Եթե մկրտությունը նորոգություն և վերածնունդ է, ինչո՞ւ ենք մկրտվելուց հետո շարունակում մեղանչել։
Մկրտությունը կյանքի նորոգություն է ըստ Սուրբ Գրքի վարդապետության (Հռոմ. Զ 4), բայց այն չի շնորհում անմեղանչականություն։ Մկրտությամբ մենք վերածնվում և նոր կյանք, նոր շնորհներ կամ մանավանդ՝ նոր բնություն ենք ստանում, ինչպես ասում է առաքյալը. «….ըստ Իր ողորմության Նա փրկեց մեզ՝ վերստին ծննդյան լվացման (Ավազանի) և Սուրբ Հոգուն որոգության միջոցով» (Տիտ. Գ 5)։ Այս նոր բնությունն ունի հոգևոր կյանքով ապրելու կարողունակություն և զորություն։ Սակայն քանի դեռ մարմնի մեջ ենք, անմեղանչական չենք։ Այստեղ մենք փորձվում ենք, դեռևս ունենք բարին կամ չարը գործելու ազատություն, որովհետև մկրտության ժամանակ մեր ընդունած նորոգության շնորհը չի ոչնչացնում ազատության շնորհը, որով օժտվել ենք Աստծո պատկերի համաձայն ստեղծված լինելով։ Ահա թե ինչու առաքինի մարդը կարող է օրը յոթ անգամ ընկնել և դարձյալ վեր կենալ։ Մենք անմեղանչականություն և արդարության պսակը կընդունենք գալիք կյանքում, ինչպես ասում էր Պողոս առաքյալը, երբ հասել էր իր ժամանակը. «Այսուհետև սպասում է ինձ արդարության պսակը, որը Տերը՝ արդար Դատավորը, ինձ կտաայն օրը» (Բ Տիմ. Դ 8)։
Արդյո՞ք մկրտությունը զորություն ունի, եթե խորհրդակատար քահանան վատ վարքի տեր է։
Մկրտության ժամանակ մեր ընդունած շնորհներն Աստծուց են և ոչ թե հոգևորականից, ով Տվիչ Տիրոջ սպասավորն է միայն։ Շնորհների աղբյուրն Աստծո ճշմարիտ խոստումներն են և ոչ թե հոգևորականի վարքը։
Հոգևորականը նման է այն փոստատարին, ով ուրախալի նամակ է քեզ հասցնում. նա վայելչատես է, թե տգեղ, չի կարող ազդել ուրախալի նամակի վրա։
Հոգևորականը կարող է համեմատվել նաև պարտիզպանի հետ, ով սերմ է ցանում հողի մեջ, որպեսզի պտուղ տա։ Նա մեղավոր մեկն է, թե առաքինի, նշանակություն չունի. կարևորը սերմն է և նրանում եղած կյանքի զորությունը և ոչ թե սերմնացանի ձեռքերը։
Դու կարող ես ջուր խմել ոսկյա կամ պղնձյա գավաթից, սակայն ջուրը կմնա նույնը, անկախ գործածածդ գավաթի տեսակից։
Ինչ վերաբերում է մկրտությանը և նրա ներգործականությանը, մեր դատողություններում մենք պիտի քննարկենք վարդապետությունն առարկայապես՝ չշոշափելով որևէ թեմա, որը կարող է մղել դատելու ուրիշներին և արհամարհելու այն պարգևները, որոնք Աստված մկրտության միջոցով շնորհել է մարդ էակներին ըստ Ավետարանում գրված Իր ճշմարիտ խոսքերի։
Իսկ ինչպե՞ս փրկվեց ավազակն առանց մկրտված լինելու։
Ավազակն ընդունեց լավագո՛ւյն մկրտությունը, որին ամենքս էլ ձգտում ենք։ Որովհետև ի՞նչ է մկրտությունը, եթե ոչ Քրիստոսի հետ մեռնել, ինչպես բացատրում է Պողոս առաքյալը Հռոմեացիներին ուղղված թղթի Զ գլխում։ Խաչված ավազակն իրապե՛ս մեռավ Քրիստոսի հետ, և այդպիսով նրա մահը դարձավ մկրտություն։ Նմանատիպ մկրտություն է նաև այն մարտիրոսների արյամբ մկրտությունը, ովքեր հալածանքների ժամանակ հավատացին Տեր Հիսուս Քրիստոսին և սպանվեցին՝ չհասցնելով ջրով մկրտության շնորհն ընդունել։ Նրանց մահը եղավ մկրտություն, քանի որ մեռան Քրիստոսի հետ, ինչպես այդ ավազակը։
Եթե մկրտությունն այդքան կարևոր է, ինչո՞ւ Պողոս ու Շիղա առաքյալներն ասացին Փիլիպպուսի բանտապետին. «Հավատա՛ Տեր Հիսուս Քրիստոսին, և կփրկվեք» (Գործք ԺԶ 31) և ոչ թե՝ «Հավատա՛ և մկրտվի՛ր»։ Մի՞թե սա վկայություն չէ, որ հավատը բավական է փրկության համար։
Երկու առաքյալները խոսում էին անհավատի հետ։ Ինչ էլ որ նա արած լիներ, չէր կարող փրկվել առանց հավատի։ Հետևաբար առաքյալներն առաջին հերթին պետք է նրան մղեին հավատալու, որպեսզի նա կարողանար փրկվել, այնուհետև պիտի բացատրեին անհրաժեշտ պարագաները։ Ահա թե ինչու հետևյալ երկու իրողությունները տեղի ունեցան նրան այդ խոսքն ասելուց հետո։
ա) «Աստծո խոսքը պատմեցին նրան և նրա տանը գտնվող բոլոր անձանց» (Գործք ԺԶ 32)։
բ) Եվ «անմիջապես մկրտվեցին նա և նրա ամբողջ ընտանիքը» (Գործք ԺԶ 33)։
Ուստի պետք չէ վերցնել միայն մեկ համար՝ մոռանալով նույն նյութին վերաբերող մնացած համարները։ Փիլիպպուսի բանտապետի հավատալու մասին նշող համարի կողքին պետք է դնենք նաև նրա մկրտությունը նշող համարը. առաքյալների «Հավատա…. և կփրկվեք» խոսքի կողքին՝ հենց Տիրոջ խոսքը. «Ով հավատա և մկրտվի, կփրկվի» (Մարկ. ԺԶ 16), այլև այն բոլոր համարները, որոնք վերաբերում են մկրտության միջոցով փրկությանը, ինչպես Ա Պետ.Գ 21-ն ու Տիտ. Գ 5-ը։
Եթե մկրտությունն անհրաժեշտ է, արդյո՞ք Հին Կտակարանի մարգարեները մկրտված էին։
Եթե նրանց օրոք մկրտության պատվիրանը գոյություն ունենար, նրանք կմկրտվեին, սակայն այս պատվիրանը հաստատվել է միայն քրիստոնեության մեջ։ Պատճառն այն է, որ մկրտությունը Քրիստոսի հետ մեռնել է նշանակում, իսկ Քրիստոսը դեռ չէր մեռել հինկտակարանյան ժամանակներում։
Այնուամենայնիվ, Հին Ուխտի մարգարեները իբրև մկրտության խորհուրդ կատարեցին այն, ինչ կարող էին իրենց ժամանակ՝ թլփատությունը և Կարմիր ծովով անցումը։ Նրանք նաև նշում էին Զատիկը՝ գառի զոհաբերմամբ, որը խորհուրդն ուներ Քրիստոսի արյան։ Մենք չենք կարող սպասել, որ մարդիկ գործադրեին մի պատվիրան, որը գոյություն չուներ իրենց ժամանակ։
Մի՞թե փրկությունը ձեռք չի բերվում խոսքի և ոչ թե ջրի միջոցով։
Մի՞թե Եկեղեցու մասին առաքյալի խոսքը՝ «Որպեսզի սրբի նրան՝ խոսքի միջոցով մաքրելով ջրով լվացմամբ» (Եփես. Ե 26), չի նշանակում, որ մաքրվելը, այսինքն՝ փրկությունը, խոսքի միջոցով է։ Իսկ ի՞նչ ասել մյուս համարների մասին, որոնք նշում են փրկության համար խոսքի անհրաժեշտությունը, ինչպես՝ «Վերստին ծնված լինելով ոչ թե ապականության սերմից, այլ անապականից՝ Աստծո կենդանի և մշտնջենական խոսքով» (Ա Պետ.Ա 23), և՝ «Կամենալով ծնեց մեզ ճշմարտության խոսքով» (Հակ. Ա 18), որոնք չեն ասում՝ «վերստին ծնված լինելով…. մկրտության միջոցով» կամ «փրկեց մեզ մկրտության միջոցով»։
Ուրեմն ո՞րն է փրկության համար ջրի կարևորությունը։ Քանի որ Տերն ասում է. «Ով հավատա և մկրտվի, կփրկվի»,ապա փրկությունը ձեռք է բերվում այս ձևով։ Բայց «Ով հավատա» արտահայտությանը պետք է նախորդի ուսուցումը կամ քարոզությունը, որովհետև առաքյալն ասում է. «Ինչպե՞ս կհավատան Նրան, ում մասին չլսեցին, կամ ինչպե՞ս կլսեն առանց մեկի քարոզության» (Հռոմ. Ժ 14)։ Հետևաբար խոսքը կարևոր է։
Առաջինը լինում է խոսքը, որը հավատ է ծնում, ապա հավատալուց հետո մկրտությունն է իրականացվում, որն էլ փրկություն ու վերածնունդ է շնորհում։ Թեպետ փրկությունն ու կյանքի նորոգությունը մկրտությամբ են տրվում, սակայն խոսքը պետք է նախորդի, քանի որ դա է առաջնորդում դեպի հավատ, և հավատն էլ՝ դեպի մկրտություն։ Ուստի առաքյալն ասում է. «….ծնեց մեզ ճշմարտության խոսքով» և՝ «վերստին ծնված լինելով…. Աստծո կենդանի ևմշտնջենական խոսքով», որովհետև «խոսքն» է աղբյուրն այս ամենի։
Իսկ Եկեղեցու մասին առաքյալի խոսքը՝ «Որպեսզի սրբի նրան՝ խոսքի միջոցով մաքրելով ջրով լվացմամբ» (Եփես. Ե 26), նշանակում է, որ մաքրությունն իրականանում է մկրտությամբ (ջրի լվացմամբ), խոսքի միջոցով կամ արդյունքում, այսինքն՝ քարոզության և խոսքի սպասավորության, որոնք ծնում են հավատ, ապա մկրտություն։
Այստեղ մենք տեսնում ենք, որ առաքյալն ասում է՝ «խոսքի միջոցով մաքրելով ջրով լվացմամբ» և ոչ թե՝ «ջրով լվացմամբ, որը խոսքն է»։ Եթե ջրով լվացումը խոսքի նշանակությունն ունենար, ապա այս կրկնության կարիքը չէր լինի։ Սակայն «խոսքի միջոցով մաքրելը ջրով լվացմամբ» նշանակում է ջրով լվացում, որը տեղի է ունենում խոսքի ներործության հետևանքով։ Առանց խոսքի և նրա ներգործության մարդիկ չէին գա ջրով լվացվելու, այսինքն՝ մկրտվելու։
Մենք տեսնում ենք նաև, որ հետևյալ արտահայտություններում չի նշվում հավատալու մասին՝ «Վերստին ծնված լինելով ոչթե ապականության սերմից, այլ անապականից՝ Աստծո կենդանի և մշտնջենական խոսքով» (Ա Պետ. Ա 23), և՝ «Կամենալով ծնեց մեզ ճշմարտության խոսքով» (Հակ. Ա 18), բայց մի՞թե սա նշանակում է, թե խոսքն առանց հավատի բավարար է վերստին ծննդյան համար։ Սա անհնար է։ Հավատալու մասին չի նշված, քանի որ նրա իմաստը հասկացվում է։
Կարիք չկա ամեն առիթով կրկնելու այն բառերը, որոնց իմաստները հասկացվում են։ Մենք չենք կարող ամեն առիթով կրկնել «խոսք», «հավատ», «մկրտություն», «վերածնունդ» բառերը։
Քարոզությունն իր կարևորությունն ունի. ոչ ոք չի կարող ժխտել խոսքի սպասավորության կարևորությունը։ Այնուամենայնիվ, մենք բնավ չենք կարող ասել, թե ինչ-որ անձինք կարող են «ծնվել ճշմարտության խոսքով»՝ անկախ նրանից՝ հավատում են, թե ոչ։ Սա վերաբերում է նաև մկրտությանը։ «Խոսքի միջոցով մաքրել ջրով լվացմամբ» արտահայտությունը երկու բան է ցույց տալիս՝ խոսք և մկրտություն։ Եվ «հավատ» բառը չի նշված, քանի որ այն հասկացվում է։
Բողոքականները շարունակ կենտրոնանում են հավատի պարագայի վրա։ Արդյո՞ք «հավատ» բառի բացակայությունը Եփես. Ե 26, Հակ. Ա 18 և Ա Պետ. Ա 23 համարներում նշանակում է, որ այն կարևոր կամ անհրաժեշտ չէ։ Անշո՛ւշտ ոչ։ Հաճախ բառի բացակայությունը ոչ թե դրա անկարևորությունն է ցույց տալիս, այլ որ դրա իմաստն ակնհայտ է, ինչպես «մկրտություն» բառի պարագայում։
Ո՞րն է ջրի անհրաժեշտությունը փրկության և վերստի ն ծննդյան համար։
ա) Թեև «ջուր» բառը չի նշված հետևյալ արտահայտություններում՝ «…. ծնեց մեզ ճշմարտության խոսքով» և «վերստին ծնված լինելով…. Աստծո կենդանի և մշտնջենական խոսքով», սակայնայն հստակ նշվում է Տիրոջ խոսքում՝ «Եթե մեկը չծնվի ջրից և Հոգուց, չի կարող մտնել երկնքի արքայություն» (Հովհ. Գ 5)։ Ջրից ծնունդը հստակ երևում է այս համարում, և խոսվում է իրակա՛ն ջրի և ոչ թե խորհրդանշականի (սիմվոլիկ) մասին։
բ) Սա երևում է նաև, երբ Կոռնելիոսն ու նրա հետ եղած հեթանոսներն ընդունում են հավատքն ու միանում Եկեղեցուն։ Այդ արդար մարդիկ Աստծուց էին հավատքի կանչվել. հրեշտակը հայտնվում է Կոռնելիոսին, և Պետրոսը տեսիլք է տեսնում ու լսում Աստծո հրամանը։ Ապա Պետրոսը քարոզում է նրանց Աստծո խոսքը, Սուրբ Հոգին իջնում է բոլոր նրանց վրա, որ լսում են խոսքը (Գործք ԺԱ 1), և նրանք սկսում են լեզուներով խոսել։
Արդյո՞ք դա բավական էր նրանց վերստին ծննդյան համար։ Կարո՞ղ էր ս. Պետրոսը նրանց ասել. «Օրհնյալ է ձեր այս վերածնունդը»։ Ո՛չ, այսպես չեղավ։ Պետրոսը նրանց ասաց. «Մի՞թե կարող է մեկն արգելել ջուրը, որ չմկրտ վեն սրանք, ովքեր Սուրբ Հոգին ստացան, ինչպես մենք»։ Եվ նա հրամայեց նրանց մկրտվել Հիսուս Քրիստոսի անունով» (Գործք Ժ 47, 48)։ «Գործք առաքելոց»-ի հեղինակն անմիջապես հետո բացատրում է՝ ասելով. «….հեթանոսներն էլ են ընդունել Աստծո խոսքը» (Գործք ԺԱ 11)։ Հետևաբար ջուրը պահանջվում է խոսքին զուգընթաց, և ոչ թե «ջուր» բառը «խոսք» է նշանակում, ինչպես որոշներ այն մեկնաբանում են Եփեսացիներին ուղղված թղթի Ե 26 համարում։
գ) Ջրի կարևորության մեկ ուրիշ հստակ օրինակ է եթովպացի ներքինու մկրտությունը։ Երբ նա հավատաց, Սուրբ Գիրքն ասում է, որ «նրանք գնում էին ճանապարհով, եկան ինչ-որ ջրի մոտ, և ներքինին ասաց. «Ահա ջուր. ի՞նչն է արգելում ինձ մկրտվել»։ Փիլիպպոսն ասաց. «Եթե ամբողջ սրտով հավատում ես, կարող ես»։ Պատասխանեց. «Հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսն է Աստծո Որդին»։ Հրամայեց կառքը կանգնեցնել, և երկուսն էլ իջան ջրիմեջ՝ Փիլիպպոսն ու ներքինին, և Փիլիպպոսը մկրտեց նրան» (Գործք. Ը 36-38)։ Սա ջրով ճիշտ նույնպիսի մկրտություն էր, ինչ Կոռնելիոսինն ու նրա մարդկանցը. իրական ջրով մկրտությունն անհրաժեշտ էր անմիջապես խոսքի քարոզությունից հետո, և այդ ջուրը խոսք չէր։ Եթե ներքինին կարողանար ծնվել և մաքրվել խոսքով, այլևս ինչո՞ւ պիտի ջրի կարիք լիներ։
Հատված՝ «Շենուդա Պատրիարք. Համեմատական աստվածաբանություն» գրքից: