ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայ եկեղեցու յոթ խորհուրդներից: Նշանակում է զղջալ կատարած հանցանքի, սխալի համար և մեղքը քավել: Կոչվում է նաև խոստովանանք: Ապաշխարությունը արդարության և մաքրության խորհուրդն է, որով մեղավորին իր ճշմարիտ ու գիտակից զղջումով և անկեղծ խոստովանությամբ մեղքերի թողություն է շնորհվում: Հին կտակարանում գոյություն ունեցող ապաշխարության (Հովել 2.12) և խոստովանանքի (Թվեր 7.58, Ղևտ. 5.4–10) գաղափարին Հիսուս Քրիստոսն ավելի մեծ նշանակություն է տվել և հոգևոր կյանքի վերածել: Նրա խոսքերը ապաշխարության մասին բազմիցս վկայված են Նոր կտակարանում. «Ապաշխարեցեք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է» (Մատթ. 4.17), «Եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես պիտի կորչ եք» (Ղուկ. 13.3), «Ուրախություն կլինի երկընքում մի մեղավորի համար, որն ապաշխարում է, քան իննսունինը արդարների համար, որոնց ապաշխարություն պետք չէ» (Ղուկ. 15.7) ևն: Քրիստոսն ապաշխարության խորհուրդը կատարելու իրավունքը տվել է առաքյալներին և նրանց հաջորդ եկեղեցականներին (Հովհ.20.21–33): Ապաշխարության խորհրդի պայմանները երեքն են. առաջինը անկեղծ, ճշմարիտ և գիտակից զղջումն է գործած մեղքերի համար: Երկրորդը խոստովանությունն է՝ գործած մեղքի ընդունումը: Խոստովանությամբ մեղավորը ստանում է մեղքերի թողություն (արձակում). «Նախ դու խոստովանիր քո անօրենությունները, որ արդարացվես» (Եսայի 43.26): Առաքյալների ժամանակ հավատացյալներն իրենց հանցանքները խոստովանել են և իրար պատմել. «Ձեր մեղքերը միմյանց խոստովանեցեք և միմյան համար աղոթք արեք, որպեսզի բժշկվեք» (Հակոբ. 5.16): Ապաշխարության երրորդ պայմանը հատուցումն է կամ կրած պատիժը, որը եկեղեցին սահմանում է հանցանքների ծանրությանը համապատասխան՝ հոգեպես վերաշինվելու համար: Քրիստ. եկեղեցու առաջին դարերի խոստովանությունը հիմնականում հրապարակային էր, երբեմն՝ առանձնական կամ անհատական: Հետագայում առավելապես գործածվել է անհատական խոստովանությունը: Կաթոլիկ եկեղեցում ապաշխարողն իր մեղքերն առանձնաբար խոստովանում է հոգևորականին: Այդպես է եղել նաև Հայ եկեղեցում: Դվինի Բ եկեղեցական ժողովի (554) ԺԹ կանոնի համաձայն, կարգալույծ է արվել այն քահանան, որն իրեն ծածուկ խոստովանած մեղքերը հայտնել է ուրիշին: Իսկ նույն ժողովի ԺԸ կանոնը արգելել է քահանաներին վարձ վերցնել խոստովանողից: Հետագայում Հայ եկեղեցում անհատական խոստովանությունը փոխարինվել է հրապարակային կամ հավաքական խոստովանությամբ: Հրապարակային խոստովանության ձև է Հայ եկեղեցում պատարագիչ եկեղեցականի՝ ս. Պատարագից առաջ, նախքան խորան բարձրանալը ներկաներից հրապարակավ թողություն խնդրելը. «Խոստովանիմ առաջի Աստծո և առաջի Տեր, հարք և եղբարք, զամենայն մեղս, զոր գործեալ եմ…» (Ժամագիրք): Հրապարակային խոստովանությունը ժողովրդի ներկայությամբ անձն. մեղքերի հայտարարությունն է: Հոգևորականների համար ևս պարտադիր է խոստովանությունը: Համաձայն Հայ եկեղեցու վարդապետության, խոստովանությունը կատարվում է եկեղեցում, Աստծո պաշտոնյայի՝ խոստովանահոր առաջ: Միայն ձեռնադրված եկեղեցական է, որ իրավունք ունի մեղքերի թողություն տալու: Նախքան հաղորդությունը հավատացյալները ծնկի են գալիս քահանայի առաջ, և նրանցից մեկը կամ քահանան ընթերցում է Ժամագրքի սկզμում «Զղջման» վերնագրով մեղաների շարքը, որը սկսվում է «Մեղա Ամենասուրբ Երրորդության» աղոթքով: Մնացածները յուրաքանչյուր բաժնի ավարտին «Մեղա Աստծո» խոսքերն են կրկնում: Քահանան ի պատասխան ասում է. «Աստված թողություն շնորհեսցե»: Ապա ընթերցվում են ապաշխարության սաղմոսները: Քահանան աղոթում է, որ Աստված լսի մեղավորի աղաչանքն ու խոստովանությունը՝ դարձնելով նրան Սուրբ Հոգու տաճար: Ընթերցում է Եսայի մարգարեից 1.16–20, Եզեկիելից՝ 18.21–23, Եփեսացիների թղթից՝ 6.10–24 համարները և «Անառակ որդու» առակը (Ղուկ. 15.11–32), որից հետո արևմուտք դառնալով՝ երեք անգամ արտասանում է «Հրաժարիմքը»: Այնուհետև բոլորը շրջվում են դեպի արևելք և ասում դավանության խոստովանությունը՝ «Հավատամքը»: Այդ ամենից հետո միայն ապաշխարողը, մաքրված և թողություն ստացած, պատրաստվում է հաղորդություն ստանալու: Հայ եկեղեցին շաբաթվա մեջ երկու օր՝ չորեքշաբթի և ուրբաթ, որոնք պահոց օրեր են, համարում է նաև ապաշխարության օրեր: Մեծ պահքը նաև ապաշխարության շրջան է: Նախկինում Հայ եկեղեցին ապաշխարության հատուկ օր ուներ, որն Ավագ հինգշաμթին էր, երբ կատարվում էր «Կարգ ապաշխարողաց» ժամերգությունը, ապա տեղի էր ունենում Պատարագ՝ ի հիշատակ ս. Հաղորդության խորհըրդի հաստատման:
Աղբյուր՝ Ք.Հ. հանրագիտարան