Մայիսի 15-ին Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակում է Սուրբ Խաչի երեւման տոնը՝ մեկ անգամ եւս հիշելով Տիրոջ չարչարանքները, նրա խաչելությունը, եւ խաչի վրա նրա թափած անմեղ արյան շնորհիվ մարդկային ցեղի փրկությունը:
Այս տոնը պատմական մի դեպքի հիշատակությունն է, երբ 351 թ. մայիսին, Կյուրեղ Երուսաղեմացի հայրապետի օրոք, օրվա երրորդ ժամին (ժամը 9-ին) երկնքում երեւում է Փրկչի խաչի նշանը՝ տարածվելով Գողգոթայից մինչեւ Ձիթենյաց լեռը:
Այս դեպքին ականատես են լինում ոչ միայն Երուսաղեմում բնակվող քրիստոնյաները, այլեւ տարբեր դավանանքներին ու կրոններին պատկանող մարդիկ: Խաչի պայծառ երեւումից անգամ արեգակն է մթագնում: Բոլորը շտապում են եկեղեցի, ի խորոց սրտի աղոթում առ Աստված՝ գոհություն հայտնելով Բարձրյալին՝ այս մեծ շնորհին արժանացնելու համար:
Երկնային հրաշքի շնորհիվ շատեր հավատում են Հիսուսին, մկրտվում սուրբ Կյուրեղի ձեռքով՝ անդամագրվելով Քրիստոսի Եկեղեցուն: Այս դեպքի առթիվ Կյուրեղ հայրապետը մի նամակ է գրում Բյուզանդիայի Կոստանդին կայսրին, որը Մեծն Կոստանդիանոսի որդին էր: Նամակում սուրբը պատմում է Երուսաղեմում խաչի երեւման մասին՝ հորդորելով, որ վերջինս անհողդողդ մնա իր քրիստոնեական ճշմարիտ հավատի մեջ, ինչպես նաեւ հավատարիմ՝ նիկիական դավանությանը:
Մեր բազմադարյան պատմությամն մեջ էլ քիչ չեն խաչի երեւումները: Երանելի Կորյունը, ինչպես նաեւ քերթողահայր Մովսես Խորենացին, Հայ Եկեղեցու եռամեծ վարդապետ Մեսրոպ Մաշտոցի մահվան եւ թաղման կապակցությամբ արձանագրում են, որ Վաղարշապատ քաղաքում օրեր շարունակ խաչի լուսապայծառ նշանը փայլել է այն տան վրա, ուր սուրբն ավանդել էր իր հոգին: Այդ նույն նշանն էլ առաջնորդ է եղել բազմությանն ամբողջ հուղարկավորության ընթացքում: Խաչը Հռոմեական կայսրության ժամանակ մահապարտներին անարգելու եւ նախատելու համար էր: Հին Ուխտում էլ կարդում ենք. «Անիծված է նա, ով կախված է փայտից» (Բ Օր. 21; 23):
Աստվածորդին միացավ խաչափայտին՝ սրբագործելով այն եւ Իր Սուրբ Արյամբ մեզ ազատեց սատանայի գերությունից: Եթե մինչեւ Քրիստոսի Խաչն անարգանքի եւ նախատինքի նշանն էր, ապա Տիրոջ խաչելությամբ նրա մեջ դրվեց կյանքի խորհուրդը, եւ մարդ արարած հնարավորություն ստացավ նոր արարած լինելու. «Եթե մեկը Քրիստոսի մեջ է, ապա նա նոր արարած է» (Բ Կորնթ. 5:17): Քրիստոս խաչի վրա ներեց մեզ, ջնջեց մեր մեղքերի պարտամուրհակը՝ գամելով այն խաչափայտին:
Մարդկության փրկության համար մարմնացած Աստված խաչվեց, թաղվեց, բայց երրորդ օրը հրաշափառապես հարություն առավ մեռելներից՝ քանդելով մահվան կապանքները: Այո՛, հարություն առավ Տերը, որովհետեւ Լույսը չէր կարող գերեզմանի մթության մեջ մնալ: Եվ այս իրողությունը նկատի ունենալով է, որ սուրբ Կյուրեղ Երուսաղեմացին ասում է. «Դավանում եմ Խաչը, քանզի գիտեմ Հարությունը»: Հետեւաբար խաչը մեզ համար հույսի, սիրո, հաղթանակի եւ փրկության նշանն է, որի վրա Աստվածորդին պարտության մատնեց սատանային` մեր առաջ բացելով երկնքի դռները, որ մինչ այդ փակված էին մեր նախածնողներ Ադամի ու Եվայի անհնազանդության պատճառով: Հիսուս խաչի վրա ցույց տվեց իր անհուն սերն ու անբավ ողորմածությունն ադամորդիներիս նկատմամբ: Տերն իր փրկագործության խորհըրդով խաչը վերածեց հաղթության նշանի: Ինչպես ասում է Պողոս առաքյալը. «Քա՛վ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով» (Գաղ. 6; 14): Այո՛, տերունական նշանը ճշմարիտ քրիստոնյաներիս համար պարծանքների պարծանքն ու Աստծո անսահման սիրո արտահայտությունն է անկյալ մարդու նկատմամբ: Ճիշտ է, անհավատ ու Տիրոջը չճաշակած մարդկանց համար խաչի վրա Քրիստոսի այս զոհողությունն անիմաստ եւ անհասկանալի է թվում, բայց մեզ համար, որ մեր սրտերի մեջ ընդունել ենք ճշմարիտ Աստծուն` Հիսուս Քրիստոսին, Խաչը դարձել է փրկության գրավականը: Անգիտության խավարում խարխափող այս մարդկանց մասին է առաքյալի խոսքը. «Շատերը, որոնց մասին շատ անգամ ասել եմ ձեզ եւ այժմ էլ լալով եմ ասում, ընթանում են որպես թշնամիներ Քրիստոսի խաչի. նրանց վախճանը կորուստն է, նրանց աստվածն իրենց որովայնն է, եւ փառքը՝ իրենց ամոթը: Նրանք միայն երկրավոր բաներ են խորհում» (Փիլիպ. 3; 18-19)
Աղբյուր՝ «Սյունյաց կանթեղ»