Առաջավորաց պահքի վերաբերյալ երեք հարց կա: Նախ՝ ինչու ենք հինգ օր անսվաղ պահում: Երկրորդ՝ ինչո՞ւ ենք առանց ընթերցվածների պահում, և երրորդ՝ ինչո՞ւ է կոչվում Առաջավորաց:
Նախ՝ թե ինչո՞ւ ենք հինգ օր անսվաղ պահում: Դրախտում օրինադրված պահքի փոխարեն մեր հոգևոր առաջնորդների կողմից սահմանվեց Առաջավորաց պահքը: Եվ ինչպես առանց պահելու դուրս ընկանք Դրախտից ու կորցրինք փառքը, այդպես էլ սա պահելով՝ այն ետ պիտի ստանանք: Եվ քանի որ Ադամը հինգ զգայարաններով մեղանչեց, մենք հնգօրյա պահքով ենք սրբում մեր զգայարանները: Նաև՝ երբ Ադամը ելավ Դրախտից, հինգ օր անսվաղ պահեց, ապա կերավ երկրի պտուղներից, որը եղավ առաջին պահքն արտաքսումից հետո:
Դարձյալ՝ մարդու լինելուց առաջ եղան հինգ օրեր, որոնցում ստեղծվեցին բոլոր արարածները, և այդ օրերին ոչինչ չէին ուտում, որովհետև դեռևս չկար ուտելու հրամանը, և դրանք սրբության ու պահքի օրեր էին: Այնուհետև ստեղծվեց Ադամը և պահքը լուծարվեց:
Ադամի որդիներն էլ նրանից սովորելով՝ պահում էին նրա նման: Պահում էր այս պահքը նաև Աբելը և ապա մատուցում պատարագը: Պահեց և Սեթը՝ հինգ օր, երբ մահացավ Ադամը: Պահեց նաև Ենոքը՝ հինգ օր ամսամուտին: Նոյը նույնպես պահեց նախքան տապան մտնելը, ինչպես նաև տապանից ելնելուց հետո պահեց և ապա մատուցեց պատարագ:
Պահեց և Աբրահամը՝ հինգ օր, երբ Աստված նրան խոստացավ տալ Իսահակ որդուն: Եվ դարձյալ պահեց, երբ Իսահակը փրկվեց զոհաբերվելուց: Վարդապետներից ոմանք ասում են, թե Աբրահամը հինգ օր պահեց նաև Սոդոմի հրկիզումից հետո:
Նաև Հակոբը հինգ օր պահեց, երբ սանդուղքի տեսիլքն իրեն երևաց, և դարձյալ հինգ օր էլ պահեց, երբ իր որդիները՝ Շմավոնն ու Ղևին, կոտորեցին սիկեմացիներին (տե՜ս Ծննդ. ԼԴ), և էլի հինգ օր, երբ լսեց Հովսեփի զոհվելու բոթը:
Նաև Հովսեփը, ով Օրենքից առաջ էր օրինավոր և Ավետարանից առաջ՝ ավետարանիչ, երբ մտավ փարավոնի բանտը՝ հինգ օր պահեց, և այս ամենը՝ ծոմով՝ առանց ուտելու և խմելու:
Հինգ օր պահում էին նաև բոլոր անդրանիկները, երբ մահանում էին նրանց հայրերը: Այսպիսով՝ այս պահքը հորից որդուն ավանդվելով՝ եկավ հասավ մեզ, ինչպես ասում է սուրբ Բարսեղը: Եվ այս պահքն առանց պատարագների էր ու ընթերցվածների, որովհետև նահապետներն այսպես պահեցին ու արդարացան:
Մովսեսը կարգեց քառասնօրյա պահք՝ պատվիրանների տախտակը քառասուն օրում ստանալու պատճառով: Իսկ ժողովուրդը հինգ օր պահելուց հետո տրտնջաց, որի պատճառով բարեկենդան արվեց նրանց համար: Եվ ամեն ամիս հրամայեց հինգ օր պահել՝ հորթապաշտության հանցանքները քավելու համար:
Կան և այլ պատճառներ Առաջավորաց պահքը պահելու համար: Նինվեացիք, որ ՙանդունդի՚ եզրին էին, Հովնանի քարոզությամբ՝ երեքօրյա պահքով կործանումից փրկվեցին (տե՜ս Հովնան Գ 4): Նրանք պահեցին երեք օր՝ և՜ մարդիկ և՜ անասունները, ինչպես նաև մանուկները, առանց ուտելու և խմելու, և երեքօրյա պահքով ապաշխարեցին ու փրկվեցին մահվանից: Նույնպես և այն հավատացյալները, ովքեր մեղքերի պատճառով դժոխքն ունեն իրենց աչքի առջև, պահում են այս պահքը և հոգով փրկվում, ինչպես նինվեացիները՝ մարմնով: Հինգից երեք օրը նինվեացիների օրինակով ենք պահում, իսկ չորեքշաբթի և ուրբաթ օրերը՝ բնական պահքով, որպեսզի այն հանցանքները, որ հինգ զգայարաններով ամբողջ տարում գործեցինք, Աստծու ողորմությամբ ջնջենք հնգօրյա պահքով: Այս մասին վկայում են նաև հարավային ազգերը՝ հաբեշներն ու ղպտիները, ովքեր ավելի շատ են պահում, քան մենք՝ ծոմի մեջ թողնելով նաև անասուններին, ինչպես նինվեացիները, որպեսզի շահեն մարդասեր Աստծու գութը: Ունենք նաև նոր պատճառ: Երբ սուրբ Գրիգոր Լուսավորիչը ելավ վիրապից, վաթսունհինգ օր վարդապետելով քարոզեց թագավորին ու ժողովրդին և ապա հրամայեց հինգ օր սրբությամբ պահել՝ սրբելու համար հինգ զգայարանները, որից հետո բժշկեց ժողովրդին հարվածներից: Նաև սուրբ Սեղբեստրոսը, երբ մկրտեց Կոստանդիանոս կայսրին, հնգօրյա պահք սահմանեց նրա և ժողովրդի համար:
Դարձյալ՝ երեք քառասունքները, որ պահեց Մովսեսը, կազմված էին տասնհինգ ութերից, իսկ տասնհինգը՝ երեք հինգերից, որը հետևյալ խորհուրդն ունի. հինգը՝ զգայարանների օրինակն է, երեքը՝ մարմնի, հոգու և մտքի, իսկ քառասունը՝ ութ անգամ հինգն է, որտեղ հինգը զգայարաններն են, իսկ ութը՝ գլխավոր մեղքերը՝ ամբարտավանությունը, որը հպարտությունն է, սնափառությունը, որը փառասիրությունն է, ապա բարկությունը, արծաթասիրությունը, ձանձրությունը, որկրամոլությունը, ծուլությունը, բղջախոհությունը:
Երկրորդ հարցը. ինչո՞ւ է այս պահքն առանց Գրքերի ընթերցանության և առանց պատարագի պահվում: Պատճառը հետևյալն է: Այս պահքը կարգվեց նահապետների կողմից, ովքեր Գրքերից, Օրենքից ու Ավետարանից առաջ կային և այսպես պահելով արդարացան: Հետևաբար՝ մեր նախահայրերի հիշատակի համար առանց ընթերցումների ու պատարագների ենք պահում:
Իսկ մյուս բոլոր պահքերը, ինչպես Քառասնորդացը և շաբաթապահքերը, նաև ուրբաթն ու չորեքշաբթին, պահում ենք Հին ու Նոր Կտակարանների ընթերցումներով, որովհետև կարգվեցին այն ժամանակ, երբ արդեն կային Օրենքը և մարգարեների ու առաքյալների գրվածքները:
Երրորդ հարցը. ինչո՞ւ է այս պահքն Առաջավորաց կոչվում: Վարդապետները բազում պատճառներ են բերում: Նախ՝ ինչպես ասվեց, այն կարգվեց մարդու ստեղծվելուց առաջ, և պահեցին առաջին նախահայրերը, այլև այն ավանդվեց Գրքերից ու Օրենքից առաջ, այդ պատճառով էլ Առաջավորաց է կոչվում: Նաև այդպես է կոչվում որպես մեր՝ Լուսավորչի կողմից կարգված առաջին պահք:
Առաջավորաց կոչվելու մի ուրիշ պատճառ է և այն, որ սա է Մեծ պահքի առաջին շաբաթը, որովհետև ասում են, թե առաքյալները կամեցան յոթանասուն օր սահմանել Մեծ պահքը՝ ըստ նախահայրերի թվի, ինչպես պատմում է Ղուկասը (տե՜ս Ղուկ. Գ 23-38), բայց քանի որ նորահավատ քրիստոնյաները տրտնջում էին պահոց օրերի շատությունից, առաքյալները երկու շաբաթը բարեկենդան արեցին և այս շաբաթն ամեն տարի պահել հրամայեցին՝ անվանելով «Ավագ պահքի առաջավորը»:
Ուրիշներն ասում են, թե առաքյալները հիսուն օր կարգեցին պահել, սակայն մեկ շաբաթ պահելուց հետո պարզեցին, որ այս դեպքում Զատկի օրը կհամընկնի հրեական Զատկի հետ, և երկրորդ՝ Տիրոջ չարչարանքների օրը կլինի ավելի վաղ, քան գարնանային գիշերահավասարը: Այդ պատճառով էլ երկշաբաթյա բարեկենդան սահմանեցին, և այս շաբաթն Առաջավոր անվանեցին:
Այնուհետև Մեծն Կյուրեղ Երուսաղեմացին նույնն արեց իր մոտ մկրտության եկողների համար. հնգօրյա պահքով նրանց փորձելուց հետո թույլ տվեց հաջորդող երկու շաբաթն ուտել: Նա սահմանեց նաև երախայացնել նորընծաներին՝ կարգելով նրանց ուսման համար տասնութ ընթերցված՝ որոնք մի գրքում ամբողջացրեց և ՙԿոչումն ընծայության՚ անվանեց, որով նոր ընծայվածները կանչվում էին Քրիստոսի հավատին և ապա Ավագ հինգշաբթի օրը մկրտվում:
Հնգօրյա պահքը զգայարանների սրբության համար է, որոնցով մեղքն առաջին անգամ մտավ մարդու մեջ, և հաջորդեց մահը: Որովհետև Ադամն իր աչքերով՝ տեսողության զգայարանով, տեսավ ծառն ու այն ցանկացավ, ականջով լսեց խաբողի ձայնը, որն իրեն հաճելի թվաց, ապա ոտքով գնաց դեպի ծառը, շոշափելիքով հպվեց պտուղին ու քաղեց այն: Այնուհետև ռունգներով զգաց անուշահոտությունը, ճաշակելիքով՝ քաղցրությունը և դատապարտվեց: Այսպես էլ այժմ մենք ենք հինգ զգայարաններով գործում բոլոր մեղքերը, որոնց համար էլ հնգօրյա պահքով սրբում ենք մեր զգայարանները:
Արամ Դիլանյանի