«Աստծո կամքը այն է, որ բարեգործները պապանձեցնեն անխելք մարդկանց տգիտությունը» (Ա Պետր. 2:15):
Բարեգործությունը մարդկային նկարագրի մի մաս է եւ սերտորեն կապված է մարդ հասկացության խորքային էության եւ յուրաքանչյուր անհատի հոգեկան ու հոգեւոր հասունության եւ կարողությունների հետ:
Բարեգործությունը առնչվում է դրամի հետ, բայց հավատացե՛ք, որ դրամը բոլորովին էլ միակ անփոխարինելի միջոցը չէ: Բարեգործության արմատն ու ակունքը հավիտենական Աստված է՝ Միակ բարին ու բարերարը. Նա, ով կար աշխարհի ստեղծումից եւ դրամատիրական հարաբերությունների հաստատումից դեռ շատ առաջ: Բարեգործությունը շատ ավելի ընդգրկուն է, քան ողորմությունը, թեեւ Սուրբ Գրքում վերջինը գործածվում է բարեգործության իմաստով: Բարեգործությունը կարող է հետապնդել մի քանի նպատակ. ըստ այդմ, որեւէ մեկը կարող է բարեգործություն անել՝
ա. Հետապնդելով անձնական շահը. փողերի լվացում, եւ սեփական փառքը
բ. սեփական խղճի հանգստության համար
գ. հանդերձյալ կյանքի ձեռքբերման հույսով
դ. Հանուն Աստծո փառքի
Վերջին տարբերակում կարծես թե չկա որեւէ կոնկրետ նպատակ, քանզի տվյալ մարդուց բացի որեւէ այլ մեկը չի տեսնում ո՛չ նպատակը, ո՛չ արդյունքը: Այդպիսի մարդիկ, դեռ չգործած, չեն տարփողում իրենց արված ու չարված գործերը, եւ դրանք հասարակությանը այդպես էլ անհայտ են մնում, իսկ եթե անգամ հայտնի են դառնում, թաքուն են մնում նրանց մտադրությունն ու բուն դիտավորությունը: Հենց այդ պատճառով, այդ մարդկանց գործողությունները հաճախ սխալ են մեկնաբանվում հասարակության կողմից: Մարդիկ աստվածացնում են նրանց, ովքեր իրենց սեփական փառքն են փնտրում, իսկ Ճշմարիտ Աստծո փառքին նախանձախնդիր մարդկանց մեղադրում են ամենահետին նպատակների մեջ: Նրանք, ովքեր տալիս են, քաջ գիտակցելով, որ հազարապատիկը պիտի «հնձեն», ովքեր իրենց մորթված խղճի արյամբ մակաբուծորեն սնված եւ ուռճացած քսակների ավելցուկից են բաժին հանում ու այդ ավելցուկով են գնահատում իրենց համբավն ու «բարի անունը», իրենց տվածը տարփողում են՝ որպես մի անգնահատելի ներդրում հայրենիքին ինպաստ: Նրանք խոսում են ու խոսում, օր ու գիշեր լուսաբանում իրենց սխրանքը ֆոտոխցիկների առաջ եւ լրագրողների շուրթերով, սակայն նրանց արածը չեն տեսնում ո՛չ մարդիկ, ո՛չ Աստված, եւ նրանց անունը չի մնում ո՛չ մարդկանց անցողիկ հիշողության մեջ, ո՛չ էլ գրվում է հավիտենական Աստծո կյանքի գրքում:
Սեփական խղճի հանգստության համար, կարծում եմ պարզ է, որ երկար ժամանակ չի կարելի բարեգործել, քանզի շատ բաներ կան, որ կարող են խեղդել կամ թունավորել խիղճը, որը այդ բարեգործության երաշխավորն է: Կան շատ արդարացումներ, որոնք կարող են թույլ տալ մեր խղճին բարիք չգործել, սակայն «եթե մեկը գիտի, թե որն է բարին, եւ չի անում, այդ նրա համար մեղք է» (Հակ.4;17): Նրանք, ովքեր բարիք են գործում հանդերձյալ կյանքի հույսով, նմանվում են փրկության համար իրենց գործերի վրա հույս դնող հրեաներին, քանզի քրիստոնյան բարեգործում է ո՛չ թե, որպեսզի փրկվի, այլ՝ որովհետեւ փրկված է, հակառակ պարագայում առկա է հրեական մտայնության ազդեցությունը:
Իրական բարեգործության քչերն են պատրաստ, քանզի բոլորն էլ իրենց ակնկալիքներն ունեն՝ փոխարեն իրենց «զոհողության»: Այդ փոխհատուցումը կարող է լինել նյութական եւ անցողիկ. փող, պաշտոն, համբավ, հոգեւոր ու հավիտենական. հանդերձյալի հույս, մերձավորի բարօրություն, այն կարող է ակնկալվել Աստծուց կամ մարդկանցից, բայց լավագույն փոխհատուցումը, որը ակնկալում են քչերը, Աստծո փառքն է: Բարիք գործել հանուն Աստծո փառքի, նշանակում է անել գործեր, որոնք եթե անգամ ծածուկ են, աղաղակում են Աստծո փառքի մասին:
Բարեգործ է այն իմաստուն մարդը, ով գիտի խոսել եւ լռել ժամանակին, այսպիսի մարդը բարեգործում է գաղտնապահությամբ՝ չտարածելով ուրիշների գաղտնիքները, եւ իմաստուն խորհրդատվությամբ՝ ուղղորդելով մարդկանց մտադրությունները դեպի բարին:
Իվերջո, ո՞րն է բարեգործության իմաստը: Բարեգործությունը կամ բարերարությունը՝ բարին արարելը, աստվածնմանության փորձառություն է մեր անցողիկ կյանքում, դեպի միակ նպատակ՝ կատարյալ հավիտենություն առաջնորդող փորձառություն: Բարեգործության սերմերը ծլում են միայն Աստծո Սիրով ջերմացած եւ մեր իրական հայրենիքի՝ Երկնքի Արքայության կարոտի՝ ապաշխարության արցունքներով ոռոգված սրտերում: Բարեգործությունը պարզապես չարիք չգործելը չէ. բարիք գործել՝ նշանակում է գործադրել բարու եւ կյանքի, արարման եւ հարատեւման ուժը: Բարիք գործել՝ նշանակում է զինվել չարի դեմ՝ քաջաբար հաղթելու մտադրությամբ:
Իրական բարեգործը չի մտահոգվում կողքից հնչող կարծիքներից, չի վրդովվում եւ արդարանալու փորձեր չի անում, այլ հարատեւում է բարու մեջ՝ հետեւելով ավետարանական պատգամներին. «Սիրելի՛ս, մի՛ նմանվիր չարին, այլ՝ բարուն. ով բարին է գործում, Աստծուց է. եւ ով չարիք է գործում, նա երբեք Աստծուն չի տեսել» (Գ Հովհ.11):
«Զգու՛յշ եղեք, չլինի թե մեկը չարին չարով հատուցի. միշտ միմյանց հանդեպ եւ բոլորի հանդեպ բարին գործելու հետամո՛ւտ եղեք» (Ա Թես 5;15):
Աղբյուր ՝ «Սյունյաց կանթեղ»
Լիլիթ Հովհաննիսյան