Մեղքի անատոմիան

 Մեղքը ունի երեք բաղադրիչ. գործողությունը, դրդապատճառը եւ մեղքի գործակիցը՝ մարդու հոգեւոր գիտակցության մակարդակը. որքան այն բարձր է, այնքան մեծ է գործակիցը, այնքան ծանր է մեղքը, այնքան դաժան՝ հատուցումը, եւ որքան սրտանց է ապաշխարությունը, այնքան առատաձեռն է ողորմած Աստված:

 Եսավը մի աման ոսպապուրի հետ փոխեց իր անդրանկության իրավունքը, որը, չնայած իր զղջմանն ու դառն արցունքներին, չկարողացավ վերստանալ (Ծննդ. 25:29-34, 27:28-38):

 Նինվեի բնակիչները, հեթանոս լինելով, լսեցին Կենդանի Աստծո պատգամաբերին՝ Հովնանին, զղջացին եւ քուրձ ու մոխրով ապաշխարեցին. նրանց հաջողվեց խուսափել երկնային պատժից (Հովն. 3): Հուդայի՝ հրեական երկու պետություններից մեկի արքա Եզեկիան, երբ մերձիմահ հիվանդացավ, չհուսահատվեց ու չչարացավ, այլ սրտանց աղոթեց Տիրոջն ու դառնորեն արտասվեց. Տերը լսեց նրա աղոթքը եւ ոչ միայն առողջացրեց նրան, այլեւ տասնհինգ տարով երկարացրեց նրա կյանքը:

 Հիսուս վստահեցնում է, որ մահացու ելքով պատահարների ենթարկվող մարդիկ ավելի մեղավոր չեն, քան ողջ մնացածները, սակայն բոլորին էլ Աստված շնորհում է ապաշխարության ու դարձի հնարավորություն (Ղուկ. 13:1-9): Մարդու կյանքը որոշումների եւ ընտրությունների շղթա է, եւ մարդու ամեն հաջորդ քայլ նախորդի տրամաբանական շարունակությունն է: Եթե մարդը որոշում է կայացնում եւ ընտրություն է կատարում՝ վտանգելով իր ապագան, ապա հետագա քայլերը միայն մոտեցնում են մարդուն այդ վտանգին: Մարդը ընդունում կամ մերժում է որեւէ բան, անկախ դրդապատճառներից, այդ որոշումը կարող է ճակատագրական լինել, այդպիսի քայլ է ճշմարտության մերժումը (Ղուկ. 14:15-24): Քրիստոնեությունը քարոզում է, որ մարդու որոշումները ճիշտ է ուղղորդել դեպի անձի փոփոխություն, իրականացում, որովհետեւ այս կյանքը պատրանք է, ոմանց համար քաղցր երազ, ոմանց համար մղձավանջ, իսկ իրական կյանքը Աստծո հետ է, այդ կյանքի հնարավորությունը եւ սկիզբը տրվում է մկրտությամբ, որի հնարավորությունն էլ տրվում է խոնարհամտությամբ, որովհետեւ խոնարհությունն է բոլոր շնորհների դուռը, մարդը խոնարհ է այնքանով, որքանով որ նրա համար անտեսանելի հավիտենական իրականությունն ու արժեքները գերակա են տեսանելի եւ անցողիկ իրականության նկատմամբ: Մարդկային կյանքի ողբերգությունը կայանում է նրանում, որ իր ամենօրյա՝ լայն ճանապարհով դեպի կորուստ խելահեղ ընթացքի մեջ (նեղ ճանապարհը վերելքի զառիթափ ճանապարհ է) մարդը շատ հազվադեպ է անդրադառնում իր ընթացքի ուղղությանը, շատ քիչ է կշռադատում իր ընդունած որոշումներն ու կատարած ընտրությունը, բայց չէ՞ որ հենց դրանցից է բաղկանում մարդկության պատմությունը. դա մեծագույն ողբերգություն է, որով սնվում ու չի հագենում դժոխքի ամենակուլ որովայնը: Մարդը ապրում է իր կյանքը, զբաղվում է իր գործերով եւ …դրա համար պետք է հաշիվ տա այդ կյանքը շնորհողին: Մարդը ունի Աստծո հետ հաղորդակցելու եւ նրան ճանաչելու բոլոր հնարավորությունները, այսուհանդերձ, եթե նա հրաժարվում է օգտագործել այդ հնարավորությունները, ապա հնարավոր հետեւանքների պատասխանատվությունը կրում է ինքը, որովհետեւ այսօր չկա մի մարդ, որ չի լսել Հիսուսի մասին կամ չգիտի՝ ինչ է Եկեղեցին: Եթե մարդը հավելյալ ջանք չի թափում՝ իրացնելու համար իր՝ բանական էակ՝ մարդ լինելու իրավունքը, ապա թող ոչ մեկին չմեղադրի: Մարդկային առաքելությունը կրում է երկու՝ ընդհանուր եւ մասնահատուկ բնույթ: Բոլոր մարդիկ՝ որպես բանական ու ճանաչող էակներ, առաքելություն ունեն քննելու, ճանաչելու եւ իմաստավորելու իրենց շրջապատող աշխարհը, իրենք իրենց ու իրենց կյանքը, եւ ամեն մի մարդու տրվում է այդ առաքելությունը իրականացնելու յուրօրինակ կերպ, յուրատիպ միջավայր եւ յուրահատուկ պայմաններ:

 Կյանքի եւ մահվան շուրջ «ավանդական» պատկերացումները արդարացված չեն. «կյանքի թելը» երբեք չի կտրվում: Մահը մարդկային հոգու՝ մեղքով Աստծուց հեռացած, օտարացած կարգավիճակն է, կյանքը՝ հավերժական ցնծությունը Աստծո սուրբ ներկայության մեջ:

Լիլիթ Հովհաննիսյան
Աղբյուր՝ «Սյունյաց կանթեղ» ամսաթերթ