1. «Հայ ժողովուրդը մահացած մարմնի նկատմամբ վերաբերմունքի ի՞նչ փուլեր է անցել մինչև թաղման կարգը որդեգրելը»:
Պեղումները ցույց են տալիս, որ հայ ժողովրդի մոտ ավելի շատ տարածված է եղել հողի մեջ թաղումը, իսկ դիակիզումն ամենայն հավանականությամբ չի գործածվել, քանի որ այդ պարագայում պիտի լինեին համապատասխան մոխրային կուտակումներ, որպիսիք չեն հայտնաբերվել: Հրեաների մոտ, ի տարբերություն հայերի, կիրառվել է ևգ թաղումը հողի մեջ, ինչպես նաև թաղումը քարանձավում` դամբարանային թաղումները, բայց նաև` եգիպտացիների նման մարմնի զմռսումը:
Աստվածաշունչն ասում է, որ Աբրահամն ու նրա կին Սառան, Իսահակն ու նրա կին Ռեբեկան, Հակոբն ու նրա կին Լիան թաղվել են Քանանացիների երկրում` Մամբրեի կաղնու դիմաց գտնվող քարայրում, որն Աբրահամը գնել էր իբրև սեփական շիրմավայր (Ծննդ. 49.2832): Եգիպտոսի կառավարիչ դարձած Հովսեփի կարգադրությամբ Հակոբ նահապետին, ըստ եգիպտական սովորության, զմռսել են, այնուհետ տեղափոխել` թաղելու Աբրահամի շիրիմը հանդիսացող քարայրում` Մամբրեի կաղնու դիմաց (Ծննդ. 50.26, 13): Քրիստոսի թաղումը ևս դամբարանային բնույթի էր, որովհետև Տիրոջը դրեցին քարանձավում և մուտքի դուռը մեծ քարով փակեցին (Մատթ. 27.5760, Մարկ. 15.43, 4546, Ղուկ. 23.5053, Հովհ. 19.3842): Այսպես էր թաղված նաև Ղազարոսը (Հովհ. 11.38), որին Քրիստոս հարություն տվեց, և Ղազարոսը քարանձավից դուրս եկավ նմանատիպ թաղումների ժամանակ գործածվող պատանքով փաթաթված (Հովհ. 11.43-44):
Հրեաները կիրառում էին դամբարանային թաղումները, որից որոշ ժամանակ անց մահացածի ոսկորները դուրս էին բերում և թաղում հողի մեջ: Սա արվում էր այն հավատալիքի համաձայն, ըստ որի` քանի դեռ մահացած մարդու ոսկորներն առկա են, ապա նրա հոգին` եբրայերեն ռուահը, զորացյալ կլինի: Ուղղափառ Եկեղեցիներում ևս դամբարանային թաղումները և հողի մեջ թաղումները զուգահեռաբար կիրառվել են` դամբարանային թաղումները վերապահելով առավելաբար հոգևորականներին:
Միջնադարյան շատ ուղղափառ վանքերում մահացածների ոսկորները վանքերի ստորին հարկերում են զետեղվել, ինչպես նաև հատուկ անոթների մեջ են պահվել սրբակենցաղ վանականների կամ հոգևորականների գանգերը կամ ոսկորները: Այս ավանդույթն ուղղափառության մեջ մինչ այժմ էլ շարունակվում է: Նաև Կաթոլիկ Եկեղեցում Կապուցինների միաբանության անդամները բարձրաստիճան հոգևորականներին զմռսում էին և իրենց եկեղեցական զգեստներով կանգնեցնում վանքի կամ եկեղեցու ստորին հարկերում գտնվող հատուկ խորշերում, որոնց այսօր էլ կարելի է ականատես լինել: Կաթոլիկ Եկեղեցում այսօր էլ գործում է որոշ սրբերին չթաղելու, նրանց մարմիններն ի ցույց դնելու սովորույթը, ինչպես կաթոլիկ սրբերից Բեռնադեթի մարմինը Ֆրանսիայի հարավում գտնվող Լուրդի եկեղեցում կամ Հովհաննես 23րդ պապի աճյունը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում: Հնդկական իրականության մեջ առավել շատ տարածված է եղել դիակիզումը, եգիպտացիների մոտ` դիակների զմռսումը և դամբարանային թաղումները:
2. Հուղարկավորությունը աստվածաբանական իմաստով ընդգծված խորհուրդ չէ, սակայն ունի խորը հոգևոր իմաստ: Ինչպե՞ս է այն մեկնաբանվում:
Հովհան Ոսկեբերանն ասում է, որ մահացածին թաղողները նույն գործն են անում, ինչ սերմնացանները, որոնք հողի մեջ են նետում դժվարին աշխատանքով հավաքած սերմերը: Նրանք նույնիսկ աղոթում են, որ Աստված անձրև ուղարկի, որպեսզի այն կազմալուծի սերմերը, որով և ավելի շատ արդյունք կլինի: Այսպես նաև հողի մեջ դնում ենք մահացածի մարմինը, որ այնտեղից հարության ժամանակ մարդը հարություն առնի նոր, կատարյալ մարմնով: Ոսկեբերանն ասում է, որ մարմինները փտում են, որպեսզի մարդն իմանա, որ հողից է ստեղծված: Նաև` եթե մարմինները չփտեին, ապա ի հայտ կգային մեռյալների քաղաքներ, մարդիկ կապված կմնային իրենց սիրելի ննջեցյալ հարազատների մարմիններին` նրանց զետեղելով գերեզմաններում կառուցված հատուկ տների մեջ և կկտրվեին իրական կյանքից, վշտով և մահացածին մշտապես տեսությամբ կվնասեին իրենց անձնական կյանքի ընթացքը` առավել շատ ժամանակ անցկացնելով մեռյալների այդ տեղանքում: Անդրադառնալով այն խնդրին, որ մարդկանց համար տհաճ է մտածելը, թե իրենց մարմինները փտելու են, Ոսկեբերանն ասում է, որ դրա համար, ընդհակառակը, ուրախանալ է պետք, ինչպես որ հին ու խարխուլ տնից մարդիկ դուրս են գալիս և ուրախանում, որ այդ տունը պետք է ավերվի և փոխարենը նորը կառուցվի իրենց բնակության համար:
Պողոս առաքյալն ուսուցանում է ննջեցյալների և հարուցյալ մարմինների մասին դարձյալ հողի մեջ սերմեր ցանելու օրինակով` ասելով, որ սերմանվածն այն նույն մարմինը չէ, որ ծնվելու է. սերմանվում է ապականությամբ և հարություն է առնում առանց ապականության, սերմանվում է շնչավոր մարմին, և հարություն է առնում հոգևոր մարմին (Ա Կորնթ. 15.35-44): Հոգեհանգստյան արարողությունների ժամանակ ընթերցվում է Հովհաննու Ավետարանում արձանագրված Քրիստոսի ուսուցումը, ըստ որի` «եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, բազում արդյունք կտա» (Հովհ. 12.24): Այս օրինակները կապ ունեն հողի մեջ ամփոփման, հողի մեջ թաղման հետ, որով և քրիստոնեական ավանդույթում առավել տարածվել է ննջեցյալներին հողի մեջ թաղելու սովորույթը, որն առնչված է կրոնական հավատալիքի, ննջեցյալների` հողից հարություն առնելու, սերմանված սերմից նոր բույսի ծլարձակելու օրինակով ապականացու և անապական, շնչավոր և հոգևոր, հարուցյալ մարմինների իրողության բացատրությամբ:
3. 2007 թ. փետրվարին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքը: Դուք, որպես հայ եկեղեցական, ինչպե՞ս եք մոտենում դիակիզման հարցին: Ինչպիսի՞ն է Հայ Առաքելական Եկեղեցու դիրքորոշումը:
Պետական օրենքների ընդունման պարագայում մի մտահոգիչ իրողություն է նկատվում: Այն օրենքները, որոնք վերաբերում են կյանքի հոգևոր կողմին, հավատքին ու հավատալիքներին, կարող են կազմվել և ընդունվել առանց Եկեղեցու հետ սկզբնական խորհրդակցության, քննարկման և երբեմն՝ նույնիսկ առանց Եկեղեցու համաձայնության: Կրոնական փոքրամասնությունների` աղանդավորների պարագայում պետությունը զգուշավոր մոտեցումներ է ցուցաբերում` նկատի առնելով նրանց կրոնական համոզմունքները, որպեսզի չլինի թե մեղադրվի կրոնական փոքրամասնության հանդեպ խտրականություն դրսևորելու և հալածանքի մեջ: Սակայն համապատասխան օրենքներ ընդունելիս առավելաբար պետք է հաշվի առնել մարդկանց կրոնական ընկալումները, սովորույթները: Տարբեր ուսումնասիրություններ հայաստանյան և օտարերկրյա մասնագետների կողմից ցույց են տալիս, որ Հայաստանի բնակչության իննսուն տոկոսը և ավելին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անդամներ են, որով և բնակչության մեծ մասին վերաբերող, հոգևորին առնչվող օրենքներ ընդունելիս պետությունը պետք է հաշվի նստի Հայ Եկեղեցու կարծիքի հետ, ինչպես որ վարվում է աղանդավորների պարագայում: Օրինակ` Եհովայի վկաների առնչությամբ, նկատի ունենալով նրանց կրոնական համոզմունքները, պետությունն օրենք է ընդունում զինվորական ծառայությունը փոխարինելու այլընտրանքային ծառայությամբ, խղճի ազատության օրենքով որոշակի լիազորություններ են տրվում կրոնական բնույթի խմբակցություններին: Այսպիսի զգուշավոր մոտեցում սկսեց դրսևորվել հատկապես այն բանից հետո, երբ Եհովայի վկաները դատական հայտ ներկայացրին ընդդեմ Հայաստանի Հանրապետության և պետությունը ստիպված Եվրոդատարանի կայացրած որոշումով այդ աղանդին վճարեց հարյուր հազար եվրոյից ավելի գումար պետական գանձանակից, այն գանձանակից, որի կայացման համար մենք` այս երկրի քաղաքացիներս, մշտապես հարկեր ենք վճարում: Ճիշտ է, ՀՀ սահմանադրությամբ ընդգծված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու` որպես ազգային Եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում, նաև Եկեղեցի-պետություն հարաբերությունների շրջագծում պետությունը բավականին աջակից է Եկեղեցու գործունեությանը, սակայն կարևոր օրենքների ընդունման մեջ լինում է, որ շրջանցվում է Եկեղեցու կարծիքը: Այդպես եղավ և՛ Եհովայի վկաների պետականորեն գրանցման, և՛ «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքների ընդունման դեպքում, ինչպես նաև գենդերային օրենքի նախագծի ստեղծման գործընթացներում:
Եհովայի վկաներին պետական գրանցում տալու առնչությամբ այն ժամանակվա արդարադատության նախարարն ուշադրություն չդարձրեց հոգևորականների բողոքներին, Հայ Առաքելական Եկեղեցու դեմ լինելուն և վստահեցնում էր, որ դա պետք է իրականացվի, քանի որ դրանով իբր ավելի մեծ հնարավորություն է ընձեռվում նրանց գործունեությունը վերահսկելու: Այդ ժամանակ մեզ չէր ասվում, որ մեր հարևան երկրներից Վրաստանը մերժել է այդ աղանդի պետական գրանցումը և նույնիսկ ավելին` այնտեղ չէին ընդառաջում նաև Հայ, Ուղղափառ, Կաթոլիկ Եկեղեցիների գրանցման խնդրանքին: Լայնորեն չէր լուսաբանվում նաև, որ եվրոպական որոշ երկրներ նույնպես արգելել են Եհովայի վկաների գրանցումը` դա նպաստավոր չհամարելով պետության համար: Եվ այսօր պարզվում է, որ Հայաստանում այդ աղանդը գրանցելու համար ներկայացված հիմնավորումներից մեկը նույնպես ձևական է եղել` նրանց գործունեությունը վերահսկելը, քանի որ այդ աղանդավորները շարունակում են տնից տուն մտնելով քարոզել` խախտելով Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքը, ըստ որի` իրավունք ունեն քարոզչություն իրականացնել միմիայն իրենց համայնքի ներսում: Ահա այսպես եղավ նաև դիակիզարաններին առնչվող օրենքի ընդունումը:
Դիակիզման առնչությամբ Եկեղեցու պաշտոնական տեսակետի վերաբերյալ պետք է ասել հետևյալը: Այսօր ոչ մի հոգևորական հատկապես արդիական հարցերի ու խնդիրների վերաբերյալ չի կարող արտահայտել Հայ Առաքելական Եկեղեցու պաշտոնական տեսակետները, որովհետև դրանք բանաձևված և արձանագրված չեն. սոցիալական հայեցակարգի կազմումն ընթացքի մեջ է: Յուրաքանչյուր եկեղեցական արտահայտում է իր կարծիքը, որով կարելի է ներկայացնել Եկեղեցու դիրքորոշումը, եթե այն հստակ է:
Այս պարագայում ևս կարող ենք հստակորեն արտահայտել Հայ Առաքելական Եկեղեցու դիրքորոշումը դիակիզման վերաբերյալ, քանի որ խնդիրը բավականին քննարկվել է: Դիրքորոշումը հետևյալն է` Հայ Առաքելական Եկեղեցին չի խրախուսում դիակիզումը: Այն լայնորեն ընդունելի չէ, որովհետև չի համապատասխանում հայոց կյանքում քրիստոնեական ընդունված հավատալիքներին, ավանդույթներին, ծիսաարարողական կարգին: Գերեզմաններում բոլոր հանգուցյալները թաղված են դեմքով դեպի արևելք, այսպես նաև հուղարկավորության ժամանակ ննջեցյալին տանը կամ եկեղեցում դեմքով դեպի արևելք են դնում: Քրիստոս ասաց, որ երկրորդ գալստյան ժամանակ գալու է արևելքից (Մատթ. 24.27): Դրա համար էլ ննջեցյալներին դեմքով դեպի այդ կողմն ենք թաղում, որպեսզի Երկրորդ գալստյան ժամանակ գերեզմանից հարություն առնեն դեմքով դեպի Փրկիչը: Դիակիզման պարագայում այս ամենը կիրառել հնարավոր չէ, որովհետև մոխրի մեջ չի կարելի որոշել՝ որտեղ է գլուխը, դեմքը, որտեղ` ոտքերը: Բացի դրանից, քրիստոնեության մեջ մահացածներին կոչում են ննջեցյալներ, որովհետև հավատում ենք, որ մահացածը չի ոչնչացել, այլ կարծես ննջել է, ողջ է հոգով և մեռյալների հարության ժամանակ նաև մարմնապես պիտի արթնանա, հարություն առնի: Եվ հուղարկավորության ժամանակ մահացածի մարմինը ևս ննջեցյալ, ննջած լինելու իրողությունն է ցույց տալիս: Մինչդեռ դիակիզման ժամանակ ննջած լինելու այդ պատկերացումը ջնջվում է, մարդն արդեն դառնում է ոչ թե ննջեցյալ, այլ մոխրացյալ, և արդեն պետք է խոսենք ոչ թե ննջեցյալների, այլ մոխրացյալների մասին:
4. Դիակիզումն ընդունելի չէ և խորթ է քրիստոնեական մեր աշխարհայացքին, սակայն, օրինակ, համաճարակի դեպքում դիակիզումը բացառությամբ թույլատրելի է: Այսօր այն դեպքում, երբ օրենքը հիմնավորում է տարածքային խնդիրը, ինչո՞ւ բացառության սկզբունքը չի կարող գործել:
Տարածքային խնդիրը, որով ավելի շատ պայմանավորում էին դիակիզարանների մասին օրենքի ընդունումը, ամբողջապես ճիշտ չէ: Երբ 2006 թվականին դիակիզարանների հարցը բարձրացվեց, խնդիրն այնպես էր ներկայացվում, որ կարծես թե պայմաններն օրհասական են, և պետք է շտապ միջոցներ ձեռք առնել: Սակայն հետո պարզվեց, որ դիակիզարանի կառուցումը հսկայական դրամական միջոցների հետ է կապված, որով և գործընթացը բավականացավ միայն թղթի վրա օրենքի գրությամբ: Մտավախություն կա, որ դիակիզարանների վերաբերյալ օրենքից գուցե ինչ-որ մեկը փորձում էր օգտվել` հիմքեր դնելու իր բիզնես ծրագրերի իրականացման համար: Սակայն այդ օրենքի ընդունումից մինչ այսօր թաղումները շարունակվում են ինչպես նախկինում, որից ակնհայտ է դառնում, որ տարածքների խնդիրը ներկայացվում էր ուռճացված կերպով: Իհարկե, տարածքների խնդիր կա հատկապես մայրաքաղաք Երևանում, որտեղ շատ են գերեզմանները, և գուցե նոր հողատարածքները գերեզմանների համար տրամադրելը նպատակահարմար չէ: Ոչ ոք էլ չի ցանկանում, որ մեր մայրաքաղաքի հողերի մեծամասնությունը գերեզմանների տրամադրվեն, և մայրաքաղաքը վերածվի հսկայական գերեզմանոցի: Երևանում խնդիր կա նաև գերեզմանների և բնակելի տարածքների հետ կապված, քանի որ գերեզմանները բնակելի տարածություններից պետք է լինեն առնվազն քսան մետր հեռավորության վրա և պատված խիտ բուսականությամբ: Կան գերեզմանատներ, որոնք արդեն դուրս են եկել դեպի փողոցներ, որտեղով մեքենաների երթևեկություն է իրականացվում: Նաև աննպատակահարմար վայրում հաստատված գերեզմանատուն կա, որ գտնվում է ծանր հիվանդների համար հատկացված հիվանդանոցների մոտ: Դեպի հիվանդանոց տանող բանուկ ճանապարհներից մեկն անցնում է այդ գերեզմանատան հենց հարևանությամբ, և հիվանդանոցային պալատների պատուհաններից էլ երևում են գերեզմանները: Ծանր հիվանդների պարագայում այս ամենն ընկճող կարող է լինել:
Ճիշտ է, քրիստոնեական տեսակետով նաև հակառակ դիրքորոշումը կա: Օրինակ` մեր հինվուրց եկեղեցիների գավիթներում թաղումներ են կատարված, գավիթները պատված են շիրմաքարերով, և մարդը եկեղեցի մտնելիս պետք է անցնի այդ տապանաքարերի վրայով` իր մեջ հաստատելու գիտակցությունը, որ մահկանացու է, այս կյանքի ժամանակը թանկ է, և ինքը պետք է բարի ընթացքով ու գործերով արժևորի իր կյանքը, ինչպես նաև մտածի հավիտենականի մասին: Նաև Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետն է իր «Հավատով խոստովանիմ» աղոթքներից մեկում խնդրում, որ Աստված բևեռի իր հոգում մահվան սոսկալի օրվա մասին մտածումը, որովհետև մահկանացու լինելու մասին գիտակցությունը մարդուն հեռու է պահում մեղքից, առավել խթանում բարի, առաքինի ապրելակերպին, գործերին: Սակայն ծանր հիվանդությամբ տառապողների և նրանց հատկացված հիվանդանոցի հետ կապված մտահոգությունը գերեզմանների մոտ լինելու առկայության վերաբերյալ նաև խիստ մտահոգիչ է: Եթե մայրաքաղաքում տարածքներ չկան գերեզմանների համար, ուրեմն պետք է տարածքներ տրամադրել միջքաղաքային ճանապարհներին ևս, որոնք համապատասխան կլինեն երթևեկելի մասից որոշ հեռավորության պայմանը պահելով: Բայց տարածքներին առնչվող, բարձրաձայնվող խնդիրն ամբողջապես չէ, որ համապատասխանում է իրականությանը: Գերեզմանատներում տեսնում ենք հարուստների գերեզմաններ, որոնք մեծ տարածք են զբաղեցնում և որոնց վրա հսկայական արձաններ կամ դամբարաններ են սարքված, մինչդեռ այդ հողատարածքը կարելի էր բաժանել մի քանի գերեզմանների համար: Նույն մայրաքաղաք Երևանում կամ շրջակայքում մեծահարուստներին տրամադրում են մեծ հողատարածություններ կամ ամբողջական բլուրներ, նրանց շքեղ առանձնատների և դրանց կից մեծատարածք այգիների կամ կալվածքների համար: Այս փաստը նշելով` չենք դատապարտում հարուստներին, թող վայելեն իրենց ունեցածը և իրենց ունեցվածքից նաև կարիքավորներին բաժին հանեն: Բայց եթե տարածքներ կան նրանց կալվածքների, առանձնատների, գերեզմանոցներում ունևորների մեծ գերեզմանների համար, ուրեմն տարածքների մասին հարցը օրհասականորեն ներկայացնելը ճիշտ չէ: Նաև միջքաղաքային ճանապարհներին տեսնում ենք, որ բավականին հողատարածքներ են տրամադրված խաղատների և տարբեր «օբյեկտների» համար: Հետևաբար, գերեզմանատների մասին խոսելիս տարածքների հարցը բարձրացնելու պարագայում պետք է ազնիվ լինել և ճիշտը ասել, որ ըստ որոշ պաշտոնյաների` տարածքներ չկան գերեզմանների համար, սակայն տարածքներ կան հարուստների հսկայական գերեզմանների, առանձնատների, կալվածքների և խաղատների համար:
5. Եթե մարդն ընտրել է դիակիզման մեթոդը, Հայ Առաքելական Եկեղեցին հրաժարվելո՞ւ է հոգեհանգստի և թաղման կարգը կատարելուց:
Եթե Հայ Առաքելական Եկեղեցու անդամներից մեկն ընտրի դիակիզումը, ապա մահից հետո նրա համար թաղման կարգ չի կատարվի, որովհետև այն արվում է ննջեցյալի աճյունի և ոչ թե մոխիրների առկայությամբ: Տվյալ դեպքում կատարվում է միայն հոգեհանգստյան արարողություն: Մարդ կարող է նախընտրել դիակիզումը՝ իր պատկերացումներից ելնելով. ոմանք երբեմն մտածում են, որ ավելի լավ է դիակիզվել, քան մարմինը փտեցնել և որդերի կեր դարձնել: Այս պատկերացումով է Շեքսպիրի հերոսներից Համլետը պատասխանում թագավորի` սենեկապետի որտեղ գտնվելու մասին հարցին: Համլետն ասում է, որ նա ընթրիքի է, բայց ոչ թե այնտեղ, որտեղ ուտում են, այլ այնտեղ, որտեղ ուտվում են: Շեքսպիրյան հերոսի խոսքով մարդու կայսրը կերակրի տեսակից որդն է: Մենք պարարտացնում ենք կենդանիներին մեր ուտելու համար, և մեզ ենք պարարտացնում, որ հետո որդերի կերակուր դառնանք: Այսպիսով, գեր թագավորը և նիհար մուրացկանը մի սեղանի երկու տարբեր կերակուրներ են: Նույն մոտեցմամբ, ինչպես նշվում է «Համլետ» ստեղծագործության մեջ, մարդը կարող է ձուկ բռնել որդով, որը կերել է մի թագավորի և հետո ուտել ձկանը, որը կերել է այդ որդը: Նմանատիպ պատկերացումները ոմանց դրդում են դիակիզումը նախընտրելուն: Սակայն մարդկանց պետք է ամբողջ ճշմարտությունն ասել դիակիզման մասին: Դիակիզումով խոշոր ոսկորները, գանգը չեն փոշիանում, դրանք մանրացնում են հատուկ սարքով: Եթե փորձենք մենք էլ ոսկորներ վառել, կտեսնենք, որ դրանք մանր փոշու, մոխրի չեն վերածվում, այլ վառվածը պետք է այդպիսին դարձնել: Եվ չնայած դիակիզարաններում շատ բարձր աստիճանի է հասցվում կրակը վառարաններում, այնուամենայնիվ, դա բավական չէ խոշոր ոսկորների մոխրացման համար: Բացի դրանից դիակիզարանների խնդիրների շարքում նշվում է այն հանգամանքը, որ վառարանները հաճախ բավականին կեղտոտ են լինում՝ լցված մոխրով ու փոշիով: Միանգամյա օգտագործումից հետո կիզարանները պետք է լավ մաքրել, իսկ դա հնարավոր է տևական ժամանակ հետո, երբ դրանք սառչում են: Սակայն շատ դեպքերում մաքրում տեղի չի ունենում, որով և մի վառված դիակի մոխիրները խառնվում են հաջորդ վառվածի մոխիրների հետ: Ուրեմն, դիակիզարանների մասին նախ պետք է ամբողջական և ընդարձակ տեղեկություններ տրամադրել՝ ներկայացնելով դրանց դրական և բացասական կողմերը, որպեսզի մարդիկ կարողանան ընտրություն կատարել:
Սփյուռքի մեր թեմերում պատահում են Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդների դիակիզման դեպքեր` նրանց իսկ ընտրությամբ: Այդպիսիներին Եկեղեցին չի մերժում, նրանց հարազատներին չի հեռացնում Եկեղեցուց, չի զրկում Հաղորդությունից, և հոգևորականները ներկա են լինում գերեզմաններում: Թաղման կարգ չի կատարվում, սակայն կատարվում է հոգեհանգստյան կարգ: Հոգևորականն աղոթում է մահացածի հոգու խաղաղության և հանգստության համար, խնդրում Աստծո Սուրբ Հոգու մխիթարությունը մահացածի հարազատներին: Հարության պարագայում Աստված, իհարկե, կարող է նաև մոխիրները վերածել հարուցյալ մարմինների, քանի որ Նա, Ով ոչինչից ստեղծեց աշխարհը, մարդուն, տիեզերքը, կարող է նաև արդեն գոյություն ունեցող տարրերից նոր գոյավորման բերել: Այսպես է բացատրում նաև Սուրբ Գրիգոր Տաթևացին, երբ խոսում է մի ձկան մասին, որը մարդ է կերել, և հետո մի ուրիշ մարդ բռնել և կերել է այդ ձկանը: Բայց և այնպես, ամեն դեպքում պետք է հիշել, որ Հայ Առաքելական Եկեղեցին չի խրախուսում դիակիզումը:
6. Մի՞թե մարդն ազատ չէ իր մարմնի ճակատագիրը տնօրինելու և ինքը որոշելու, թե մահանալուց հետո ինչպես է ուզում թաղվել: Չէ՞ որ հոգին ավելի կարևոր է, քան մարմինը, և, հետևաբար, մարմնին վերաբերող հարցը պետք է երկրորդական համարել:
Երբ ասում ենք, որ հոգին ավելի կարևոր է, քան մարմինը, նկատի ունենք, որ մարմինը ևս կարևորություն ունի, և հոգին առավել կարևոր է: Այդ խոսքով շեշտվում է նաև մարմնի կարևորությունը: Քրիստոս ևս այսպես ուսուցանեց՝ ասելով. «Ձեր հոգու համար հոգ մի՛ արեք, թե ի՛նչ պիտի ուտեք կամ ի՛նչ պիտի խմեք, և ոչ էլ ձեր մարմնի համար, թե ի՛նչ պիտի հագնեք. չէ՞ որ հոգին ավելին է, քան կերակուրը, և մարմինը` քան զգեստը» (Մատթ. 6.25): Քրիստոնեությունը տարբերվում է մյուս կրոններից մարմնի և նյութի վերաբերյալ հարցերում: Բուդդայականության մեջ մարմինն արգելք է հոգևոր աշխարհ անցնելու, և այս կրոնի հետևորդը նպատակ ունի կյանքի ավարտին ի վերջո ազատվելու նյութական աշխարհից և հասնելու երանելի վիճակի, խաղաղության` նիրվանայի: Բուդդայական ավանդության մեջ նիրվանան նկարագըրվում է որպես տանջանք պատճառող կրակի` կապվածության, անգիտության հանգչում, որով տանջանքները վերջանում են և գալիս է լիակատար հանգիստը: Հինդուիզմում նպատակն է ի վերջո ազատվելու վերամարմնավորումներից և միանալու Բացարձակ հոգևորին: Մարմնի մասին յուրահատուկ պատկերացում կար նաև հույների մոտ, հունական փիլիսոփայության մեջ: Պլատոնը հունարեն «մարմին` սոմա» բառը ստուգաբանում է որպես «գերեզման` սեմա» բառից առաջացած՝ ուսուցանելով, որ մարմինը հոգու բանտն է, և կյանքի ավարտին հոգին ազատություն է գտնում ու հեռանում բանտից: Դրա համար էլ, երբ Արիսպագոսում Պողոս առաքյալն աթենացիների դիմաց խոսում էր Քրիստոսի մասին, նրան ուշադրությամբ լսում էին, բայց հենց առաքյալն սկսեց խոսել հարության մասին, նրան ծաղրեցին (Գործք 17.32), որովհետև հույների համար հարությունը նույնն էր, ինչ բանտից ազատված մարդը, ազատություն գտնելով, նորից վերադառնար բանտ:
Սակայն քրիստոնեական ընկալումը բոլորովին այլ է: Քրիստոնեության մեջ մեծապես կարևորվում է նյութը: Աստված ոչնչից ստեղծեց նյութը, տիեզերքը, աշխարհը, մարդուն: Աստված, որ հոգի է և մարմին չունի, հանուն մարդկության փրկության նյութականացավ, մարմին առավ: Նաև համընդհանուր հարության ժամանակ մարդիկ հարություն են առնելու գերեզմաններից նոր, կատարյալ մարմիններով: Այս առումով կարելի է ասել, որ քրիստոնեությունը նաև մատերիալիստական կրոն է, որովհետև քրիստոնեության մեջ մեծ կարևորություն է տրվում նյութին, և մարդը համարվում է ոչ միայն հոգի, այլ հոգու և մարմնի` այս երկուսի միավորությունը: Դրա համար էլ նաև թաղման արարողությունը կատարվում է մարդու մարմնի առկայությամբ:
7. Ինչպիսի՞ն է դիակիզման հանդեպ դիրքորոշումն այլ կրոններում և Կաթոլիկ Եկեղեցում:
Դիակիզումը մեծապես ընդունված է բուդդայականության մեջ, հինդուիզմում, ջայնիզմում: Հնդկական կրոնափիլիսոփայությունը կարևորում է դիակիզումը, որովհետև այդ աշխարհայացքի համաձայն` մարդն ստեղծված է հինգ տարրերից` հողից, օդից, ջրից, կրակից և եթերից: Երբ մարդը մեռնում է, նրա բաղադրիչ տարրը կազմող կրակը հանգչում է, դրա համար էլ կրակ են վառում և դիակիզումը կիրառում: Չորս տարրերից կազմված լինելու պատկերացում կա քրիստոնեական հեղինակների, հայ եկեղեցական հեղինակների մոտ, սակայն նրանց տեսակետը արմատականորեն տարբերվում է հնդկական փիլիսոփայության կարծիքներից` քրիստոնեական վարդապետության վրա հիմնված լինելով: Դիակիզումը կիրառվում է նաև այն մտայնությամբ, որ դա օգնում է հոգուն արագ ազատվել մարմնից: Սակայն հնդկական կրոններում երբեք չեն դիակիզում սրբերին ու երեխաներին, այլ նրանց հիմնականում թաղում են: Բացատրությունն այն է, որ սրբերն արդեն կապվածություն չունեն մարմնի, մարմնականի հետ և նրանց հոգիները կարող են հեշտությամբ ազատվել մարմնից, նույնպես և երեխաներն իրենց վաղ տարիքի բերումով չեն հասցրել մարմնին, նյութականին մեծապես կապվել և հարկ չկա նրանց մարմինները վառելու` հոգիներին մարմիններից ազատվելու գործում օգնելու համար: Հնդկաստանում մահացած ամուսինների դիակիզման ժամանակ նաև նրանց կանայք են նետվում կրակը` ամուսինների հետ վառվելու: «Սատի» կոչվող այս սովորույթի ծագման պատճառը, ըստ կարծքներից մեկի, ոչ միայն կրոնական է, այլև սոցիալական, քանի որ հնդկական հասարակության մեջ մեծ դժվարություններ են ծագում այրիների համար: Այս իրողությունը հակադրվում է Աստվածաշնչին, որը բազում պատվերներ ունի այրիների իրավունքը հարգելու, պաշտպանելու, նրանց հոգ տանելու համար (Ելք 22.22, Բ Օր. 10.18, 27.17, Սաղմ. 67.6, 145.9, Առակ. 15.25, Եսայի 1.17, 10.2 և այլն): Մինչև 1947 թվականը Հնդկաստանում օրենքով չէր արգելվում ողջ կանաց վառվելը դիակիզվող ամուսինների կրակի մեջ, սակայն հետո դա արգելվեց: Այդ արգելքը, սակայն, հիշյալ սովորույթը չդադարեցրեց, և գյուղական, գավառական շրջաններում, չնայած մտավախությունը կա օրենքով պատժվելու, դարձյալ շարունակվում է ողջ կանանց՝ ամուսինների դիակների հետ վառելու սովորույթը: Հնդկաստանում կիրառվում է բաց տարածության մեջ կատարվող դիակիզումը, սակայն մեծ քաղաքներում գործում են դիակիզարանները:
Բողոքական եկեղեցիները և Կաթոլիկ Եկեղեցին այսօր ընդունում են դիակիզումը, սակայն Կաթոլիկ Եկեղեցում արարողություն է կատարվում միայն մարմնի առկայության պարագայում, դիակիզումից առաջ: Սուրբ Գրիգոր Տաթևացին Վերջին օծման խորհրդի, ննջեցյալ քահանաների մարմինը մյուռոնով օծելու մասին խոսելիս մեծապես կարևորում է հուղարկավորության արարողության համար մարմնի ներկայությունը: Մարմնի օծումով, մարմնի վրա կատարվող արարողությամբ հոգու վրա ներգործելու փաստը բացատրելով` Տաթևացին ասում է. «Երբ հոգին միավորված էր մարմնին, միությամբ ներգործ էին ամենայն մարմնական իրողությունները: Իսկ այժմ, երբ բաժանված են մարմինն ու հոգին` բաժանմամբ ևս հոգուն հասնում են բոլոր սրբությունները»:
Եկեղեցում պատարագի ընթացքում դրվում է մարմինը, որի ներկայությամբ հոգևորականը համապատասխան կարգն է կատարում, այնուհետ մարմինը տանում են դիակիզարան: Սակայն Կաթոլիկ Եկեղեցում արտոնություն կա նաև արդեն դիակիզված մոխրով աճյունասափորի առկայությամբ կարգը կատարելու, եթե բացառիկ անհրաժեշտություն է եղել մինչև եկեղեցական կարգի մատուցումը մարմինը դիակիզելու: Այս պարագայում արարողությունն անելու հնարավորությունը թողնվում է հովվական գթասրտությանը: Այսինքն` եկեղեցու հովիվը, քննելով պարագան, լիազորություն ունի իր որոշմամբ թաղման կարգը դիակիզված մարմնի մոխիրների վրա կատարելու: Այդ դեպքում աճյունասափորը եկեղեցում դրվում է այնտեղ, որը նախատեսված է ննջեցյալի համար, և նույնությամբ կատարվում է ծեսը: Կաթոլիկ Եկեղեցում արգելված է դիակիզումը նախըտրած ննջեցյալի համար որևէ կարգ կատարել, եթե նրա նախընտրությունը կապված է մարմինների հարությունը մերժելու համոզմունքի հետ: Բայց եթե հայտնի է, որ մարդու նման նախընտրությունը հարության մերժում չէ, ապա հուղարկավորության կարգ կատարվում է:
8. Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ դիակիզման նախապատվությունն ընդհանրապես:
Քրիստոնեության մեջ մեծ դերակատարություն ունեն արարողությունները, որոնց ընթացքում գործածվող առարկաները, խորհրդանշանները օգնում են կրոնական կարևոր գաղափարները, գիտելիքները մատուցել նաև արարողության պերճախոս լեզվով և դրանք ամրապնդել հավատացյալների գիտակցության մեջ: Թաղման արարողության ժամանակ մահացածի մարմինը հիշեցնում է ննջեցյալ լինելու, փոխաբերական իմաստով քնած, ննջած վիճակում լինելու, մահացածի` հետագայում մարմնով հարություն առնելու մասին: Դեմքով դեպի արևելք դրվելը և գերեզմանոցում այդ դիրքով թաղվելը հուշում է արևելքից Քրիստոսի երկրորդ գալստյան մասին, երբ պիտի տեղի ունենա ընդհանրական հարությունը (Հովհ. 11.23-24, Գործք 17.31, 24.15, Ա Կորնթ. 15.12, 20-22, 51-53): Հողի մեջ դրվելը, «հող էիր և հող պիտի դառնաս» (Ծննդ. 3.19) արտահայտությունը` կրկին բերում են ակնարկը Աստծո արարչագործության, ողջ տիեզերքի և մարդու` Աստծո կողմից ստեղծված լինելու, մարդ արարածի` հողից արարված լինելու (Ծննդ. 2.7) և հետո հոգևոր ու կատարյալ մարմնով հողից վեր հառնելու մասին (Ա Կորնթ. 15.42-44): Դիակիզման լայնորեն կիրառման դեպքում թաղման ու հարության հետ կապված արարողության խորհրդանշանները կդադարեն գործադրվելուց, որով ամեն հուղարկավորության ժամանակ շեշտվող և բացատրվող վերոնշյալ իրողությունների մասին գիտակցությունը կարող է աղոտանալ հավատացյալների մոտ, և գուցե միտում ի հայտ գա մարմնի հարությունը մերժելու կամ անտեսելու:
Ադամ քահանա Մակարյան «Ոչ միայն հացիվ»
Սուրբ Էջմիածին 2016թ.