Վարդան Այգեկցի. շնության, պոռնկության, արվամոլության և անասնապղծության մասին

 Ահա՛ դառնատեսակ չարիքը, կործանարար անունը, սատանայական համբավն ու սանդարամետական գործը: Առավել ծանրագույն է սա, քան երկաթը, և ավելի դաժանահոտ, քան [հոտած] ուղեղը: Շունչն է սա չար վիշապի և նրա անօրեն սրտի ծնունդը:

 Դարձյալ ե՛կ հոգեպատում գրվածքներով նկարագրենք այս չար ախտերի կերպերն ու որպիսությունը, ինչպես որ ծանոթացանք այլ անօրենությունների հետ: Նախ կարևոր է իմանալ, որ նախկինում շատերը կործանվեցին այս ախտերից, իսկ շատերն էլ կորչելու են հետո, որովհետև մարդու մոտ սա բնական է և ոչ թե օտարամուտ, ինչպես նաև մարդկանց ծննդյան, աճման ու որդեծնության պատճառն է: Պոռնկության դևը առավել, քան բնական անհրաժեշտությունը, հորդորելով ջերմորեն թուլացնում է, հեշտացնում և գցում շնության ու այլանդակ աղտեղության մեջ: Արդ, ժամանակն է քննելու այս դիվական ախտերի տեսակները:

 Շնություն է կոչվում այն, որ ծածուկ, երկնչելով ու մեծ ամոթով է լինում, [մարդը] երբեմն կարողանում է մտնել կնոջ մոտ և շնանալ, իսկ երբեմն էլ ահից ու ամոթից չի կարողանում: Կգա ժամանակ, և նա դյուրությամբ դուրս կգա մեղքերից, որովհետև ամոթով էր:

 Պոռնկություն է կոչվում այն, որ լրբությամբ ու աներկյուղ է գործվում: Իսկ լիրբն առավել է ատում Աստծուն, նման նրան, ով վերցնում է կեղտն ու դնում իր տանը. ահա լրբացավ, պոռնկացավ ընդդեմ [գործեց] Աստուծո կամքի, որը չեն հրամայում Եկեղեցու կանոնները: Նայի՛ր խորհրդիս և իմացի՛ր. մի՞թե չէր կարող Աստված բազում կանայք ստեղծել մեր հայր Ադամի համար, սակայն Ադամի կողից միայն Եվային ստեղծեց և տվեց նրան: Այդ պատճառով էլ Եկեղեցու կանոնները սահմանեցին երկրորդ կին ապաշխարությամբ առնել: Իսկ երրորդ պսակ երբեք չես կարող գտնել աստվածային Գրքերում. նզովվում է այդպիսի պսակը, նաև Եկեղեցին ու քահանան, որը պսակում է, որովհետև պղծում է Եկեղեցին ու օրհնության պսակը: Ավելի լավ կլիներ, եթե [կնոջն] իր տուն տաներ անպսակ, որը թեպետև ճշմարիտ պոռնկություն է և Աստծուն ատելի, բայց կգա ժամանակ, և նա, ում վրա չկա երրորդ պսակի նզովքը, կարող է դյուրությամբ ելնել մեղքից: Իսկ նա, ով իր մտքում պսակի համար արդար է համարում կնոջը, չի կարողանում հեշտությամբ բաժանվել և մյուս քրիստոնյաների պես համարձակվում և պսակվում է [երրորդ անգամ]` այդպիսով պոռնկանալով ու լրբաբար հակառակվելով Աստծուն, նզովվում է: Քանզի Աստվածաշունչ Գրքերի սովորությունն է հանդգնորեն և լրբաբար գործված ամեն մի չար մեղք պոռնկություն անվանել: Ինչպես Եսավին են պոռնիկ անվանում, որը մի քիչ կերակուրի հետ վաճառեց առաջնեկությունը:

 Նաև մարգարեն շուն է անվանում Երուսաղեմը, որովհետև [այնտեղ] ծածուկ կուռքեր էին պաշտում: Եվ Սամարիան է պոռնիկ անվանում, որտեղ հայտնապես և համարձակորեն պաշտում էին կուռքերին` ըստ այն խոսքի. «Քարի ու փայտի հետ էր շնանում Երուսաղեմը, իսկ Սամարի անպոռնկում էր լրբաբար» (Երեմ Գ. 9):

 Շնության մեջ էլ մեծ և փոքր կա. երբ կույսը շնանում է կույսի հետ, ավելի թեթև է, որովհետև շատ ծարավ էին: Ավելի ծանր է տղամարդու համար, որովհետև հմուտ էր գործի մեջ և ծարավ չէր: Եռապատիկ ծանր է նրա համար, ով շնանում է մի կնոջ հետ, որի ամուսինը կենդանի է: Առավել ծանր է, երբ կենդանի են [մեկի] ամուսինը և [մյուսի] կինը, բայց նրանք շնանում են:

 Բայց կա ասածներիցս տասնյոթ անգամ առավել չար, պիղծ և ճշմարտապես նզովքի արժանի շնություն, երբ այրն ու կինը, որոնց Աստուծո օրենքով արդար պսակ է հասել (որ ամուսնությունը լինի սուրբ և պարկեշտ անկողնում` ըստ սուրբ առաքյալի հրամանի), թողնում են [իրենց] սուրբ պսակն ու, դիվական սիրո չար ախտով շնանալով, պոռնկությամբ [ուրիշ կին են] առնում, տանում տուն կամ մի այլ տեղ` դուրս գալով Աստուծո հրամաններից ու օրհնություններից: Իսկապես շնությունը սատանայական սիրո գործ է և դժոխքի դռների բանալի: Ովքեր շնանում են և չեն զղջում, անշեջ գեհենի ժառանգորդներ են: Ահա՛ մարդիկ, որոնք գտնում են հաց, բայց խոզի պես կերակրվում են աղբով: Ահա՛ մարդկանց այն տեսակը, որն ունի մաքուր ջուր, սակայն ուրախությամբ ըմպում է մահացու ճահճաջուրը, որի մեջ կան զեռուններ, որոնք ժահահոտ աղբի մեջ կենդանանում են, իսկ անուշահոտ յուղի մեջ` սատկում: Թեպետ սրանք ունեն ոչխարի մաքուր և անարատ կաթը, բայց վերցնում և ցնծությամբ ըմպում են շան արյունը, որովհետև նրանց արդար պսակն ու անկողինը անարատ կաթն է, իսկ անուշահոտ յուղը` հստակ ջուրն ու մաքուր հացը: Ով թողնելով իր անարատ ու արդար պսակը` բաժանված է պահում կնոջը և շնանում է, կամ [ուրիշ կին] առնելով` բերում է տուն, նրա անկողինը շան արյուն է, չար և ժահահոտ աղբ, հույժ և իրապես մահացու տղմոտ ցեխ: Այստեղ չարժե [ավելորդ անգամ] հիշել, որ դա ստուգապես հակառակ է Աստծուն ու Նրա օրենքներին, նաև ատելի է հրեշտակներին ու Նրա բոլոր սուրբերին:

 Եթե նրանք նույն բանի մեջ առանց զղջալու վախճանվեն, կժառանգեն անվերջանալի տանջանքները:

 Կարգավորները, որոնք կամովին գլորվում են լույսի աստիճանից, ինչպես Ադամը` դրախտից, զրկվում են մեծ ու ցանկալի պատվից, հեռանում Աստծուց և Նրա շնորհներից. կին են առնում և իրենց լրբությամբ գայթակղեցնում տեսնողներին: Նրանց համար ավելի լավ կլիներ, եթե Ավետարանում հիշված ծանր քարը կախված լիներ նրանց պարանոցից, և սատկեին ծովի խորքերում, քան թե գայթակղեցնեին որևէ մեկին: Սրանք առաջին մարդու նման տվեցին անգին մարգարիտն ու վերցրին ժահահոտ աղբը: Աստվածային առաքյալը գրում է. «Բոլոր մեղքերը, որոնք գործում է մարդը, նրա մարմնից դուրս են, իսկ ով շնանում է կամ պոռնկանում, իր մարմնի ներսում է աղտեղանում» (Ա Կոր. Զ 18): Եվ դարձեալ գրում է` զարմանալով. «Քրիստոսի անդամներն առնելով` պոռնկի անդամնե՞ր եք դարձնում. որովհետև ով մկրտվում է, Քրիստոս է հագնում: Դուք Աստուծո տաճար եք: Իսկ նրան, ով մեղքով ապականում է Աստուծո տաճարը, Աստված կապականի անշեջ հրում» (Ա Կոր. Զ 15) : և մի՛ տրտմեցրեք Սուրբ Հոգուն, որով մկրտվեցիք սուրբ Ավազանում և փրկվեցիք անեծքների կապից: Արտաքին իմաստունները ևս, որոնք թեպետև կռապաշտ էին, սակայն շնության և պոռնկության ախտը երեքգլխանի գիշատիչ չար գազան անվանեցին և ասացին. «նա դժոխքի դռնապանն է: Գլուխներից մեկը շան գլուխ է, իսկ պոչով շողոքորթում է քաղցր հեշտությամբ, որ մարդկանց գցի պոռնկության մեջ:

 Մյուս գլուխը վիշապօձի է. շնության ախտը դյուրությամբ է մտնում ամեն մեկի մեջ, որովհետև հեշտացնող է և ողորկ, ինչպես օձ, որն իր կաշվի ողորկության պատճառով դյուրությամբ է մտնում նեղ ճեղքերը: Օձին որևէ մեկը մեծ բռնությամբ անգամ չի կարող ետ քաշել ճեղքից, որովհետև ողորկ կաշին հակառակվում է և չի թողնում: Նմանապես էլ շնությունից և այլ մեղքերից բռնությամբ ոչ ոք չի կարող դուրս գալ, որովհետև հեշտասիրությունը դիմադրում է և թույլ չի տալիս:

 Մյուս գլուխն էլ առյուծի է. թեպետև նրա կամ ուրիշ հեշտացնող մեղքերի իշխանությունից դուրս գալու համար ջանքեր թափես, նա առյուծի պես կմռնչա և կզարհուրեցնի քեզ, իսկ հեշտությունն իր ժանիքներով կողակի և թույլ չի տա քեզ դուրս գալ մեղքերից և դժոխքից»:

 Գալիս և նույն չարիքին է միանում արվամոլությունը: Թեպետ միանման ախտեր են սրանք, բայց սա շնությունից առավել չար, ստուգապես սատանայական ախտ է, որովհետև դուրս է մարդկային բնությունից և անպիտան որդեծնության համար, ի տարբերություն կանացի իգական անդամի, որն Աստված ստեղծեց մարդկանց աճման համար: Քանզի սատանան, որքան կարողանում է, հնարներ է [մտածում], ջանում է ավելի մեծ չարիքներ գործել տալ մարդկանց, որ նրանք հույժ հեռանան Աստծուց: Դրա համար էլ հնարեց, ջանաց և Ադամի որդիների մեջ սերմանեց արվամոլությունը Աստուծո հրամանին հակառակ: Աստված ստեղծեց կնոջ ծննդական անդամը և օրհնությամբ մարդկանց հրամայեց բազմանալ: Սակայն տե՛ս բանսարկուի չարության արվեստը, թե որտեղից սկսեց այս անտանելի չարիքը: Պատմում են, թե Կայենի զավակների մեջ կար մի կին, որը դարձավ սատանայի անոթ. սատանան խառնակվեց նրա հետ և նրա միջոցով մարդկանց սովորեցրեց արվամոլություն: Այդ կինը դժվարածին էր և որպեսզի չչարչարվի ծննդաբերելիս, իր ամուսնուն սովորեցրեց անբնականը և սոդոմականը գործածել իր չար ախտը բավարարելու համար և ոչ թե ծննդական որովայնը:

 Եվ որովհետև հնարավոր չէ, որ աշխարհում գործվող չարիքը թաքուն մնա, մարդիկ այս չարիքի մասին լսեցին, սովորեցին նրանցից և սովորեցրեցին շատերին: Կամաց-կամաց տարածվեց այն: Տղամարդիկ սովորելով` թողեցին իրենց կանանց անկողինը, ու տղամարդը տղամարդու հետ էր գործում այս խայտառակությունը: Եվ իգանալով` միմյանցից կրկին փնտրում էին փոխադարձը, ինչպես աստվածային առաքյալը արվամոլների մասին գրում է իր ճառում: Հետո տարածվեց ախտը, և Աստուծո որդիները, որոնք Սեթի որդիներն էին, խառնակվեցին Կայենի որդիների բարքերին:

 Գրքերում գրված է, թե Աստուծո դրախտի առջև գտնվող մի լեռան վրա հինգ հարյուր տարի բնակվեցին և երկար ժամանակ արվամոլությամբ զբաղվեցին Ադամի որդիները` դառնալով առավել վատթար, քան անասունը: Ապա, թողնելով այն, սկսեցին կանանց հետ վարվել անասունի պես, որովհետև ընդհանուր դարձրին կանանց: Գրված է, որ քսան տղամարդ միաժամանակ մի կնոջ հետ շնանում էր լրբությամբ: Սա պակասեցրեց որդեծնությունը: Աստված տեսավ նրանց գործերն ու հույժ տրտմեց: Եվ քանի որ ետ չէին դառնալու իրենց մեղքերից, Նա վավաշոտ ախտի պատճառով ջրհեղեղի գեջ ջրով կործանեց նրանց: Ջրհեղեղից հետո բարձրացավ աշտարակը, հիմն ի վեր փլվեց այն, տապալվեց, և Ադամի որդիները ցրվեցին երկրի երեսին: Այնուհետև սատանան եկավ Սոդոմ և Գոմոր, նրանց այլ քաղաքներն ու սովորեցրեց նախկին արվամոլությունը: Եվ այնքան բազմացրեց չարիքը, որ նույնիսկ մոռացան կանանց, ու պակասեց նրանց ծնունդը: Այդ մասին մի իմաստուն ասում է. «Եթե Եվրոպան, Ասիան և Եթովպիան համագործակցեին Սոդոմի ու Գոմորի հետ և սովորեին նրանց աղտեղի, պիղծ ու անօրեն գործը, կպակասեր աշխարհից որդեծնությունը, և մարդկային ցեղը շատ կնվազեր»:

 Այս ամենն հասավ Աստուծո ականջին: Սրտագետ Աստված գիտեր, որ նրանք ետ չեն դառնալու չարիքից, իջավ երկիր և եկավ Աբրահամի մոտ, իր երկու հրեշտակներին էլ ուղարկեց Սոդոմ` Ղովտի համար: և Սոդոմի տղամարդիկ եկան կուտակվեցին Ղովտի դռան մոտ և պահանջում էին Ղովտից նրա մոտ եկած հրեշտակներին, որովհետև մարմնավոր հյուրեր էին կարծում նրանց, քանզի Սոդոմի և Գոմորի անօրեն սովորությունն այն էր, որ եկած հյուրին չարչարում էին սոդոմական պիղծ ախտով: Որպեսզի հավատաս խոսքերիս, թող քեզ վկայություն լինի այն, որ Ղովտը [հրեշտակների փոխարեն] իր երկու կույս աղջիկներին էր տալիս նրանց ձեռքը` նրանց չար և անօրեն ախտերը բավարարելու համար: Իսկ նրանք չհավանեցին ու չվերցրեցին նրա դուստրերին:

 Նաև հայրապետներից մեկի մոտ գրված գտանք. «Որովհետև նրանք չարաչար ցանկացան հրեղեն, անմարմին հրեշտակներին, Աստված իրավամբ վերին հուրը, որտեղ բնակվում են հրեղեն հրեշտակները, անձրևի նման տարածեց ու թափեց նրանց վրա և իսպառ ջնջեց նրանց չար հիշատակը: Հրով կործանվեցին Սոդոմը, Գոմորը, Անդիման, Սաբայիմն ու Սեգովրը` այս հինգ քաղաքներն իրենց գյուղերի ու քաղաքների հետ միասին: Բայց նրանց չար գործն ու դառը հիշատակն աշխարհում չպակասեց, այլ Սոդոմի դառնատես չար տունկը օրըստօրե գնալով աճում է ողջ երկրի երեսին և պտուղ տալիս, իսկ Գոմորի անօրեն ողկույզը մահացու պիղծ վիշապների գինի է պատրաստում, որը տնկեց սատանան` Ադամի սերունդներին կործանելու համար»:

 Վա՜յ մեզ, եղբայրնե՛ր, ավա՜ղ և շա՜տ եղուկ մեր լսելիքին, որովհետև ահա մի գործ, որը հույժ ատեց Աստված, ահա մի գործ, որը պետք է իսկապես այրել, կատաղած գազանի պես սատկացնել. կամ կտոր-կտոր անելով աշխարհից ջնջել նրան, ով կմտադրվի այն գործել:

 Արդ, այս պիղծ ախտի դասակից եղբայրը, որը ճշմարտապես միանում է սրան, անասնապղծությունն է: Երբ չար սատանան տեսավ, որ ջնջվեցին Սոդոմն ու նրա պիղծ ընկերները, և աշխարհում թեթևացավ նրանց անօրեն գործը, սկսեց [սերմանել] այն, ինչ սերմանել էր նախկինում, և տնկելով` բուսեցրեց ու աճեցրեց անասնապղծությունը Փյունիկեում, Հրեաստանում, Պաղեստինում, Գալելիայում և Երուսաղեմի շրջակա այլ գավառներում: Եվ այնտեղ հույժ բազմացավ անասնապղծության չար ախտը, որը, ինչպես Սոդոմի ու Գոմորի դիվական գործը, հույժ ատելի է Աստծուն և Նրա բոլոր սուրբերին: Քանզի սա էլ է օտար և հեռու մարդկային բնությունից:

 Այս չար ախտերի պատճառով Աստված խլեց նրանց այնտեղից և այնտեղ տնկեց Իսրայելի տասներկու ազգերին` Մովսես, Աբրահամ, Իսահակ և Հակոբ նահապետների ժողովրդին, երբ նրանց հանեց Եգիպտոսից: Նրանցից էլ մարմնավորվեց Քրիստոս, ընտրվեցին առաքյալները և մարգարեները: Այս չար հանցանքների համար Աստված` Մովսեսին, իսկ Մովսեսն էլ ժողովրդին ասաց. «Ամեն մարդ, որ կկենակցի անասունի հետ, պետք է այրվի կամ քարկոծվի» (Ելք ԻԲ 19) : Նույնպես էլ` «Պետք է քարկոծվի կինը, որը կկանգնի անասունի առջև» (Ղևտ. ԺԸ 19) : Պատմում են, որ մի թագուհի, որի անունն էր Պերսեփոնա, ցանկացավ և չար մեքենայությամբ կանգնեց անասունի առաջ:

 Դարձյալ` պատմում են նաև մեծ քաղաք Նինվեի թագուհի վավաշոտ Շամիրամի մասին, թե նա Հայոց Արա թագավորի մասին լսեց, որ շատ գեղեցիկ է և տեսքով նման Ադամին` առաջին մարդուն: Եվ որովհետև ախտասեր կին էր, ցանկացավ Արային և նրա հանդեպ բոբոքվեց դիվական սիրո ախտով: Նա պատվիրակներ առաքեց Հայաստան` Արա Գեղեցիկի մոտ, որ գա և պոռնկի իր հետ: Արան նախատեց Շամիրամին: Բայց Շամիրամը, չկարողանալով տանել վավաշոտ ցանկությունը, մեծ զորքով ելավ և եկավ Հայոց աշխարհ` Արա Գեղեցիկի վրա: Նրան պատվով ու աղաչանքով կանչեց, որ գա և կատարի իր գարշելի ու պիղծ ցանկությունը: Ըստ երևույթին Արան սրբասեր էր և դրա համար կրկին մերժեց Շամիրամին: Եվ Շամիրամը պատերազմ սկսեց Արայի դեմ: Կռվի մեջ զինվորները չճանաչելով` սպանեցին Արա Գեղեցիկին: Թագուհին շատ խռովվեց, որովհետև զորքերին պատվիրել էր, որ նրան կենդանի բերեն իր մոտ: Եվ բերել տվեց մեռած մարմինը և երեք օր արտասվելով` աղոթում էր չաստվածներին, որ կենդանացնեն նրան, մինչև որ Արայի մարմինը հոտեց և նեխեց: Շամիրամը շինեց հույժ զարմանալի մի քաղաք: Եվ բարձրանալով` նայում էր իր զորքին և հրամայում ամեն գիշեր երկու գեղեցիկ երիտասարդ բերել իրեն` իր ախտալից անձի ցանկության համար, իսկ առավոտյան հրամայում էր սպանել նրանց, այսպիսով հույժ նվազեցնում էր զորքը: Այս տեսնելով և իմանալով` նրա որդիները չարաչար սատկացրին նրան:

 Արդ, պոռնկական ախտը այսպիսի չարիք է և աճում է օրեցօր` կործանելով բոլոր արարածներին: Այն հույժ ատելի է Աստծուն: Դրա մասին Կիպրիանոսն ասում է. «Տեսա պոռնկական դևին, որը զազրատեսակ էր, արնաներկ, շարավագույն ու փրփրատեսակ, նրանից ժահահոտություն էր բուրում»:

 Սիրելինե՛ր, վա՜յ Ադամի որդիներին: Ահա՛ շաղախեցինք մեր բերանն ու ձանձրացրինք մեր լսելիքը անախորժ, դիվական ախտերի մասին պատմություններով, չշարունակենք դրանք, քանի որ անվերջանալի են, և ո՞վ կարող է ճառել դիվամոլ ցանկությունների աղտեղության մասին, որ եղել են աշխարհում: Բայց վնասակար չէ այսպիսի չարիքների մասին դարձյալ լսելը, որովհետև այդ բանն իմանալով` անդադար գոհություն ենք մատուցում Աստծուն, Որն Իր գալստյամբ մեզ ազատեց ու սրբեց այսպիսի աղտեղություններից: Ուստի, Աստուծո՛յ որդիներ, մշտապես հիշենք Աստուծո երախտիքն ու պարգևները, որ տվեց մեզ, և փութով փախչենք պոռնկական անտանելի ախտից, սրբենք մեր անձերը աղտեղի ցանկություններից, որպեսզի այստեղ սրբությամբ մաքրվեն մեր սրտերը, իսկ հանդերձյալ աշխարհում կարողանանք տեսնել Աստծուն. և անլռելի ձայնով օրհնենք համագո և անբաժանելի Ամենասուրբ Երրորդությանը այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

Հատված Վարդան Այգեկցու «Խրատներ» գրքից