Ի՞նչ է բարեգործությունը

 ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, քրիստոնեական կենցաղավարության ու բարեպաշտության հիմնական և անհրաժեշտ դրսևորում, որն իր մեջ ներառում է. ա. կարեկցանք մերձավորի հանդեպ և բ. բարոյական պարտավորություն կարիքավորների ու չքավորների նկատմամբ: Բարեգործությունը քրիստոնեական առաքինություններից մեկի՝ ողորմության արտահայտությունն է: Նախաքրիստոնեական շրջանի հռոմեացի հեղինակները մերձեցել են մարդասիրության գաղափարին և խոսել կարեկցանքի մասին: Այնուամենայնիվ, հռոմեական շրջանում բարեգործությունը կրել է շղարշված փառասիրության բնույթ (ինչպես, օրինակ, տոների առթիվ դրամ շաղ տալը, բաղնիքների, ամֆիթատրոնների և այլ հասարակական զվարճության վայրերի կառուցումը և այլն):

  Հին կտակարանում բարեգործությունը հանդես է գալիս որպես տկարների նկատմամբ կարեկցանքի արտահայտություն, որը, սակայն, իր ուղղվածությամբ մեկ նպատակ ունի՝ շահել Աստծո բարեհաճությունը: Սկզբնական շրջանում մովսիսական օրենքը կարեկցանքը դիտել է որպես կատարյալ վարքի դրսևորում: Արդարությունն ու բարեգործությունը ընդունվել են որպես հոմանիշներ: Հետագայում, Երուսաղեմի տաճարի կործանումից և զոհաբերությունների հարկադրական վերացումից հետո, բարեգործությունը հրեաների մոտ դարձել է կրոնական պարտականություններից առաջինը: Բոլոր քաղաքներում եղել են ծառայողներ, ովքեր զբաղվել են սինագոգի գանձարկղում շաբաթ օրը հավաքված դրամը, նաև այլ նվիրատվությունները կարիքավորներին բաշխելով: «Երանի նրան, ով մտածում է աղքատի ու տնանկի մասին. փորձանքի օրը Տերը կփրկի նրան» (Սաղմ. 40.1) խոսքը ոչ միայն բարեգործության հորդոր է, այլև աղքատի նկատմամբ պարտականության արտահայտություն:

 Սակայն Հին ուխտի օրենքներով ու հրահանգներով առաջնորդվող հրեական իրականության մեջ բարեգործությունը թելադրվել է ոչ թե ներքին անհրաժեշտությամբ, այլ արտաքին՝ կեղծբարեպաշտական դրդումներով: Բարեգործությունը իր բուն նպատակով ու իմաստով երևան է եկել քրիստոնեության հետ միասին և իր էությամբ ամբողջապես քրիստոնեական է:

 Նոր կտակարանում բարեգործության արտաքին ձևը չի փոխվել, սակայն ձեռք է բերել բացարձակապես հոգևոր բարոյական արժեք ու նշանակություն. շեշտադրվում է բարեգործություն կատարողի ազատ կամքի, ներքին անձնական կարեկցանքի ու սիրո դրսևորումը: Հիսուս Քրիստոսը բարեգործությունը ապարդյուն չի համարում՝ Աստծո նկատմամբ ճիշտ կեցվածք ընդունելու գործում, այլ շեշտում է ճշմարիտ դրդապատճառի անհրաժեշտությունը՝ «հանուն Աստծո»: Նա դատափետում է իր ժամանակի ցուցադրական բարեգործությունը (Մատթ. 6.1–4) և կարևորում ողորմության ներքին բովանդակությունն ու նրանում թաքնված աստվածային օրհնությունն ու երանությունը: Քրիստոնյա առաջին հավատացյալները կամավոր, սիրով հրաժարվել են անձն. սեփականությունից և բաժանել կարիքավորներին:

 Վաղ քրիստոնեական համայնքում սպասավորների առաջին ընտրությունը տեղի է ունեցել հենց ողորմության անաչառ բաշխման նպատակով. յոթ սարկավագներ են ընտրվել սեղանին սպասարկելու համար (Գործք 6.1–7): Կարիքավորների պետքերը հոգացվել են (Գործք 4.32, 34–35), և յուրաքանչյուր քրիստոնյա պարտավորվել է իր ունեցվածքից բաժին հանել չքավորներին: Բարեգործությունը հավասարվում է արդարությանը ո՜չ նրա համար, որ արդարացնում է մարդուն (մարդ արդարանում է հավատով. տես Հռոմ. 3.22, 26), այլ նրա համար, որ Աստծուն մերձենալու լավագույն ճանապարհներից է, և որի համար մեր մերձավորը բարի վկայություն է տալու Աստծո առջև: Հակոբոս առաքյալն իր Ընդհանրական թղթում հավելում է, որ հավատն առանց գործերի մեռած է. կարիքավոր եղբորը կամ քրոջը չօգնողը և երեսպաշտորեն Աստծուն մատնացույց անողը նմանվում է դևի (Հակոբոս 2.14–26): Քրիստոնեությունը Հռոմեկան Կայսրությունում հաղթանակելուց հետո հիմնադրվել են զանազան աստվածահաճո հաստատություններ (հիվանդանոցներ, ուրկանոցներ, անկելանոցներ և այլն):

 Եկեղեցու հայրերը մշտապես հիշեցրել են բարեգործության անհրաժեշտության մասին՝ այն համարելով քրիստոնեական գլխավոր առաքինություններից մեկը: Բարսեղ Կեսարացին ասում է, որ խնայված ավելորդ հացը պատկանում է սովյալին, ավելորդ հագուստը՝ մերկին, իսկ հողին պահ տրված արծաթը՝ աղքատին: Իսկ Հովհան Ոսկեբերանի ձևակերպմամբ՝ հարուստ լինել չի նշանակում շատ ունենալ, այլ՝ շատ տալ: Բարեգործությունը քրիստոնեության մուտքի հետ արմատացել է նաև Հայաստանում:

 Արդեն Ներսես Ա Մեծ հայրապետի օրոք Մեծ Հայքը պատվել է բարեգործության հաստատությունների խիտ ցանցով: Բարեգործական շարժումը ծավալվել և կազմակերպված բնույթ է ստացել հատկապես XIX դ. վերջին և XX դ. սկզբին, երբ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, հիմնվել են զանազան բարեգործ. կազմակերպություններ: Համայնավար վարչակարգի հաստատումով, սակայն, բարեգործությունը որակվել է բուրժուա-կղերական երևույթ և մերժվել այն պատճառաբանությամբ, թե հավասարների հասարակարգում չեն կարող լինել կարիքավորներ ու չքավորներ: Ըստ այդմ՝ «բարեգործություն» տերմինը կիրառվել է միմիայն հեգնական երանգով: Հայաստանում ժողովրդավարական կարգերի հաստատումից հետո դարձյալ ստեղծվել են զանազան բարեգործական հաստատություններ, որոնց մի մասը չի համապատասխանում քրիստոնեկան բարեգործության ճշմարիտ ընկալմանը:

 Առանց ավետարանական պատշաճ գիտակցության կատարված օժանդակությունը չի կարող նույնանալ քրիստոնեական բարեգործության հետ, քանզի վերջինս պահանջում է նաև աստվածային մյուս բոլոր պատվիրանների անշեղ կիրառում և աստվածահաճո կենցաղ: Արդի շրջանում Հայ եկեղեցին նոր թափ է հաղորդել իր բարեգործական գործունեությանը: Բացել է բարեգործական ճաշարաններ ծերերի և կարիքավորների համար, օժանդակում է, հատկապես գյուղերում, կարիքավոր ընտանիքներին՝ ստեղծելով փոքր արտադրություններ: Հայ եկեղեցու հովանավորությամբ ՀՀ տարբեր մարզերում և թեմերում գործում են մանկ. ամառային ճամբարներ, որտեղ երեխաներն ստանում են նաև հոգևոր դաստիարակություն, ծանոթանում Հայ եկեղեցու պատմությանը: Հիմնվել են մանկ. գեղագիտ. դաստիարակության կենտրոններ և այլն: Այդ ամենը Հայ եկեղեցին իրագործում է սփյուռքահայ բարերարների, ինչպես նաև մի շարք միջեկեղեց. և միջազգ. կազմակերպությունների օժանդակությամբ:
Միքայել ծ. վրդ. Աջապահյան