ԿԵՆԱՑ ԾԱՌ, կյանքի ծառ, փայտ կենաց, ըստ Աստվածաշնչի՝ հավերժական կյանքն իր մեջ մարմնավորող դրախտային ծառ, որը տալիս է անմահարար պտուղներ. դրսևորում է դիցաբանական և աստվածաշնչային պատկերացումը կյանքի մասին՝ ի հակադրություն մահվան կամ չարի ու բարու գիտության ծառի, Հիսուս Քրիստոսի խորհրդաբանությունը՝ ըստ աստվածաշնչային մեկնությունների: Կյանքի ծառը արտացոլում է կյանքը կրող էակների (բույսեր, կենդանիներ, մարդիկ) աստիճանական աճը և տարածումը:
Դիցաբանական, աստվածաշնչային և հոգևոր համակարգերում կյանքի ծառը շեշտում է կյանքի վերընթաց գիծը՝ ծննդից մինչև ծաղկունք ու պտղաբերում: Նրա բարձրագույն նպատակը անմահությունն է:
Կյանքի ծառը հանդես է գալիս բազմաթիվ անուններով՝ աշխարհածառ, տիեզերական ծառ (arbor mundi), բեղմնավորության ծառ, երկնային ծառ, բարու ծառ, աշխարհի առանցք և այլն: Լինում է եռամաս, քառամաս, առկա է գրեթե բոլոր դիցաբանություններում, աշխարհաստեղծման առասպելներում, գեղարվեստական մշակույթներում, աճի հետ կապված համակարգերում, արվեստներում, վիպական և քնարական երկերում՝ ստանալով բազմապիսի ձևեր: Շումերական, աքքադական, եգիպտական, ասորա-բաբելական, ուրարտական-հայկական, իրանական մշակույթներում այն հանդես է գալիս և՛ որպես վիպական-գրական երևույթ (Ինաննա աստվածուհուն նվիրված շումերական, աքքադա-բաբելական ներբողներում, զրադաշտական օրենքներում, վեդաներում և ուպանիշադներում և այլն), և՛ ստանում բազմապիսի արտահայտություններ կերպարվեստում (ամերիկա-հնդկացիական, եգիպտական, հյուսիսային. ժողովուրդների, հնդեվրոպական, ասորա-բաբելական, հայկական, իրանական, հունա-հռոմեական և այլն):
Հատկապես քրիստոնեական և մահմեդական արվեստներում ու հոգևոր կյանքում կյանքի ծառը առաջնային է ինչպես գեղարվեստում, այնպես էլ սյուժետային նկարներում:
Արարատյան թագավորությունում (Ուրարտու) որմնանկարներում և տաճարական ծիսական արվեստում արդեն կյանքի ծառի կողքերին պատկերվել են անմորուք և մորուքավոր քրմեր (Էրեբունիի որմնանկարներում) և անթև պատանիներ, թևավոր աստվածություններ՝ հովանի ունենալով պահպանիչ օձեր (Արգիշտիի սաղավարտի վրա). Էրեբունիում հայտնաբերվել են որմնանկարների բեկորներ՝ խաղողի որթերով ու ողկույզներով մի ամբողջ տիեզերաստեղծական (կոսմոգոնիական) պատկեր կա միայն մի ֆրիզի դրվագներում՝ սրբազան երկնքով, սրբազան արմավի ծառերով, որթատունկերով, որոնց մեջ պատկերված է պտտվող ծաղիկ կամ արևի սկավառակ, որոնք պահպանում են սրբազան ցուլերը և առյուծները: Էրեբունիի որմնանկարների բեկորներում հայտնաբերված արմավը, որթատունկը, նուռը սրբազան մոտիվներ են դարձել նաև հայ մանրանկարչության մեջ:
