Տյառնընդառաջի (նշանակում է «Տիրոջն ընդառաջ գնալ» կամ «Տիրոջն ընդառաջ դուրս գալ») խորհուրդը Տիրոջն ընդառաջ գնալու հրավերն է. ինչպես նա` Քրիստոս, խոնարհվեց ու դեպի մեզ եկավ` մեր փրկության համար, այդպես էլ մենք պետք է գնանք Նրան ընդառաջ`աստվածահաճո գործեր կատարելով, մեր կյանքը նվիրելով Աստծուն, քայլելով Նրա ճանապարհով և դրանով արժանի դառնալով Տիրոջ պատկերին ու նմանությանը:
Մարդացած Փրկիչն ամեն պահ դիմում է մեզ. «Եկեք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և Ես ձեզ կհանգստացնեմ» (Մատթ. ԺԱ 28): Հաջորդ քայլը մերն է: Յուրաքանչյուրս պետք է անսանք Տիրոջ ձայնին, քանզի ով Նրա հետևից է գնում, «խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կյանքի լույսը» (Հովh. Ը 12):
Քրիստոսը հաղթեց մեղքի ու խավարի իշխանությանը, Նրա մարդկությամբ խոնարհվեց աստվածությունն ու աստվածությամբ բարձրացավ մարդկությունը, մենք փրկվեցինք ու հաշտվեցինք Տիրոջ հետ: Նա ճշմարիտ ազատություն պարգևեց մեզ`աճելու և զարգանալու Իր անսպառ շնորհների տակ և լինելու Աստծո արքայության որդիներն ու ժառանգորդները: Ամեն հավատացյալ, ով խոնարհվում է Նրա անզուգական պատարագի ու խաչի առաջ, բարձրանում է և արժանի լինում Աստծո արքայությանը: Քրիստոսն է լույսի և ճշմարտության հավիտենական աղբյուրը, որից բխել են աշխարհի բոլոր ճշմարտությունները: Իրենով դեպի արքայություն դիմողին Նա պարգևում է աստվածային շնորհներն ու երջանկությունը: Նա օրինակ է մեզ` իրեն հետևելու, որ բարոյականությունը, առաքինի կյանքն ու աստվածսիրությունը ոչ թե կեղծ փարիսեցիների պես արտաքուստ ցույց տրվի, այլ բխի մարդու ներքին աշխարհից ու համոզմունքից:
Քրիստոսի մեջ էր մարմնացած առաքինությունը, հեզությունն ու խոնարհությունը, կատարյալ ներդաշնակությունը կյանքի, զգացմունքի ու կամքի մեջ: Վեհություն ու պարզություն, ճշմարտության խստություն ու հայրական քաղցրություն, հեզություն և արիություն, խոնարհություն ու հաստատամտություն, կարեկցություն ու սեր, արդարություն, աստվածսիրություն, ընկերասիրություն, և այս ամենը թե՛ ընկերների, բարեկամների, գիտնականների, թե՛ թշնամիների ու տգետների հանդեպ: Եվ բոլորս մեր տեղն ունենք Աստծո արքայության մեջ, երբ մոտ ենք Տիրոջն ու կատարում ենք Նրա պատվիրանները, ապրում իսկական քրիստոնյային վայել կյանքով:
«Սիրեցե՛ք ձեր թշնամիներին, օրհնեցե՛ք ձեզ անիծողներին, բարություն արեք ձեզ ատողներին և աղոթեք նրանց համար, որ չարչարում են ձեզ ու հալածում, որպեսզի…որդիները լինեք ձեր Հոր, որ երկնքում է, քանի որ Նա իր արեգակը ծագեցնում է չարերի ու բարիների վրա և անձրև է թափում արդարների ու մեղավորների վրա» (Մաթ.Ե44-46): Ահա սա է ճշմարիտ աստվածնմանությունը, չարի դեմ պայքարն ու Աստծո ճանապարհը, որ «նեղ դռնով» ներս մտնենք, «որովհետև լայն է այն դուռը և ընդարձակ այն ճանապարհը, որ դեպի կորուստ է տանում, ու շատերն է են նրանով մտնում, քանի որ նեղ է այն դուռը ու նեղվածք այն ճանապարհը, որ դեպի կյանք է տանում, ու քչերն են այն գտնում» (Մաթ. Է 13-15): Այս ճանապարհին մեզ ոգևորողը Սուրբ Հոգին է, առաջավար լույսը` մեր սուրբ հավատքն ու հավատամքը:
Իսկ ինչպե՞ս պայքարել չարի որոգայթների, աշխարհիկ գայթակղությունների ու փորձությունների դեմ, ո՞րն է մեր փրկության երաշխիքը: «Մարդկանց կյանքի ուժ տալու, ապրելու երաշխիքն Աստծո անխաբ խոստումն է, որ մեզ ապահովում է բոլոր գործերում»,-ասում են մեր սուրբ հայրերը: «Քո գործերը Տիրոջը հանձնե, և քո խորհուրդները պիտի հաստատվին» (Առակ. 16.3): Ամեն պահ Տիրոջ օգնությանն ապավինելով, Նրան հետևելով` մենք կարող ենք հաղթահարել ժամանակավոր ու աշխարհիկ ամեն արգելք ու խոչընդոտ` առաջ ընթանալով դեպի կատարելություն:
«Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը, ոչ ոք Հոր մոտ չի գա, եթե ոչ իմ միջոցով» (Հովհ. ԺԴ 6): Այս է Տիրոջ պատվիրանը, որ վերցնենք մեր խաչն ու քայլենք Նրա հետևից: Այս կյանքում ամենքս էլ կրում ենք մեր խաչը` դժվարությունների, հոգսերի ու մտահոգություններ ժանր բեռը, մեր խնդիրն այն արժանապատվորեն կրելն է` համբերությամբ, առանց տրտնջալու, և, որ ամենակարևորն է, առանց ուրիշներին ցավ պատճառելու: Հնարավորինս օգնել մարդկանց, տալ նրանց լավագույնն ու նվիրականը. այս է ճշմարիտ քրիստոնյայի նպատակը և ճանապարհը` մոտենալու Աստծուն: «Տո՛ւր նրան, ով քեզնից խնդրում է, և ով կամենում է քեզնից փոխ առնել, երես մի՛ դարձրու նրանից» (Մաթ. Ե 42): «Վերջիվերջո դուք կհամոզվեք, որ այդ ամենը եղել է Աստծո և ձեր միջև, և ոչ երբեք ձեր և նրանց միջև»,-ասում է Մայր Թերեզան:
Իսկական քրիստոնյայի կոչումը Տիրոջը հաղորդակից լինելն է, իբրև Աստծո պատկեր` Նրա իմաստությունը, սրբությունը, արդարությունն ու սերը կրելը, Աստծո հետ միանալը, քանի որ աստվածայինը, բարձրագույնն ու վեհագույնը միմիայն Նա կարող է տալ մեզ: Աստծու արքայությունը մտնել տենչացողը չպետք է աչք ունենա այս աշխարհի և որևիցե հարստության վրա, «Գանձեր դիզեք ոչ թե երկրի վրա, այլ երկնքում, որտեղ ցեցն ու ժանգը չեն փչացնում, և որտեղ գողերը անցք չեն փորում ու չեն գողանում».(Մաթ. Զ 19 ) ուսուցանում է Տերը, և մեր կառուցած շենքն այնտեղ հաստատուն ու կայուն լինի, այլ ոչ ավազից` անհաստատ ու շարժուն:
Ապրենք ճշմարիտ կյանքով` ընդառաջ գնալով Տիրոջը` Նրա պատվիրանները կատարելով, և այստեղ ռուս մեծ գրող Լ. Տոլստոյի խոսքերը հնչում են որպես լավագույն բանաձևում. «Գրված է. «Խնդրեցեք Աստծո արքայությունը, մնացածը ավելիով կտրվի ձեզ՚, մինչդեռ մենք միշտ փնտրում ենք «մնացածը», և, իհարկե, չենք գտնում»: Խնդրենք Աստծո արքայությունը, և Տերը կլսի ու կօգնի մեզ:
Աղբյուր` «Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթ, 2012, փետրվար Ա, թիվ 3, հեղինակ` Մարիամ Ավետիսյան