարողություն և ծես։
— Արարողություն և ծես գրեթե միևնույն նշանակությունն ունեն, այսինքն՝ խորհրդավոր պաշտամունք անել՝ համաձայն որոշված կանոնների և ձևերի։
Ինչպիսի՞ գրքեր են գործածվում մեր Եկեղեցում՝ աստվածային պաշտամունք կատարելու համար։
— Մեկից ավելի գրքեր.
1. Ժամագիրք, որ բովանդակում է օրվա ժամերգությունների կարգը։
2. Շարակնոց, որ բովանդակում է Հայ Եկեղեցու հոգևոր երգերն ըստ կանոնների։
3. Ճաշոց գիրք, քանի որ մեր Եկեղեցում Սուրբ Գրքի ընթերցումը կատարվում է ճաշի ժամին, այսինքն՝ կեսօրին մոտ, այդ պատճառով այդ գիրքը Ճաշոց է կոչվում, որ բովանդակում է Հին և Նոր Կտակարաններից ընտրված ընթերցումները ամբողջ տարվա յուրաքանչյուր օրվա համար։
4. Տոնացույց, որ ցույց է տալիս տոն օրերի շարքը մեր Եկեղեցում և աստվածային պաշտամունքի ամենօրյա կարգը, այսինքն՝ օրվա ընթերցվածները, շարականները, աղոթքները և այլն։ Հայաստանյայց Եկեղեցում Տոնացույցն աստվածային պաշտամունքի ընդհանուր ուղեցույցը կամ հայտագիրն է։
5. Մաշտոց, որ բովանդակում է խորհուրդների և այլ սրբազան արարողությունների կատարման կարգավորությունը և արարողական ու ծիսական խրատները։ Այս է պատճառը, որ Մաշտոցը կոչվել է նաև Ծիսարան։
6. Պատարագամատույց կամ Խորհրդատետր՝ սուրբ Պատարագի խորհուրդի գիրքը, որ Պատարագի ժամին դրվում է սուրբ Սեղանի վրա։
7. Տաղարան, որ բովանդակում է բազմաթիվ տաղեր կամ երգեր, ինչպես նաև սուրբ Պատարագի երգեցողության մասը։
Ինչի՞ համար են պատրաստվել այս գրքերը։
— Որպեսզի Հայաստանյայց Եկեղեցու աստվածային պաշտամունքն ամենուր միանման ծիսակարգով կատարվի։
Ո՞րն է հավատացյալների պարտքը հրապարակային աղոթքի մեջ։
— Հավատացյալները պետք է որոշված ժամին ներկա գտնվեն եկեղեցում, ջերմեռանդությամբ մասնակցեն ժամերգությանը և ամփոփ մտքով աղոթեն, պաշտամունքը խանգարող որևէ բան չանեն։

Հատված ՝«Քրիստոնեական հանրամատչելի գիտելիքներ բոլորի համար» գրքից: