Մեղքերի մասին, թե որոնք են եւ որքան

 Եվ որովհետև աստվածային Գրքերից փոքր-ինչ իմացանք դժոխքի դառնության ու չար տանջանքների մասին, որոնք անպատմելի են ու հավիտենական, հասավ ժամանակը, ո՛վ քրիստոսասեր և վսեմախոհ իշխան, երբ հարկ է քննել նաև այն, թե որոնք են անօրենությունները, կամ թե որքան են չար մեղքերը, որ գործվում են աշխարհում անօրեն սատանայի դրդմամբ, որ մեղք գործողներին արժանացնում է անվերջանալի տանջանքների:

 Արդ, առաջին չարն ու մեղքը ճշմարտապես սատանան է, նա է պատճառը բոլոր մեղքերի և անօրենությունների, որոնք գործվում են աշխարհում: Նա, ինչպես նրա ընկերները, որոնք Աստուծո մոտ են և փառաբանում են Նրան ըստ Նրա կամքի, Աստուծո կողմից բարի ստեղծվեցին: Բայց սատանան անձնիշխան կամքով, որն ուներ, ինքնակամ հոժարությամբ չար դարձավ: Ոչ թե չարը նրան բռնադատեց, և կամ մի այլ տեղից մտավ նրա մեջ, այլ ինքն իրենից բուսեցրեց չարը և ծնող դարձավ բոլոր չար մեղքերին, որոնք գործվում են աշխարհում: Քանզի չարը չունի որևէ էություն կամ գոյություն, որովհետև ստեղծված չէ Արարչի կողմից:

 Աստվածային Գրքերը վկայում են, որ Աստված ամեն բան շատ բարի ստեղծեց (Ծննդ. Ա 31): Եվ դարձյալ` «Աստված չստեղծեց մահը» (Իմաստ. Ա 13), այլ բանսարկվի պատրանքներով մեղքը մտավ աշխարհ, իսկ մեղքի միջոցով էլ` մահը: Ինչպես խավարը` տարերքների ստվերը, ստեղծված չէ և չունի էություն, այլ արեգակի լույսի պակասից է գալիս և լույսի երևալով` փախչում է և անհայտանում, որովհետև չունի էություն, և կամ ինչպես անպատուհան տունը խավար է, բայց լուսամուտ բացելուն պես խավարը հեռանում է և աներևույթ դառնում, այնպես էլ իմացիր, սիրելի՛դ Աստուծո, որ երբ հեռանում է բարին, գալիս է չար մեղքն ու նստում է այնտեղ, սակայն բարու գալուն պես հալածվում են չարն ու մեղքը: Այդպես էլ արեց սատանան. կամովին հեռացրեց բարին ու խոնարհությունն իր մտքից, և նախ եկավ չար հպարտությունն ու նստեց նրա չար սրտում, և նա դարձավ ինքնակամ չար: Խորանի մեջ սերովբեներից հետո էր նա և հպարտությամբ ասաց. «Ինձնից ցածր բոլոր դասերը պետք է փառաբանություն մատուցեն ինձ, և ապա ես` Աստծուն»: Նա մարմին չուներ, որ ծածկեր այս չար խորհուրդը, որը բուսեց նրա մեջ (ի տարբերություն մեզ, որ շատ խորհուրդներ ունենք մեր սրտերում, բայց մեր ընկերները չգիտեն այդ մասին), և սերովբեները նայեցին ու տեսան նրա սրտի մեջ բուսած այս չարիքը, որովհետև երևում էր, ինչպես սառույցի կամ ապակու մեջ կողմնակի իրը: Եվ մեծ զորությամբ ձայն տալով միմյանց` անթիվ բազմությամբ կուտակվեցին նրա վրա, հրեղեն ահազդու սերովբեները ահեղահրաշ աստվածային մուրճերով խփեցին նրան ու նրա դասակիցներին, որոնք կրում էին նրա խորհուրդները, և երկիր շպրտեցին նրանց: Եվ երկնային զորքերը գոչեցին. «Վա՜յ երկրի վրա բնակվողներին, որովհետև ձեզ մոտ ընկավ չար վիշապը ` մեր եղբայրների թշնամին ու չարախոսը» (Հայտն. ԺԲ 9), ինչպես պատմում է Հովհաննես ավետարանիչը: Այս պատճառով է ողբում սուրբ մարգարեն` Աստուծո անունից այսպես ասելով. «Ինչպես աջ ձեռքի մատանի և դրախտի պսակ ստեղծեցի քեզ: Դու անարատ գնացիր Իմ աջ կողմում, մինչև գտավ քեզ քո իսկ չարությունը: Դրա համար էլ երկիր շպրտեցի քեզ» (Ա Եզեկել. ԻԸ 17): Ինչպես ասացինք, նա է պատճառն ու սկիզբը բոլոր չարիքների և դժոխքի: Այս պատճառով էլ բոլոր սուրբերը կոչեցին նրան չարիք, մեղք, անօրենություն, մահ, ապականություն, դժոխք, կորուստ, նաև շուն` լրբության, առյուծ` չարաչար պատառոտելու, զվարակ` խփելու պատճառով և վիշապ, որովհետև մեղքը հեշտությամբ է մոտեցնում մարդուն, տզրուկ կոչեցին նրան, որովհետև չի հագենում մեղքերից, որոնք գործվում են աշխարհում, և չի ասում. «Բավականացա և հագեցա»: Նաև լեռ կոչեցին նրան մեծագույն չարիքների պատճառով, որոնք հաստատված են նրա սրտում: Եվ այլ չար անուններ տվեցին, որովհետև անասելի է նրա չարությունը, և լեզուն չի կարող պատմել նրա անորինությունները: Եթե նա կարողություն ունենար, կամ եթե Աստված թույլ տար, նա չարությամբ, որ միայն ինքն ունի, մի օրում կապականեր և կկործաներ բոլոր արարածներին:

 Արդ, առաջին չարիքը հպարտությունն է, որը բուսեց Սադայելի ներսում, որով կործանվեց սատանան: Հպարտության միջոցով կործանեց նաև Ադամին ու Եվային, որովհետև հպարտացրեց Եվային, որն էլ կամեցավ աստվածանալ, և գրգռեց նրան ընդդեմ Աստուծո: Նմանապես կկործանվի նա, ով կհպարտանա իր եղբոր վրա:

 Բայց դու, ո՛վ մարդու որդի, նայի՛ր քեզ և իմացի՛ր, որ թարախախառն շարավ ես, ժահահոտ աղբի աման ես, գարշելի և գեճ ախտի բնակարան ես, զազրելի մեղքերի անոթ ես, ընդունակ ես ցավերի, հիվանդությունների և բազում վշտերի, մահվան ու ապականության կերակուր ես, ինչո՞վ ես հպարտանում, ի՞նչ պատճառով ես փքվում, ինչի՞ համար ես պարանոցդ շարժում ախտակից եղբորդ վրա և արհամարհանքով վեր բարձրացնում հոնքդ: Ինչո՞վ չես նայում գերեզմանին ու չես տեսնում քո եղբայրների, իշխանների ու թագավորների փտած ոսկորները, թե ինչ են և կամ ինչպիսին, ո՞ւր է նրանց փառքը…

 Արդ, կան երեք եղբայրներ` շատ սիրով կապված միմյանց` սատանան, Հուդան և Մուհամեդը: Մեկը` հպարտ, որի պատճառով ընկավ փառքից, եկավ Եվայի մոտ և ասաց նրան. «Եթե ուտես այս պտղից, կաստվածանաս» (Ծննդ Գ 5), և այս ասելիս հպարտություն սերմանեց նրա սրտի մեջ, և ևան խորհեց ուտել և Աստծուց առավել բարձրանալ: Եվ վերցնելով` կերավ, չարաչար կործանվեց և հեռացավ Աստծուց: Նոյն հպարտությունը չարը սերմանեց Ադամի որդիների մտքի մեջ: և ամեն ոք, ով հպարտանում է, հույժ հեռանում է Աստծուց, ինչպես իր մայր Եվան:

 Մյուսն արծաթասեր, գող ու ագահ էր, որով էլ մատնեց մեր Տիրոջն ու խաչի վրա մահվան դատապարտեց մեր Կենարարին, իսկ ինքը դարձավ կորստյան որդի, որովհետև խեղդամահ լինելով` պատռվեց, և նրա փորոտիքը թափվեց: և Ադամի բոլոր  ծնունդները գոչում և նզովում են նրա չար հիշատակը:

 Իսկ մյուսը` արվամոլ, որը Սոդոմի դժնդակ այգուց խմեց գինին, այն այգուց, որը տնկել էր սատանան: Ինքն արբած թմրեց և խմեցրեց այն կամազուրկ ազգերին, որոնց դուրս բերեց կռապաշտությունից, բայց չհասցրեց նրանց առ Աստված: Ինքը դառնապես կորավ և չարաչար խեղդեց նաև նրանց:

 Եվ դարձյալ` հպարտության եղբայրներն են ամբարտավանությունը, ամբարհավաճությունը, փառասիրությունը, կեղծավորությունը, մարդահաճությունը և սնափառությունը: Սրանք միմյանց ազգակից ու գործակից են, համասնունդ եղբայրներ ու սատանահի ծնունդներ և դյուրությամբ կործանում են մեծ գիտնականներին, ուր մնաց թե` տգետներին ու հասարակ ժողովրդին: Եվ սրանց սկիզբն ու հայրը հպարտությունն է, որովհետև միանման է սրանց գործունեությունը: Քանզի հպարտն ասում է. «Ինձ հետ համեմատած` ամեն ոք անասուն է»: Եվ ետ է տանում պարանոցը, վեր բարձրացնում հոնքը արտևանունքների հետ միասին և միշտ դիվանման` ցանկանում է երևելի [լինել] մարդկանց աչքում: Բայց կանայք ավելի շատ են խաբվում հպարտության ախտից, ինչպես նրանց մայրն ու պատկերը` Եվան, առաջինը խաբվեց. որովհետև հայելու մեջ տեսնում են իրենց գեղեցիկ պատկերն ու զգեստների պայծառ զարդերը, մտովի բարձրացնում են [իրենց անձը], ինչպես լեռ, բայց ընկնելով` կործանվում են իրենց մայր Եվայի պես. Կայենի դուստրերից մեկը սովորեցրեց, և նրանք զարդարեցին ու պճնեցին իրենց դուստրերին դևի պես: Այս տեսնելով` Աստուծո որդիները, որոնք Սեթի զավակներն էին, տռփանքով վավաշոտ ախտով լցվեցին, խառնակվեցին Կայենի դուստրերի հետ, և Տիրոջ Հոգին հեռացավ նրանցից: Սրա մասին է Գիրքն ասում. «Աստուծո որդիները խառնակվեցին մարդկանց դուստրերի հետ» (Ծննդ. Զ 2): Մինչդեռ ոմանք սխալ հասկացան այս և տգիտաբար կարծեցին, թե աստվածային Գիրքը հրեշտակների մասին ասաց:

 Կանայք այստեղից սովորեցին պճնել իրենց ու իրենց դուստրերին` [կորստյան] պատճառ դառնալով բոլոր իրենց նայողներին, որովհետև ներկում ու փայլեցնում են իրենց երեսներն ու սևադեղով կամարաձև գծում հոնքերը, մի այլ ծիրանափայլ սևադեղով զարդարում են աչքերը, խորշելի գիսակներով ու թանկարժեք ծամկալներով շքեղացնում են գլուխներն ու ոսկյայ կամ արծաթեա շղթաներով զարդարում ոտքերը, ձեռքերն ու ականջները, չար ծառայի կերպարանք են տալիս իրենց անձին, պես-պես գունավոր կերպասներով պաճուճում են իրենց ողջ մարմինը և անպատկառ [տեսք ստանալով]` դառնում են դիվանման` ի կորուստ իրենց տեսնողների: Այդպես կործանեց Հերովդեսին ու նրա բազմած իշխաններին Հերովդիայի դիվակերպ դուստրը: Այդպես զարդարված կինը հայտնապես ասում է Աստծուն. «Ո՛վ Աստված, որ բազմած հանգստանում ես երկինքների երկնքում, Դու չկարողացար ինձ գեղեցիկ և մարդկանց հաճելի ստեղծել ու զարդարել, դրա համար ես ջանացի և հակառակ Քեզ արարչագործեցի ու զարդարեցի իմ պատկերն ու անձը»: Ամեն ոք թող իմանա այս, որ կնոջ մտքում եղած չար ու պիղծ խորհուրդները, նրա սրտում թաքնված չարիքը տեսնողներին հայտնի են դառնում նրա զգեստից ու տեսքից: Վա՜յ այն կնոջ սատանայական մտքերին, որն առաջինը սովորեցրեց կանանց զարդարվել, որովհետև սատանան իսկապես խառնվեց նրա մտքին: Ամեն մի զարդասեր կին կամակատարն է սատանայի և երկսայրի սուր է նրա ձեռքին: Քանզի տեսնելով կանանց` տղամարդիկ բնականորեն շարժվում են, որովհետև ստեղծված են նրանց արյունից ու անձից: Յոթնապատիկ խաբվում ու կործանվում են, երբ տեսնում են նրանց արտաքին զարդարանքը: Ամեն մի այր մեղանչում է, երբ տեսնում է կանանց զարդարանքը. Աստված այդ մեղքը կիտելու է կնոջ գլխին, որ զարդարվեց ու մեղքով կործանեց տղամարդուն: Եսային դրա համար իրավացիորեն նախատում է զարդարվող կանանց և ասում նրանց. «Ձեր պես-պես և պայծառակերպ կերպ ասեղեն զարդերի փոխարեն փոշի կհագնեք և կամաչեք հավիտեան»(Ես. Գ 16-26): Առաքյալը դրա համար է խրատում նրանց ու ասում. «Խոնարհութեա՛մբ զարդարեցեք ձեր անձերը, կանա՛յք, սրբութեամբ և պարկեշտութեամբ, որպեսզի Աստված հավանի ձեզ և բնակվի ձեր հոգում: Եղե՛ք տնարար, որդեսեր, ամուսնուն սիրող, հանդարտ ու աղոթասեր» (Ա Տիմ Բ 3), որովհետև զարդարվելը պոռնիկի գործ է և ոչ նրա, ով արդար և սուրբ անկողնով ծնում է մանուկներ:

 Առաքյալը գրում է նաև. «Կանայք պիտի ապրեն որդեծնության համար» (Ա Տիմ. Բ 14-15): Քանզի առաջին սուրբ կանանց հետ Աստված պիտի դասի այն կնոջը, որը զարդասեր չէ և որդիներ է ծնում արդար և պարկեշտ անկողնով, որի մյուս գործերն էլ բարի են: Եվ եթե կանանց սեռը ուշքի գար և միշտ պարկեշտ լիներ, տե՛ս, թե ի՜նչ անպատմելի երանության և մեծ խնդության կարժանանար, որովհետև կույս Մարիամ Աստվածածինը հայտնվեց նրանց սեռից, կուսությամբ ծնեց բոլորի Արարչին, և կուսությունը մնաց անխախտելի, քանի որ Աստված ծնվեց մարմնով, և կանացի ազգը հատուցեց տղամարդկանց ազգին և հավասարվեց նրանց, որովհետև առաջին տղամարդը` Ադամը, առանց կնոջ, կուսութեամբ ծնեց ողջ մարդկության մայր Եվային, իսկ ամենասուրբ կույս Մարիամն առանց տղամարդու ծնեց կատարյալ Մարդուն` բոլորի Աստծուն:

 Ամբարտավանն ասում է. «Մարդկանցից ո՞վ է իմ ընկերը, և կամ ո՞վ կարող է ինձ հավասարվել կամ բարձրանալ ինձնից առավել»` այն, ինչ ասաց սրա անզգամ հայր հպարտությունը:

 Ամբարտավանն իր մտքում ասում է. «Ինչ որ ասում ու գործում եմ, ա՛յն է ճիշտը», և հպարտությամբ է նայում իր թե՛ հոգևոր և թե՛ մարմնավոր գործերին և շատ է հավանում դրանք: Իսկ այլոց խոսքերն ու գործերը չի համարում, թե մի բան են:

 Փառասերն ատում է Աստուծո փառքը և սիրում է աշխարհի փառքը: Աստուծո մասին բնավ չի խորհում, չի խոսում, իսկ Նրա արքայությանն [արժանանալու] համար [ոչինչ] չի անում: Այլ խորհում, խոսում և անում է այն, որով մարդիկ կգովեն և կփառավորեն իրեն, և ուրախանում է նրանց սուտ գովաբանությամբ:

 Գալիս և սրանց է միանում կեղծավորությունը, որովհետև կեղծավորը ջանում ու միշտ ծածկում է իր մեղքերը և մարդկանց աչքին ներկայանում որպես բարեգործ, պահեցող, աղոթասեր, ողորմած, բայց նրա միտքը ուղղված չէ Աստծուն ու Նրա բարի հատուցմանը, այլ միայն մարդկանց, որոնք կգովեն իրեն: Հիրավի մեր Տերն ասաց. «Այդ է նրանց գործերի հատուցում» (Մատթ. ԺԶ 27): Ահա՛ վնասակար գայլը, որը, ըստ Տիրոջ խոսքի, ծածկել է իրեն գառան մորթով:

 Սրա եղբայրն ու շատ սիրելի գործընկերը մարդահաճությունն է, որովհետև մարդահաճը լսողների ցանկությամբ և կամքով է խոսում ու գործում: և երբ գալիս է ժամանակը` խոսելու Աստուծո իրավունքների մասին, ջանում է թյուրությամբ ու փափկությամբ հաճելի լինել լսողներին: և տրտմեցնում է Աստծուն, որովհետև դուրս է գալիս Նրա կամքից, որովհետև չի ընդունում, թե իր առջև է Աստված: Հիրավի է ասում առաքյալը. «Եթե հաճոյանայի մարդկանց, ապա Քրիստոսին ծառա չէի լինի» (Գաղ Ա 10):

 Սրան միանում է նաև նորափառությունը, որովհետև այդպիսին կեղծավորում ու մարդահաճո է դառնում և հույժ հեռանում Աստծուց: Նա ջանում է, որ միշտ, ամեն խոսքում ու գործում նորից ու նորից գովեն և փառավորեն իրեն իբրև Աստված, իսկ ինքը ցնծում է` ավելի ու ավելի հղփանալով սուտ գովաբանություններից, ինչպես Փրկիչն է ասում. «Մարդկանցից տրված փառքն ավելի սիրեցին, քան Աստծուց տրված փառքը» (Հովհ. ԺԲ 43):

 Դարձյալ` սրանց մերձավոր ու միախորհուրդ է սնափառությունը, որովհետև սնափառը միշտ ջանում է կերպասներով պաճուճել ու ցոփ հանդերձներով հարդարել իր անձն ու տունը: Իսկ հոգին` Աստուծո պատկերակցին, չի կամենում զարդարել բարեգործությամբ, այլ աշխարհի սին ու սուտ փառքով: Միշտ կամենում է երևելի լինել մարդկանց և ոչ թե Աստծու [աչքում]: Եվ ջանում է նույնությամբ, ինչպես վերը նշեցինք, որ մարդիկ իրեն գովեն և ստելով ասեն. «Դու ես, և քոնն է», ինչ որ ինքը չէ և չունի: Սիրում է սին փառքը և ատում ճշմարիտը:

 Եվ ստությունը գալով` միանում է վերը նշված չարիքներին, քանզի սրանք բոլորը եղբայրներ են` ծնված հպարտությունից: Քանզի մարդը, որի խոսքերն ու գործերը ամբողջովին սուտ են, փառամոլ հպարտությամբ ամբողջ զորությամբ ջանում է արդար և իրավացի երևալ մարդկանց, որ գովեն իրեն: Եվ միշտ սուտ է խոսում խոսքի բոլոր կերպերում, պարծենում է ստությամբ, և ճշմարտություն չկա նրա սրտում, որովհետև սուտ է նրա հայրը, որ եկավ մեր մայր Եվայի մոտ և, ստությամբ խաբելով, կործանեց նրան: Եվ ըստ Գրքի` «Տերը կործանում է նրանց, ովքեր սուտ են խոսում»(Սաղ. Ե 7), և նրան, ով թյուրում ու հեգնում է ամեն խոսք և ուղիղ չի ասում խոսքի միտքը, նաև նրան, ով նենգում ու գողանում է ընկերոջ միտքը և խոսեցնում է, ինչ որ կար մտքում: Քանզի Կիպրիանոսն ասում է ստության դևի մասին. «Բյուրակերպ էր չարիքներով և ստությամբ ջանում էր ու ջանում է միշտ խաբել մարդկանց»: Արդ, գոյություն ունի հպարտության կարևոր գործակիցը, բարեկամն ու սիրելի որդին` հերձվածողությունը: Քանզի բոլոր հերետիկոսները, որոնք հերձվածողներ են, հպարտութեամբ փառասեր ու անձնահաճ դարձան: Կամեցան նոր օրենքներ սահմանել, մարդկանց աչքում երևելի լինել և փառավորվել աշխարհի սուտ փառքով: Եվ պառակտվելով` անջատվեցին Աստծուց ու հեռացան Նրա արդար օրենքներից, որովհետև հերձվածողը հավասար է կռապաշտին և նրա պես հայհոյում է Աստծուն: Ինչպես և Գրիգոր Աստվածաբանն է ասում. «Ովքեր Աստուծո Որդուն սոսկ մարդ են կոչում առանց Բան Աստուծո` Կույսի որովայնում կամ խաչի վրա կամ գերեզմանում և կամ ասում են երկու բնություն, երկու կամք և երկու ներգործություն, սրանք հավասար են նրանց, ովքեր երկրպագեցին Աստարտին, գարշելի Քամովսին և Աստղիկին»: Ինչպես պիղծ Արիոսը, որ Որդուն Հորից փոքր ասաց, Մակեդոնը Հոգուն Որդուց նվազ ասաց, Սաբելը Երրորդությունը մի Անձ համարեց, Սիմոն կախարդն ասաց. «Ես եմ, որ իջա երկնքից, և ես մեծ մեկն եմ», իսկ հետո երկու բնություն կոչեց Քրիստոսին և երկու որդի: Նույնն ասացին նաև Նեստոր Անտիոքացին ու Պողոս Սամոստացին, Թադեոս Մամեստիան, որը Մսիսն է, և Դեոդորոսը Կեորիս քաղաքից, Վաղենտիանոսը, Մարնին, Մարկիոնը, Բասիլիդեսը, Եպրոկատեսը, Գորգիանոսը և անթիվ բազում ուրիշներ, որոնք Քրիստոսին երկու բնություն կոչեցին, երկու կամք, երկու որդի և այլ բազում այսպիսի հայհոյություններ խոսեցին, որոնք մեր ժամանակը չի բավականացնի գրավոր հաղորդել, որովհետև աշխարհում Աստուծո Որդու մարմնանալուց ու մարդեղությունից առաջ և հետո սատանան հարյուր վաթսուն հերձված գցեց մարդկանց մտքի մեջ: Իսկ սա էլ պատռելով բաժանեց Աստուծո Եկեղեցին և բազում հայհոյություններ սերմանելով` տնկեց Քրիստոսի հավատացյալների մեջ: Քանզի չարը կործանված տեսավ իր թագավորությունը, որ կռապաշտության ժամանակ ուներ, անօրինությամբ ջանաց և չար հերձվածության որոմը սերմանեց ցորենի բարի սերմերի վրա, որ Տերն էր սերմանել մարդկանց որդիների մտքում: և արդ, աշխարհում գործվող այս բոլոր չարիքների և այլ անթիվ մեղքերի պատճառը եղավ հպարտությունը:

 Ուստի, Աստուծո՛յ սիրելիներ, մեզ պետք է և պատշաճ է փախչել հպարտությունից, որը սատանայի գործն է, և խոնարհամիտ լինել Աստուծո առաջ. ամեն մեկի մոտ և ամեն մեկին առավել համարենք մեզնից և սրանով իսկ նմանվենք Աստուծո Որդուն, որովհետև այս է Աստուծո կամքն ու հաճությունը: Այս կյանքում հեռանանք վերը նշված մեղքերից և այլ անբավ անօրենություններից, որպեսզի աշխարհից հեռանալիս բոլոր սուրբերի հետ անճառելի բարիքներին ու հանգստին արժանի լինենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհներով և մարդասիրությամբ, Որն օրհնեալ է ու փառավորյալ Հոր և Սուրբ Հոգու հետ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

Հատված Վարդան Այգեկցու «Խրատներ» գրքից