ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»

Մարդիկ սովորություն ունեն, երբ մեկը մեռնում է ու կտակ է թողնում, և ուրիշ մեկը գնում է նրա ընտանիքին մահվան գույժը հաղորդելու, նրան շատ սիրողներն ավելի են ողբում: Այսպես էլ այսօր մեռավ մեր (հոգիների) Հայրը` Քրիստոս: Ես էլ գալով գույժ եմ բերում ձեզ, քանի որ ժամանակ կա լալու և

ժամանակ կա ուրախանալու: Այսօր թեպետ մեր հոգիների համար ուրախություն է, քանի որ մեր հոգիները Քրիստոսի չարչարանքներով ազատվեցին դժոխքից, սակայն մարմնապես սուգ է ու տրտմություն: Ինչպես որ երկնքում լուսատուները խավարեցին, երկիրը շարժվեց, վեմերը ճեղքվեցին, Տաճարի վարագույրը պատռվեց, այնպես էլ մեր տաճարների լույսերն ենք հանգցնում այս գիշեր:
Սրա համար մենք այսօր պետք է սգանք, ողբանք արարածների հետ և Քրիստոսին չարչարանակից լինենք: Մարդն իր հոր մահը տասը բանի համար է ողբում. նախ` եթե ծեր է մեռնում, մարդը չի կարող լաց լինել: Բայց եթե երիտասարդ հասակում է մեռնում, առավել են ողբում. իսկ մեր Տերը երեսնամյա էր:
Երկրորդ` եթե մեկի հայրն իր մահով է մեռնում, պետք չէ լալ. իսկ մեր Տերը բազում նախատինքներով ու չարչարանքներով մեռավ:
Երրորդ` եթե մեկն իր մեղքերի և անիրավության համար է մեռնում, պետք չէ լալ, իսկ մեր Տերը, որ անմեղ էր, մեզ համար մեռավ, և իր բազում բարությունների փոխարեն սպանվեց:
Չորրորդ` եթե որդիները հոր մահվան պատճառը չեն լինում, (այդքան) չեն լալիս. սակայն ինչպես Դավիթը, որ հույժ ողբում էր հրեշտակի կողմից կոտորված ժողովրդի համար, քանի որ գիտեր, որ իր մեղքերի պատճառով է դա, — այսպես էլ մենք պետք է առավել ողբանք, քանի որ Քրիստոսի մահվան պատճառը մեր մեղքերն էին:
Հինգերորդ` եթե ռամիկ շինականներից մեկն է մեռնում, կսկիծն այդքան մեծ չէ, որքան թագավորի մինուճար ու գեղեցիկ որդու մահվան դեպքը, ահա այսօր անմահ Թագավորի Որդին է մեռնում:
Վեցերորդ` եթե խստասիրտ, չար և անհաղորդ մեկն է մեռնում, այնպես չեն ողբում, ինչպես ողորմած ու բարի մարդու համար, իսկ մեր Տերը հույժ ողորմած էր, ինչպես որ լալիս էր Ղազարոսի համար:
Յոթերորդ` երբ որ մեկն ուրիշներին լաց լինելիս է տեսնում, ինքնաբերաբար ինքն էլ է սկսում լալ. ահա, եթե այսօր անբան և անշունչ արարածները լալիս են, ինչպես արեգակն ու լուսինը, ապա որչափ առավել պետք է լացեն (Աստծո) բանական որդիները:
Ութերորդ` եթե մեկը հեշտ մահվամբ և առանց չարչարանքների է մեռնում, չեն լալիս. իսկ Քրիստոսի մահը չարչարանքներով առավել մեծ էր, քան բոլոր սրբերինը: Եվ սա վեց պատճառ ունի, նախ` Նրա մարմինն ավելի էր զգում չարչարանքները, քանի որ նման էր աչքի, որ առավել զգայուն է. Նա կուսածին էր և Սուրբ Հոգուց, մեղքերի մեջ ապրող մյուս մարդկանց նման մարմինը չէր կոշտացել:
Երկրորդ` սրբերի չարչարանքներն իրենց հոգուն փոքր ինչ ուրախություն էր բերում, և այդ ուրախությունն անցնում էր նաև մարմնին, իսկ Քրիստոսի մարմնին ամենևին ուրախություն չեղավ, քանի որ մեր փրկության գինը եղավ:
Երրորդ` տարբեր են չարչարանքները. այն որ պարանով է կախվում ավելի քիչ է տանջվում, քան Նա, Ում ձեռքերն ու ոտքերը գամում են, քանի որ այդտեղ են հավաքված բոլոր անդամների ջիլերը, ուստի ցավն ավելի զգալի է:
Չորրորդ` առհասարակ Քրիստոսի բոլոր անդամներն էին չարչարվում, և որևէ անդամ առանց չարչարանքի չմնաց:
Հինգերորդ` մոր պատճառով, քանի որ տեսնում էր Որդու չարչարանքները. (առհասարակ) երբ մեկին չարչարում են, մորը տանն են պահում:
Վեցերորդ` բոլոր մարդկանցից չարչարանքներ կրեց, հրեաներից ու հեթանոսներից, տղամարդկանցից ու կանանցից, ծերերից ու երիտասարդներից, կառավարիչներից ու հպատակներից, քահանաներից ու ժողովրդից: Իսկ Նրա բարեկամները փախան, և Նրա մոտ ոչ ոք չմնաց: Սրա մասին է Երեմիան իր ողբում ասում. «Ձեզ եմ ասում, ճանապարհի’ անցորդներ, դարձե’ք, նայե’ք ու տեսե’ք, արդյոք երբևէ եղե՞լ են այսպիսի ցավեր, որ ես կրեցի»:
Իններորդ` եթե օտար կամ թշնամի է սպանվում, ոչ ոք չի կոծում, իսկ մեր Տերը մեր ճշմարիտ սիրելին ու բարեկամն էր, հայրն ու եղբայրը:
Տասներորդ` եթե մեկին օտարներն են սպանում, մեծ բան չէ, իսկ Տերը` Քրիստոս, ազգականների և սիրելի աշակերտ Հուդայի կողմից մահվան մատնվեց:

*** *** *** *** *** *** *** *** *** *** *** ***
… Ով խորամա’նկ Հուդա, նրա համա՞ր ես վաճառում Քրիստոսին, որ քեզ ներեց քո հորն ու մոր սպանությունը, աշակերտության կոչեց, մեռելներին հարություն տալու զորություն շնորհեց ու գանձապահ նշանակեց: Ո’վ նենգավոր Հուդա, երբ կամենում էիր վաճառել Աստծո և Մարիամի Որդուն, ինչո՞ւ նախապես չգնացիր Կույս մոր մոտ, քանի որ (ավելիով) կվճարեր ու քեզ ոսկի կտար: Ո’վ թշվառական, որևէ ծառայի, որ ոչինչ չգիտի, հարյուր դահեկանով են վաճառում, իսկ դու Վարդապետին և երկինքն ու երկիրն Արարողին երեսուն արծաթով վաճառեցիր: Թաքուն ու հեշտ ես վաճառում այն, ինչ որ քոնը չէ, այլ գողացել էիր. ահա լավ կլիներ, որ ծնված չլինեիր:
Եվ երբ գնում էր Տիրոջը վաճառելու, Տերը պարտեզում նստած ուսուցանում էր աշակերտներին: Փոքր-ինչ հեռացավ նրանցից ու սկսեց խորհել մահվան մասին: Նրա վրայից քրտինքը հոսում էր արյան կաթիլների պես: Արդ, եթե մահվան մասին խոսելիս այսչափ երկյուղ էր կրում, ապա որչափ առավել` չարչարանքների ժամանակ:
Այն ժամանակ հրեաների բազմությամբ Հուդան եկավ, ու Հիսուս ասաց. «Ո՞ւմ եք փնտրում»: Ասացին. «Նազովրեցի Հիսուսին»: Ասաց. «Ես եմ» և բոլորը երեսի վրա գետին ընկան: Դու տես, որ կարող էր փրկել Իրեն նրանցից: Այն ժամ Հուդան ասաց. «Ո’ղջ եղիր, վարդապե’տ», ու Նրան համբուրեց: Հիսուս ասաց. «Ընկե’ր, համբուրելով ես մատնում մարդու Որդուն»:
Ո’վ խորամանկ Հուդա, սիրո նշանո՞վ ես մատնում Աստծո Որդուն…
Այն ժամանակ հրեաները բռնեցին Հիսուսին: Իսկ Պետրոս, ջերմ սիրուց դրդված, հանեց սուրը ու Մաղքոսի ականջը կտրեց: Հիսուս ասաց. «Սուրդ տե’ղը դիր, քանի որ եթե կամենամ փրկել ինձ, հրեշտակների ավելի քան տասներկու գնդեր կիջեցնեմ: Այլ իմ կամքով եմ մեռնում, որովհետև եթե չմեռնեմ, աշխարհն ինչպե՞ս կփրկվի կամ մարգարեների գրվածքներն ինչպե՞ս կկատարվեն»: Նույնժամ նաև ծառայի ականջը բուժեց:
Ապա կապեցին Նրան ու մեծ նախատիքներով տարան քահանաների մոտ, իսկ աշակերտները փախան: Նա քաղցրությամբ էր պատասխան տալիս քահանայապետին: Այն ծառան, որի ականջը Քրիստոս բժշկել էր, պարգևի փոխարեն Տիրոջն ապտակեց:
Եվ երբ այն գայլը եկավ, սկսեց կծոտել Աստծո Գառին, ապա և մյուս գայլերը սկսեցին խածոտել: Ոմանք խփում էին, մյուսները պիղծ բերանով թքում էին երեսին, խփում էին գլխին, այլք փետում էին մազերը, գետին գցելով` ոտքերով ու ձեռքերով հարվածում էին:
Ո’վ Արարիչ Որդի Աստուծո, ո’վ Սուրբ Կույս Մարիամի Որդի, ի՞նչ վիճակի հասար մեր մեղքերի համար…
Այն ժամանակ հրեաներն սկսեցին ծաղրել Նրան, իրենց մեջն առնելով` խփում էին ու ասում. «Մարգարեացի’ր, ո՞վ էր, որ քեզ խփեց»: Եվ սրանով չբավարարվեցին, այլ կապեցին Նրան քարեղեն կարծր սյունին և ամեն կողմից ուժգին հարվածում էին մինչև որ ամբողջ մարմինն արյունով պատվեց: Սրանց ձեռից անցավ Պիղատոսի զինվորների ձեռքը, որ մերկացրին Նրան ու գլխին փշե պսակ դրին: Ծաղրում էին. Նրան կարմիր քղամիդ հագցրին, ծունկի էին իջնում և ասում. «Ո’ղջ եղիր, հրեաների թագավոր»: Եղեգով հարվածում էին ու թքում ահեղակերպ երեսին:
Այս ամենին Մարիամը տեղյակ չէր, այլ տանն աղոթում էր: Բայց պետք էր գնալ և պատմել նրան: Սակայն ո՞վ կգնա: Ո’վ Գաբրիել, դու, որ ծանոթ ես նրան, գնա’ ու պատմի’ր: Գաբրիելը պատասխանեց. «Քավ լիցի, որ ես այդ անեմ. միգուցե լսելով մեռնի. Ես նրան ուրախարար ավետիս եմ տվել, այժմ չեմ կարող մահվան գույժը տալ»: Ո’վ Սուրբ Հոգի, Դու, որ տրտմածների ուրախությունն ես ու սգավորների Մխիթարիչը, գնա’ և մխիթարի’ր նրան: Սուրբ Հոգին պատասխանեց. «Այս օրը մխիթարության և ուրախության օր չէ, եթե նույնիսկ ուրախություն հաղորդեմ, չի ընդունի»: Ո’վ մարիամանք, Կույսի սիրելիներ, դո’ւք հայտնեք նրան Որդու մահանալը հրեաների կողմից: Սրանք գնացին նրա մոտ, տրտմած երեսով նստեցին, սակայն ոչինչ չկարողացան ասել, միմյանց նայելով լռում էին, որպեսզի կույսը տրտմությունից չմեռնի:
Ո’վ Հովհաննես Ավետարանիչ, դո’ւ գնա պատմիր, քանի որ կանայք թուլասիրտ են, նրբազգաց, որի պատճառով էլ չեն կարող ասել…
Եվ սա գնալով հարցնում է. «Ո’վ Մարիամ, ո՞ւր է քո Որդին, ո՞ւր է քո Ուրախությունը, ո՞ւր է մեր Վարդապետը: Իմ Տիրամա’յր, ահա հրեաները բռնել ու տանում են Նրան` խաչի մահվան դատապարտելու»: Երբ Հովհաննես այս ասաց, հրեաներն Հիսուսին անցկացնում էին Մարիամի տան մոտով: Ոմանք աղաղակում էին. «Ովքեր կամենում են տեսնել սուտ մարգարեի` բազում նախատինքներով մահը, թող գան ու տեսնեն»: Երբ Սուրբ Կույսն այս լսեց, զարմացած դուրս եկավ, տեսավ Նրան և ուշագնաց եղավ, գետին ընկավ ինչպես մեռած, չէր կարողանում տեսնել, խոսել կամ լսել:
Ո’վ մարիամանք, շտապով օգնեցե’ք մեր Տիրամորը…
Փութալով եկան ու բարձրացրին նրան: Երբ ուշքի եկավ, տեսավ Որդուն մեծ անարգանքների մեջ: Դառնապես լալիս էր, աղաղակում էր, խփում երեսին, մազերը պոկոտում, զգեստները պատառոտում, սուգ էր անում Որդու վրա և ասում. «Ո’վ սիրելի Որդյակ, ինչպե’ս քեզ կորցրի, ո’վ իմ սիրտ, իմ ուրախություն, ինչ անի քո գերի մայրը: Այժմ ո՞ւմ մոտ գնամ»:
Հրեաները դեռ պտտեցնում էին Հիսուսին ամբողջ Երուսաղեմով մեկ, և մայրն էլ շրջում էր Նրա հետևից: Այնտեղ շատ օտարներ կային. եթե այնտեղ լինեիր, կտեսնեիր, թե ինչպես էին հրեաներն անարգանքով քար ու հող նետում Նրա վրա: Տառապալից Մայրը փոքր – ինչ քայլեց ու կրկին ընկավ: Եվ նրան բարձրացրին:
Աստծո Որդին հույժ և երկար չարչարվեց. քանի որ խաչը ծանր էր, չէր կարողանում տանել, և Նրան պարաններով էին քարշ տալիս: Մի պահակ բռնեցին` Սիմոն Կյուրենացուն, որպեսզի խաչը վերցնի:
Ո’վ Աստվածածին, ինչո՞ւ ես դուրս եկել ու Գողգոթա գնում: Բավարար չէ՞, որ մեր (հոգիների) Հորը կորցրինք, քեզ է՞լ կորցնենք. տո’ւն դարձիր…
Բայց նա չէր ուզում վերադառնալ, այլ բազում չարչարանքներով հասավ Գողգոթա: Ապա խաչը մոր աչքերի առաջ կանգնեցրին ու Հիսուսի ձեռքերը երկու կողմից սաստիկ ձգեցին և տարածեցին խաչի վրա: Մերկացրին, ձեռքերին ու ոտքերին մուրճով ստեպ – ստեպ հարվածելով` հաստ գամերով բևեռեցին: Ապա խաչը բարձրացրին, որպեսզի բոլորը տեսնեն: Այդ ժամանակ Քրիստոս առավել տանջվեց, և ձեռքերից ու ոտքերից սաստիկ արյուն էր հոսում: Տիրոջ Մայրն այրված սրտով կանգնած էր խաչի մոտ. այնքան արտասվեց, որ արտասուքն առվի նման էր հոսում:
Ո’վ սուրբ Աստվածածին, ինչո՞ւ ես այդքան լալիս… Նա ասաց. «Լալու մեծ պատճառ ունեմ, քանի որ իմ Որդուն չարչարվելիս եմ տեսնում, սակայն չեմ կարողանում օգնել: Տեսնում եմ լալիս, բայց չեմ կարող մխիթարել: Տեսնում եմ, որ մեռնում է, սակայն չեմ կարող Նրա հետ մեռնել: Տեսնում եմ` ծարավ է, սակայն չեմ կարող ջրով հագեցնել: Վա’յ ինձ, ի՞նչ անեմ. իմ Որդին աղաղակում է, որ ծարավ է և լեղի են խմեցնում: Վախենում եմ գնամ ջուր բերեմ. գուցե գամ մեռած գտնեմ Նրան»:
Կարող էր նաև հրեշտակին ասել. «Ո՞ւր է իմ ավետիսը, ո՞ւր է իմ ուրախությունը, ո՞ւր է իմ ողջույնը: Այսօր ամեն ինչ հակառակ է: Վա’յ ինձ. այն օրն ինձ Մարիամ անունով դիմեցիր, որ լուսավոր աստղ է թարգմանվում, իսկ այսօր խավար եղավ: Ասացիր շնորհներով լի’ եղիր. այսօր լի եմ դառնությամբ: Ասացիր Տերը քեզ հետ է. այսօր իմ Տիրոջը խլեցին ինձանից: Ասացիր օրհնյալ ես դու կանանց մեջ. այսօր նախատվում եմ Իսրայելի մեջ»: Դարձյալ կարող էր ասել Եղիսաբեթին. «Ո’վ ազգական իմ, ո՞ւր է քո ավետիսը, որ ասացիր օրհնյալ է քո որովայնի պտուղը»:
Այս ասելով` գրկում էր խաչն ու համբուրում, սակայն չէր կարողանում Որդուն խաչից իջեցնել: Ավաղ, թշվառացած և այլայլված էր տեսնում իր Որդուն խաչի վրա, ինչպես Եսային էր ասում. «Մենք նրան տեսանք, և Նրա երեսը գույն չուներ, ոչ էլ գեղեցկություն, այլ Նրա տեսքն ավելի անարգ էր, քան բոլոր մարդկանցը»: Մայրը հրեաներին ասում էր. «Ի’նձ էլ սպանեցե’ք իմ Որդու հետ, քանի որ ինձ համար մեռնելը քաղցր է, քան Նրանից հետո ողջ մնալը»: Այսպես էր Դավիթը ողբում իր Աբիսողոմ որդու մահը և ասում. «Որդյա’կ, ո՞վ քո մահը ինձ կտա»: Նաև մայրն էր նույնն ասում. «Ո’վ Որդյակ, ուրիշներին ողորմում ես. ինչո՞ւ ինձ չես ողորմում, որ քեզ հետ մեռնեմ: Ավազակին մխիթարում ես` ասելով. «ինձ հետ դրախտում կլինես», իսկ ինձ ինչո՞ւ ես թողնում այս գայլերի մեջ»: Իսկ Հիսուս անընդհատ մորն էր նայում ու մխիթարում (հետևյալ խոսքերով). «Մ’ի լար, մա’յր Իմ, քանի որ քո ցավն Ինձ համար առավել է, քան Իմը»: Սկսեց Հորն այս խոսքերն ասել. «Էլի’, էլի’, լամա սաբաքթանի» ու հեգին ավանդեց:
Ահա դու տե’ս մոր վախճանը, բայց ըստ Ավետարանի առաջնորդվիր:
Երբ տանտերը մեռնում է, ամբողջ տունը խռովվում է: Այսպես էլ ամբողջ աշխարհը սգի մեջ է այսօր:
Դու ավելացրու այնքան, որքան անհրաժեշտ է:

Քրիստոսին փառք հավիտյանս. Ամէն