Սրբալույս մյուռոնի մասին

 Դարեր առաջ Հայոց աշխարհում, ծառաշատ, եդեմային մի անկյուն կար, որ գտնվում էր Տարոնում, Մշո դաշտից հարավ: Դա պատմական Եղրդուտն էր: Ասում են, հնում մշեցի ծերունիները գալիս էին, ըմբոշխնում այդ արտասովոր գեղեցիկ տեսարանը և 20 տարով երիտասարդանում: Երրորդ դարում այստեղ վանք է կառուցվել: Մինչև Եղրդուտ անուն ստանալը կոչվել է Շիշ Յուղո վանք, որ նշանակում է նաև Մյուռոնաման:

 Իսկ որտեղի՞ց է սկիզբ առնում մյուռոնը կամ մեռոնը: Մյուռոնը քրիստոնեական բոլոր ուղղափառ եկեղեցիներում օծման համար սրբազան բուրավետ յուղ է, որ կաթողիկոսի օրհնությամբ ու ձեռքով պատրաստվում է ձիթապտղի յուղից, որին խառնվում է բալասան և 40 տեսակի հոտավետ ծաղիկներ, փայտեր ու բույսեր: Մյուռոնով մկրտվելը` սրբությամբ օծվելն է: Իսկ այս նյութի իմաստը խորախորհուրդ և էապես հրաշալի մեկնաբանություն ունի, քանզի երկբայական փութով չի փոխում իր տեղը և ոչ էլ նենգությամբ լքում բնակատեղին, որովհետև այն չի մաքրվում օճառով և ոչ էլ ընդդիմակա մի բանով արտաքսվում: Քանզի ինչ որ է`գույնի որակն անփոփոխ է և անհրաժեշտ մարմնի էության համար: «Տեր, Դու Ինքդ խառնվեցիր վերնալույս ձեթի այս մաքրության մեջ: Ու թեպետ անճառելի են Քո քաղցրության համեղությունները, որոնք անհամեմատ են մատչելի բաներին, թող որ դաշտի ծաղկին և հովտի շուշանին, ընտիր նարդոսին և հալվեով խառնված եղեգնախունկին, ազնիվ գինով ճոխացած քրքումի բուրմունքին, ոչ թե սոսկ յուղի միությամբ պատշաճորեն օրինակեցիր փառավորյալ անքնին անունդ, որ ամենայն ինչ լիալրում ես և որևէ բանի կարիք չունես…»: (Նարեկացի «Մատյան ողբերգության» Ժ.Ա): 1669 թվականի հայկական մագաղաթյա «Պատմություն մեռոնօրհնության մասին» ձեռագրում, իհարկե նաև Աստվածաշնչի (Ելք 30:22-30) ու Ավետարանի մի շարք գլուխներում Մեռոնի խորհուրդն իր լավագույն արտահայտությունն է գտել: «Մովսես մարգարեն Սինա լեռան վրա Աստծուց անուշահոտ ծաղիկներ ստանալով` պատրաստեց դրանցից մեռոն, որով հետագայում օծում էին մարգարեներին ու թագավորներին: Երբ իսրայելացիներն հաստատվեցին Ավետյաց երկրում, մեռոնը պահում էին Երուսաղեմի տաճարում: Տաճարի կործանումից հետո Եղիսաբեթը` Զաքարիա քահանայի կինը, մեռոնը տանում և պահում է լեռան վրա գտնվող մի ժայռի ճեղքում: Զաքարիայի և Եղիսաբեթի որդի Հովհաննեսն այս մեռոնով օծում էր ժողովրդին»: Ըստ Նարեկացու` մեռոնն աներևակայելի զորություն է, որ բարետեսիլ օծում է բռնամարտիկ, մերկամրցանակ ըմբիշներին, որպես զորավոր ճգնավորական հնարք, սատանայի ճիրաններին անոսալի դարձնող, դևերի և ախտերի ահարկու ախոյան. Զի Քո ձեռքում է փրկությունը, Տեր, Եվ Քեզանից է լինում քավություն, Աջով նորոգում ու զորություն ես ընձեռում մատով, Արդարությունը հրամանիցդ է, Ազատությունը` Քո գթությունից, Դեմքդ տալիս է լուսավորություն, երեսդ` բերկրանք, Բարությունը Քո հոգով է լինում, Սփոփանքդ Քո սուրբ յուղի օծմամբ…
Երբ Հերովդես թագավորի հրամանով գլխատում են Հովհաննես Մկրտչին, մեռոնը վերցնում է մի մեղավոր կին` Մարիամ Մագդաղենացին, որով զատկի տոնից 6 օր առաջ Հիսուսի ոտքերն է օծում, այնուհետև` սրբում իր մազերով:
Իսկ որտեղի՞ց է սկիզբ առնում հայկական մյուռոնը:
Քրիստոսի աշակերտները մեկնում են Ավետարանը քարոզելու և մեռոնն իր հետ է վերցնում Թադեոս առաքյալը` Հայոց առաջին լուսավորիչը, որի միջոցով բուժվում է Աբգար թագավորի որդին: Թադեոս առաքյալը մեռոնը մի ծառի վրա թողնելով գնում է Սանատրուկ թագավորի մոտ: Տեսիլքով մեռոնի տեղն իմանում է Հայոց երկրորդ լուսավորիչը` Գրիգորը: Տրդատ թագավորի աջակցությամբ այդ վայրում` Եղրդուտում, նա կառուցել է տալիս Հովհաննես Կարապետի (Մկրտչի) անունով եկեղեցի: Այդտեղ էլ գտնվում է անսպառ մեռոնը և Եղրդուտի միաբանությունը: Հենց այստեղից էլ սկիզբ է առնում հայկական մյուռոնը:
Մյուռոնը ծիսական արարողության սրբազան հեղուկ լինելուց բացի, տարեգրություն է, արժանահիշատակ սովորույթ, անխաթար պատմություն:
Մյուռոնի խորախորհուրդ էությունը Հիսուսի փրկչական առաքելության վրա է խարխսված, ինչը հասու և տեսանելի է միայն հոգևոր իմացությամբ` հավատի աչքերով:
Ըստ Նարեկացու` ինչպես սուրբ ավազանում մարմնի լվացումով հավատում ենք, որ մեր անձը սրբություն ստացավ, այդպես էլ հույսով լիալրված` յուղի օծմամբ գտնում ենք, որ աներկբայությամբ Սուրբ Հոգու զորությունն ենք ստանում ամբողջապես: «Արդ` դու, նույն ինքդ Տեր մեր Աստված, խոնարհելով դեպի Քո ծառաների աղաչանքները` առաքիր Քո առատ ողորմությունն այս ձիթենու պտղի մեջ, որ մարդկային ազգի փրկության ու օգտակարության համար տվեցիր և բնակեցրու մեր մեջ Սուրբ և բարերար հոգուդ շնորհները` ի գործակցություն և ի լրումն Քո սուրբ խորհուրդների և տարբեր պաշտամունքների, որոնք մատուցում ենք ի փառս Քո»:
Մյուռոնօրհնության ծեսը կատարվում է 5-7 տարին մեկ, կաթողիկոսի օրհնությամբ: Ամեն անգամ նոր մյուռոնի մեջ հին մյուռոնն է խառնվում: Եվ յուրաքանչյուր նոր մյուռոնի մեջ մի մասնիկ, մի ճառագայթ կա Ս.Գրիգոր Ա Լուսավորչի օրհնած առաջին մյուռոնից: Ս.Գրիգոր Լուսավորչի ձեռքով օրհնված և Սուրբ Էջմիածնից դարեր շարունակ բխող մեռոնը հայ սրբությունների շարքում ամենանվիրականն է, միշտ գերադաս ու առանձնահատուկ պատվի արժանացած: Եվ նոր մեռոնը Մայր տաճարի Ավագ սեղանի վրա 40 օր հսկման կարգով մնալուց հետո հնի հետ, կանոնի համաձայն` հատուկ ծիսակարգով Վեհափառ Հայրապետը խառնում է Կենաց Փայտով, Աստվածամուխ Սուրբ Գեղարդով և Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջով և կատարում Մյուռոնօրհնություն:
Մյուռոնը բժշկում և փրկում է. «Եվ այդ, քանզի Քոնն են շնորհները և Քեզ են վայելում գոհաբանությունները, օրհնաբանյալ Որդի Աստծո, Դու ինքնին բարենշմար դրոշմով, յուղավորական, խնկապատար, զմռսալիր աղաչանքներս պատճառ դարձրու Քեզ փառաբանելու և ինձ` մեղապարտս` առիթ բժշկվելու: Տեր Հիսուս, այս լուսանյութ ձեթը մոտեցրու աներևույթ վերքերիս և այս մահացու խոցավերքի վրա մի կաթիլ կաթեցրու Քո օրհնության փրկավետ յուղից սիրուդ անապակ գինու հետ» (Նարեկացի «Մատյան ողբերգության» Զ ):
Այս սուրբ յուղը կոչվում է լույս կամ սրբալույս, քանզի սրբող և լուսավորող է Աստծո նման, որովհետև Քրիստոս Ինքը սուրբ է և լույս. «Ես եմ աշխարհի լույսը, ով Իմ ետևից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լույսը»ե (Հովհ.8:12)
Մյուռոնը շնորհներ է տալիս մարդուն, դարձնում քրիստոնյա. «Այս խնկելի, պաշտելի, երանելի յուղը սենյակիս սյանը և կամ գլխիս մազերին նպաստամատույց շնորհ չի բերի, եթե տերունական կենսատու խաչովդ չտյառնագրվի: Այս զարմանահրաշ լույսի օրհնության յուղը հրեաներին, հնդիկներին, սկյութացիներին, բարբարոսներին, հելեններին, բոլոր ազգերին, ազատ տիրոջը և ծառային, ստրուկին քրիստոնյա է դարձնում, կնքում Քո անվամբ, Սուրբ Հոգուդ ընծայում և երկնավոր Հորդ հարազատ որդի հռչակում: Քանզի յուղով չօծված մարդը հեշտությամբ խորտակվում է և անհաղորդ լինում Քեզ, չի լուսավորվում…» (Նարեկացի «Մատյան ողբերգության» ԺԲ ):
Մյուռոնը Հիսուս Քրիստոսն է, ըստ այն խոսքի, թե. «Քո անունը թափված յուղ է»: Մյուռոնը Սուրբ Հոգու զորությամբ իրեն հավասարը չունի: Մյուռոնով են օծվում ու սրբվում: Ինչպես խավարը` լույսից, ցավը` առողջությունից, գիշերը` ցերեկից և մահը` կյանքից, այնպես էլ այս սրբությունների սրբությունից չարի բոլոր զորությունները մերժվում են, խափանվում, իսպառ ոչնչանում:
Մյուռոնը հավիտենական կյանքի խորհրդանիշն է. «Այսպես ընդունելով Քո բարիքների անհավասարելի առավելությունը, կենդանի Աստծո որդի, սրբանվեր այս օծումը դեմքիս առջև դրոշմում եմ Քո արյամբ և շնչիս բնության մեջ Քո հոգով հաստատում` մտքիս հավատարիմ խորհրդով, թե այս պտղի յուղը հավիտենապես պետք է հայտնվի նորոգափայլ, բազմաճաճանչ ճառագայթումով, լույս պարգևելով ի փառս գալիքի…» (Նարեկացի «Մատյան ողբերգության» ԻԴ) :

Աղբյու՝ Ք. Հ. հանրագիտարան

Օվսաննա Մադաթյանը: