Առաջին նախամարգարեն՝ Մովսեսը, երբ կանգնեցրեց Աստծու խորանը, այն օծելուց ու սրբագործելուց հետո հավաքեց ժողովրդին ու կատարեց խորանի նավակատիքը: Այդ առիթով Իսրայելի իշխանները՝ նահապետական ընտանիքների տասներկու հրամանատարները, նվերներ մատուցեցին Տիրոջը: Տիրոջ հրամանով օրական միայն մի իշխան էր նվեր մատուցում զոհասեղանի նավակատիքին և այդ օրը միայն այդ իշխանի ցեղն էր տոնում (տե՜ս Թվեր 7): Այդպիսով Իսրայելի ամեն մի ցեղ միայն մեկ օր էր տոնում, և նավակատիքի տոնը տևում էր տասներկու օր:
Մենք ևս ամբողջ տարվա ընթացքում սուրբ Եկեղեցուն նվիրված տասներկու տոն ենք կատարում: Դրանք են՝ «Աշխարհամատրան» կիրակին, Սուրբ Հոգու գալուստը, «Էջ Միածնի» տոնը, սուրբ Տապանակի տոնը, որը Վարդավառի նավակատիքն է, «Շողակաթը», որն Աստվածածնի վերափոխման տոնի նավակատիքն է, Սուրբ Եկեղեցու տոնը, որը Խաչվերացի նավակատիքն է, Խաչվերացի տոնին հաջորդող վեց տոնական օրերից երեքը, որոնք կոչվում են «Եկեղեցու տոն», «Տյառնընդառաջը», «Ծաղկազարդը» և «Նոր կիրակին»: Դրանց մի մասը այլևայլ տոներ լինելուց բացի միաժամանակ նաև սուրբ Եկեղեցու տոներն են:
Սուրբ Էջմիածնի տոնը
Հոգեգալստյան երկրորդ շաբաթը կոչվում է «Արարատյան դաշտի տոն», որովհետև այս շաբաթ են տոնվում հայոց նվիրական տոներից մի քանիսը. երկուշաբթի տոնվում է Հռիփսիմյանց կույսերի տոնը, երեքշաբթի՝ Գայանյանց կույսերի, հինգշաբթի՝ Հովհաննես Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի տոնը, որոնց նշխարները սուրբ Գրիգոր Լուսավորիչը զետեղեց Տարոն գավառի Մուշ գյուղաքաղաքում իր կառուցած եկեղեցում: Շաբաթ օրը սուրբ Գրիգոր Լուսավորչի Վիրապից ելնելու տոնն է, իսկ կիրակի՝ Սուրբ Էջմիածնի տոնը: Սրանք այն սրբերն են, որոնց ճգնությամբ, հեղած արյամբ և սուրբ նշխարների վրա հաստատվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին: Այդ պատճառով նրանց տոները նախորդում են Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, որը կարգել է հոգեկիր և առաքելաշնորհ սուրբ Գրիգոր Լուսավորիչը՝ Վիրապից ելնելուց, մեզ կենարար Ավետարանի ճշմարտության խոսքով լուսավորելուց, բագինները կործանելուց, դիվական տոները խափանելուց և տաճարը շինելուց հետո: Այդ պատճառով այն միայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին է տոնում, Պենտեկոստեին հաջորդող երկրորդ կիրակի օրը:
Այս տոնը նաև սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքի համաձայն կառուցված սուրբ Էջմիածնի տաճարի նավակատիքի տոնակատարությունն է և տեսիլքի հիշատակը: Ըստ այդ տեսիլքի՝ երկինքը բացվում է և Աստծու Միածին Որդին Իր հրաթև ու լուսեղեն զորքերի ուղեկցությամբ իջնում է Վաղարշապատ քաղաքի շեն տեղը, մուրճով հարվածում է սանդարամետի մեհյանին և այն ջախջախելով խորտակում: Ապա սուրբը տեսնում է նախկին մեհյանի տեղում կանգնած ամպեղեն ու լուսեղեն մի տաճար՝ սյուներով ու կամարներով կառուցված: Արդյունքում՝ հայոց մեջ վերջնականապես ջնջվում է կռապաշտությունը և փոխարենը կանգնեցվում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և Եկեղեցու հայրապետական իշխանությունը, որով մարմնավորվում է Հայաստանում երեք դար շարունակ առաքելական քարոզությամբ ձևավորված հավատը:
Աշխատասիրությամբ՝ Արամ Դիլանյանի