Իմ Հայրը փառավորվում է, երբ շատ պտուղ եք տալիս: (Հովհ. 15;8)
«Դուք ինձ չընտրեցիք, այլ Ես ձեզ ընտրեցի եւ դրեցի, որ գնաք ու պտուղ բերեք, եւ ձեր պտուղը մնա, որպեսզի ինչ որ խնդրեք Հորից իմ անունով, Նա ձեզ տա» (Հովհ. 15;16):
«Առանց հավատի անհնար է Աստծուն գոհացնել, որովհետեւ նրան մոտեցող ամեն մարդ պետք է հավատա, որ Աստված կա եւ վարձատրում է նրանց, ովքեր Իրեն են փնտրում» (Եբրայեցիս 11; 6):
Այս երեք մեջբերումները սպառիչ պատասխան են տալիս, թե ինչ ենք լինելու, երբ հետեւենք Քրիստոսի հանձնարարություններին:
Հիշենք նաեւ, որ դարեր շարունակ Քրիստոսի բազմաթիվ հետեւորդները պարզ, հասարակ ու սովորական մարդիկ էին: Առանձնապես ոչ մի յուրահատուկ բան նախապես չէր եղել նրանց հետ կամ նրանց միջոցով: Հետո, ինչպես տեղի ունեցավ Պետրոսի եւ աշակերտների հետ, Նրանք Սուրբ Հոգով լցվեցին, եւ նրանց կյանքը փոխվեց: Նրանք այլեւս սովորական մարդիկ չէին: Նրանք Աստծո մարդիկ եւ Աստծո զորության գործիքները դարձան: Նրանց հոգու պարտությունը հաղթանակի վերածվեց: Կասկածն ու վախը փոխարինվեց վստահությամբ, ուրախությամբ ու հավատով: Նրանք «աշխարհը գլխիվայր շրջեցին» (Գործք 17.6):
Մի քանի վկայություններ Սուրբ Գրքից Սուրբ Հոգու մասին
Սուրբ Հոգին աստվածային Երրորդության (Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի) երրորդ անձն է: Նա Աստված է նաեւ` գերբնական, երկնային հոգեւոր զորություն է: Նա հավասար է Հորը եւ Որդուն: Նա անսահման իմաստություն (Ա Կորնթ. 2;11), կամք (Ա Կորնթ. 12;11) եւ զգացմունքներ (Հռոմ.15;30) ունի:
Սուրբ Հոգու մասին առաջին անգամ խոսվում է (Ծննդոց 1.2-ում): Ողջ Հին Կտակարանում զգացվում է Նրա ազդեցությունը, սակայն այն ավելի ակներեւ է մեր Տիրոջ կյանքի եւ ծառայության մեջ: Վերջապես, երկինք համբարձվելուց հետո Նա Սուրբ Հոգուն ուղարկեց` որպես «մխիթարիչ» եւ «օգնական» (Հովհ. 14;26, Հռոմեացիս 8;26): Հունարենում մխիթարիչ կամ օգնական բառը նշանակում է կողքը լինելու կանչված մեկը, որ քրիստոնյայի կողքին է` որպես ուղեկից եւ ընկեր, որ Քրիստոսով հավատացյալին կամք, ուժ եւ հոգու զորություն է տալիս:
Սուրբ Հոգին նաեւ, ըստ առաքյալի, կոչվում է Աստծո Հոգի (Ա Կորնթ. 3;16), Քրիստոսի Հոգի (Հռոմ. 8:9), Կյանքի Հոգի (Հռոմ. 8:2), Ճշմարտության Հոգի (Հովհ. 16.13), Շնորհի Հոգի (Եբր. 10.29), Խոստման Հոգի (Եփես. 1.13):
Սուրբ Հոգու խորհրդանիշը. Սուրբ Մյուռոնը մեր կյանքում
Սուրբ Հոգին հայտնվեց աղավնակերպ Քրիստոսի մկրտության պահին Հորդանան գետում: Ահա, թե ինչու երբ Հայ եկեղեցին Սուրբ Մյուռոնը ընդունում է Սուրբ Հոգու խորհրդանշան, պահում է աղավնակերպ սափորի մեջ եւ թափում նրանից ջրի մեջ եւ օրհնում ջուրը: Վստահ եմ, գիտեք, թե նույն մյուռոնով օծում են հոգեւորականներին եւ կնքում երեխաներին, եկեղեցիներ, սրբանկարներ եւ այլ եկեղեցական սպասներ:
Ըստ առաքյալի` Սուրբ Հոգին եկել է Տեր Հիսուս Քրիստոսին վկայելու եւ նրան փառավորելու համար (Հովհ. 16;13-14): Ինչպես Հիսուսն էր եկել Հորը բարձրացնելու եւ հայտնելու, այնպես էլ Սուրբ Հոգին է ուղարկվել բարձրացնելու եւ փառավորելու Որդուն` Հիսուս Քրիստոսին:
Երբ մենք լցված ենք Սուրբ Հոգով, Հիսուս Քրիստոսով ենք լցված: Ուստի, երբ լցված ենք Տեր Հիսուս Քրիստոսով, մեր ուժերից շատ ավելի մեծ զորություն է արձակվում մեր մեջ եւ մեր միջոցով, ծառայության եւ նվիրյալ կյանքով ապրելու օրհնյալ կյանք ենք ունենում: Բազմաթիվ օրինակներ ունենք մեր եկեղեցու պատմության էջերում:
Մեր հոգեւոր ծննդի պահին Սուրբ Հոգին նաեւ Վերածնում է մեզ (Հովհ. 3;5-6), Գալիս է մեր մեջ բնակվելու (Ա Կորնթ. 3; 16), Կնքում է մեզ Սուրբ Հոգով (Եփես. 1;13, 4;30), Մեր ժառանգության գրավականն է` երաշխիքը, ժառանգություն, որը մի օր պիտի ստանանք (Բ Կորնթ. 5; 5), Քրիստոսի մարմնում մկրտում է մեզ (Ա Կորնթացիս 12;13, Գաղատացիս 3; 27, Հռոմ. 6;3-4), Լցնում եւ զորացնում է մեզ Իրեն ծառայության համար (Գործք 1;8):
Այս ճշմարտությունները փաստում են մեր` Քրիստոսի հետ մի լինելու իրականությունը: «Դուք իմ մեջ եք, եւ ես` ձեր մեջ» (Հովհ. 14;20):
Մենք մեր հոգու տկարությունը փոխանակում ենք նրա զորությամբ, մեղսունակությունն ու պարտությունը` նրա հաղթանակով ու փաստված հարության հրաշքով: «Երբ Սուրբ Հոգին ձեր վրա իջնի, դուք զորություն կստանաք եւ ինձ համար վկաներ կլինեք Երուսաղեմում, ողջ Հրեաստանում եւ Սամարիայում եւ մինչեւ երկրի ծայրերը» (Գործք 1:8): «Վկաներ կլինեք» նշանակում է լինել Նրա Բարի Լուրի ավետիսը տարածողներ:
Սուրբ Հոգով լցվելու աստվածաշնչյան յուրաքանչյուր տոն` թե՛ Հին Կտակարանում եւ թե՛ Նոր Կտակարանում, հարակցվում է ծառայության եւ վկայության առաքելության հետ: Այս են ուսուցանում Սուրբ Գրքով հիմնավորված Հայ Առաքելական եկեղեցու Ս. Հայրերի բոլոր առաքելական ավանդությունները` սկսած Թադեոս առաքյալից, Սուրբ Գրիգոր Լուսավորչից մինչեւ մեր օրերի հայրերը: