ԵԿԵՂԵՑՈՒ ՏՈՆԵՐ, եկեղեցական տոների մաս կազմող, եկեղեցու անվամբ կատարվող և նրան նվիրված տոներ: Եկեղեցու տոն կատարելը հայոց համար հատուկ արարողություն է: Եկեղեցին հայկական եկեղեցական Տոնացույցում դարձել է տոնելի՝ որպես աստվածային հաստատություն և Քրիստոսի փրկագործ տնօրինությունների արդյունք:
Եկեղեցին, որի միջոցով քրիստոնյային հաղորդվում են ճշմարտություններ, մատակարարվում խորհուրդներ, բաշխվում շնորհներ, տրվում մեղքերի թողություն, ընկալվում է իբրև քրիստոնեական Մարմնի ամբողջություն, որի գլուխ Հիսուս Քրիստոսն է:
Նյութական առումով եկեղեցիների նվիրագործությունն էլ եկեղեցու տոնախմբություն է եղել, և եկեղեցիների օծման տարեդարձերն էլ եկեղեցու տոներն են եղել: Տոնացույցի մեջ մուտք գործած եկեղեցական տոներն են.
1. Նոր Կիրակին,
3. Տոն Կաթողիկե Սրբո Էջմիածնի,
4. Տոն Շողակաթի,
5. Հիշատակ Տապանակի Հնո և Նորո Ուխտի:
Դրանցից բացի եկեղեցու տոներ են համարվում Ս. Խաչի շաբաթվա երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերը: Այդ երեք օրերը եկեղեցու տոներ համարվելուց բացի մասնավոր կապ ունեն Երուսաղեմում բյուզանդական Հեղինե դշխուհու շինած չորս մեծ տաճարների՝ Ս. Հարությունի (Գողգոթա), Ս. Ծնունդի (Բեթղեհեմ), Ս. Համբարձումի (Ձիթենյաց լեռ) և Ս. Աստվածածնի (Գեթսեմանի) հետ:
Խաչվերացի նախընթաց օրվա նավակատիքը Ս. Հարություն տաճարի նավակատիքի հիշատակն է, իսկ շաբաթվա միջի՝ երեք եկեղեցու տոները մյուս երեք տաճարների նավակատիքների հիշատակներն են: Այդ երեք եկեղեցիների տոները Ս. Խաչի շաբաթվա մեջ կատարվում են յոթ օրերի շարժականությամբ՝ սեպտ. 13, 14 և 15-ից մինչև 19, 20 և 21: Դրանցից բացի, մասնավոր ու հատուկ կերպով, եկեղեցու տոներ Կատարվում են ամեն նոր օծված եկեղեցում, ինչպես նաև սովորություն է եկեղեցու տոների նման տոնել նավակատիքը կամ օծման տարեդարձը:
Նոր Կիրակի, ս. Զատկին հաջորդող առաջին կիրակին է, որը կոչվում է նաև Կրկնազատիկ: Քրիստոսի Հարության տոնից բացի նվիրված է հեթանոսների դարձի, Քրիստոսի Եկեղեցու ընդարձակման ու տարածման հիշատակին. այդ պատճառով էլ դասվել է եկեղեցու տոների շարքը:
Աշխարհամատռան կամ Կանաչ Կիրակի, խորհրդանշում է աշխարհի առաջին մատուռը կամ եկեղեցին, որը հիմնեցին առաքյալները Սիոնի Վերնատանը, և որտեղ Քրիստոսը կատարեց Վերջին ընթրիքն ու հաստատեց Հաղորդության խորհուրդը: Քրիստոսի համբարձվելուց հետո սովորույթ դարձավ առաքյալների հավաքվելը, միասնաբար աղոթելը և նոր հավատացյալների հետ հաղորդվելը (Գործք 2.42): Ըստ Գործք առաքելոցի, Հովհաննես Մարկոսի մոր՝ Մարիամի տանն էին աղոթքի հավաքվում նորադարձները (12.12): եկեղեցու տոներից ամենագլխավորն է Աշխարհամատռան տոնը, այսինքն՝ Վերնատան հիշատակը իբրև քրիստ. առաջին եկեղեցու, որը բոլոր քրիստոնյա եկեղեցիների նախատիպը եղավ: Աշխարհամատռան Կիրակին կոչվում է նաև Կանաչ Կիրակի, որը նախաքրիստ. շրջանից գարնանը և արթնացող բնությանը նվիրված տոնակատարություններից մնացած անուն է և փոխանցվել է եկեղեցուն: Տոնվում է ս. Զատկի երրորդ կիրակի օրը և Զատկի հետ 35 օրվա շարժականություն ունի (ապրիլի 5-ից մինչև մայիսի 9-ը):
Տոն Կաթողիկե Սրբո Էջմիածնի, ըստ Հայոց առաջին հայրապետ ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի, Միածինը՝ Հիսուս Քրիստոսը, երկնքից իջնելով, ձեռքում բռնած ոսկե մուրճով հարվածել է այն տեղին, որտեղ հեթանոս. մեհյան էր, և որտեղ կառուցվելու է Ս. Էջմիածնի Մայր տաճարը՝ նշանավորելով Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հաստատումը: Տոնվում է որպես Հայ եկեղեցուն նվիրված տոն, Հոգեգալուստից հետո 2-րդ կիրակի օրը (մայիսի 24-ից մինչև հունիսի 27-ը): Կաթողիկե Ս. Էջմիածնի տոնին է նվիրված «Էջ Միածինն ի Հօրէ» շարականը. «Էջ Միածինն ի Հօրէ եւ լոյս փառաց ընդ նմա. Ձայնք հնչեցին սանդարամետք անդնդոց: Տեսեալ զլոյս մեծ Հայրապետին Գրիգորի, Պատմէր ցնծութեամբ հաւատացեալ արքային: Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ, Քանզի ի սմա ծագեաց մեզ լոյս ի Հայաստան աշխարհի»:
Տոն Շողակաթի, նույնպես կապվում է ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի հետ և նշանակում է «լույսի շող կաթեց» երկնքից: Ս. Էջմիածնի Մայր տաճարի նավակատիքի տոնն է: Տոնակատարության ընթացքում (տոնվում է օգոստոսի առաջին կեսին, Վերափոխման տոնի նախընթաց շաբաթ օրը) հիշատակվում է Հիսուս Քրիստոսի՝ ոսկե մուրճը ձեռքին Վաղարշապատ իջնելը, երկնքից աստվածային շողի ծագելը և հանգչելն այն վայրում, որտեղ կառուցվելու էր Մայր տաճարը: Գրիգոր Լուսավորչի կառուցած վկայարաններից մեկը կոչվում է նաև Շողակաթ:
Հիշատակ Տապանակի Հնո և Նորո Ուխտի, Վարդավառի նախընթաց նավակատիքի օրը (հունիսի 27-ից հուլիսի 31-ը) եկեղեցու նոր տոնի հիշատակն է: Ուխտի տապանակը հրեաների ամենանվիրական սրբությունն էր, որը պարունակում էր Տասնաբանյա օրենքների կամ պատվիրանների տախտակները, մանանայով լի սափորը և Ահարոնի զարդարված գավազանը: Մովսեսի շրջանից մինչև Սողոմոն Իմաստունը տապանակը պահվում էր Տաճարի Սրբության Սրբոց կոչված ներքին բաժնում, որտեղ միայն տարին մեկ անգամ քահանայապետը կարող էր մտնել: Ուխտի տապանակի հիշատակությունը վերջին անգամ հանդիպում է Սողոմոնի օրոք. վերջինս այն զետեղել էր նորաշեն Տաճարում, որտեղից անհետացել էր Երուսաղեմի կործանման ժամանակ: Հին տապանակը նախատիպն էր Նոր ուխտի, այն է՝ Քրիստոսի եկեղեցու, և տոնն էլ նվիրված է Հին և Նոր ուխտի հաստատության՝ որպես մեկը մյուսին լրացնողի հիշատակին:
Արտաշես Ղազարյան