ժամակարգություն, ծեսի և աստվածապաշտության բաղկացուցիչ հիմնական բաժիններից, հանապազօրյա պաշտոներգություն ըստ եկեղեցական օրվա տարբեր աղոթաժամերի: Ժամերգություն նշանակում է ժամ երգել, այսինքն՝ օրվա որոշ ժամերին կարգավորված (ժամակարգված) եկեղեցական արարողություն կամ պաշտամունք կատարել: Ժողվրդական լեզվով «ժամ» նշանակում է նաև եկեղեցի, այստեղից էլ՝ ժամ գնալ (ծիսական արարողությանը մասնակցել, ներկա գտնվել) արտահայտությունը, ժամվոր (Ժամերգությանը ներկա գտնվող հավատացյալները), ժամկոչ (եկեղեցու կոչնակը կամ զանգը հնչեցնող և հավատացյալներին արարողության հրավիրող), ժամատուն բառերը: Ժամերգությունների կարգավորությունը և դրանց հատուկ երգեցողությունները (աղոթքներ, քարոզներ, հոգևոր երգեր, բացառությամբ՝ շարականների) պարունակող գիրքը կոչվում է Ժամագիրք: Ժամերգությունները կազմված են Տերունական աղոթքից, սաղմոսից, մաղթանքից, քարոզից, աղոթքից, շարականից: Ժամերգության ժամանակ այս շարքը լրիվ կամ մասնակի ձևով երբեմն կրկնվում է մի քանի անգամ:
Հայ միջնադարյան մատենագրության մեջ կենցաղավարել են Ժամերգության կամ ժամակարգության մեկնություններ, որտեղ տրված են Ժամերգությունների աստվածաբանական բացատրությունները: Մեկնություններ են գրել Ստեփանոս Սյունեցին, Հովհաննես Գ Օձնեցին, Խոսրով Անձևացին, Մովսես Երզնկացին, իսկ Ժամագրքի երգեցողությունների հարստացման գործում մեծ է հատկապես Ներսես Շնորհալու ավանդը:
Հայոց մեջ տարբեր դարերում և միջավայրերում Ժամերգությունները տարբեր թվաքանակ են ունեցել՝ 6, 7, 8, ի վերջո ընդունվել է 9 ժամերգություն: Գլխավոր Ժամերգությունները յոթն են՝ համաձայն սաղմոսերգուի՝ «Օրվա մեջ յոթն անգամ քեզ պիտի օրհնեմ» (Սաղմ. 118. 164) խոսքերի, իսկ ըստ կանոնակարգի՝ ինը, քանի որ Ճաշու Ժ. իր հերթին բաժանվում է երեք մասի: Համաձայն Ժամագրքի՝ Հայ եկեղեցին ունի հետևյալ Ժամերգությունները
1. Գիշերային Ժամերգություն, նվիրված է Հայր Աստծո փառաբանությանը: Կատարման ժամանակը կես գիշերն է: Ունի հետևյալ իմաստը. քունը Աստծո կողմից շնորհված բարիք է. շնորհակալություն և գոհություն Աստծուն այդ բարիքի համար: Խնդրանք առ Աստված, որ գիշ
երվա շարունակությունն անցնի խաղաղ, իսկ հաջորդ օրը՝ առանց մեղքի և փորձության:
2. Առավոտյան Ժամերգություն, նվիրված է Որդի Աստծո փառաբանությանը: Կատարվում է արշալույսին: Խորհրդանշում է Քրիստոսի երևալը Յուղաբեր կանանց՝ ամփոփելով Քրիստոսի Հարության և Փրկագործության խորհուրդները:
3. Արևագալի Ժամերգություն, նվիրված է Սուրբ Հոգուն: Նախկինում եղել է Առավոտյան Ժամերգության մի մասը: Խորհրդանշում է Քրիստոսի Հարությունը և աշակերտներին երևալը: Հաստատել է Եզր Ա Փառաժնակերտցին, ճոխացվել է XII դ. Ներսես Շնորհալու գրած երգերով Կատարվում է արևածագին՝ Քրիստոսի Հարությունը նույնացնելով
արևի ծագմանը:
4. Ճաշու Գ ժամի ժամերգություն, ուղղված է Սուրբ Հոգուն: Խորհրդանշում է արգելված պտղից Եվայի ճաշակումը և Քրիստոսով դատապարտումից ազատվելը: Նաև հիշատակումն է Քրիստոսի
չարչարանքի: Կատարվում է ժամը 9-ին: Ապաշխարության խորհուրդ պարունակող մի արարողություն է:
5. Ճաշու Զ ժամի Ժամերգություն, ուղղված է Հայր Աստծուն: Խորհրդանշումն ու հիշատակումն է Քրիստոսի չարչարանքների ու խաչելության: Կատարվում է ժամը 12-ին: Այս Ժամերգությամբ հավատացյալը Աստծուց խնդրում է օգնություն իր մարդկային տկար բնության համար:
6. Ճաշու Թ ժամի Ժամերգություն, ուղղված է Որդի Աստծուն: Խորհրդանշում է Քրիստոսի մահը, որով և՝ մարդկության ազատումը դժոխքի իշխանությունից: Կատարվում է ժամը 15-ին:
7. Երեկոյան Ժամերգություն, ուղղված է Որդի Աստծուն: Խորհրդանշում է Քրիստոսի թաղումը: Կատարվում է մայրամուտից առաջ: Գիշերվա սեմին հավատացյալը, աշխատանքից հոգնած և
օրվա հոգեկան ալեկոծությունից հետո, խնդրում է Աստծուն, որ իրեն պարգևի խաղաղ գիշեր և բարի քուն:
8. Խաղաղական Ժամերգություն, ուղղված է Հոգի Աստծուն: Խորհրդանշում է Քրիստոսի դժոխք իջնելը և արդարների տանջանքների դադարեցումը: Կատարվում է մայրամուտից հետո: Նպատակն է անդորրություն և խաղաղություն բերել ամենօրյա մեղքերով ծանրաբեռնված մարդու հոգուն:
9. Հանգստյան Ժամերգությունը, ուղղված է Հայր Աստծուն: Նախկինում այս Ժամերգությունը նախորդի շարունակությունն էր և առանձին խորհուրդ չունի: Կատարվում է քնելուց առաջ: Նախկինում, հատկապես վանքերում, 9 Ժամերգությունները կատարվել են ամեն օր, ճիշտ իրենց ժամին: Ներկայումս ամեն օր կատարվում են Գիշերային և Առավոտյան Ժամերգությունները միասին՝ առավոտյան, և Երեկոյան Ժամերգություն՝ երեկոյան: Մեծ պահքի օրերին, բացի շաբաթ-կիրակի օրերից, կատարվում են նաև մյուս Ժամերգությունները՝ ըստ հետևյալ կարգի. Գիշերային, Առավոտյան, Արևագալի՝ առավոտյան, Ճաշու 3 և Երեկոյան՝ կեսօրին, Խաղաղականը՝ երեկոյան (երկուշաբթի, երեքշաբթի և հինգշաբթի օրերին), Հանգստյանը՝ երեկոյան (չորեքշաբթի և ուրբաթ օրերին):
Աղբյուր` Ք.Հ. հանրագիտարան