(Հունարեն επv ισք κοπος – տեսուչ, վերակացու), քրիստոնեական եկեղեցու նվիրապետական կարգի հիմնական աստիճաններից բարձրագույնը: Հայ առաքելական եկեղեցում եպիսկոպոսությունը մի կարգ ցածր է կաթողիկոսությունից:
Եպիսկոպոսը թեմի (վիճակի) կամ համայնքի հոգևոր պետն է: Ըստ Պողոս առաքյալի՝ «պետք է, որ եպիսկոպոսն անբասիր լինի, որպես Աստծու տնտես. ոչ հանդուգն, ոչ բարկացող, ոչ անարգող, ոչ կռվարար, ոչ շահասեր, այլ՝ հյուրասեր, բարեսեր, խոհեմ, արդար, սուրբ, ժուժկալ, ամուր կապված վարդապետության հավատի խոսքին, որպեսզի կարողանա հորդորել ողջամիտ վարդապետությամբ և կշտամբել հակառակորդներին» (Տիտ. 1.7–9):
Եպիսկոպոսն իր առաքինությամբ, հեզությամբ, սիրով, ողջախոհությամբ, սրբությամբ պետք է նմանվի Հիսուս Քրիստոսին, քանզի նա է բոլոր «Հոգիների հովիվը և տեսուչը» (Ա Պետր. 2.25): Եպիսկոպոսներն առաքյալներից տարբերվում են նրանով, որ եթե առաքյալները կոչված էին իր ականացնելու Քրիստոսի Ընդհանրական եկեղեցու հիմնադրումը, որի համար ավելի մեծ շնորհներով էին օժտված, ապա Եպիսկոպոսները, առաքյալներից փոխանցված սուրբ շնորհներով, կառավարում են ստեղծված տեղային եկեղեցիները: Առաքյալներն ընտրվել (Ղուկ. 6.13) և իրենց շնորհներն ու իշխանությունը ստացել են Հիսուս Քրիստոսից, իսկ Եպիսկոպոսները՝ առաքյալներից:
Եպիսկոպոսական իշխանությունը տրվում է ձեռնադրությամբ և օծումով՝ կանոնական քննությունից հետո և ժողովրդի ներկայացուցիչների ու հոգևոր դասի վկայությամբ:
Հայ եկեղեցում Եպիսկոպոս ձեռնադրելու և օծելու իրավունքը վերապահված է կաթողիկոսին: Օծելուց հետո նվիրյալի գլխին դրվում է խույրը, և կաթողիկոսը նրան տալիս է գավազան, մատանի և Ավետարան՝ իբրև կանոնական իրավասություն:
Ձեռնադրության և օծման արարողությունից հետո տրվում է եպիսկոպոսական պանակե՝ հայրապետ. օրհնությամբ և մաղթանքով: Կաթողիկոսը նորընծա եպիսկոպոսին հրահանգում է խղճմտորեն ծառայել՝ պահելով եկեղեցու ուղղափառ դավանությունը, խոհեմությամբ վարել եպիսկոպոսական Իշխանությունը և եպիսկոպոսական աստիճանի տված իրավասություններով զեղումներ չգործել:
Ըստ եկեղեցական կանոնի, Եպիսկոպոս ձեռնադրվում է թեմի վրա, որի տեսուչն է և թեմի հավատացյալ ժողովրդի հոգևոր-բարոյական կարիքների մատակարարը: Նա նաև եկեղեցական Ունեցվածքի և տնտեսության տնօրինողն է, հնում ունեցել է դատական գործառույթներ:
Թեմակալ առաջնորդ Եպիսկոպոսն իր թեմի սահմաններում կրում է եպիսկոպոսական ասա (գավազան), կատարում ձեռնադրություններ, ղեկավարում իր իշխանության ներքո գտնվող եկեղեցու պաշտոնեությունը, օծում եկեղեցի, տերունական և սրբերի պատկերներ, եկեղեցու սպասք: Հայ եկեղեցում կաթողիկոսը, ի գնահատումն Եպիսկոպոսների ծառայությունների, նրանց շնորհում է արքության պատիվ և տիտղոս: Արքեպիսկոպոսությունը և պատրիարքությունը Հայ եկեղեցում նվիրապետական հատուկ աստիճաններ չեն: Արքեպիսկոպոսը և պատրիարքը ձեռնադրությամբ և օծումով Եպիսկոպոսներ են:
Աղբյուր՝ Ք.Հ. հանրագիտարան