Տնօրհնեքի արարողությունը գալիս է առաքելական շրջանից: Այդ ժամանակներում առաքյալները շրջում էին տները՝ մարդկանց ավետելով Քրիստոսի ծնունդն ու հարությունը՝ համաձայն Տիրոջ հրամանի. «Ինչպես «Հայրը Ինձ ուղարկեց, Ես էլ ձեզ եմ ուղարկում: Գնացե՜ք ուրեմն, աշակերտ դարձրե՜ք բոլոր ազգերին» (Մատթ ԻԸ 18-19): Եվ այսօր, ըստ սուրբ Եկեղեցու կանոնի, Աստվածհայտնության տոնից հետո, Ծննդյան ութօրեքին՝ հունվարի 6-ից մինչև 13-ը, հոգևոր հովիվները շրջում են իրենց վիճակված հոտի անդամների տները, այնտեղ կատարում տնօրհնեքի կարգը և իրենց հայրական խոսքով մխիթարում, խրատում ու հոգևոր ուրախություն պատճառում իրենց հոգևոր զավակներին: Սրանով այն մեծ ու սքանչելի խորհուրդը, որն այսօր հայտնվեց, մտնում է մեր բնակավայրերը, և Նա, Ում երկինքն ու երկիրը չեն կարողանում պարփակել, մտնում է մեր տուն, ինչպես մտավ Բեթղեհեմի այրը: Մեծ Արքան, մտնելով մեր ընտանիքի մեջ, սրբում և օրհնում է մեր տունը, ինչպես Իր ծննդյամբ սրբեց այրը: Եվ ինչպես ծննդյան գիշերը հովիվները, հրեշտակից ավետիս ստանալով, ընծաներով հանդերձ մտան այն այրը, ուր ծնվեց Քրիստոս, այդպես էլ այսօր Եկեղեցու հովիվները մտնում են մեր տները՝ իրենց հետ բերելով Աստծու օրհնությունները:
Քահանան տուն մտնելով տալիս է Ծննդյան ավետիսը, երգում Մովսես Խորենացու «Խորհուրդ մեծ և սքանչելի» շարականը և իր քահանայական իշխանությամբ ու աստվածային հրամանով օրհնում տան ջուրը, հացը և աղը, ինչպես Քրիստոս աշխարհ գալով օրհնեց ջուրը, երկիրը և նրա պտուղները, որոնք նախկինում անեծքի տակ էին Ադամի պատճառով: Ապա քահանան օրհնված ջուրը խաչաձև ցողում է տան պատերին, խնկարկում տունը և մեր խնդրանքներն ի մի հավաքելով՝ մատուցում Աստծուն՝ մեզ համար պահպանություն հայցելով Ամենակալից:
Աշխատասիրությամբ՝ Արամ Դիլանյանի