Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Մայիսի 21 Դշ. ԴԿ. ԼԲ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Մայիսի 20 Գշ. ԴՁ․ ԼԱ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Մայիսի 19 Բշ. ԳԿ. Լ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Մայիսի 18 † Կիր. Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Մայիսի 17 Շբ. ԲԿ. ԻԸ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Mrtutyun
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > ՔՐԻՍՏՈՍԻ ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Քրիստոնեական

ՔՐԻՍՏՈՍԻ ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

Published 5 Հունվարի, 2019
Կարդալու տևողություն՝ 10 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հասանք հրաշափառ ու պայծառ, մեծ ու լուսավոր օրվան. մարգարեական այս երգն առնելով` սուրբ սրտով և կատարյալ հավատով աղաղակե՛նք. «Մեր Տեր Աստված երևաց մեզ» (Սաղմ., ՃԺԷ 27): Առաքելական քարոզությունը նույնպես ձայնում է` ասելով. «Ահա հիմա՛ է ընդունելի ժամանակը, ահա հիմա՛ է փրկության օրը» (Բ Կորնթ., Զ 2): Քրիստոսի` մարմնով երկրորդ և վերստին ծնունդն է
առաջին անպատմելի, անհաս և անքննելի ծնունդից հետո:

 Հորից ծնունդը անքննելի է մարդկային մտքի համար, այն ոչ էլ հասու եղավ անմարմին ու երկնավոր զորություններին, այլ միայն` Հորը, որ ծնեց Նրան, ծնված Միածնին և Սուրբ Հոգուն, «որ քննում է Աստծու խորությունները» (տե՛ս Ա Կորնթ., Բ 10): Երկրորդ ծնունդը եղավ ժամանակի մեջ. մարմնով առաջ եկավ Կույսից, հայտնվելով երկնավորներին ու երկրավորներիս մասամբ և ոչ ամբողջությամբ: Իսկ այս ծնունդը գերագույն խորհրդի զորություն է. երեսուն տարեկանում եկավ մկրտվելու կատարյալ Աստվածությամբ և կատարյալ մարդկությամբ: Երեք տասնյակը կատարյալ է դարձնում մարդուն. երեսնամյա էր արարվել նաև առաջին Ադամը, որ օձից խաբվելով` դուրս ելավ փափուկ դրախտից, նույն կատարյալ [տարիքում] տնօրինելով` երկրորդ Ադամը ջախջախեց վիշապի գլուխը Հորդանանի հոսանքների մեջ:
Արդ, սկզբում Սուրբ Հոգին անկերպարանք շրջում էր ջրերի վրա` հորինելու արարածների տարրերը, որոնք ոտնակոխ արեց նախանձ թշնամին: Այստեղ աղավնակերպ Հոգին վերստին հրաշագործեց ապականված արարածներին. Հոր ձայնը սիրելի Միածին Որդու վրա ճանաչեցրեց ծածկված հավիտենական խորհուրդը` հայտնելով Երրորդության Անձնավորությունը: Առաջինում երկիրն ապականվեց` կործանվելով ջրհեղեղով, իսկ այստեղ ջրհեղեղի [նույն ջրով] մկրտությամբ կենդանացավ երկիրը` ոչ թե ընկղմելով արարածներին բնությամբ, այլ ընկղմելով մեղավոր գործերը: Այնտեղ մարդկային ազգի` ջրի մեջ թաղումը ավերածություն գործեց, այստեղ ջրի մեջ թաղումը նորոգեց և հաղորդակից դարձրեց կյանքին: Այնտեղ շյուղաբեր աղավնին բարկության հանդարտվելու ավետիսն ավետարանեց, այստեղ աղավնու նմանությամբ [Սուրբ Հոգին] կյանքի առհավատչյան և Աստվածության հետ մշտնջենավոր հարատևությունն ավետարանեց Հոր ձայնով, որ հայտնեց սիրելի Որդու մասին: Այսօր ձեռնադրություն ընդունեց Կուսածինը ամլորդուց, ճշմարիտ Աստված` քահանայապետի որդուց, Ամենասուրբը մեղքերից` իր մոր որովայնում Սուրբ Հոգով լցվածից: Մարիամն ու Եղիսաբեթը ազգակիցներ էին, բայց ոչ տոհմերով, որովհետև ինչպես ցույց է տալիս օրենսդիրը, Հուդայի ցեղը չխառնվեց Ղևիի ցեղապետների հետ:
Արդ, Քրիստոս և Հովհաննես շարժվեցին մի ճանապարհով. Քրիստոս` իբրև Տեր, Աստված և մարդասեր, իսկ Հովհաննեսը` իբրև ծառա, մարգարե և բարեկամ. երկուսով ունեցան մի կարապետ` Գաբրիել հրեշտակապետին: Բայց Զաքարիան չի համեմատվում Մարիամի հետ. քահանայապետի մոտ ահով և իշխանությամբ առաքվելով` [հրեշտակապետն] հայտնեց ամուլ արգանդի պտղաբերության մասին, և երբ ծերը չհավատաց, կապեց նրա լեզուն (տե՛ս Ղուկ., Ա 11-22): Իսկ երբ Մարիամին Բանի գալստյան ավետիսը տվեց, և Կույսը չհավատաց, ասաց Սուրբ Հոգու` նրա վրա գալստյան և այն խոստումը կատարելու կարող լինելու մասին` հիշեցնելով մարգարեական խոսքը: Ուստի և [Մարիամը] գնաց Հրեաստանի լեռնակողմը` տեսնելու հրեշտակապետի ասածը` Եղիսաբեթի հղիությունը: Մարիամի` Եղիսաբեթի հետ ազգակցությունը միմյանց հետ համեմատվելն էր նշանակում, այսինքն` [համեմատվում էին] կուսական արգանդի հղությունը և ամուլի` ժամանակը անցածի պտղաբերությունը:
Արդ, Մարիամը մտավ Զաքարիայի տուն` իր մեջ ունենալով կենդանի Տապանակին` կենդանի Բանին: Իսկ Եղիսաբեթը, իր մեջ ունենալով Տապանակի` կենդանի Բանի ձայնին` ողջույն տվեց Մարիամին. խայտաց ձայնը Բանի գալստյամբ: Արգանդից արգանդ նոր սքանչելիք եղավ. Եղիսաբեթի մանուկը իր մոր արգանդից Կույսի որովայնում Բնակվողին երկրպագության պարտքն էր հատուցում:
Զարմա՛նք այս հրաշքին. ժամանակի մի վայրկյանում որովայնում բնակվողները բացահայտում են ճշմարտությունը. մեկը ծառայաբար մատուցում է, Մյուսը տիրապես ընդունում է խոնարհի խայտանքը: Սրանից հետո հասավ Եղիսաբեթի ծնելու օրը, և [մանկան] անունը դնելուց հետո լուծվեցին նրա հոր և քահանայապետի լեզվի կապանքները, քանզի արժան չէր, որ ձայնի գալուց հետո լռեր նրա հայրը: Հասավ նաև Կույսի ծննդյան օրը, և հավիտենական Քահանայապետի գալստյամբ, որն անվանվեց Հիսուս, խզվեցին նախահոր կապանքները: Դարձյալ` Հովհաննեսը երեսուն տարի մնաց անապատում և ժամանակը լրանալուց հետո ուղարկվեց մկրտելու: Ճիշտ այդպես [մինչև] երեսուն տարեկան դառնալը լուռ մնաց նաև Հիսուս, ապա եկավ մկրտվելու. մեղքերից զերծ Մնացածը իր մոր որովայնից Սուրբ Հոգով լցվածի մոտ, Հոր կողմից տիրապես Առաքվածը Սուրբ Հոգու կողմից անապատից ծառայապես առաքվածի մոտ, մարգարեների ու առաքյալների Տերը առաքյալի ու մարգարեի մոտ, բոլոր արարածների Սկիզբն ու Անդրանիկը մարգարեների և օրենքի վերջինի ու առաջին առաքյալի մոտ, նրա մոտ, «ում օրերից սկսած` բռնադատվում է երկնքի արքայությունը» (Մատթ., ԺԱ 12): [Հովհաննես] կարապետը ավարտն է Մովսեսի Հին Օրենքի, իսկ Քրիստոս սկիզբն է Նոր Օրենքի: Տեսնո՞ւմ ես ճշմարտությունը` միմյանց հետևողությամբ, ոչ թե համեմատությամբ, քանզի ո՛չ հեռանալով բաժանվում են նմանությամբ և ո՛չ էլ միանում են` միմյանց հարելով: Քանզի թեև երկուսն էլ ծնունդ են ասվում, բայց Մեկը` կույսից, մյուսը` ամուլից, Մեկը` հղացած Սուրբ Հոգուց, մյուսը` Զաքարիայի սերմից սաղմնավորված: Եղիսաբեթը բազում նախօրինակներ ունի, իսկ Կույսի ծնելը և մոր` Կույս մնալը անբնական է. արարածների մեջ չի եղել և չի էլ կարող այդպիսի բան լինել, բացի միայն Մեկից` Միածնից, որի` Էմմանուելի ծնվելու մասին մարգարեացել էր Եսայի մարգարեն (տե՛ս Ես. Է, 14): Տեսնո՞ւմ ես Քրիստոսի և Հովհաննեսի միջև անջրպետը` մոտիկ և շատ հեռու:
Արդ, երկու խոսքով քեզ ասեմ նաև Հիսուսի և մկրտչի անունների զանազանության մասին` պես-պես և զանազան կերպերով մերձեցնելով ու հեռացնելով: Հիսուս ասվում է Տեր, Հովհաննեսը նույնպես տեր է ասվում. բայց Նա բնությամբ ու արարչությամբ է Տեր, իսկ Հովհաննեսը այնպես, ինչպես բոլորն են իրար անվանում: Դարձյալ` Հիսուս նաև մարդ է ասվում, սակայն ոչ իբրև մարդկանցից մեկը, որովհետև չունի մարմնավոր հայր, ինչպես որ առաջին ծննդյամբ չունի մայր: Իսկ Հովհաննեսը, ունենալով հայր և մայր, ապականացու սերմից մարդ եղավ: Քրիստոս կոչվում է ծառա ըստ մարմնի, [համաձայն այն խոսքի, որ ասում է]. «Մարդու Որդին չեկավ ծառայություն ընդունելու, այլ ծառայելու» (Մարկ., Ժ 45), ոչ բնությամբ, այլ կամավոր աղքատությամբ: Իսկ Հովհաննեսն ըստ բնության է ծառա, ծառայական կերպի մեջ հավասար մեզ: Դարձյալ` Քրիստոս անվանվում է արդարության արեգակ, իսկ Հովհաննեսը` ճրագ. [երկուսն էլ] լուսատուների անուններ են, բայց խիստ տարբեր. քանզի Մեկն աշխարհը լուսավորում է անվախճան լույսով, իսկ մյուսն աղոտ կերպով փոքր-ինչ տեսնելու [հնարավորություն] է տալիս աչքին: Քրիստոս ասվում է ճանապարհ, իսկ Հովհաննեսը` Տիրոջ ճանապարհը պատրաստող: Քրիստոս աշխարհին քարոզում է ապաշխարել, «որովհետև մոտեցել է երկնքի արքայությունը» (Մատթ., Դ 17), քարոզում է նաև Հովհաննեսը. բայց Հիսուս [քարոզում է] ամբողջ աշխարհին, Հովհաննեսը` հատկապես և միայն հրեաների ազգին: Քրիստոս աշխարհի մեղքերը վերացնող Գառ է խաչի համար, գառ է նաև Հովհաննեսը` մորթված Հերովդիայի մոլեգնության պատճառով: Նա` փրկության համար` մտնելու հավիտենական սրբարան,
իսկ սա` օրենքի հանդիմանության համար: Քրիստոս տիեզերքի Կարապետ է կոչվում, երկնային Կարապետի կարապետ է ասվում նաև Հովհաննեսը: Քրիստոս մկրտում է Հոգով և հրով կատարյալ մկրտությամբ, մկրտում է և Հովհաննեսը, բայց միայն ապաշխարության [մկրտությամբ]:
Քրիստոս դարձյալ մկրտվեց արյամբ, արյամբ մկրտվեց նաև Հովհաննեսը` Հերովդիայից: Քրիստոս քարոզեց դժոխքում մահվան իշխանության տակ եղողներին, Հովհաննեսը նույն դժոխքում արդար Արեգակի գալուստը քարոզեց: Աստվածային Կտակարանը բազմիցս և զանազան կերպերով խոսում է անունների զանազանության մասին, բայց մենք բավականանք [այսքանով]: Սակայն մեծն ու առավելագույնը չեմ թողնի. արժանի եմ համարում ասել անզուգականի ու արարչականի մասին. Քրիստոս Աստված է, Հովհաննեսին նույնպես աստվածացրեց, Քրիստոս [Աստված է] բնությամբ, Հովհաննեսը` Նրանով: Ինչպես որ Աստծու Որդին է Աստծու բնությամբ, իսկ Հովհաննեսը և բոլոր նրանք, ովքեր Նրանով են, հավատի որդիներ են շնորհով: Թող քեզ չզարմացնի այն խոսքը, որ եթե Նա
աստվածացրեց Հովհաննեսին, ուրեմն նաև ինձ կաստվածացնի, ըստ այն խոսքի, թե` Աստված կերևա աստվածացածների ու թագավորների մեջ, քանի որ մարգարեն ասում է. «Ես ասացի, թե աստվածներ եք կամ Բարձրյալի որդիներ» (Սաղմ., ՁԱ 6), իսկ Մովսեսին ասում է. «Ահա ես քեզ փարավոնի համար մի աստված դարձրի» (Ելք, Է 1): Այս օրինակով, այլ ոչ թե անզուգական արարչությամբ են սուրբերն աստված ասվում:
