ԱՎԵՏԱՐԱՆ. Ընդհանուր եկեղեցու պատմություն

 Տիբերիոս կայսեր իշխանութեան վերջին օրերում, երբ Հրէաստանում իշխում էր Պիղատոսը և Գալիլիայի չորրորդապետն էր Անտիպպասը, մի սերմանացան դուրս եկաւ իւր սերմերը ցանելու: Նորա սերմը խօսքն էր, արտը՝ ժամանակը:
Յիսուս սկսեց իւր գործունէութիւնը այն քարոզութեամբ, թէ Աստուծոյ արքայութեան գալուստը մօտեցել է. այս էր նորա Աւետարանի սկզբնական բովանդակութիւնը: Նա կարող էր նաև ասել՝ Տիրոջ օրը, դատաստանը մօտեցել է, բայց միւս արտայայտութիւնը ժամանակակիցներին աւելի հասկանալի էր: Նա չէր քարոզում թէ արքայութիւնը իրեն հետ արդէն եկել է, այլ որ շուտով պիտի գայ այն: Այսպէս ուրեմն նա հանդէս չեկաւ իբրև Մեսիա, իբրև գուշակութիւնների կատարիչ, այլ իբրև մարգարէ. Նորա աւետիքը սկզբնապէս միայն գուշակութիւն էր:
Բայց այդ գուշակութեանը կցեց նա իւր պահանջը. «Յե՜տ դարձէք ուրեմն ձեր մինչև այժմ գնացած ճանապարհից»: Հրէաների համար մի ուրիշ հետևութիւն աւելի հասկանալի կլինէր. «Ուրախացէ՜ք ուրեմն, որ վերջապէս ձեր նպատակին հասնում էք»: Նոքա չէին կասկածում, որ իրենք ուղիղ ճանապարհի վրայ են և որ Աստուծոյ արքայութիւնը նրանց դէպի յաղթութիւն պիտի առաջնորդէ: Յիսուս դէմ ելաւ այդ կարծիքին. Նա օգտուեց Աստուծոյ արքայութեան աւետիքից՝ ապաշխարութիւն քարոզելու համար, և մեսիական յուսոյ սպառնալից կողմը հանդէս բերաւ: Միևնոյն բանը Նորանից առաջ Յովհաննէս Մկրտիչն էր արել. «Մի՜ կարծէք, թէ միայն Աբրահամի որդի լինելով ապահով էք գալիք բարկութիւնից. Աստուած այս քարերից էլ կարող է Աբրահամի որդիներ յարուցանել. Նա արմատին չի նայում, այլ պտուղներին»: Հրէաները սպասում էին, թէ դատաստանը իրենց՝ իբրև հրէաների պիտի արդարացնէ հեթանոսների դէմ, իսկ Յովհաննէսն ասում էր՝ Դատաստանը նրանց կոչնչացնէ, եթէ նոքա ուրիշ ոչինչ չեն, բայց եթէ հրեայ: Ծանր ժամանակներ էին: Մակաբայեցիների պատերազմներից յետոյ հրէաներն արդէն դուրս էին եկել ուղիղ շաւղից և չէին ուզում այլ ևս հանդարտուել: Պարզ կերպով նոքա դիմում էին դէպի ընդհարումն Հռովմայէցիների հետ: Ի՞նչ պիտի լինէր դրա վերջը: Ահա այս հարցն էր դրուած Յովհաննէսի ու Յիսուսի առաջ, ինչպէս մի ժամանակ Ասորեստանի ու Քաղդէացիների վտանգը՝ Ամովսի և Երեմիայի առաջ: Յովհաննէսն ու Յիսուսն էլ նախազգում էին այդ պատճառով, որ նուիրապետութիւնը պիտի կործանուի անհրաժեշտաբար. այդ էր անշուշտ նաև այն առիթը, որ նրանց դուրս հանեց իրենց շրջաններից ու դէպի հասարակական գործունէութիւն մղեց: Աստուծոյ արքայութեան մօտենալու գուշակութիւնը սերտ կերպով կապուած էր Ս. քաղաքի և Տաճարի կործանման մօտենալու գուշակութեան հետ: Աստուծոյ արքայութիւնը ուրիշ հիմունքներ ունի, քան թէ Տաճարը, Սուրբ քաղաքը և կամ հրէական ժողովուրդը. այդ արքայութեան պատկանելը անհատական պայմանների հետ է կապուած:
Անհատական պայմաններին այդպիսի մեծ նշանակութիւն տալով Յիսուս Յովհաննէս Մկրտչից առաջ անցաւ: Սոքա այն աստիճան կարևորութիւն ստացան նորա համար, որ աւետարանը գուշակութեան բնաւորութիւնը բոլորովին կորցրեց, որովհետև Աստուծոյ արքայութեան պայմանների կատարումը արդէն ներկայում կարելի էր դառնում. ուրիշ խօսքով՝ Աստուծոյ արքայութիւնը դառնում էր ո՜չ թէ գալիք, այլ արդէն իսկ ներկայ: Յիսուս չքարոզեց միայն գալիք բարկութիւնից ազատուել, այլ նա դրական կերպով սովորեցրեց, թէ ի՞նչ է Աստուծոյ արքայութեան ներքին բովանդակութիւնը. Նա բացատրեց Աստուծոյ արքայութեան գաղափարը բոլորովին հակառակ տիրող հրէական ուղղութեան:
Սադուկեցիներին նա կարող էր առանց այլևայլութեան մի կողմ թողնել, որովհետև նրանք ազդեցութիւն չունէին և կրօնական տեսակէտից էլ ոչ մի նշանակութիւն չէին կարող ունենալ: Նորա հակառակութիւնը սկզբից և եթ Դպիրների և Փարիսեցիների դէմ էր ուղղուած: Նրանց հետ համաձայն էր Յիսուս, որ խոստովանութիւնը առ Աստուած ո՜չ թէ միայն լոկ խօսքով է, այլ գործով, Աստուծոյ կամքը կատարելով. բայց Յիսուս Փարիսեցիների մեռած գործերին դէմ դրեց հոգու ներքին ուղղութիւնը, նոցա տառակեր օրինականութեան՝ ամենաբարձր բարոյական գաղափարականութիւնը: Վարձ ստանալու միտքը նա մերժում է. ստրուկը իրաւունք չունի՝ այն գործի համար, որ նա պարտաւոր էր կատարել, վարձ պահանջել: Նա շնչում էր ահաւոր դատաւորի երկիւղով, որ հաւատարմութիւն է պահանջում ամենափոքր բանի մէջ և հաշիւ իւրաքանչիւր անմիտ խօսքի համար: «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայ լինել. Դուք չէք կարող Աստծուն ծառայել և մամոնային. Ուր ձեր գանձն է, այնտեղ է և ձեր սիրտը»: Այս է ճշմարիտ միաստուածութիւնը, որ ամբողջ սիրտը և ամբողջ մարդուն է պահանջում, որը երկուութիւնն ու կեղծաւորութիւնը անկարելի է դարձնում: Արդարութիւն Աստուծոյ առաջ, ահա ամենաբարձր նպատակը: Մենք բոլորս ենք սայթաքում այդ ճանապարհի վրայ. Փարիսեցին ոչնչով աւելի չէ բարեպաշտ մաքսաւորից և ամենալաւին էլ ուրիշ ոչինչ չէ մնում, բայց եթէ մի խնդիր. «Տէ՛ր, ողորմի՜ր ինձ մեղաւորիս»: Յիսուս լցւում է սուրբ բարկութեամբ, երբ նկատում է ձգտումն մարդկանց դատապարտելու, երբ նա տեսնում է, թէ ինչպէս Դպիրներն ու Փարիսեցիները հեռու են պահում իրենց մեղաւորներից: Ո՜չ մի պատուէր նա այնպէս հաստատուն կերպով չի տալիս, որչափ ներել ուրիշի յանցանքը, ինչպէս որ մենք յոյս ունենք երկնքում թողութիւն գտնելու: Նա համակրութիւն է պահանջում դէպի ցաւը և դէպի մեղքը և ինքը ունի այդ համակրութիւնը: Նա բժիշկ է զգում իրան, որ կամենում է առողջացնել և կենդանացնել մարդուն: Նա ծաղրում է այն առաքինութիւնը, որ միայն իրենով է բաւականանում. ինքը չի քաշւում մեղաւորներից, որովհետև մեղքը միայն մեղաւորների մէջ չէ գտնում: Բայց թուլութիւն դէպի մեղաւորները նա չի քարոզում, և մարդասիրութիւն դէպի եղեռնագործները չի ընդունում. արդարադատութիւնը իւր սահմանների մէջ, մարդկային կարգաւորութիւնն ու իշխանութիւնը ճանաչում է Յիսուսը:
Բայց ըստ բովանդակութեան Յիսուսի արդարութիւնը բոլորովին տարբեր է Դպիրների և Փարիսեցիների արդարութիւնից. վերջիններս չեն ցանկանում բարի գործել, այլ աշխատում են հեռու պահել իրենց մեղքից. նրանց օրինապահութիւնը ոչ ոքի օգուտ չի բերում և հաճելի չէ ո՜չ Աստծուն և ո՜չ մարդկանց: Յիսուս ծաղրում է նրանց ցուցամոլութիւնը, ողորմութիւն տալու, պահելու և աղօթելու սովորութիւնները, նրանց յաւիտենական լուացումները, ամեն բան տասանորդելը, երկիւղածութեամբ շաբաթ պահելը, ուղտ կլանելն ու մժղուկ քամելը: Նա աւելի լաւ աստուածպաշտութիւն գիտէ, քան թէ Փարիսեցիների ինքնասրբութիւնը՝ ծառայութիւն մերձաւորին: Յիսուս մերժում է այն բարութիւնը, որ այրիների տներն է ուտում և երկար-երկար աղօթքներ կարդում. որ հօրն ու մօրն ասում է. «Ինչ որ ես քեզ կարող էի տալ, կձգեմ Աստուծոյ գանձանակը»: Յիսուսը թէև չի արգելում ճգնութիւնը, բայց և օրէնք չի դարձնում այն և ոչ մի առաւելութիւն չի տալիս նորան. Նա ուտում ու խմում է և ուրախ է ուրախների հետ, տարբեր Յովհաննէս Մկրտչից: Ամենադժուար օրէնքը հասարակ բարոյականութիւնն է-արդարութիւն, հաւատարմութիւն, ողորմածութիւն կամ բարութիւն (Մատթ. ԻԳ. 23): Միայն այս բնական բարոյականութիւնը անուանում է նա Աստուծոյ պատուէր. իսկ այն բոլորը, ինչ որ աւելի առաջ անցնել է ցանկանում, կամայական օրէնսդրութիւն: Օրէնքն է տուած մարդկանց համար և ո՜չ թէ մարդը օրէնքի: Մերձաւորի արածը Աստուած համարում է իրեն համար արած: Ո՞վ է մերձաւորը, ո՞րն է ամենամօտիկ պարտականութիւնը, այդ գիտեն մինչև անգամՓարիսեցին և Դպիրը, որոնք ցոյց են տալիս, թէ չգիտեն: Բարեպաշտութիւնը այսպիսով այլ ևս մասնագէտների սեպհականութիւնը չէ. այստեղ պէտք չէ այլ ևս ո՜չ արուեստ, ո՜չ րաբբիների սրամիտ գիտութիւն, այլ միայն մի պարզ և մաքուր սիրտ: Հոգւով աղքատները, զգացմունքով երեխաները աւելի են հասկանում նրանից, քան այն խելօքներն ու գիտունները, որոնք այդ արհեստ են դարձնում: Նա ցաւում է հօտի վրայ, որ այնքան կարօտ է հովուի, բայց որի հովիւներն իրենց աւելի բարձր համարելով և իրենց կրթութեամբ ամբարտաւանանալով, հօտը նեղ վիճակի մէջ են թողնում:
Բարոյականութեան էութիւնն է անձնազոհ ծառայութիւն ընկերին, համբերութիւն, հաւատարիմ աշխատանք. ինքնուրացութիւնը այն ուղղութիւնն է, որ կարևոր է Աստուծոյ արքայութեան մէջ մտնելու համար: Ի՞նչ օգուտ է մարդուն, եթէ նա ամբողջ աշխարհը շահէ, բայց իւր հոգին կորցնէ: Ով միայն իւր կեանքն է փնտռում, նա կկորցնի այն. իսկ ով իւր կեանքը տալիս է, նա կշահէ այն: Աստուծոյ մօտ լինելով նա ազատ է երկիւղից ու հոգսից. նա հաստատ հաւատ ունի և այդ հաւատով կարող է լեռներ տեղափոխել. դրանով է նա ոյժ ստանում անձնուիրութեան համար. նա զգում է իրեն Երկնաւոր Հօր որդի և վստահանում է Աստուծոյ կամքի վրայ: Միայն այդ մտքով է Յիսուսն իրեն Աստուծոյ Որդի անուանում: Նա մինչև անգամ իրաւունք է համարում շաբաթը չպահել և մեղքերին թողութիւն տալ, թէև հէնց այդ դէպքում շեշտում է, որ ինքը մարդ է: Նրա մէջ ամենից աւելի աչքի ընկնողն այն է, որ իւր Աստուծոյ հետ որդիական յարաբերութեան մէջ լինելը գիտակցում է, և այնպիսի բարեպաշտութիւն է զգում իւր մէջ, ինչպէս նրանից առաջ ո՜չ ոք:
Յիսուս գիտէ, որ երկրիս վրայ մի երջանիկ կեանք կայ, բայց նա գիտէ նոյնպէս, որ փորձութիւններ կան, որ հոգին յօժար է իսկ մարմինը տկար: Չարչարուածներին նա սովորեցնում է իրենց լուծը համբերութեամբ տանել. բայց նա չի ուսուցանում, թէ խաչը քաղցր է և հիւանդութիւնը առողջութիւն: Յիսուսի աշխարհայեացքի հիմունքը կազմում է չարի վերջնական կործանումը և բարու ապագայ յաղթութիւնը: Նա սպասում է հրէաների հետ միասին Աստուծոյ արքայութեան գալստեան երկրի վրայ. բայց Աստուծոյ արքայութիւնը նրա համար հրէից ժողովրդի յաղթութիւնը չէ. ընդհակառակը այդ արքայութեան գալու հետևանքը պիտի լինի հրէից ս. քաղաքի և նրանց ամբողջ համայնքի կործանումը: Աստուծոյ արքայութեան ժառանգները ո՜չ թէ ազգեր են, այլ անհատներ: Այս գաղափարը բոլորովին հակառակ է Հին Կտակարանի մէջ տիրող հայացքին: Անհատականութիւնը բացարձակ կերպով կենդրոնական նշանակութիւն է ստանում միայն քրիստոնէութեան մէջ: Ազգային հակասութիւնը՝ հրէականի և հեթանոսների մէջ, կորչում է միանգամայն և բարոյականն է բռնում նորա տեղը: Բարին և չարը երկու տարբեր աշխարհներ են և սատանան այս աշխարհի և դժոխքի իշխանը: Ամենամեծ չափով շեշտւում է բարոյական պատասխանատուութեան գաղափարը:
Դատաստանն այդպիսով ստանում է բոլորովին ուրիշ բնաւորութիւն և ունի բոլորովին այլ ազդեցութիւն, որովհետև անձնական հաշուետւութիւն է դառնում այն Աստուծոյ առաջ:
Հրէաների համար Աստուծոյ արքայութեան գալը միայն մի երջանիկ դիպուած է. օրէնքը պահելով նոքա Աստուծոյ արքայութեան գալուստը չեն նախապատրաստում: Ձեռների գործը և սրտի ձգտումը տարբեր են միմեանցից: Բարեպաշտութիւնը ո՜չ մի երկրային նպատակ չունի, բայց ագահ ցանկութիւնները ապագայի համար կանգնած են բարեպաշտ գործերի կողքին: Դորա փոխարէն Յիսուսը ներկայացնում է Աստուծոյ արքայութիւնն իբրև կեանքի նպատակ. նա իւր կատարումը կգտնի ի հարկէ Աստուծոյ միջոցով ապագայում, բայց պիտի սկսուի արդէն ներկայում. Նա միայն չի գուշակում, այլ Աստուծոյ արքայութեան սաղմը հաստատում է երկրի վերայ: Նոր ժամանակը արդէն գալիս է նորա հետ, կոյրերը տեսնում են, խուլերը լսում, փտած ոսկորների մէջ իսկ կեանք է առաջ գալիս – մեռելները յարութիւն են առնում: Այս հասկացողութիւնն է կազմում թթխմորի և սերմի հատիկի առակի հիմունքը. և այս հայեացքը իւր բացարձակ արտայայտութիւնն է գտնում Յիսուսի խօսքերի մէջ. «Աստուծոյ արքայութիւնը չի գայ այն ձևով, եթէ մարդ նորան սպասում է, այլ այն արդէն ձեր մէջ է»: Սրան համապատասխան է Յովհաննու աւետարանի այն խօսքը, թէ դատաստանն էլ մարդու հոգու մէջ ինքն իրեն կատարւում է: Ի՞նչ է ուրեմն արդէն եղածը և ի՞նչ ապագայում կատարելութիւն գտնող Աստուծոյ արքայութիւնը: Նա չի կարող ուրիշ ոչինչ լինել, բայց եթէ Աստուծոյ արդարադատութեանը ձգտող հոգիների մի համայնք: Անձնազոհութիւնը միջոցն է, իսկ հոգիների հաղորդակցութիւնը նպատակը:
Այսպիսով Յիսուս բոլորովին մերժում է իւր ժողովրդի յոյսերը: Իբրև Մեսիա հանդէս գալու փորձութեանը Նա արդէն իւր գործունէութեան սկզբում էր յաղթել (Մատթ. Դ. 1 շար.): Նա չի ուզում լսել Դաւթի որդի և Աստուծոյ որդի կոչումները: Այնուամենայնիւ վերջին անգամ Երուսաղէմ գնալիս ընդունեց Մեսիային յատուկ պատիւները և այդ պատճառով էլ խաչի մահով պատժուեցաւ: Սակայն նրա նպատակը չէր կարող լինել իրեն հրէական նուիրապետութեան թագաւոր հռչակել և հռովմէական իշխանութիւնը ոչնչացնել, որովհետև նա իւր մահը գիտէր առաջուց և յայտնել էր, որ Երուսաղէմը պիտի կործանուի: Այն արքայութիւնը, որ Յիսուս ի նկատի ունէր, նոյնը չէր, ինչ որ հրէաներն էին սպասում: Նա այն Մեսիան չէր, որին նոքա սպասում էին, բայց նա էր այն ճշմարիտ Մեսիան, որին նոքա պէտք է սպասէին: Ուրիշ խօսքով, եթէ պարզ ասելու լինինք, Յիսուսը ո՜չ Մեսիան էր և ո՜չ էլ կամենում էր Մեսիա լինել: Նրա արքայութիւնը այս աշխարհից չէր, ուստի մեսիական յուսոյ փոխարէն նա բոլորովին ուրիշ բան դրեց (Հմմտ. Մատթ. ԺԱ.):
Յիսուս չէր կամենում քանդել, այլ ընդհակառակը՝ նրա ցանկութիւնն էր ամեն ինչ կատարելութեան հասցնել. բայց նորա վարդապետութեան էութիւնն այնպէս էր, որ թէ օրէնքը և թէ հրէաների յոյսերը վերացրեց: Մի քանի նշաններից այսպէս է երևում, որ նա աւելի խիստ և կտրական կերպով է գնացել հրէական աստուածպաշտութեան, Տաճարի և օրէնքների դէմ, քան թէ աւետարաններից երևում է. բայց նա այնուամենայնիւ քանդող և նոր բան հաստատող չէր: Նա ինքն իրեն նմանեցնում էր մի մարդու, որ սերմ է ցանում և իւր գործին գնում. իսկ սերմը ծլում և ծաղկում է առանց նրա գիտութեան, որովհետև երկիրը ինքն իրեն աճեցնում է ցողունը, ապա հասկը և ապա ցորեանը հասկի մէջ: Թթխմորին նա ժամանակ է տալիս իւր ներգործութիւնն անելու. ամենուրեք իւր հոգու համար նա տեղ է գտնում և փոքրը նրան ամենևին չի նեղում, թէև միշտ մեծի նշանակութիւնն է պնդում. այս պէտք է անել և այն չթողնել: Նա ոչ մի կարիք չէր զգում պատկերները կոտրատելու և ոչ էլ փուշն ու տատասկը ցորենի միջից նախօրօք հանելու՝ այդ աշխատանքը Աստուծուն թողնելով: Նորա մտքով ամենևին չէր անցնում հրէական եկեղեցին կործանել և քրիստոնէականը նորա տեղը դնել: Ինչպէս ընդհանուր մարդկային, այնպէս և Յիսուսի իդէալը մարդկանց հաղորդակցութիւնն էր. բայց հոգիների մի այնպիսի հաղորդակցութիւն, ուր աստուածային ձգտումներն են իշխում: Յիսուսը չէր կազմակերպում, այլ ամենից առաջ իւր սեպհական հոգին գտնելով, գրաւեց նաև ուրիշներին — այսպիսով դառնալով հոգիների մի նոր շարքի առաջին անդամը:
Նա աշակերտների մի փոքրիկ խումբ հաւաքեց իւր շուրջը, որոնց հետ ուտում-խմում էր, և որոնք նրա կարճ գործունէութեան սկզբից միշտ նորա հետ լինելով, տեսնում էին թէ ինչպէս էր վարւում նա մարդկանց հետ և լսում էին, թէ ինչ էր ասում նոցա: Յիսուս իւր աշակերտներին դաս չէր տալիս. Նա գործում էր և զգում նրանց աչքի առաջ և այդպիսով դրդում նրանց ևս նոյն ձևով գործելու և նոյն ձևով զգալու. այնպէս որ նրա անձնաւորութեան ազդեցութիւնը աւելի էր, քան մինչև իսկ նրա վարդապետութեան ազդեցութիւնը: Նա աւելի էր, քան մի մարգարէ. Նրա մէջ Բանը մարմին էր առել: Աւետարանները փորձում են ո՜չ միայն նրա վարդապետութիւնը, այլ ամբողջ էութիւնը յիշողութեան մէջ հաստատուն պահել: Անհոգ կերպով ապրում է նա պարզ պայմանների, բայց ոչ խեղճութեան և աղքատութեան մէջ: Նրա մեղմութեան հետ խառնուած է լրջութիւն. Նա կարող է նաև բարկանալ: Հակառակորդներին հեգնական կերպով ցոյց է տալիս նրանց տկարութիւնը. Նրան ուրախութիւն են պատճառում երեխաները թռչունները և ծաղիկները. ամեն ինչ Նրան բան է սովորեցնում և Նա բնութեան մէջ Աստուծոյ արքայութեան գաղտնիքներն է տեսնում. Նա կարդում է այն իւր սեփական հոգու և ուրիշների մէջ: Յիսուսը ուսում չէր ստացել. Նա գիտէ Ս. Գիրքը առանց ուսումնասիրած լինելու, և քարոզում է ինչպէս մի ընտրուած, և ո՜չ թէ ինչպէս դպիրները: Նա չի խօսում մարգարէների նման ոգևորուած և տաքացած, այլ հրէական իմաստունների նման հանգիստ: Նա միայն արտայայտութիւն է տալիս այն մտքերին, որ իւրաքանչիւր շիտակ հոգի զգալ կարող է: Ինչ որ Նա ասում է, տարօրինակ չէ, այլ մշտապէս հաստատուն. իւր համոզմամբ ուրիշ ոչինչ, քան այն, ինչ որ Մովսէսն ու մարգարէներն արդէն ասել են: Բայց նորա յափշտակիչ պարզութիւնը տարբերում է նրան Մովսէսից ու մարգարէներից, ևս առաւել հրէական րաբբիներից: Հրէական մարգարէների շնորհիւ բղխած աղբիւրը նա նորից հանում է աւերակների տակից. պատահականն ու եղծուածը նրանից հեռացնում և յաւիտենականն ու մարդկային-աստուածայինը ժողովում իւր հոգու մէջ: Ահա՜ մի մարդ, որ աստուածային հրաշք է այս ժամանակում և այս շրջապատի մէջ:
Այս է Քրիստոսի իսկական պատկերը: Համատես աւետարանների մէջ շատ մեծ նշանակութիւն է տուած նրա հրաշագործութիւններին. բայց հէնց իւր իսկ խօսքերից կարելի է մակաբերել, որ նա այդ նշաններին և հրաշքներին մեծ նշանակութիւն չէր տալիս: Աշակերտների յիշողութիւնները նորա մասին միակողմանի են. միայն վերջին օրերը անմոռանալի են մնացել: Սակայն հոգին յիշողութեան մէջ չի ապրում, այլ իւր ներգործութիւնների: Կայծը այրւում է այն կրակի մէջ, որը ինքն է վառել: Այնքան խոր և այնքան բուռն էր Յիսուսի ազդեցութիւնը աշակերտների վրայ, որ նրանք Քրիստոսի էութիւնը շաղկապեցին իրենց հետ և դարձրին իրենց լաւագոյն եսը: Ամեն բան Յիսուսին էին վերագրում, համոզուած, որ ոչինչ լաւ բան չկայ իրենց մէջ, որ նորանից բղխած չլինի: Նրանք կարիք չէին զգում ամենեւին տառ առ տառ Քրիստոսի օրինակի համաձայն վարուելու. չէ՞ որ Յիսուս ինքը ապրում էր նրանց մէջ և նրա հոգին էր նրանց առաջնորդը դէպի ճշմարտութիւնը: Այն կեանքը, որ նրանք նրանից էին ստացել, աւանդեցին նաև ուրիշներին և այդպիսով Յիսուսի հոգին դարձաւ շատ հոգիների միութեան նշանը: Յիսուս ամենամեծ օրինակն է հոգու ստեղծագործիչ զօրութեան. այս շրջանակի մէջ պատուիրելը, զգուշացնելը և յանդիմանելը բան չի լինի, այլ սեպհական կեանքի օրինակը: Ինչ որ օրէնքը չի կարող առաջ բերել, այն առաջ է բերում անհատականութիւնը: Աստուծոյ էութիւնը չի կարելի գաղափարների միջնորդութեամբ հասկանալ. աստուածային մարդիկ են նորա յայտնութիւնը իրենց խօսքով և գործով, իրենց կեանքով և տանջանքներով:
ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆՑