Կիրակի օրվա խորհուրդը

 Աշխարհի ստեղծումից մինչև Քրիստոսի հարությունը, ըստ Մովսեսի ավանդության, շաբաթ օրն էր որպես կիրակի պատվվում, իսկ Քրիստոս միաշաբաթին հարություն առնելով՝ միաշաբաթը կիրակիի վերափոխեց:
Կիրակի օրը եղավ օրերի սկիզբը, և ինչպես առաջին լույսն այդ օրը ծագեց, այնպես էլ Տիրոջ Հարության լույսը միաշաբաթի մեջ ծագեց, և ապա Անշեջ Ճառագայթը՝ Սուրբ Հոգին, այդ օրը եկավ, նաև՝ արդարների լույսն է այս օրվա մեջ ծագելու: Եվ բարի է, որ սա կիրակի է կոչվում, որը նշանակում է «տերունի», քանի որ Տիրոջը միշտ ունի իրենում: Եվ հանդերձյալում՝ ամեն ինչի ավարտին, այդ օրը, փոխանակ այս զգալի արեգակի, Սուրբ Երրորդությունն է ունենալու իր մեջ ինչպես Արեգակ:
Կիրակին զարմանալի ու մեծ պատիվ ունի, քան շաբաթվա մյուս օրերը: Նախ որ կիրակին է սկիզբը և անդրանիկը բոլոր օրերի, քանզի նա է «օր մի», ինչպես ասում է Մովսեսը. «Եվ եղավ երեկո, և եղավ առավոտ՝ օր մի» (Ծննդ. Ա 5): Սրա կրկնվելով են լինում մյուս օրերը՝ երկրորդը, երրորդը և այլն, մինչև աշխարհի վախճանը: Անդրանիկ միաշաբաթ օրն Աստված բացեց Իր անճառելի և անասանելի բարության հունը և սկսեց արարել արարածներին, և այդ օրը ստեղծվեցին երկինքը, երկիրը, հրեշտակները, լույսը և տարրերը, որոնք Աստծու յոթ գործերն են: Անսահման Բարին չկամեցավ միայն Ինքը վայելել Իր բարիքները, այլ արժանի համարեց այն տարածել ու բազմացնել աշխարհի շինության համար, որպեսզի Իր արարածները ևս վայելեն Նրա անսպառ պարգևները և աննախանձ բարությունը: Հնում այդ օրը բազում այլ գործեր ևս եղան՝ Նոյի տապան մտնելը, Աստծու՝ Աբրահամի հետ խոսելը, նաև Մովսեսի հետ խոսելը Սինա լեռան վրա և Օրենքի տվչությունը:
Այդ օրը պատվվում է նաև Քրիստոսի հարությամբ և Սուրբ Հոգու իջմամբ առաքյալների դասերի վրա: Սա նաև մարդկային ցեղի համընդհանուր հարության և Քրիստոսի գալստյան օրն է, երբ յուրաքանչյուրը պիտի հատուցում ստանա ըստ իր գործերի, և արդարների լույսը սրա մեջ է ծագելու, քանզի սա է վերջին օրը և վախճանը:
Կիրակի թարգմանվում է տերունի, քանզի այսօր թողնում ենք բոլոր մարմնավոր գործերը և հետևում միայն տերունական գործերին: Եվ դրանով կիրակին խորհրդանշում է վերջին օրը, որովհետև ինչպես կիրակի օրը խափանվում է ամեն մարմնական գործ և միայն աստվածայինը գործվում, նույնպես և վերջին օրը խափանվելու են բոլոր մարմնական գործերը: Եվ ինչպես կիրակի օրը լինում է մեղքերի խոստովանություն, որոնք գործվեցին ամբողջ շաբաթվա ընթացքում, նույնպես և այն օրը պետք է հայտնի դառնան բոլորի մեղքերը: Սա նաև հանդերձյալ ատյանի պատկերն է ու կերպարանքը:
Երեք տեսակի օրեր կան. առաջին՝ ստեղծման օրը, երկրորդ՝ միջին օրը, որը հասնում է մինչև աշխարհի վախճանը, և երրորդ՝ համընդհանուր հարության օրը, որը վերջինն է: Եվ դրանք զանազանվում են հետևյալով. առաջին օրն առանց առավոտի էր, իսկ վերջինն առանց երեկոյի է լինելու: Միջին օրերն ունեն և՜ առավոտ, և՜ երեկո: Այսպիսով՝ կիրակին ավելի պատվելի է բոլոր օրերից, քանզի ինքն է օրերի սկիզբը՝ ստեղծվելով, ինքն է միջին օրը՝ շարժվելով, և վերջին օրը՝ դադարելով:

Աշխատասիրությամբ՝ Արամ Դիլանյանի