Պատմեմ այլ սքանչելիք, որ եղավ սուրբ վկա Դեմետրիոսի միջոցով: Ազատ տոհմից մի այր, ազնվական և շատ հարուստ, որի անունն էր Մարիանոս, առաջինների կարգն էր դասված և` սենեկապետ թագավորի պալատում: Սա թագավորից հրաման ստացավ վարելու լյուրիկեցիների իշխանության եպարքոսությունը և երբ հասավ Թեսաղոնիկե աստվածապահ քաղաքը, բարեպաշտ և արդար կամքով ուղղեց իշխանության ղեկը, և ամբողջ ժողովուրդը ոչ քիչ գոհություն էր հայտնում թագավորին: Այնժամ նախանձեց նրան բանսարկուն, որ սովոր է միշտ նախանձել բարի մարդկանց և վարկաբեկել նրան, որ բարձր դիրք էր ստացել, նրա դեմ ցանեց իր չարության որոմը` որովայնամոլությունը և հեշտասիրությունը, ամեն չարիքի արմատ արծաթասիրությունն ու ագահությունը և սրանից նախախնամողական տեսչությամբ նա Աստծու պատվիրաններից շեղվելու պատճառով վարակվեց անդամալուծության անտանելի ախտով, այնպես որ հնար չկար առողջություն գտնել մեկից, որ ըստ մարդկային գիտության հմուտ լինի
բժշկության: Մինչ այս հիվանդությունն էր ստացել բազում տարիներ կասկածելով մարդկային բժշկությանը, մի օր վերջապես մտածում է Քրիստոսի սքանչելագործ վկա սուրբ Դեմետրիոսի մասին ու մինչդեռ այս մտքին էր, նիրհեց, և հանկարծ նրան երևաց սուրբ վկան բարեկամի կերպարանքով, հարցրեց, թե ինչու այդքան ժամանակ բռնված է այդ հիվանդությամբ: Իսկ նա պատասխանեց, հեծեծալով ասաց այսպես. «Տե՛ր իմ, չեմ կարող պատմել տանջանքները, որ կրում են իմ մարմնի անդամները: Որովհետև երբ տաքության եմ մոտենում` մարմնիս սառն է թվում, իսկ սառնությանը` կարծում եմ, թե տաք է: Իսկ թիկունքս, արմունկներս և ձեռքերս լոկ կախված են առանց զորության: Երբ ուզում եմ շարժվել, չեմ տարուբերվում` ինչպես ուզում եմ, կամ ինչպես պետք է ինձ, չեն ենթարկվում իմ կամքին: Նույն բանն է լինում և փափուկ տեղերիս, ծնկներիս, սրունքներիս, որովհետև թվում է` պարզապես անդամներ են, ուժից բոլորովին զրկված: Եվ դու ինչ կարող ես ինձ ասել, ո՛վ սիրելի բարեկամ, որ այդքան գթությամբ հարցնում ես, և կամ ինչ թելադրություն կանես իմ վշտագնած անձին»:
Սուրբ Դեմետրիոսը պատասխանեց նրան ասելով. «Լսի՛ր ինձ եղբայր, ասեմ` ինչ պետք է, ինչպես կարող ես հասնել թողության և մարմնիդ բժշկության: Նախ խորհուրդ եմ տալիս` բարեմիտ եղիր և անտրտունջ և գոհացողությամբ ընդունիր մարմնիդ ցավերը և անհուսությամբ մի՛ ընկղմվիր հոգու տրտմության խորքերը և հիշիր, որ ամեն ինչ նախախնամությամբ է կատարվում մարդկանց վրա` բոլորի հրաշագործող Աստծուց, ըստ այդմ և օգուտը: Որովհետև թեպետ [մարդ] ըստ արժանիքների ինչ–որ բան կրում է, բայց դա Աստծու մարդասիրությունը մեղքի թողություն կհամարի,
