Այս տոնը հիշատակն է սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքի, ըստ որի՝ Աստծու Միածին Որդին, ոսկե ուռը ձեռքին՝ իջավ Վաղարշապատ քաղաքը և Նրա իջման տեղում (որը կոչվեց Էջմիածին) կաթեց աստվածեղեն շողը և լուսեղեն տեսիլքով գծագրվեց Մայր եկեղեցու շինության ձևը: Այդ պատճառով էլ այս տոնը կոչվում է Շողակաթ: Շողակաթ է կոչվում նաև Լուսավորչի կառուցած երեք տաճարներից այն մեկը, որի կառուցման տեղի վրա երևացել էր լույսի առաջին ծագումը, նախքան Մայր տաճարի տեղում լուսեղեն շինության գծագրումը:
Այս տոնը կատարվում է Աստվածածնի Վերափոխման տոնին նախորդող շաբաթ օրը և հանդիսանում է Վերափոխման նավակատիքը: Քանի որ Քրիստոսի շնորհական մայրը՝ սուրբ Եկեղեցին, ամեն օր ծնում է Քրիստոսին իր սրտում՝ սուրբ Սեղանի վրա, այդ պատճառով էլ սուրբ Գրիգորի կողմից Սուրբ Էջմիածնի տաճարի ավագ խորանն Աստվածածին է կոչվում: Դա է պատճառը, որ Աստվածածնի պատկերը դրվում է եկեղեցիների սուրբ Սեղանների վրա:
Երբ Նոյը ելնում է տապանից, իջնում է Արարատյան դաշտ և այնտեղ, ուր հետագայում Վաղարշապատ քաղաքն էր կառուցվելու, սեղան է պատրաստում և Աստծուն ողջակեզ մատուցում՝ որպես հաշտության պատարագ: Այնուհետև՝ Նոյից շատ տարիներ անց, Աստված ծագեցնում է տիեզերքի արփիական լույսին՝ սուրբ Գրիգորին, ով ծաղկազարդելով պայծառացնում է մեր մարդկային հոգիները: Նա ելնելով Վիրապից՝ գալիս է Վաղարշապատ, ուր նախ ամփոփում է Հռիփսիմյանց սուրբ կույսերի նշխարները (ովքեր տակավին անթաղ էին մնացել), ապա ուղղաշավիղ վարդապետությամբ լուսավորում հավատացյալներին և մշտամաքուր սրտով ու հրեշտակային վարքով, հորդառատ ու մարգարեական խոսքերով ժողովրդին ուսուցանում աստվածային պատգամները՝ նրանց խավարամած կռապաշտությունից դեպի աստվածպաշտության լույսը տանելով և իր զվարթալույս խոսքերով նրանց փշոտ ու տատասկոտ ճանապարհներից հանելով՝ երկնքի ճանապարհին է մերձեցնում: Ինչպես հնում Մովսեսն արեց Իսրայելի համար, այնպես էլ նորում Գրիգորն է անում՝ բոլորիս Արարչին մեզ հետ հաշտեցնելով և զարմացնելով երկնային զորքերին: Նա ցերեկը վարդապետելով քարոզում էր, իսկ գիշերներն աղոթքով անցկացնում:
Վիրապից ելնելուց երեսուն օր անց տեսնում է հրաշալի ու սքանչելի, ահեղ ու զարմանալի մի տեսիլք, քանզի Տերը չէր կամենում անտեսել Իր ճշմարիտ ծառային, ով Իր անվան համար բազում չարչարանքներ կրեց:
Այդ տեսիլքի մասին Ագաթանգեղոսն այսպես է գրում.
