«Բացվեց նաեւ մի այլ գիրք` Կյանքի Գիրքը: Եվ մեռելները դատվեցին ըստ գրվածքների` իրենց գործերի համաձայն…: Եվ յուրաքանչյուրը դատվեց ըստ իր գործերի» (Հայտն. Ի 12-13)։
Մարդեղացյալ Աստվածորդին` մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսը, Ով անճառելի մարդեղացմամբ եւ փրկագործության սուրբ խորհրդով ազատագրեց մեղքի ու մահվան ճիրաններում տառապող անկյալ մարդկությանը, փրկագործության վեհ խորհուրդն իրագործելուց հետո հարուցյալ մարմնով երկինք համբարձվեց ու նստեց Հոր աջ կողմում: Սակայն խոստացավ երկրորդ անգամ գալ` աշխարհը դատելու: Քրիստոսի համբարձման հրաշալի իրողությունից ապշած եւ շփոթահար առաքյալներին երեւացած երկու հրեշտակներն էլ նույնն ասացին. «…Այն Հիսուսը, որ ձեր միջից երկինք վերացավ, պիտի գա նույն ձեւով, ինչպես տեսաք Նրա երկինք գնալը» (Գործք առաքելոց Ա 11): Հավատո Հանգանակում նույնպես անխախտ կերպով դավանում ենք, որ մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսը «գալու է նույն մարմնով եւ Հոր փառքով` դատելու կենդանիներին եւ մեռյալներին, Որի թագավորությունը վախճան չունի»:
Մինչ մեղավոր մարդկության համար Իր սոսկալի չարչարանքներն ու Գողգոթան, Աստվածորդին, պատասխանելով աշակերտների` «Քո գալստյան ու այս աշխարհի վախճանի նշանն ի՞նչ կլինի” հարցին, սկսեց խոսել Իր երկրորդ գալստյան եւ դրան նախորդող նախանշանների մասին` ասելով. «Լսելու եք պատերազմների ձայներ ու լուրեր…, պիտի լինեն սով, համաճարակ, երկրաշարժեր, բազում սուտ մարգարեներ պիտի ելնեն ու շատերին պիտի մոլորեցնեն: Եվ անօրենության շատանալուց շատերի սերը պիտի ցամաքի: Բայց ով մինչեւ վերջ համբերեց, նա պիտի փրկվի» (տե՛ս Մատթ. ԻԴ 6-13):
Տերը, մանրամասնորեն նկարագրելով Իր երկրորդ գալստյան նախանշանները, ասում է, որ «այդ ժամանակ մեծ նեղություն պիտի լինի, որպիսին չի եղել աշխարհի արարչագործության սկզբից մինչեւ այժմ եւ այլեւս չի էլ լինի» (Մատթ. ԻԴ 21): Քրիստոսն առաջին անգամ եկավ խոնարհ կերպով` իրագործելով մարդկության փրկագործությունը, սակայն Նրա երկրորդ` փառավորյալ, աստվածապես գալուստը տեսանելի է լինելու բոլորին, քանզի «ինչպես փայլակը, որ ելնում է արեւելքից եւ երեւում է մինչեւ արեւմուտք, մարդու Որդու գալուստն այդպես կլինի» (Մատթ. ԻԴ 27): Դարձյալ` ըստ սբ Մ. Խորենացու` «Խորհուրդ Մեծ եւ Սքանչելի» է Քրիստոսի առաջին գալուստը, նույնքան «մեծ», սակայն «սոսկալի» խորհուրդ է Քրիստոսի երկրորդ հայտնությունը, գալուստը, որովհետեւ այս անգամ Տերը գալու է` դատելու ազգերին, բոլոր նրանց, ովքեր արհամարհեցին իրենց փրկության համար Աստվածորդու հեղած սուրբ արյունը, իրենց ապրած մեղսալից կյանքով «վերստին խաչեցին» Նրան, Ով խաչի անարգ մահը հանձն առավ՝ յուրաքանչյուր մեղավոր մարդու փրկության համար: Այս մասին եւ սուրբ առաքյալն է գրում, որ «Տեր Հիսուսը կհայտնվի երկնքից` Իր հրեշտակների զորքով` կրակի վրեժ լուծելու համար նրանցից, որոնք չեն ճանաչում Աստծուն եւ չեն հնազանդվում մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ավետարանին. նրանց պատիժը պետք է լինի հավիտենական կործանումը` հեռու Տիրոջ ներկայությունից» (Բ Թեսաղ. Ա 7-9):
Երկրորդ գալստյանը նախորդող վերը թվարկված նախանշանները, սակայն, դեռ սկիզբն են լինելու նեղությունների, քանի որ «Այդ օրերի նեղությունից անմիջապես հետո արեգակը պիտի խավարի, եւ լուսինն իր լույսը չպիտի տա, եւ աստղերը երկնքից պիտի ընկնեն, ու երկնքի զորությունները պիտի շարժվեն» (Մատթ. ԻԴ 29, Հովել Բ 10): Այդ ահեղ ու սոսկալի օրվա մասին մարգարեացել են հինկտակարանյան գրեթե բոլոր աստվածընտրյալ մարգարեները` փորձելով հնարավորինս պատկերավոր նկարագրել «Տիրոջ մեծ օրվա» ահն ու սարսափը. «Տիրոջ օրը խավար է եւ ոչ թե լույս» (Ամովս Ե 18), «Այն բարկության օր է, նեղության ու վտանգի, խավարի ու մեգի, ամպի ու մառախուղի օր…» (Սոփոնիա Ա 14-16): Եվ ինչպես որ խաչի չարչարանքներով ամենքին փրկեց դժոխքից ու մահվան անեծքից, այնպես էլ խաչի նշանով պիտի գա` դատելու ազգերին: «Եվ ապա երկնքի վրա մարդու Որդու նշանը պիտի երեւա, ու այդ ժամանակ երկրի բոլոր ազգերը լացուկոծ պիտի անեն եւ պիտի տեսնեն մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով` զորությամբ ու բազում փառքով» (Մատթ. ԻԴ 30): Ըստ սբ Գր. Տաթեւացու` «Այնժամ երկնքում կծագի փրկչական խաչը եւ կկանգնի Գողգոթայի վրա, ուր խաչվեց: Այնժամ երկնքում կհայտնվեն Տիրոջ չարչարանքի գործիքները` մեխերը, գեղարդը, եղեգնը, փշե պսակը, քացախն ու լեղին, արյունը, թուքը՝ մեզ համար, ապտակը, կապանքները, կողի պատռվածքը եւ մեխերի տեղերը, քանզի՝ «Պիտի նայեն նրան, Ում խոցեցին» (տե՛ս Հայտն. Ա 7): «Այդ օրը մարդկային ցեղը պիտի ամաչի, որ անարգեց խաչի նշանը» (Քարոզ խաչելության մասին):
Բոլոր մեղավորներն ու անհավատները պիտի ողբան ու վայ տան իրենց անձերին, քանզի պիտի զղջան իրենց գործած անօրինությունների ու չարիքների համար, պիտի զղջան, որ չհավատացին Աստծուն, Նրա անսուտ խոստումներին, այլ հաճույք գտան անօրինության մեջ: Հայտնության գիրքը, նկարագրելով այն սարսափը, որ դատաստանի օրը համակելու է համայն մարդկությանը, ասում է, թե ինչպես անզեղջ մեղավորները «լեռներին կասեն` ընկեք մեզ վրա, եւ բլուրներին, թե` ծածկեցեք մեզ. որովհետեւ եկավ Նրա բարկության մեծ օրը, եւ ո՞վ կարող է կանգնել Նրա առաջ» (տե՛ս Հայտն. Զ 16-17, նաեւ` Օվսե Ժ 8): Բոլոր մարգարեներն այդ մեծ օրվա մասին խոսելիս նշում են. «Գալու է Տերը ինչպես կրակ, եւ նրա կառքը` ինչպես մրրիկ…, քանզի համայն երկիրը պիտի դատվի Տիրոջ կրակով» (Եսայի ԿԶ 15-16), նաեւ` «Նրա առջեւից լափող կրակն է, հետեւից` բորբոքյալ բոցը» (Հովել Բ. 3), նաեւ` «Կրակով կմաշվի ամբողջ երկիրը» (Սոփոնիա Ա 18): Սուրբ Պետրոս առաքյալն էլ գրում է, որ «Այժմ երկինք եւ երկիր վերապահված են կրակին դատաստանի օրվա եւ ամբարիշտ մարդկանց կործանման օրվա համար» (Բ Պետ. Գ 7), քանի որ «Մարդու Որդին գալու է Իր Հոր փառքով` Իր հրեշտակների հետ միասին. եւ այն ժամանակ յուրաքանչյուրին կհատուցի ըստ իր գործերի» (Մատթ. ԺԶ 27): Հավատանք թե ոչ, Տիրոջ գալուստն ու ահեղ դատաստանն անխուսափելի են յուրաքանչյուրիս համար, քանի որ «Մարդկանց սահմանված է մեկ անգամ մեռնել եւ այնուհետեւ` դատաստան» (Եբր. Թ 27): Սակայն մինչ դատաստանը, համընդհանուր հարություն պետք է լինի, փակ գերեզմանները պիտի բացվեն, եւ մեռելները, լսելով Քրիստոս Աստծու ահեղ կոչը, հարություն պիտի առնեն, ինչպես ասվում է Հովհաննու Ավետարանում. «Կգա ժամանակ, երբ բոլոր նրանք, որ գերեզմաններում են, կլսեն Աստծու Որդու ձայնը եւ դուրս կգան. ովքեր բարի գործեր են արել` կյանքի հարության համար, իսկ ովքեր չար գործեր են արել` դատաստանի հարության համար» (Հովհ. Ե 28- 29): Համայն մարդկությունն այդժամ հոգով եւ մարմնով կկանգնի դատաստանի առաջ…
«Արդ, երբ որ մարդու Որդին գա Իր փառքով, եւ բոլոր հրեշտակները` Իր հետ, այն ժամանակ Նա պիտի նստի Իր փառքի գահի վրա, ու Նրա առաջ պիտի հավաքվեն բոլոր ազգերը, եւ Նա նրանց միմյանցից պիտի զատի, ինչպես մի հովիվ, որ զատում է ոչխարներին այծերից…» (Մատթ. ԻԵ 31-32): Վարդան Այգեկցին ասում է, որ Տիրոջ գալստյան ժամանակ նույնիսկ երկինքը թափուր կմնա անբավ լուսեղեն դասերից, քանզի Տերն Իր ողջ փառքով եւ հրեշտակների ու սրբերի գնդերով պիտի գա: Ու պիտի բացվեն գրքերը. «Բացվեց նաեւ մի այլ գիրք` կյանքի գիրքը: Եվ մեռելները դատվեցին ըստ գրվածքների` իրենց գործերի համաձայն…: Եվ յուրաքանչյուրը դատվեց ըստ իր գործերի» (Հայտն. Ի 12-13, տե՛ս նաեւ` Դանիել Է 9): Այդժամ ողջ մարդկության, երկնային զորքերի ու սրբերի առջեւ հայտնի կդառնան մեր գործերը, խոհերն ու մտորումները: Սուրբ Գր. Նարեկացին շատ պատկերավոր կերպով է նկարագրում այն.
«Ասպարեզ կգան գործերը ծածուկ,
Հայտնի կդառնան մեր կրքերն անտես,
Վարքն ու բարքն ամբողջ, հույզերը ներքին
Պարզ կնկարվեն մեր մարմնի վրա…» (Նարեկ Բան ՀԹ. Բ)։
Սա նշանակում է, որ այդժամ ամեն ոք հենց իր մարմնին իսկույն ստույգ անթերի գրությամբ կտեսնի մինչ այդ ծածկված մտքերն ու խորհուրդները, գործերը, քանզի «Տերն ի լույս է հանելու խավարի գաղտնիքները եւ հայտնի է դարձնելու սրտի խորհուրդները…» (Ա Կորնթ. Դ 5): Ինչպիսի ամոթ ու նախատինք, քանզի այդ ահավոր ատյանի առաջ հայտնի կդառնան ինչ որ մենք արել ենք ծածուկ ու խավարի մեջ: Այդ ահեղ օրը «բոլոր հպարտներն ու ամբարտավանները, մեծամիտներն ու գոռոզները կխոնարհվեն» (Եսայի Բ 12),- ասում է մարգարեն, կզղջան իրենց գործած
չարիքների ու ապրած կյանքի համար, սակայն ուշ կլինի, քանզի.
«Այստեղից կանխավ ի վեր չառաքված Հեծեծանքներն ու հառաչանքները
Այլեւս լսելի չեն լինի այնտեղ» (Նարեկ Բան ՀԹ. Գ):
Որովհետեւ Քրիստոս Աստված միայն այս կյանքում է մեղավորների հանդեպ ողորմած ու բարեգութ, միայն այստեղ է պատրաստ ընդունելու անկեղծորեն զղջացող մեղավորի ապաշխարությունը, իսկ այնտեղ՝ այն սոսկալի հրապարակում, Նա անաչառ Դատավոր է, որովհետեւ.
«Դատաստանն ահեղ է,
Դատավորն անխաբ, անկաշառելի,
Սոսկալի ամոթ, դաժան կշտամբանք,
Հանդիմանություն անխուսափելի,
Անճողոպրելի տագնապ ու երկյուղ,
… ուր չկա ոչ գութ, ոչ ողորմություն» (Նարեկ Բան ՀԹ. Բ):
Անօրեն ու ամբարիշտ մարդկանց չի փրկի ոչինչ` հարստություն, փառք, որոնց վրա հույս էին դրել, ինչպես ասում է մարգարեն. «Նրանց արծաթն ու ոսկին նրանց չի կարողանա փրկել Տիրոջ բարկության օրը…» (Սոփոնիա Ա 18): Ատյանի առջեւ պիտի կարկամի մարդու բերանը, պիտի դողան բոլոր արարածները, քանզի «Մարդիկ իրենց խոսած ամեն դատարկ բանի համար դատաստանի օրը հաշիվ են տալու, քանզի քո խոսքերով պիտի արդարանաս եւ քո խոսքերով պիտի դատապարտվես» (Մատթ. ԺԲ 36-37): Ի՞նչ պիտի ասենք այդ ահեղ օրը, եթե մեր ժամանակավոր կյանքն անց ենք կացնում ծուլությամբ ու անհոգությամբ` չունենալով փրկության վարձքի ակնկալիք: Այդ օրը Նա մեզանից հաշիվ պիտի պահանջի այս կարճ ժամանակվա մեր անհոգության համար եւ մեզ պիտի ասի. «Ձեզ համար մարմնացա, ձեզ համար մարմնով երկրի վրա քայլեցի, ձեզ համար տանջվեցի, թուք ընդունեցի, ձեզ համար ապտակվեցի, ձեզ համար խաչվեցի, ձեզ համար խաչափայտի վրա քացախ խմեցի, որպեսզի ձեզ երկնային եւ սուրբ դարձնեմ: Իմ արքայությունը ձեզ շնորհեցի… Իսկ դուք, մեղավորներ եւ բնությամբ մահկանացուներ, դուք Իմ` ձեզ համար չարչարված Տիրոջս համար ի՞նչ չարչարանքներ կրեցիք…» (սբ Եփրեմ Ասորի):
Վա՜յ մեղավորներին, որ կկարկամեն ու կպապանձվեն այդժամ, քանզի ոչինչ չեն կարողանա ասել: Նրանք վայ կտան իրենց անձերին` ասելով. «Ինձ անմահություն խոստացավ, իսկ ես մնում եմ այս մահվան մեջ. հրավիրեց դեպի վեր` երկինք, իսկ ես իջնում եմ դժոխքի անդունդները. պատրաստեց փափագելի դրախտը, իսկ ես ընտրեցի խոցոտիչ փուշը. նաեւ պատրաստեց մշտնջենավոր կյանքը եւ փառքը, իսկ ես ինձ մեղքով սպանեցի…» (սբ Հովհ. Մանդակունի):
Եվ այդժամ արդար Դատավորը կզատի ոչխարներին (արդարներին) այծերից (մեղավորներից) (տե՛ս Մատթ. ԻԵ 32): Եվ արդարներին, որ Իր աջ կողմում պիտի կանգնեցնի, կասի. «Եկե՛ք, Իմ Հո՛ր օրհնյալներ, ժառանգեցե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը», իսկ մեղավորներին, որ Իր ձախ կողմում կլինեն, կասի արդար Դատավորը. «Անիծյալնե՛ր, գնացեք Ինձնից հավիտենական կրակը, որ պատրաստված է սատանայի եւ իր հրեշտակների համար»: Եվ մեղավորները կգնան դեպի հավիտենական տանջանք, իսկ արդարները` հավիտենական կյանք (տե՛ս Մատթ. ԻԴ 46): «Եվ նա, որի անունը կյանքի գրքում գրված չգտնվեց, գցվեց կրակե լճի մեջ» (Հայտն. Ի 15), որը բոլոր չապաշխարած մեղավորների վերջին հանգրվանն է լինելու, «ուր նրանց որդը չի մեռնելու, եւ նրանց կրակը չի հանգչելու» (տե՛ս Եսայի ԿԶ 24), քանզի տանջանքները հավիտենական են: Եվ եթե անզեղջ մեղավորները հավիտյանս հավիտենից պիտի տանջվեն կրակե լճում, «Մահը պիտի փնտրեն ու չպիտի գտնեն», հավետ պիտի այրվեն ու չմոխրանան, ապա արդարները հավիտյանս հավիտենից պիտի վայելեն երկնքի արքայության անսպառ բարիքները Աստծո մշտնջենական ներկայության մեջ, եւ քանի որ իրենց ժամանակավոր կյանքի ընթացքում առաքինի ու բարի կենցաղավարությամբ հաճո եղան Տիրոջը, չարչարանակից եղան Նրան, մասնակից կլինեն նաեւ խոստացված բարիքներին` արքայության մեջ, քանզի «Աստված պիտի սրբի նրանց աչքերից ամեն արտասուք. եւ այլեւս մահ չկա, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ եւ ո՛չ չարչարանք, քանի որ առաջինն անցավ» (Հայտն. ԻԱ 4): Ուրեմն այդ օրը մեղավորների մշտնջենական ողբի եւ սուգի սկիզբն է, արդարների` անճառ ու հավիտենական հանգստի սկիզբը:
Աղբյուր՝ Ք.Հ. հանրագիտարան
Պատրաստեց Անժելա ԽԱՉԱՏՐՅԱՆԸ