Ավանդության մասին

 Բառին արմատն է «Ավանդ», որ նշանակում է պահելու համար տրված ինչ-որ բան: Քրիստոնեական կրոնի մեջ ավանդություն են Աստծուց կամ Աստուծո ծառաներից հետզհետե հայտնված ճշմարտությունները, օրենքները, կարգերը, ծեսերը եւ այլն, որոնք պետք է պահվին, այսինքն կիրարկվին Եկեղեցու մեջ եւ սերունդից սերունդ փոխանցվեն մշտնջենապես: Բառը ունի իր լայն ու նեղ իմաստները: Իր լայն իմաստով ամենայն ինչ, որ Եկեղեցուն տրված է պահելու, կիրարկվելու է սերնդից սերունդ փոխանցվելու համար՝ Ավանդություն են: Այս իմաստով Ս. Գիրքը եւ հետոհիշյալ Ա-Զ տեղիքներն էլ ընկնում են Ավանդության մեջ: Իսկ նեղ առումով, այն ճշմարտությունները եւ սովորությունները, որոնք Ս. Գրքում հստակ կերպով չեն հիշվել, կամ այն «ավանդողը» գրի չէ առած անձամբ, այլ երկար ժամանակ սերնդից սերունդ անգիր կերպով փոխանցված եւ կամ անգիր մնացած է, կոչվում է Ավանդություն: Մենք բառը օգտագործելու ենք այս վերջին՝ նեղ իմաստով: Ավանդության նկատմամբ երկու հակադիր կեցվածք գոյություն ունի քրիստոնեական Եկեղեցում: Առաջինը Հին Պատմական Եկեղեցիներունն է, որոնք ընդունում են ավանդությունը եւ երբեմն էլ չափազանց կարեւորություն են ընծայում նրան (հռոմեականք, հույնք-հայք եւ այլն): Երկրորդ կեցվածքն է բողոքականներունը, որոնք մերժում եւ պայքարում են նրա դեմ:Սակայն պետք է գիտենալ, թե ուղղափառ հավատքի ուսուցումները ոչ միայն Ս. Գրքում են բովանդակվում, այլ նաեւ ավանդության մեջ: Ավանդության տվյալները գալիս են Հիսուսից, Առաքյալներից եւ նրանց հաջորդներից. ամբողջ Քրիստոսի ուսուցումը նախ ավանդություն էր եւ հետո միայն վերածվեց մեր այսօրվա ծանոթ ավետարաններին: Ստույգ է, որ Քրիստոս կշտամբում էր փարիսեցիներին իրենց ավանդապաշտության համար. «Ընդէ՞ր անցանեք զպատուիրանաւն Աստուծոյ վասն ձերոյ աւանդութեան» կամ «խոտէք զբանն Աստուծոյ վասն ձերոյ աւանդութեան» կամ Եսայի մարգարեից մեջ բերելով. «Զուր պաշտեն զիս, ուսուցանեն զվարդապետութիւնս զմարդկան պատուիրեալս» (Մատթ. ԺԵ 1-10): Սակայն այս կշտամբանքները մարդկանցից հնարված ավանդությունների համար են, որոնք ստվերի տակ էին թողնում կամ մոռացնում էին Աստծու կենսական պատվերները. Հիսուս հանդիմանում է Փարիսեցիների նանրահավատ սովորությունները (ձեռների լվացում, Տաճարին նվեր տալ՝ ծնողներին զրկելով եւ այլն):
