ԵՂԻՇԵ Ծ. ՎԱՐԴԱՊԵՏ ՄՈՒՐԱԴԵԱՆ ԱՎԵՏԱՐԱՆն ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ
Փրկչի քարոզության նպատակն էր հիմնել երկրիս վրա աստվածային թագավորություն` արդարութեան եւ հավասարության հիմունքներով, որտեղ չպետք է լիներ աղքատն ու հարուստը, հալածվածն ու հալածողը, ազատն ու ստրուկը, դատավորն եւ դատապարտեալը: Որտեղ տարբերություն չպետք է լիներ հրեաի եւ հեթանոսի, հոյնի ու հռովմեացու, ծառայի եւ ազատի, մարդու եւ կնոջ մեջ: Այդ թագավորության մեջ առաջնությունը, իշխանությունը այն ձեւով, ինչպես որ նա գոյություն ուներ ժամանակակից տերությունների մեջ, գոյություն չպետք է ունենար, մեծությունը պետք է չափվեր ոչ թե ուրիշներին ծառայելու չափով: «Գիտէք՝ զի իշխանք ազգաց տիրեն նոցա, եւ մեծամեծքն իշխեն նոցա, ոչ այնպէս եղիցի ի ձերում միջի. այլ որ կամիցի ի ձէնջ մեծ լինել՝ եղիցի ձեր պաշտօնեայ. եւ որ կամիցի ի ձէնջ առաջին լինել՝ եղիցի ձեր ծառայ: Որպէս որդի մարդոյ ոչ եկն պաշտօն առնուլ, այլ պաշտել եւ տալ զանձն իւր փրկանս փոխանակ բազմաց»: Մատթ. Ի-25 Մարկ. Ժ-24, Ղուկ. Իբ-25:
Որոշելով, թե իր քարոզած այդ արքայության հիմունքն ինչ պետք է լինի, ինչ օրենքներով պետք է կառավարվի քրիստոնեից թագավորությունը, Փրկիչը որոշել է նրա անդամների պարտավորությունը, կազմը, աշխատանքի սկզբունքը եւ այլն, այժմ կանգ առնենք ավետարանական արդարադատութեան վրա: Մենք երեք տեսակ դեպքեր ունենք Ավետարանում արդարադատութեան մասին` Փրկչի պատվերները, մեղավորները Քրիստոսի դատաստանի առաջ եւ Քրիստոս աշխարհի դատաստանի առաջ: Իր քարոզության մեջ Փրկիչը բացե ի բաց արգելում է իրեն հետեւողներին դատավորի պաշտոն վերցնել իրենց վրա եւ մարդկանց դատել, որովհետեւ եթե միայն դատելուց առաջ մի փոքր ինքնաքննութեամբ զբաղվելու լինենք, չենք դատապարտի, որովհետեւ դատապարտեալի հանցանքներից ավելի խոշորների տեր եւ հեղինակ կգտնենք մեզ եւ կարող է գտնվել մի ուրիշը, որ նույն յանցանքների համար կդատի եւ մեզ: «Մի դատէք, զի մի դատիցիք, զի որով դատանաւ դատէք, դատելոց էք եւ որով չափով չափէք՝ չափեսցի ձեզ»: Մատթ. Է-1, Ղուկ. Զ-37:
Մի դատեք, որ չըդատվիք, որովհետեւ ինչ դատաստանով որ դատում էք, դատվելու էք, եւ ինչ չափով որ չափում էք, նույնով կչափեն եւ ձեզ: Մի այլ տեղ կարդում ենք. «Որովհետեւ Աստուած իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ՝ որպէսզի աշխարհը նրանով փրկուի» Յովհ. Գ-17:
Նույնպիսի բազմաթիվ հատվածներ կան նաեւ Ավետարանի այլ գլխներում, բայց առավել խրատական եւ բնորոշ կլինի քրիստոնեական արդարադատությունը, եթե մենք վերցնենք այն դեպքերը, երբ յանցավորներին բերում էին Փրկչի մոտ, նրանից արդարադատություն պահանջում եւ երբ Փրկիչն արտահայտում էր Իր հայեացքը մեղավորների մասին:
Մեկը գալիս է Փրկչի մոտ եւ ասում, վարդապետ, ասա եղբորս, որ ժառանգությունը բաժանի ինձ հետ: Հիսուս ասում է նրան. «… ով կարգեց ինձ դատավոր կամ բաժանարարար ձեզ վերա»: Դառնալով աշակերտներին, ասում է նրանց – տեսեք եւ զգույշ եղեք ամեն տեսակ ագահությունից, որովհետեւ մարդուս կեանքը նրա մթերքներից եւ ստացվածքից չէ: Առաքյալների գործերի եւ Պողոսի ու այլ թղթերի մեջ շատ տեղեր կան, որտեղ անընդհատ շեշտում է, որ Աստված է դատավոր կենդանիների եւ մեռելների եւ եկեղեցին ամեն օր նույնն է կրկնում Իր բազմաթիվ ընթերցվածներով: Բայց այս մասին ավելի շոշափելի օրինակներ կան Ավետարանի մեջ, երբ մեղավորները կանգնում են Քրիստոսի առաջ եւ շրջապատողները սպասում են ու խնդրում Նրա վճիռը: Փրկիչը մի միայն սպասում է մի խորհրդավոր րոպեի, Նա աշխատում է Իր խոսքով ու գործով այնպես տրամադրել յանցավորին, որ նա զգա իր հանցավորությունը եւ անկեղծ կերպով ցանկանա ազատվել նրա ծանրությունից, եւ երբ այդ րոպեն առաջ է գալիս, նա ներում է եւ հորդորում է այլեւս չմեղանչել: Ավետարանում կա մի փոքրիկ գլուխ, որ սքանչելի օրինակ է Քրիստոսի արդարադատության գործադրության եւ աննման ուղեցույց մեր կեանքի համար:
Հրեաները մի օր հանցանքի ժամանակ բռնում են մի կնոջ: Կատաղած ամբոխը քահանաների դպիրների ու փարիսեցիների հետ միասին նրան իրենց առաջն առած բերում են եւ կանգնեցնում Հիսուսի մոտ, նկարագրում են կնոջ հանցանքը եւ ասում, որ Մովսիսի օրենքով այդպիսի կանայք պետք է քարկոծվին: Հիսուս նայում է սարսափահար եղած կնոջը, նայում է կատաղած մարդկանց, հասկանում է, թե որտեղ է հանցավորության պատճառն ու աղբյուրը եւ ասում, թո՛ղ ձեզանից անմեղը գցի դրա վրա առաջին քարը. եւ այս ասելով, գլուխը կախում է ու սկսում է գրել ավազի վրա: Կատաղած ամբոխը խաղաղվում է, շուտով տիրում է զարմանալի հանգստություն եւ վերջը լռություն: Անպաշտպան կնոջ ձայնը չի լսվում քարերի հարվածների տակ: Հիսուս բարձրացնում է գլուխը եւ երբ տեսնում է, որ բացի մեղավոր կնոջից ոչ ոք չկա կանգնած Իր առաջ, հարցնում է, ով կին, ուր են քեզ քարկոծել ցանկացողները: Կինը պատասխանում է, որ նրանք գնացին: Բայց նրանք գնացին այն պատճառով, որ մեջները դատավորության իրավունք ունեցող ոչ մի անմեղ մարդ չըգտնվեց: Փրկիչը ներում է կնոջը եւ պատվիրում գնալ եւ այլեւս չմեղանչել: Ահա քրիստոնեական արդարադատությունը այն արքայության մեջ, որը պետք է կազմեին Փրկչի քարոզության հետեւողները երկրիս վրա եւ որտեղ չպետք է լիներ հարուստն ու աղքատը, տերն ու ծառան – աշխատավորն ու մակաբույծը, «Թէ՝ ով չի ուզում աշխատել, թող հաց էլ չուտի» (Բ. Թեսաղ. Գ. 10), հողատերն ու հողազուրկը, որովհետեւ երկիրն իր ամբողջութեամբ Տիրոջ սեփականություն էր կազմում. «Տեառն է երկիր լրիվ յուրով»:
Բայց առավել վեհ եւ ոգեւորիչ է այն րոպեն, այն պատկերը, երբ ինքը Փրկիչը բերվում է աշխարհի` կայսեր կողմից կարգված դատավորի առաջ, որ եւ կառավարիչ էր ամբողջ Հրեաստանի:
Ո՞վքեր են Փրկչի դատի մատնողները. քահանները, փարիսեցիները, մաքսավորները, դպիրները եւ իշխանները: Ո՞ւմն են աշխարհիս այդ զորավորները գործիք շինում, խեղճութեան եւ խավարի մեջ մնացած ամբոխը, որը հնարավորություն չունի հասկանալու նրանց բուն նպատակը, հետին միտքը: Ինչո՞ւմն են Փրկչին մեղադրում:
Մեղադրում են, որ նա մոլորեցնում է ժշղովրգին, խախտում է գոյություն ունեցող օրենքները, շաբաթը սուրբ չէ պահում, ժողովրդին կայսեր դեմ ապստամբեցնում է եւ հորդորում ու արգելում է հարկ տալ նրան: Հռոմեացի հաստավիզ կառավարիչը ցանկանում է կատարած լինել գեթ որոշ ձեւականություն եւ հարց ու փորձ է անում Հիսուսին: «Դու ես հրեաների թագավորը»: Հիսուս պատասխանում է. «այդ քեզանի՞ց ես ասում, թե ուրիշներն են այդպես ասել քեզ»: Պիղատոսը պատասխանում է, մի՞թե ես հրեա եմ, քո ազգն ու քահանայապետները քեզ մատնեցին ինձ. ասա՛, ինչ ես գործել: «Ես ծնվել եւ աշխարհ եմ եկել, որ վկայեմ ճշմարտութեան, ամեն ոք, որ կողմնակից է ճշմարտութեան, կլսի ձայնս»: Նա այդ շուտ էր ասել Իր աշակերտներին եւ ունկնդիրներին` որ եթե նրանք Փրկչի ճշմարիտ աշակերտ են. կճանաչեն ճշմարտություն և կփրկեն: Պարզ եւ աշխատանքի վարժ ձկնորսներն ու երկրագործները ճանաչել էին Նրա քարոզած արքայության (հավասարության եւ արդարության) Ավետարանը, թողել ամեն ինչ եւ գնացել Նրա հետեւից, բայց այդպես չէր պալատական բազմաթիվ ծառաների, ստրուկների եւ զինվորների տեր Պիղատոսը: Նա առաջին անգամն էր լսում մի մարդուց, որ կար ճշմարտություն, որ այդ ճշմարտությունը վեր է անձնական բոլոր բարիքներից եւ գերագույն, որ նա է միայն մարդկութեան բազմակարոտ կյանքի ամենաուժեղ սպեղանին եւ նրա ետեւից պետք է գնան մարդիկ. ահա այս էր Փրկչի ասածը Պիղատոսին: Իսկ նա, ինչպես աշխարհի բոլոր զորավորներն ու իշխանություն ձեռք բերողները ինքնագոհ եւ ծաղրական շեշտով հարցրեց ճշմարտության անունից խոսող մեծ վարդապետին. «իսկ ի՞նչ է ճշմարտությունը…»: Այդտեղ արդեն Փրկչի դատավճիռը ստորագրված էր: Պիղատոսը երկու հանգամանք պետք է ի նկատի առներ` կայսեր եւ նրան պաշտոնից արձակել տալ եւ այդպես էլ նրանք սպառնում էին եւ ասում, եթե դու Հիսուսին մահվան չը դատապարտես, բարեկամ չես լինիլ կայսեր: Ահա այս պատճառով աշխարհի դատավորը հաշվի առավ ամեն բան բացի արդարությունից, լվաց ձեռքերը եւ նրան, որի անմեղութեան մասին երեք չորս անգամ անձամբ վկայել էր ժողովրդի առաջ, մահվան դատապարտեց եւ Գողգոթա ուղարկեց: Հրճվեցին Հրեաստանի իրավատեր եւ ուժեղ դասակարգերը, պատժի գործադրությունը յանձնեցին ամբոխին եւ ինքնագոհ կերպով տուն դարձան իրենց յաղթանակը փառավորապես տոնելու: Բայց հենց այդ վայրկեանից ապահովվեց ճշմարտութեան հաղթանակը, այդ վայրկեանից միայն անպարտելի դարձավ Փրկչի քարոզը եւ խաչված արդարությունը: Առաքեալներն էլ, որպես ճշմարիտ ավանդապահ իրենց մեծ վարդապետի, բացե ի բաց մերժեցին իրենցից դատավորութեան եւ պատժի իրավունքն ու հասկացողությունը եւ այդպես գործադրեցին հավատացեալների շրջանում: Պողոս առաքեալը Հռովմայեցվոց թղթի առաջին գլխի վերջում թվում է բազմաթիվ հանցանքներ եւ մարդկանց, որոնք իրենց ձեռքն առնելով Աստծո իրավունքը, որոշել են, որ մահվան արժանի են ոչ միայն այդպիսի յանցանք գործողները, այլ եւ նրանց կամակիցները եւ բացականչում է.
«Դու առանց պատասխան տալու պետք է մնաս, ով մարդ, որ դատում ես, որովհետեւ ինչ դատաստանով որ դատում ես ընկերոջդ, քեզ ես դատապարտում, չե՞ որ դու նույնն ես գործում, որի համար որ դատում ես»: Որովհետեւ գիտենք, որ այդպես գործողների համար արդարութեամբ լինելու է Աստուծո դատաստանը: Իսկ արդ, դու որ այդպիսիներին դատում ես եւ ինքդ նույնն ես գործում, միթե՞ պետք է կարողանաս Աստուծո դատաստանից ազատ մնալ: Երբ դու արհամարհում ես նրա երկայնամտությունը, ներողամտությունն ու քաղցրութեան մեծությունը, մի՞թե չգիտես, որ Աստուծո քաղցրությունը քեզ ապաշխարության է հրավիրում միայն, իսկ դու քո խստության եւ անզեղջ սրտի շնորհիվ բարկություն ես պատրաստում քեզ համար Աստուծո հայտնության, արդար դատաստանի եւ բարկության օրը:
Այո՛, քրիստոնեություն դավանողը Ավետարանի ճշմարիտ աշակերտը եւ Փրկչի քարոզած արդարության եւ հավասարության թագավորության ձգտողը երբեք իրավունք չունի մարդկանց դատապարտելու, իրավունք չունի մարդկանց պատժելու եւ պատուհասելու, այլ պարատավոր է առաջ բերել հանցավորի մեջ ապաշխարելու տրամադրություն եւ ըստ այնմ ուղղել նրան: Եւ ավետարանը այլ ճանապարհ, մի այլ ընթացք եւ ուղղություն ցույց տալ չէր կարող, որովհետեւ միշտ էլ կրկնվել է նույնը, ինչ որ տեսնում ենք մեր օրերին – այն` որ հանցավորը դատավոր է հանդիսացել համեմատաբար անմեղին եւ մարդասպանը նույնպիսի կամ ավելի մեղմ հանցանքի համար մահվան պատիժ է ստորագրել մի ուրիշի համար: Քաղցրություն եւ ոչ խստություն, խնամք եւ ոչ թե արհամարհանք, ապաշխարություն եւ ոչ թե պատիժ` ահա ավետարանի արդարադատության միջոցները Փրկչի քարոզած ճանապարհով ընթանալիս, իսկ երբ այլ միջոցներ են գործադրվում, երբ հարկավոր է դատվում դատել եւ հանուն արդարության խլել մարդկանց ազատությունն ու կեանքն անգամ, դա պարզ ապացույց է, որ Փրկչի գծած շավղից վաղուց ենք մոլորվել եւ հեռացել եւ հենց այդ հանգամանքը պետք է հարկադրի մեզ որոնել կորցրած ճշմարտությունը, կրկին ստեղծել այն պայմանները, երբ կարողանանք ապրել մի միայն Ավետարանի մատնանշած արդարադատութեամբ:
Աղբյուր՝ «Արարատի»-ի ժառանգությունը քարոզգիրք, հատոր Ա