Որտեղ գործում է Աստծո շնորհը, այնտեղ միշտ գործում են նաև սատանայի լծակները։ Հավատքից հեռու մարդիկ շատ անգամ դիտարկում են կրոնական կազմակերպությունները որպես Եկեղեցուն նման միավորումներ, որոնք իրարից տարբերվում են ընդամենը որոշակի դավանական հիմքերով։ Դրա մեջ կա ճշմարտություն, սակայն հոգևոր տեսանկյունից աղանդները շատ ավելի լուրջ խնդիր են հետապնդում, այն է՝ թուլացնել Քրիստոսի Եկեղեցին և հեռացնել մարդուն քրիստոնեական հավատքից։
Տեսնենք, թե ինչ մանրամասներ կան այս հարցում: Եկեղեցուց հեռու մարդիկ կարծում են, թե աղանդներն ավելի առաջադեմ մոտեցումներով են գործում, սակայն Եկեղեցու գործունեությանը և դավանանքին ծանոթ մարդիկ հստակ պատկերացնում են, որ աղանդներն իրականում ընդօրինակում են և փորձում են խեղկատակել Քրիստոսի և Եկեղեցու կողմից հիմք դրված այն բոլոր նախաձեռնությունները, որոնք իրականում ուղղված են մարդու փրկությանը, կյանքի որակի բարելավմանը, հոգևոր և անձնային արժեքների բարձրացմանը։
Աղանդը կամ հերետիկոսությունն իր սկզբնավորման ակունքներում հետապնդել է Քրիստոսի Եկեղեցուն` փորձելով նմանակել Եկեղեցու գործունեությունը և միաժամանակ սեփական համակարգը միշտ ներկայացրել է որպես ավելի լավ կրոն կամ դավանանք, քան ավանդական Եկեղեցունը: Միաժամանակ իրենց համակարգի մեջ ներդրել են սեփական նպատակները՝ ոչ առանց շահի, փառասիրության, մարդկանց կամքին բռնանալու փորձերով ու մարդկանց իրենց ազդեցության տակ պահելով։ Այդպիսի խեղաթյուրումների շարքում են նաև աղանդների կողմից կատարվող բարեգործական տարատեսակ ծրագրերը՝ անգլերենի ուսուցման դասընթացներով, հաշմանդամների բժշկություններով, թմրամոլների բուժմամբ, անվճար մերսումներով և այլն: Դրանց իսկության ուսումնասիրություններ գրեթե չկան՝ շատ կցկտուր ու սակավաթիվ են, սակայն կիրառվող խարդախության մեխանիզմները նախկինում բացատրվել են Եկեղեցու հոգևոր հայրերի, վերջին տարիներում՝ նաև սոցիալական հոգեբանների կողմից։
Վերոհիշյալ խեղկատակությունների շարքին են պատկանում վերջերս Երևանի շենքերում հայտնված թերթոնները, որոնցով առաջարկվում են Հորդանանի ջրով բուժումներ կատարել կամ Երուսաղեմից օրհնված յուղ են բաժանում՝ նրանց համար, ովքեր իրենց կյանքում ունեն դժվարություններ, դժբախտություններ, անբուժելի հիվանդություններ, անհաջողություններ, և նույնիսկ ներկայացվում են որպես ամոքիչ միջոց անեծքների դեմ:
Հետաքրքիր էր ուսումնասիրել, թե ովքեր են եկել «փրկելու» մեր բազմադարյա քրիստոնեական ազգը:
Գաղտնիք չէ, որ շատ աղանդներ Հայաստանում գրանցվել են որպես բարեգործական կազմակերպություններ։ Այսպիսի՝ իրեն բարեգործական ներկայացնող կազմակերպություններից է նաև պետական գրանցում ստացած «Օգնության կենտրոն» բարեգործական ՀՄԴ-ն, որը գրանցված է բրազիլացի ոմն Դիեգո Սիլվայի անունով։ Այս պահին կազմակերպությունն իր ակտիվ գործունեությունն է ծավալում ք. Երևան Ազատության պողոտա 13/1 հասցեում վարձակալած տարածքում՝ թերթոններ բաժանելով Հորդանանի ջրի և օրհնված յուղի մասին: Ի դեպ, նրանք որպես տեղանքի ուղեցույց օգտագործել են շենքի վրա փակցված «Մերի Քեյ» կազմակերպության ցուցանակը (բազմաթիվ մարդիկ կարծել են, թե հենց «Մերի Քեյ»-ի գրասենյակն է դրանով զբաղվում): Սակայն կազմակերպության նպատակը բնավ բարեգործությունը չէ: Դիեգո Սիլվան` իր կնոջ Արիանա դա Սիլվայի հետ, հանդիսանում է «Աստծո թագավորություն» աղանդի քարոզիչ:
«Աստծո թագավորություն» աղանդը հիմնադրվել է 1977-ին նախկին կաթոլիկ հոգևորական Էդիր Մասեդոյի կողմից: Մինչ այդ նա մեղադրվել էր խարդախությունների, թմրանյութերի անօրինական վաճառքի, իսկ հետագայում՝ որպես այդ աղանդի հոգևոր հովիվ՝ նաև անդամավճարների գողության և յուրացման մեջ: Այս աղանդը ներթափանցել է Ռուսաստան աղանդների գործունեության «վերելքի» շրջան հանդիսացող 90-ականներին և կենտրոններ հիմնել Ռուսաստանի խոշոր քաղաքներում: Մասեդոն մի քանի տարի է, ինչ ընդգրկված է «Ֆորբս» ամսագրի ամենահարուստ մարդկանց ցանկում, ընդ որում՝ հենց ինքն է նշում, որ այս պահին նա ոչ միայն Բրազիլիայի ամենահարուստ քարոզիչն է, այլ նաև ողջ աշխարհի, որը հարստանում է իր հետևորդների անդամավճարների հաշվին։ Աղանդը շատ երկրներում հիմնում է այսպիսի «Օգնության կենտրոն» բարեգործական կազմակերպություններ, որոնք առաջին հայացքից հիշեցնում են հոգեբանական կենտրոններ, սակայն մանրամասն ուսումնասիրության արդյունքում հայտնի է դառնում, որ դրանք օգնության կենտրոնների տակ գործող աղանդ են, որոնք քարոզչություն են իրականացնում և իբր աղոթքների միջոցով փորձում ազատել մարդկանց իրենց կյանքի հոգսերից և դժվարություններից` դրա դիմաց վճարներ հավաքագրելով։
Այդ կենտրոններում ակտիվ օգտագործվում են ներշնչման լուրջ հոգեբանական մեխանիզմներ։ Նոր ընդգրկվող անդամները ծրագրավորվում են նաև ժամկետներով` «52 օրում դուք կհարստանաք, կամ կազատվեք ձեր խնդիրներից և կսկսեք աշխատել 160 հազար դոլար» և այլն։ Անդամներ ներգրավելու համար «բարեգործական» կենտրոնը օգտագործում է սուրբգրային բառապաշար` «Յուղ Երուսաղեմից», «Հորդանանի ջուր», աղոթքներ, եկեղեցի և այլն։ Աղանդն իր դավանությամբ նեոխարիզմատական է, քարոզում է «հաջողության ավետարան» և «հաջողության հավատք», համաձայն որի՝ քրիստոնյան պետք է անպայման աշխարհիկ չափանիշներով հաջողակ լինի և Քրիստոսի խոստումները ստանա նյութական տեսքով։ Իսկ որ «Օգնության կենտրոն»-ը կապ ունի «Աստծո թագավորություն» կրոնական կազմակերպության հետ, փաստում են նաև նրանց կողմից տարածված թերթոնները։
Եվ ահա ստացվում է՝ «Աստծո թագավորություն» կրոնական կազմակերպությունը Հայաստանում ոչ միայն ակնհայտ խարդախությամբ է զբաղված, այլ նաև կրոնական անօրինական գործունեություն է ծավալում։ Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության որոշ օրենքների բացերը և այն փաստը, որ այս պահին կրոնական կազմակերպությունների գործունեությունը վերահսկող մարմիններ չկան և/կամ չեն գործում՝ այսպիսի կազմակերպությունները կարողանում են գրանցվել որպես բարեգործական, բայց իրականում ծավալում են կրոնական գործունեություն` փաստացի չունենալով կրոնական կազմակերպության գրանցում։ Իսկ այն, որ Դիեգո Սիլվան և իր կինը կրոնական գործունեություն են իրականացնում, փաստում են նկարները, որոնցով ակնհայտ երևում է, որ նրանք ներգրավված են քարոզիչների ծառայության մեջ, ստացել են հատուկ ձեռնադրություն և ուղևորվել են Հայաստան հենց քարոզչության համար։
Իսկ որն է այս կազմակերպության իրական նպատակը։ Իհարկե` խարդախությունը։ Նկարներում կտեսնեք մի ծրար, որի վրա մեջբերված է աստվածաշնչյան համար։ Յուրաքանչյուր այցելուին առաջարկվում է իր խնդիրների լուծման համար գումարային ներդրում կատարել իբր «Աստծո գործ»-ի համար, որը միամիտ քաղաքացիները կարծում են, թե ծառայելու է բարի նպատակների համար։ Եվ Հորդանանի ջուրն ու օրհնված յուղն էլ կարելի է ստանալ միայն համապատասխան գումարային ներդրում ծրարի մեջ կատարելուց հետո։ Իսկ որտե՞ղ է բարեգործությունը։ Բարեգործություն չկա և չի էլ կարող լինել անգամ տեսականորեն։ Բարեգործական բոլոր ծրագրերը ներկայացված են ծառայությունների տեսքով։ Բարեգործությունը միայն խոսքերով է և սին խոստումներով։ Համոզված ենք, որ իրավապահ մարմինները պետք է զբաղվեն այս կազմակերպության գործունեությունը պարզելով և ստուգման ենթարկելով նախ՝ թե ինչո՞ւ է բարեգործական կազմակերպության անվան տակ գործում կրոնական կազմակերպություն, և ի՞նչ բարեգործական ծրագրեր են մինչ այժմ իրականացվել։ Կարծում ենք՝ բոլորիս համար պարզ է, որ Հորդանանի ջուրը բարեգործության ոչ մի կատեգորիայով չի կարող դիտարկվել։
Մի քանի խոսք այն մարդկանց մասին, որոնք գնում են այս թերթոնների հետևից։
1990-ական թվականները հայտնի էին իրենց պսեվդո-քրիստոնեական ուսմունքներով, բժշկություններով, պսեվդո-հոգեբանական «գիտությունների» զարգացմամբ, որոնց մասին բազմիցս խոսվել է։ Սրանց արդjունքները մենք հիմա տեսնում ենք` հոգեկան հիվանդությունների, ինքնասպանությունների, բռնությունների թվի և սեռական տարաբնույթ շեղումների ավելացմամբ։ Տեսնում ենք երևույթներ, որոնք օտար են հայ ազգին, հայի էթնոհոգեբանությանը, հայ քրիստոնյային։ Երբ հայը չի տիրապետում իր պատմությանը, իր հայրերի թողած ժառանգությանը, նա հեշտ է դառնում տարատեսակ խաբկանքների զոհ։ Եվ չնայած Եկեղեցու կողմից իրականացվող ահռելի աշխատանքին, շատերը դեռ լսել չեն ուզում Աստծո մասին և հեշտասիրությամբ դիմում են այսպիսի կեղծ «բուժումներ»-ի։
Այնինչ հնարավոր չէ հասնել հաջողության` սատանայի պոչը բռնած։
Ալմաստ Մուրադյան
«Դիալոգ» ՀԿ