Իրանում հայտնի է հազար ու մի դարման ունեցող Գաոկըրընա ծառը, որ տնկել է Ահուրամազդան: Այն բարձրանում է Վոուրուկաշա ծովում նրա ճյուղերում Սաենա թռչունն է: Իրանական դիցաբանության մեջ մեծ տեղ ունի Էլբրուս լեռան վրա աճող Հաոմա կյանքի ծառը, որը հետ է մղում մահը: Հաոման և զրադաշտականության մեջ ավելի ուշ հայտնի Գոկարդ ծառերն ունեն Գաոկըրընայի տարրերը: Գոկարդը աճում է օվկիանոսում կամ ծովում և սկիզբն է ամբողջ բուսականության: Սիմուրղ (սինամրա, սենմուրվ ևն) թռչունը կոտրել է նրա ճյուղը և սերմերը խառնել ջրերին: Այդ ծառի մականունը Յադ-բեշ է՝ «չարահալած»: Դժվար չէ տիեզերաբանական իմաստներ գտնել աքեմենյան արվեստում ներկայացված ծառերի պատկերաքանդակներում:
Պերսեպոլիսի ապադանաների (տաճարների) պատկերաքանդակներում գլանակնիքների վրա առկա են նոճիների սրբազան ծառեր, արմավների պատկերներ: Սասանյան արծաթե գավաթների վրա կան ծովի վրա հառնող լեռան պատկերներ՝ ծառերին կանգնած ձկներով, արծաթե թասեր՝ սիմուրղ հավքերի պատկերներով:
Կյանքի ծառը իր բնորոշումներն ունի Աստվածաշնչում. «Աստված դրախտ տնկեց Եդեմում՝ արևելյան կողմը, և այնտեղ դրեց իր ստեղծած մարդուն: Տեր Աստված երկրից բուսցրեց նաև ամեն տեսակի գեղեցկատեսիլ ու համեղ մրգեր տվող ծառեր, իսկ կենաց ծառը և չարի ու բարու գիտության ծառը, տնկեց դրախտի մեջտեղում» (Ծննդ. 2.8–9): Անբաժան են այստեղ մարդը և կյանքի ծառը.: Կյանքի ծառից զրկվելով՝ մարդը զրկվում է հավիտենական կյանքից՝ հրե սպառնալիքի տակ («Աստված դուրս հանեց Ադամին, բնակեցրեց բերկրության դրախտի դիմաց և հրամայեց քերովբեներին ու բոցեղեն սրին շուրջանակի հսկել կենաց ծառը տանող ճանապարհները», Ծննդ. 3.24): Կյանքի ծառը այնուհետև հիշատակվում է Սողոմոնի առակներում (Առակ. 3.18, 11.30, 13.12, 15.4), որտեղ իմաստուն և արդար այրը (Հիսուսի նախատիպը)՝ «… կենաց ծառ է բոլոր նրանց համար, ովքեր ապավինում են նրան և վստահությամբ հենվում նրա վրա, ինչպես Տիրոջ վրա» (3.18), որ՝ «Կյանքի ծառը բուսնում է արդարության պտղից» (11.30):
Հայտնության գրքում ավելի է հարստանում կյանքի ծառի գաղափարը, լրանում Աստծո դրախտի մեջ գտնվող «կենաց փայտով» (այսինքն՝ խաչով)՝ փոխարենը արևելքում տնկված դրախտի կյանքի ծառի: Հայտնության կյանքի ծառը տալիս է տասներկու պտուղ՝ ըստ ամիսների թվի, իսկ «… ծառի տերևը ազգերի բուժման համար էր» (Հայտն. 22.2): Մի այլ անգամ Հիսուսի անունն հիշատակվելուց առաջ խոսվում է պատվիրանները պահողների մասին, որոնք «իրավունք ունեն ուտելու կենաց ծառից» (22.14): Հիսուսն իրեն համարում է «արմատ եւ սերունդ [ազգ].. Դավթից» (22.16), որ անվանվում է «Հեսսեի ծառ» և XIX դարից նկարվում է իբրև տոհմածառ Մատթեոսի (երբեմն նաև Ղուկասի) Ավետարանի անվանաթերթում:
Զարդարվեստի բուսական մոտիվների ամենագլխավոր արտահայտությունը կյանքի ծառն է: Այն ունի հիմնական մոտիվներ, աճի հետ կապված՝ բույսի ամենագլխավոր օրգանները՝ հատիկի (սերմի), ծաղկի և վարսանդաառէջքային օրգանների գաղափարապատկերները:
Քրիստոնեության սկզբնական շրջանում գերիշխող հելլենիստական և մերձավորարևելյան (իրանա-սեմական)՝ հիմնականում ճարտարապետական զարդարվեստի ազդեցության տակ մի քանի բուսական մոտիվներ (արմավազարդեր, ակաթազարդեր կամ արջամագիլներ, զանազան հյուսվածքազարդեր, նռան ու խաղողի մոտիվներ) մեծ տարածում են ստացել: Սակայն քրիստոնեական (մանավանդ հայ միջնադարյան) արվեստում կյանքի ծառը համարվող այդ մոտիվները վեր են բարձրանում «զույգ ծաղիկ», «պտղաբերություն» և նման թեև կենսական, բայց նախնական պարզ գաղափարներից և հարստանում աստվածաշնչային և մեկնողական հոգևոր հարուստ գաղափարաբանությամբ: Արմավն արդեն խորհրդանշում է արդարներին և երկնային արքայությունը (Երուսաղեմ մտնելիս Հիսուսի առջև պատանիները արմավի ճյուղեր են փռում), Հիսուսի տոհմածառը կամ Հեսսեի (Դավթի հոր) ծառը, որտեղ որպես արմավի պտուղ պատկերվում են Հիսուսի նախնիները (թիվը փոփոխական է)՝ զարդարված արմավի ճյուղերով, ինչպես՝ մեդալիոններով: Ձեռագիր Ավետարանների խորանապատկերներում, անվանաթերթերում և այլուր, ինչպես նաև խաչքարերի վրա է՛լ ավելի է ընդլայնվում կյանքի ծառի գաղափարը՝ տարածվելով նռնենիների, ձիթենիների, խաղողի որթի վրա, որոնցից յուրաքանչյուրն ունի իր խորհուրդը՝ կապված նահապետների, մարգարեների, ճգնավորների դասերի, առաքյալների հետ և այլն: Կյանքի ծառի բովանդակությունն է՛լ ավելի է հարստանում՝ կապվելով զույգ և ավելի մեծ թվով թռչունների ու կենդանիների խորհրդաբանության հետ (աքաղաղներ, սիրամարգեր, ձկնաքաղ հավքերի տեսակներ՝ հավալուսն, կռունկ, ձկնկուլ, կտցար, նաև կաքավներ, աղավնիներ և այլն):
Դրանք նախնական իմաստներով թեև առնչվում են ծնող զույգի գաղափարին, բայց ստանում են առավելապես հոգևոր բովանդակություն՝ էպիկուրյան և պլատոնական վայելքի ու սիրո (էրոսի) գաղափարն ուղղելով դեպի հոգևոր վայելքի հունը (Դիոնիսիոս Արիոպագացու երկերը): Դրանց մասին առանձին խոսվում է Ստեփանոս Սյունեցու, Ներսես Շնորհալու, Գրիգոր Տաթևացու և ուրիշների «Խորանների մեկնություններում»:
Կյանքի ծառի և ծաղկող խաչի հետ կապված գաղափարները նախնական իմաստներից (աճ, տերև, վարսանդ, առէջքներ, ծաղիկներ, ծնող զույգ և այլն) հոգևոր վերելք են ապրում նաև հայ և քրիստոնեական միջնադարյան պոեզիայում: Կյանքի ծառի նախնական իմաստները (զուգավորման, բազմացման) ավելի ցայտուն են ժողովրդական երգերում («Ջան գյուլումներ», խաղեր, էպոս և այլն), որտեղ հետագայում խառնվում է կրոնական-հոգևորը:
Գրիգոր Նարեկացու Վարդավառի և Հայտնության (Ավետիսի) տաղերում առավելագույնս արտահայտված է կյանքի ծառի այն գաղափարը, որն առկա է մանրանկարչության մեջ (հատկապես կիլիկյան՝ Հեսսեի ծառի պատկերի լավագույն օրինակներում), ճոխացված գրական շքեղ խորհրդավոր պատկերներով, որոնք դժվար է արտահայտել մանրանկարչության մեջ: Գրիգոր Նարեկացու բարձր ոճն ավելի մտերմիկ ու հուզական երանգ է ստանում ժողովրդական կամ միջին հայերենով մեզ հասած «Ավետիսներում», «Ծովին և նավին» ու «Կարոս Խաչին» տաղերում:
Աղբյուր Ք. Հ., Հեղինակ` Վիգեն Ղազարյան