Սիրեցե՛ք միմյանց

 Քրիստոս այս խոսքերն ասաց վերջին ընթրիքի ժամանակ՝ իր մահվան նախօրեին:
Այդ պահին ասվածի մեջ ոչ մի նոր բան չկար: Սիրո պատվիրանը հրեա ժողովրդին տրվել էր դեռ Մովսեսի օրոք՝ Քրիստոսի ծննդից 500 տարի առաջ: Առաքյալները չէին հասկանում, թե ինչո՞ւ է Քրիստոս խոսում այդ մասին, եւ դա ի՞նչ նոր պատվիրան էր: Միայն երեք օր հետո նրանք հասկացան՝ ինչումն է սիրո գաղտնիքը:
Հիսուս մահացավ խաչի վրա: Եւ ի՞նչ. մեռնել կարող է յուրաքանչյուրը, մանավանդ, երբ նպատակները բարի են եւ լուսավոր: Կարծես ոչ մի զարմանալի բան չկա այն բանի մեջ, որ Հիսուսի մահը սկզբում առաքյալների մեջ, բացի վախից եւ կասկածանքից, ոչինչ չբերեց: Սակայն Հիսուսի մահվան երրորդ օրը առաքյալներին տվեց կյանքի եւ իրականության նոր ընկալում, Քրիստոս իր մահվան երրորդ օրը Հարություն առավ: Նրա մահը տարբերվում է մյուս բոլոր մարդկանց մահից: Քրիստոս խաչվեց ոչ թե իր սեփական մեղքերի, որոնք նա չուներ, այլ մեր՝ մարդկանց մեղքերի համար, եւ Նա, որ վերցրեց մեր մեղքերն իր վրա, իրավունք ունի մեզ թողություն տալու, եւ ամեն մարդ, ով հավատում է Հիսուսին, պիտի ապրի հավիտյան:

  Շատերն են այս աշխարհում ճշնարիտ ապրել սովորեցրել, ոմանք էլ խոստացել են հավիտենական կյանք պարգեւել, փոխարենը միայն իմաստուն խորհուրդներ են տվել: Սակայն Հիսուսի խոսքերը տարբերվում են մյուսներից նրանով, որ Նա իր սեփական օրինակով ցույց տվեց մեզ, ճշմարիտ կյանքով ապրելու ուղին եւ հանուն այս ճշմարտության Իր կյանքը չխնայեց: Խորհենք, թե ինչպե՛ս վարվեց Հիսուս: Առաջին հերթին Հիսուս հասկանում էր մարդկային բոլոր դժվարություններն ու ուրախությունները եւ գիտեր ինչպես ծառայել նրանց: Նա առանց դժվարությունների կարող էր բավարարել մարդկային պահանջմունքները, ինչի մասին վկայում են հինգ հացով եւ երկու ձկով հազարավոր մարդկանց կերակրելը, հիվանդներին բժշկելը եւ այլն: Չնայած այս ամենին, նա չդարձավ բժշկության կամ սննդի արտադրության հիմնադիրը Իսրայելում: Ինչու՞: Որովհետեւ նրա նպատակն էր բավարարել մարդկանց հոգեւոր պահանջները, որը առավել կարեւոր է մարմնականից: Հոգեւոր սովը կարող է տանել հավիտենական մահվան: Հիսուս հիանալի գիտեր, որ ոչ ոք չի խուսափի Աստծո արդար դատաստանից եւ ոչ ոք Աստծո առջեւ մաքուր չէ: Նա գիտեր, որ միայն Աստծո անմեղ Որդու մահը կարող էր ազատել մարդկանց մեղքերից: Եւ Նա գնաց մահվան՝ փրկելով մեղավոր մարդկանց: Մտածենք մի պահ, արդյո՞ք հեշտ է մեռնել ուրիշների փոխարեն, շա՞տ են արդյոք այն մարդիկ, որոնց համար «ես» պատրաստ եմ մեռնել, կա՞ն արդյոք մարդիկ, որոնք պատրաստ են մեռնել հանուն ինձ: Մեկ ձեռքի մատները բավական չե՞ն՝ հաշվելու համար եւ՛ առաջիններին, եւ՛ երկրորդներին: Այս հարցի առնչությամբ սբ. Պողոսը գրել է. «Դժվար թե մեկը ընդունի մեռնել չարագործի համար: Արդար մարդու համար հնարավոր է, որ ընդունի մեռնել, բայց Աստված իր սերը մեր հանդեպ ապացուցեց նրանով, որ ընդունեց մահը մեզ համար այն դեպքում, երբ մենք գտնվում էինք մեղքի մեջ»: Դրա համար էլ սուրբ Պողոսը մինչեւ կյանքի վերջը համոզված մնաց, որ ոչ ոք իրեն չի սիրում այնպես, ինչպես սիրում է Հիսուս Քրիստոս: Նա սիրում է բոլորին առանց բացառության՝ չզանազանելով վատերի եւ լավերի, բարեկամների եւ թշնամիների: Հիսուս հավասարապես սիրում էր եւ՛ Հովհաննեսին, որ հոգ էր տանում իր մոր մասին, եւ՛ Պետրոսին, որ երեք անգամ ուրացավ իրեն, եւ՛ իր դահիճներին, որոնց համար աղոթում էր: Նա պատրաստ է հավիտենական կյանք տալ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են:

  Հիսուս Իր Հարությամբ ապացուցեց ոչ միայն իր ասածների անհերքելիությունը, այլեւ ցույց տվեց, որ նույնը կանի նրանց մահվանից հետո: Նա ապացուցեց, որ կյանքը մահվամբ չի ավարտվում, որ ֆիզիկական մահվանը հաջորդում է հոգեւոր ծնունդը՝ հավիտենական կյանքի կամ մահվան համար: Այսպիսով, սիրո մեջ կարեւոր են ոչ միայն գեղեցիկ խոսքերն ու զգացողությունները, այլեւ ծառայելու կամքը, ինքնազոհողության պատրաստակամությունը եւ հավիտենական կյանքի հանդեպ հավատը: Այդ հավատի շնորհիվ առաքյալները հետեւեցին Քրիստոսի խոսքերին, վերափոխեցին աշխարհը՝ ամեն տեղ տարածելով փրկության լույսի ճառագայթները: Երբ մարդ հավատում ու ապավինում է Աստծուն, ապա Աստված նեցուկ եւ օգնական է լինում նրան, քանզի Նա, ով ստեղծել է աշխարհը, ինձ եւ քեզ, ավելի լավ գիտի մեր կարիքները, քան որեւէ մեկը: Ուրեմն մեզ մնում է մի հայացք նետել անցյալին, ու մեր առջեւ կբացվի լուսավոր ու հուսալից մի շրջան՝ Աստծո սուրբերով շրջապատված, որոնց կյանքը մեզ օրինակ կծառայի ճշմարիտ հավատքի կյանքով ապրելու, արարելու ու ստեղծելու Առաքելական Սուրբ Եկեղեցու կամարների ներքո, որը ոչ միայն շատերի հոգեւոր փրկության օրրան է եղել եւ մնում է՝ որպես Քրիստոսահիմն եւ առաքելահաստատ եկեղեցի, այլ նաեւ ազգապահպանության գործում իր նշանակալի նպաստն է բերել ու բերում է ցայսօր եւ դեռ կբերի ապագայում:

 Մեզ մնում է ապավինել Հիսուսին, հավատալ Նրա կատարած փրկագործության խորհրդին, մասնակիցը լինել Եկեղեցու Սուրբ խորհուրդներին, խոստովանել մեր մեղքերը, եւ խաղաղության Աստվածը կհանգչի ձեր սրտերում՝ առաջնորդելով դեպի Երկնքի արքայություն, շնորհելով հավիտենական կյանք

Հեղինակ՝ Ա. Հակոբյան

Աղբյուր՝ «Սյունյաց Կանթեղ ամսաթերթ» #41 (75)