Ինչու՞ ինքնասպան եղածի վրա թաղման կարգ չի կատարվում

«Արթուն եղե՛ք, հսկեցե՛ք, քանի որ ձեր ոսոխը` սատանան, մռնչում է առյուծի պես, շրջում ու փնտրում է, թե ու՞մ կուլ տա»: (Ա Պետ. 5:8)
Այն օրվանից, երբ մարդը մեղանչեց` խախտելով Բարձրյալից իրեն տրված պատվիրանը, ժառանգը դարձավ ադամական կոչվող մեղքի: Այս մեղքը, մարդու աշխարհ գալուն պես, դրոշմված է նրա ճակատին եւ վերանում է միայն մարդու քրիստոնյա դառնալուց, այսինքն` մկրտվելուց հետո:

 Արուսյակ կոչվող հրեշտակապետը, որ հրեշտակաց դասի գլխավոր զորապետն էր, իր փառքից հպարտանալու պատճառով անկում ապրեց, որովհետեւ տենչում էր հավասարակից դառնալ Ամենակարող Աստծուն եւ, գայթակղելով շատ ու շատ հրեշտակներ, պատերազմի ելավ Աստծո դեմ` չցանկանալով այլեւս ծառայել նրան, այլ լինել նրան հավասար:

 Երկնքից ներքեւ Աստծո արարչագործության թագն էր մարդը` Եդեմական պարտեզում: Արուսյակի պատիժը ծնեց վրեժխնդրություն. մարդը գայթակղվեց օձի տեսքով հայտնված սատանայի խոսքերից ու գնաց պատվիրանազանցության: Քրիստոս սատանայի մասին նշում է. «Նա ի սկզբանե մարդասպան էր եւ ճշմարտության մեջ չմնաց, որովհետեւ նրա մեջ ճշմարտություն չկար» (Հովհ. 8:44):

 Մեղանչական մարդու համար մեղքերը կյանքում դադար չեն առնում. Աստծուց անգամ մի փոքր հեռացումը հանգեցնում է նորանոր մեղքերի: Սրանց մեջ կարելի է առանձնացնել մեկը, որ ոչ մի արդարացում եւ ներում չունի. դա ինքնասպանությունն է:

 Այսօր ինքնասպան եղողների մի հոծ բանակ է ձեւավորվել, որտեղ հատկապես առանձնանում են երիտասարդները: Կորցնելով հոգեկան հավասարակշռությունը` կյանքը նրանց համար այլեւս դառնում է անիմաստ կամ ամոթալի: Անկասկած շատերի՛ գլխում կարող է ծագել այս քայլը` կյանքին վերջ դնելը, բայց ոմանք միանգամից հաղթահարում են այն, իսկ ոմանք` դառնում մահվան գերին: Իսկ գուցե այս դրդումները հեղինակ ունեն, մի չար ձեռք, որ, խեղաթյուրելով մարդկային միտքը, ինքնասպանությունը նրա համար դարձնում է «երանական հանգիստ»:

 Այսօր շատերը չեն հավատում չար ուժերի կամ դեւերի գոյությանը, այդ մասին տեղեկությունները ոմանց մոտ միայն ծիծաղ են առաջ բերում: Հաշվի առնել է պետք, որ նրանք, ովքեր սատանային եւ իր համախոհներին` դիվային ուժերին, մերժում են, մերժում են նաեւ մեր Փրկչին` Հիսուս Քրիստոսին, որ եկավ մեզ փրկելու նրանցից, տվեց անհրաժեշտ ամեն ինչ` նրանց դեմ պայքարելու համար:

 Որքան մարդիկ են ապրում մեր հարեւանությամբ, որոնց համար այսօր առաջին տեղում մեքենան է, երկրորդում` ունեցվածքը, ապա վայելքներ ու հաճույքներ… Նման մարդիկ, կորցնելով իրենց առաքինությունը, դառնում են չարի գերին, եւ նրանց տիրակալն էլ օրըստօրե նրանցից պարտադրում է անել ավելին… ու օրվա լուրերը սկսում են աղաղակել հերթական սպանության կամ կամուրջից ցած նետված ինքնասպանի մասին: Այս ամենն իր հերթին ցույց է տալիս նաեւ ընտանեկան վատ դաստիարակությունը, եւ արդեն դիակի մոտ կանգնած ծնողը, մղկտալով ու ողբալով, մեղադրում է այս կամ այն հանգամանքը, երկիրը, դրդապատճառը, բայց ո՛չ երբեք իրական մեղավորին՝` հենց իրեն:

 Գալով մեր թեմային` նկատենք, որ անգամ ամենածանր իրավիճակում դեպի այդ քայլը տանող ընտրության տերը ինքը մարդն է. անե՞լ մտքի եկածը, թե՞ չանել, որովհետեւ դեւերը մարդուն կարող են միայն դրդել ինքնասպանության, հուշել այդ անել:

 Համաձայն Առաքելական մեր Մայր Եկեղեցու կանոնակարգի՝ ինքնասպան եղածի վրա թաղման կարգ չի կատարվում, քանզի այս քայլը աններելի է: Այն դիտվում է իբրեւ միջամտություն աստվածային գործերին, որովհետեւ Աստված է կյանք պարգեւում եւ սահմանված վայրկյանին այն ետ վերցնում: Իսկ ինչպե՞ս վերջ տալ չարից եկող նման մտքերին, ինչպե՞ս չլսել դրանք, կամ պայքարել դրանց դեմ: Այս հարցի պատասխանը փորձենք գտնել հակառակ ծայրից: Երբ որեւէ սրբատեղի ենք այցելում` լինի Եկեղեցի կամ ինչ-որ մատուռ, ու փորձում մի փոքր աղոթել, հանկարծ աղոթելու փոխարեն միտքը թռչում է ինչ-որ տեղ, մինչդեռ ամբողջ ճանապարհին հուզող որեւէ հարց կարծես թե չկար, բայց չգիտես ինչու, հայտնվում է հենց աղոթքի պահին: Չարի ազդեցությունը կրկին ամեն գնով շեղում է մեր միտքն Աստծուց. աղոթելիս երկու տարբեր ձայներ կարծես քո աղոթել-չաղոթելու համար պատերազմում են:

 Հետեւություն անելով` դժվար թե արդեն գուշակած չլինենք. սպանության կամ որեւէ մեղքի դեմ առաջնային զենքը դա աղոթքն է, որ սարսափի մեջ է գցում ու հալածում չարը: Ուստի պատահական չէ, որ հենց աղոթքի պահին, մարդն ամենից շատ է ենթարկվում փորձությունների ու գայթակղությունների:

 Աստված միշտ էլ Ձեռքը մեկնած, աչքերն հառած սպասում է մեղքի ծովում ընկած մեղավորի դարձին, քանզի Նրա ողորմությունն այնքան մեծ է, որ ամեն վայրկյան ցանկանում է մեղքի մեջ խավարած իր ծառայի լուսավորումը, ապաշխարությունը եւ զղջումը: Ոմանք, այդպես էլ չհասկանալով այս, շարունակում են հեռու մնալ օգնության վերջին ձեռքից եւ Աստծուն որոնման ճանապարհները նրանց ոչ թե Աստծո փառաբանությանը, այլ նրա մերժմանն են տանում, ու մարդը սիրելու փոխարեն սկսում է ատել

Նյութը պատրաստեց Ա. Բաղումյանը

Աղբյուր՝ «Սյունյաց Կանթեղ» N74