ինչպես են ապրում ննջեցյալների հոգիները, և կամ ինչպիսին է նրանց վիճակը, որովհետև բազում սուրբ հայրեր շատ բաներ ասացին այստեղից գնացածների մասին: և արդ, երբ ինչ-որ դիպվածից, որոգայթից, կամ էլ պես-պես ցավերից մարդ հանկարծամահ է լինում, նրա պահապան հրեշտակը վերցնում է նրա հոգին և բարձրանում երկինք, ուր համբարձվեց մեր Տերը և մեզ համար ճանապարհ հարթեց, որը նախօրօք փակել էր Ադամը: Իսկ արեգակից վերև` մինչև ջրամած կամարը, դառնագույն խավար է. այնտեղ բնակվում են չարատեսիլ դևերը: Եթե [ննջեցյալի] հոգում նրանք տեսնում են մեղքերի նշան կամ գիր, որոնք գործել տվեցին մարդուն, գալիս են ընդառաջ և ջանում են հոգին հափշտակել հրեշտակից` հույժ նեղելով նրան: Իսկ հրեշտակը թույլ է տալիս, որ փոքր-ինչ նեղեն` ասելով. «Ինչո՞վ գործեցիր դրանց կամքով», իսկ հետո սաստում է հրե գավազանով, որից հալածվում են դևերը: Հրեշտակը մեղապարտի հոգուց` ինչպես թունավոր, շարավակույտ, թարախակալած, ժանտահոտ մարմնից, գարշում է և տրտում դեմքով նայում նրան, իսկ արդարի հոգին վերցնում է ուրախ կերպարանքով և զվարթերես համբուրում նրան, ինչպես մայրը` մանկանը: Եվ հրեշտակների գնդերը ընդառաջ են գալիս: Գալիս են նաև դևերը և իրենց լիրբ չարությամբ ջանում են նեղել արդարների հոգիները, թեպետև նրանց մեջ չեն տեսնում իրենց նշանները: Բայց հրեշտակի կողմից գանահարվելով` տրտում հալածվում են: Եվ այս սոսկալի ու անծանոթ ճանապարհի նեղությունների ու տառապանքների պատճառով, որոնք պատահում են հրից և դևերի խավարից վեր գնացողներին, որովհետև ահազդու է ճանապարհը ու անընտել, Աստվածածինն արտասվելով աղոթեց և հրեշտակին, որն ավանդել էր կամենում նրա մաքուր հոգին, ասաց. «Չեմ գա քեզ հետ, մինչև չգա Նա, Ով ստեղծեց ինձ` Հիսուս Քրիստոսը, Որն ինձնից մարմնացավ»: Նաև կույս Հովհաննեսը` Քրիստոսի սիրելի աշակերտն ու սուրբ ավետարանիչը, բազում պաղատանքներով ու արտասուքով աղոթք մատուցեց Աստծուն, որ իրեն փրկի նեղ ու դառը ճանապարհից` ասելով այսպես. «Թող ընդարմանան չարի իշխանները, հալածվի հուրը, վերանա խավարը» և այլն:
Ապա վա՜յ մեզ` եղկելիներիս. ի՜նչ է վիճակվելու մեզ` մեղքերով շաղախվածներիս: Քանզի եթե սուրբերն անգամ երկնչեցին, զարհուրեցին, ինչպես դժոխքից, ու աղոթեցին Աստծուն նեղ ու դառնատեսիլ ճանապարհի համար, ապա տե՛ս, թե մեզ որքան է պետք արտասուքներով պաղատել Աստծուն:
Եվ տանելով հոգուն` երկրպագել են տալիս Աստվածության աթոռին և արդարներին քիչ հեռու են դասում մեղավորներից: Եվ նրանք Աստուծո հրամանի մեջ են` ըստ Գրքի. «Արդարների հոգիները Աստուծո ձեռքին են, և չարը չի մոտենա նրանց» (Իմաստ. Գ 1) : Թեպետ նրանք մարդկանց աչքում մեռած համարվեցին, սակայն անասելի խաղաղության մեջ են` ըստ Տիրոջ հրամանի, որ ասում է. «Մահվանից կեանք տեղափոխվեցիք» (Հովհ. ԺԷ 24) :
Եվ երբ հոգին բաժանվում է մարմնից, ինչպես չար կապանքից, յոթնապատիկ իմաստնանում ու թեթևանում է, որովհետև ազատվեց: և անհոգ է, անխռով ու աներկյուղ, զարմանալի հանգստության, խաղաղության և անզբաղ զգայության մեջ, ինչպես ասացին երանելի մանուկները, որոնք Եփեսոսում հարություն առան մեռելներից: Ուրեմն հիրավի Հովհաննես ավետարանիչը արդարի մահն առաջին հարություն կոչեց: Որովհետև նա, ով վախճանվում է հավատով ու բարի վարքով, համարվում է, թե հոգին հարություն առավ, որովհետև ազատվեց մարմնական ախտերից, թեթևացավ ու անհոգ եղավ մեղքերի ահից: Եվ այն պահին, երբ հոգին դուրս է գալիս մարմնից, գիտակցում է, որ ազատագրվեց, տեսնում է հրեշտակներին ու ճանապարհը: Նաև իմանում է, որ կան ազգեր ու նրանց [պահապան] հրեշտակներ, տեսնում ու իմանում է նաև, թե ինչ է ժառանգելու վերջին օրը, սակայն չի կարողանում իմանալ, թե ինչպես են աշխարհում կենդանի ապրողները, որովհետև չի կարող վերադառնալ աշխարհ ըստ Գրքի. «Հոգին, որը դուրս է գալիս մարմնից, այլևս չի վերադառնում» (Սաղմոս ՀԷ 39): Սուրբ հայրերի բազում քննություններից սովորեցինք, որոնք ասացին. «Աստուծո սիրելի մեծագույն ընտրյալ սուրբերից մեկն անգամ չի կարող վերադառնալ մեզ մոտ»: Իսկ Աստված, որ խոստացավ ու սիրում է նրանց, լսում է մարդկանց, որոնք սուրբերի միջոցով աղաչում են Իրեն, և փրկում նրանց սուրբերի բարեխոսությամբ: Եվ Իր ողորմությունն ու նախախնամությունը, կամ էլ հրեշտակին սուրբերի նմանությամբ երևեցնում ու, արագ հասնելով, օգնում է նրանց, ովքեր խնդրում ու աղաչում են Նրան: Աստված այս անում է ի պատիվ սուրբերի, նրանց կրած չարչարանքների համար, որոնք սիրեցին Իրեն: Եվ սա աշխարհի համար մեծագույն շահ ու օգուտ է: Թող մեզ վկա լինի սուրբ և մեծ հայրապետ Նիկողայոսը. երբ նա դեռ մարմնով ապրում էր այս աշխարհում, շատ անգամ էր երևում տարբեր երկրներում և օգնում ծովում կամ ցամաքում իրենից օգնություն հայցողներին, սակայն ինքը չէր իմանում և չէր էլ շարժվում իր բնակավայրից: Ահա՛, սիրելի՛, հայտնի է, որ Աստված նրա աղոթքներով լսում էր խնդրողներին և հրեշտակին կամ Իր նախախնամությունը նրա կերպարանքով երևեցնում ու փրկում էր նրանց: Այժմ էլ` ըստ Հովհաննեսի. «Կան սուրբերի հոգիներ, որոնք Աստուծո սեղանի հովանու ներքո են» (Հայտն. Զ 9) : Մի՛ խաբվիր, մինչև Քրիստոսի Գալուստը ո՛չ արդարները պսակ ունեն, և ո՛չ էլ մեղավորները` տանջանք, բայց կան մարդիկ, որոնք տգիտաբար ասում են, թե` ունեն: Բայց այժմ էլ սուրբերը տեսնում են այն պատիվը, որն իրենց տալու է Աստված, և պաղատում են նրան. «Տո՛ւր մեր վարձը և անօրեններից ա՛ռ մեր վրեժը»: Իսկ Աստված, ուղարկելով մխիթարության լուսազարդ պատմուճանը, ասում է նրանց. «Համբերե՛ք մի փոքր, մինչև գան ձեր ծառայակիցները, և հասնի վախճանը, որպեսզի նրանց ու ձեզ միաժամանակ պսակազարդ փառավորեմ ըստ ձեր վաստակի, որովհետև այս է Ինձ հաճելի, և Իմ ընտրյալների թիվը չի լրացել»: Եվ այս մասին ստույգ իմացավ անճառելիների տեսնող Պողոսը և ասաց. «Առաջին արդարները մեծ հավատով և հաստատուն հույսով իրենց քրտինքով վաստակեցին, սակայն չստացան ավետիս, այսինքն` հատուցում: և Աստուծո կողմից այս է, որ լավագույն է համարվում, որ առանց մեզ չհասան լրումին, այսինքն` պսակին», ինչպես որդեսեր հայրը, որն համեղ խորտիկներ է պատրաստել իր որդիների համար և չի դնում սեղանին, երբ հանդից վերադառնում են որդիներից մեկը կամ երկուսը, այլ սպասում է, մինչև բոլորը հավաքվեն, ապա միայն սեղանին է դնում անուշահամ կերակուրները բոլորի առջև:
Իսկ մեղավորները տեսնում են դառը տանջանքներ, որոնք պահված են նրանց համար, և արտասվելով` պաղատում են Աստծուն և ասում. «Մի՛ կանգնեցրու հանդիսավոր Ատյանում և մի՛ իրագործիր խորհրդավոր դատաստանը, այլ ների՛ր մեզ, Մարդասե՛ր»: Մինչ այդ արդարները ցնծում են և համարում, թե ստացել են իրենց հատուցումը, որովհետև տեսնում են բարի պսակն ու գիտեն, որ Աստված այն կտա իրենց: Մեղավորները ցավագին դողում են տանջանքների ահավոր սպառնալիքներից և չարաչար ու անմխիթար սուգով արտասվահեղ կոծում են նախքան այն ստանալը, որովհետև տեսնում են բազմակերպ տանջանքներն ու գիտեն, որ դրանք պահված են իրենց համար: Ինչպես այն թագավորը, որ երկու մշակի նետեց միևնույն բանտը և երեկոյան մարդ ուղարկեց և հայտնեց. «Առավոտյան` արեգակի ծագելուն պես, ձեզնից մեկին չարաչար կսպանեմ սրատելով, իսկ մյուսին թագավորությանս հավասար պատվի կարժանացնեմ»: Թվում է` նրանցից մեկը մինչ առավոտ մահվան ահից բազում անգամ կմեռնի և կհամարի, թե ինքը մեռած է, և մեծ ողբով կպաղատի Աստծուն, որ չծագի արեգակը, որն իրեն մահ է բերելու: Իսկ մյուսը կցնծա ողջ գիշեր, և սաստիկ խնդությունից քուն չի մերձենա նրան, և կհամարի, թե արդեն պատվի է արժանացել թագավորի հետ և պաղատանքով անընդհատ ընկնելով Աստուծո առաջ` կաղաչի, որ հալածվի գիշերվա խավարը, ու արագորեն ծագի արեգակը` բարի ավետաբերն ակնկալուող թագավորության: Ահա՛ ճշմարիտ մի օրինակ արդարների ու մեղավորների մասին:
Սակայն, ո՛վ քրիստոսասեր իշխան, նաև ա՛յս իմացիր, և ստույգ այդպե՛ս է, որովհետև կան շատ մարդիկ, ովքեր սուրբ Պատարագով և աղքատներին տրվող ողորմությամբ, ինչպես նաև սուրբերի աղաչանքներով իրենց ննջեցյալներին հանում են դժոխքից, որովհետև Աստված անոխակալ է և ողորմած և սովոր է այլոց աղերսներով փրկել ուրիշներին, ինչպես մոր աղերսներով փրկեց դստերը և բերողների հավատքով անդամալույծին բժշկելով` առողջացրեց:
Ահա՛ տեսնում ենք, որ իշխանների կամ թագավորների բանտից մահապարտներն աղաչանքներով ու փրկագնով ազատվում են: Արդ, եթե մարդ արարածը լսում է աղաչանքներն ու ողորմում է, ապա Աստված որքան ավելի է լսում աղաչանքները` [մատուցված] սուրբ Պատարագի և աղքատներին ողորմություն տալու միջոցով: Եվ քաղցր գթությամբ ողորմում է և ազատում հոգին դժոխքից ու տանջանքներից:
Դրա համար և դու, ո՛վ քրիստոսասեր իշխան, անմոռաց հիշի՛ր քո ննջեցյալներին և խնա՛մք տար նրանց ողորմությամբ ու Պատարագներով, որովհետև ննջեցյալների ակնկալությունն ու հույսն Աստված է, ինչպես և մեր, որովհետև չկա որևէ մարդ, որ կարողանա առանց մեղքի դուրս գալ այս աշխարհից: Քանի որ ննջեցյալները մինչև յոթ սերունդ մնում են` պաղատելով Աստծուն և ակնկալելով, որ իրենց ազգից հայտնվի բարի, սուրբ և ողորմած մի մարդ կամ սուրբ քահանա, որը կջանա Պատարագներով և ողորմությամբ ազատել իրենց տանջանքների սպառնալիքներից, որոնք պատրաստված են իրենց համար: Իսկ ննջեցյալների հիշատակը, որը կատարում ենք ողորմությամբ, Պատարագով և աղոթքով, հրեշտակը տանում է և դնում ննջեցյալների առաջ, որից նրանք հույժ զվարճանում և ուրախանում են: Թող մեզ վկա լինի այն մանուկը, որը մնաց Կղեմես հայրապետի գերեզմանում, և երբ ժողովուրդը կատարեց տոնը և գնաց, ծովը ծածկեց եկեղեցին ու մանկանը: Մանկան մայրը կիրակի և շաբաթ օրերին քահանային տանում էր նաշիհ, գինի և ձեթ, որպեսզի Պատարագի ժամանակ ննջեցյալների հետ միասին հիշատակի մանկանը: Իսկ մանկան պահապան հրեշտակը գալիս, քահանայի ձեռքից վերցնում էր այդ ամենը և տանում դնում երեխայի առաջ: Նա էլ վերցնելով` ուտում, խմում և բավարարվում էր այսքանով մինչև հաջորդ շաբաթ:
Բայց ննջեցյալների հիշատակը արժան չէ կատարել զրկանքներից, տուգանքից, առևտրից և կամ էլ գողությունից ստացված միջոցներով. ավելի լավ է այդպիսի բան չանել, որովհետև Աստված կբարկանա, չի ողորմի և չի ընդունի ընծան: Այլ պետք է կատարել արդար վաստակից կամ սեփական իրավացի ու արդար հասույթից, որը մուտք է գործում գավառից ու շենից: Եվ Աստված մեկին հարյուրապատիկ կպարգևի ու շատ կուրախանա, թեպետև քո ննջեցյալներն են և ոչ թե` օտար:
Քանզի գիտեմ, երբ տեղից տեղ էի շրջում մեր երկրում, հանդիպեցի բարեսեր կրոնավորների, որոնք անհիշատակ ու ընդհանուր ննջեցյալներին բազում ծախսերով հիշատակում էին Պատարագներով ու ողորմությամբ: Եվ Աստված մեծ ուրախությամբ ընդունում է այն և մեկի փոխարեն հարյուրը պարգևում: Ինչպես որ հոգին մեծ է, քան մարմինը, նմանապես էլ առավել է վարձքը նրա, ով ողորմություն է անում հոգու համար և ոչ թե մարմնի: Եվ արդ, այս իմանալով` անմոռաց հիշենք ննջեցյալներին, որքան որ մեր կարողությունն է, որովհետև Աստված ուրիշների միջոցով էլ մեզ համար կպատրաստի: և Աստված թող ծագեցնի Իր փառքի ու գիտության լույսը քո հոգում, որ հոգ տանես քո և քո ննջեցյալների հոգիների համար, նաև ատես աշխարհի վայելքներն ու սիրես Աստուծո փառքը, անմոռաց պահես քո աչքերի առջև Աստծուն ու Նրա ահազդու Ատյանը, արդարների հանգիստն ու մեղավորների տանջանքները, ինչպես նաև բարին գործես այս կյանքում և հասնես երկնքի անճառ արքայությանը Աստուծո բոլոր սիրելիների հետ քո ննջեցյալներով հանդերձ մեր Քրիստոս Աստուծո շնորհներով, Ով օրհնյալ է միշտ Հոր և Սուրբ Հոգու հետ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Հատված Վարդան Այգեկցու «Խրատներ» գրքից