Պողոս առաքյալն էլ դատապարտում է «մարդկային» (հակադրված Աստծուց տրվածին) այս ավանդությունը: «Զգոյշ լերուք, մի ոք իցէ՝ որ ձեզ կողոպտիցէ ճարտարութեամբ եւ սնոտի խաբեութեամբ, որք ըստ մարդկան աւանդութեան» (Կողոս. Բ. 8): Մի ուրիշ տեղ Առաքյալը խստիվ արգիլում է իր ավանդածից տարբեր ուսուցումների կարեւորություն տալը: «Այլ եթե մեք, կամ հրեշտակ յերկնից ձեզ աւելի քան զոր աւետարանեցաքն ձեզ, նզովեալ լիցի» (Գաղ. Ա. 14): Ուրեմն Ս. Գրքով դատապարտվածը հնարովի եւ Քիրստոսի եւ առաքյալների սովորեցրածից տարբեր ավանդությունն է: Ընդհակառակը՝ ճշմարիտ ավանդությունը գովվում է եւ հանձնարարվում Ս. Գրքում: Պողոս առաքյալն ասում է. «Գովեմ զձեզ, զի զամենայն ինչ զիմ յիշեք, եւ որպես ավանդեցի ձեզ զավանդութիւնսն» (Ա. Կորնթ. ԺԱ 2): «Բայց զայլն ինչ, յորժամ եկից, յայնժամ պատուիրեցից» (Ա. Կորնթ. ԺԱ 34): Ինչ որ նշանակում է, որ Առաքյալի քարոզած ճշմարտությունը «պատուիրած» սովորույթները կամ օրենքները լոկ գրվածները չեն, այլ շատ բան «պատուիրած» է, այսինքն ավանդած է, որոնք չեն գրվել: Հովհաննես առաքյալ ասում է. «Բազում ինչ ունէի գրել առ ձեզ, այլ ոչ կամեցայ քարտիսիւ եւ դեղով գրել. զի ակն ունեմ ինձէն իսկ գալ, եւ բերան ի բերան խօսիլ» (Բ. Հովհ. 12): Հունայի թղթում ասվել է. «Բայց դուք, սիրելիք, յիշեցեք զկանխասաց բանս զառաքելոցն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի» (հմր. 17): Այս բոլորը փաստում են, որ առաքյալները իրենց գրածից բացի շատ բան են ավանդել Եկեղեցուն, որը պահած եւ իր հերթին ավանդել է այն հաջորդ սերունդներին:
Եկեղեցու հայրերից Իգնատիոս հավատացյալներին հորդորում է ասելով. «Պինդ ունել զառաքելոցն աւանդ»: Ոսկեբերան մեկնաբանելով Ս. Պողոսի «պինդ կալարուք զավանդութիւնս» (Բ. Կորնթ. 14) խոսքը, ասում է. «Աստի ի միտ առ, զի ոչ զամենայն գրով աւանդեցին առաքեալք, այլ բազում ինչ եւ անգիր, այսոքիկ եւ այնոքիկ հաւասարապես արժանահաւատք, այսր աղագաւ պարտ եւ արժան է մեզ զաւանդութիւնս եկեղեցւոյ դատել հաւատարիմս. ավանդութիւն է, մի եւս ինչ խնդրիցես աւելի քան զայն»: Սուրբ Օգոստինոսն էլ ասում է. «Բազում ինչ, որ ոչ ի գիրս առաքելոց եւ ոչ ի սահմանս ժողովոց գտանին, այլ քանզի պահին յամենայն եկեղեցիս, յառաքելոց անտի հաւատամք աւանդեալ եւ հրամայեալ»: Մեր եկեղեցու հայրերից Սարկավագ վարդապետ ասում է. «Զայսքան եւ զայսպիսի յեկեղցւոջն բարեկարգութեան յօրինուած… որքան ինչ յիշատակ աւանդեցաւ ի Տեառնէ քրիստոնէից եւ յառաքելոց իւրոց»: Շնորհալին ասում է. «Եթե այլ ոք ուսուսցէ ձեզ հակառակ սրբոցն հարցն աւանդութեանց, հալածիցէք ի միջոյ ձերմէ զայնպիսին»: Լամբրոնացին ասում է. «Ոչ ես, այլ Աստուածաշունչք Գիրք եւ հարցն սրբոց աւանդութիւնք գրով առ մեզ հասեալ»: Այս բոլորը հաստատում են, որ Եկեղեցու ամենից սրբակյաց եւ աստվածամերձ հայրերն իսկ հաստատում են ավանդության գոյությունը եւ կարեւորությունը Եկեղեցում:
Պետք է հիշել, որ Ավետարանները եւ Առաքելական Թուղթերը Տիրոջ Համբարձումից շատ տարիներ վերջը գրվեցին, հետեւաբար Ավետարանը եւ հավատո եւ բարոյականի կանոնները երկար տարիներ «բանիւ բերանոյ», այսինքն անգիր կերպով քարոզվեցին, այսինքն՝ ավանդվեցին: Սրանից բացի բազմաթիվ կետեր այնքան բացահայտ էին եւ այնքան հաստատ կիրարկության մեջ, որ հարկ չկար դրանք գրով ավանդել. այսպես օրինակ շաբաթ օրվա տեղ կիրակին սուրբ պահելը, մանկամկրտությունը, դրոշմը, Ս. Հաղորդության կատարելու կերպերը եւն. եւն: Սրանից բացի Ս. Գրքում ոչ մի տեղ չի հիշված թե ո՞ր գրքերը կանոնական են եւ որոնք չեն, հետեւաբար, Ավանդությամբ միայն, այսինքն եկեղեցական իշխանության միջոցով ինքնաբերաբար ճշտվեցին թե ո՞ր գրքերը Ս. Գրքի կանոնի մաս են կազմում եւ որոնք չեն կազմում:
Առարկվում էր նաեւ, որ անգիր կոչված ավանդությունները անխուսափելի կերպով ենթարկվում են փոփոխությունների եւ եղծումների դարերի ընթացքում, սերնդից սերունդ փոխանցման միջոցին: Այս առարկության դեմ պատասխանվում է, որ աստվածային ավանդությունները չեն նմանվում մարդկանց կողմից հնարված ավանդություններին: Այլ ինչպես որ ճշմարիտ աստվածպաշտության կրոնքը հին Իսրայելի միջոցավ անաղարտ մնաց դարերի ընթացքին, հակառակ դրսից ու ներսից կատարված եղծիչ եւ խանգարիչ ազդեցություններին, այնպես էլ քրիստոնեական մաքուր եւ աստվածատուր կամ Ս. Հոգուց ներշնչված ավանդությունները անաղարտ մնացին, որովհետեւ Աստծու նախախնամությունը հսկում էր, որ նրանք անեղծ մնան: Անգիր ավանդությունների ավանդապահը Եկեղեցին է, որ որքան ժամանակ, որ իր մեջ պահում է Աստծու Ս. Հոգին, անսխալական է: Իսկ եթե «Փոփոխություններ» նշմարվել են դարերի ընթացքում, դրանք ավելի շուտ աճում եւ բարգավաճում են, քան թե եղծում: Այսպես են օրինակ Ս. Պատարագի եւ Ս. Մկրտության կատարումները, որոնք սկզբնական շրջանում ավելի պարզ եւ այսօր ավելի մշակված եւ կատարելագործված են:
Ավանդության տեսակները.- Քրիստոնեական ավանդությունը ավանդատվի կողմից կարող է դիտված լինել.
ա) Քրիստոսավանդ, այսինքն ուղղակի Քիրստոսից ավանդված առաքյալներին եւ նրանց միջոցով տարածված քիրստոնյա բոլոր Եկեղեցիներին: Արդարեւ Քրիստոս իր Հարությունից հետո առաքյալներին շատ բան խոսեց, որոնք սակայն չեն արձանագրվել Ավետարանների մեջ: «Յաւուրս քառասուն երեւել նոցա եւ ասել վասն արքայութեան Աստուծոյ» (Գործք, Ա. 3): «Բազում եւ այլ նշանս արար Յիսուս առաջի աշակերտաց իւրոց, որ ոչ է գրեալ ի գիրս յայսմիկ» (Հովհ. Ե. 30): Կամ «Բայց է այլ ինչ բազում զոր արար Յիսուս, զոր եթէ գրեալ էր մի ըստ միոջէ, կարծեմ թէ եւ ոչ աշխարհս բաւական էր տանել զգիրսն որ թէ գրեալ էին» (Հովհ. ԻԱ 25): Ուրեմն առաքյալները ամեն ինչ անգիր ստացան Քրիստոսից եւ իրենց ստացածը կամ տեսածն ու լսածը ամբողջությամբ չգրանցեցին. իրենք էլ անգիր ավանդեցին իրենց սովորածը. «Զի ես ընկալայ ի Տեառնէ, զոր եւ ձեզն աւանդեցի» (Ա. Կորնթ. ԺԱ 23):
Ավանդությունները կարող են լինել.
  բ) Առաքելական. Արդարեւ կան այնպիսի ավանդություններ, որոնք ոչ թե Քրիստոսից տրվեցին, այլ առաքյալներից, իբրեւ Եկեղեցու հիմնադիրներ եւ Քրիստոսի հաջորդներ ու Անոր գործի շարունակողներ: Օրինակ՝ սրբապահությունը փոխանակ շաբաթ օրվան, ծեսերի եւ պաշտամունքի վերաբերյալ կարգադրություններ եւ այլն: «Բայց այլոց ես պատուիրեմ,- ասում է Պողոս առաքյալը,- ոչ եթէ Տեր» (Ա. Կորնթ. Է 12):
Ավանդությունը կարող է լինել նաեւ
գ) Եկեղեցական, այսինքն այնապիսի ավանդություններ, որոնք ոչ Քրիստոսից եւ ոչ էլ առաքյալներից են գալիս, այլ գալիս են Եկեղեցեւ հետագա հովիվներից եւ հովվապետներից կամ ժողովրդից: Մեր Եկեղեցու ավանդությունների մեծ մասը վերագրվում է Ս. Լուսավորչին: Այսպես են առհասարակ բոլոր տոների հաստատումը, շաբաթապահոց դրությունը, խաչակնքելը եւ եկեղեցական արարողությունների մեծ մասը:
Իսկ ավանդված առարկաների նյութը եթե նկատի ունենանք, ավանդությունը կարող է լինել
ա) Ավանդություն հավատո, այսինքն դավանանքի վերաբերյալ ավանդություններ, որոնք չեն հիշվել Ս. Գրոց մեջ, կամ աղոտ կերպով ակնարկված են հայրերի մոտ եւ որ սակայն այսօր լայնորեն ընդունված տեսություններ են. օրինակ՝ Սրբոց բարեխոսությունը, Մի բնության վարդապետությունը եւ այն հավատքը, թե մեր աղոթքները կարող են օգնել ննջեցյալներին, որ նրանք Աստծո գութին եւ ողորմության արժանանան:
բ) Ավանդություն բարուց, այսինքն բարոյականի վերաբերյալ օրենքներ եւ կամ բարեպաշտական սովորություններ: Օրինակ՝ կիրակի օրերին եկեղեցի հաճախելը, մոտիկ ամուսնությանց արգելումը, Ս. Հաղորդությունից առաջ ծոմ պահելը եւն, եւն:
գ) Ավանդություն ծեսերի, այսինքն խորհրդակատարությունների այս կամ այն կերպ կատարման սովորությունները, եկեղեցական պաշտամունքի ժամերը, Ջրօրհնեք, Տեառնընդառաջի մոմավառությունը, Զատկի եւ Ծնունդի ճրագալույցները, եւն, եւն:
Իսկ ավանդատուների կողմից եթե դիտվի, ավանդությունը կարող է լինել.
ա) Ընդհանրական, այսինքն մի ավանդություն, որը պետք է ընդունվի կամ արդեն իսկ ընդունված է աշխարհի բոլոր հավատացյալներից եւ բոլոր եկեղեցիներից: Այս կարգից են օրինակ Զատկից առաջ քառասնօրյա պահեցողության սովորությունը, Զատկի, Ծննդյան, Հոգեգալստյան տոնակատարությունները եւն:
բ) Մասնական, այսինքն այս կամ այն եկեղեցու կողմից միայն ընդունված, օրինակ լատին Եկեղեցու օրհնյալ ջրի սովորությունը, հույների խմորով հացով պատարագելը, հայոց Պատարագի գինու մեջ ջուր չխառնելը եւն, եւն:
գ) Տեղական. Միեւնույն Եկեղեցու զանազան շրջանների կամ թեմերի կամ մեծ եկեղեցիների մեջ տիրող սովորություններ: Օրինակ Երուսաղեմի մեջ Ս. Ստեփանոսի տոնին մասնավոր տոնախմբությունը, Վարդավառի նախատոնակին Ս. Հակոբա նախատոնակ կատարելը եւն:
Տեւականության կողմից դիտված ավանդությունները կարող են լինել.
ա) Մշտնջենական, այսինքն հիմնված ՔՐԻՍՏՈՍԻՑ եւ գործադրված առաքյալներից այն դիտումով եւ նպատակով, որ ոչ մեկ արտաքին իշխանություն կարող չէ փոխել եւն: Այս շարքից են հավատի բոլոր կետերը՝ ըստ ձեւի եւ ըստ նյութի: Օրինակ Մկրտության խորհուրդը մշտնջենապես պիտի կատարվի իբրեւ փրկության միջոց, միշտ կատարվելու է ջրով եւ միշտ կատարվելու է հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգվույն Սրբո:
բ) Փոփոխական, որ կարող է փոփոխությունների ենթարկվել՝ ժամանակի եւ պայմանների համաձայն: Օրինակ՝ աղոթասացության ժամերը, ժամապաշտության կերպերը, տոների օրերն ու թվականները եւն, եւն:
գ) Առժամանակյա, որ կարող է ուժի մեջ լինել որոշ դարերի կամ շրջանների տեւողության ընթացքում եւ գործածությունից դադարիլ մի ուրիշ ժամանակում: Օրինակ՝ ապաշխարողները եւ երեխաները (չմկրտվածները) Ս. Պատարագի Խորհուրդին ընդունիլը կամ չընդունիլը, Ս. Աստվածածնի տոնեն առաջ խաղող ուտելը կամ չուտելը եւն, եւն: Ինչպես նաեւ շաբաթ եւ կիրակի օրերին պահք պահելը կամ չպահելը, օրհնությանց քաղվածքները ասելը կամ չասելը: Վերոհիշլալ բաժանմունքը կարող ենք կոչել նաեւ
ա) Կարեւոր
բ) Ազատ:
Փոփոխականին խորքը կամ նյութը ընկնում է կարեւոր- բաժնում, իսկ ձեւը եւ եղանակը կարող է ընկնել ազատ- ի բաժնում:
Ավանդության կարեւորությունը.- Ավանդությունը լրացուցիչ մասն է Աստծու գրավոր հայտնության, այսինքն Աստվածաշունչին: Ավանդությունը կարեւոր է նաեւ իբրեւ առաջնորդ ու ուղեցույց Ս. Գիրքը իբրեւ կրոնական գիրք ընդունելու եւ նրա ինչ-ինչ մասերի ուղիղ հասկացության համար: Ս. Խորհուրդները կանոնավոր կատարելու համար, ծեսերի պահպանության եւ մաքրության համար, եւ այս բոլորը իրենց նախնական պարզության եւ մաքրության մեջ պահելու համար:
Ս. Գիրք եւ Ավանդություն.- Աստվածաշունչը, որ մարդկանց տրվել է իբրեւ աղբյուր աստվածաբանության եւ ուղեցույց կյանքի, նախ պետք է իբրեւ այդ ընդունվի եւ հայտարարվի: Մասնավոր անհատների կարծիքով չէ, որ այս ընդունելությունը պիտի հաստատվի, որովհետեւ հաճախ անհատական կարծիքները ճշմարտության հակառակ են դուրս գալիս: Կիրքեր, անձնական հաշիվներ մեջ մտնելով ճշմարտության ուղուց կարող են շեղել անհատներին: Հետեւաբար Ս. Գրքի վավերականությունը հաստատողը Եկեղեցու ընդունած ավանդությունը պիտի լինի:
Այս սկզբունքը կիրառելի է նաեւ Ս. Գրքի մեկնության պարագային: Ս. Գրքի մեջ քիչ չէ թիվը դժվար հասկացվող կետերի եւ անըմբռնելի խորագույն ճշմարտությունների: Պետրոս առաքյալ, ակնարկելով Ս. Պողոսի թղթերին, ասում է. «յոր գտանի ինչ ինչ դժուարիմաց, զոր ուսմունքն եւ յողդողք կամակորեն, որպես եւ զամենայն գիրս, առ իւրեանց անձանց կորուստ» (Բ. Պետ. Գ 16): Ս. Գրոց դժվարիմանալի կետերի վրայից քողը վերացնելու համար անհրաժեշտ է ավանդության օժանդակությունը: Հետեւաբար Ս. Գրքի հետ Ավանդությունը կարեւոր է քրիստոնեական կրոնի ուսման մեջ:
Սակայն որպեսզի Ավանդության մասին կազմված կարծիքը իր ծայրահեղության չտարվի, ոչ էլ ստորագնահատվի նրա արժեքն ու կարեւորությունը, պետք է ասել, որ Աստվածաշնչում մեր փրկության համար հարկավոր բոլոր ճշմարտությունները հայտնված են: Աստվածպաշտության կամ ծիսակատարություններին վերաբերյալ մանրամասնություններն են, որ պակասում են Աստվածաշնչում: Դրանք Ս. Գրքում զանց առնվել են ոչ թե որովհետեւ կարեւոր չէին, այլ որովհետեւ ամեն օր կատարվող եւ գարծադրվող իրողություններ էին առաքելոց կամ նրանց հաջորդների կողմից Եկեղեցիի, այսինքն հավատացյալների ժողովում եւ նրանց աչքի առաջ, հետեւաբար բոլորին ծանոթ լինելով պետք չէ տեսված գրի առնելու: Դրանից բացի, դրանք այպիսի կետեր էին, որոնք ժամանակի պահանջների եւ պայմանների համաձայն պիտի ենթարկվեին աճման եւ կատարելագործումի: Հետեւաբար նրանք պահվեցին եւ աստիճանաբար մշակվեցին ավանդությամբ:
Բացահայտ ճշմարտություն է, որ թե Ս. Գրոց եւ թե Ավանդությանց միեւնույն Հոգին է, հետեւաբար ավանդությունը չի կարող հակասել Ս. Գրքին, ուր որ հակասություն է նշմարվում Ս. Գրքի եւ Ավանդության միջեւ, այդ կամ այն է, որ սխալ հասկացոողություն կա, եւ կամ, եթե իրապես նման մի բան գոյություն ունի, այդ պարագային սխալվողը անպատճառ Ավանդությունն է: Շնորհալին ասում է. «Աւանդութիւն Եկեղեցւոյ մերոյ, զոր ունիմք, ի վկայութենէ Աստուածաշունչ Գրոց հաստատեալ են» (Ընդհանրական): Արդարեւ, այս երկուսը՝ Ս. Գիրքը եւ Ավանդությունը կազմում են մի միացյալ ամբողջություն եւ փոխադարձաբար լույս են սփռում իրար վրա:
Պատմություն Քրիստոնեական Ավանդության.- Քրիստոնական Ավանդության սկզբնական աղբյուրը նույնինքն Քրիստոս է: Իր երկրավոր կյանքի ընթացքում Քրիստոս Իր «Ավետարանը», այսինքն հավիտենական երջանկության եւ փրկության զվարթ պատգամը տվեց Իր կենդանի խոսքով: Գրավոր ոչինչ չձգեց Իր առաքյալներին կամ Իր Եկեղեցուն: Նույնը արեցին առաքյալները. նրանցից ոչ ոք չմտածեց «բանավոր» ավանդությունը գրավորի վերածել երկար ժամանակ, ու եթե Պողոս առաքյալ մտածեց իր հիմնած Եկեղեցիներից ոմանց նամակներ գրել, իր նպատակը չէր երբեք բանավոր ավանդությունը, որը նրանց «նախ ավանդած» էր, գրավորի վերածել, այլ իր թուղթերը գրեց իր հիմնած Եկեղեցիների մեջ ծագած ինչ-ինչ խնդիրներ լուծելու կամ հավատացյալները քաջալերելու եւ ամրապնդելու համար նեղությունների ժամանակ, կամ նրանց հանդիմանելու իրենց սայթաքումների համար: Ընդհակառակը՝ իր գրավոր թուղթերի մեջ իսկ նա ակնարկում է, որ «պինդ բռնեն այն ավանդութիւնը, զոր սովորած էին իրանից» (Բ. Թեսղ. Բ 15): «Ով Տիմոթէ, պահեա զաւանդն»(Ա. Տիմթ. 20): Այս Պողոս առաքյալի մեզ ծանոթ վերջին գրավոր խոսքերից մեկն է:
Աստիճանաբար այս բանավոր ավանդության քովն ի վեր աճեց եւ գրավոր ավանդությունը: Այնպես, որ Պողոս առաքյալ հավասար գետնի վրա էր դնում իր բոլոր ուսուցումները, հոգ չէ, թե նրանք կատարված լինեին «բանիւ բերանոյ» կամ գրավոր ձեւով: Ի զուր է փնտրելը Ս. Գրքի մեջ որեւէ ակնարկություն կամ խոսք, որ թելադրե մեզի այն գաղափարը, թե գրավոր ավանդությունը բանավորի վրա ինչ-որ առավելություն ունենա կամ հակադարձաբար: Սկզբնական շրջանում գրավոր եւ անգիր ավանդությունը իրարու խառնված էին՝ կազմելով ճշմարտության միակ վճիտ ու կեդանի ջուր պարունակող մի գետ, որից ըմպում էին բոլոր հավատացյալները՝ առանց հետաքրքրվելու, թե իրենց ստացած կյանքի ջուրը գրավո՞ր է, թե՞ անգիր: Սկզբում գրավորը եւ անգիրը երկու տեսակներն էին մեկ եւ նույն «կենաց բանին», երկուսը միասին կազմում էին գլխավոր Ավանդությունը:
Սակայն ստույգ եւ բնական է սա իրողությունը, թե գրվածը ավելի մնայուն նկարագիր եւ ձեւ է ստանում, քան թե բանավոր պատմածը: Հետեւաբար քրիստոնեական ավանդությունները աստիճանաբար գրի առնվեցին եւ այսպես առաջ եկան, բացի Պողոսի թուղթերից, Քրիստոսի կյանքի եւ խոսքերի հավաքածոներ, որոնք հետո վերածվեցին Ավետարանների: Հետո աստիճանաբար կազմվեցին առաքելական կանոնները, ժողովական որոշումները, ժամագրքեր, խորհրդատատրեր, տոնոցույցներ եւ այլն, եւ այլն: Հակառակ գրավոր ավանդության այս մեծ մթերքին, բանավոր ավանդությունը ոչ միայն չդադարեց գոյություն ունենալուց, այլ նաեւ շարունակեց պահել իր կարեւորությունը եւ պիտի շարունակե պահել մինչեւ աշխարհի կատարածը: