Սուրբ Հոգու աստվածային գալուստը քարոզվել է բոլոր մարգարեների կողմից, բայց կատարելապես Նրա գալստյան մասին առաքյալներին պատմեց Փրկիչը, մինչ Իր տնօրինական փրկարար չարչարանքները, որպեսզի ճանաչեցնի Հոգու էությանը և մխիթարի նրանց: Իսկ երբ մոտենում էր գրավոր Օրենքի հնանալու և Նոր Ուխտի հաստատվելու ժամերը, ասաց. «Եթե Ինձ սիրում եք, կպահեք Իմ պատվիրանները. և Ես պիտի աղաչեմ Հորը, և Նա մի այլ Մխիթարիչ պիտի տա ձեզ, որպեսզի հավիտյան ձեզ հետ բնակվի Ճշմարտության Հոգին» (Հովհ. ԺԴ 15-17): Եվ դարձյալ՝ «Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի Իմ անունով, Նա ձեզ ամեն բան կուսուցանի և ձեզ կհիշեցնի այն ամենը, ինչ Ես ասացի ձեզ» (Հովհ. ԺԴ 26): Սրանով հայտնում է, որ Սուրբ Հոգին Հորից էր գալու: Տերն ասաց. «Լավ է ձեզ համար, որ Ես գնամ. որովհետև եթե Ես չգնամ, Մխիթարիչը ձեզ մոտ չի գա. իսկ եթե գնամ, Նրան կուղարկեմ ձեզ մոտ» (Հովհ. ԺԶ 5-7): Ասաց նաև՝ «Դեռ շատ բաներ ունեմ ձեզ ասելու, բայց այժմ չեք կարող տանել: Երբ որ գա Նա՝ Ճշմարտության Հոգին, ամենայն ճշմարտութեամբ կառաջնորդի ձեզ» (Հովհ. ԺԶ 12-13): Մանավանդ զգուշացրեց. «Ամեն մեղք և հայհոյանք կներվեն մարդկանց, բայց Հոգու դեմ հայհոյանքը չպիտի ներվի: Եվ ով որ Մարդու Որդու դեմ խոսք ասի, նրան պիտի ներվի, բայց ով ասի Սուրբ Հոգու դեմ, նրան չպիտի ներվի ո՜չ այս աշխարհում և ո՜չ էլ հանդերձյալում» (Մատթ. ԺԲ 31-32): Հարությունից հետո Որդին փչմամբ նախաճառեց Սուրբ Հոգու մասին՝ ասելով. «Առե՜ք Սուրբ Հոգին…» (Հովհ. Ի 22), իսկ համբարձումից առաջ պատվիրեց նստել Երուսաղեմում, մինչև երկնքից զորություն ստանալը:
Տերն Իր հրաշափառ Հարությունից քառասուն օր անց համբարձվեց և ինն օր հրեշտակների ինը դասերում պաշտվելուց հետո տասներորդ օրը նստեց Հոր աջ կողմում և առաքյալների դասերի վրա առաքեց խոստացած Պարգևը՝ Սուրբ Հոգին, որպեսզի առաքյալները, Սուրբ Հոգին կարոտով ու զգուշությամբ ընդունելով, Նրանով առաջնորդվեն դեպի Ավետյաց երկիր, ինչպես ասում է Դավիթը. «Քո բարի Հոգին ինձ պիտի առաջնորդի դեպի արդար երկիր» (Սաղմ. ՃԽԲ 10):
Թեպետ մինչ այդ առաքյալները տիեզերքի Փրկչից ստացան քահանայապետությունը, սակայն առանց Սուրբ Հոգու ընդունելության տակավին անկատար էին, չնայած այն նշանները, որ նրանք գործում էին, քանի դեռ իրենց հետ էր Քրիստոս, առանց Սուրբ Հոգու չէին լինում: Առաքյալներն այսօր կատարելապես ընդունեցին Սուրբ Հոգին, Ով ոչ թե ազդմամբ, ինչպես մարգարեներին, այլ անբաժանելիորեն նրանց միացավ: Հոգին չեկավ ծածուկ և աներևույթ, այլ իբրև սաստիկ հողմ և լցրեց ամենքին: Սուրբ Հոգին Իր էջքով նոր սքանչելիք գործեց՝ կյանքի հոտ ու անմահության բույր հեղելով Երուսաղեմի վրա և լիացնելով քաղաքը: Եվ առաքյալների միջոցով Սուրբ Հոգու անուշահոտությունը լցվեց ամբողջ տիեզերքը, ինչպես և Պողոսն է ասում. «Քանի որ Քրիստոսի բուրմունքն ենք Աստծու առաջ՝ և՜ փրկվածների մեջ, և՜ կորստյան մատնվածների մեջ» (Բ Կորնթ. Բ 15):
Այս տոնը լրումն է տերունական տոների: Ինչպես տնօրինության սկզբում Սուրբ Հոգին եկավ Կույս Մարիամի մոտ, այդպես էլ այսօր Հոգին եկավ Վերնատուն և հրով զինեց առաքյալներին:
Այս տոնն ազատարար է և պարգևիչ, քանզի մեզ ազատեց ապականության ծառայությունից և վերադարձրեց մեր հայրենի ժառանգությունը՝ Դրախտը: Մենք Սուրբ Հոգու գալուստը տոնում ենք ութ օր շարունակ (ինչպես Ծննդյան ու Հարության տոները) սակայն տոնում ենք պահքով, քանի որ երբ Տերը մկրտվեց, Հոգին Նրան տարավ անապատ, և այնտեղ Տերը քառասուն օր ու քառասուն գիշեր պահքի մեջ էր, այդ պատճառով էլ մենք Հոգեգալուստը պահքով ենք տոնում:
Քանի դեռ Հոգին չէր իջել, զուգապատիվ Երրորդության մեր խոստովանությունը թերի էր, որովհետև իսրայելացիները միայն Հորը գիտեին Աստված, ինչպես և ասում էին, թե մեկ է մեր Հայր Աստվածը, ըստ Մովսեսի խոսքի. «Լսի՜ր, Իսրայե՜լ, մեր Տեր Աստվածը մեկ Տեր է» (Բ Օրենք Զ 4): Մովսեսը ժողովրդին բազմաստվածությունից ետ պահելու պատճառով այդպես ասաց, որպեսզի մեկ իշխանությամբ գրավի նրանց, թեպետև անգետ չէր Երրորդության խորհրդին, քանզի գրեց. «Աստված ասաց. «Մարդ ստեղծենք Մեր կերպարանքով ու նմանությամբ» (Ծննդ. Ա 26): Դրանով հայտնեց, որ Հայրը Որդու և Սուրբ Հոգու մասին խոսեց:
Աստծու Հոգին բանական է, մտավոր, կենդանի և կենդանացնող, որով զարդարվում և կառավարվում են բոլոր բանականները, երկնավորներն ու երկրավորները: Նա «Սուրբ Հոգի» է կոչվում, որպեսզի խոսքի մեջ զանազանվի հրեշտակների և մարդկանց հոգիներից: Թեպետ հրեշտակները սրբություն ունեն, ինչպես և մեր հոգիները, որ Արարչից բարի ստեղծվեցին և բարի Աստծու պատկերն են, սակայն զանազանվում է արարածների սրբությունը Սուրբ Հոգու սրբությունից: Քանզի Աստծու Հոգին բնությամբ է սուրբ, իսկ հրեշտակները և մեր հոգիները՝ դրությամբ: Ըստ որում Սուրբ Հոգին անեղ է ու ամենևին սուրբ, և հստակ ու պարզ է Նրա էությունը, իսկ մեր հոգին եղական է, ստեղծված և կապված է մարմնին:
Մի է անուշաբույր Արարիչ Սուրբ Հոգին, Ով արարչության օրերին շրջում էր ջրերի վրա, և Նրանով բացվեցին ու փակվեցին երկնքի սահմանները, և բաժանվեցին լեզուներն աշտարակաշինության ժամանակ: Նա հանեց Իսրայելին Եգիպտոսից և առաջնորդեց Ավետյաց երկիր, լցրեց Մովսեսին և տարածվեց յոթանասուներկու ծերերի վրա (տե՜ս Թվեր ԺԱ 25-29): Նա հովիվներին մարգարեներ դարձրեց, տգետներին՝ ավետարանիչներ, ձկնորսներին՝ քարոզիչներ, իսկ հեթանոսներին՝ վարդապետներ ու նրանց առաքեց աշխարհով մեկ: Նա բաժանված լեզուները կրկին միավորեց ու վերստին նորոգեց: Նա է խուլերին լսել տալիս և համրերին՝ խոսել, անմիտներին իմաստուն է դարձնում և մանուկներին հավատի մեջ հաստատում: Նա է վերստին հոգևոր ծնունդ Տվողը՝ Իր գութը սփռելով ծնվածների վրա, օրըստօրե մարդասիրաբար մաքրելով նրանց հնության տկարությունից: Նրանով է լինելու նաև համընդհանուր հարությունը, և Նա է արդարների ու մեղավորների համար արժանի տեղեր պատրաստում:
Եվ ինչպես Աստված փակեց Դրախտը բոցեղեն սրով և պահեց Կենաց ծառի ճանապարհը, այդպես էլ այսօր առաքեց Սուրբ Հոգին կրակի նմանությամբ՝ պահելու և պարսպապատելու համար սուրբ Եկեղեցին, որպեսզի սատանան այնտեղ չմտնի և ավերածություն չգործի, քանզի սատանան Սուրբ Հոգու կրակից հույժ սարսափում է:
Արամ Դիլանյան