«Մերի Քեյ» ընկերության օրհնված յուղի ու Հորդանանի ջրի խաբկանքը

Խավար՝

1. [գոյական] լույսի բացակայություն, բացարձակ մթություն:
2. (փոխաբերական) Հետամնացություն, տգիտություն:
Խավարամիտ՝ միտքը խավար, լուսավորության և առաջադիմության հակառակ` հակառակորդ, հետադիմական:
Բացատրական բառարան

 «Սիմոն անունով մի մարդ կար, որ այդ քաղաքում նախապես մոգություն էր անում և զարմացնում սամարացի ժողովրդին՝ իր մասին ասելով, թե ինքը մեծ մեկն է. փոքրից մինչև ամենամեծերը նրան էին նայում ու ասում. «Սա՛ է Աստծու զորությունը, որ մեծ է կոչվում»։ Հիացումով էին նայում նրան, որովհետև երկար ժամանակ մոգություններով իրենց զարմացրել էր։ Բայց երբ հավատացին Փիլիպպոսին, որն Աստծու արքայության և Հիսուս Քրիստոսի անվան մասին էր ավետարանում, բոլորը՝ տղամարդիկ և կանայք, մկրտվեցին։

 Ինքը Սիմոնը ևս հաւատաց և, մկրտվելով, միշտ Փիլիպպոսի հետ էր լինում. ու տեսնելով այն նշանները և մեծամեծ զորությունները, որ կատարվում էին, զարմանում էր։ Երբ Երուսաղեմում գտնվող առաքյալները լսեցին, թե Սամարիայում էլ ընդունել են Աստծու խոսքը, նրանց մոտ ուղարկեցին Պետրոսին և Հովհաննեսին, որոնք, իջնելով, աղոթում էին նրանց համար, որպեսզի ստանան Սուրբ Հոգին. քանի որ մինչև այն ժամանակ նրանցից ոչ մեկի վրա Սուրբ Հոգին դեռ չէր իջել, այլ միայն մկրտվել էին Տեր Հիսուսի անունով։

 Այն ժամանակ ձեռքները դրեցին նրանց վրա, և նրանք Սուրբ Հոգին ստացան։
Սիմոնը տեսնելով, թե առաքյալների ձեռք դնելով Սուրբ Հոգին տրվում է, փող տվեց ու ասաց.

 «Ինձ էլ տվեք այս իշխանությունը, որպեսզի, ում վրա որ ձեռքս դնեմ, Սուրբ Հոգին ստանա»։ Պետրոսը նրան ասաց. «Քո արծաթը թող քեզ հետ կորչի, քանի որ կարծեցիր, թե Աստծու պարգևները կարելի է փողով ստանալ. դու այդ բանում մաս ու բաժին չունես, քանի որ քո սիրտը Աստծու առաջ ուղիղ չէ։ (Գործք 8:9-21

 Օրհնված յուղի և Հորդանանի ջրի հայտարարությունը (որոնք լայն տարածվում են Երևանի շենքերում) հիշեցնում է այս հատվածի մասին, որտեղ մարդիկ փորձում են իրենց անհասանելի սրբությունը ստանալ և փոխանցել իրենց իմացած ճանապարհներով։ Կհակադարձեք, թե այստեղ գրված է, որ անվճար է տրվում։ Սակայն վճարը միայն գումարային չի լինում, Սիմոնը իրեն տրված մոգության «շնորհով» նախ և առաջ փորձում էր Աստծո տեղը զբաղեցնել, քանի որ հենց առաջին համարներում խոսվում է նրա ստացված վարձքի մասին` «փոքրից մինչեւ ամենամեծերը նրան էին նայում ու ասում. «Սա՛ է Աստծու զորութիւնը, որ մեծ է կոչվում»։ Հիացումով էին նայում նրան, որովհետև երկար ժամանակ մոգություններով իրենց զարմացրել էր»։

 Օրհնված յուղը, Հորդանանի ջուրը իրենց մեջ Աստծո զորությունը պարունակող են Աստծուն հավատացողի համար, սակայն ամենակարևորն այն է, թե ում ձեռքով է այն տարածվում, ում է տրվում և որն է դրա նպատակը։ Իսկ նպատակները բնավ բարի չեն, քանի որ հակասում են Աստծո պատվիրաններին։ Աստվածաշնչում կամ ավանդույթներում նշված չէ որևէ անհաջողությունների կամ հիվանդությունների ցանկ, որոնք բուժվում են Հորդանանի ջրով` մշտական հիվանդություններ, գործազրկություն, ընտանեկան անախորժություններ` սրանք պարզապես սրբության շառլատանություն են Աստծո անունով, որի միակն նպատակն է «Մերի Քեյ» ապրանքների վաճառքի համար ներգրավել նոր մարդիկ, գտնել նոր հաճախորդներ։ Պետք չէ հավատքը և աստվածպաշտությունը հասցնել հեթանոսական մակարդակի, այն էլ` կոմերցիոն նպատակներով։

 Մանավանդ այն մարդիկ, որոնք հետաքրքրված են իրենց հոգու անվտանգությամբ, պետք է նաև հիշեն, որ տարվելով այսպիսի երևույթներով, հեշտասիրության միջոցով, այլ ոչ թե սեփական կյանքի հանդեպ պատասխանատվություն վերցնելով, խնդիրների լուծման հետևից գնալով կհանգեն առավել վտանգավոր փորձանքների։ Ինչպես Պետրոս առաքյալն է ասում Սիմոնին. «Քո արծաթը թող քեզ հետ կորչի»։ Եվ այստեղ կատարվում է սատանայի նպատակը` քրիստոնեական սրբությունների անվան տակ խաբկանքի հետևից գայթակղել ու տանել մարդու հոգին։ Ցավալի է կրկին և կրկին համոզվել, որ առաջին քրիստոնյա ազգը չի զբաղվում իր քրիստոնեական ինքնակրթությամբ, «եկեղեցի» բառը լսելիս չի տարբերում աղանդը Հայ Առաքելական եկեղեցուց, Հիսուս Քրիստոս բառերը լսելիս չի ցանկանում հետաքրքրվել տվյալ կազմակերպության դավանանքով, օրհնված յուղը տեսնելիս չի մտածում ում ձեռքով է այն մատուցվում և ինչ նպատակներով։ Սա հեշտասիրության մեղքի մասին է խոսում։ Եվ իսկապես, ինչո՛ւ սեփական անհաջողությունների պատճառները փնտրել սեփական անձի և անհավատության մեջ, եթե կարելի է ուղղակի օրհնված յուղ քսել կամ օրհնված ջուր խմել, ինչո՛ւ գնալ եկեղեցի և Աստծուն փնտրել, եթե կարելի է գնալ «Մերի Քեյ», շփվել հաճելի մարդկանց հետ, օրհնված ջուր խմել և սպասել…..սեփական հոգու կործանմանը։ Առանց ջանք գործադրելու՝ արտաքին ու անհասկանալի հրաշքի սպասելով: Մեկ սրբությանը հաղորդակից լինելով մարդ չի փրկի իր անձը, եթե հետևողականորեն չի անդրադառնում իր ապրած կյանքին, գործած մեղքերին, չունի Աստծո հետ հաստատուն հարաբերություն՝ անձնապես ու Քրիստոսի եկեղեցու միջոցով։ Ավելին, օրհնությանը անարժանությամբ վերաբերվելով մարդ մեծ դատապարտության կենթարկվի:

 Մարդը պետք է կա՛մ Սուրբ Հոգու շնորհներով ապրի, կա՛մ պիղծ հոգուց գերվի։ «Տիրոջ Հոգին վերացավ Սավուղից, և չար այսը նեղում էր նրան» [տե՛ս Ա Թագ. ԺԶ 14

 «Որովհետեւ մեր պատերազմը մարմնի եւ արեան հետ չէ, այլ՝ իշխանութիւնների հետ, պետութիւնների հետ, այս խաւար աշխարհի տիրակալների հետ եւ երկնքի տակ եղող չար ոգիների հետ։ Ուստի առէ՛ք Աստծու սպառազինութիւնը, որպէսզի կարողանաք չար օրում դէմ կանգնել չարին. եւ երբ ամէն ինչ կատարէք, հաստատո՛ւն կացէք՝ տեղում պինդ կանգնած, ձեր մէջքերը գօտեպնդած ճշմարտութեամբ, եւ հագած արդարութեան զրահը՝ ձեր ոտքերը ամրացրէ՛ք խաղաղութեան Աւետարանի պատրաստութեամբ (Եփ 6:12-15):

Ալմաստ Մուրադյան
«Դիալոգ» ՀԿ նախագահ