«Ահա կոյսը պիտի յղիանայ եւ մի որդի պիտի ծնի, եւ նրան պիտի կոչեն Էմմանուէլ, որ նշանակում է Աստուած մեզ հետ»
(Մատթ. Ա 23, Եսայի Է 14)
Հունվարի 6-ին Հայ Առաքելական Եկեղեցու լուսեղեն խորաններից մատուցվում է Սուրբ եւ Անմահ Պատարագ, եւ տրվում է փրկարար ավետիսը՝ «Քրիստոս Ծնավ եւ Հայտնեցավ. մեզ եւ ձեզ մեծ ավետիս»:
«Երկնքի անհասանելի բարձունքներից մարդասեր Տերը խոնարհվեց և որպես մանուկ ծնվելով քարայրում` աղքատացրեց Իրեն, որպեսզի մեզ հարստացնի հոգևոր բարիքներով: Պողոս առաքյալն ասում է. «Գիտէք շնորհները մեր Տէր Յիսուս Քրիստոսի, որ ձեզ համար աղքատացաւ, Նա, որ հարուստ էր, որպէսզի դուք Նրա աղքատութեամբ հարստանաք» (Բ Կորնթ. 8:9): Աստված մարդացավ, որպեսզի Աստծո պատկերով ստեղծված մարդը ճանաչի իր Արարչին, Նրա կամքը, հարստանա հավատքով, Աստծո խոսքով, հարստանա աստվածահաճո կյանքի փափագով ու փութաջանությամբ և փրկության արժանացած` ժառանգի հավիտենական կյանքը»,- Սուրբ Ծննդյան քարոզում նշեց Վեհափառ Հայրապետը:
«Եվ դու, Բեթղեհե°մ, Հուդայի° երկիր, Հուդայի առաջնորդների և իշխանների մեջ ոչնչով ավելի փոքր չես, քանզի քեզնից մի իշխան պիտի ելնի, որ պիտի հովվի Իսրայելին» (Մատթ. Բ 6): «Բեթղեհեմ» բառը թարգմանվում է հացի տուն, ուր ծնվեց Կենդանի Հացը, որ երկնքից իջնելով, կենդանություն պիտի պարգեւեր աշխարհին, «թէ մէկն այս հացից ուտի, յաւիտենապէս կապրի» (Հովհ. 6:52): Նա եկավ մեզ` հողեղեններիս հավիտենական կյանք պարգեւելու, ազատելու մեղքի, անգիտության խավարից եւ Իր աստվածային լույսին ու ճշմարտությանն արժանացնելու: Ինչպես վկայում է Տերը. «Ես եմ աշխարհի լոյսը. ով իմ յետեւից է գալիս, խաւարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լոյսը» (Հովհ. 8:12):
Քրիստոսի Սուրբ Ծնունդը Հայր Աստծո անչափելի եւ անսահման սերը բացահայտող հավիտենական ապացույցն է, որ մեկ անգամ եւս իրական է դառնում մեր կյանքի մեջ: Եվ մեր հոգիներում աղոթք դարձած շարականի բառերը, թռիչք առնելով հավատքի զորությամբ, հաղորդում են փրկարար լուրը.
Այսօր տօն է սուրբ ծննդեան, աւետիս,
Տեառն մերոյ եւ յայտնութեան, աւետիս,
Այսօր արեւն արդարութեան, աւետիս,
Երեւեցաւ ի մէջ մարդկան, աւետիս..
Մեր Տեր եւ Փրկիչ Քրիստոսի Սուրբ Ծնունդը փիլիսոփայություն չի պահանջում, այլ այն պարզ բացատրությունը, որ արդեն իսկ արձանագրված է Հովհաննես Ավետարանչի կողմից. «Քանի որ Աստուած այնքան սիրեց աշխարհը, որ մինչեւ իսկ իր միածին Որդուն տուեց, որպէսզի, ով նրան հաւատում է, չկորչի, այլ ընդունի յաւիտենական կեանքը. որովհետեւ Աստուած իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ` որպէսզի աշխարհը նրանով փրկուի» (Հովհ. 3:16-17):
Տիրոջ Ծննդյան փառավոր ու սքանչելի աստղը Սուրբ Ծննդյան գիշերը մոգերին առաջնորդեց դեպի աստվածալույս քարայրը: Այսօր այդ աստղը առաջնորդում է եւ մեզ` ընթանալու բարի ու առաքինի կյանքի ճանապարհով, աստվածահաճո գործերով մոտենալու եւ երկրպագելու մարդացյալ Փրկչին, մեր կյանքը նվիրաբերելու Նրան, ջերմանալու Նրա մեծ ու անսահման սիրով, լուսավորվելու Նրա ողորմության ու գթասրտության անսպառ շողերով:
«Նրան, ով մեղքը չէր ճանաչել, Աստուած մեզ համար մեղաւոր արեց, որպէսզի մենք նրանով Աստծու արդարները լինենք» (Բ Կորնթ. 5:21). ամենամաքուրն ու կատարյալը, հոժարությամբ կրելով մարդկային մեղքերի վիթխարի խաչը, Իր սուրբ Հարությամբ ու կենսաճառագ լույսով ազատեց մեզ հոգեւոր խավարից: Նրա հայտնությամբ սրբվեց մեղավոր մարդկությունը, անհետացավ մեգը, քանզի Աստվածորդին «կամովին եկավ և ամբողջովին լուսավորեց նրանց, ովքեր Նրա առջև կանգնելու փափագ ունեին» (Սբ Բարսեղ Կեսարացի):
Քրիստոս` մարդացյալ Փրկիչը, մեզ հետ է բոլոր օրերում, մինչեւ աշխարհի վախճանը (Մատթ. 28:20), մեզ հետ է հոգեւոր վերելքի ճանապարհին` Իր մեծ սիրով, անսահման ողորմությամբ ու գթասրտությամբ:
Հոգևոր վերելքի ճանապարհը նեղ է, փշոտ, սակայն դրանով ընթանալը ենթադրում է հոգեւոր եւ բարոյական աճ, մարդու անձի կատարելագործում: Դեպի Աստված տանող ճանապարհը վերընթաց ճանապարհ է, իսկ վեր բարձրանալը միշտ էլ շատ ավելի դժվար է, քան վար իջնելը:
Պատմում են, որ մի փիլիսոփա, իր աշակերտներով շրջապատված, քայլում է Ալեքսանդրիայի փողոցներով` նրանց պատմելով կյանքի գաղտնիքների, նրա հոգեւոր հիմունքների մասին: Ճանապարհին նրանց մի անառակ կին է հանդիպում: Մոտենալով փիլիսոփային` նա վստահ ասում է. «Ուսուցիչ, դու ամբողջ կյանքում քո աշակերտներին ամենայն իմաստություն եւ ճշմարտություն ես ուսուցանում, հոգում ես, որ նրանք կատարյալ եւ մաքուր լինեն, եւ նրանք հետեւում են քեզ: Սակայն հենց որ ես մատով մոտ կանչեմ, նրանք քեզ տեղն ու տեղը մենակ կթողնեն եւ կվազեն իմ հետեւից»: Փիլիսոփան անմիջապես համաձայնում է այս խոսքերին, սակայն նկատում. «Դու ճիշտ ես ասում, սակայն քո ճշմարտության հիմքում մի հանգամանք է ընկած: Ես իմ աշակերտներին մղում եմ ավելի ու ավելի վեր բարձրանալ, իսկ դու նրանց կարող ես միայն առաջարկել ներքեւ գլորվել, իսկ իջնելը ավելի հեշտ է, քան վեր բարձրանալը»:
Զորանալով Տիրոջ կենարար լույսով ու ջեմությամբ, թոթափենք մարդկային տկարություններն ու մեղքերը` վեր բարձրանալով բարի ու արդար կյանքի ճանապարհով, հոգեւոր բերկրանքով եւ խնդությամբ լցնելով մեր էությունը, սիրտն ու հոգին` առ Աստված հարատեւ հույսով, անհուն հավատով եւ բոցավառ սիրով: Ջանանք բարի գործերով ստանալ Տիրոջ բարեհաճությունը, իսկ Բեթղեհեմյան աստղը կլինի մեր առաջնորդող ուժը՝ դեպի ճշմարտություն, հավիտենական կյանք եւ հավերժ փրկություն: Մեր սերը ցուցաբերենք Աստծո կողմից մեզ վստահված սրբությունների հանդեպ, որոնք են` ընտանիքը, եկեղեցին, զավակները, հարազատ մարդիկ: Օծյալի հետ նորոգենք մեր ուխտը նոր կյանքի խորհրդով, ու «մերժենք ամբարշտութիւնը եւ աշխարհիկ ցանկութիւնները, այս աշխարհում ապրենք զգաստութեամբ, աստուածապաշտութեամբ եւ ակնդէտ սպասենք երանելի յոյսին եւ փառքի յայտնութեանը մեծն Աստծու եւ մեր Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի, որ իր անձը տուեց մեզ համար, որպէսզի մեզ փրկի ամէն անօրէնութիւնից եւ մաքրի որպէս իրեն սեփական ժորովուրդ՝ նախանձախնդիր բարի գործերի» (Տիտոս 2:12-14):
Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ
Ձեզ եւ մեզ մեծ աւետիս:
Աղբյուր` «Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթ, 2013թ., Հունվար Ա, Թիվ 1, հեղինակ`Մարիամ Ավետիսյան