«Երբ ծոմ պահեք, տրտմերես մի՜ լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում. ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի՜ր քո գլուխը և լվա՜ քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց որպես ծոմ պահող, այլ քո Հորը՝ գաղտնաբար. և քո Հայրը, որ տեսնում է ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ» (Մատթ. Զ 16-18):
Պահքի օրինադրումը
Պահքն Աստծուն սիրողների համար մեծ շնորհ է ու զարդ, որը սնուցանում ու բնակակից է դարձնում սրբերին, նրանց, ովքեր անբիծ հավատով ամենագեղեցիկ ու զարմանալի քրիստոնեական դավանությունն ունեն իրենց անձերում, և պատվիրանները պահելով ու փրկության կոչին հետևելով՝ մոտենում են Աստծուն: Արդ՝ ովքեր միաբանվում են այս աստվածավանդ կանոնի շուրջը և Քրիստոսի հետ դուրս գալիս հոգևոր պատերազմի ընդդեմ հակառակորդ սատանայի, նրանք, որպես օգնություն, ստանում են պահքի զենքերը:
Ինչպես ասում է սուրբ Բարսեղը. «Պահքը Դրախտում օրինադրվեց, և այն հասակակից է մարդկությանը»: Եվ պահքի պատվիրանը եղավ Աստծու հետևյալ խոսքը. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող եք ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՜ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, կմահանաք» (Ծննդ. Բ 16):
Աստված պահքը տվեց առաջին մարդուն՝ որպես դաստիարակ, և քանի դեռ մարդն այն պահում էր, հրեշտակներին հավասար էր, ինչպես Դավիթն է ասում. «Քո հրեշտակներից փոքր-ինչ ցածր դրիր նրան և փառք ու պատվով պսակեցիր» (Սաղմ. Ը 6): Սակայն երբ նախաստեղծները՝ Ադամն ու Եվան, մահաբեր ճաշակմամբ խաբվեցին սատանայից և դուրս ելան պահքից, զրկվեցին շնորհներից, լույսից մերկանալով՝ արտաքսվեցին Դրախտից և դրվեցին նզովքի ու մահվան տակ: Եվ տես, թե այս անգամ ինչ է ասում նրանց մասին մարգարեն. «Մարդը պատիվ ուներ ու չհասկացավ, հավասարվեց անբան անասուններին ու նմանվեց նրանց» (Սաղմ. ԽԸ 21), նաև իր կենցաղով եղավ խոտակեր ու բանջարաճարակ: Բայց երանի թե միայն այսքանը լիներ պատուհասը:
Հանցանքից ու դառը կերակրից հետո Աստված ասաց Ադամին. «Քանի որ անսացիր քո կնոջ ձայնին և կերար այն ծառի պտղից, որի՜ց միայն քեզ պատվիրեցի չուտել, բայց կերար դրանից, թող անիծյալ լինի երկիրը քո արածի պատճառով: Տանջանքով հայթայթես քո սնունդը քո կյանքի բոլոր օրերին: Փուշ ու տատասկ թող աճեցնի քեզ համար երկիրը, և դու դաշտային բույսով սնվես: Քո երեսի քրտինքով ուտես հացդ մինչև հող դառնալդ, որից ստեղծվեցիր, որովհետև հող էիր և հող էլ կդառնաս» (Ծննդ. Գ 17-19):
Սա՝ այս պահքը, արհամարհողների համար պատժի նախնական օրինակն է: Այստեղից են տրտմությամբ ու ցավով լի ծնունդն ու կյանքը և մոտակա մահը: Արդ՝ սա է չար սերմերի առաջին պտուղը, որ եղավ առաջին մարդու՝ պտղի ճաշակման պատճառով: Այսպես էլ այսօր մեզ է քարոզվում պահքն այն հրամանով, որ պետք է ուտել այն ամեն կերակուրներից, որոնք պահքի ուտելիքներ են, և այլ ուտելիքներ չուտել: Եվ եթե մենք պահենք պահքը, որը նախաստեղծները չպահեցին և այդ պատճառով արտաքսվեցին, ապա այն մեզ համար դրախտային կյանքի ու անմահության, ինչպես նաև աստվածային շնորհների պատճառ կդառնա:
Այնուհետև Նոյի օրերում մարդիկ նորից եղան պատվիրանազանց և նորից ենթարկվեցին պատժի: Արդար Նոյը, իմանալով ցասման պատճառները, մի տարի յուրայինների հետ ապրելով տապանում՝ պահքով ու պաղատանքներով նվազեցրեց Աստծու ցասումը և դրանով աճման սերմը կրկին պահպանեց մարդկային ցեղի համար:
Ապա սոդոմացիները կերակրի անարգել օգտագործումով բորբոքեցին ախտերի կրակը, որի պատճառով էլ հուրն իբրև պատուհաս ընդունեցին: Սա Աստված որակեց որպես որովայնամոլություն, ինչի մասին մարգարեն ասաց. «Քո քրոջ՝ Սոդոմի անօրենությունն այս էր՝ ամբարտավանություն, հացով լիացածություն, գինու մեջ հղփացածություն: Մեղկ կյանք էին վարում ինքն էլ, դուստրերն էլ: Դրա մեջ էին խրված ինքն էլ, դուստրերն էլ: Ձեռք չէին մեկնում աղքատին ու տնանկին, մեծամտանում էին ու Իմ առջև անօրենություններ անում: Ու երբ դա տեսա, մեջտեղից վերացրի նրանց» (Եզեկ. ԺԶ 49-50): Այսինքն՝ սոդոմացիները հացի ու գինու առատությունից հղփացան և միմյանց հետ պոռնկացան:
Իսկ Եսավը, որ անոթությունից ուժասպառ էր եղել, մի պատառի պատճառով զրկվեց անդրանկությունից, Աստծու ավետիսից ու հայրերի օրհնությունից (տե՜ս Ծննդ. ԻԵ 21-34) և փոխանակ Իսրայելի երանելի անունով կոչվելուն՝ պոռնիկ և պիղծ կոչվեց, այդ պատճառով էլ ապաշխարության տեղ չգտավ, թեպետև արտասուքով խնդրեց: Այդչափ ծանր եղավ Աստծու ցասումը նրա վրա, որն առաջացավ մի աման ապուրի պատճառով:
Հապա իսրայելյան ազգի համար ի՞նչ պետք է ասել, որն անզգամ մոլեգնությամբ նստեց ուտելու և խմելու (տե՜ս Ելք ԼԲ 6), որի պատճառով Աստծու ձեռքով գրված Օրենքի տախտակները կոտրվեցին (տե՜ս Ելք ԼԲ 19), և դրա փոխարեն ստացավ ծանր ու դժվարին օրենքներ, ինչպես Աստված ասաց մարգարեին. «Այդ էր պատճառը, որ նրանց տվեցի հրամաններ, որ բարի չէին, և օրենքներ, որոնցով չէին կարող ապրել» (Եզեկ. Ի 25):
Իսկ երբ այսքանից հետո միս ցանկացան, Աստված այնչափ բարկացավ, որ ասաց. «Տերը ձեզ միս կտա ուտելու, և դուք միս կուտեք: Կուտեք ոչ թե մեկ, երկու, հինգ օր, ոչ էլ տասը կամ քսան օր, այլ կուտեք ամբողջ ամսվա բոլոր օրերին, մինչև ձեր քթից դուրս գա, մինչև որ զզվեք, որովհետև արհամարհեցիք Տիրոջը, որ միշտ ձեր մեջ է» (Թվեր ԺԱ 18-20): Այդպես էլ եղավ, և մինչ միսը նրանց բերանում էր, Աստծու բարկությունն իջավ նրանց վրա, ինչպես մարգարեն է ասում. «Շուտով մոռացան գործերը Նրա, և չանսացին Նրա խորհուրդներին» (Սաղմ. ՃԵ 13): Եվ մեկ այլ տեղ ասում է. «Սրանք անխոհեմ ազգ են, ու նրանց մեջ իմաստություն չկա» (Բ Օրենք ԼԲ 28): Որից հայտնի է դառնում, որ Աստված նրանց համար մեծ գործեր էր նախատեսել, սակայն չկատարեց:
Իսկ Մովսեսը, ով ժուժկալության օրինակն էր, անսվաղ բերանով երկու անգամ քառասուն օր պահեց: Առաջին անգամ՝ որպեսզի Աստծուն տեսնի, իսկ երկրորդ անգամ՝ որպեսզի հաշտեցնի Աստծուն ժողովրդի հետ, և կոտրված տախտակների փոխարեն Օրենքը ստանալով՝ իջավ լեռից փառքով ու լուսատեսիլ երեսով (Ելք ԼԴ 29):
Նաև Եղիան պահեց Մովսեսի նման և երկինք բարձրացավ հրեղեն կառքով (տե՜ս Դ Թագ. Բ 11): Իսկ սքանչելի Եղիսեն, ով արժանացավ Եղիայի կրկնակի հոգուն ու շնորհներին, լոկ հացով և բանջարով էր իր կարիքները հոգում՝ սքանչելագործելով ինչպես Փրկիչը: Եվ որովհետև չէր կենցաղավարում մարմնի օրենքով, դրա համար նրա մեռած մարմինը գերեզմանում կենդանացրեց իրեն դիպած մեռելին (տե՜ս Դ Թագ. ԺԳ 21):
Առյուծները Դանիելից պատկառեցին մարմնի պահեցողության պատճառով, և յոթ օր անսվաղ (առանց ջրի) ժուժկալեցին՝ կշտամբելու համար ծույլերին, ովքեր անբան անասուններից ավելի վատթար էին:
Անանիային և մյուս մանուկներին հրամայվեց այլազգի մանուկների հետ սնվել թագավորական սեղանից, սակայն նրանք հեթանոսական կերակուրների փոխարեն միայն ընդեղենով կերակրվեցին և հաց անգամ հանձն չառան ուտել, և նշանակված ժամին վերջիններիս երեսը թագավորին ավելի պայծառ ու գեղեցիկ երևաց, քան նրանցը, ովքեր ուտում էին զանազան խորտիկներ (տե՜ս Դան. Ա 5-15): Իսկ երբ չարահնար սատանայի մեքենայություններով նրանց կրակը գցեցին, աստվածային մեծ Նախախնամությունը նրանց ողջ ու անվնաս պահեց ահավոր կրակից, որովհետև պահքով էին պաշտպանված, և նրանց մարմիններին չմերձեցավ վեր հառնող բոցը, որը բորբոքողներին միայն այրեց, փոխանակ կապվածների: