Եկեղեցական տոների նշանակությունը

  Եկեղեցին ամրակառույց և անբեկանելի նավ է մեր ալեկոծ կյանքում, որին հավատով ապավինելով՝ անվնաս հասնում ենք հավիտենականության խաղաղ նավահանգիստը: Եկեղեցին իմանալի Դրախտն է, որը եղավ Ադամի Դրախտի փոխարեն, ինչպես նաև՝ Աստծու անսպառ բարիքների շտեմարանն ու գանձարանը, որը հավատացյալները վայելում են այս կյանքում. մարմնով՝ երևացողը, իսկ հոգով՝ աներևույթը: Իսկ հանդերձյալում երկուսն էլ լիապես պիտի վայելենք, ինչպես ասում է Պողոսը. «Այժմ տեսնում ենք աղոտ, ինչպես պատկերը հայելու մեջ. իսկ այն ժամանակ պիտի լինի դեմառդեմ» (Ա Կորնթ. ԺԳ 12):

 Երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, դրանք լցրեց ամեն տեսակ արարածներով: Սրանց մի մասը մարդու համար անհրաժեշտություն է, առանց որի մարդը չի կարող ապրել, ինչպես օրինակ՝ տարրերը, լույսը, երկիրը և նրանում գտնվող ամեն ինչ՝ օդը, ջուրը, հացը, հանդերձները, իսկ մյուս մասը վայելքների, գեղեցկության, բարեկեցության և առավել հանգստի համար է, ինչպես մրգերը, ծաղիկները, համեմունքները, գինին, խորտիկները, անուշահոտությունները, պայծառությունը, գույները, հնչյունները, թռչունների քաղցր երգը, հանգիստը …

 Նրանք, որոնք վայելքների համար են, մեծ օգուտ չեն տալիս կատարյալներին, սակայն դրանց օրինակով հայտնի են դառնում երկնայինները, որոնք Աստված պատրաստել է Իրեն սիրողների համար, ինչպես և գրված է. «Ինչ որ աչքը չտեսավ, ականջը չլսեց և մարդու սիրտը չընկավ, Աստված այն պատրաստեց Իրեն սիրողների համար» (Ա Կորնթ. Բ 9): Այս երևելի արարածներով երևում են աներևույթները, որպեսզի մենք սրանց միջոցով բարձրանանք Աստծու մոտ և թափանցենք իմանալիների ու ծածուկների մեջ: Ինչպես հնում, երբ Իսրայելը դեռևս մանուկ էր, Աստված նրանց դաստիարակում էր խորանի սքանչելի զարդերով, հրաշալի ու գեղեցիկ զարդարված տաճարով, ոսկով ու պատվական քարերով, ինչպես և ասում է առաքյալը. «Արդարև ի սկզբանե աշխարհի Աստծու աներևույթ հատկությունները, այն է՝ Նրա մշտնջենավորությունը, զորությունը և Աստվածությունը, իմանալի կերպով տեսանելի են Նրա ստեղծածների մեջ» (Հռոմ. Ա 20):

 Այսպիսով՝ ինչպես հացն ու ջուրը մարմնի կենդանության համար անհրաժեշտ կերակուրներ են, իսկ խմիչքներն ու զանազան խորտիկները՝ վայելչական, այդպես էլ հոգու անհրաժեշտ կերակուրներն են իմաստությունն ու առաքինությունը, իսկ վայելչականը՝ հոգևոր ուրախություններն ու տոները:

 Տոնը համընդհանուր ուրախության օր է, ինչին հազարամյակներ առաջ սպասում էին մարգարեները և կամենում էին տեսնել սրբակյացները, որի համար էլ տոների սուրբ օրերը Եկեղեցու իմաստուններն օրհնյալ անվանեցին: Սակայն քրիստոնեական տոների նպատակը սոսկ հանդես կատարելը չէ, այլ հանդիսավորությունը միջոց է ոգևորելու հավատացյալներին՝ նրանց անձերն ընդունակ դարձնելով հոգևոր օգուտի և աստվածային շնորհների՝ աղոթանվեր ինքնամփոփմամբ և սրբերի բարեխոսությամբ: Տոնի ժամանակ Աստծուն հիշատակելով՝ Նրան մեզ մոտ ենք հրավիրում և Նրան միանում՝ ուրախանալով մեր բազում տրտմություններից հետո, և փառաբանում Տիրոջը՝ Նրա շնորհած մեծամեծ բարիքների համար:

 Տոն նշանակում է ուրախություն, պայծառություն և Աստծուն նվիրված հանդիսավոր հանգիստ՝ առօրյա զբաղմունքներից ու աշխատանքներից: Տոնը հասարակաց պայծառ հանդես է և հանդիսավոր օր, երբ հավաքվում ենք եկեղեցում՝ նվիրվելու այդ օրվա խորհրդին, և պաշտամունքի միջոցով փառաբանում Աստծուն՝ ուրախանալով հոգևոր ու մարմնավոր ուրախությամբ:

 Տոները մեզ հայտնում են այն ուրախությունների ու երանությունների մասին, որոնք մեզ սպասում են հանդերձյալում:

 Գրիգոր Աստվածաբանը տոների մասին հետևյալն է գրում. «Տոնում էին և հրեաները՝ հետևելով Օրենքի տառին, առանց խորամուխ լինելու հոգևոր խորհրդի մեջ, քանզի նրանք գնում էին Օրենքի արդարության ետևից, սակայն այդ Օրենքի արդարությանը չհասան» (տե՜ս Հռոմ. Թ 31): Տոներ ունեին նաև հեթանոսները, սակայն դրանք սոսկ մարմնավոր տոն էին՝ մղված իրենց մարմնավոր կրքերից, կատարված իրենց պաշտելիք կուռքերի և դևերի կամքով, ինչի համար էլ նրանց տոները զուտ մարմնավոր կրքերի բավարարում էին: Տոնում ենք և մենք՝ քրիստոնյաներս, սակայն այնպես, ինչպես հաճելի է Աստծուն: Իսկ Աստծուն հաճելի է, որ մենք ասենք և կատարենք այն, ինչը վայելուչ է: Տոնել նշանակում է մեր հոգիների համար մշտամնա և հավիտենական բարիքներ հայթայթել, այլ ոչ թե անցողիկ և ապականվող: Հոգևոր բարիքները քիչ են բորբոքում ցանկությունները, այլ ընդհակառակը՝ ավելի ճնշում են դրանք և դրանց վնասում, որպեսզի կրակի մեջ դյուրավառ նյութեր չավելանան, կամ էլ կրքերի գիշատիչը չստանա սնունդ, որից ցանկություններն ավելի բորբոքվեն և իշխեն բանականությանը:

 Տոների հանդիսությունները սուրբ են և կապված լինելով Եկեղեցու կյանքում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների հետ՝ կատարվում են Աստծու փառքի համար: Սրանք օրհնաբեր են քրիստոնյայի կյանքում նրանով, որ ավելի կենսունակ են դարձնում հավատը, մարդու հոգում մեծացնում սերն ու վստահությունն առ Աստված և լավագույն ձևով օգտագործում Տիրոջ շնորհներն ու պարգևները:

 Եկեղեցին՝ Քրիստոսի Մարմինը, հավատացյալի կյանքում միշտ կենդանի է, պայծառ ու էական՝ իր միջոցով մարդուն կապելով Աստծու հետ, իսկ տոներին՝ էլ ավելի է պայծառանում: Տոն օրերին ուրախանում ենք խոսքով, երգերով, Սուրբ Գրքի ընթերցմամբ և տոնի խորհրդի գիտությամբ, որով սնվում են տոնողների հոգիները: Այդ օրերին եկեղեցում կատարվող աստվածպաշտությունը՝ ժամերգությունը, պատարագը և մյուս արարողությունները, ավելի հանդիսավոր է դառնում և ուղեկցվում հոգեզմայլ մեղեդիների երգեցողությամբ ու առանձնահատուկ աղոթքներով: Տոներին վեր են առաքվում հավելյալ աղոթքներ ու հնչում հոգեզմայլ շարականներ, և առհասարակ այդ օրվա ամբողջ ծիսակարգը տոնական է ու ավելի վեհ, որպեսզի բարձրացնի մեր հոգիները՝ կատարելու Աստծու փառավոր գործերը: Այդ օրերին Եկեղեցին արտաքնապես է՜լ ավելի է զարդարվում, որը խորհրդանշում է մեր ներքին հոգևոր ուրախությունը և Աստծու սուրբ փառքը:

 Տոներին Լույսի սյունը մեզ հովանի է լինում բարձունքներից (տե՜ս Ելք ԺԳ 21), քանզի երկնավոր Թագավորը սուրբ Եկեղեցում է, և մեզ տոնակից են լինում հրեշտակների բազմությունները: Աստվածությունը զվարճանում է նոր երկիր հաստատելու համար, երկնքում հրճվում են հրեշտակները, և ցնծում առաքյալների ու մարգարեների դասերը՝ փառք ու պատիվ մատուցելով Փրկչին: Եվ մարդասեր Փրկիչը, ողորմելով տոնողներին, բաշխում է երկնավոր պարգևներ և մարմնի ու հոգու բժշկություն: Մենք էլ, նորոգվելով մեղքերի հնությունից, զարդարվելով շնորհներով և լուսավորվելով հրաշափառ ու ընդարձակ խորհրդով՝ բազում ընթերցվածներով, սաղմոսներով ու օրհնության ձայներով, զարդարում ենք սուրբ տոնը և փառավորում Սուրբ Երրորդությանը: Այդ օրերին Զինվորյալ եկեղեցին հրեշտակների վերին զորքերի և երկնքի զվարթունների հետ անդադար օրհնում է Աստծուն:

 Տոները սահմանվել են, որպեսզի մի կողմից քրիստոնյաների հիշողության մեջ թարմացվեն Եկեղեցու կյանքի հետ կապված կարևորագույն իրադարձությունները՝ իմանալու Աստծու՝ մեզ համար արած երախտիքների մասին, որով մեր անձերում աշխուժանում ու հաստատվում է սուրբ հավատը, իսկ մյուս կողմից՝ որպեսզի հիշատակելով հոգեհարազատ իրադարձությունները և դրանք ուղեկցելով հանդիսավոր աստվածպաշտությամբ՝ խթանվենք և մղվենք մեր կարողությունների չափով գոհանալու Աստծուց ու փառաբանելու Նրան՝ նախանձախնդրորեն հետևելով սրբերի օրինակին: Նաև որպեսզի աշխարհային կյանքի զանազան հոգսերի ու վշտերի մեջ մեր անձերն Աստծով հանգստանան ու մխիթարվեն:

 Կան տոներ, որոնք մեր մեջ արթնացնում են զղջման ու ապաշխարության զգացում, կան՝ որ արթնացնում են ուրախության զգացում, որոշ տոներ էլ սերմանում են նեղությանն ու վշտին համբերելու կարողություն, մի քանիսն էլ՝ արթնացնում են գթության և ողորմածության զգացում մեր ընկերների հանդեպ, ովքեր կարոտ են մեր բարեգործությանը:

 Հնում Իսրայելի որդիներն Աստծու հրամանով մեծաշուք հանդիսավորությամբ էին տոնում Մովսեսի միջոցով սահմանված բոլոր տոները՝ սուրբ օրերը, որոնք իրենց խորքում հղացած ունեին մեծամեծ ու զարմանալի խորհուրդներ: Հետևաբար՝ եթե նրանք, որ ստվերի պաշտպաններն էին, այդպես էին տոնում, ապա մենք, որ ճշմարտության վայելողներն ենք, որքա՞ն առավել վայելչորեն պետք է պատվենք ու տոնենք: Եվ ամեն ոք, ով չի տոնում, չունի մաս ու բաժին նորոգման խորհրդից, և այդպիսիները կզրկվեն փրկությունից: Ինչպես Հին Ուխտում տոները տոնվում էին Նորի խորհրդով՝ ապագայում կատարվելիք իրադարձությունների դիմաց, այդպես էլ մենք այս տոներով հանդերձյալի հիշատակն ենք տոնում և Հինը խառնելով Նորին՝ միասին տոնախմբում:

 Պահոց օրերին տոներ չենք կատարում, որովհետև քանի դեռ պահքի մեջ ենք, ապաշխարության մեջ ենք և արժանի չենք տոներ կատարելու, իսկ երբ ապաշխարությամբ քավում ենք մեր մեղքերը, արժանանում ենք տոնելու և՜ տերունական, և՜ սրբոց տոները: Որովհետև տոնն ուրախություն է ինչպես հոգու, այնպես էլ մարմնի համար, դրա համար էլ, երբ տոնում ենք, ուրախանում ենք և՜ հոգով, և՜ մարմնով: Եվ մինչ կատարվում են հոգևոր խրախճանքները, հոգում ենք նաև մեր մարմնի համար, որովհետև հոգու եղբայրն է, այդ պատճառով վայելում ենք նաև մարմնավոր սեղանից:

 Այդ օրերին առավել է պետք հեռու մնալ մեղքերից, քանզի քրիստոնեական տոները կատարվում են հավատացյալների հոգու և մարմնի սրբությամբ ու մաքրությամբ, ինչպես Ոսկեբերանն է ասում. «Ամենամեծ տոնը մաքուր խղճմտանքն է»: Այս պատճառով մեծամեծ տոներից առաջ պետք է ապաշխարել և ապա հաղորդվել Տիրոջ Մարմնին ու Արյանը: Սակայն ժողովրդի մեջ տարածված մի մերժելի սովորություն կա. երբեմն տոնն անց են կացնում հարբեցողության մեջ: Այս կապակցությամբ առաքյալն ասում է. «Մի՜ հարբեք գինով. դրա մեջ զեխություն կա. այլ մանավանդ լցվեցեք Հոգո՜վ, որպեսզի խոսեք միմյանց հետ սաղմոսներով, օրհներգություններով և հոգևոր երգերով, որպեսզի երգեք և ձեր սրտերում սաղմոս ասեք Տիրոջը: Գոհությո՜ւն հայտնեցեք ամեն ժամ ամեն ինչի համար Հորը և Աստծուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով» (Եփես. Ե 18-20):
Աշխատասիրությամբ՝ Արամ Դիլանյանի