Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Գրիգոր Պարթեվ (239–325/326), Հայոց առաջին եպիսկոպոսապետ 302-ից, համաքրիստոնեական տոնելի սուրբ: Երբ մեկամսյա մանուկ էր, ստնտու Սոփիան և ոմն Եվթաղ նրան փախցրել են Կապադովկիայի Կեսարիա քաղաքը՝ փրկելով Արշակունիների վրեժխնդրությունից (հայրը՝ Անակ Պարթևը, Հայոց Խոսրով Ա թագավորին սպանողներից էր, իսկ Անակի ողջ ընտանիքը սրատվել էր): Կեսարիայում անմիջապես մկրտվել է քրիստոնյա՝ Գրիգոր (հուն.՝ արթուն, հսկող) անունով (հեթանոս. ենթադրյալ անունը՝ Սուրեն): Նույն քաղաքում ստացել է բարձրագույն կրթություն («վարժեալ էր հելլենացի և ասորի դպրութեամբ») և Փիրմիլիանոս արքեպիսկոպոսի մոտ քրիստոնեական հիմնավոր դաստիարակություն: «Յարբունս հասակի հասեալ» ամուսնացել է կեսարացի Դավթի դստեր՝ Մարիամի հետ: Երկու զավակ (Վրթանես ու Արիստակես, ապագա Հայոց կաթողիկոսներ՝ Արիստակես Ա Պարթև, Վրթանես Ա Պարթև) ունենալուց հետո բաժանվել են: Գրիգորը մտել է արքունական ծառայության, Մարիամը կրտսեր որդու հետ՝ կուսանոց, իսկ ավագին հանձնել են խնամատուն: 276-ին, երբ պարսից Վռամ թագավորը գրավել է Հայաստանը, Գրիգոր Պարթևը Տրդատ Գ Մեծի հետ գնացել է Հռոմեական կայսրություն: 287-ին վերադառնալով Հայոց գահին՝ Տրդատ Գ Մեծը, ի նշան հաղթության, Եկեղյաց գավառի Երիզա ավանի մոտ՝ Անահիտի մեհյանում գոհության տոնախմբություն է կազմակերպել: Հայոց թագավորը քրիստոնյա պալատականներին, այդ թվում՝ Գրիգոր Պարթևին (որոնք ազատվել էին կռապաշտական արարողություններից), հրամայել է մասնակցել պաշտամունքին և երկըրպագություն մատուցել Անահիտի մեհյանում: Գրիգոր Պարթևը մերժել է, և Տրդատ Գ, ըստ Ագաթանգեղոսի, որի Պատմությունը Գրիգոր Լուսավորչի վարքի հիմնական սկզբնաղբյուրն է, նրան ենթարկել է չարչարանքների՝ հուսալով, որ նա տեղի կտա և կուրանա Քրիստոսին: Գրիգոր Լուսավորչի չարչարանքների վայրում կառուցվել է ցայսօր կանգուն Չարչարանց Ս. Լուսավորիչ վանքը (Երզնկայից հարավ, Մեղուցիկ գյուղի մոտ, լեռան ստորոտին):
Այդ խոշտանգումները (12 չարչարանքներ) հետևյալ կերպ է նկարագրում Ագաթանգեղոսը.
ա. Ձեռքերը կապած, գայլ ի բերան, թիկունքին՝ աղի բեռ, կուրծքը բարձր գելարանից վար կախեցին: բ. Մեկ ոտքից կախելով՝ աղբ ծխեցրին և դալար բրերով ծեծեցին: գ. Ոտքերը կոճղերի մեջ ճզմեցին: դ. Ոտքին երկաթյա բևեռներ մխելով՝ վազեցրին: ե. Գլուխը կռփահար անելով՝ ծեծեցին: զ. Գլուխը մամլիչի մեջ դնելով՝ քթի մեջ քացախ և բորակ փչեցին: է. Գլուխը մոխրով լեցուն պարկի մեջ կապեցին: ը. Գլխիվայր կախելով՝ նստատեղից ձագարով ջուր լցրեցին: թ. Կողերը երկաթե ճանկերով քերեցին: ժ. Երկաթե դաստակների վրա քաշելով՝ քերեցին: ժա. Ծնկները երկաթե կապիճների մեջ ձգելով՝ կախեցին: ժբ. Հալած կապարով մարմինը այրեցին:
Ագաթանգեղոսի հետևողությամբ հայ միջնադարյան մատենագիրները առանձնակի հոգևոր խորհուրդ են հաղորդել չարչարանքներից յուրաքանչյուրին և դրանց թվով տասներկուսը լինելուն: Այս մեկնաբանություններն ամբողջական և համակարգված տվել է Գրիգոր Տաթևացին: Ըստ նրա՝ 12 չարչարանքները փոխկապակցված երկու խորհուրդ ունեն: Առաջինը խարսխվում է միջնադարյան բնագիտական այն ըմբռնման վրա, որ մարդը 12 անդամներ ու զգայարաններ ունի, որոնք ապականվել էին Ադամի կողմից մեղքի պտուղը ճաշակելիս, երբ նա իր զգայարաններով խաբվել է և ցանկացել ոտքերով ուղղվել դեպի ծառը, ձեռքով պոկել և բերանով ճաշակել: Ըստ այդմ՝ Գրիգորն իր տասներկու չարչարանքներից յուրաքանչյուրով, որոնցից ամեն մեկը հարաբերվում է մարդկային մարմնի տվյալ անդամի և զգայարանի հետ, ջնջել է դրանց ապականությունը:
Երկրորդ բացատրությունն առնչվում է տասներկու առաքյալների հետ: Քրիստոնեությունը քարոզելիս և տարածելիս առաքյալներից յուրաքանչյուրը նահատակվել է մյուսներից տարբերվող առանձին մի չարչարանքով: Համաձայն Գրիգոր Տաթևացու՝ առաքյալների կրած այս տասներկու չարչարանքներից յուրաքանչյուրը Գրիգոր Լուսավորիչն է կրել՝ դառնալով բոլոր առաքյալներին չարչարանակից:
Բռնություններից հետո (ավելի քան մեկամսյա) նախարար Արտավազդ Մանդակունու քրոջ ամուսին Տաճատ Աշոցյանը հայտնել է, որ Գրիգոր Պարթևը թագավորահորն սպանողի որդին է: Տրդատ Գ-ի հրամանով 287-ին նրան նետել են մահապարտների բանտ՝ Խոր վիրապ (տես Խոր վիրապի վանք):
Ըստ ավանդության, Խոր վիրապում Գրիգոր Պարթևը մնացել է շուրջ 14 տարի: Նրա վիրապային կյանքը հրաշք է, և այդտեղ կենդանի մնալը աստվածային սքանչելիների մի հատուկ նշան է համարվում: Աստվածային գթությամբ մի այրի կին գաղտնի զնդան է նետել հանապազօրյա հացը, և մի հրեշտակ ամենօրյա այցելություններով քաջալերել է Գրիգորին:
Տրդատ Գ Մեծը, հետևելով հռոմական Դիոկղետիանոս կայսրի օրինակին, հրովարտակով արգելել է նոր կրոնը և դաժանորեն հալածել քրիստոնյաներին: Նրա հրամանով Գրիգոր Պարթևի բանտարկության վերջին տարում՝ 301-ին (վիրապից ելնելուց 9 օր առաջ), Վաղարշապատի մոտակայքում նահատակվել են ս. Հռիփսիմյան և ս. Գայանյան 37 վկայուհիները (տես Հռիփսիմյանց կույսեր, Գայանյանց կույսեր):
Համաձայն Ագաթանգեղոսի՝ Տրդատը վեց օր ընկղմվել է մելամաղձոտ տխրության մեջ «առ անձուկ սիրոյ Հռիփսիմեայ», ի վերջո որսի է դուրս եկել, և նույն օրն էլ ի տրիտուր այդ ամենի՝ վրա է հասել «Տիրոջ պատուհասը»: Դիվահարվել է թագավորը (բոլոր մերձավորներով) և, նմանվելով վայրի խոզի, մտել եղեգնուտը: Հարվածներից զերծ մնացած թագավորաքույր Խոսրովիդուխտը (նրա քրիստոնյա լինելու հավաստիքն էր) հինգ անգամ կրկնվող տեսիլք է տեսնում, ըստ որի, դիվաբախներին կարող էր բուժել միայն Գրիգորը: Նրան վիրապից հանդիսավորությամբ Վաղարշապատ է բերել Խոսրովիդուխտի խնամակալ Օտա Ամատունին: Գրիգորը նախ հնձանահարկի տակ ամփոփել է նահատակ կույսերի աճյունները, ապա քարոզել Ավետարանը և հնգօրյա պահքով (տես Առաջավորաց պահք) նախապատրաստել պատուհասվածներին և ողջ ժողովրդին քրիստոնեություն ընդունելու: Այնուհետև, անսալով աղաչանքներին, բժշկել է արքային և մյուս ընկնավորներին: Ապաշխարած ու դարձի եկած Տրդատ Գ Մեծը հրամայել է, որ դադարեցվի քրիստոնյաների հալածանքը, և ժողովուրդը համարձակ պաշտի Քրիստոսի սուրբ հավատը:
Հաշվի առնելով հայոց քաղաքական ու հոգևոր միասնության, անկախ գոյավիճակի ապահովման, հարևան այլակրոն պետությունների ազդեցությունից երկիրը ձերբազատելու կարևորությունը, հայ նախարարների շրջանում հռոմեամետ և պարսկամետ կողմնորոշումների ձևավորումը և այլ հանգամանքներ՝ Տրդատ Գ Մեծը 301-ին քրիստոնեությունը Հայաստանում, առաջինն աշխարհում, հռչակել է պետական կրոն: Հայաստանում քրիստոնեությունը պետականորեն ընդունելով՝ Տրդատ Գ Մեծը և Գրիգոր Լուսավորիչը ձգտել են լուծել պետության ամբողջականության, ազգային ինքնության պահպանման ու ամրապնդման, ազգի բոլոր հատվածների համախմբման և միասնության խնդիրը: Երկրում իշխող բազմաստվածությունը՝ իբրև աշխարհայացք և գաղափարախոսություն, պատմական նոր պայմաններում ոչ միայն ի վիճակի չէր նպաստելու ծառացած խնդիրների լուծմանը, այլև բովանդակում էր հայ նախարարական տների կենտրոնախույս միտումների գաղափարական հիմնավորումը: Բազմաթիվ և խայտաբղետ կրոնագաղափարական վարդապետություններից այդ պահանջներին առավելագույնս բավարարում էր հզորացող քրիստոնեությունը: Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելով՝ հոգևոր և գաղափարական նախադրյալներ են ստեղծվել ինչպես զրադաշտական Պարսկաստանից, այնպես էլ դեռևս հեթանոսական Հռոմից գաղափարախոսական սահմանազատման, իսկ միջնորդավորված ձևով՝ նաև քաղաքական ինքնուրույնության և անկախության համար: Քրիստոնեության ընդունումը նախանշել է հայ ժողովրդի և պետության հետագա զարգացման ուղիները, հոգևոր կյանքի, մշակույթի, գիտության, արվեստի, մտածողության և աշխարհընկալման ուղենիշներն ու չափանիշները, որոնք, թեև դժվարությամբ, բայց հետզհետե թափանցել են ազգային գիտակցության, ապրելակերպի, կենցաղի մեջ:
Տրդատ Գ Մեծը պետական հիմքերի վրա է դրել նաև եկեղեցապետի ընտրությունը. հրավիրելով ավագանու ժողով՝ Գրիգոր Լուսավորչին կարգել է Հայոց եպիսկոպոսապետի (հայրապետի) պաշտոնում, դրանով վավերացնելով եկեղեցու և հովվապետի ենթակայությունը թագավորական իշխանությանը:
Գրիգոր Ա Լուսավորիչը 302-ի սկզբին 16 նախարարների ուղեկցությամբ և թագավորական հրովարտակով մեկնել է Կեսարիա, որտեղ նրան եպիսկոպոս է ձեռնադրել տեղի արքեպիսկոպոս Ղևոնդիոսը: Այդ ձեռնադրությամբ Կեսարիայի աթոռը բնավ չի միջամտել Հայ եկեղեցու գործերին, երբեք հսկողության իրավունք չի ունեցել, և ձեռնադրությունը կրել է զուտ ծիսական բնույթ: Տրդատ Գ Մեծն ու ավագանու ժողովն են ընտրել Հայոց առաքելական աթոռի հաջորդին, իսկ Կեսարիայի աթոռն այդ ձեռնադրությամբ պարզապես հոգևոր շնորհաբաշխություն է տվել Գրիգոր Ա Լուսավորչին: Հայոց եպիսկոպոսապետը՝ որպես անկախ եկեղեցու գլուխ, ամեն ինչ ինքն է տնօրինել ու կարգադրել, եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ ձեռնադրել, թեմեր հիմնել, տոներ հաստատել, եկեղեցական կանոններ ու ծեսեր սահմանել՝ պահելով տեղական ավանդությունները և հետևելով ընդհանուր քրիստոնեական սովորություններին:
Գրիգոր Ա Լուսավորիչը Կեսարիայից գնացել է Սեբաստիա, որոշ ժամանակ հետո, Կարինի ու Հարքի ճանապարհով անցել Տարոն, որը հայոց հեթանոսական կրոնի մեծ կենտրոններից էր: Կոտրելով քրմերի դիմադրությունը (ինքը՝ խաչով, նախարարները՝ զենքով)՝ Տարոնում հիմնել է քրիստոնեական կենտրոններ, այդտեղ ամփոփել իր հետ բերած Հովհաննես Մկրտչի, ս. Աթանագինեսի (իր աներորդու) մասունքների մի մասը, գերեզմանների վրա վկայարան կառուցել, նրանց համար հատուկ տոն սահմանել (ներկայումս Հայ եկեղեցին տոնում է Հոգեգալստյան առաջին կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը) և պատվիրել, որ ամեն տարի հավաքվեն այդտեղ՝ սրբերի հիշատակը տոնելու: Հայոց հայրապետը Հովհաննես Մկրտչի նշխարներից ամփոփել է նաև Եղըրդուտ կոչված տեղում և հիմնադրել Մատնավանքը՝ Աշտիշատի ստորոտին: Ապա Աշտիշատում մեծ եկեղեցի է կառուցել, Ս. Երրորդություն անունով սեղան կանգնեցրել, շինել մկրտության ավազան ու մկրտել իրեն ուղեկցող իշխաններին, զորքերին և բազմաթիվ նորադարձների:
Գրիգոր Ա Լուսավորիչը Տարոնից անցել է Բագրեվանդ: Տրդատ Գ Մեծը արքունիքով ընդառաջ է գնացել և Բագավան գյուղաքաղաքում դիմավորել Հայաստանի հովվապետին: Այստեղ ևս ամփոփելով Հովհաննես Մկրտչի, ս. Աթանագինեսի մասունքների մնացյալ մասը՝ դրանց վրա վկայարան է կառուցել, սեղան հիմնել ու Պատարագ մատուցել: 303-ի հունվ. 6-ի այգալույսին՝ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության օրը, Արածանու ակունքների մոտ, Նպատ լեռան ստորոտին մկրտել է Տրդատ Գ Մեծին ու արքունիքին, հայ ավագանու ներկայացուցիչներին: Ըստ Ագաթանգեղոսի՝ նույն վայրում յոթ օրերի ընթացքում մկրտել է նաև արքունական զորքին և ժողովրդին: Ամենամյա Նավասարդի օրը Բագավանում տոնվել է Ամանորի՝ Հյուրընկալ Վանատուրի տոնը, որը Գրիգոր Ա Լուսավորիչը վերափոխել է ս. Հովհաննես Մկրտչի և ս. Աթանագինեսի հիշատակների քրիստոնեական տոնակատարության: Նույն ձևով հեթանոսական շատ տոներ և սովորություններ ներմուծվել են քրիստոնեության մեջ: 303-ի սկզբին արքան ու եպիսկոպոսապետը վերադարձել են մայրաքաղաք Վաղարշապատ և Գրիգոր Ա Լուսավորիչը, համաձայն իր տեսիլքի, արքունական գահին մերձ, Միածնի իջման վայրում, հեթանոս. մեհյանի տեղում կառուցել է Էջմիածնի («Էջ Միածինն») Կաթողիկե եկեղեցին (տես Էջմիածնի Մայր տաճար), որտեղ հաստատել է Հայոց առաքելական աթոռի նստավայրը, իսկ Էջմիածնի Կաթողիկեն դարձրել Հայոց Մայր եկեղեցին: Նորակառույց տաճարը Հայոց հայրապետն օծել է 303-ի օգոստ. 15-ին, Աստվածածնի Վերափոխման տոնի օրը (Էջմիածնի Կաթողիկե եկեղեցին նվիրված էր Աստվածածնին): Գրիգոր Ա Լուսավորչի նախաձեռնությամբ և Տրդատ Գ Մեծի օժանդակությամբ, Հռիփսիմյան և Գայանյան կույսերի նահատակության վայրերում կառուցվել են վկայարաններ՝ այդտեղ ամփոփելով նրանց մարմինները: Գրիգոր Ա Լուսավորչի տեսիլքի հետ է կապված նաև Շողակաթ վանքի կառուցումը:
Գրիգոր Ա Լուսավորիչը թագավորի հովանավորությամբ ձեռնամուխ է եղել եկեղեցական ամուր նվիրապետության ստեղծմանը: Հիմնել է Հայ եկեղեցու առաջին թեմերը (թեմերի առաջնորդներ է նշանակել դարձի եկած որոշ նախկին քրմապետների և քրմորդիների), ձեռնադրել եպիսկոպոսներ, Հայաստանի տարբեր գավառներում կառուցել նոր եկեղեցիներ, քարոզել Ավետարանը, ծավալել կրթական գործունեություն: Գիտակցելով, որ հեթանոսությունը խոր արմատներ ունի ժողովրդի գիտակցության, կյանքի և աշխարհընկալման մեջ՝ Գրիգոր Ա Լուսավորիչը թագավորի անմիջական և գործուն աջակցությամբ ձեռնարկել է նոր սերնդի լուսավորության ու կրթության գործի կազմակերպումը՝ նրան քարոզչական և կրոնաեկեղեցական գործունեության նախապատրաստելու համար: Նա հիմնել է հունական և ասորական բազմաթիվ դպրոցներ՝ լեզուներ սովորեցնելու, թարգմանիչներ պատրաստելու և Ս. Գրքին հաղորդակից դարձնելու նպատակով: Հատուկ ուշադրություն է դարձրել քրմական դասի զավակներին հավատի բերելուն, ինչը լուծում էր մի շարք խնդիրների նախ թուլանում էր քրմերի դիմադրությունը, ապա՝ նոր կրոնի տարածման և արմատավորման գործում ներգրավվում էին լավ դաստիարակություն ու կրթություն ստացած երիտասարդներ: Սակայն Գրիգոր Ա Լուսավորիչը ուշադրությունը հիմնականում կենտրոնացրել է նախարարների, ինչպես նաև հասարակ ժողովրդի զավակների դաստիարակության և կրթության վրա, որոնք կոչված էին դառնալու նոր վարդապետության հիմնական քարոզիչները:
Գրիգոր Ա Լուսավորիչը քրիստոնեություն է տարածել նաև Վիրքում, Աղվանքում, Հս. Կովկասում, Խաղտիքում, Մասքթաց երկրում, Միջագետքում, Ատրպատականում: Մանկահասակ թոռանը՝ Գրիգորիսին ձեռնադրել է Վրաց և Աղվանից քահանայապետ: Հետևելով քրմությանը՝ Գրիգոր Ա Լուսավորիչը տոհմական ժառանգության իրավունքը պահպանել է նաև Հայ եկեղեցու վարչության մեջ: Արիստակես որդուն ձեռնադրելով եպիսկոպոս՝ դարձրել է իր տեղապահն ու եպիսկոպոսակիցը, դրանով հաստատել իր տոհմի հոգևոր ժառանգական իշխանությունը:
Գրիգոր Ա Լուսավորչի անունով պահպանվել են 23 կրոնաբարոյախոսական ճառ պարունակող «Յաճախապատումը», մի քանի մանր երկասիրություններ և կանոններ: Նրան են պատկանում նաև Նիկիայի Ա տիեզերական ժողովին (325) մասնակցած Արիստակես Պարթևի բերած Նիկիական կանոններում կատարված հավելումները: Որոշ ուսումնասիրողներ Գրիգոր Ա Լուսավորչին են վերագրում նաև Խորհըրդատետր-Պատարագամատույցը, մի շարք ծիսամատյանների կազմումը և նախնական խմբագրումը:
Հայրապետական գործը հանձնելով Արիստակեսին՝ Գրիգոր Ա Լուսավորչի կյանքի վերջին տարիներն անցկացրել է ճգնակեցության մեջ, Դարանաղի գավառի Սեպուհ լեռան Մանեի այրում, որտեղ և վախճանվել է (օրը չի հիշատակվում)՝ ամփոփվելով նույն անձավում: Վրթանես Ա Պարթևի կաթողիկոսության ժամանակ նշխարները վերաթաղվել են նույն գավառի Թորդան գյուղում, Լուսավորչի տոհմական կալվածքում:
Գրիգոր Ա Լուսավորչի նշխարները Թորդանից հանվել և սփռվել են ողջ քրիստոնյա աշխարհում և դարձել պաշտամունքի առարկա: Հայաստանում Գրիգոր Ա Լուսավորչից մնացած միակ սրբություն եղել է Լուսավորչի Աջը, որը նաև հայրապետական իշխանության գլխավոր, պաշտոնական նշանակն է, և պարտադիր է նրա առկայությունը կաթողիկոսարանում:
Գրիգոր Ա Լուսավորչի մյուս նշխարները և մասունքները հայոց մեջ խտացվել են Լուսավորչի Աջի մեջ: Դրան զուգահեռ XIII–XIV դդ. «Լուսավորչի լույս հավատքի» խորհրդանիշն են դարձել երկու աննյութեղեն առարկաներ՝ Սեպուհ լեռան վրա շողացող Տրդատի Հավլունի թուրը (ժողովրդական ստուգաբանությամբ՝ հավու ուլնի՝ հավի երկաթ, որը կտրուկ և ամուր սրի իմաստն ունի) և Արագած լեռան կատարին առանց պարան կախված Լուսավորչի կանթեղը, որոնք միասնաբար խորհրդանշում են Հայոց արքայի և հայրապետի, եկեղեցու և պետության գործակցությունը, ինչպես նաև Սեպուհ լեռան վերևից ոսկե մի կամարով կապվելով Արագածի գագաթին, հոգևոր խորհրդանշական կապով միացնում են հայության երկու հատվածները:
Ըստ ավանդության՝ Տրդատ Գ Մեծը, Գրիգոր Ա Լուսավորչի նման, կյանքի վերջին տարիներին տրվել է առանձնության Սեպուհ լեռան վրա: Հայոց հայրապետը, վերցնելով Հայոց արքայի թուրը, օրհնել է, նետել վեր. աստվածային զորությամբ սուրը խաչանման կախվել է Սեպուհ լեռան վրա և, Լուսավորչի մշտավառ կանթեղի լույսով ողողված, լույս է տալիս այնտեղից: Այդ մասին առաջին անգամ գրել է Վարդան Վարդապետն իր «Աշխարհացույց»-ում, որտեղ ասվում է, թե Լուսավորիչն առնելով «զթուրն օծեաց որպես զխաչ, եդ ի յօդն բանիւն Աստուծոյ»:
Ներսես Գ Տայեցին, ձեռամբ իշխան Գրիգոր Պատրիկ Մամիկոնյանի, Գրիգոր Ա Լուսավորչի մասունքների մեծ մասը Թորդանից տեղափոխել և զետեղել է Զվարթնոցում: Այնուհետև նշխարները տարվել են Կ. Պոլիս, և նրանց հիմնական մասը VIII դ. վերջին հայ կույսերը փոխադրել են Իտալիայի Նեապոլ քաղաքը: Այդտեղ ի պատիվ Գրիգոր Ա Լուսավորչի կառուցվել է Ս. Գրիգոր Հայի եկեղեցին՝ իր կուսանոցով: Եկեղեցում մեծ պատվով պահել են Գրիգոր Ա Լուսավորչի գլուխը՝ ամփոփված պղնձե և համակ ոսկեզօծ կիսարձանի մեջ, շղթայի մասեր և այլ նշխարներ: Նեապոլի առաջին պաշտպան ս. Գենարիոս եպիսկոպոսից հետո Գրիգոր Ա Լուսավորիչը ճանաչվել է քաղաքի երկրորդ երկնային պաշտպանը և ունի հատուկ տոն (սեպտեմբերի 30-ին): 2000-ի նոյեմբ. 11-ին, Գարեգին Բ Ներսիսյանի Վատիկան կատարած այցելության ժամանակ Հովհաննես Պողոս II պապը Ամենայն հայոց կաթողիկոսին է հանձնել Գրիգոր Ա Լուսավորչի մասունքների մի մասը, որոնք պահվում են Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու գավթում:
Գրիգոր Ա Լուսավորչի՝ «Մեծ Հայոց սուրբ Գրիգորի» պաշտամունքը V դ-ից սկսած մեծ տարածում է ունեցել նաև Բյուզանդիայում, մասնավորապես՝ Հունաստանում: Ներկայումս էլ Հունաստանի եկեղեցիներում և վանքերում (Խալկիոնի Ս. Կույս, Սալոնիկի Ս. Նիկողոս Օրփանոս, Լակոնիայի Ս. Աթանաս, Լատիսսայի Ս. Գևորգ, Միստրայի Հոդիղիտրիայի եկեղեցիներ, Ֆոսիդեի Ս. Ղուկաս, Մակեդոնիայի Ս. Հովհաննես Մկրտիչ, Աթոս լեռան Խերապոտամի և Ս. Գրիգոր վանքեր և այլն) կան Գրիգոր Ա Լուսավորչին նվիրված սրբանկարներ, որմնանկարներ, խճանկարներ (դրանց ուսումնասիրությամբ զբաղվել է Ս. Տեր-Ներսեսյանը), ինչպես նաև նշխարներ և մասունքներ՝ ամփոփված արծաթե, բրոնզե և փայտե մասնատուփերում:
Գրիգոր Ա Լուսավորչի պաշտամունքը դեռ հնուց եղել է նաև Ռուսաստանում: Մոսկվայի Կարմիր հրապարակի կենտրոնում, Վասիլի Երանելու տաճարի համալիրի մեջ, ավելի քան 5 դար կանգնած է Հայոց Գրիգորի եկեղեցին՝ Երանելու տաճարի գմբեթին կից վեր խոյացող գմբեթով: Կառուցվել է Իվան Ահեղի (1530–84) հրովարտակով, ի երախտագիտություն Կազանի թաթար. խանության դեմ պատերազմում հայ թնդանոթաձիգների անձնազոհության: Եկեղեցու բազում որմնանկարների ու սրբապատկերների շարքում երևելի է Սուրբ Գիրքը ձեռքին Գրիգոր Ա Լուսավորչի ամբողջ հասակով մեծ սրբապատկերը, որի շուրջը կան նրա կյանքից դրվագներ ներկայացնող տասնվեց նկարներ: Պատկերված են Տրդատ Գ-ի հանդիպումը Գրիգոր Ա Լուսավորչին, հեթանոսություն ընդունելու պարտադրանքը, Գրիգոր Ա Լուսավորչի դատը, տանջահարության պատկերները, Գրիգոր Ա Լուսավորիչը Խոր վիրապում, արքայի հիվանդանալը, հրեշտակի հայտնվելը թագավորաքրոջը՝ Խոսրովիդուխտին, և այլն, մինչև Խոր վիրապից դուրս գալը: Գրիգոր Ա Լուսավորչի սրբապատկերները կան Կրեմլի Ավետման և Սպասկու տաճարներում, ինչպես նաև Պսկովի, Ռոստովի, Կոլոմնայի և այլ քաղաքների եկեղեցիներում: Նովգորոդի Ներեդիցա տաճարի պատերը զարդարում են նաև Գրիգոր Ա Լուսավորչի որմնանկարները:
Հայ եկեղեցին ս. Գրիգոր Ա Լուսավորչին դասել է ավագ սրբերի կարգը: Նրան անվանում են «Հայոց Մկրտիչ», «Երկրորդ Լուսավորիչ Հայոց» (Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալներից հետո), իսկ քրիստոնեությունը հայոց մեջ կոչվում է նաև «Լուսավորչի լույս հավատք»: Նրա մասին հորինվել են բազմաթիվ երգեր, շարականներ, ներբողներ, տաղեր, հյուսվել ավանդություններ: Գրիգոր Ա Լուսավորչին հայտնի ներբող է ձոնել Ընդհանրական եկեղեցու մեծ հայրերից Հովհան Ոսկեբերանը: Ագաթանգեղոսի «Պատմութիւն Հայոցը» ամբողջովին նվիրված է հայոց դարձին, Գրիգոր Ա Լուսավորչի վարքին և վարդապետությանը: Հայկական մանրանկարչության, որմնանկարչության, ձեռագիր մատյանների պատկերազարդման, եկեղեցիների բարձրաքանդակներում մեծ տարածում է գտել Գրիգոր Ա Լուսավորչի պատկերագրությունը: Նրան նվիրված պատկերներն ընդգրկում են հայոց դարձի և մեծ սրբի կյանքի բոլոր գլխավոր և հիմնական դրվագները:
Գրիգոր Ա Լուսավորիչը, որպես համաքրիստոնեական սուրբ, հիշատակի օր ունի ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիներում (քույր եկեղեցիները նրա հիշատակը տոնում են սեպտեմբերի 30-ին): Հայ եկեղեցում ս. Գրիգոր Ա Լուսավորչի հիշատակին նվիրված տոներն են. վիրապ մտնելը և չարչարանքները (Մեծ պահքի վեցերորդ կիրակիի նախորդ շաբաթ օրը), վիրապից ելնելը (Հոգեգալստյան երկրորդ կիրակիի նախորդ շաբաթ օրը), նշխարների գյուտը (Հոգեգալստյան չորրորդ կիրակիի նախորդ շաբաթ օրը), իսկ Ս. Ծննդյան չորրորդ կիրակիի կամ Վարդավառի երրորդ կիրակիի նախորդ շաբաթ օրը տոնվում է ս. Գրիգոր Ա Լուսավորչի որդիների և թոռների հիշատակը:
Կաթողիկոսական գահին Գրիգոր Ա Լուսավորչին հաջորդել է Արիստակես Ա Պարթևը:
Աղբյուր Ք.Հ. հանրագիտարան