Ի՞նչ է նշանակում Հաղորդություն։
– Հաղորդվել նշանակում է մի բանի մասնակից, կցորդ լինել, միանալ, իսկ այստեղ նշանակում է խորհրդաբար միանալ Հիսուս Քրիստոսին՝ մասնակցելով սուրբ Պատարագի խորհուրդին։ Ահա թե ինչու Հաղորդություն նշանակում է նաև սուրբ Սեղանի վրա օրհնված և պատարագված հացն ու գինին։
Ուրեմն, ո՞րն է Հաղորդության խորհուրդը։
– Հիսուս Քրիստոսի Մարմնի և Արյան խորհուրդն է, որ հացի և գինու ձևով հաստատվեց Քրիստոսի կողմից Իր հիշատակի համար և որպես հոգևոր սնունդ՝ հավատացյալների համար։
Քրիստոս ե՞րբ հաստատեց այս խորհուրդը։
– Պասեքի կամ Զատկի ընթրիքի սեղանի շուրջ բազմել էին Քրիստոս և Նրա տասներկու աշակերտները։ Քրիստոս վերցրեց հացը, օրհնեց այն, կտրեց և տվեց Իր աշակերտներին՝ ասելով. «Առե՜ք, կերե՜ք, այս է Իմ Մարմինը»։ Ապա վերցրեց գինու բաժակը, գոհացավ և տվեց նրանց՝ ասելով. «Խմեցե՜ք դրանից բոլորդ, որովհետև այդ է Նոր Ուխտի Իմ Արյունը, որ հեղվում է շատերի համար՝ իրենց մեղքերի թողության համար» (Մատթ. ԻԶ 26-27, հմմտ. Մարկ. ԺԴ 22-24, Ղուկ. ԻԲ 14-21, Հովհ. Զ 48-59, Ա Կորնթ. ԺԱ 23-26)։
Ինչպե՞ս են հացը և գինին Քրիստոսի Մարմին և Արյուն դառնում։
– Հացը մնում է հաց, և գինին՝ գինի՝ իրենց տեսքով ու որակով, սակայն, Հիսուս Քրիստոսի խոսքի համաձայն, նրանք իրենց գոյացության մեջ խորհրդաբար դառնում են Նրա Մարմինը և Արյունը։ Այլ խոսքով, մեր զգայարանների համար հացը հաց է, իսկ գինին՝ գինի, բայց իբրև քրիստոնյա հավատում ենք մեր Փրկչի խոսքերին, թե դրանք Իր Մարմինն ու Արյունն են. իսկ սա արդեն խորհուրդ է
Ուրեմն, Եկեղեցու սուրբ Սեղանի վրա օրհնված և նվիրված Հացն ու Գինին սովորական հացը և գինին չե՞ն։
– Ո՜չ։ Այդ մասին Պողոս առաքյալը շատ որոշակի և կտրուկ բառերով ասում է. «Երբ հավաքվում եք միասին, Տիրոջ Տունը ձեզ համար հաց ուտելու տեղ չէ: Մի՞թե տուն չունեք՝ ուտելու և խմելու համար, կամ Աստուծո Եկեղեցի՞ն եք արհամարհում:
Որովհետև ես ընդունեցի Տիրոջից, ինչը և ձեզ ավանդեցի, որ Տեր Հիսուս այն գիշերը, երբ մատնվեց, հաց վերցրեց, գոհություն մատուցեց, կտրեց և ասաց. «Այս է Իմ Մարմինը, որ ձեզ համար է։ Արե՜ք այս Իմ հիշատակի համար»։ Նույնպես և ընթրիքից հետո վերցրեց բաժակը և ասաց. «Այս բաժակը Նոր Ուխտ է Իմ Արյամբ. ամեն անգամ, որ խմեք, այս արե՜ք Իմ հիշատակի համար։ Ամեն անգամ, որ ուտեք այս հացը և խմեք այս բաժակը, Տիրոջ մահը պատմեցե՜ք, մինչև որ Նա գա»։
Այսուհետև ով անարժանությամբ ուտի այս հացը կամ խմի Տիրոջ բաժակը, պարտական կլինի Տիրոջ Մարմնին և Արյանը։ Թող մարդ նախ փորձի իր անձը և ապա ուտի այդ հացից և խմի այդ բաժակից, քանզի ով անարժանությամբ է ուտում և խմում, իր անձի դատապարտության համար է ուտում և խմում, քանի որ չի տարբերում Տիրոջ Մարմինը։ Սրա համար է, որ ձեր մեջ շատ հիվանդներ ու ցավագարներ կան, և շատերն էլ մեռած են, որովհետև եթե մենք մեզ քննեինք, չէինք դատապարտվի» (Ա Կորնթ. ԺԱ 20-31)։
Ո՞րն է Հաղորդության արդյունքը հավատացյալի կյանքում։
– Ինչպես աղոթքը մեզ սրբում և Աստծուն է մոտեցնում, այնպես էլ, հաղորդվելով Փրկչի Մարմնին ու Արյանը, սրբվում ենք և նմանվում Նրան, Ով խաչի վրա թափեց Իր մաքուր Արյունը՝ մարդկանց մեղքի ապականություններից փրկելու համար։ Եվ զգուշանում ենք մեղքերից՝ մտածելով, որ մեղքը խափանում է մեր հաղորդությունը Սուրբի և Սրբության հետ։
Գրիգոր Տաթևացին ասում է. «Այս խորհուրդի գործն է՝ ավելացնել շնորհները և դեղ լինել ամենօրյա մեղքերին» («Գիրք հարցմանց», էջ 594)։ Այս է պատճառը, որ հաղորդվելով՝ պիտի հիշենք Հիսուս Քրիստոսի չարչարանքները։
Իսկ Հովհաննես Մանդակունի հայրապետն ասում է. «Նրանք, ովքեր հավատքով և երկյուղածությամբ են մոտենում Քրիստոսին, լուսավորվում են Սուրբ Հոգով և առաքինի գործերով օրեցօր վեր բարձրանում»։
Ե՞րբ պետք է հաղորդվել։
– Առաքելական ժամանակներում հավատացյալներն ամեն կիրակի հավաքվում էին Տերունի ընթրիքի համար։ Իսկ Եկեղեցու կազմավորման առաջին շրջանում ամեն օր Պատարագ էր մատուցվում։ Այս սովորությունը պահպանվել է Լատին Եկեղեցում։ Մեր Եկեղեցում էլ առաջ Պատարագն ամենօրյա էր, հիմա սուրբ Պատարագ մատուցվում է շաբաթ և կիրակի օրերին, ինչ-պես նաև՝ տոնական մասնավոր օրերի և այլ առիթներով։ Յուրաքանչյուր հայ քրիստոնյա պետք է հաղորդվի գոնե հինգ Տաղավարներին և մանավանդ Ծնունդի և Զատկի տոներին։
Ինչպե՞ս պետք է պատրաստվել՝ Հաղորդություն ստանալու համար։
– Նախ՝ ինչպես առաքյալն է ասում, յուրաքանչյուր մարդ պետք է ինքն իրեն քննի՝ ինչպիսի՞ կյանքով է ապրում, ի՞նչ մեղքեր է գործել, որոնք արատավորել են իրեն և հեռացրել աստվածային սրբությունից։ Այս ինքնաքննությունն անելուց հետո պետք է զղջա, խոստովանի ու պահքով և աղոթքով պատրաստվի հաղորդվելու Տեր Հիսուս Քրիստոսի մեղսաքավիչ Մարմնին և Արյանը՝ նորից չմեղանչելու որոշումով։
Ինչո՞ւ է Հաղորդության խորհուրդը Պատարագ կոչվում։
– Պատարագ բառն այլևայլ իմաստներ ունի. նշանակում է զոհ, նվեր, ընծա և այլն։ Իսկ այստեղ նշանակում է Քրիստոսի ինքնազոհաբերությունը մեր փրկության համար։ Քրիստոս Իրեն հաշտության պատարագ (զոհ) է մատուցում Աստծուն՝ ազատելու մարդկանց չարի կապանքներից։ Սուրբ Սեղանի վրա խորհրդաբար պատարագվում է Քրիստոս՝ Անմահ Գառը՝ Իր սուրբ Մարմինն ու Արյունը բաշխելով մեզ ի քավություն և ի թողություն մեղաց։
Այս խորհուրդը կատարող քահանան կոչվում է պատարագիչ, ինչպես որ Մկրտության խորհուրդը կատարողը կոչվում է մկրտիչ։
Բոլոր մարդիկ անխտիր կարո՞ղ են հաղորդվել, երբ կամենան։
– Նրանք, ովքեր մկրտված չեն, չեն կարող հաղորդվել։ Հաղորդվողը պետք է լինի հավատացյալ, իր Եկեղեցու դավանանքին և կարգուկանոնին հավատարիմ քրիստոնյա։
Հնում, Պատարագի երկրորդ մասի ընթացքում, երբ սարկավագը ազդարարում էր՝ «Մի» ոք յերախայից, մի՜ ոք ի թերահաւատից, մի՜ ոք յապաշխարողաց և յանմաքրից մերձեսցի յաստուածային խորհուրդս», չմկրտվածներին (երախա), թերահավատներին, ապաշխարողներին, անմաքուրներին հանում էին եկեղեցու գավիթ։
Սրանից հետևում է, որ չի կարելի աստվածային խորհուրդին մոտենալ առանց պատրաստվելու և առանց լրացնելու կանոնական պայմանները։
Ինչպե՞ս պետք է պատրաստվել Հաղորդությանը։
Արդեն ասվեց, որ ինքնաքննությունը, զղջումը, ապաշխարությունը, խոստովանությունը անհրաժեշտ պայմաններն են. դրանց հետևում է նաև բարեգործությունը, որովհետև մեղք գործող մարդն անպատճառ որևէ չարիք կամ վնաս հասցրած կլինի իր նմաններին. այն պետք է հատուցել և դարմանել բարեգործությամբ։ Եվ վերջապես, հաղորդվելուց առաջ պետք է պաս և ծոմ պահել՝ ըստ մեր նախնիների բարեպաշտ ավանդության, որ շատ նպաստավոր է հոգևոր կյանքի համար։
Պատարագից առաջ պատարագիչը նույնպե՞ս պարտավոր է պատրաստվել։
– Այո՜, և ավելի ուշադրությամբ ու խստությամբ։ Պատարագիչների պատրաստության համար մեր Եկեղեցին շատ հին և ընդհանրացած սովորություններ ունի. այսպես՝ նրանք Պատարագի նախորդ օրը, երեկոյան ժամերգությունից հետո, պետք է մնան եկեղեցու խցերում, ծոմապահությամբ, աղոթքներով և հոգևոր ընթերցանությամբ հսկեն գիշերը, անպայման մասնակցեն առավոտյան ժամերգությանը, ապա մեծ խորհուրդը կատարելու համար սուրբ Սեղան ելնեն մաքուր մարմնով և սրբասուն խղճմտանքով։
Ո՞րն է Շնորհալի հայրապետի պատվերը պատարագիչ քահանաներին։
– Աստվածային խորհուրդին սպասավորեցեք մաքուր հոգով, սուրբ սրտով, անարատ հավատքով, մեծ հույսով, պարզ մտքով, կատարյալ սիրով, ահ ու դողով։ Խողովակի հոսող ջրի պես անմտաբար մի՜ անցեք աղոթքի սրբազան խոսքերի միջով, որոնք մատուցում եք՝ սաղմոսերգություն լինի, թե Սուրբ Գրքի ընթերցում կամ ժամերգություն, ինչպես նաև սուրբ Պատարագի և այլ սահմանված կանոնների քահանայական աղոթքներ, այլ՝ հույժ ուշադիր և, եթե կարելի է, արցունքով և մեծ երկյուղով, որպես թե նոր եք բխեցնում դրանք ձեր սրտից ու մտքից։
Ինչպե՞ս է մատուցվում Պատարագը մեր Եկեղեցում։
– Լավ մտածված կարգավորությամբ և շատ վայելուչ ու խորհրդավոր հանդիսավորությամբ. հոգենորոգ սաղմոսներ և աղոթքներ, հոգեզմայլ երգեր, պարտ ու պատշաճ զգեստավորում, ջահավառություն, խնկարկություն և հավատացյալների սրտագին ու երկյուղած մասնակցություն արարողությանը՝ տեղին համեմատ լուռ կամ ձայնավոր հետևողությամբ։ Մեր Եկեղեցու Պատարագի արարողությունն իր մեծ վայելչությամբ խորը տպավորություն է թողնում նույնիսկ օտարազգի քրիստոնյաների վրա։
Որո՞նք են Պատարագի արարողության էական պայմանները։
– Քրիստոնեական Եկեղեցում հաստատված վաղեմի կանոնների և սովորության համաձայն Պատարագ կատարելու համար անհրաժեշտ են երեք էական պայմաններ.
ա. ձեռնադրված և օծված պաշտոնյա,
բ. հաց ու գինի,
գ. աղոթք։
Պատարագիչը պետք է լինի Ձեռնադրությամբ և օծումով քահանայական աստիճան ունեցող եկեղեցական։
Պատարագը պետք է կատարվի զուտ և մաքուր ցորենի ալյուրից թխված թարմ բաղարջ (անխմոր) հացով և անապակ (մաքուր, ջուր չխառնած) գինով։
Պատարագչի կողմից հավատքով և երկյուղածությամբ պետք է ասվեն օրհնության և սրբագործության քահանայական աղոթքներ։
Պատարագի արարողության մյուս մասերը հիմնված են այս երեք պայմանների վրա և նպաստում են խորհուրդի կատարումը վայելուչ և արտահայտությունը զգալի դարձնելուն։
Ե՞րբ են հաստատվել Պատարագի արարողության այս վայելուչ կերպերը:
– Սկզբում Պատարագի արարողության կերպը շատ պարզ էր, բայց հետզհետե ճոխացավ, մանավանդ՝ սուրբ, Ներսես Շնորհալի հայրապետի օրերին (+1173, օգոստոսի 16) և նրա ձեռքով։ Մեր Եկեղեցու Պատարագում մեծ տեղ ունեն սուրբ Հովհաննես Ոսկեբերանի (347-407) և սուրբ Գրիգոր Նարեկացու (950-1010) աղոթքները։ Իսկ ավելի ուշ, ԺԴ դարից սկսած, երգվում է երաժիշտ Խաչատուր Տարոնացի վարդապետի կողմից մի հանդիսավոր առիթով ստեղծված «Խորհուրդ խորին»-ը։
Ո՞րն է հավատացյալ ժողովրդի պարտքը եկեղեցում սուրբ Պատարագի ժամանակ։
– Սուրբ Պատարագը պետք է մատուցվի հավատացյալների պատկառանքով և երկյուղածությամբ լի մթնոլորտում։ Ոչ մի շշուկ և փսփսուք, ոչ մի երթևեկ, վերջապես՝ ոչ մի ավելորդ շարժում ու ձայն, բացի արարողությունը կատարողների ձայնից ու շարժումից։ Աշխարհական թե հոգևորական՝ բոլոր հավատացյալներն իրենց ուշադրությունը պետք է սևեռեն աստվածային խորհուրդի վրա և առանց շեղվելու հետևեն աղոթքներին և երգերին։
Ցավոք, մեր եկեղեցում, հակառակ մեր ժողովրդի բարեպաշտության, այս պայմանները չեն հարգվում։ Ելումուտը, աղմուկը, մանավանդ կանանց մեջ, խանգարում են արարողության մեծավայելչությանը։ Մենք պետք է ուշադիր լինենք, որ այս տգեղ իրողությունները եկեղեցում տեղի չունենան։
Հատված ՝«Քրիստոնեական հանրամատչելի գիտելիքներ բոլորի համար» գրքից: