Եւ արդ, որովհետեւ Աստուծոյ շնորհներով [քաղելով] աստուածային Գրքերից, փոքր ի շատէ պատմեցինք բարի գործերի մասին, թէ որոնք են, որ մեզ Աստուծոյ մշտնջենաւոր ցնծութեանն ու պայծառ հանգստեանն են արժանացնում, [այժմ] ժամանակն է, ո՛վ աստուածաստեղծ եւ բարձրագահ իշխան, աստուածային Գրքերի միջոցով քննել նաեւ այս, թէ ինչ է դժոխքը, եւ կամ ինչ են նրա չարչարանքները: Չար է դժոխքի անունը մարդկանց լսողութեան համար, եւ չար է նրա յիշատակը, քանի որ այն չի օրհնւում նրանց մտքում: Բոլոր արարածները սարսափում են նրանից ու անարգում նրան եւ նրա ստեղծման [պատճառը]:
Իսկ արդարները ցնծում են, որովհետեւ չեն երկնչում նրա չարիքից եւ փառաբանում են նրա Արարչին: Եւ բոլոր աստուածային Գրքերը սաստում են մեզ նրանով, ինչպէս երկսայրի դառնագոյն սրով: Չար եւ դառնագոյն են նրա տանջանքները, քացախահամ, դաժան հոտով, եւ լեղի են այն սիրողների քիմքում: Հայր Աստուծոյ մարգարէները ատեցին այն, իսկ Բան Աստուծոյ ընտրեալ առաքեալները ոտնակոխ արեցին նրա զօրութիւնը: Մարտիրոսներն ու բոլոր սուրբերը լցուեցին Աստուծոյ Հոգու շնորհներով եւ նզովեցին այն:
Եկէ՛ք եւ մենք, ո՛վ Աստուծոյ սիրելիներ, այս վերջին ժամանակներում Երրորդութեամբ փրկուածնե՛ր եւ պահպանուածնե՛ր, լի բերանով թքենք նրա վրայ եւ որքան ցանկանում ու սիրում ենք Աստծուն, փախչենք նրա չարիքներից: Բայց արդ, աստուածային Գրքերում սովորութիւն կայ ամէն նեղ ու խաւար վայր դժոխք կոչելու, իսկ թագաւորների եւ իշխանների խօսքի սովորութեամբ մահապարտին բանտարկելու տեղն են կոչում դժոխք եւ խաւարի տուն:
Նմանապէս չար ճանապարհը, մացառուտ ու անհանգիստ վայրն է դժոխք անուանւում: Դժոխք են ասում կաթացող տանը եւ խաւար գիշերին, երբ ուղեկցւում է չար հողմով եւ հիւսիսային խստութեամբ համակուած սաստիկ անձրեւով: Իսկ աստուածային Գրքերը նաեւ այս աշխարհն են դժոխք անուանում՝ դրախտի բարւոք վայելքի եւ ճոխ հանգստի հետ համեմատած, որովհետեւ Ադամը որպէս մահապարտ նետուեց անէծքների այս աշխարհը: Դժոխք են կոչւում նաեւ գերեզմանները, որովհետեւ չարակերպ է նրանց տեսքը, նեղ եւ անձուկ: Ըստ գրուածի, որ ասում է. «Ոչ թէ նրանք, ովքեր դժոխքում են, կօրհնեն Քեզ», նաեւ՝ «Ով է, որ կփրկի իր անձը դժոխքից»: Դարձեալ ասւում է. «Դժոխքը երկրի խաւարային մի տարածք է՝ լի արհաւիրքներով ու ահաւոր թնդիւններով, նեղ եւ յոյժ խորը քարակարկառների եւ մացառուտ ժայռերի մէջ», եւ՝ «Մինչեւ Քրիստոսի գալուստը սատանան այնտեղ էր պահում մարդկանց հոգիները»: Եւ դարձեալ ասում է. «Սանդարամետում է դժոխքը, ուր իջաւ Սադայէլը իր բոլոր չար դեւերով հանդերձ»: Եւ դարձեալ՝ «Դառն ու գարշահոտ ծովերի եւ դաժանակերպ լեռն երի յոյժ խորքերում է դժոխքը, այնտեղ, որտեղ շնական պիղծ դեւերը խառնակւում են չարակերպ եւ գարշահոտ վիշապների հետ: Եւ նրանց չարահոտ գոլորշին բարձրանալով՝ օդի միջոցով տարածւում է աշխարհում եւ դառն ցաւերով հիւանդութիւն է բերում մարդկանց վրայ»: Իսկ մարգարէն Բաբելոնն ու Եգիպտոսը դժոխք համարեց Իսրայէլի համար, որովհետեւ այնտեղ սաստիկ տանջում էին նրանց:
Իսկ Տէրն ասաց, որ դժոխքը այս աշխարհից դուրս գտնուող թանձրամած խաւար է՝ նման Աստուծոյ հրամանով Եգիպտոսում պատահածին, որը կատարուեց Մովսէսի ձեռքով: Այն խորագոյն տեղ է՝ լի հրախառն խաւարով ու ծծումբով, նաեւ՝ սաստկագոյն ու չարակսկիծ սառնամանիքներով: Եւ Տէրն հրամայում է այնտեղ հանել ձախակողմեաններին՝ ասելով. «Դո՛ւրս հանէք նրանց դէպի արտաքին խաւարը»: Քանզի այս աշխարհը, ուր բնակուած է մարդկային ցեղը, դրախտ եւ Աստուծոյ տուն է դառնալու: Եւ օրէնք չէ, որ մահապարտին թագաւորի տանը կամ քաղաքում սպանեն, այլ բնակավայրից դուրս:
Նմանապէս աստուածատես Յովհաննէս աւետարանիչը պատմում է իր աստուածացոյց եւ սուրբ տեսիլքում. «Տեսայ, եւ ահա Վերին Երուսաղէմից դուրս ճզմւում էր Աստուծոյ հնձանը: Այն շատ մեծ էր եւ հազար վեց հարիւր ասպարէզ հեռու, իսկ արիւնը հասնում էր մինչեւ ձիու սանձը»:
Աստուծոյ հնձան է կոչւում դժոխքը, որը շատ մեծ է, որովհետեւ բոլոր մեղաւորներին հաւաքելու տեղն է: Ինչպէս ողկոյզն է ճզմւում հնձանում, այնպէս էլ հրեշտակների դասերը կճզմեն եւ կհարուածեն մեղաւորներին դժոխքում: Հազար վեց հարիւր ասպարէզը ցոյց է տալիս, որ դժոխքը շատ հեռու է արքայութիւնից՝ ըստ այնմ, որ Աբրահամն ասաց մեծահարուստին. «Մեծ է վիհը մեր եւ ձեր միջեւ»: Արիւնը խորհրդանշում է չար կսկիծն ու ողորմելի, դառնագոյն հառաչանքները, որոնցով աղաչում էին հրեշտակներին: Ձին տանջող հրեշտակն է, իսկ սանձը՝ Աստուծոյ հրամանը, որ նրանց վրայ էր: Եւ այնպիսի դառնագոյն ողբերով էին հառաչում մեղաւորները, որ հրեշտակները փոքր-ինչ դադար տան:
Գիտուններից եւ իմաստուններից մէկ ուրիշը, որին Բենիկ էին կոչում, նոյնպէս պատմեց դժոխքի մասին. այն Աստուած ցոյց տուեց նրան, եւ նա գրեց ի շահ լսողների: Ասում է. «Տեսայ, եւ ահա յոյժ մեծ մի ծով, որն հրեղէն էր եւ եռում էր՝ լեռնացած [ալիքների] նման յորձանք տալով անդունդներից, այն բարձրաբերձ բլուրն երի պէս կուտակուելով, վեր բարձրանալով՝ ծածկել էր բոլոր արարածներին: Նրա ահաւոր որոտումներից դողում էին անդունդները, եւ շարժւում էին աշխարհի հիմքերը: Լսւում էին որոտի ու հրեղէն վիշապների ձայներ, նաեւ նրանց ատամների կրճտոցն երը, որոնք սասանեցնում էին արարածներին եւ քանդում իմ ոսկորները: Տեսայ, եւ ահա լեռների նման կրակի բովեր էին դուրս գալիս անդունդներից եւ շրջում հրամած ծովում: Նրանց բերանից բոցերը ցայտում էին գետերի պէս եւ լցւում էին հրամած ծովը: Իսկ հրամած ծովում միւսներից երիցս մեծ ու դառնատեսիլ մի բով կար, նրա միջից սաստիկ եռալով հուր էր դուրս գալիս՝ խռիւի պէս այրելով մնացածներին: Ես, նրա ահից ահ ու դողով համակուած, սարսափով լցուած, կանգնել էի: Եւ ասացի. «Վա՛յ Ադամի սերունդներին»: Ինձ մօտ կար մէկը, որն ասաց ինձ. «Տե՛ս, մարդո՛ւ որդի, եւ մտապահի՛ր, ահա ասում եմ քեզ, որ սա է անշէջ հուրը: Այդ բոցերը մեղաւորների տանջարաններն են: Իսկ այն մեծագոյն բովը, որ գտնւում է հրամած ծովում՝ միւսների միջեւ, դժոխքի որովայնն է, այնտեղ տանջւում են սատանան իր դեւերի հետ միասին եւ բոլոր մեծագոյն մեղաւորները, որոնք կատարեցին նրա կամքը ու չզղջացին»: Եւ դարձեալ՝ նայեցի երկրորդ անգամ, եւ ահա հրամած ծովը լցուեց հրեղէն վիշապներով, որոնք եռալով կուտակւում էին իրար վրայ. նրանք լեռների պէս մեծ էին, հուրը գետի նման հոսում էր նրանց բերանից, եւ նրանց ռունգերից, ինչպէս հնոցից, ծուխ էր բարձրանում: Եւ նրանց՝ անդունդից դուրս գալուն պէս դողացին աշխարհի հիմքերը, իսկ որոտումներից պատառոտուեցին լեռները:
Ինձ հասաւ մի ձայն, որն ասում էր. «Տե՛ս, մարդո՛ւ որդի, դրանք հրեղէն որդերն են, որ ծնեցին մեղաւորներն իրենց վաւաշոտ ախտերով ու գարշելի ցանկութիւններով: Դրանք աճում են, մինչ եւ կլինի համընդհանուր յարութիւն, եւ հրեղէն ծովը կծածկի արարածներին: Երբ մեռելները յարութիւն առնեն, արդարների դասերը այս հրից կվերցնեն լոյսն ու թեթեւութիւնը եւ կբարձրանան Քրիստոսին դիմաւորելու: Իսկ մեղաւորները կմնան թանձր մրուրի, նրա այրող զօրութեան ու հրեղէն վիշապների մէջ: Այդ հրեղէն վիշապները, որոնք Սուրբ Գրքում կոչւում են անքուն որդեր, շրջում են. ինչպէս որդին՝ մօրը, այնպէս նրանք կգտնեն մեղաւորներին, ովքեր իրենց վաւաշոտ ցանկութեամբ ծնեցին եւ զղջմամբ ու արտասուքով չսպանեցին նրանց, ժանիքներով կբռնեն եւ յաւիտեանս յաւիտենից կքամեն նրանց: Եթէ չես հաւատում ասածիս, ահա խօսքիս ամենամեծ վկայութիւնը. երբ ննջեցեալին դնում են գերեզման, քահանան Սուրբ Գրքից կարդում է նրա վրայ. «Ցանկութիւնը կանցնի, իսկ որդը չի մեռնի»: Ասուածի իմաստն այս է. մարդո՛ւ որդի, ահա մեռար, մտար գերեզման, հող դարձար, անցաւ եւ վերջացաւ քո գարշելի ցանկութիւնը, բայց այն որդը, որը ծնեցիր քո իսկ մեղքով, հրի մէջ է գտնւում եւ կմնայ մինչեւ քո յարութեան օրը: Արդ, մեր Տէրը յաւիտենական անուա-նեց տանջանքները, լացն ու ատամների կրճտոցը եւ սրով մէջտեղից հատելը: Եւ այս սաստիկ չարչարանքների մասին ասաց, որ մեղաւորները սարսռալի կսկիծից չեն կարողանում խօսել, տեսնել, ճանաչել իրար, ոչ էլ՝ գթալ, որովհետեւ հուրը լճացած խաւար է, իսկ չարչարանքները դառնագոյն են: Այնտեղ կան նաեւ չար դահիճների պէս խիստ ու դաժանատես տանջող հրեշտակներ, որոնք հրեղէն գաւազաններով անխնայ խփում են մեղաւորներին: Այնտեղ խստագոյն սառնամանիք է, որն հրից առաւել խիստ է այրում ու մորմոքեցնում: Այնտեղ է անհանգիստ տարտարոսը, ուր անդադար տարուբերելով՝ միշտ խփում են մեղաւորներին: Սա էր, որ տեսաւ սերովբէատես Եսային եւ ասաց. «Ո՞վ պիտի պատմի ձեզ, թէ կրակը բոբոքուել է», իսկ մի այլ տեղ՝ «Նրանց որդը չի մեռնելու, եւ կրակը չի հանգչելու»: Դժոխքի յատակում [մարդիկ] ըստ [գործած] մեղքերի են տանջուելու. կան, որ փոքր-ինչ թեթեւ, կան, որ աւելի պակաս, եւ կան, որ շատ քիչ, սակայն կսկիծն այնքան դառնագոյն է, իսկ չարչարանքն՝ այնքան սարսափելի, որ եթէ մէկին չնչին չափով անգամ բաժին հասնի, կհամարի, թէ բոլոր մեղաւորների ողջ մորմոքն ու կսկիծն իրեն են տուել:
[Մեղաւորներն] այրւում ու տոչորւում են (այդ մասին է ասում աստուածային առաքեալը. «Ապրում են, ինչպէս կրակի մէջ»), սակայն մահը չի տիրում նրանց, որովհետեւ ըստ Տիրոջ խօսքի՝ յաւիտենական են նեղութիւններն ու տառապանքները: Նրանք [այնտեղից] դուրս գալ չեն կարող, այրւում ու խորովւում են միշտ, եւ մահ չկայ նրանց. այս ամէնը վկայում են աստուածային Գրքերը: Իրապէս վա՛յ մեզ, սիրելինե՛րս, եւ եղո՛ւկ Ադամի բոլոր սերունդներին, որոնք եկել են, եւ որոնք դեռ պիտի գան աշխարհ, որովհետեւ եթէ երկնքի եւ երկրի միջեւ եղած անսահման տարածութիւնը լցուած լինէր մանանեխի հատիկներով, եւ մեղաւորները նրանց քանակի չափով միայն մնային տաջանքների մէջ եւ յետոյ դուրս գային այնտեղից, այնպէ՜ս կցնծային ուրախութեամբ՝ համարելով, թէ բնաւ, մի օր անգամ չեն տեսել նրա երեսը: Նրանով ենք առաւել եղկելի ու ողորմելի, որ անցաւոր կեանքում մի փոքր իսկ մեղանչելով՝ ժառանգելու ենք յաւիտենական տանջանքն երը: Արտաքին իմաստասէրները եւս, թէեւ կռապաշտ էին, բայց խօսքը ձեւակերպելով՝ ասացին. «Դժոխքը համատարած ծովի մէջ է, մեղաւորները կանխաւ կանգնած են այնտեղ՝ ջրերի վրայ, եւ շատ մեծ, ահաւոր, լայն, երկսայրի, շատ դառնատես մի սուր մազից կախուած է նրանց գլխավերեւում: Նրանք անքթիթ նայում են դրա սարսափելի տեսքին եւ դրա սպառնալիքից չեն համարձ ակւում խոնարհուել եւ ջուր խմել, այլ լայնատարած ծովի մէջ կանգնած՝ տոչորւում ու տանջւում են ծարաւից»: Ասացին նաեւ, թէ Արամազդը՝ Քրոնոսի որդին, պատրաստեց այն մեղաւորների համար: Իսկ նրա արքայութեան մասին ասացին. «Արամազդի որդին իբրեւ թագաւոր է անհաս գեղեցկութիւն ունեցող ծաղկաւէտ հաճելի դրախտում, որը լցուած է զանազան ծաղիկների անճառ անուշահոտութեամբ, եւ այնտեղ գնում ու բնակւում են արդարների հոգիները»: Եւ արդ, թէպէտեւ տգիտաբար ասացին այս ամէնը, բայց յաջող ձեւակերպեցին, որպէսզի ահ գցեն լսողների մէջ:
Բայց դարձեալ՝ իմացէք նաեւ այս, սիրելինե՛րս, որ աստուածային Գրքերում գտանք եւ Եկեղեցու իմաստուն վարդապետներից լսեցինք, որ մինչեւ Աստուծոյ Որդու գալուստը դժոխքն անհաւատութիւնն ու անյուսութիւնն էր: Եւ տեղին ու յարմար է խօսքս եւ ընդունելի Աստծուն ու մարդկանց, որ այն մարդը, որը յոյսը չի դնում Աստծու վրայ եւ չունի հաւատ, թէ կայ Աստուած եւ ըստ գործերի հատուցում, հոգով ու մարմնով դժոխքում է գտնւում, անգամ եթէ լինի ողջ աշխարհի տէրը: Սատանան Ադամից ծնուածներին կապել էր անյուսութեան եւ անհաւատութեան դառնատեսակ դժոխքում, մինչեւ Բան Աստուած մեզ համար մարդացաւ, [Իր] գիտութեան լոյսը ծագեցրեց մարդկային ցեղի համար եւ մարդկանց միջից հալածեց անյուսութիւնն ու անհաւատութիւնը, որոնք չար դժոխք էին եւ համարձակօրէն մեղանչել էին տալիս: Հիմա էլ կան շատերը, որոնք անյուսութեան դժոխքում են, դուրս չեն գալիս մեղքերից ու վիշապի չար ժանիքներից եւ հաւատով չեն դիմում Աստծուն: Ահա՛, սիրելի՛, սրանք նման են այն մեղաւորներին, որոնց Տէրը քարոզեց դժոխքում, երբ խաչից իջաւ նրանց մօտ: Նրանք չհաւատացին մեր Տիրոջը, բայց Տէրը հանեց եւ ազատեց նրանց, որովհետեւ քանդեց դժոխքը, իսկ վերջին Օրը կրկին այնտեղ պիտի ուղարկի նրանց, որ կատարուի Դաւթի հոգեւոր գիրը, որն ասում է. «Մեղաւորները կրկին դժոխք կընկն են, նաեւ բոլոր նրանք, ովքեր մոռացան Աստծուն»:
Աստուծո՛յ սիրելիներ, նայենք ինքներս մեզ բազում անգամ, քննենք մեր անձերը, որ այսպիսի չարիք չպատահի մեզ, որովհետեւ Տէրը Խաչով ու սուրբ Աւազանով ազատեց մեզ դժոխքից, ուր դարձեալ կմտնենք մեր պիղծ մեղքերի պատճառով: Աստուածախօս Մովսէս մարգարէն այս առիթով ասաց. «Ո՛վ մարդու որդի, քննի՛ր քո անձը. չլինի թէ մոռանաս քո Տէր Աստծուն եւ [ընկն ես] չար մեղքերի մէջ»:
Քննենք օրինակներ, որոնք կատարուեցին առաջներում. Յեսուն աւերելով կործանեց Երիքովը եւ ասաց. «Անիծեա՛լ լինի այն մարդը, ով կվերականգնի այն, որովհետեւ դա դժոխքի օրին ակն է»: Աքաաբի օրերին Ազան Բեդելացին շինեց այն եւ ընկաւ Յեսուի անէծքի տակ:
Այսպէս արեց Տէրը, որովհետեւ խաչի վրա Իր չարչարանքներով քանդեց ու հիմնիվեր տապալեց դժոխքը: Մինչդեռ մարդկանցից շատերը մեղքերով ու անօրէնութիւններով դարձեալ կառուցում են այն, կանգնեցնում են նրա աշտարակը եւ անյուսութեամբ, առանց զղջալու նստում են այնտեղ: Այն ահեղ Օրը նրանք կարժ անանան Յիսուս Քրիստոսի նզովքին, որ պիտի ասի. «Հեռացէ՛ք Ինձնից, անիծեալնե՛ր, դէպի անշէջ հուրը, որովհետեւ Ես Իմ չարչարանքներով քանդեցի դժոխքը, իսկ դուք հեշտացաք մեղքերով եւ [կրկին] կառուցեցիք այն: Եւ արդ, հեռացէ՛ք դէպի ձեր չար շինուածքը»: Այս բոլոր սպառնալիքները ուղղուած են անյոյսներին, որոնք չզղջացին, եւ անհաւատներին, որոնք արհամարհեցին Աստծուն:
Բոլոր սուրբերը սարսափելի չարչարանքներով սպանեցին իրենց մարմինը, ինչպէս օտարի մարմին, ու շատ խնդրեցին Աստծուն, որ փրկի իրենց սառնամանիքներից ու խաւարից, կիզող հրից ու անքուն որդերից:
Եղբայրնե՛ր, եկէք մենք էլ նմանուենք Աստուծոյ սուրբերին եւ կամովին խոստովանենք մեզ դառնացնող մեղքերը, մեր սրտից հանենք, ներենք մեր եղբայրների յանցանքները եւ բաղձալի պաղատանքներով ընկնենք Աստուծոյ առաջ, որ մեզ համար մարդացաւ: Եւ Նրա անարատ ծնող կոյս Մարիամին միշտ բարեխօս ունենանք Նրա մօտ, որ տայ մեզ իմաստութեան եւ զգաստութ եան ոգի՝ չմոռանալու այս անվախճան տանջանքները, եւ պահպանի, որ այս սպառնալիքների ահից սպանենք մարմնի ախտն ու աշխարհի չար ցանկութիւնները եւ սրբութեամբ ապրենք այս կեանքում՝ միշտ սպասելով Նրա երեւալու Օրուան: Եւ դարձեալ՝ ջերմ արտասուքներով եւ մեծ թախանձանքներով աղաչենք Աստծուն, որ Իր բոլոր սուրբերի աղաչանքներով նաեւ մեր ննջեցեալներին փրկի դժոխքից ու նրա դառնակերպ տանջանքներից: Եւ արժանացնի մեզ Իր անճառելի հանգստին Իր բոլոր սուրբերի հետ, երբ գայ փառաւորուելու Իր սուրբերի մէջ եւ յայտնուելու աստուածայինների մէջ Հօր Բանը՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսը՝ բոլորի Աստուածը, Որ օրհնեալ ու փառաւորեալ է միշտ Հօր եւ Սուրբ Հոգու հետ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Վարդան Այգեկցի «խրատներ», «Գանձասար» աստուածաբանական կենտրոն, 1999