քանի որ այստեղ մեղքին վերքեր տալով` հանդերձյալ դատաստանին մարդասիրություն կգտնի ըստ Նավում մարգարեի, թե` «Աստված կրկին վրեժ չի առնում» (Նաւում. Ա. 2): Միայն թե, գոհությամբ ցավերը հօգուտ իրեն շահի, և ոչ տրտմությամբ ու տրտունջով կրկնակի տանջանք ստանա: Եթե արդար է` ով ցավեր է ստանում, բազում զգուշությամբ կգոհանա արդարությունը պահելու համար, այստեղ կստանա, իսկ հանդերձյալ կյանքում մեծապայծառ մաքրվելով, ինչպես ոսկին հրի մեջ կպսակվի փառքով` երանելի Հոբի նման»: Իսկ վտանգված եպարքոսը այն տեսիլքի մեջ սկսեց հարցնել նրան և ասաց. «Ո՞վ ես դու, տեր, և որտե՞ղ է քո բնակության վայրը, որ այդքան գեղեցիկ մխիթարություն ես մատուցում ինձ»: Սուրբն ասաց. «Իմ բնակության վայրը թագավորական քաղաքն է, այնտեղ գալով կգտնես ինձ և կիմանաս իմ անունը»: Եվ Մարիանոսը արթնանալով տեսիլը պատմեց իր մերձավորներին: Ու դարձյալ սկսեց ողբալ իր թշվառությունը, որովհետև սրբից լսեց` «Իմ քաղաքը թագավորական քաղաքն է»,– կարծեց, թե Կոստանդնուպոլսի մասին է և ասաց. «Վա՜յ ինձ, թշվառականիս, ինչքան ուրախությամբ սփոփեց ինձ տեսիլը և ինչ տրտմության մեջ եմ, և տարակույսը պատեց ինձ, որովհետև ես այստեղ` Թեսաղոնիկե քաղաքում, ընկած եմ անդամալույծ, քեզ ինչպես կարող եմ գտնել Կոստանդնուպոլսում, ո՛վ տեր իմ և մերձավոր բարեկամ»:
Այնժամ մեկը նրանցից, որ նրա մոտ էին, ազդվելով Աստծու շնորհով ասաց տարակուսած Մարիանոսին. «Մի՛ վհատիր, տեր իմ եպարքոս, ես կառնեմ քեզ, կտանեմ քո բարեկամի մոտ, և ի՛նչպես չիմացար, որ նա ինքը Քրիստոսի գովելի վկա Դեմետրիոսն է, որ ոչ թե երկրային թագավորական քաղաքում է բնակ
վում, այլ վերին Երուսաղեմում, որ անմահ Թագավորի քաղաքն է: Նա այժմ մեր քաղաքում է գտնվում, որովհետև այստեղ նահատակվեց, այլև երկնավոր քաղաքում` անմահ Թագավորի առջև լինելուց չի նվազում: Ովքեր խաչակից եղան իրենց Տիրոջը` լինում են նաև հաղորդակից փառքին. աննյութ հոգով միացած են և նախախնամությամբ իրենց հոտերից հեռու չեն, քանի որ Քրիստոս կենդանի է նրանց ոսկորների մեջ: Արդ, արի՛ քեզ տանեմ սրբի տաճարը, և այնտեղ կվայելես սրբի շնորհները և կգտնես քո անդամների առողջությունը»: Այս ասաց շնորհալի երիտասարդը, բարձրացրին նրան մահճով և տարան դրին եկեղեցու հատակին, որ գեղեցկապես կառուցված է սրբի անունով: Հիվանդը նկատեց ու տեսավ տաճարում երանելիի պատկերը, աչքերը հառեց նրա վրա, քանի որ բնավ չէր կարող գլուխը բարձրացնել, սկսեց աղոթել այսպես. «Ո՛վ սուրբ և ամենասուրբ ճգնազգյաց նահատակ և Քրիստոսի հարազատ ծառա, դու շատերին անուշահոտ պատարագ ես մատուցել Աստծուն և ամենքի հետ ինքդ քեզ բոլորանվեր ընծայեցիր Նրան: Դու քո անձը դրիր փոխանակ Նրա, որ բոլորի համար տվեց Իր անձը: Դու բազում չարչարվածների համար խոցվեցիր, փոխանակ Նրա, որ ամբողջ աշխարհի փրկության համար Իր կողը տվեց գեղարդին: Դու շատերին քո կենդանության ժամանակ պարկեշտության բերիր, և առավել` երբ ճշմարիտ կենդանությունդ ստացար Քրիստոսից: Եվ մենք, թեպետև սքանչելիքով չենք նկատում քո փառքը, և կրթում ես քո այս գավառը քո սքանչելիքներով և բժշկությանդ հոգևոր ցողով շատերին մթերում ես աստվածային շտեմարանում: Աղաչում եմ քեզ, Քրիստոսի կենդանի վկա, ինձ` տառապյալիս վրա հեղիր քո բժշկության շնորհները, ամրացրու քայքայված անդամներս: Ահավասիկ անդամալույծս դրված եմ քո ավազանի մոտ, սպասելով քեզ` փառավորված հրեշտակիդ ողորմության շարժվելուն, որ իջնի բժշկության կենարար ջուրդ ինձ վրա: Դու ևս ինձ ասա, ինչպեսև քո Տեր Հիսուս Քրիստոսը` բազմամյա անդամալույծին. «Ե՛լ, առ քո մահիճը և գնա՛» (Մատթ. Թ. 6, Մարկ. Բ. 9, Ղուկ. Ե. 24, Հովհ. Ե. 8, 11): Որ թեպետև երեսունութ տարեկան չկամ, բայց երեսուն անգամ երեսունութ մեղքով ընկած եմ այստեղ: Արդ, դու որ նման եղար քո Վարդապետի հեզությանը` նմանակից եղիր և նրա գթությանը: Եվ քաջ գիտեմ, որ կարող ես օգնել ինձ, որովհետև դու այդ կարողությունն ստացար Քրիստոսից` քո ճշմարիտ հավատի համար: Նա իբրև Աստված ասաց. «Ե՛լ, առ քո մահիճը և գնա՛»: Դու ևս ասա` իբրև Նրա հարազատ ծառա. բազմամյա անդամալույծը նույնպես հավատաց և փութով շտապեց հրեաների ազգին տեղեկացնելու նրա աստվածային զորության մասին, ես ևս հավատում և քարոզում եմ ամբողջ աշխարհին զորությունը Նրա, որ արժանավորապես պսակեց քեզ: Ելնում եմ և ես ոչ միայն մահիճս վերցնելով, այլև պատարագներ ու նվերներ կբերեմ քո սուրբ վկայարանը, և այսպես քո միջոցով, ո՛վ մարդասեր վկա, կփառավորվի իմ մեջ ամենասուրբ Երրորդությունը այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն»:
Այս ասելով Մարիանոսը հոգնությունից նիրհեց: Եվ ահա նրան երևաց Քրիստոսի փառավորյալ վկա Դեմետրիոսը առաջին տեսիլքի նման և ասաց նրան. «Բարությամբ լսեցիր ինձ և եկար այստեղ, տեր եպարքոս, և ես իսկույն Աստուծով կկատարեմ ինչ որ քեզ խոստացա: Բայցև քեզ կավանդեմ իմ Տիրոջ այս պատվիրանը. ահա ողջացար, դարձյալ չմեղանչես, որ նորից քեզ չար բան չպատահի: Որովհետև հիվանդոտ մարդկանց սովորությունն
է, երբ դժվարին վիճակում են, խոստանում են հեռու մնալ մեղքերից, իսկ հեշտության մեջ թուլանում են բարությունից, ըստ այն խոսքի` «Երբ սպանում էր նրանց, խնդրում էին, դառնում էին առավոտից դիմում Աստված» (Սաղմ. ՀԷ. 34): Ու դարձյալ` «Հակոբը կերավ և հագեցավ, հարվածեց սիրելիին, գիրացավ, հաստացավ, լայնացավ, թողեց իր Տեր Արարիչ Աստծուն և հրաժարվեց իր փրկիչ Աստծուց» (Բ. Օր. ԼԲ. 15): Արդ եթե ստուգապես հաստատվես ճշմարտության մեջ` Քրիստոսի ողորմությունը իմ բարեխոսությամբ կբուժի քեզ»: Մարիանոսը պատասխանեց ասելով. «Հավատում եմ, տեր, որ չեմ անցնի քո պատվիրաններից, միայն թե քեզնով ողորմի, և ստանամ իմ անդամների բժշկությունը»:
Եվ սուրբ վկան մեկնեց իր ձեռքը, շոշափեց նրա բոլոր քայքայված անդամները և ասաց. «Քրիստոս Աստվածը` հոգիների և մարմինների ճշմարիտ բժիշկը կբուժի քեզ և քո ախտահար անդամները, Նա, որ բարձրացնում է ընկածներին և կանգնեցնում գլորվածներին» (Սաղմ. ՃԽԴ. 14):
Մարիանոսն այն տեսիլից արթնացավ, կանգնեց իր բոլոր ողջացած անդամներով, ինչպես առաջ էր, քանի չէր հիվանդացել, և սկսեց փառավորել Աստծուն և գոհանալ սուրբ վկայից, որի միջոցով բժշկություն գտավ և արտասվելով ասաց այսպես. «Օ՜, որքան խնդություն էր քո քաղցր բարբառը իմ հոգուն, վկա՛ Քրիստոսի, մինչև [հիմա] դեռ հնչում է իմ լսելիքին և ցնծությամբ պարարում իմ բոլոր ոսկորները»:
Արդ, այսպիսի սքանչելիք եղավ, Մարիանոսն այնուհետև սկսեց կրթել ինքնիրեն առաքինության բոլոր հրահանգներով և ժուժկալությամբ ու համբերությամբ, ավելի քան թե մարմնականով զարդարում էր իր իշխանությունը: Իսկ նախանձոտ բանսարկուն, երբ տեսավ նրան այդպես առաքինությամբ պայծառացած, այնուհետև սկսեց նրա դեմ սերմանել իր չար հնարքները, որ նա վար ընկնի առաքինությունից: Ու երբ ամեն ինչով պարտվեց չարությունը, օձը չկարողացավ ազդել նրան իր զանազան հնարքներով և ուզում էր սերմանել իր չար սերմերը: Որովհետև [Մարիանոսը] խիստ ամրացել էր հավատով և իր մեջ ուներ բարեպաշտության ամրացած սերմը:
Տե՛ս, թե ինչ էր անում այն ժամանակ չարանախանձը, որ չկարողացավ խորամանկությամբ հաղթել, շրջվեց մյուս կողմը և ուզեց նրան չարչարել` ինչպես երանելի Հոբին, [նա], որ անգամ խոզերի վրա իշխանություն չունի առանց Աստծու թողտվության: Իսկ քանի որ Աստված կամեցավ նրան առավել պայծառացնել և ամոթի մատնել նրա չարախոսին, թույլ տվեց չարչարել նրա մարմինը և ոչ տիրանալ հոգուն, և նրա մարմինը չարաչար կեղեքվեց, մինչև որ գրեթե բոլոր անդամները անջատվեցին միմյանցից, որպեսզի ուրիշները նրա բերանը կերակուր տան, որովհետև այրը բոլորի աչքին պատվական էր: Բազում անգամ քաղաքից և գավառից բժիշկներ եկան այնտեղ, բայց չկարողացան ոչնչով օգնել նրան, ու երբ ամեն ինչից հուսահատվում էին, նա առավել ևս գոհությամբ կրում էր չարչարանքները:
Այնժամ նրա ծառաներից մեկը, բանսարկուից թելադրված, ինչպես ավելի առաջ Հոբի կինը, մոտեցավ այն մարդու ականջին, սկսեց մեղմությամբ նրան թելադրել այսպես. «Պետք է դու,– ասում է,– ո՛վ տեր իմ, լսես մեզ և փրկելով մեզ բոլորիս, ստանաս քո մարմնի առողջությունը: Ահա այստեղ կա մի մարդ, որ գիտե բժշկության հմայությունները, գրված եբրայական լեզվով մագաղաթի վրա հրեշտակների անունները, նաև արեգակները և այլ
բազմախուռն անուններ, որ ոչ մեկին հայտնի չեն: Եվ մագաղաթը, որի մեջ այս ամենն է, վերարկուի գրպանում է, գրված լինելով դրսից և ներսից, և ասում է` «Ով որ հագնի սա, կբուժվի բոլոր ախտերից»: Արդ, դու վերցրու այն, հագիր և ազատիր շատերին և մեզ քեզ հասած վերքերի տրտմությունից. քո պատճառով ասես դժոխքի խորքերը թաղված լինենք»: Պատասխանեց համբերատար այրը և ասաց. «Օ՜, մոլեգնած թելադրիչ, որ այդքան հանդգնելով մեզ սովորեցնում ես ապստամբել Աստծու դեմ և մարմինս առողջացնելու համար դյութերի, կախարդների ու դևերի մոտ ես [քաշում], փութալով սպանելու հոգիս: Այդպես չէ, ավելի լավ է ես մեռնեմ այսպես, քան թե հեռանամ ճշմարիտ Աստծուց»: Այսպիսով նա իրենից վանեց անզգամ խոսող մարդկանցից մեկին: Ապա մի փոքր մեղմացավ բազում չարչարանքը, և նա նիրհեց: Եվ ահա նրան երևաց Քրիստոսի սուրբ վկա Դեմետրիոսը առաջին տեսիլքի օրինակով, նրան հարցրեց կարեկցաբար, թե ինչպես է: Իսկ նա խիստ հեծեծալով ասաց նրան. «Այդպես, ինչպես տեսնում ես, տեր»: Եվ սուրբ վկան խանդաղատանքով ասաց. «Մի՛ երկնչիր, սիրելի՛ս, քեզ կբուժի Տեր Հիսուս Քրիստոսը, իմ Աստվածը»:
Մարիանոսը զարթնեց քնից, ելավ, կանգնեց իր ոտքերի վրա, ահով ու խնդությամբ լցված ազատվեց հիվանդության հանդերձից և առավ, նորը հագավ և մեջքին գոտի կապեց և ոտքերին` կոշիկ, ելավ–գնաց սրբի վկայարանը: Գալով այն տեղը, ուր ծածկված էին սրբի նշխարները, ընկավ արծաթապատ տուփի վրա, որ հորինված էր տապանաձև, վկայի պատկերի առաջ, և սկսեց արտասուքով գոհանալ առաջին մաղթանքների նման: Եվ աղոթքի վերջում հայցեց Աստծու շնորհը` սրբի բարեխոսությամբ, որպեսզի անարատությամբ պահպանվի նրա առաքինությունը, բանսարկուի բոլոր հնարանքներից: Եվ գնաց իր տունը, իր ամբողջ ունեցվածքը տվեց աղքատներին, իսկ թանկագին հագուստները և ոսկու ու արծաթի բազում գանձերը տարավ ի սպաս սրբի տաճարի պաշտամունքի: Այսպես սատանան ամոթի մատնվեց, իսկ Աստված փառավորվում էր Դեմետրիոսի միջոցով, Մարինոսի համար: Որովհետև Նրան վայել է փառք, իշխանություն և պատիվ. այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Աղբյուր` Վարք սրբոց. Հատոր Բ (Դեմետրիոս – Թեոփիլոս). Ս Էջմիածին: 2009 թ.