Եկեղեցիներում Աստծուն օրհնեցեք եւ Տիրոջը՝ Իսրայելի աղբյուրների կողմից: Սաղմոս 21:26
Եկեղեցին մեկ անուն ունի, սակայն բազում նշանակություններ: Եկեղեցին մեկ անուն է եւ երկու բան է նշանակում՝ շինվածքը եւ շինողներին:
Մեկը բնակությունը, մյուսը՝ բնակիչը, որ են ժողովվածը եւ ժողովարանը, որովհետեւ եկեղեցու անունը ժողովատեղի է, ինչպես Աստված Մովսեսին հրամայեց. «Հավաքիր ժողովրդիդ խորանի դռանը»: Աստված եկեղեցու անունը սահմանեց նախապես: Երկու եկեղեցիների համար անունը նույնն է, սակայն այդ անվան համար կան բազում տարբերություններ:
Նախ՝ այն քարերից եւ այլ նյութերից է կառուցված, իսկ այս մարդ եկեղեցին ոսկորներից, երակներից ու մսից, կամ զանազան դեմքերից ու տեսակներից:
Եկեղեցին եռահարկ խորանի պես է: Մարդն էլ է երեք մասից բաղկացած. արտաքինը՝ մարմինը, միջինը՝ հոգին, սկզբնականը՝ գիտակցությունը: Եկեղեցին խաչաձեւ է, արեւելյան կողմը՝ գմբեթարդ: Մարդն էլ է խաչաձեւ, եւ դեպի արեւելք ենք երկրպագում, որտեղից Փրկչի գալստյանն ենք սպասում:
Եկեղեցին Աստծո բնակության տաճար է կոչվում, համաձայն այս խոսքի. «Տերն իր Սուրբ տաճարում է»: Ինչպես Պողոս առաքյալն է ասում. «Դուք նույնպես Աստծո կենդանի տաճար եք, եւ Աստծո հոգին ձեր մեջ է բնակված»:
Եկեղեցու հիմքում հիմնարկեքի տասներկու քարերն են՝ մարգարեների եւ առաքյալների խորհրդով, ովքեր եկեղեցու հիմքերն ու լույսի տարածողներն են: Մեր մեջ էլ մարմնի տասներկու անդամներ եւ տասներկու զգայության դռներ կան: Եկեղեցում էլ դռներ կան հարավում եւ արեւմուտքում, որ Աստծո ողորմության ու արդարության դռներն են նշանակում: Իսկ մեր մեջ մարմնի դուռը, որ դեպի երկիր ու խավար կողմն է նայում՝ արեւմտյանն է, իսկ մտքի դուռը, որ դեպի երկինք ու լույսին է նայում՝ հարավայինն է:
Եկեղեցում խորհուրդներն են կատարվում, իսկ մեր մեջ՝ իրականացվում: Եկեղեցին անխախտ եւ անարատ սուրբ հարսն ու դշխոն է՝ Քրիստոս փեսայի աջ կողմում կանգնած, ըստ այն խոսքի. «Դշխոն կկանգնի քո աջ կողմում՝ ոսկեհուռ հանդեսներով զարդարված»:
Եկեղեցու մեջ փրկական խաչն է, իսկ մեր մեջ՝ Քրիստոսի չարչարանքների ու մահվան խաչը: Սրա մեջ սրբության սեղանն է, իսկ մեր սրտում՝ խորհրդակատարությունների սուրբ սեղանը: Այստեղ Անարյուն Պատարագն է մատուցվում, իսկ մեր մեջ՝ բանավոր պատարագը՝ Աստծո հոգին եւ մարմինը:
Եկեղեցում վառված լույս կա, իսկ մեր մեջ խղճմտանքի լույսն է միշտ վառ, նաեւ՝ անշեջ Սուրբ Հոգին, ինչպես ասվում է. «Մի հանգցրեք ձեր միջի Սուրբ Հոգին»:
Սա սրբվում է ջրով ու օծվում եւ ապա եկեղեցի դառնում, իսկ մեր հոգու տաճարը ջրով մկրտվում է, սուրբ մյուռոնով դրոշմվում եւ ապա նոր Քրիստոսի եկեղեցի է կոչվում: Երկրորդ իմաստը քարաշեն եկեղեցու մասին է, որ օրհնվում է չորս պատճառով:
1.Եկեղեցին կառուցվում է Աստծո կողմից, որովհետեւ այստեղ Աստված Իր անունն ունի, որի պատճառով Աստծո տուն եւ տաճար է կոչվում: Նաեւ այս տունն օծված է, իսկ Քրիստոս Օծյալ է թարգմանվում, որ Հորից եւ Սուրբ Հոգուց Աստվածության յուղով օծվեց: Նաեւ այստեղ է պահում իր ականջներն ու աչքերն ըստ այն խոսքի, թե Տիրոջ աչքն արդարների վրա է եւ Նրա ականջը՝ նրանց աղոթքներին, որոնցով տեսնում է սրբերի տանջանքներն ու արտասուքները, ինչպես նաեւ լսում նրանց սրտի աղոթքներն ու աղաչանքները:
Երկրորդը՝ մարդկանց կողմից է հիմնվում, քանի որ եկեղեցին խիստ կարեւոր է մարդկանց ողջ բարու վայելման եւ ողջ չարի մերժման համար: Նախ ընդունում ենք եկեղեցու բարի լինելը, քանի որ քրիստոնյաներն այնտեղ են կատարում յոթ խորհուրդները: Նույնպես այնտեղ են աղոթում եւ խոսում Աստծո հետ, եւ խնդրում ենք մարմնավոր եւ հոգեւոր բոլոր բարիքները, նաեւ՝ մեղքերից ու պատուհասներից ազատում: Ապա ուրեմն հոգեւոր եւ մարմնավոր բոլոր բարիքները, ինչպես նաեւ չարի մերժումը, խնդրում եւ ստանում ենք եկեղեցում:
Երրորդ՝ եկեղեցին հրեշտակների համար է օրհնվում, որովհետեւ նրանք օրհնված եկեղեցին են իջնում եւ սպասավորում.
Նախ՝ երբ Քրիստոս Պատարագվում է, հրեշտակները մերձենում եւ սպասավորում են քահանայի հետ: Դրա համար էլ սրբասացությունը՝ «Հրեշտակաց»-ը ի դեմս հրեշտակների ենք երգում, ովքեր երգակցում են մարդկանց Սուրբ Պատարագի ժամանակ, որպեսզի հավատացյալներից ոչ ոք չտարակուսի: Քահանայի ձայնով բացվում է Երկինքը եւ հրեշտակները Երկիր են իջնում եւ միանում երկրավորներիս՝ Քրիստոսի պատարագի սպասավորության ժամանակ: Հրեշտակները սպասավորում են, որպեսզի հավատացյալների աղոթքներն առ Աստված մատուցեն, եւ որպեսզի հավատացյալներին դեւերի փորձություններից պահեն, երբ որ եկեղեցի են գալիս եւ այնտեղ են լինում, նաեւ եկեղեցուց վերադառնալիս:
Եկեղեցին օրհնելու չորրորդ պատճառը դեւերից պաշտպանվելու համար է, որովհետեւ օրհնված եկեղեցին սաստիկ սարսափելի է դեւերի համար եւ դա հինգ իրողությունների պատճառով է լինում, որոնք ( եկեղեցին իր մեջ պարունակում է).
Նախ՝ եկեղեցում է հրեշտակների օգնությունը, որով եկեղեցին ամրանում է: Ապա եկեղեցում է պահվում եւ Պատարագվում Տերունական Մարմինը: Նաեւ այնտեղ է կանգնեցված խաչը, այնտեղ են հորդում հավատացյալների աղոթքները, եւ այնտեղ են ամփոփված սրբերի նշխարները: Ահա այս չորս պատճառներով է կառուցվում եկեղեցին եւ օրհնվում ի փառս մեր Քրիստոս Աստծո, Ով օրհնյալ է հավիտյանս. Ամեն:
Նյութը տրամադրեց՝
Տաթեւի վանքի վանահայր
Տ Միքայել վրդ. Գեւորգյանը
Աղբյուր՝ «Սյունյաց Կանթեղ ամսաթերթ» #46 (80)