ժողովրդի միջից մեկը նրան ասաց. «Վարդապետ, ասա եղբորս, որ ժառանգությանը ինձ հետ բաժանի»: Եվ Նա ասաց. «Ով մարդ, ինձ ո՞վ դատավոր կամ բաժանարար կարգեց ձեր վրա»: Ապա ժողովրդին ասաց. «Տեսեք, որ զգույշ լինեք ամեն տեսակ ագահությունից, որովհետև մարդու կյանքը իր կուտակած հարստության մեջ չէ» (Ղուկ. 12:13-15):
Մեր Եկեղեցու նշանավոր Հայրերից Մաղաքիա Արք. Օրմանյանի բացատրությունը. «Ահա մի միջադեպ ևս, որը առիթ է ընծայում Հիսուսին՚ խոսել աշխարհի բարիքների մասին: Մի օր Հիսուս քարոզում էր, երբ հանկարծ ժողովրդի միջից մի ձայն լսվեց. -«Վարդապետ, մեր հայրը մեռավ պետք է եղբորս հետ ստացած ժառանգությունը բաժանենք, բայց եղբայրս ինձ զրկում է և ողջ ունեցվածքը ցանկանում է գրավել, դու, որ պատրաստ ես խեղճերին օգնել համոզիր եղբորըս, որ արդարությամբ իմ բաժինը տա»: Հիսուս չէր զլացել օգնել ոչ մի խեղճի, եթե դիմել էին Իրեն, սակայն երկու հիմնական պատճառով մերժեց այդ բողոքողին:
«Առաջին, նախ, որ պարզ բարերարության մի գործ չէր առաջարկվածը, այլ օրինական ու դատական: Անհրաժեշտ էր լսել նաև մյուս եղբորը՚ իմանալու համար, թե ինչո՞ւ է զլանում եղբոր բաժինը տալ կամ իրո՞ք բողոքողը զրկված մեկն էր, թե ուղղակի այս ձևով ցանկանում էր խաղ խաղալ: Հետեաբար Հիսուս պատասխանեց. «Ե՞րբ ես լսել, թե այս երկրում դատավորի պաշտոն եմ ստանձնել որ Ինձ բողոք ես ներկայացնում, կամ ե՞րբ եմ Ես ժառանգություններ բաժանելու և իրավարարի գործ կատարել, որ դիմում ես Ինձ» (Ղուկ. 12:13):
«Երկրորդ պատճառը՚ բարոյական էր: Մեր Տերը շարունակ այս աշխարհի բարիքն անարգելու, ինչքից ու ստացվածքից հրաժարվելու, միայն բարոյական ու հոգևոր բարիքները որոնելու քարոզ էր խոսել և բոլորովին էլ հարմար չէր երկու եղբայրների նյութական շահով զբաղվել, մեկին կամ մյուսին ավելին ստանալուն օգնել, որ նշանակում է քաջալերել ագահության զգացմունքն ու մտածումը: Ահա այս է Հիսուսի ասածը. «Ամենքդ էլ զգուշացեք դրամ ու հարստություն ձեռք բերելու մտածումից, որովհետև մարդու ճշմարիտ կյանքն ու հոգու օգուտը ունեցվածքի շատությունից չէ» և շարունակում է. «Ով իր երջանկությունը հիմնում է գանձերի, ինչքերի ու վայելքների վրա, զանց է անում իր համար երկնավոր գանձեր, հոգևոր հարստություններ ու վայելքներ ստեղծելը: Նույնպես է նաև նա, ով իր անձի համար գանձ կհավաքի և Աստուծով չի հարստանա»» (Ղուկ. 12:21) (Մաղաքիա Արք. Օրմանյան, «Համապատում», Ս. էջմիածին, 1997, էջ 405):
Եվ Իր աշակերտներին ասաց. «Դրա համար էլ ասում եմ ձեզ. հոգ մի արեք ձեր հոգու համար, թե ինչ եք ուտելու, ոչ էլ մարմնի համար, թե ինչ եք հագնելու, որովհետև հոգին առավել է, քան կերակուրը, և մարմինը՝ քան՝ հագուստը:… Ձեզնից ո՞վ հոգս անելով, կկարողանա իր հասակի վրա մեկ կանգուն ավելացնել:… Եվ դուք մի մտահոգվեք, թե ի՞նչ եք ուտելու կամ ի՞նչ եք խմելու, և մի մտատանջվեք… Իսկ ձեր Հայրը գիտե, որ այդ ամենը պետք է ձեզ: Այլ դուք հետամուտ եղեք Աստծու արքայությանը, և այդ ամենը ավելիով կտրվի ձեզ»… (Ղուկ. 12:22-31):
Երբ Հիսուս խրատում է ասելով, թե հոգու և մարմնի կարիքների, կերակրի ու հագուստի անհրաժեշտության մասին մի մտածեք, ուզում է ասել, որ հոգին կյանքից ու մարմնից, ապրելուց, կերակրից ու հագուստից ավելի արժեքավոր պիտի համարվի: Աստված, որ մտածում է և խնամում ագռավին, ծաղիկներին և այլ թռչունների, որոնք առանց սերմանելու, հնձելու և հավաքելու շարունակում են իրենց կյանքը, ուրեմն ինչքա՜ն ավելիով պիտի հոգա Իր իսկ ստեղծած մարդու մասին, որն առավել է, քան թռչուններն ու բույսերը: Մարդը հակառակ իր աստվածային ծագման, առանց Աստծու օգնության, իր ցանկությամբ չի կարող նույնիսկ իր հասա-կի վրա մի կանգուն անգամ ավելացնել, զարմանալիորեն այս իմանալով հանդերձ, համարձակվում է մտածել, թե առանց Աստծու օգնության սեփական ուժերով կարող է ավելի մեծ արդյունքի հասնել: Շուշան ծաղիկը, որին ոչ մեկը չի ջրում, չի խնամում, ավելի գեղեցիկ է, քան Սողոմոն իմաստունը իր ողջ հարստությամբ և կարողությամբ: Միայն մի տարբերություն կա, շուշանը ծաղիկ է, այսօր՝ թարմ է, վաղը՝ կարող է չորանալ, մյուս օրը’ կրակի բաժին դառնալ, բայց մարդը իբրև Աստծու կատարյալ ստեղծագործությունը անշուշտ որ ավելի բարձր է, քանի որ օժտված է Նրա անմահ հոգով: Մենք իբրև քրիստոնյաներ հավատում ենք, որ Աստված կա և ամեն ինչ Նրա տնորենությամբ է կատարվում:
Այնուհետև Հիսուս շրջվելով Իրեն հետևող բազմությանը՝ փոքրիկ հոտին, քաջալերում է նրանց, որ երբեք չվախենան արտաքին դժվարություններից և չարի որոգայթներից: Երկնավոր Հայրը Երկնքի Արքայությունն ու Ավետարանը տվել է փոքրիկ հոտին: Մեր Տիրոջ խոսքերն են. «Վաճառեցեք ձեր ինչքերը և ողորմաթյուն տվեք. և ձեզ համար շինեցեք չհնացող քսակներ և անհատնում գանձեր երկնքում, ուր ոչ գողն է մոտենում, և ոչ ցեցը’ փչացնում, որովհետև, ուր որ ձեր գանձն է, այնտեղ և ձեր սրտերը կյինեն» (Ղուկ. 12:33-34):
Այս աշխարհի գանձերին սպառնում են գողերը, իսկ ցեցերը՝ վնասում են շտեմարանները, սակայն Երկնքում Աստծու գանձին ո չ գողն է մոտենում, ոչ ցեցն է ապականում, սիրտն էլ հանգիստ ու ապահով է: Մարդը միշտ սրտով կապված է իր գանձին. նրա մասին է մտածում և վախենում սպառնացող վտանգներից։ Երկրային գանձին կապված սիրտը միշտ դողում է, իսկ երկնայինին կապվածը՝ ազատ է վախից ու կասկածից և երջանկություն է վայելում, (Մաղաքիա Արք. Օրմանյան, «Համապատում», Ս. էջմիածին, 1997, էջ 406408):
Այս պատմությունը ուսանելի է.
«Երկու եղբայր են լինում, մեկը հարուստ, մյուսը՝ աղքատ: Հարուստ եղբայրը քրիստոնեական սիրով լցված լինելով, միշտ օգնում է իր աղքատ եղբորը երկար ժամանակ անձանձրույթ կերպով: Մի օր էլ մտածում է իր եղբորը հարստացնել: Տոպրակով բավական մեծ գումար տանում ու դնում է մի տան անկյունում, այնտեղ, ուր նրանք սովորաբար քայլում էին: Եղբոր թևը ընկնելով, հարուստը նրան տանում է ճիշտ այն ճանապարհով, ուր նա պահել էր տոպրակով դրամը: Դրամին հասնելու համար ընդամենը մի քանի քայլ էր մնում: Հանկարծ աղքատը ասում է իր հարուստ եղբորը. «Եղբայր, եթե ես կուրանամ, ինչ ես կարծում, կարո՞ղ եմ քայլել առանց որևէ մեկի օգնության» և չսպասելով նրա պատասխանին, ուզում է, որ նա փորձելու համար իր աչքերը կապի: Հարուստ եղբայրը նրան հորդորում է մի փոքր էլ սպասել, որից հետո նրա խնդրանքը կկատարվի: Սակայն փոքր եղբայրը չի լսում նրան ու համառորեն ցանկանում է, որ նա իր աչքերը կապի: Շատ խնդրելուց, աղաչելուց հետո, հարուստ եղբայրը տոպրակով դրամից մի քանի քայլ այս կողմ, ստիպված կապում է նրա աչքերը: Աղքատ եղբայրը աչքերը կապած անցնում է դրամի կողքով: Հարուստ եղբայրը հասկանում է, որ եղբոր գրքում գրված է, որ նա այդպես էլ աղքատ պիտի մնա: Երբ հասնում են դրամին, եղբայրը վերցնում է այն ու շարունակում քայլել իր աղքատ եղբոր հետ»:
Հոգևոր հարստություն ունենալ նշանակում է աղոթքով ու հավատքով մաքրված և սրբված արդար գործեր կատարել, գործածել Աստծու տված բարիքներն ու պարգևները, օգնել կարիքավորին, խնամել հիվանդին, այցելել բանտարկյալներին և հոգատարություն ցույց տալ նրանց նկատմամբ, իսկ ամենակարևորը՝ անշահախնդիր սիրել մարդկանց: Հոգևոր հարստությունը մնայուն արժեք է, ոչ կարող է գողացվել և ոչ էլ կփչանա: Աշխատենք հոգեպես հարուստ լինել և հայ քրիստոնյային վայել կեցվածքով ու վարմունքով օրինակ հանդիսանալ մեր նմաններին:
Ամեն:
Հատված՝ Տ. Հովսեփ Ա.Քահանա Հակոբյանի «Ո՞վ է իմ ընկերը» գրքից