Իսկ դուք գիտե՞ք, թե ովքեր են Քահանաները

Հիսուս Քրիստոսի մի բարի պաշտոնյա կլինես՝ սնված հավատի խոսքերով եւ բարի վարդապետությամբ:
(Ա Տիմ. 4; 6)

Քանի որ քահանաներն ամենակալ Տիրոջ պատգամաբեր են կոչվում (Մաղաք. 2; 7), ուստի ըստ մարդկանց կարողության՝ պատգամաբերի վարք պիտի ունենան:

Որովհետեւ եթե Աստծո ծառա ու սպասավոր անվանվելը մեծ պատիվ է, ո՞րչափ առավել բարձր պատիվ է ամենակալ Տիրոջ պատգամաբեր կոչվելը, որ ոչ միայն սպասավորությունն է պարփակում իր մեջ, այլեւ միջնորդության պաշտոնը. որովհետեւ քահանան Աստծո եւ մարդկանց միջեւ միջնորդ է:

Քահանան աստվածատեսակ այր է. որովհետեւ եթե միայն Աստծուն է հատուկ մեղքեր քավելը, ահա նույնն անում է եւ քահանան սուրբ կարգի զորությամբ՝ ըստ Տիրոջ խոսքի (Հովհ. 20; 23):

Դարձյալ՝ միջնորդին հատուկ է սիրելի ու հաճելի լինել նրան, ում առաջ բարեխոսում է, իսկ սիրելիությունը հիմնվում է համակերպության վրա. եւ քանի որ քահանան մարդկանց կողմից միջնորդ է Աստծո առաջ, ապա անհրաժեշտաբար պահանջվում է, որ լինի աստվածատեսակ մարդ, որպեսզի կարողանա լինել Աստծուն սիրելի եւ մարդկանց համար բարեխոս:

Սուրբ Պատարագի խորհրդի ժամանակ քահանան ձեռքով շոշափում է Այն, Ինչին հրեշտակներն ահով են սպասավորում: Ուրեմն թող մտածեն, թե ինչպիսի գերագույն պատվի են բարձրացել, եւ ըստ այդմ ապրեն. որովհետեւ «Ում շատ է տրված, նրանից շատ էլ կպահանջվի, եւ ում շատ է վստահված, նրանից ավելին կպահանջեն» (Ղուկ. 12; 48):

 Քահանաներն, ինչպես արեգակը, պիտի լույս տան խավարած մտքերին, ջերմացնեն Աստծո սիրուց սառածներին, ուստի Քրիստոսն ասաց առաք-յալներին. «Դուք եք աշխարհի լույսը» (Մատթ. 5; 14): Իսկ եթե որեւէ թերություն է գտնվում քահանայի խոսքերում ու գործերում, նույնն է, թե արեգակը սառչի ու մթագնի:

Արդարեւ, երբ երկիրը միգապատ կամ տղմաշաղախ է լինում, ոչ ոք որեւէ ուշադրություն չի դարձնում դրա վրա, որովհետեւ երկիրը մարդկանց ոտքի տակ է: Մինչդեռ երբ արեգակը կամ լուսինը բնական պատճառով խավարում են, ամեն ոք ակնապիշ է լինում, որովհետեւ բարձրադիր գոյացություններ են՝ զորավոր ու ազդու: Այսպես էլ՝ ժողովրդից մեկի չարաչար անկմանը ոչ ոք չի նայում ու ոչ ոք չի զարմանում, բայց երբ քահանան է փոքր¬ինչ սայթաքում, ամենքի աչքերը նրան են նայում ու զարմանում, եւ շատերն էլ գայթակղվում են:

Աղբյուր՝ Սյունյաց Կանթեղ N 30