ԴՐԱԽՏ, երանական վայր, աստվածատունկ պարտեզ: Հակոտնյան է դժոխքի: Ըստ Աստվածաշնչի՝ «Աստված դրախտ տնկեց Եդեմում՝ արևելյան կողմը, և այնտեղ դրեց իր ստեղծած մարդուն: Տեր Աստված երկրից բուսցրեց նաև ամեն տեսակի գեղեցկատեսիլ ու համեղ մրգեր տվող ծառեր. և կենաց ծառը՝ դրախտի մեջտեղում, և բարու ու չարի գիտության ծառը» (Ծննդ. 2.8–9):
Ադամի և Եվայի համար, համաձայն եկեղեցու մեկնաբանական ընթերցման, Դրախտը նաև հոգևոր վայելչության ոլորտ էր, որտեղ նրանք աստվածային շնորհով հաղորդակցվում էին Աստծո և հրեշտակների հետ:
Նրանց հոգևոր աչքերը բաց էին՝ տեսնելու արարածների էությունը (պատվիրանազանցությունից՝ բարու և չարի գիտության ծառից ճաշակելուց հետո մարդը վտարվում է դրախտից, և նրա հոգևոր տեսողությունը հետզհետե փակվում է):
Դրախտի ծառերի մշակությունը սրբարար աշխատանք էր, որի շնորհիվ նրանք հաղորդ էին դառնում Աստծո խորհուրդներին և օժտվում առաքինություններով: Դրախտ եբրայերեն «կան» (պարտեզ) բառի համարժեքն է: Նույն՝ «պարտեզ» իմաստով գործածվել է Երգ երգոցում. «Քո տնկիները նռնենիների դրախտ են՝ մրգատու ծառերի պտուղներով, նոճով ու նարդոսով» (4.13):
Աստվածաշնչի Յոթանասնից հունարեն թարգմանության մեջ Դրախտ բառն է գործածվում՝ եդեմական պարտեզի նկատմամբ: Նոր կտակարանը Դրախտը կոչում է Աբրահամի գոգ, հոգիների հանգստյան վայր («… հեռվից տեսավ Աբրահամին և Ղազարոսին էլ՝ նրա գրկում հանգստացած», Ղուկ. 16.23–24), զղջացող ապաշխարող և փրկյալ հոգիների օթևան («Եվ Հիսուս նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր ինձ հետ դրախտում կը լինես»», Ղուկ. 23.43), անպատմելի, երկնային, սուրբ ոլորտ («Եվ գիտեմ այդպիսի մարդու…, որ հափշտակվեց մինչև դրախտ և լսեց անպատում խոսքեր, որ մարդս արտոնված չէ խոսել», Բ Կորնթ. 12.3–4), կենաց ծառի պարտեզ («Ով ականջ ունի լսելու, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. ով հաղթի, ես նրան թույլ կտամ ուտելու կյանքի ծառից, որ գտնվում է Աստծու դրախտի մեջ», Հայտն. 2.7):
Հիմնվելով Ս. Գրքի վրա՝ քրիստոնեական եկեղեցին հավատում է, որ Հիսուս Քրիստոսի գալուստով Երկնային արքայությունը՝ դրախտը, հաստատվելու է նաև երկրի վրա, որովհետև ինքը՝ Հիսուսն է հավիտենական կենաց ծառը: Հավիտենական դրախտային կյանքը հասանելի է այն ընտրյալներին, ովքեր վերստանում են այդ կյանքը երկրորդ Ադամի՝ Հիսուս Քրիստոսի շնորհիվ:
ԵԴԵՄ, երանության, բերկրության վայր, հրաշագեղ երկիր, որը, ըստ Աստվածաշնչի, գտնվում էր Արևելքում: Նրա կենտրոնում էր Աստված տնկել դրախտը, իսկ Եդեմից դուրս էր գալիս մի գետ՝ դրախտային պարտեզը ջրելու համար (դա, ըստ Աստվածաշնչի մեկնիչների, խորհրդանշում է երկնային գետը, իսկ նրա ԵԴԵՍԻԱ ջրերը՝ երկնային կյանքի տարածումը):
Այնուհետև գետը բաժանվում էր չորս ճյուղերի՝ Փիսոն, Գեհոն, Տիգրիս, Եփրատ (Ծննդ. 2.8–15): Սրանից ելնելով՝ մի շարք մեկնիչներ կորուսյալ Եդեմ կամ դրախտը զետեղում են Հայաստանում, մյուսները՝ այլ տեղեր: Սակայն, ըստ Աստվածաշնչի, հիշյալ Եդեմեը, Ադամի և Եվայի արտաքսմամբ, կորսված է և Աստծո սուրբ կամքի համաձայն՝ արգելված ու փակված հին մարդու՝ Ադամի և նրա սերնդի համար. «Աստված դուրս հանեց Ադամին, բնակեցրեց բերկրության դրախտի դիմաց և հրամայեց քերովբեներին ու բոցեղեն սրին շուրջանակի հսկել դեպի կենաց ծառը տանող ճանապարհները» (Ծննդ. 3.24):
Դեպի դրախտ, դեպի կենաց ծառ տանող ճանապարհը բացվում է Հիսուս Քրիստոսով, իր՝ տերունական խոսքի համաձայն, թե՝ «…Ես իսկ եմ հարություն և կյանք…» (Հովհ. 11.25): Աստծո Որդու քավչարար արյամբ սրբված հավատացյալներին խոստացվում է մի նոր Եդեմ՝ կենաց պարտեզ՝ առավել փառավոր և հավիտենական՝ Հիսուս Քրիստոսի Երկրորդ գալըստյան ժամանակ. «Երանելի՛ են նրանք, որ պահում են նրա պատվիրանները: Նրանք իրավունք ունեն ուտելու կենաց ծառից և մտնելու քաղաքի դռներով» (Հայտն. 22.14):
Աղբյուր՝ ՔՀ հանարգիտարան
Հեղինակ՝ Լևոն Սարգսյան