Հունվարի 6-ին մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ և անմահ Պատարագ: Ս. Պատարագի ավարտին կատարվում է Ջրօրհնեքի արարողությունը:
Ջրօրհնեքի արարողության ժամանակ ասվում են սուրբ Բարսեղ Կեսարացու աղոթքը, Հովհաննես Պլուզ վարդապետի «Յամենայն ժամ» քարոզը և «Ով զարմանալի» ու «Այսօր ձայնն» տաղերը: Սուրբ Ծննդյան պատարագից անմիջապես հետո կատարվում է Ջրօրհնեքի արարողությունը, որը Քրիստոսի մկրտության խորհուրդն ունի: Ժողովուրդը քահանայի գլխավորությամբ և սարկավագի քարոզությամբ աղաչում է մարդասեր Տիրոջը, որպեսզի Նա Միածնի շնորհներով այս ջրին տա Հորդանանի օրհնությունը, Սուրբ Հոգին իջնի այս ջրի վրա և սրանում մկրտվողները լինեն ճշմարտության և լույսի որդիներ: Ապա քահանան ժողովրդի խնդրվածքները ներկայացնում է Տիրոջն ու աղաչում, որ Նա օրհնի ու սրբի ջուրը՝ այն օգտակար դարձնելով տների շինության, հիվանդների բժշկության, մարդկանց մաքրության, հոգիների ու մարմինների փրկության և ամենայն այլ կարիքների համար: Սա դարձնի նաև օրհնության աղբյուր ու անապականության պարգև և սրանով լինի մեղքերին թողություն, հիվանդներին՝ բժշկություն, ախտաժետներին՝ առողջություն ու դևերին՝ խորտակում: Ապա խնդրում է Տիրոջից, որ այդ ջրով հալածվեն բոլոր վնասները, չար բծերը, ախտերը, սատանայի բոլոր բռնությունները, և ջրի մեջ դնի Սուրբ Հոգու բժշկության և չար զորությունների դեմ հաղթության շնորհները, որով արժանանանք Տիրոջ օգնությանը, օրհնությանը և սրբությանը: Այնուհետև քահանան խաչն իջեցնում է ջուրը, որը խորհրդանշում է Տիրոջ մկրտությունը խաչով՝ ըստ այն խոսքի. «Եվ մի մկրտություն ունեմ մկրտվելու և ինչպե՛ս եմ շտապում, որ կատարվի» (Ղուկ. ԺԲ 50): Որից հետո պատարագիչը խաչը հանում է ջրից և ջուրն օրհնում սուրբ խաչի նշանով ու մեռոնով, քանզի Տերը ջրի վրա օծվեց Հոգով՝ ըստ խոսքի. «Դրա համար Աստված, քո՜ Աստվածն օծեց քեզ ուրախության յուղով ավելի, քան քո ընկերներին» (Սաղմ. ԽԴ 8): Ապա քահանան ջուրը օրհնում է սուրբ Ավետարանով, քանզի գրված է. «Տիրոջ ձայնը ջրերի վրա է» (Սաղմ. ԻԸ 3), այսինքն՝ Հոր ձայնը: Այս օրհնություններին ավելացնում են նաև օրվա շնորհները՝ Հոր, Որդու և Սուրբ Հոգու անուններով: Ապա ջուրը բաժանվում է ժողովրդին, և նրանք օրհնված ջուրը տանում են տուն:
Արամ Դիլանյանի