«Գիշերվա կեսին հանկարծակի սաստիկ ձայն եղավ, որոտման թնդյուն: Բացվեց երկնքի հաստատության խորանաշեն ծածկը և մի այր իջավ լույսի կերպարանքով, կանչեց իմ անունն ու ասաց. «Գրիգո՜ր»: Նայեցի, տեսա նրա կերպարանքը և զարհուրած դողալով գետին ընկա: Նա ասաց ինձ. «Դու վեր նայիր և տես հրաշքները, որ քեզ ցույց եմ տալու»: Եվ ես նայեցի ու տեսա երկնքի հաստատությունը բացված, և նրա վրայի ջրերը՝ ճեղքված և ձորերի ու լեռների կատարների նման այս ու այն կողմ բաժանված ու դիզված, աչքի տեսողության համար անբավ ու անկշռելի: Իսկ լույսը վերևից ներքև հոսելով մինչև երկիր էր հասնում. և լույսի մեջ տեսա անչափ զորք, որոնք լուսեղեն էին, երկթև և մարդկային կերպարանք ունեին և որոնց թևերը կրակի նման էին: Նրանք մանր փոշու հյուլեների նմանություն ունեին, որ արեգակնակեզ գարնան ժամանակ պատուհանների կամ երդիկների լույսնացույցի վրա շողերի մեջ խաղում է:
Տեսա մարդկային մի ահավոր կերպարանք, բարձր ու ահեղ, որն առջևից էր ընթանում և վերևից մինչև ներքև վայրէջքի առաջապահն էր: Նա ձեռքին ուներ ոսկե մի մեծ մուրճ, և բոլորը Նրա ետևից էին գալիս: Ինքը գալիս էր սլանալով, խոյանալով արագաթև արծվի նմանությամբ ու իջավ հասավ մինչև երկրի հատակը, քաղաքի մեջտեղը, խփեց լայնատարած գետնին, որից մեծ ու անչափ թնդյուններ հնչեցին անդունդների սանդարամետից: Ամբողջ երևացող երկիրը, աչքին տեսանելի լինելու չափ, հարթ հավասար դաշտաձև տափակացավ: Եվ տեսա քաղաքի մեջ, արքունի ապարանքի մոտ, ճախարակաձև ոսկե խարիսխ, խոշոր բլրի մեծությամբ և նրա վրա հույժ բարձր հրեղեն սյուն, իսկ վրան՝ ամպե խոյակ՝ լուսեղեն խաչով:
Նայեցի և տեսա երեք այլ խարիսխներ ևս. մեկն այն տեղում, ուր նահատակվեց սուրբ Գայանեն՝ երկու ընկերների հետ, մյուսն այն տեղում, ուր սուրբ Հռիփսիմեն նահատակվեց երեսուներկու ընկերների հետ և մեկն էլ՝ հնձանի տեղում: Այդ խարիսխները կարմիր էին արյան գույնով, սյուներն ամպեղեն էին, և խոյակները՝ հրեղեն: Երեք սյուների վրա կային լուսեղեն խաչեր՝ տերունական խաչի նմանությամբ, և այս սյուների խաչերը նման էին այն լուսեղեն սյունի խոյակին, որը նրանցից բարձր էր: Չորս սյուների խաչերի վրա զարմանատես կամարներ միմյանց կապվեցին և դրա վրա գմբեթաձև խորանարդ ու աստվածակերտ, զարմանալի ամպեղեն շինվածք տեսա: Խորանից ներքև կամարների վրա տեսա այս երեսունյոթ սուրբ վկաներին՝ սպիտակ հանդերձների լուսավոր կերպարանքով, որն անկարող եմ պատմել:
Շինվածքի կատարին տեսա զարմանալի, աստվածակերտ, սքանչելի, հրեղեն աթոռ, և նրա վրա կար տերունական խաչը: Համատարած լույսը նրան պարուրելով խառնվեց խաչի ճառագայթներին և կպչելով միաձուլվեց: Շողացող լույսը սյուն դառնալով ցայտեց խարիսխների ներքին սյուների մեջ:
Եվ հորդաբուխ աղբյուր բխեց, հոսեց ու ծավալվեց բոլոր դաշտերում և ամեն ինչ լցրեց, որչափ աչքը տեսնում էր: Եղավ լի ու կապտագույն ծով, և դաշտերն առհասարակ երկնագույն երևացին: Տեսա հրեղեն սեղաններ, անչափ բազմությամբ և ամեն մի սեղանի վրա՝ մեկական սյուն՝ վրան մեկական խաչով, որոնք իբրև աստղերի բազմություն երևացին և անչափ փայլեցին:
Տեսա և սև գույնի այծերի անթիվ հոտեր, որոնք ջուրն անցնելով ոչխարներ դարձան, և նրանց գույնը սպիտակության փոխվեց: Ոչխարների լուսեղեն բուրդը փայլում էր, ու նրա ճառագայթները փայլատակում էին: Մինչդեռ նորից նայում էի, հոտերը հանկարծակի ծնվեցին ու բազմացան, ծնունդներն ամեն կողմ լցրին, և ծնված գառներն ամենքն էլ լուսագեղմ էին: Հանկարծ այլ ծնունդներ շատացան, բազմացան, և կեսն ընկնելով գետի մեջ, ջրի այն կողմը ելան: Գառները դառան թուխ գայլեր և գնացին հարձակվեցին հոտերի վրա, սկսեցին կոտորել, և արյան ճապաղիք եղավ: Մինչդեռ նայում էի, տեսա, որ հոտերին թևեր աճեցին և դարձան թևավորներ ու վերացան, խառնվեցին լուսեղեն զորքերին: Ապա հրեղեն հեղեղ բարձրացավ ու վերցրեց տարավ գայլերին»:
Ըստ տեսիլքի երկնքի հաստատաշեն խորանի բացվելը նշանակում է Աստծու մարդասիրության հայտնվելը ստորիններին: Մեծ թնդյունը նշանակում է, որ աստվածային ողորմության անձրևը վերստին ցողվում է մարդկանց վրա: Իսկ բացված հաստատությունը և ջրերի բազմությունը, որ կուտակված կային այս և այն կողմում, ցույց է տալիս, որ մարդկանց համար բացվել է երկինք ելնելու ճանապարհը: Լույսի սաստիկ հեղումը բարձունքից, որը լցնում է ամբողջ երկիրը, նշանակում է Լույսի քարոզությունը և Ավետարանի տարածումը ստորինների մեջ: Իսկ լուսեղեն զորքը, որ իջնում է լույսի հետ միասին, երևաց ի պատիվ վկաների, նաև մարդկանց խրախուսելու ու մեզ հետ լինելու համար:
Ահավոր ու շքեղ Այրը, Ով գնում էր լույսի առջևից և Իր ձեռքի ոսկի մուրճով հարվածեց սանդարամետին, Դա Աստծու Միածին Որդին է, Ում հայացքից դղրդում է երկիրը և մոտենալուց ծխում են լեռները, և անդունդներում սուզվում սատանայի մոլորագնդերը: Երկրի հնչելը նշանակում է մարդկանց հնազանդությունը Կենաց խոսքի քարոզությանը:
Սյունը, որի խարիսխը ոսկի է, և ինքը՝ հրեղեն, խոյակն ամպեղեն և վրան լուսեղեն խաչ, Կաթողիկե Եկեղեցին է, որն իր թևերի տակ հավաքում է բոլոր ժողովուրդներին հավատի մի միության մեջ: Ոսկյա խարիսխը հաստատության անշարժ վեմն է: Ամպեղեն խոյակը նշանակում է, որ արդարներն ամպով են վերանալու Քրիստոսին ընդառաջ, ինչպես ասում է առաքյալը (տե՜ս Ա Թեսաղ. Դ 16): Իսկ լուսեղեն խաչը մեծ քահանայապետությունն է ժողովրդի մեջ և օրինակն է Քրիստոսի մարմնացյալ պատկերի, Աստվածորդու քահանայապետության: Այդ տեղում Աստծու տաճարն է, բոլոր հավատացյալների աղոթքի ու խնդրանքների տունը և քահանայապետության աթոռը:
Երեք խարիսխները, որոնք արնագույն կարմիր էին, նահատակների նեղությունների, չարչարանքների ու մահվան համբերությունն են խորհրդանշում, քանզի իրենց մահը հավատի ճշմարտության խարիսխ դարձրին՝ իրենց արյունը թափելով: Ամպեղեն սյուները երևացին, որովհետև ամպը հարության, երկինք վերանալու թեթև արագություն ունի: Հրեղեն խոյակը նշանակում է, որ նրանց բնակությունն աստվածային լույսի հրի մեջ է լինելու: Խաչերը խորհրդանշում են նահատակների չարչարանքները, որոնք նման են Տիրոջ չարչարանքներին, քանի որ Աստծով ապրեցին և Քրիստոսի հետ խաչվեցին, և Քրիստոս կենդանի է նրանց ոսկորներում: Քանզի նրանք իրենց մարմինը կախեցին տերունական խաչից. և ինչպես չարչարանակից եղան իրենց Տիրոջը, այդպես և հաղորդակից են լինելու Նրա փառքին ու զորությանը:
Առաջին խաչը քահանայապետության պարծանքն է՝ Քրիստոսի խաչի փառավորությամբ, իսկ մյուս երեքը հայտնում են սրբերի հանգստարանների տեղերը: Առաջին սյունը բարձր երևաց, քանի որ այն պատիվն է Կաթողիկե Եկեղեցու, որը շինվեց Քրիստոսի Արյամբ և մեծ է, քան բոլոր մեծությունները: Իսկ կամարները, որոնք սյուները կապում են միմյանց, ցույց են տալիս Եկեղեցու միասնությունը, որոնք շինվեցին տիեզերքի տարբեր ծայրերում նույնադավան խոստովանությամբ: Իսկ վերին խորանը խորհրդանշում է վերին մայրաքաղաքը՝ Երկնքի արքայությունը, որում բնակվում են Աստծու վկաները: Նրա վրա ցույց տրվեց Աստծու աթոռը, որն Եկեղեցու գլուխն է:
Խաչին փարված լույսն Աստծու Հոգին է, Ով փառավորում է Որդուն: Այն խառնվեց ճառագայթին, քանզի Նա Որդուց է վերցնում և պատմում Իրեն սիրողներին: Դրանք իրար միացան, քանզի մեկ է Աստվածության էությունը, մեկ է գիտությունը և դավանությունը, որը սովորեցինք Որդուց և ընդունեցինք Հոգուց: Սյուների մեջ լույս ծագեց, որտեղից և հորդաբուխ աղբյուր բխեց, քանզի Կաթողիկե Եկեղեցուց են շնորհները, իսկ նահատակների ու քահանայության մեջ բխելու է մկրտության աղբյուրը՝ լվանալու համար հոգու ախտը մարմնականով հանդերձ: Իսկ այն, որ հորդեց և լցրեց շատ վայրեր, նշանակում է, որ մկրտությամբ բազմաթիվ ժողովուրդների փրկություն է լինելու: Դաշտերը երկնագույն երևացին, քանզի երկիրն երկնքի նման է լինելու, ինչպես հրեշտակների ու մարդկանց հավասարություն:
Հրեղեն սեղանների բազմությունն Աստծու սեղաններն են, որոնք քավություն կբաշխեն բոլորին: Հրեղեն են սեղանները, որպեսզի Հոգու պաշտամունքը փառքով լինի: Սեղանների վրայի մեկական սյուները քահանայական պաշտամունքներն են, իսկ վրայի խաչերը՝ Քրիստոսի անունն ամենուր փառավորելու նշանակներն են: Նրանք երկնքի աստղերի նման բազում էին, որովհետև սրբության պաշտամունքն աստղերի նման պիտի բազմանա:
Սև այծերի բազում հոտերը, որոնք ջուրը մտնելով դարձան սպիտակ ոչխարներ, նշանակում են, որ աստվածային շնորհների աջը քահանայության միջոցով է հասնելու, որի ձեռքը բխեցնելու է մկրտության աղբյուր՝ բազում մեղավորների թողության ու քավության համար: Մկրտության խորհրդով փոխվելու է ոչ թե մարդկանց բնությունը, այլ բարքերը և վարքը, դեպի լուսափայլ սպիտակություն: Մկրտվածները զգեստավորվելու են լույսով և արժանի են լինելու խոստացված արքայությանը: Իսկ որ հոտերը ծնեցին, բազմացան ու լցրեցին բոլոր տեղերը, դա նշանակում է, որ երկար ժամանակ աճելու է Ավետարանի քարոզությունը, և լինելու են նոր ծնունդներ, և բազմանալու է Քրիստոսի հոտը: Իսկ ոչխարների այն մասը, որ հետո դարձավ իր նախկին սևությանը, նրանք են, ովքեր ետ դարձան աստվածային սրբությունից, դարձան գայլեր և Քրիստոսի հոտը կոտորողներ: Իսկ հոտի մնացած մասը, թևեր ստանալով, վերանալու է երկինք: Դրանք իրենց արյամբ վկայողներն են, և նրանք, ովքեր ամեն օր արյուն թափելու չափ պատերազմում են ընդդեմ երևացող և աներևույթ հակառակորդի, որոնց ճգնաջան աշխատությամբ կառուցվեց Կաթողիկե Եկեղեցին:
Ապա Տերն ասում է Գրիգորին, որպեսզի նա լինի պինդ, քաջ և զգույշ, և հրամայում է Իր ցույց տված տեղում կառուցել տաճար Աստծու անվան համար, ինչպես նաև սրբերի վկայարաններ՝ նրանց զոհվելու վայրերում, որպեսզի բժշկվեն զարկվածները, Ավետարանի քարոզությունն օրըստօրե առաջադիմի, և Քրիստոսի հավատի մեջ բոլորը չափահաս դառնան: Դրանով տեսիլքն ավարտվում է:
Տեսիլքից հետո Լուսավորիչը շարունակում է ուսուցանել ժողովրդին և ասում Տրդատ թագավորին, որպեսզի գան և կառուցեն լույսի սուրբ Խորանը, ըստ տեսիլքի օրինակի: Եվ Հայաստանում, այն տեղում, ուր Տերը հարվածեց ոսկյա մուրճով, կանգնեցվում է Կաթողիկե եկեղեցին: Այդ խորանով ուրախանում են և՜ երկնավորները, և՜ երկրավորները, և այդտեղ է լինում Աստվածորդու հարսանյաց խրախճանքը, ուր Հայրն առատ սեղան պատրաստեց և հրավիրեց ճանապարհի եզրերի բոլոր նստածներին ու դևերից տուժածներին (տե՜ս Մատթ. ԻԲ 10) և այդտեղ արեց Իր օթևանն Իր Որդու և Սուրբ Հոգու հետ միասին, ըստ Իր խոստման: Այդպիսով՝ փրկվում են Հայոց աշխարհի հոգիները ծովահեղձ սատակումից, քանզի Տերը, ախտերից սևացած մարդկանց մտցնելով իր հրախառն սենյակները, նրանց մաքրազարդեց իբրև լուսատեսիլ հրեշտակներ և լուսապաճույճ գեղեցկությամբ զարդարելով՝ դարձրեց Վերին Երուսաղեմի որդիներ:
Այդ եկեղեցին գերազանց է իր խորհրդով, քան նախկին Տապանակը, քանզի Տապանակով միայն Դագոնի կուռքը խորտակվեց, իսկ եկեղեցով անդունդի խորքերում խորտակվեցին բագինների դիվանվեր պետերը՝ իրենց զոհասեղաններով ու պաշտամունքով հանդերձ: Այդտեղ Տերը փառավոր ու ճոխ իշխանական պերճությամբ երևաց, և այդ պատճառով դա տուն է փառավորության և ազատության: Սուրբ էջմիածնի Մայր Տաճարը գլուխն է Հայաստան աշխարհի եկեղեցիների, քանզի լուսո այս խորանով են պայծառանում հայոց եկեղեցիները, և Հայոց աշխարհը Միածնաէջ այս սրբավայրով է լուսավորվում աստվածգիտության լույսով:
Արամ Դիլանյան