Վերստին կրկնենք կարապետի` շարադրված անունները, առընթեր նաև` Փրկչական անունը, որպեսզի այս մեծ օրը խոսքերիս պտուղն ընծայեմ այս լուսավոր հայտնությանը: Առաքյալ և Հոր կողմից առաքված Բանի մարգարե. մարգարե, որ տեսավ Նրան, ում մասին մարգարեացել էին, արդարության Արեգակի կարապետ, մեծ Լույսի ճրագ, թափանցիկ ու անհասանելի Լույսի արուսյակ, կենաց Ճանապարհը պատրաստող, Փեսայի բարեկամ, Խոսքի ձայն, Ճշմարտության քարոզ, ձեռնադրող Նրան, ով Իր ձեռքերով արարեց ամեն բան, վկա` Հոր Բանի մասին վկայող, մկրտիչ, որ մկրտում է հրով և Հոգով: Բոլոր արարածներից ամենամե՛ծդ կանանց ծնունդների մեջ, ավետարանի՛չդ Սիոնի, քարոզի՛չդ Երուսաղեմի, աղաղակում էիր` ասելով. «Ահա՛ Աստծու Գառը, որ վերացնում է աշխարհի մեղքը» (Հովհ., Ա 29), ահա՛ Աստծու գառը, որ պատարագվում է խաչի վրա և նորոգում է արարածներիս ապականությունը ջրով, Հոգով և արյամբ: Մեծ խորհուրդի Հրեշտակի հրեշտա՛կ, որ երեք կատարյալ մկրտությամբ Երեք կատարյալ Անձի դավանությունն ամբողջացրիր. ջրով մաքրեցիր ապականվածներիս, ինչպես համաշխարհային բարկության ժամանակ, որը, սակայն, բարկության ու կորստյան [մատնող] լվացում էր, իսկ սա` լվացում կենդանության [համար] և հոգու մաքրում ընդդիմակաց զորության` հարձակվող սատանայական հոգու ազդեցությունից: Իսկ հրով, որպեսզի փորձի, ինչպես ընտիր ոսկին է փորձվում, որպեսզի խոտանն այրվի և առանձնացվի պատվական նյութերից, որպեսզի զտված և ընտիր դարձնի մեր մարդկային բնությունը, [որ] ստեղծագործելով վերստին արարչագործեց: Մեծ մկրտության զորությունը, լուսավորության պայծառությունն այս է, որով Հայրը հայտնվում է, Որդին ճանաչվում է, և Սուրբ Հոգին քարոզվում է, հռչակվում է մկրտչի պատիվը, մկրտչի առավելության մասին քարոզում է Մկրտվողը` ասելով. «Կանանցից ծնվածների մեջ Հովհաննես Մկրտչից ավելի մեծը չի եղել. բայց երկնքի արքայության մեջ ամենից հետինը նրանից մեծ է» (Մատթ., ԺԱ 11): Նրան փառք հավիտյանս. ամեն:

Սուրբ Եղիշե վարդապետ՝ հատված «Աստվածաբանական երկեր» գրքից:

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը S. Cnund 2 Ի՞նչ էին ասում մարգարեները Տիրոջ ծննդյան մասին
Հաջորդ նյութը Chragaluyc 08 Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագը Սուրբ Գայանե վանքում (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական
Harutyan ton
Սուրբ Հարության կամ Զատկի տաղավար տոն
Եկեղեցական տոներ
votnlva
Ավագ հինգշաբթի՝ Վերջին ընթրիք` Ս. Հաղորդության խորհրդի հաստատում, Ոտնլվա
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Ktak e1492016805685
Քրիստոնեական

ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»

14 Ապրիլի, 2025
Mahvan masin
Քրիստոնեական

Գերագույն չարիքը՝ մահը

16 Փետրվարի, 2024
Myuroni katsa 235
Քրիստոնեական

126 տարի շարունակ Մայր Աթոռում գործածվում է Մյուռոնի արծաթե այս կաթսան

7 Սեպտեմբերի, 2023
Mi vakhecir
Քրիստոնեական

Մի՛ վախեցեք

20 Հունիսի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?